Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շվեյցարացի գյուղացիներն ընդդեմ ասպետների, և ինչո՞ւ են փառաբանվել շվեյցարացի վարձկանները

23:25, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Շվեյցարացի գյուղացիներն ընդդեմ ասպետների, և ինչո՞ւ են փառաբանվել շվեյցարացի վարձկանները

Ներկայում չափազանց խաղաղասեր երկիր Շվեյցարիայի դրոշը նախկինում շատ կռվազան տեսք է ունեցել:

Գրեթե 800 տարի առաջ Գերման ազգի հռոմեական սրբազան կայսրության գահակալ Ֆրիդրիխ 2-րդը ստիպված էր ինքնավարություն շնորհել ալպիական երկու կանտոնների բնակիչներին: Ուրի կանտոնը ինքնավարություն ստացավ 1231 թվականին, իսկ Շվիցը` 1240-ին (հետագայում Շվիցն իր անունը տարածեց ամբողջ երկրի վրա), և նրանք ազատվեցին օտարերկրյա ավատատերերին հարկ վճարելու անհրաժեշտությունից:

Կայսեր զինական դրոշը (կարմիր պաստառին` սպիտակ խաչ) հիմք ընդունելով` Շվիցի քաղաքացիներն իրենց դրոշի վերին ձախ անկյունում փոքր սպիտակ խաչ պատկերեցին:
    
    
Այս երկու կանտոնների անկախ վիճակի հետ չհաշտվող Հաբսբուրգները 1291 թվականին փորձում են վերանվաճել ազատասերների երկիրը, բայց հզոր դիմադրության են բախվում: Ուրի, Շվից և Ունտերվալդեն կանտոնները «Հավերժական դաշինք» են կնքում` հանդիսավոր երդվելով միշտ միասին պաշտպանել իրենց անկախությունը: «Հավերժական դաշինք» -ը հետագայում դառնում է Շվեյցարական ֆեդերացիայի միջուկը: (Ֆիլհելմ Թելի մասին առասպելը և ժողովրդի միահամուռ երդումը, որն հետագայում տեղ գտավ գեղարվեստական երկերում, մասնավորապես Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Թել» հանրահայտ դրամայում, պատմականորեն անարժանահավատ է):

Եվ տեղի է ունենում անհավանականը. Մորհարտենի ճակատամարտում (1315թ.) ռազմական գործի համար անվարժ գյուղացիները հարձակվում են մինչև ատամները զինված ու զրահավորված ասպետների զորքի վրա ու գլխովին ջախջախում են: Դրանից հետո երեք կանտոնների դաշինքին միանում են ալպյան աշխարհի այն բոլոր քաղաքներն ու տարածաշրջանները, որոնց սպառնում էին Հաբսբուրգները: 1339 թվականին Լաուպենի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Բեռնում կազմավորված աշխարհազորայինների բանակը նորից է ջախջախում Հաբսբուրգների ասպետական բանակին: Այս անգամ արդեն նրանք մարտնչում էին մեկ ընդհանուր դրոշի ներքո (սպիտակ խաչով կարմիր փոքր պաստառ): Դա Հռոմեական սրբազան կայսրության դրոշն էր: 14-րդ դարում գերմանական կայսրերը հաճախ էին գժտվում Հաբսբուրգների հետ, և այդ պատճառով աջակցում էին շվեյցարացիներին: Ահա թե ինչու նրանց դրոշը դառնում է շվեյցարացիների միավորման խորհրդանիշ:

1499 թվականին Շվեյցարիան լիովին ազատագրվում է Գերմանական կայսրության գերիշխանությունից, իսկ 1512 թվականին Ֆրանսիայից խլում է Տեսսին կանտոնը: Պատահական չէ, որ այդ ժամանակներից ի վեր շվեյցարացիներին ամենուրեք համարել են ամենաքաջ ու գրեթե անպարտելի ռազմիկներ, պատահական չէ, որ եվրոպական շատ պետությունների թագավորներ նրանց վարձել են ծառայության իրենց թիկնազորերում: Մի քանի դար շարունակ լեռնական գյուղացիների համար փող աշխատելու բավականին մեծ հնարավորություն է եղել, որովհետև շվեյցարացի վարձկանները թանկ էին գնահատվում:

Ֆրանսիայում մինչև այժմ գործածվում է հետևյալ ասացվածքը. «Չկա փող` չկան և շվեյցարացիները»:
    
Ասացվածքը ծնունդ է առել Ֆրանսիայի Ֆրանցիսկ Առաջին թագավորի Իտալական արշավանքի ժամանակ, երբ թագավորի բանակի շվեյցարացի վարձկանները մարտական գործողությունների ամենաթեժ պահին հեռանում են մարտադաշտից վարձատրությունն ուշացնելու համար:

Հռչակավոր Նիկոլո Մաքիավելին խստորեն քննադատել է Ֆրանսիայի հարաճուն կախվածությունը շվեյցարական վարձկաններից: Նա գրել է.

