Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԿՓԵՂԿ ԴՈՒՌ /վիպակ/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
09:01, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
ԵՐԿՓԵՂԿ ԴՈՒՌ /վիպակ/

Առաջին անգամ քաղաք եկա միդռնանի ավտոբուսով: Հունիսի սկիզբն էր՝ տաք, արևոտ օր: Ճամփին՝ կանաչուտ մի տեղ հաց կերանք՝ զոռ տալով լիմոնադին, որը հետո նեղություն տվեց, ու ամաչում էի ավտոբուսը կանգնեցնել: Պատկերասրահում շշկլած, կլիներ երկու ժամ, մի նկարից մյուսը գնացինք: Այնքան մոտ էի կանգնում, աչքերս շաղվում էին, և ոչ ոք չասաց՝ հեռվից նայիր: Միտքս էլ շարունակ զուգարանի կողմն էր: Աստծուն պաղատում էի, որ շուտ վերջանա ամեն բան. իմը որ այդպես էր, մյուսներինը՝ չգիտեմ: Շուկան էլ եմ հիշում՝ միրգը շատ, կանաչին շատ, մարդը՝ նմանապես: Երեքանոցը ափումս պինդ սեղմած՝ վազ էի տալիս կործած մրգամանի բոլորը՝ ներսից, դրսից, իսկ պաղպաղակ չկար: Այս կրպակին էի մոտ գնում, մյուսին, չկար ու ոչ մի տեղ չկար: Կյանքումս պաղպաղակ չէի կերել, չէի առել ձեռքս ու մենակ կինոնկարներից գիտեի: Դրա համար շատ էի ցանկանում առանց համը տեսնելու տուն չգնալ, որպեսզի հետո եղբայրներիս պատմելու բան ունենամ: Աչքս գցում էի ծեփի պես գնացող, շուկայի դռնից ելումուտ անող մարդկանց՝ պես-պես շորերով: Պաղպաղակ վայելողներ էի տեսնում, բայց թե որտեղի՞ց էին առնում, չգիտեի, գլխի չէի ու երեսս չէր բռնում հարցնել: Վախենում էի հեռու գնալ, որովհետև շուկայի տեղը կկորցնեի ու մեր ավտոբուսը, դասատուն էլ կագադրել էր դեսուդեն չընկնել: Եթե չասեր էլ, չէի գնա, շատ էի վախենում. ավտոները, մարդիկ շատ էին՝ պատկերացրածիցս շատ: Ես հայ էի, Փարիզին մարտահրավեր նետող Ռաստինյակը չէի, այլ՝ Գիքորը:

Շատ ման եկա, քիչ ման եկա, չգիտեմ: Երևի՝ շատ: Գուցե մոլորած գառի պես դեռ մի տասը պտույտ տայի՝ ներսից, դրսից, ձայն տվին, թե՝ արի, գնում ենք: Չէի ուզում բռում, գրպանում ճմռթածս երեքնոցը գյուղ տանել, որովհետև չէի կարողանա սուտ խոսել, կասեի՝ մոտս է, ու ձեռքիցս կառնեին. տնեցոց իրավունքն էր: Բայց ափսոսս գալիս էր, համ էլ ծախսի համար էին տվել, ուրեմն՝ իմ փողն էր: Եվ քանի որ ինձ այդ կերպ էի տրամադրել, շուկայի ներսի խանութը գցվեցի: Աչքս կոնֆետներին ընկավ ու պաղպաղակի բաժին փողով շոկոլադ առա՝ կարծեմ՝ հինգը: Տասը ոտք հազիվ լիներ խանութից ավտոբուս տարածությունը, սակայն հասցրի հինգ շոկոլադը իրար ետևից կուլ տալ: Ոչ ոք չտեսավ, մենակ թե բերանիցս հոտ առնելով հարցրին՝ անուշ հոտը որտեղի՞ց, ի՞նչ հոտ է: Չլսելու տալով՝ սուս մնացի: Շատ որ հարցրին, ասի՝ չգիտեմ, ես էլ ձեզ պես: Հետո, հիշում եմ, ողջ ճամփին սիրտս ջուր էր ուզում, որովհետև շատ էի վազել, քրտնել, շոկոլադն էլ՝ իր հերթին:

Հազիվ ոտքս տուն դրած՝ եղբայրներից տարիքով մոտիկները վազեվազ եկան, թե՝ պատմիր: Նրանց համար հեքիաթի հերոս էի՝ յոթ եղբոր փոքրը. շատ սիրելու պատճառով ինձ այդ աչքով էին տեսնում, ու դավաճանած կլինեի, եթե խոստովանեի, որ Գիքորն եմ ու նրանից էլ դենը: Թե ինձ թողնեին, գուցե ճիշտն ասեի, բայց միջոց չեղավ: Փողի մնացուկը մեջմեջելուց հետո հարցը տվին, ետքից՝ պատասխանը, հարցը տվին՝ ծեփեցին պատասխանը:

-Քանի՞ կոպեկանոց էր, -ասին ու մտքում պատասխանը որոշած լինելով՝ մյուսին անցան:

-Շոկոլադովն էր լա՞վ, թե բաժակովը:

Սրանից էլ որ պրծան, դարձան, թե՝

-Թուղթը հո մայթին չգցեցի՞ր…

Վերջը՝ իրենք իրենց չխաբեցին, ես խաբեցի, իրենք իրենց խաբեցին, ես չխաբեցի: Համենայնդեպս, տուժողը ես եղա, որովհետև խիղճս շատ անգամ տանջեց, բայց չկարողացա իսկությունը պատմել ու հիմա եմ խոստովանում՝ ուշացումով, թող գիտենան:

Հաջորդ քաղաք գալս դպրոցն ավարտելու տարին եղավ: Բոլորի, ինձ համար ևս անսպասելի ընդունվեցի: Խոսակցություն եղավ, թե հայրս փթերով մեղր է տարել դասախոսներին ու դարձյալ բաներ, բայց այդպես չէր, հաստատ եմ ասում: Այն ժամանակ չհավատացին, գուցե հիմա էլ քմծիծաղողներ լինեն, եթե վկայեմ, որ ինձ քաղաք տասը ռուբլով ճամփեցին: Եթե լիներ, կտային, բայց չկար, ու միակ ճշմարտությունը դա է: Չեմ նեղանում, ոչ ոքի չեմ մեղադրում, որովհետև նրանց կասկածը նույնպես հիմք ունի ու, երևի, չպիտի ընդունվեի, որովհետև գրականությունից, պատմությունից, աշխարհագրությունից ու էլի մեկ-երկու նման առարկայից էի հինգ, մնացածը երեք էր, մի բան էլ դենը: Շարադրություններս էլ մի տեսակ էին, ցույց տալու բան չէին, պարզապես ուսուցիչս թաքուն իր համար հինգ էր դնում՝ տնօրենին կարդալ չտալով: Հիմա որ մտածում եմ, վայ թե վախ ուներ ասեն՝ երկու դիր, որովհետև անհեթեթ բաներ էի գրում:

Ընդունվելս էլ մի ուրիշ տեսակ եղավ: Եղբայրս՝ քաղաքում չապրողը, անունը՝ Թորոս, դեմ լինելով չէր ուզում բանասիրական տայի, որովհետև ասում էր՝ դիմումները շատ են ու հավանականություն չկա: Բայց ես չորկողելով իմը պնդեցի: Նա ինձնից խելոք էր, չհարցրեց՝ ինչու՞: Որ հարցներ, չէի կարողանա հիմնավորել: Հիմա էլ ի վիճակի չեմ: Միայն ասաց, որ լավ կլինի չընդունվեմ, որովհետև օրվա հացի կարոտ կմնամ ու մինչև կյանքիս վերջը կոպեկ կհաշվեմ, որ ուսուցիչները մեր օրերում էլ պատիվ չունեն: «Ինձ տես, քեզ խղճա», -վերջում սրանով խոսքը փակեց: Հետո նա գնաց գյուղ՝ իր տունուտեղին, և ես մնացի մյուս եղբորս՝ Մերուժի տանը:

Շոգ էր, ես քաղաքի օդին, աղմուկին սովոր չէի ու հենց պատմության գիրքը ձեռքս էի առնում, քունս տանում էր: Որպեսզի չքնեմ, գոնե շատ չքնեմ, Ջեկ Լոնդոն էի կարդում: Ընթացքում տասներկու հատորն ընթերցեցի, այն էլ՝ շատ սիրով: Անուշ գրող է, գրվածքների մեջ համովն ավելի է, քան անհամը՝ իմ կարծիքով:

Եղբայրս այդ գարուն էր ամուսնացել ու կնոջն առած գնացել էր ծովափ հագստանալու: Չգիտեմ, սիրո՞վ էր մեկնել, թե զոռով, բայց որքան հասկացա՝ կողակցի ցանկությամբ էր եղել: Չորս սենյականոց բնակարանն ինձ էր մնացել, Ծովինար քրոջս ու Հրաչ փեսայիս: Նրանք էլ էին նոր ամուսնացել ու դեռ տունուտեղ չունեին, որովհետև միակ աշխատողը քույրս էր, ստացածը՝ յոթանասուն ռուբլի: Փեսաս էլ նորավարտ՝ նեղվում էր, որ գործ չունի, գրանցումն էլ եղբորս տան վրա է: Բայց լավ տղա էր, փեսայի նման չէր, երևի քույրս դրա համար էր սիրում: Առաջին օրերն էր, խպնվում էի մոտը կարգին հաց ուտել, ինքն էլ հա զոռում է: Մի անգամ պանիր բերեց: Լավ կերանք, ախորժակով կերանք, սակայն պանիրը քիչ էր ու ոչ իմ առածը, համ էլ քաշվում էի, շատ չկերա:

-Ինչու՞ չես ուտում, -հարցրեց:

-Լավը չէ, -ասի:

-Ի՞նչը, -հարցրեց:

-Պանիրը, -ասի:

-Ինչու՞, -հարցրեց:

-Հոտուկ է, -ասի:

