Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուրջ 2300 տարի առաջ մի հույն գիտնական չափել է Երկրի շրջագիծն ու գծագրել է առաջին քարտեզը

19:57, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Շուրջ 2300 տարի առաջ մի հույն գիտնական չափել է Երկրի շրջագիծն ու գծագրել է առաջին քարտեզը

Հողաչափական կարկինով Երկրագնդի «չափսը վերցնելը», ինչ խոսք, անհնարին է: Այս դեպքում մաթեմատիկա է հարկավոր կիրառել: Դա կարողացել է անել հին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի գրադարանի վարիչ Էրատոսթենես Կիրենացին: Այս գիտնականի մականունը «Բետա» է եղել: Քանի որ «բետա» -ն հունական այբուբենի երկրորդ տառն է, կնշանակի նրա մականունը «Թիվ 2» է եղել, կնշանակի նա՝ և՛ բանաստեղծ, և՛ բանասեր, և՛ պատմաբան, և՛ աշխարհագետ, և՛ աստղագետ, և՛ մաթեմատիկոս Էրատոսթենեսը, մարդկային գործունեության թվարկած ոլորտներից ոչ մեկում բոլորից լավագույնը չի եղել ու ամեն ինչում «թիվ 2» -ի համարում է ունեցել: Բայց և այնպես, ինչպես երևում է, աշխարհագրությունից նա առավել մոտ է եղել առաջատարի կոչմանը:


     Եգիպտոսի հարավում (այդ տարածաշրջանը համընկնում է Երկրի հյուսիսային արևադարձային գոտուն) Սիենա (այժմ՝ Ասուան) քաղաքն է եղել. Տարվա ընթացքում մեկ անգամ՝ հունիսի 22-ի կեսօրին, արևն այստեղ հայտնվել է երկնակամարի զենիթում, և այդ ժամին առարկաները ստվեր չեն գցել (այն ժամանակներում տարբեր վայրերից ճանապարհորդներ են եկել Սիենա, որպեսզի տեսնեն այդ արտառոց երևույթը):

Այդ այցելություններից էլ Էրատոսթենեսն օգուտ է քաղում: Ալեքսանդրիան Սիենայից հյուսիս էր գտնվում, և հունիսի 22-ին այդ քաղաքում առարկաները ստվեր էին գցում: Էրատոսթենեսն Ալեքսանդրիայում չափում է առարկաների նետած ստվերների անկյունը: Ստացվում է յոթ աստիճանաից մի քիչ ավելի, այսինքն՝ շրջակայքի հիսուներորդ մասը: Կնշանակի, եզրակացրել է Էրատոսթենեսը, Ալեքսանդրիայի և Սիենայի միջև ընկած ցամաքը հավասար է երկրագնդի ամբողջ մակերևույթի հիսուներորդ մասին: Հին եգիպտացիների չափման համակարգով այդ տարածությունը կազմել է 5 հազար ստադիա (այսինքն՝ 800 կիլոմետր): Հետևաբար, Երկրի շրջագիծը 50 անգամ մեծ է, այսինքն 40 հազար կիլոմետր է:

Դա ճշգրի՞տ է, թե՞ ճշգրիտ չէ: Երկու հազար տարի անց, Ֆրանսիական Մեծ հեղափոխության նախօրեին, ֆրանսիացի աստղագետները նույնատիպ չափում կատարեցին իրենց երկրում և ճիշտ նույն արդյունքը ստացան՝ 40 հազար կիլոմետր: Ֆրանսիացիների չափման միավորից էլ ծնունդ առավ ներկայիս «մետր» միավորը, որը հավասար է փարիզյան միջօրեագծի 40 միլիոներորդականին: Էրատոսթենեսի չափման ճշգրտությունն ապշեցուցիչ է: Այն անտիկ գիտության փառահեղ ձեռբերումներից մեկն է:

