Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մխիթար սպարապետի գլուխը թուրք փաշային մատուցած խնձորեսքցիների սերունդներն այսօր «Սպարապետի օր» են տոնանշում

23:17, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Մխիթար սպարապետի գլուխը թուրք փաշային մատուցած խնձորեսքցիների սերունդներն այսօր «Սպարապետի օր» են տոնանշում

Ինչպես գիտեք, Դավիթ բեկի զոհվելուց հետո ազատագրական պայքարի ղեկն իր ձեռքն է վերցնում նրա մարտական ընկեր Մխիթար սպարապետը: Բայց Սյունիքում միայն քաջ զինվոր լինելը բավարար չէ, հարկավոր է, որ ազատագրական պայքարը ղեկավարողն ունենա երկաթե ձեռք, ունենա հպատակեցնող խստություն: Մխիթարը չուներ այդ վերջին հատկությունները, և Տեր Ավետիսի նման հզոր անձնավորության պառակտիչ քայլերը ներքին համերաշխությունը քայքայման են հանգեցնում:
    
    
Պատմությունը տեղեկություններ չունի, թե այս նախկին ընկերներն ինչու իրար թշնամի դարձան, բայց, երևի, պատճառը Տեր Ավետիսի փառասիրական նկրտումներում պետք է փնտրել: Նա իրեն ոչնչով պակաս չի համարել Մխիթարից: Քանի որ Հալիձորը իր աներոջն է պատկանել, իսկ Դավիթ բեկն իր աներոջ տոհմից է եղել, նա, ամենայն հավանականությամբ, այն համոզմանն է եղել, որ ինքը պետք է դառնար Դավիթ բեկի ժառանգորդը, մանավանդ որ Մխիթարը, ինչպես վկայում է նրա գերեզմանաքարի արձանագրությունը, տեղացի չէր, Գանձակից էր:

Մխիթարի իշխանությունը Հալիձորում մեկ տարի է տևում, և այդ մեկ տարում Տեր Ավետիսը՝ այս երբեմնի տերտերը, այն աստիճան է նողկալի ստորությանը անձնատուր լինում, որ իր նախկին մարտական ընկերներին վատություն անելու համար չի խորշում վատություն անել իր հայրենիքին՝ անցնելով թուրքերի կողմը: Այս նախկին հերոսն իր բեմելն ավարտում է դավաճանի դերով:

Դավիթ բեկի մահից մեկ տարի անց օսմանցիները նորից պաշարում են Հալիձորը: Իր նման երկու դավաճանի հետ Տեր Ավետիս գնում է օսմանյան բանակ՝ բերդը հանձնելու պայմաններ քննարկելու: Մխիթարը ստիպված է լինում միայնակ հեռանալ բերդից՝ այնտեղ թողնելով իր կնոջն ու երեխաներին: Օսմանյան զորքերի հրամանատարը Տեր Ավետիսին պատվով ընդունում է ու խոստանում է, որ բերդ մտնելուց հետո բնակիչներին չի վնասի: Բայց հենց հաջորդ օրը Հալիձորն ավերվում է ու բնակիչները դավաճանի աչքի առաջ սրի են մատնվում: Մխիթարի կինն ու երեխաները գերի են տարվում:

Այս սարսափները տեսնելուց հետո միայն նախկին քահանայի մեջ խիղճն արթնանում է, ու նա՝ ինքն իրեն դատապարտող այդ գարշելի հանցավորը, թողնում է երկիրը ու ճանապարհվում է Երուսաղեմ՝ մեղքերն աղոթքներով քավելու համար: Իսկ տերտեր Ավետիսի ժամանակի հայոց գլխավոր տերտերը, իր նման գարշելի Աբրահամ կաթողիկոսն էլ նրա աններելի մեղքերը ներում է: Բայց մի՞թե ներումը կարող է մոռացության մատնել այն սև գործը, որի մեջ իր անունը թաթախեց այս անձնավորությունը՝ անգութ թշնամուն հանձնելով անառիկ Հալիձորը:

Մինչ այդ տականքն իր աններելի մեղքերի քավությունն էր փնտրում օտար ափերում, Մխիթարը եռանդուն գործունեություն էր ծավալել Ղափանի լեռներում և ջանում էր նոր շունչ հաղորդել Դավիթ բեկի սկսած գործին: Այս աննկուն զորականը կարողանում է վերստին բանակ ստեղծել, հարձակումներ գործել օսմանցիների վրա ու նրանց մեծ կորուստներ պատճառել: Մխիթարը գյուղեր ու նույնիսկ քաղաքներ է խլում թուրքերից: Նա հարձակվում է Օրդուբադ քաղաքի վրա, գրավում է այն, մեծ կոտորած է իրականացնում, ու 160 ուղտերի բարձած ավար է տանում Խնձորեսք անունով բերդը, որը նա իր ժամանակավոր կայանն էր դարձրել:

Սակայն Խնձորեսքի հայերն ազգերի պատմության մեջ շատ հազվադեպ հանդիպող ստրկական արարք են գործում: Հաղթանակած զորապետին նրանք չափազանց սառն են ընդունում: Անասնական երկյուղն օսմանցիներից համակել է բոլորին: Նրանք վախեցել են, թե թուրքերը կգան ու իրենց հալիձորցիների պես կկոտորեն: Եվ այդ երևակայական վտանգից խուսափելու համար նրանք 1730 թվականին հրացանազարկով սպանում են Մխիթարին: Բայց ստրուկներն այդքանով չեն գոհանում ու էլ ավելի արգահատելի գործ են կատարում՝ կտրում են հերոս սպարապետի գլուխը և տանում մատուցում են Թավրիզի փաշային՝ նրա գովեստին արժանանալու ու պարգև ստանալու համար:

Նույնիսկ թուրք փաշան շատ է զարմանում ու սաստիկ զայրանում նրանց այդպիսի անօրենությունից ու ասում է. «Ո~վ անօրեններ ու անբարիշտներ, ինչպե՞ս համարձակվեցիք սպանել ձեր տիրոջը, այսպիսի քաջ տղամարդուն», ապա հրամայում է կտրել այս քստմնելի արարքը կատարողների գլուխները:

Իսկ խնորեսքցիները «Սպարապետի օր» են տոնանշում…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18185 | 0 | 0
Facebook