Պանիրը կանաչ էր, ամառվա շոգից փափկել էր, բորբոսած էր: Ճիշտը ես էի: Երևույթին որ խորքից, հոգեբանորեն նայես էլ, ճիշտը ես էի: Բայց փեսաս ծիծաղեց, ու ճիշտը ինքը դուրս եկավ: Իմ միամիտ խոսքը դաձավ բերանի ծամոն, բայց էլի չեմ նեղսրտում, որովհետև սրտում չարություն չկար: Համ էլ դեռ այն ժամանակ մտածեցի, որ ինքը ևս քաղաք գալու առաջին տարին նույն Գիքորն է եղել, գուցեթե՝ ավելի վատը: Ես պանրի այդ տեսակին՝ հատուկ կանաչեցրածին էի անծանոթ, նա՝ մի ուրիշ բանի, մեկ ուիշը՝ մեկ այլի: Թող ոչ ոք չպարծենա, քաղաքում ապրածը՝ նույնպես, որովհետև դա մեծաբանելու բան չէ՝ ամենևին: Աստված վկա: Մեկը կարող է քաղաքում ծնվել և բոլորովին քաղաքացի չլինել, սովորաբար էլ այդպես է և՝ հակառակ: Համ էլ կյանքը մի քաղաքով չի վերջանում: Աշխարհում էլի քաղաքներ կան՝ մեկը մեկից մեծ, շատամարդ, գեղեցիկ ու գողտրիկ, և եթե խնդրին այդ դիտակից նայենք, թքած ունի մյուսների վրա: Իսկ գործը հենց իրար անպատիվ անելուն հասավ, փոքրիկ, սահմանի վրայի աննշան գյուղակն էլ դրա իրավունքն ունի՝ մյուսին արհամարհելու, չտեսնելու: Բայց աշխարհի բանն այդպես չէ, և լավ է, որ այդպես չէ, որովհետև ծննդավայրից ավելի կարևորը հայրենիքն է, մեկ էլ՝ մարդ լինելը:

Հիմա դառնանք մեր պատմությանը: Փեսաս առաջին օրն ինձ տեսնում է Ջեկ Լոնդոն կարդալիս, կարդալը քիչ է՝ խմելիս, Ծովինար քրոջս հայտնում է՝ չի ընդունվի: Երբ երկրորդ օրն էլ տեսնում հաստափոր հատորը ձեռքիս, առավել համոզված կրկնում է՝ չի ընդունվի, քիթս կկտրեմ, եթե ասածս չեղավ: Ես, ինչպես պատմել եմ արդեն, ընդունվեցի, փեսաս քիթը չկտրեց, դրա կարիքը չկար, բայց անդրանիկ տարին ամեն հանդիպելիս գլուխն օրորում էր.

-Այ տղա, էդ ո՞նց եղավ:

-Ի՞նչ իմանամ, -պատասխանում էի:

Այն անգամ էլ բռնել էր քրոջս, թե՝

-Ախպերդ գրող կդառնա:

-Մեզնից ի՞նչ գրող, -տարակուսել էր Ծովոն:

-Դու չգիտես, -անսակարկ պնդել էր:

Տարիներ անց, երբ հարցրի, թե իրո՞ք նման բան ասել է, հարցին հարցով պատասխանեց.

- «Ավազակները» կարդացե՞լ ես:

Գլխով հաստատեցի:

-Ո՞վ է գրել:

-Շիլլերը:

-Ապրե՛ս, -ոգևորվեց: Այ, դու մի օր «Ավազակների» նման հանճարեղ գործ ես գրելու:

-Գոնե տաղանդավոր ասա, -ներքուստ շոյվեցի, թեև ոչ մի լուրջ տող գրած չունեի, հավատ՝ առավել ևս:

-Քո գործը չէ, -այն ժամանակ կարճ պատասխանեց: -Օրը կգա, հետդ կխոսեմ:

Հիմա՝ սույն տողերի վրա ժամանակ մաշելիս ևս դեռ ոչ մի տող չեմ տպագրել, իմ գրելու մասին ոչ ոք չգիտի, ինքը՝ նույնպես, բայց շարունակում է հավատալ: Թե կատարվի գուշակությունը, պատկերացումներումս շատ բան պիտի փուլ գա, որովհետև Հրաչի հայրը ժամանակին Լոռվա կողմերում հայտնի գրբաց է եղել:

-Ես հորս եմ քաշել, -սիրում է շեշտել:

***

Այդ օրերին քիչ-քիչ աչք-երեսս բացվեց, այնքան, որ ավտոբուսով եղբորս տնից հասնում էի համալսարան, առանց կուշտուկուռ նայելու ետ գալիս: Մայրամուտից հետո ոտքս տնից դուրս չէի դնում՝ վախենալով կորչել, փողոցն անցնելու եղանակն ու կանգառներն էլ կարգին չգիտեի: Լռվելով լուսամուտի առաջ՝ նայում էի խավարում ցոլցլացող լույսերին ու մտորում այնքան, մինչև քույրս ու փեսաս գան: Լուսաբացին նույն պատուհանից դարձյալ նայում էի. Քաղաքն ուրիշ էր լինում՝ ոչ գիշերվա նման: Մտածելս էլ շատ չէր գալիս: Գլխիցս չէր, ցերեկվանից էր: Արևն այդ կողմից էր ելնում, բայց ինձ միշտ թվում էր, թե սխալ է, և արևելքը չէ. այդչափ հասարակ բանը չէի կարողանում որոշել, խառնում էի:

Հետո սեպտեմբեր եկավ, քույրս ու փեսաս բնակարան վարձեցին, եղբայրս էլ կնոջ հետ ծովափից տուն դարձավ: Մի տեսակ փոխված էր, և մաշկի, դեմքի մգությունն օտարոտի էր, ոչ հարազատ: Ծովափի կյանքն էր գովում, տանձի էժանությունը, հետո, իբր, դա քիչ է, դարձավ, թե՝ Երևանն ապրելու տեղ չէ, նրանց միրգն էլ մերից հյութեղ է:

-Հլա առածս տանձից բեր ուտենք, -խոսքը հաստատելու համար ձայնեց խոհանոցում գործ անող կնոջը:

Մենք երկար սպասեցինք, մինչև հարսը մի ճամպրուկ միրգը տեսակավորելով սառնարանում զետեղելուց հետո երեք պոչատ, զարկված միրգ ափսեում՝ մտավ: Կարգն ու մարդկայինն այն, որ եղբայրս տանձն ու պնակը պատով տար, բայց ծովափը խիստ էր ազդել վրան, և մենք քսաներորդ դար էինք խաղում:

-Համով է, - եղբայրս ախորժակով կերավ իր բաժինը:

-Չսիրեցի, - քաղաքավարության համար թեթևբերան կծելուց հետո միրգն ափսե դրեցի:

-Համով է, -իմ բաժինը ևս ուտելով՝ պնդեց Մերուժը:

Ալիս հարսն անձայն ճաշակեց:

Չմոռանամ ասել, որ եղբայրս դեռ ծովափում եղած ժամանակ էր որոշել թողնել ծխելը: Որոշում կայացնողն ինքը չէր, պարզ է: Այդ երեկո այնքան խոսեց, շեշտեց չծխելու օգուտն ու անհրաժեշտությունը, այնքան համոզեց ինձ, իրեն, որ չհավատացի: Շատ խոսելու, արարքը կարևորելու պատճառը չգիտակցված դժգոհությունն էր, հոգեվարք ապրող, պարտված անհատականության ճիչը: Այդպես է՝ հաճախ լալիս ենք՝ չիմանալով ինչու, ծիծաղում ենք անպատճառ, չկամենալով ենք քրքջում: Այդ մեր ներսինն է այլակերպ լուսերես ելնում՝ մեզ համար իսկ անսպասելի, անճանաչ:

Եղբայրս, ուրեմն՝ գնաց քնելու: Կարդում էի՝ մոռացած մեր խոսակցությունը, ծխախոտի գրեթե լիքը ճմռթած տուփը: Երկու ժամ էր անցել, թե երեք, ձայն հասավ ականջիս: Հողաթափերը քստքստացնելով եկավ, բա՝ քունս չի տանում: Չէի կամենում կտրվել ընթերցանությունից - չպատասխանեցի: Նստեց, առպահ պատուհանից չերևացող բակին նայեց, հետո ձեռքը թաքուն ճզմած տուփին տարավ: Իմ կողմը չէր նայում, ես չնկատելու էի տալիս: Ծխատուփն իր հաշվով աննկատ վերցնելով՝ զուգարան մտավ: Մտավ, գոցեց դուռը: Քիչ անց լուցկու չռթոց լսեցի. ծխախոտն էր վառում: Ամբողջն այնքան միամիտ, երեխայավարի արեց, որ շատ ազդվեցի՝ մտածելով, որ ես ևս նույնը կանեի, նույն կերպ կվարվեի: Համոզված էի՝ իրեն խաբելու համար նստել է զուգարանի կոնքին, իբր, իսկականից այդ գործին է, ծուխն էլ անուշ զարկում է թոքերին, դեսուդեն փչում, իբր, չի ծխում, բայց ու՞ր պիտի գնար. սիրուն դուրս էր ելնում դռան ճեղքից:

Ծխեց, ջուրը քաշեց, իբր, պրծա, գնաց ննջասենյակ: Դեպքի վրա երկար մտորելով հանգեցի այն մտքին, որ եղբորս ապագան նախանձելի չէ ու իմ օրն էլ լավ չի լինի, եթե նրանց հետ կենամ, մանավանդ, տեսնում էի, հարսն ընդունվելուս համար ամենևին ուրախ չէ, թեև ցույց չէր տալիս, եղբայրս էլ կամուկացի մեջ էր ու ոչ մի անգամ չասաց՝ մեր տանը կմնաս, թեև բնակարանն իրենն էր, ինքը՝ փող աշխատողը, իսկ մյուսն անարմատ էր, եկվոր, առանց գրանցման: Նման բաների մասին միայն քնից առաջ էի տալիս-առնում, մեկ էլ հացի նստելիս, երբ ասում էին՝ կեր ու չէի ուտում, որովհետև սրտանց չէր ասվում: Հնար լիներ, միշտ դրսում կսնվեի և քրոջս տանը, բայց հնար չկար, թոշակ էլ չէի ստանում: Միջոց լիներ, իրենց տանը չէի քնի, բայց Ծովոյենց տանը տեղ չկար, հանրակացարանն էլ խոստացել էին հունվարից հետո: Քույրս չեղած տեղից ամեն շաբաթ երկու-երեք ռուբլի էր տալիս, բանակից նոր եկած և դեռ գործ չգտած Արա եղբայրս չունեցած տեղից ամիսը չորս-հինգ ռուբլի էր տալիս, այդպես ապրում էի:

