Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

20:40, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     1569 թվական
– Ֆլամանդացի քարտեզագիր Գերհարդ Մերկատորը ստեղծում է քարտեզագրական գլանային հավասարանկյուն պրոյեկցիան, որը հնարավորություն է տալիս արագ և ճիշտ որոշել նավի կուրսը: Նա նաև ստեղծել է աշխարհի ատլասն ու որոշել երկրի մագնիսական բևեռների աշխարհագրական կոորդինատները:

1572 թվական – Դանիացի աստղագետ ու ալքիմիկոս Տիխո Բրահեն Եվրոպայում առաջինը սկսում է կատարել պարբերական ու գերճշգրիտ աստղագիտական դիտումներ, որոնց հիման վրա Կեպլերը բխեցնում է մոլորակների շարժման օրենքները:

1583 թվական – Իտալացի բժիշկ, բնագետ ու փիլիսոփա Անդրեա Չեզալպինոն առաջին անգամ կատարում է բույսերի դասակարգումը:

1584 թվական – Իտալացի աստղագետ Ջորդանո Բրունոն առաջ է քաշում տիեզերքի անսահմանության ու մոլորակային այլ համակարգերի գոյության վարկածը:

1590 թվական – Հոլանդացի ակնոցագործ վարպետ Զաքարիա Յանսենը պատրաստում է առաջին մանրադիտակը:

1592 թվական – Իտալացի աստղագետ, ֆիզիկոս և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը ստեղծում է ջերմաչափը:

1603 թվական – Գերմանացի աստղագետ և իրավաբան Յոհան Բայերը կազմում է ամբողջ երկնային համակարգն ընդգրկող առաջին աստղային ատլասը:

1609 թվական – Գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերը բացահայտում է մոլորակների շարժման առաջին օրենքը, իսկ Գալիլեյը հեռադիտակով երկնքի առաջին դիտարկումն է կատարում:

1610 թվական – Գալիլեյը հայտնաբերում է Յուպիտերի չորս հիմնական արբանյակները:

1628 թվական – Անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգիայի և սաղմնաբանության հիմնադիր Ուիլյամ Հարվեյն առաջին անգամ ճշգրիտ նկարագրում է արյան շրջանառությունը:

1632 թվական – Գալիյեո Գալիլեյը հայտնաբերում է մարմինների անկման օրենքը:

1636 թվական – Ֆրանսիացի փորագրիչ Կլոդ Մելանը ստեղծում է Լուսնի առաջին քարտեզը:

1642 թվական – Ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալն ստեղծում է առաջին հաշվիչ մեքենան:

1643 թվական – Իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Էվանջելիստա Տորիչելին ստեղծում է սնդիկային բարոմետրը:

1654 թվական – Ֆրանսիացիներ Պիեր դե Ֆերման և Բլեզ Պասկալը, իրարից անկախ, Հավանականության տեսության հիմքն են դրել:

1655 թվական – Հոլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ ու գյուտարար Քրիստիան Հյուգենսը հայտնաբերում է Սատուրն մոլորակի օղակները:

1657 թվական – Վերոհիշյալ Հյուգենսը ստեղծում է պատի ճոճանակային ժամացույցը:

1665 թվական – Անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը՝ իր իսկ կատարելագործած մանրադիտակի օգնությամբ բացահայտում է կենդանի բջիջը. նա էլ հորինել է «cell» (բջիջ) անգլերեն եզրը:

1666 թվական – Անգլիացի մեծ ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը պրիզմայի միջոցով հայտնաբերում է սպիտակ լույսը և նկարագրում է այն:

1671 թվական – Իսահակ Նյուտոնը կառուցում է առաջին հեռադետը (տելեսկոպ):

1676 թվական – Դանիացի աստղագետ Օլե Ռյոմերն առաջին անգամ չափում է լույսի արագությունը:

1687 թվական – Իսահակ Նյուտոնը գրում է «Բնական իմաստասիրության մաթմատիկական սկզբունքները» աշխատությունը: Տիեզերական ձգողականության օրենքը:

1705 թվական – Անգլիացի գյուտարարներ Թոմաս Նյուքոմանն ու Թոմաս Սեվերին ստեղծում են առաջին ջերմաշարժիչը: Այս նույն թվականին անգլիացի աստղագետ, մաթեմատիկոս ու ֆիզիկոս Էդմունդ Հալեյն աշխատություն է հրատարակում գիսավորների շարժման մասին:

1714 թվական – Գերմանացի գիտնական Դանիել Ֆարենհայտը ստեղծում է ջերմաստիճանի չափման գծային սանդղակը:

1718 թվական – Անգլիացի աստղագետ, մաթեմատիկոս ու ֆիզիկոս Էդմունդ Հալեյը բացահայտում է աստղերի առանձին շարժումը:

1734 թվական – Շվեդ բնագետ ու բժիշկ Կարլ Լինեյը դասակարգում է կենդանատեսակներն ու բուսատեսակները:

1742 թվական – Շվեդ ֆիզիկոս և աստղագետ Անդերս Ցելսիուսը ստեղծում է ջերմաստիճանային սանդղակը:

1743 թվական – Ֆրանսիացի գիտնականներ Դ'Ալամբերը և Լագրանժը տալիս են դինամիկայի և ստատիկայի խնդիրների լուծման հիմնական մեթոդը: Այս նույն թվականին մեկ այլ ֆրանսիացի, մաթեմատիկոս ու աստղագետ` Կլոդ Կլերոնը, ապացուցում է երկրաբաշխության համար հիմնարար մի շարք թեորեմներ, որոշում է Երկրի ծանրության ուժի ու սեղմման հարաբերությունը՝ դրանով իսկ դնելով նոր գիտության՝ գրավիմետրիայի հիմքը:


     Նկարում` Գերհարդ Մերկատորի քարտեզը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10175 | 0 | 0
Facebook