Այս հսկայական գնդի վրա հույներին հայտնի աշխարհի ցամաքը շատ փոքր մակերես էր զբաղեցնում. Այն տարածվում էր Հյուսիսային ծովից մինչև Սահարայի անապատ և Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան: Ըստ հին հույների՝ դա էր ամբողջ «բնակեցված ցամաքը» (հունարեն՝ «օյկումենա»): Էրատոսթենեսը հաշվել է նաև դրա մակերեսը: Դրա համար անհրաժեշտ է եղել, որ նա չափի Երկրի տարբեր վայրերի լայնությունն ու երկայնությունը և, իմանալով դրանց միջև ընկած տարածությունն ըստ աստիճանների, այն վերածի ստադիաների: Հույներն արդեն կարողանում էին չափելԵրկրի լայնությունը (ես ներկայացրի, թե Էրատոսթենեսն ինչպես որոշեց Ալեքսանդրիայի աշխարհագրական լայնությունն ըստ արևի կեսօրյա բարձրության): Աշխարհագրական երկայնությունը որոշելը շատ ավելի դժվար է եղել: Անհրաժեշտ է եղել, օրինակ, այսպես հաշվել: Գավգամելայի ճակատակարտին (այն տեղի է ունեցել Ալեքսանդր Մեծի և պարսից Դարեհ 3-րդի զորքերի միջև և ավարտվել է պարսիկների ջախջախիչ պարտությամբ) նախորդող գիշերը Լուսնի խավարում է եղել: Ալեքսանդրի ճամբարում այդ խավարումը տեսել են մայրամուտից երկու կամ երեք ժամ անց, իսկ Սիցիլիայի երկնքում խավարումը տեղի է ունեցել հենց մայրամուտին: Մեկ ժամում երկինքը Երկրի շուրջը թեքվում է մեկ պտույտի քսանչորսերորդական չափով, այսինքն 15 աստիճանով: Կնշանակի Գավգամելայի և Սիցիլիայի միջև 30 կամ 45 աստիճան տարբերություն կա, այսինքն՝ այդ լայնության համար կա՛մ 2 հազար, կա՛մ 3 հազար կիլոմետր տարածություն կա:

Աշխարհագրական քարտեզների վրա ինչո՞ւ է հյուսիսը քարտեզի վերին մասն համարվում, իսկ հարավը՝ ներքի մասը: Երևի այն պատճառով, որ մեր քարտեզների հիմքում հունական ու հռոմեական քարտեզներն են, իսկ հռոմեացիների ու հույների երկրների հյուսիսում բարձր լեռներ էին (Ալպերը և Բալկանները), իսկ հարավում իրենց երկրների մակերեսը հավասարվում էր Միջերկրական ծովի մակերեսին: Ասում են, առաջին քարտեզը գծագրել է Թալես Միլեթացու աշակերտ Անաքսիմանդրեսը: Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունում փիլիսոփան այդպիսի մի քարտեզ է ցույց տալիս մի տղամարդու.

«Ա՛յ այս կլորակն Աթենքն է»: Տղամարդը չի հավատում. «Ամենևին նման չէ»:

Աստիճանացանցն առաջին անգամ հաշվարկել ու քարտեզի վրա տեղաբաշխել է Էրատոսթենեսը, իսկ աստղագետ Պտղոմեոսն այդ նույն աստճանացանցն այնպես է նկարել, որ միջօրեականները, թեպետ ժողովվում էին բևեռներում, բայց դրանից երկրի գծագիրը չէր աղավաղվում (դա անվանում են «կոնաձև պրոյեկցիա»):

Պտղոմեոսի քարտեզն ամբողջությամբ կամ մաս առ մաս վերագծագրել են միջնադարի գրիչները՝ ընդ որում այն անճանաչելիության աստիճան աղավաղելով: Նոր ժամանակների գիտնականները պարզապես պետք է փորձեն գուշակել, թե այն սկզբում ինչ տեսք է ունեցել:

Էրատոսթենեսի կազմած քարտեզը:
Էրատոսթենեսի կազմած քարտեզը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10525 | 0 | 0
Facebook