***

Քաղաքին քիչ -քիչ ծանոթացել էի, կուրսի տղաների հետ քիչ-միչ ընկերացել, աղջիկների հետ՝ չէ: Աղջիկներից վախենում, սարսափում էի, թեև բոլոր սիրուններին սիրում ու բոլորին սիրահարվել էի: Թե տղաներից մեկին նկատեի նրանց հետ ազատ-արձակ զրուցելիս, նախանձն ուտում էր, թևանցուկ քայլող, կինոյում, այգում, խուլ մի տեղ համբուրվող զույգի տեսնելիս՝ սիրտս ճմլվում ու մտքումս մրմնջում էի՝ եկեք ինձ սիրեք:

Ուսանող եղբայր էլ ունեի՝ հանրակացարանում ապրողը՝ անունը Գալե, սովորեցնում էր աղջիկներից խոսք առնելու, նրանց հետ ծանոթանալու, սիրտը գրավելու, մոտեմոտ անելոււ եղանակները, բայց անօգուտ: Հորինված, երևակայության արդյունք տեսությունները նրան պետք չէին եկել ու հիմա մեծահոգաբար ինձ էր զիջում, փորձում գործնականում ճշտել պիտանիությունը՝ կարծելով իրենից արի եմ: «Ոտքդ, -բացատրում էր, -դասի ժամին աննկատ մոտեցրու կողքինիդ ազդրին: Հպիր, թող մնա: Եթե կտրուկ մի կողմ քաշվեց, ներողություն խնդրիր, ասա՝ պատահական է եղել: Իսկ թե ձայն չհանեց, ուրեմն՝ դուրը եկել ես, իր շունչն էլ է կտրվում, հաճույքից, հուզմունքից նվաղել է: Համոզվելու համար ոտքդ մի փոքր հեռացրու, սպասիր: Եթե համարձակ է, մոտեմոտ կանի, թե որ չէ՝ երկչոտ է, խաղը վերսկսիր: Այդպես հա՛ խոսում էր, համոզում, սակայն ես նրա մտքին չէի հանգում, որովհետև անկարող էի մազաչափ տարածությունը գոնե մտովի անցնել, ու ազդրս ներքևում փայտանում էր: Չկարողանալուս պատճառն այն էր, որ հուզվում էի, վատ, ստորացած զգում: Սիրելու, հակառակ սեռին գայթակղելու անպատիվ, անմաքուր եղանակ էր: Հիմա էլ եմ այդպես կարծում: Եղբայրս նույնպես, համոզված եմ, ուրիշներից էր լսել, կարդացել ու նրա ուղեղի մոգոնածը չէր, քանզի ինքը ևս չէր կարողանում:

Ողջը՝ ինչ պատմեցի, ներսից, տակից էր այդպես, դրսից՝ չէ: Դրսից, կողքից հետևողը բան չէր նկատում, որովհետև հպարտ էի ու ոչ ոքի մոտ չէի խեղճանում, վիզ չէի ծռում, չէի բացվում: Միակ թուլությունը, սխալը, որ արել եմ, իմ գիտցածով, պատմածս պանրի հարցում էր: Մնացյալ ժամանակ առերևույթ ու իրականում ևս՝ գոռոզ, իշխանավայել: Չիմացած բաները ոչ մեկին չէի հարցնում, ոչ մեկից մի ռուբլի չէի մուրում, ծխախոտ չէի խնդում, այլոց փողով ու նրա հաշվին չէի խմում /մերոնք հաշվի մեջ չեն/: Թե նման հպարտությունը որտեղի՞ց, արմատներն ու՞ր են խորանում, չգիտեմ, չեմ կարող ասել: Կարծիքովս, լավ, մարդկային հպարտություն է, ազնիվ հպարտություն, որ թեքվել, կեռանալ, ցածրանալ չուներ, թեև հաճախ կյանքի ծանրածանր գլանն այնպես է մամլում, հարթում ճամփին հանդիպած քար ու խիճ, որ գերադասելին ու ճիշտը պատիվ ասածն առժամանակ մի կողմ դնելն է:

Արտաքինս էլ վատ չէր, լավն էր, շարժուձևս էլ կոպիտ, գեղավարի չէր, հղկված էր այնքան, որ շատերը զարմանում էին՝ իմանալով քաղաքաբնակ չլինելս: Էլ չգիտեին, որ սուրճը նողկանքով էի ըմպում, համը տհաճ էր և կարոտում էի մանկութ հոտերին: Սուրճի անդրանիկ գավաթն էլ Գալե եղբորս հետ խմեցի: Մի ումպից հետո չէի կամենում բերան տալ, բայց նա իրենը պնդեց, թե՝ ճար չունեմ, ինչքան շուտ սովորեմ, այնքան լավ, որ դեռ շատ առիթ կունենամ չուզած բաներ անելու: Ըստ որում, բոլորը հասարակ բառերով, հասկանալի մարդավարի բացատրեց, ու ես ըմբռնեցի, ամենևին չնեղսրտեցի, մանավանդ այդ միջոցին նրա ծանոթներից երկուսը մոտեցան: Եղբայրս հետները զրուցում էր՝ աչքունքով հասկացնելով, որ սուրճն ըմպեմ, ինձ թեթև պահեմ, որովհետև պատշաճ չէ, գլխի կընկնեն ինչն ինչոց է ու անարժան տեղով մտքներում կծիծաղեն վրաներս, գուցեև՝ բարձրաձայն: Իսկ մեկ որ հեգնեցին, ձեռք առան, կարծիք կազմեցին, փոխելը դժվար է: Սուրճ խմելն այդպես սովորեցի, ծխելը՝ նույնպես, խմելը՝ չէ: Կարգին, հիմնավոր խմել չսովորեցի, որովհետև մարմինս խմիչք չէր վերցնում, և ավելորդ բաժակը ետ էր գալիս:

Քաղաքի կյանքը, քաղաքում կենալը գյուղինի համաեմատ համ հեշտ էր, համ դժվար: Մարդկանց քչությունից, միշտ նույն դեմքերը տեսնելու պատճառով գյուղի մենակությունը տխուր ու ձանձրալի էր, անտանելի: Հոգնում, զազրում էի ինքս ինձ հետ լինելուց, ինքս ինձ հետ զրուցելուց: Քաղաքում դարձյալ միայնակ էի, բայց դա ցանկալի, անհրաժեշտ, պետքական առանձնություն էր, առանց որի դեմքս, ինձ կկորցնեի: Ով հեշտ, լավ, կամավոր է մերվում նոր կյանքին, հեշտ, լավ, կամավոր էլ կորչում է: Փափուկ միսը տեսե՞լ եք մսաղացը որքան հանգիստ է աղում: Ջիլն ու ոսկորը՝ չէ, դեմ են առնում: Ես ներսից այդպես գունդուկծիկ, փշերս ոզնու պես պարզած, երկու կես եղած ապրում էի: Մի կեսս «ներեցեք», «խնդրեմ», «շնորհակալություն» մամլիչի տակ խեղվում, ճկվում էր, որպեսզի մյուս կեսին ազատ, արձակ, իր համար մտորելու, տեսածն ու ունկնդրածը ծանրութեթև անելու հնարավորություն ընձեռի: Շրջապատը նկատում էր առաջին՝ տեսանելի կեսը, նրան, ով բոլորի հետ ավտոբուս էր նստում, քայլում, ժպտում, զրուցում, մինչդեռ երկրորդը՝ պատսպարվածը, թաքնվածը, պատենավորվածը՝ վախվորած ու համարձակ, երկչոտ ու հանդուգն, բայց՝ ինքնուրույն, մենակ ու մեկուսի ապրում էր, իր աշխարհն ուներ, իր խոհերը, մտածում էր ոչ այնպես, ինչպես առաջինը, ասում, անում էր ոչ այն, ինչ առաջինը, թեև ճշմարիտն ու անսուտն ինքն էր:

Այսպես բաժան-բաժան ապրում էի, դժվար էի ապրում, որովհետև, ճիշտ է, մի կեսս պաշտպանում էր մյուսին՝ դյուրացնելով նրա գործը, բայց ուժերի երկատումից երկուսն էլ պրկած ճոպան էին:

Ինձ լավ ու անկաշկանդ մենակ եղբայրներիս, քրոջս հետ էի զգում, այն էլ ոչ բոլորի ու ոչ ամեն ժամանակ: Կարող էի թուլացնել զսպանակները, լալ, եթե կամենայի, նեղսրտել ու նեղանալ, եթե շատ էի լցված, կամ պարզապես լռելով՝ վայելել հարազատի կողքին լինելու բերկրանքը: Խոստովաանք լինի, նույնիսկ նրանց մոտ հազվադեպ էի խեղճանում՝ չկամենալով հոգսին հոգս ավելացնել, որովհետև տեսնում էի՝ հեշտ չէին ապրում, թերևս, ավելի դժվար, քան ես: Ուստի առավել հաճախ առույգ էի ներակայանում, կյանքով լեցուն, անհոգ էի ձևանում ու ժպտուն, որպեսզի ինձ ուրախ տեսնելով՝ իրենք թեթևանան, որպեսզի իմ մասին չմտածեն, այլ միայն իրենց:

-Ձեր բաժին վիշտն ինձ տվեք, -մտքումս ասում էի, -մենակությունն ինձ տվեք, -մտքումս ասում էի, -և անարցունք ապրեք, հեշտ ապրեք, անցավ ապրեք:

