Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՄԱՏԹԷՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
07:11, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
ՄԱՏԹԷՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ
    
ԴԵՂԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ

    
Քա՜ղցր է
-Կեանքին չափ, թերեւս Մահուան չափ-
Նստիլ՛ այսպէս տրտում,
Բռունցքը ճակտին,
Ու յառիլ՝ յոգնաբեկ ուղեղով,
Մայրամուտին...:

    
Մայրամուտը աստուծոյ մը հոգին է,
-Լա՜յն, անըմբռնելի-
Որ իր երգը ունի, իրիկունէ իրիկուն,
Մութ մարդերուն...:

    
*
Կը գոցեմ աչքերս՝
Նայելու հոգիիս մէջ, խո՜րը,
Դատարկութիւն մը տժգոյն ու խորունկ,
Ուր Տրտմութիւնը լոկ- մռա՜յլ աղջիկ-
Կը դեգերի...:

    
Բայց ահա,
Մութ-մութ անկիւններէ,
Սա դեղին, մանրիկ ծաղիկնե՜րը...
Գրեթէ թօշնած:
Յուշե՞րս են:
Կարգաւ կը նայիմ ես իրենց.
Ա՜հ, իրա՛ւ, թօշնա՜ծ, թօշնա՜ծ...:

    
*

    
Իմ յուշե՜րս...
Կարգաւ կը նայիմ ես իրենց.
Ահա մին.
-Մութ գիշեր է.
Պատանի եմ դեռ,
Ինչ անո՜յշ աչքերով...
Կը քալեմ բլուրն ի վեր՝ արագ, հեւքոտ,
Դէպի...
Դէպի Ա՛ն...:
Պատանի եմ դեռ, անո՜յշ աչքերով.
Ա՜հ, աղջի՜կ մը...
Համբուրել, խենթենալ կ՛ուզեմ.
Ծառերուն կը փաթթուիմ ու կու լամ...
Պատանի եմ դեռ, անո՜յշ աչքերով...:

    
Ա՜հ...
Մթութիւններ տակաւ կ՛իյնան
Աչուըներուս ու հոգիիս:
Համբուրե՜լ...
Թեւատարած կը պաղատիմ աստղերուն՝
-Վարդ հոգիով աղջիկ, ալ եկո՜ւր...-
Պատանի եմ դեռ, անո՜յշ աչքերով...:

    
*

    
Իմ յուշե՜րս...
Ահա ուրիշ մը.
-Նորէն գիշեր է,
Հովատ, լուսնկայ գիշեր.
Ժայռի մը վրայ նստած եմ.
Հեռուն՝ ծովը.
Քովս է Ա՛ն...:

    
Ի՜նչ կապոյտ է աշխարհը...
Բլուրի կողին
Գերեզմաններ կան.
Ինչ կապո՜յտ են անոնք...

    
Իր աչքերէն, լուռ,
Լոյս մը կը հոսի իմ սրտիս...
Ու կը լայննամ, կը գեղեցկանամ ես...
Սէ՜ր- աստղի՜ ջրվէժ...:

    
Յանկարծ,
Ձեռքերուս մէջ առեր եմ իր ձեռքը.
Ձե՞ռք...
Ծաղիկ մէ,
Որ երազ ու տրտմութիւն կը բուրէ...
Այդ ծաղիկին կը յանձնեմ դողալով
Հոգիիս է՛ն թանկ գանձը արցո՜ւնք մը...:

    
Այն ատեն...
Ա՜հ, աւելի քան կը մեռնիմ ես...
Իր շրթնե՜րը
-Ծաղկէ կամուրջ՝
Ամբաւութեան վրայ ձգուած...:
Ծաղկէ կամուրջ...
Կը թողում, որ հոգիս անցնի անկէ...
Ա՜հ, գիշե՜րը՝ որ կայ անոր ծայրը...
Լռութի՜ւնը՝ որ հոն կ՛երգէ...:

    
*

    
Իմ յուշե՜րս...
-Գինետուն մը.
Մութ ու թշուառ մարդերու հետ եմ.
Գլխահակ կ՛արբենանք.
Տէ՛ր, ինչո՜ւ կը լքես դուն մարդերը:

    
Մեր ե՞րգը...
«Վա՜յ այն մարդուն՝
Որ գերեզման մ՛ունի իր սրտին մէջ.
Ինչո՞ւ ապրիլ դեռ, ինչո՞ւ,
Երազը թաղելէ վերջ...»:

    
Ու կը քրքջա՜նք...
Բայց երբեմն...
Ա՜հ, մի գաք նայելու մեր աչուըներուն...

    
Կեանքը, մեզի համար, փակ դուռ մ՛է,
Չենք կրնար, չե՛նք ուզեր զայն բանալ.
Մենք կը նմանինք բերանը բաց դագաղներու,
Որ մեռելի մը կը սպասեն...

    
Մեր հոգիներէն
Դեղին ծուխեր կ՛ելլեն,
Ու թարմ աւերակի հոտ մը...
Մի՛ գաք նայելու մեր աչուըներուն...

    
Մեր ե՞րգը...
«Սէրը թոյն մ՛է՝ կապոյտ սրուակի մէջ,
Աստուած, իրիկուն մը,
Կը մատուցէ զայն մարդուն...

    
Մեզմէ ո՞վ, եղբայրներ, մեզմէ ո՞վ
Պիտի օր մը փշրէ՜
Այդ սրուակն՝ երկնքի երեսին...»:
Ու մեր քրքիջը մինչեւ աստղերը կ՛ելլէ...:

    
*

    
Քա՜ղցր է
-Կեանքին չափ, թերեւս Մահուան չափ-
Նստիլ, այսպէս տրտում,
Բռունցքը ճակտին,
Ու յառիչ՝ յոգնաբեկ ուղեղով՝
Մայրամուտին...:

    
ՄԱՏԹԷՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2126 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