«Կարլ 2-րդը` Լյուդովիկոս 9-րդի հայրը, շնորհիվ բախտի ու պատվախնդիր ծառայության Ֆրանսիան ազատագրելով անգլիացիներից, հասկացավ, թե որքան անհրաժեշտ է սեփական զենքով զինված լինելը, ու հրամայեց մշտական հեծելազոր ու հետևակ կազմավորել: Ավելի ուշ Լյուդովիկոսը` նրա որդին, հետևակն արձակեց ու սկսեց ծառայության ընդունել շվեյցարացիներին: Այս սխալն էլ ավելի խորացրին նրա հաջորդները, և հիմա այն շատ թանկ է նստում Ֆրանսիայի թագավորության վրա: Քանի որ, նախընտրելով շվեյցարացիներին, Ֆրանսիան իր զորքերի ոգին խաթարեց. հետևազորի վերացումից հետո վարձկան զորքին հանձնված հեծելազորը ճակատամարտը սեփական ուժերով շահելու հույս արդեն չունի: Այնպես է ստացվում, որ ֆրանսիացիները շվեյցարացիների դեմ կռվել չեն կարողանում, իսկ առանց շվեյցարացիների ուրիշների դեմ կռվել չեն համարձակվում: »

Շվեյցարացի վարձկանների համբավը խամրում է 1793 թվականին. Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ապստամբած փարիզցիները մինչև վերջին մարդը ոչնչացնում են Լյուդովիկոս 16-րդի շվեյցարական գվարդիան: Դրանից հետո ֆրանսիացիները ստեղծում են ազգային գվարդիա և զինապարտություն են սահմանում: Ֆրանսիացիների օրինակին հետևում են նաև մյուս պետությունները, և շվեյցարացիների կարիքն այլևս չի զգացվում: Այսօր միայն Վատիկանի շվեյցարական գվարդիան է հիշեցնում շվեյցարացիների մարտական անցյալի մասին:

15-րդ դարում շվեյցարացիները փոքրացնում են իրենց դրոշի սպիտակ խաչը, և այն այլևս պաստառի մի ծայրից մյուսը չէր հասնում:

1798 թվականին բոլոր կանտոնները միավորվում են Նապոլեոն Բոնապարտի ստեղծած Հելվետական Հանրապետության մեջ: 1848 թվականի սահմանադրությամբ Շվեյցարիան դառնում է ֆեդերատիվ պետություն Բեռն մայրաքաղաքով: Շվայցարիայի առևտրային դրոշը նման է պետականին, բայց այն ոչ թե քառակուսի է, այլ ուղղանկյուն: Յուրաքանչյուր կանտոն ունի նաև իր դրոշը:

Ի պատիվ շվեյցարացի Անրի Դյունանի, որը 1864 թվականին հիմնում է «Կարմիր խաչ» միջազգային ընկերությունը, այդ կազմակերպությունը մասամբ պատճենում է Շվեյցարիայի դրոշը` միայն այն տարբերությամբ, որ դրոշի ու խաչի գույների փոխատեղում է արվել, դրոշի գույն է ընտրվել սպիտակը, իսկ խաչի գույն` կարմիրը:


     Գլխադիր նկարում` կանտոնների դրոշակակիրները հավաքվել են տոնակատարության (16-րդ դարի նկար):

«Կարմիր խաչ»-ի դրոշը:
«Կարմիր խաչ»-ի դրոշը:
Ֆրանսիայի շվեյցարական գվարդիայի դրոշը:
Ֆրանսիայի շվեյցարական գվարդիայի դրոշը:
1824 թվականի թագավորական Ֆրանսիայի շվեյցարական գվարդիայի համազգեստը:
1824 թվականի թագավորական Ֆրանսիայի շվեյցարական գվարդիայի համազգեստը:
Ֆրանսիայի շվեյցարական գվարդիայի սպան ու շարքայինը:
Ֆրանսիայի շվեյցարական գվարդիայի սպան ու շարքայինը:
Նիդերլանդական բանակի շվեյցարական գնդի համազգեստը:
Նիդերլանդական բանակի շվեյցարական գնդի համազգեստը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7600 | 0 | 0
Facebook