Քիչ ասում էի, շատ մտածում, քիչ ասում էի, շատ ցանկանում: Բարի գիշեր մաղթելով հեռանում էի՝ նրանց բաժին մենությունն ուսերիս, նրանց բաժին արտասուքն աչքերիս: Իմ փոխարեն ապրում էի, նրանց փոխարեն ապրում: Իրենք նմանապես, տեսնում էի, իմ փոխարեն են ապրում, բոլորս միասին ու բոլորս առանձին միմյանց փոխարեն էինք ապրում և դրանով էինք հարուստ, և շատ բան էինք տեսնում և շատ բան զգում, քանզի իսկապես էլ շատ էինք, բազմադեմ ու՝ մեկ: Այդպես էլ պիտի լիներ, որովհետև մեր արյունը, հարազատ ու շատ նույն արյունը, պատահականության ու բնության բերումով ժամանակ առ ժամանակ պորտալարով հոսել, դարձել էր ձեռք, ոտք, թև ու թիկունք, ականջ, սիրտ, մարդ էր դարձել՝ մորս կոնքից սահելով արևաշխարհ: Այսինչ թվին այդ արյունից մեծ եղբայրս էր ծնվել, առժամանակ հետո՝ մյուս եղբայրս, քույրս էր ծնվել, դարձյալ եղբայր ու եղբայրներ և՝ ես: Յոթն էինք ու մի քույր. էլ ինչպե՜ս կարող էինք ուրիշ լինել և ոչ մեկմեկու նման: Պարծենալու նպատակով չեմ պատմում, ամենևին: Մտադրություն չունեմ ինձ կամ էլի մեկին՝ մերոնցից, հատուկ համարել, հակառակ, միշտ այն հիմար կարծիքին եմ եղել, թե ես ամենավատ կավից եմ հունցած, թե բոլորն ինձնից լավ են, ուժեղ են, խելոք, հատուկ են ու առանձնահատուկ, իրենք են ու ոչ ես: Չեղած արժանիքներ էի վերագրում ուրիշներին՝ ունեցածս չտեսնելով, չգնահատելով, որովհետև ի մոտո միայն ինձ գիտեի, ինձ էի ճանաչում, տեսնում, թաքուն արածս էր աչքիս առաջ, թաքուն մտորածս, որովհետև մշտապես բացած գիրք էի՝ թերություններով, թուլություններով, փծուն խոհերով, ու ես՝ միակ ընթերցողը: Որքան էլ ջանում էի պատիվ չբերող արարքներս, խոհերս չմտաբերել, ջնջվելու արժանի էջերս չվերընթերցել, չէր լինում, ամեն անգամ թերթերն իրենք իրենց շրջվում էին, և ես կանգնում էի ներքին դատավորիս առաջ՝ անկամ, անուժ, անկայուն, էլ չգիտեի, որ բնությունս է այդպես, մարդն է այդպես, Նարեկացի էլ չէի կարդացել, միայն անունը գիտեի: Թերահավատություն անձիս, ուժերիս նկատմամբ այն աստիճան խոր արմատ է գցել, այնպիսի հաստաշերտ նստվածք տվել, որ ժամանակի ընթացքում թեև մասամբ փոխվեց կարծիքս իմ, մարդկանց մասին, բնավորությունս շտկել չկարողացա, և մնացի վեհերոտ ու շատ տուժեցի դրանից, և շատերը չարաշահեցին այն:

***

Եղավ պահ, որ մերոնց տանն ապրելը դարձավ անհնար: Հոգնել էի ամեն առավոտ աղբ թափելուց, խանութ գնալուց էի հոգնել, սոված մնալուց, փքուն խոսքերից ու երեխա պահելուց: Ես՝ հպարտախոհ ու անձնագոհ, ընկճվել, դարձել էի մի բուռ, բերանխուփ, կամազուրկ: Հարսը շշերը քսան կոպեկով հաշվում, տալիս էր ձեռքս, թե՝ տար: Տասնհինգ կոպեկով հանձնում էի խանութին, որովհետև իսկական արժեքով չէին ընդունում, չեղած փողիցս հիսուն կոպեկ, մի ռուբլի /նայած ժամանակ/ դնելով վրան ու ետ գալով՝ տալիս իրեն: Կոպեկ-կոպեկ հաշվում էր:

-Ի՞նչ ես անում, որ քեզ քսանով են հաշվում, -ամեն անգամ զարմանքով հարցնում էր:

-Երևի խղճում են, գլխի են, որ ուսանող եմ, անթոշակ, -մի օր ասացի:

Չգիտեմ, ակնարկս տե՞ղ չհասավ, թե՞ չհասկանալու տվեց, բայց փաստ է, որ եղբորս այդ հարցով հետո շատ էր նեղություն տալիս՝ ինձ օրինակ բերելով: Ինչևէ, Ալիսը, տեսնում էի, տերն է տունուտեղի, կայացնողը վճիռների: Նրա համոզմամբ, որ իրենց տանն էի մնում, արդեն շատ էր: Եղբայրս էլ արդեն եղբայր չէր, այլ միայն ամուսին՝ դարձյալ կողակցի որոշմամբ, ուստի նամակ գրեցի հորս, որ գա: Այդքան: Թե ինչու, չէի բացատրել: «Հանրակացարանում եմ ուզում ապրել», -երբ եկավ, խոստովանեցի: Նայեց աչքերիս, մեկ անգամ էլ նայեց՝ ավելի սևեռուն, անքթիթ, բան չհարցրեց: Հպարտ մարդ էր, հպարտախոհ ու հպարտասիրտ, անկոտրում կամք ուներ: Ուզում էի լաց լինել, չէր լինում, ներսումս այպանում էի, սիրտս չէր թեթևանում, մեղավորությունս՝ պակասում: Ի՞նչ ապրեց, նվաստս չեմ կարող ասել, բայց տեսա՝ հպարտությունը դնելով մի կողմ, ձգվեց, մտավ ռեկտորի աշխատասենյակը: Քիչ մնաց, երեք, թե չորս րոպե: Ի՞նչ խոսեց, դարձյալ անտեղյակ եմ, բայց դիմումը թելադրելիս շեշտեց պատերազմի երկրորդ կրգի հաշմանդամ լինելը, բան, որից սովորաբար խուսափում էր:

Ուրիշ անգամներ քաղաք գալիս երկու-երեք օր, պատահում էր մի շաբաթ կմնար, այս անգամ՝ չէ: Ավտոկայանում դրամապանակից տասը ռուբլիանոց հանելով՝ տոմս առավ՝ մեկ ռուբլի հիսուն կոպեկի: Վեց ռուբլի՝ երկու երեքանոց ինձ տալով՝ մնացածը դրեց գրպանը:

-Թոշակը մի քանի օրից կստանամ: Ալյուր պիտի առնենք, թե մնաց, կճամփեմ, -ասաց:

Չէր ուզում դրսում սպասեմ, բայց համառեցի:

-Գալեի ու Արայի հետ ընկերություն արա, -պատուհանից ավտոբուսի շարժվելու պահին պատգամեց:

Նա գնաց, ու ես հոնգուր-հոնգուր լաց եղա: Դեկտեմբեր ամիսն էր, մութը վրա էր տվել, և արտասուքներս թաքցնելու հարկ չկար: Այդպես մեկ էլ հեկեկացի, երբ նա մեռավ: Մոսկվայից նոր եկել էի, ասին՝ հիվանդ է: Ձմեռային կոշիկ էր ուզել: Բերել էի՝ ներսից թաղիք, պինդ, տաք: Սրտով էի առել, իմ առաջին նվերն էր հորս, ու ինքնաթիռի ցնցումներից օրորվելով, ոտնամանները նվիրելու պահը հարյուր անգամ վերապրելու հաճույքից տարուբեր էի Երևան հասել: Լուրի հետ չհաշտվելով, լուրի հետ կռիվ տալով՝ գյուղ գնացի: Ճիշտը լուրն էր, որովհետև հորս հիվանդանոցում տեսա՝ ուռած ոտքերով, շնչարգելանքից կապտած շրթունքներով: Հևոցը ցայսօր ականջումս է: Թորոս եղբայրս մոտն էր ու շուտ-շուտ ուղղում էր բարձը, ոտքերը տրորում, իրեն դես-դեն նետում, բայց՝ անօգուտ: Հիվանդությունը չէր զիջում, հորս ցավը կիսել, թեթևացնել չէր լինում, ու նա գնալով նվաղում էր: «Ամառվա շոգին գյուղական հիվանդանոցի սպիտակ ներկած պատերի մեջ հայրս, եղբայրս, ես՝ մոտեցող մահի դեմ» կտավը շարունակ աչքիս առաջ է ու ինձ հետ կտանեմ, երբ Ժամը գա: Նեղվում էի ճերմակ պատերից, ճերմակ սավաններից էի նեղվում, նրան այդքան տկար, անօգ տեսնելու մտքից էի նեղվում, ու որպեսզի սիրտս թթխմոր դարձնող ադրենալինը ծախսեմ, անգիտակցաբար, բնազդորեն սեղմում ու սեղմում էի երկաթյա մահճակալի սառը գլուխը, ու որպեսզի մի բան ասած, արած լինեմ, խոսք բացեցի կոշիկների մասին: Իբրև երախտագիտության նշան, գլխով արեց, իսկ հայացքը սահեց ներքև՝ ուռած ոտքերին: Սփոփած լինելու համար իմ կակուղ խելքով դուրս տվի.

-Մի համար մեծ եմ առել:

-Նա ձայն չհանեց: Ես ավելի վատ զգացի, որովհետև հանկարծ հասկացա, որ հորս մտքով վատ բան անցավ, ու որպեսզի դրությունը շտկած լինեմ, մի բան ասած, արած, հիվանդության, մահվան հետ կապված խոհերը ցրած լինեմ, հավելեցի.

