Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
02:35, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը
    

    
  • 18 сент, 2017 в 19: 11

     niderlandakan
Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով 6-րդ համահայկական համաժողովը, որին մասնակցում են նաև Նիդերլանդների հայ ներկայացուցիչները:
    
    

Սեպտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:
     Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
     «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400-ից ավելի պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:
     Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:
     Համաժողովի ընթացքում տեղի կունենան ևս 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի նախարարությունները:
     Համաժողովի ընթացքում տեղի կունենան 2 կլոր-սեղան-քննարկումներ: Առաջին կլոր-սեղան քննարկումը վերաբերում է Համահայկական խորհրդի ձևավորմանը: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը:
     Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» թեմայով:
     Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները կներկայացնեն թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները:
     Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի հայտարարություն:
     Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Առանձին տաղավարներով ցուցադրված են գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները: «Մեգերյան կարպետը» ներկայացնում է հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումներն է ներկայացնում Արցախը: Գործում է նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված տաղավար:
     Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ: Սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում արդեն բացվել է «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանը, որտեղ տեղադրված են հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան: Սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին: Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակը: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին, որտեղ կմեծարվեն Հայաստանի և Սփյուռքի արվեստի նշանավոր գործիչներ: Սեպտեմբերի 5-29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Ընտրանի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկզբի 24 հայ նշանավոր արվեստագետների 30 ստեղծագործությունները՝ բացառապես մասնավոր հավաքածուներից:
     Համաժողովի հովանավորներն են «Գրանդ քենդի» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Վեդի ալկո» ընկերությունը, «ՋԱՀ» հիմնադրամը, «Նոյյան» հյութերի հիմնադրամը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ոսկեվազ» գինու գործարանը, «Սիփան» ընկերությունը, «Ավշար-Ալկո» ընկերությունը: Տեղեկատվական հովանավորներն են Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր մեդիա», «Արարատ», «Ար» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Համաժողովի ընթացքում գործելու է մամուլի կետրոն:
     Նշենք, որ առաջին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ 2011 և 2014 թվականներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3427 | 0 | 0
Facebook