* * *
- Ուսուցի՜չ:
- Զահրումա՛ր, այս ի՞նչ ես գրել:
- Պոեզիա՜, գեղեցիկ բառերով
- Դու ընդամենը բառարանից արտագրել ես բառեր, գեղեցիկ բառեր:
- Բայց լա՜վ է ստացվել
- Ո՛չ, գռեհի՛կ է ու անհամ:
Երբ ձեռքիդ գրիչ է ու ենթարկվում է մատներիդ դա ՈՉԻ՛ՆՉ է:
Երբ գրիչդ չի ենթարկվում մատներիդ, բայց գրում է սրտի՜դ կամ էլ հոգո՜ւդ թելադրանքով, դա դեռ ոչի՜նչ, հղկել կարելի է…
- Այսի՞նքն:
- Պատկերացրու, որ քո երազների մի կին, նստա՜ծ, նո՜ւրբ մատներով բռնել է սուրճի մի փոքրիկ բաժակ ու կո՜ւմ-կո՜ւմ ըմպում է:
- Ըհը՜, գեղեցի՜կ է:
- Հիմա պատկերացրու, որ այդ նույն կինը քայլո՜ւմ է փողոցով, քո պատկերացրած քայլվածքո՜վ, շրջազգեստո՜վ, սանրվածքո՜վ ու ձեռքերը մեկնած Արևին ինչ-որ բառե՜ր է շշնջում:
- Գեղեցի՜կ է:
- Հիմա պատկերացրու, որ այդ նո՜ւյն կինը, գլուխը կախ կրծքին մտնում է եկեղեցի, դանդա՜ղ մոտենում խորանին:
- Պատկերավո՜ր է, գեղեցի՜կ:
- Շա՜տ լավ, կարծես թե հասկանում ես:
Հիմա էլ պատկերացրու, որ քո երազանքների այդ կինը, իր նո՜ւրբ մատներով բռնած սուրճի բաժակը, քո պատկերացրած քայլվածքո՜վ, շրջազգեստո՜վ, սանրվածքո՜վ, սուրճի բաժակից կո՜ւմ-կո՜ւմ անելով մտնում է եկեղեցի:
- Ուսուցի՜չ, զզվելի՜ է:
- Այ հենց դա՛ ես գրել, հասկացա՞ր:
Նույնիսկ այն աստիճանի ես հասել որ ԿԻՆ և ԸՆԿԵՐ բառերը գրել ես ածականներով, չկա՛ նման բան, եթե գրում ես ՛՛գեղեցիկ կին՛՛, դա աբսուրդ է՝ տաֆտալոգիա, քանի որ այլ կերպ կինը չի՛ կարող լինել:
Գրում ես ՛՛հավատարիմ ընկեր՛՛, միթե այլ ընկեր էլ է լինո՞ւմ, հասկացա՞ր միտքս:
- Ո՜չ:
- Ուրեմն էլ մի՛ գրիր:
- Բայց ես ՖԲ –ի համար եմ գրել, այնտեղ օրենքները այլ են:
- Ի՞նչպես թե այլ:
- Ա՜յ, օրինակ իմ մի պոեզիան.
Իմ անցյալը հիշելիս՝ սիրտս լցվում է սիրով…
Ես մի Մուսա ունեի՝ Հասմիկ անունով:
- Բայց դա Չարենցի «Իմ ընկեր Լիպօն» -ն է հիշեցնում, գրված ԼԻՊԱՐԻՏ ՄԽՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
- Կապ չունի՜, ուսուցի՜չ, մեկնաբանություններին կնախանձեր նույնիսկ Բոդլերը: Կամ էլ օրինակ.
Բազմած կայքի հղումներին,
Ինտերնետում փնտրելով,
Ֆեյսբուքի իմ ընկերները
Հավաքվեցին գիշերով:
Ուսուցի՜չ, լա՜վ մտածիր, սա Հեվհաննես Թումանյան չի:
- Մոգակա՜ն է…
- Իսկ դու ասո՜ւմ ես Զահրումար եմ գրել:
- Կներե՜ս, փաստորեն քո այդ ՖԲ լեզվով, դու Պոե՜տ ես, իսկ ես…
Ուսուցիչը գլուխն առավ ափերի մեջ ու նայում էր իր առջև դրված բաց տետրին, որտեղ գիշերվա գրառումներ էին:
- Ուսուցի՛չ, մի տուր տեսնեմ ի՞նչեր ես գրել, կուղղե՜մ, մի՞գուցե մի բան ստացվի:
Ուսուցիչը լուռ տետրը հրեց դեպի Պոետը…
Ս.Ումառ-Հարությունյան