-Ձմռանը բրդյա գուլպաներով հագնելու համար եմ ասում:

Այդ պահին Թորոս եղբայրս բուժքրոջ հետ մտավ, և խոսակցությունը դրանով փակվեց: Առաջին անգամ եմ պատմում՝ տասնչորս տարի անց: Սրսկումից հետո եղբայրս մի քանի ժամով գնաց տուն՝ հանգստանալու, որովհետև երեք գիշեր չէր քնել, բայց նա դարձյալ երեք գիշեր անքուն մնաց, որովհետև կես ժամ անց հայրս վատ զգաց, և շնչարգելության նոպան վերստին բռնեց: Թթվածնի բարձիկն ու սրսկումներն այլևս չէին օգնում, գլխավոր բժշկի ներկայությունը՝ նմանապես, և ես, միջոց գտնելով, բուժքորջը խնդրեցի մեր տուն զանգել, հայրս էլ ասաց՝ ինձ տուն տարեք:

Վազեվազ եկավ Թորոս եղբայրս, Գալե եղբայրս եկավ, ու մենք թևերի տակ մտած նրան սենյակից հանեցինք: Բուժքույրը մուտքի դուռը բացել, մեզ էր սպասում, բայց բանը դրան չհասավ, որովհետև Համզե հայրս մեր ձեռքերի վրա, մեր թևերի վրա, մեր աչքերի առաջ հանգեց: Սա՞ է վերջը, -հարցնում էի ու չէի հավատում, որովհետև ամեն բան անսպասելի եղավ, գեշ եղավ ու ոչ այնպես, ինչպես գրքերում է: Հայրս՝ մեծ տոհմի զավակ, հայրս՝ հպարտ, ազնվական ճակատով, ազնվական խոհերով, հայրս՝ հասուն որդիների տեր, անունը՝ Համազասպ, մեռավ գյուղական հիվանդանոցի միջանցքում: Ուզում էի լալ ու չէի կարողանում, որովհետև անհեթեթ էր ամեն ինչ ու ոչ բանաստեղծական, որովհետև որքան էլ ասում էի՝ վերջ, ուղեղս ընդվզում էր՝ չընդունելով կատարվածը: Դա ևս ասեմ՝ առաջին անգամ էի հարազատի մահ տեսնում:

Պատգարակին դրած «Շտապ օգնության» մեքենայով նրան տուն տարանք, ու դրսում արև էր, ամառ, օգոստոս ամիսն էր: «Նախավկա մատուռի խաչը՝ կապույտ երկնքում, արևը՝ վրան» - այս կտավը ևս լավ մտապահել եմ: Ես բռնել էի հորս գլուխը, որ ցնցումներից օրորվում էր, խղճի խայթ էի զգում՝ չիմանալով, թե հետո ինչ պիտի լինի, և երբ հարևանները, քեռիս լողացնելու նպատակով մեր սրահի կողմը թեքվեցին, շարունակում էի գլուխը ձեռքերումս բռնած պահել: Բայց նրանք թույլ չտվեցին և ասին՝ գնա: Հիմա եմ հասկանում, թե որքան նրբանկատ էին, որովհետև վատ բան կլիներ, եթե տեսնեի նրա մերկ, անհոդակապ մարմինը:

Մթնող օրվա մեջ չորս մոմերը թույլ ճթթոցով այրվում էին՝ երկուսը հորս գլխավերևում, երկուսը՝ ոտքերի մոտ: Դիակը եռակողմ բոլորած կանայք քչփչում էին, ախուվախում, իսկ ես լալիս էի, ու ինձ ձայնակից էին քույրս, եղբայրներս էին ձայնակից: Հետո Ծովոն իր ու մորս փոխարեն լալուց ուժասպառ՝ դադար տվեց, եղբայրներս շատ լաց լինելը պատշաճ չհամարելով գնացին ծխելու, իսկ ես շարունակեցի միայնակ արտասուք թափել: Հեկեկում էի, որովհետև ինձ թվում էր, թե մեղք գործած կլինեմ, եթե լռեմ, որովհետև ուրիշ լացող չկար, որովհետև նստոտած կանայք ինձ էին հետևում, որովհետև հորս մոմագույն դեմքին չէի տեսնում կյանքի կրակը «իր սեփական, միայնակ կրակը», որովհետև նրա ոտքերին Ռուսաստանից բերածս կոշիկներն էին՝ նույնքան ապերջանիկ, որովհետև քարերին զարկվելու բախտին նույնիսկ չարժանացան ու հազիվ ծնված՝ հողվելու էին:

Հիմա՝ տասնչորս տարի անց սույն անցքը տողելիս դարձյալ հեկեկում եմ, որովհետև այդպես էլ նրան ճանաչելու, նրա մտքերը կարդալու, նրա միայնակ վառվող կրակին մերձ լինելու, նրանով ջերմանալու հնարավորություն չունեցա: Իմ հպարտասիրտ, իմ ազնվական հայրը… Նա այդպես գնաց, ու ինձ մնում է սփոփանքն այն մտքից, որ հետո կտեսնեմ, հետը կզրուցեմ, հետո կճանաչեմ, երբ Ժամը գա:

Հանրակացարանում ապրելուն Մերուժան եղբայրս դեմ չեղավ, իսկ կինն ասաց, որ կյանքն այնտեղ առավել հետաքրքիր կանցնի, և նա մասամբ իրավացի էր: Ունեցածս մի քանի գիրքը կապոց արի, մի քանի շորը հագուստը խցկելով՝ ելա: Սանդղահարթակին կանգնած Մերուժը, երբ մի հարկ իջել էի, գոռաց, որ իրենց չմոռանամ և շուտ-շուտ այցեմ: Ալիսը կողքին ժպտում էր, ուստի եղբորս արարքը սխրանք որակեցի և պարտված զինվորի մարտակոչ, թեև ձայնում վճռականություն չկար և ճողփացող խիղճը հանգստացնելու համար էր: Պատասխանեցի, որ կգամ, մեկ անգամ ևս բարի գիշեր մաղթելով՝ շարունակեցի առույգ ցատկերով իջնել: Ամեն բան բնական եղավ, քսաներորդ դարի մակարդակով: Մանրախնդրորեն հիշատակեմ, որ գյուղից բերած բրդյա անկողինը չվերցրեցի, նրանք էլ չհիշեցրին, թեև պետք էր, դեկտեմբերի ավարտը, և երկու գունաթափ ծածկոցի տակ հանրակացարանի առաջին հարկում մրսում էի:

Սենյակը հյուսիսային թևում էր, և արև ամենևին չէր առնում: Կենվորներից երկուսը, չդիմանալով զօր ու գիշեր կանգնած մգլահոտին, որ լվացքասենյակին հարող նգոտած պատից էր գալիս, լքելով հանրակացարանը՝ գնացել էին վարձով կենալու: Դեմ-դիմաց պետքարանն էր: Առաջին օրերին վաղ առավոտյան արթնանում էի սենյակ խուժող զարհուրելի ձայներից: վայրենի խնչում էին, ազատվում ուսանողական ճաշարանում կերած տասներկու կոպեկանոց կաղամբապուրից: Գարշանքից ծամածռվելով՝ բարձով փակում էին ականջներս, սակայն ոչինչ չէր օգնում, ու աչքիս պատկերանում էր սպիտակ լվացարանին սոսնձված ժահրագույն լորձը: Լվացքասենյակում համեմատաբար մաքուր էր, սակայն ոչ պակաս անտանելի էր էժանագաին օճառի գարշահոտը: Լպրծուն փայտերին, լոգատաշտին, լվացարանին չդիպչելու համար ճկվելով հասնում էի ծորակին՝ նրա տակ լվանալով ոտքերս, սկզբում մեկը, ապա հանգստանալով, շունչ առնելով՝ մյուսը: Այդպես էր առաջին օրերին, այնուհետ ընտելացա, ձայներն այլևս չէին ազդում, և մինչև տասը-տասներկուսը քնում էի՝ ուշանալով դասերից, թեպետև խոստովանեմ, աղտեղությանը չկարողանալով հարմարվել՝ երկու տարի անց ես ևս գնացի վարձով տուն փնտրելու: Թեև վատ, անհրապույր, դժվար էր հանրակացարանային առօրյան, բայց ինձ արքա էի զգում. արձակ-համարձակ կարող էի մեկնվել մահճակալին, սրտի ուզածի չափ ծխել, ու ոչ մի աչք կողքից չէր խեթի, թաքուն դժկամի, ինչպես ուրիշի տանը:

Սենյակի հնաբնակ ուսանողը սուսիկ-փուսիկ, աշխարհից պարտք-պահանջ չունեցող տղա էր՝ կարճահասակ, թխադեմ, մազերը՝ կուպրը օրինակ: Կես տարի միասին մնացինք՝ մինչև ամառային արձակուրդները: Շարունակ նույն կոստյումն էր հագին, նույն հնաոճ փողկապը: Մանրատամ սանր ուներ՝ կեղտակուր, անցքերը խցանված: Մի քանի անգամ քսում էր գլխին և, հարդարանքն ավարտած համարելով, գնում բուֆետ: Ուտում էր մանրակրկիտ, ախորժակով՝ լիներ ձկան պահածո, թե երշիկ: Բնածին առողջություն ուներ, և ես միշտ զարմանում էի, թե այդչափ փոքր մարմնում ինչպես են տեղավորվում երկու հարյուր գրամ երշիկն ու կես մատնաքաշը: Հայելուց չէր օգտվում. հավանաբար ժամանակին փորձով համոզվել էր, որ ուշագրավ, դիտարժան քիչ բան ունի դեմքին: Բաղնիք հազվադեպ էր դիմում, եթե գնար, ուրեմն՝ երեք-չորս ժամ ուզես: Լողանար պիտի՝ երկար, ածիլվեր, լվանար ամսվա ընթացքում կուտակված ներքնահագուստը, գուլպաները, թաշկինակները և, սենյակ գալով, փռեր մահճակալների, աթոռների գլխին, կախ տար լուսամուտի բռնակներից:

Ինձ այդպես էլ անծանոթ մնաց նրա ներաշխարհը, թեպետև մի քանի անգամ փորձեցի ներքաշել զրույցի մեջ, բացել: Կամ շատ խելացի էր, կամ՝ նեղմիտ: Ավելի երկրորդին եմ հակված, թեև ապացույցներ չունեմ ու, հնարավոր է, սխալը ես եմ: Չմերվեցինք մեկմեկու, ճիշտ է, բնավորությամբ ևս շատ էինք տարբեր, բայցևայնպես գոհ եմ նրանից ու շնորհակալ, քանզի հնաբնակ լիելով՝ ոչ մի անգամ չփորձեց իշխանություն բանեցնել, չդժգոհեց, երբ ուշ ժամի գալով՝ փակ էի գտնում հանրակացարանի դուռն ու քնից հանելով՝ բացել տալիս պատուհանը: Տարիներ անց մի անգամ պատահաբար դեմ-դիմաց ելանք: Թվաց, այն օրերի կոստյումն է հագին, նույն փողկապը: Ամենևին չէր փոխվել: Չտեսնելու, չճանաչելու տվինք երկուսս էլ, անցանք: Թեթևակի խղճի խայթ եմ զգում, բայց գիտեմ՝ եթե դարձյալ հանդիպենք, կրկին չնկատելու կտամ: Թե ինչու, չեմ էլ կամենում վերլուծելով պատճառ գտնել:

Հանրակացարանի հարցը, ինչպես ասացի, հորս շնորհիվ լուծվեց: Ձմեռային քննաշրջանից հետո թոշակ էլ ստացա: Երեք-չորսի փոխարեն օրը մեկ-երկու անգամ էի սնվում՝ օր կար գոհանալով դատարկ խավարտով, բայց երեսունհինգ ռուբլին, միևնույն է, չէր հերքիում և ամսվա չորորդ շաբաթը դառնում էր փորձաշրջան: Ծխախտոտի հարցը հեշտ էր. հայտարարում էի, թե ծխելը թողել եմ, թեև դասամիջոցներին, երբ տղաները գլուխ գլխի բքում էին, ինքնաբերաբար ձգվում էի դեպի մուխը: Նրանք ծիծաղում էին՝ տեսնելով տվայտանքս, ասելով, թե, մեկ է, ամեն բան անցած ամսվա նման ձախողմամբ կվերջանա, քանզի կամքս չի բավի, մեծահոգաբար ծխատուփ էին դեմ անում՝ գայթակղելու նպատակով ցուցադրական անտարբերությամբ ծխօղակներ թողնելով օդում, հետո, համառությանս վրա զարմանալով, ձեռք քաշում կամ կատակի տալիս՝ վճռել է հարստանալ, միտք ունի ավտո առնել ու նման բաներ: Ժպտում էի, եթե պետք էր, հետները հռհռում, տենդագին գործող ուղեղս խոսքի սրությանն արժանի պատասխան էր որոնում ու գտնելիս՝ շրմփացնում խոսքաշինության անտես սեղանին, թեև ներսումս դատարկություն էր, սիրտս ճմլվում էր ցավից, վիրավորանքից:

Առավել դժվարը կերակրվելու խնդիրն էր: Եթե մեծ դասամիջոցին կուրսեցիք բուֆետ էին գնում, հրաժարվում էի՝ ասելով, թե հաց չեմ կերել, ուստի ճաշելու պիտի վազեմ, իսկ եթե ճաշարանի կողմն էին ուղղվում, պատճառ բռնելով կուշտ կերած լինելս, սրճելու ցանկություն էի հայտնում: Նրանք մի-մի ռուբլի հավաքած հեռանում էին, իսկ ես ետ դառնալով գտնում էի իրականում հագեցածին և հետը զրուցում, տրամադրություն չեղած պահի պատի թերթերն ընթերցում, ծանոթանում դասացուցակին և կամ՝ ճաղաշարին հենված, հետևում անցուդարձողին: Ինձ նման ու ինձնից վատ վիճակում գտնվողներ կային, բայց նրանք /թե՞ ինձ էր թվում/ հեշտ էին տանում այդ ամենը: Խոստովանելով դրամ չունենալը՝ ուրիշից փող էին պարտքում՝ մոռանալով վերադարձնել, ծխախոտ երբեք չէին ունենում, սակայն նեղություն էլ չէին կրում և սրանից-նրանից ուզվորելով՝ բոլ-բոլ ծխում: Տղաների մի տեսակ էլ կար, որ իրենը պահում էր, ուրիշինը ծխում, անփող ներկայանալով այլոց հաշվին սնվում, խմում էր, չնայած գլխիվայր թափ տալու դեպքում կարմիր տասնոցներ կթափվեին, թանկանոց ծխատուփեր: Չունևորներին, հիրավի աղքատներին խղճում էի, բայց և ատում նույն այդ թշվառությունն իբրև զենք, վահան գործադրողներին: Թոշակի կեսն առաջին երկու-երեք օրը տղայոց հետ մսխում էի՝ գերադասելով նրանց մեկի դիմաց կրկնակին ծախսել, միայն թե գծուծի, սնանկի տպավորություն չթողնեմ: Եթե փող էի երազում, նրա համար, որպեսզի վճարեմ նեղության օրոք նեցուկ կանգնածներին, տասնապատիկը հատուցեմ լավության դիմաց: Եղած-չեղած մի քանի հագուստը շուտ-շուտ փոխում էի՝ ունևոր և հարգս գիտցող ներկայանլու համար: Աղքատ-հպարտն ինձ համար էր ասված, տարբերությամբ, որ իմը ցուցադրական չէր, այլ ներսից եկող, ինքն իր հետ կռիվ տվող, ինքն իր միսն ուտող: Եվ եթե ընդունվելու առաջին տարին չհիվանդացա, չմրսեցի, անկողին չընկա, առողջ, ջահել մարմնիս էի պարտական, ապա՝ Մոսկվայում սովորող Խորեն եղբորս կիսամաշ վերարկուին, որը երեք լրիվ ձմեռ հագա ու անդրանիկն էր իմ կյանքում: Չմոռանամ նմանապես կռունկավար եղբորս՝ Արայի ամեն ամիս տված տասը ռուբլին, որը ոչ մի կերպ չէի ուզում վերցնել, բայց նա համառում էր՝ մեծի իրավունքով գրպանս խցկելով, թեև ինքն էլ մի բանի տեր չլինելով՝ բանվորական հանրակացարանում էր կենում: Նաև համառությանս եմ պարտական ու կամքիս, որ գիտակցաբար լարել, բռունցք էի շինել, թեև այն օրերին յոգերի ուսմունքին անհաղորդ էի և բնավորությունս փնովելիս «չորկող» բառով էի որակում հաստակամությունս, որ մշեցի պապերիցս էի ժառանգել:

***

Առաջնահերթը սովորելը չէր, այլ գոյատևելը, մանավանդ շատ դասախոսներ ժամավաճառությամբ էին զբաղված: Ուստի դասի չնստելը, ուսմանը մատների արանքով նայելը ուսանողության շրջանում դիտվում էր ողջունելի քայլ: Ավելի հաճախ միջանցքներում, համալսարանի բակում էինք թրևում, գարջրի կրպակներում, կինոթատրոններում ժամ սպանում, քան լսարանի դուռ բացում, և դրանում մեղավորը, կրկնում եմ, դասախոսներն էին: Գիտեմ, իմ այս մտքերով նրանց զայրույթը շարժեցի, թշամիներիցս քանակն հավելեցի, բայց առիթ է, պիտի ասեմ և կկամենայի, որ նրանք իրենց քրմական բարձունքից տեսնեն իսկությունը: Կարդացողը կարդում էր, չկարդացողը՝ կյանքը մսխում, իսկ կրթիչները դասախոս-դասախոս էին խաղում ու նրանց ճոռո-ճոռո նախադասություն-բառաշարքերը հնչում էին իբրև ձայն բարբառո հանապատի /հատուկենտ բանուցույցները հաշիվի մեջ չեն/: Ու քանի որ բանն այդպես էր, վճռեցի աշխատել: Ամենահարմարը պահակությունն էր: Երկար որոնելու հարկ չեղավ: Ուսանող եղբայրս՝ Գալեն, որ գիշերային աշխատանքի երկամյա փորձ ուներ, գիտահետազոտական մի մեծ իստիտուտում ինձ գործ գտավ: Վատն այն էր, որ պիտի աշխատեի նաև ցերեկը: Քսանչոս ժամ օրապահություն, յոթանասուներկու հանգիստ. այդպես էր կարգը: Յոթանասուն ռուբլին քիչ փող չէր, ու ես դիմում գրեցի, չնայած գիտեի՝ ամիսն ութ օր դասի չնստելը կարող է վրաս թանկ նստել: Ամբողջ հույս պահակության ժամերին կարդալու վրա էի դրել, ինքնակրթությամբ պակասը, թերին լրելու:

Չորս տարուց ավելի՝ մինչև ավարտելս առանց պատահարի, անփորձանք ապրուստ վաստակեցի: Իմ կարիքն այնտեղ չկար, տասնյակ մյուս պահակներիինը՝ նույնպես, սակայն աշխատում էինք, որովհետև ծայրը ծայրին կապելու համար մեզ դրամ էր պետք, նրանց՝ ցուցքի, ձևի համար՝ պահակային ծառայություն:

Իրիկունը՝ յոթի կողմերը ներկայնում էինք, ատրճանակներն ստորագրությամբ ստանալով կապում կոնքերիս, գնում պահակակետ: Հիվանդ ուղեղի, հոռետես, ծեծկած հոգով անձանց ձեռքին փորձանք է զենքը: Հմայիչ, ձգող բան կա մետաղյա բարալիկ փողում: Միայնության մեջ, երբ դադարում էր ելումուտն ու քաղաքը քուն մտնում, ժամանակ մեռցնելու համար հանելով ատրճանակը՝ փամփուշտները մեկիկ-մեկիկ շարում էի պտտվող թմբուկին և պահպանակը բացած, դեմ անում քունքիս: Մնացյալը երևակայության գործ էր: Շա՜տ ափսոս, այն օրերի մտածումներս գրի չառա: Վստահաբար, լավ, դրամատիկ դեպքերով հարուստ, նովելային վերջաբանով պատմություններ դուրս կգային:

Մնացած ժամանակ կամ ընթերցում էի, կամ՝ ննջում: Պահակակետերը մի քանիսն էին: Երկրորդ մուտքի մոտ ցերեկը դժվար էր, գիշերը, ընդհակառակ, կարող էիր վառարանը կարմրացնել, եթե ցուրտ էր, և ձեռքերդ գլխատակիդ քնել: Կենտրոնական լաբորատորիան աշխատում էր նաև գիշերը: Կողմնակի անձնաց մուտքն արգելվում էր, սակայն անցագիր հարցնող, մեկ է, չկար, ես՝ առավել: Թույլ լույսի պատճառով երկար կարդալ չէր լինում: Նստում էի սեղանիկի առաջ, միալար աղմուկի տակ տարուբերվում: Կեսգիշերին կոպերս ակամայից փակվում էին ու, որպեսզի չքնեմ, ժամանակ առ ժամանակ տրորում էի աչքերս: Ջահել, լրջմիտ, տեղը տեղին հագուկապով տարասեռ երիտասարդներ էին միջանցքով անցուդարձում: Ինքնասիրությունս թույլ չէր տալիս նրանց ներկայությամբ քնով ընկնել, սակայն հաճախ այդ պայքարում պարտվում էի, և գլուխս հակվում էր: Սեղանին կռթնած փորձե՞լ եք ննջել: Տասնհինգ-քսան րոպեից ավելի հնարավոր չէ. դաստակներդ հոգնում, թմրում են, արյան վատ շրջանառությունից կանգային երևույթներ սկսվում: Շատ բան պահակախմբի պետից էր կախված: Չորս հերթափոխ կար: Սուբուչևը ծառայության ժամանակ սիրում էր խմել, մեծամասամբ՝ այլոց հաշվին: Նման օրերի բարի էր դառնում, ասես նույն անձը չլիներ՝ շատախոսում էր, հայհոյում կնոջը:

-Некому неслово, -վերջում զգուշացնելով՝ գնում էր թաքուն մի տեղ քնելու:

Բաժակի ընկեր ևս ուներ՝ Գուգոն, կուրծքը՝ ներս, ուսերը՝ նեղ, դեմքը՝ ճմռթած: Տնամերձ հողամաս ունեին ու հետը ինքնաքաշ օղի էր բերում: Թորելու կերպը լավ չգիտեր, թե ինչ, Գուգոյի արաղից զարհուրելի հոտ էր գալիս, երեսին փառ բռնում, գույնն էլ զուլալ չէր:

Նա ու Սուբուչևը մի իրիկուն լիտրանոց երկու շիշ գրպանները եկան: Ետնամուտքի պահակակետում էի, կլիներ իննի կողմերը:

-Մեջներիս թեթևը դու ես, վազիր խանութ, -ասաց Գուգոն:

Ոչ փող տվին, ոչ հարցրին՝ ունե՞ս:

-Свледку тоже, -ետքիցս կանչեց Սուբուչևը:

Դիմացի խանութը փակ էր, իրենք նույնպես գիտեին: Ունեցածս հինգ ռուբլուց երկուսը տաքսուն տվի, մնացածով երշիկ առա, հաց, պանիր՝ ինչ գտնվեց: Ապխտած տառեխ չգնեցի, կար, բայց չառա: Մինչ կվերադառնայի, վառարանը կարմրացրել, պահակակետը լավ ավլել, ինձ էին սպասում: Բաժակ չկար: Գուգոն կես լիտրանոց բանկա կար, լվաց, օղիով թեթև ողողեց ու՝ սկսեցին: Առաջին խումից հետո ինձ ևս լցրին՝ բանկայի կեսից շատ: Օղին տաք էր, լավ թորած չէր, ես սոված էի, անպատիվ, նվաստացնող էր բանկայով արաղվելը, բայց խմեցի: Երկուսով ոգևորում էին, չափ տալիս, իսկ ես ընկել էի նրանց տրամադրության տակ: Զարհուրելի օղուն վերջ չկար, քիչ էր մնում ործկայի, ամանի հաստ պռունկը շրթունքիս չէր կանգնում, բայց հաշիվ չէր: Մտքումս նրանց հայհոյելով՝ մինչև վերջին կաթիլը խմեցի, ապա հաց կերա, ու անսովորության պատճառով խմիչքը գլխիս տվեց. սկսեցի ինձնից դուրս խոսել:

-Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ, ձեր մայրերը ձեզ ղուրբան…-երգում էի:

-Без селедки не то, -տրտնջում էր Սուբուչևը:

-Մշո Սուրբ տան Սուրբ Կարապետ, թող լինի ձեզ պահապան…

-Без катошки, селедки не то, -մնում-մնում կրկնում էր:

-Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ…-երգի շարունակությունը չիմանալով՝ նույնին էի վերադառնում ես:

-Только спокойно, зачем песни? Գուռգեն, լցռու:

Մնացյալն իրենք խմեցին: Նրանց հեռանալուց հետո գլխապտույտ ունեցա, սիրտս խառնեց և սկսեցի հետ տալ: Ործկում էի ու ործկում, և միջոց չէր մնում, ուժ չէր մնում հայհոյելու Սուբուչևին, Գուգոյին, օղի հնարողին ու ինձ: Կարծում էի կմեռնեմ, համոզված էի, չեմ դիմանա: Չմեռա, դիմացա, բայց Գուգոյի արաղի հոտը մինչև հիմա քթումս է:

Մնացած ժամանակ Սուբուչևն անհետաքրքիր, կարգին գերի մարդ էր՝ միշտ թթված: Ողջ գիշերը մի պահակակետից մյուսն էր աճապարում, թեպետ չար չէր, բայց սիրում էր ենթականերին հայհոյել:

Մինինը՝ ազգությամբ հրեա, գոհանում էր հեռախոսազանգով: Գուշակել, թե երբ կզանգի, հնարավոր չէր: Որոշակի կարգ, ըստ իս, չկար, և միտումնավոր էր այդպես վարվում: Մեկ էլ տեսար հերթափոխը հազիվ ընդունած՝ զը՜նգ…

-Պահեստներն ստուգեցի՞ր:

-Այո, -ասում էի:

-Բոլո՞րը:

-Անխտիր:

-Կնիքները տեղու՞մ են:

-Ամեն բան կարգին է, ապահով եղեք:

-Նորից ստուգիր, -ու կախում էր:

Կարող էր ամբողջ երեք ժամ լռել, սակայն պահակակետը լքել ոչ ոք չէր համարձակվում, որովհետև ներել չուներ, իսկ մեկ-երկու դեպքը բավական էր, որպեսզի հեռացնեին: Նման պահերի բռնկվում էր՝ անցնելով ռուսերենի, որին ավելի վարժ էր տիրապետում, իսկ ընդհանրապես, բնավորությամբ խաղաղ, օրինավոր մարդ էր, սրտի փեղկերը՝ գոց:

Նորիկը տրամադրությամբ աշխատող էր: Եթե գործերը բարեհաջող էին ու վերադասից մարդ չկար, տասներկուսի-մեկի կողմերը հեռախոսահամարը թողնելով գլխավոր մուտքի պահակին՝ կգնար տուն: Չար լեզուներն ասում էին, թե բնակարանում հեռախոս չունի: Ես նրան զանգելու առիթ չունեցա, և հիմա՝ տարիներ անց չեմ ուզում վրաս մեղք վերցնել, մանավանդ ինձ համակրում էր, հաճախ ժամացանցն այնպես կազմում, որ առաջին վեց լավագույն ժամերը լինեմ կենտրոնական մուտքում, իսկ մեկին ուղարկում էր հանգստանալու: Ըստ կարգի, չորսի կողմերն ինձ արթնացնելով՝ պետք է ճափեր պահակակետ, բայց նա հաջորդիվ երեք ժամը «պահեստային» էր նշանակում՝ հնարավորություն տալով մինչև լուսաբաց քնել, թեև այդ նպատակի համար հատկացված սենյակում միշտ գաղջ օդ էր, անկողինն այնքան աղտոտ, որ գերադասում էինք հագուստով պառկել: Ինչ էր գտել իմ մեջ, չգիտեմ: Եվ, ընդհանրապես, մարդս կողքին կատարվող քիչ բան է ունակ բացել, մեկնել: Ինչպե՞ս, ինչու՞ հենց առաջին հանդիպումից այս մեկին սիրում ենք, ընդունում, մյուսին, ով ավելի տեսքով է, ուշագրավ, խելամիտ, մերժում: Անտես ի՞նչ ճառագայթներ են փոխանցվում մեկիցս մյուսին, արյան, մտածումի, կառույցի ի՞նչ չգիտակցած ընդհանրություն է:

Ծառայության չորրորդ պետին, օրինակ, որ դարձյալ հայ էր, չէի հանդուրժում, նա՝ ինձ, միայն տարբերությամբ, որ ես թաքցնում էի, դաստիարակությունս թույլ չէր տալիս բնազդական հակակրանքս ի ցույց հանել, ինքը՝ ամենևին: Ամեն կերպ աշխատում էր կծոտել. ուշ էր ուղարկում քնելու, ժամը չլրած արթնացնում, տեղի-անտեղի դժգոհում:

-Հիմա առանց փողի ոչ ոք չի ընդունվում, -մնում-մնում կրակում էր:

-Հիմիկվա բարձրագույնավարտները՝ պատը քեզ օրինակ, -սա էլ իբրև սոխեռած էր հավելում կարծիքին:

Թե ուշադրության չարժանացնելով՝ չէի ընդունում մարտահրավերը, ավելի էր փրփրում: Հրանոթի փողն ուղղելով իմ կողմը՝ վառում էր պատրույգը.

-Ինձ մի աչքով ես նայու՞մ, գիտե՞ս ժամանակին ի՜նչ արվեստագետ էի:

Իսկ զինվորական նվագախմբում ընդամենը փողհար էր եղել: Թե ինչու էր հոգիս ոտնատակ առնելու անհագուրդ պահանջ զգում, էլի չեմ հասկանում: Թերևս, նախանձից, թեև, որքան գիտեմ, առիթ չէի տվել:

-Եթե ոսկե ձկնիկը խոստանար ձեր ցանկությունը կատարել, ի՞նչ կկամենայիք, -մի անգամ հարցրի:

-Փող, -վայրկյան իսկ չհապաղելով՝ պատասխանեց:

-Է՞լ, -շարունակեցի:

-Առողջություն:

-Ուրի՞շ:

-Էլի փող: Հարստության դեպքում մյուսներն իրենք իրենց կլինեն:

Համառեցի: Զարմացած՝ խեթ նայեց: Հավանաբար վատ հոտ առավ՝ կարծելով անվտանգության ծառայության գործակալ եմ ու, քանի որ բնածին զգուշավոր էր, խուսանավեց.

-Խաղաղություն:

Ներսումս փռթկացի:

-Ես Մասիսը կուզեի, կորցրածս հայրենիքը, -ասացի:

-Չեմ հավատում, -քամահրանքով ծամածռվեց:

-Ինչու՞, -վիրավորվեցի:

-Ըտենց: Խոսք է, ասում ես:

Հետագայում նույն հարցը շատերին տվի ու գրեթե բոլորից նմանակ պատասխան ստացա, միայն թե մարմնով տկարները պահի տակ առաջին հերթին առողջություն էին կամենում, փառքի ծարավները՝ հանրային ճանաչում ու այդակարգ բաներ: Ոչ մեկի լեզվին չէր գալիս հայրենիք բառը, ուստի խորհում էի, որ նրանց մտքում, երազներում, ուղեղի թաքստարաններում, արյան սպիտակ և կարմիր գնդիկների ճողփյունում ևս այն չկա, այլապես արևերես կելներ, և տխրում էի դրանից, մաղձոտում, հուսալքվում, իսկ շուրթերիս ակամա վաղամեռ պոետի տողն էր ելք փնտրում՝ «Տուր ինձի, Տեր, ուրախությունն անանձնական»: Լինում էր պահ, կասկածն ուտում էր, և շատ տալ-առնելուց հետո ճշմարիտն իրենց էի դուրս բերում, ինձ՝ գրքերով սնված մարդ, ասելիքս կանխավ իմացող ընդամենը:

Ճշտելու մտադրանքով դիմացի խանութի պահակին, ով մենությունից ձանձիր՝ տամայի տախտակն անութի տակ ամռան տաք օրերին գալիս էր մեզ հետ ժամանակ մեռցնելու և հողին ամուր կառչած, պարզկենցաղ մարդ էր, այն քչերից, ում ներկայությամբ բացվել եմ, սրտումս կուտակը մասամբ խոստովանել, հարցնում էի.

-Քեռի Ավետիս, եթե ասեն՝ մի զոհ է պետք, և Արևմտյան Հայաստանը ձեզ կտանք, կզոհվե՞ս:

-Չէ, -աչքը տամայի դաշտին՝ անխռով պատասխանում էր:

-Ես կզոհվեմ:

-էրեխա չունիս, դրա համար պոռո-պոռո կխոսաս:

-Երեխայիս էլ կզոհեմ, -բորբոքվում էի:

-Այ ձագ, դարտակ բաներով քու միտք մի տանջա: Էդ ճամփով հողի հարց ոչ լուծվել է, ոչ կլուծվի, -ու քարն առաջ էր մղում:

Մատներն այնքան խոշոր, մսուտ-մկանուտ էին, որ քարը դժվարանում էր բռնել ու ձեռքի հետ մյուսներն էլ էր տեղաշարժում: Ուղղում էի, պատասխան քայլն անելուց հետո դառնում նույն խոսակցությանը.

-Եթե ես չզոհվեմ, դու չզոհվես, ես չմտածեմ, դու չմտածես, բա վե՞րջը:

-Լավ տունուտեղ դի, հայ էրեխեք ունեցի, ջոջցու, ըհըն քզի հայրենասիրություն: Հետո՝ մարդ էղի:

-Ամեն մարդ իրենը լինելուց առաջ ազգինն է և իրավունք չունի միայն իր մասին մտածելու:

-Խաղդ խաղա, -պաղ ջուր էր լցնում ոգևորությանս:

Մինչդեռ ես սրտանց էի ասում ու հիմա ևս վայրկյան չեմ կասկածում, որ այդ կերպ կվարվեմ, չնայած այն էլ գիտեմ, որ վճռական պահին, հնարավոր է, արյունս վախ առնի, ու մարմինս չենթարկվի մտքիս, իսկ մեկ ուրիշը, ով լռել ու իր սիրո մասին բարձրագոչ չի արտահայտվել, ավելի քաջակորով գտնվի՝ պատրաստ զոհվելու, պատրաստ մարտնչելու, եթե տեղը գա, ժամը գա: Ավետիս քեռին այդպիսի մարդ էր՝ պարապ խոսքի ականջ չպահող:

***

Տնօրենի տեղակալի քարտուղարուհին տանը մնացած աղջիկ էր՝ երեսունհինգին մոտ, ոտնաթաթերից կուրծքը ներառյալ՝ արտակարգ գեղեցիկ, սրտագրավ՝ ըստ իս: Մնացած՝ դեպի վերև հատվածը հեչ բան էր: Մյուսները ևս, երևի, նույն կարծիքին էին, որովհետև տեսնում էի, շատերի հայացքն էր թիկունքից կախ գնում՝ անգամ դռան ծածկվելուց հետո: Չսիրված էր՝ փշոտ լեզվի պատճառով: Ետքից բամբասում էին, դեմից՝ նույնպես, իսկ չարության պատճառն այն էր, որ միայնակ, անտեր, նաև քարտուղարուհի լինելը նկատի ունենալով՝ շատերն էին ծոցը մտնելու առաջարկ արել և մերժվել: Այլ զենքից զուրկ՝ աջ ու ձախ շշպռում էր, տղայավարի պատասխանում, ու որձերը, որպեսզի իրենց ու մյուսների աչքին փորձառու, կյանք տեսած, ինչ իմանամ ինչ-ինչ գեղուհիների վայելած ներկայանան, շարունակում էին քրքրել հոգին.

-Դաբաղած կաշին ինչու՞ ես պահում:

-Աշխարհում ես ու դու որ մնանք, ի՞նչ սև կապեմ:

-Զարիկը՝ փոստատան թանաքամանը քեզ օրինակ:

-Բոչկան Զարիկի համար նույնն է, ինչ լոտոյի քարը:

-Բարձը բերնին դնես, նոր…

Եվ նման զարհուրելի, ստոր, գռեհիկ կատակներ: Կնիկների ծոցը քնած օրը դեմքերից գոհությունը կաթեցնելով էին ծաղրում, առնացիությամբ չփայլած ժամանակ՝ խոսքին ժահր շաղախած: Իսկ ինքը, վկա Աստված, լավն էր՝ խորունկ-խորունկ հոգով: Մեղքում էի, ինքն էլ՝ ինձ, որովհետև, -ասում էր, -մյուսների նման չես, որովհետև, -ասում էր, -եթե ինձ նմանի հետ խոսքուզրույցի ես բռնվում, որձությունդ մի կողմ դրած՝ մարդուն տեսնում, ուրեմն՝ ուրիշ տեսակ ես, իսկ ուրիշ տեսակին, -ասում էր, -ով հասնում, աքացի է տալիս՝ դեմից, թիկունքից, թաքուն, աչքերին նայելով, մյուսի կոշիկը փոխ առած: Եթե ասեմ՝ սիրահարվել էի՝ չէ, անտարբեր ասեմ, դարձյալ չէ: Խառնակ զգացում էր՝ նայած տրամադրության: Չարանում էի, որ տգեղ դեմք ունի, կոպիտ մաշկ, որ բոլորին իր առաջ խոնարհեցնելու ունակ չէ, որ բնությունը մարմինը կերտելիս ոտքերից սկսելով՝ պարանոցի մոտ սպառել է իրեն: Ի՞նչ իմանամ:

Հերթապահությանս օրերը գիտեր: Գալիս էր, ոտքը կախ գցում, ու զրուցում էինք: Առաջին ամիսներին ուզում էի աչքին փորձված երևալ. ամաչում էի: Հետո տեսա, անմեղությունս ծաղրի նյութ չի շինում, կամաց-կամաց՝ ինչպես քրոջ, հարազատի, շատ մոտիկ մեկի առաջ, բացեցի հոգիս: Մեկս մյուսի կարիք զգում էինք, միմյանց զգում էինք: Արվեստից, գրքերից, Հոլիվուդի աստղերից ու Նոբելյան մրցանակի արժանացածներից չէինք խոսում՝ պահելով մարդու գնահատության ուրիշ չափանիշներ ունեցող անձանց հետ կայանալիք խոսակցությունների համար ու զուտ կյանքին, մեզ առնչվող հարցեր էինք քննում:

Ինստիտուտի հյուրանոցատիպ շենքում էր կենում՝ մենակ: Քաղաքում բարեկամ էլ չուներ: Տեսնում էի՝ չի կամենում տուն գնալ՝ երկյուղելով մենակությունից, ճակատագրի հետ դեմառդեմ կանգից ու հա ձգում էր զրույցը՝ մի թեմայից անցնելով մյուսին: Հիմարություն էլ եմ դուրս տվել, նմանապես խելոք բաներ բարբառել, քանզի չցանկանալով հուսախաբել՝ միտքս լարում էի, չկամենալով կեղծել՝ արձակ-համարձակ խոսում էի: Ինքն առավել էր գրավված ինձնով: Մայրության հասնող սեր կար, որ քողարկելով ցույց չէր տալիս, բայց զգում, տեսնում էի. շարժումները, նայվածքն էին հուշում, շոկոլադի սալիկներն ու ընկույզի միջուկը, որ շուտ-շուտ բերում էր ու կեսից ավելին ինձ հրամցնում, կաշվե ձեռնոցները, որ ձմռանը նվիրեց, իսկ ես հաջորդ օրը կորցրի, մարմնի խաղն ու աչքերի փայլը, որ ճմլկոտելով, հորանջով թաքցնում էր, սակայն զուր, և էլի հազար ու մի նման բան:

Սակայն այդպես երկար չէր կարող շարունակվել: Ես կերել էի շոկոլադը, ընկույզի միջուկն ու ինձ պարտավորված էի զգում, տղամարդ էի ու ինձ պարտավորված էի զգում, բնավորությունս էլ՝ մի կողմից: Եվ մի օր բանթողից հետո ասացի.

-Ինձ քո սենյակը տար:

Ձայնս, ի զարմաս ինձ, մի տեսակ հնչեց: Ես գողության մեջ բռնվածի պես եղա, կրքոտեցի ու վախեցա:

-Ուզում եմ տեսնել, -նահանջի տեղ թողնելու, վախս ապահովագրելու նկատառումով՝ հավելեցի:

-Մնա ուրիշ անգամ: Հյուրասիրելու բան չունեմ:

Զարիկի ձայնը ևս այլ էր՝ պաղատագին:

-Թեյ, հո, կգտնվի՞:

Զգույշ, վախվորած, ամոթից մեկմեկու ու շուրջներս չնայելով, ուզելով ու չուզելով՝ գնացինք: Փոքրիկ սենյակ էր, անկյունում՝ խոհանոց, լողասենյակ՝ պետքարանը հետը: Զարիկն առաջարկում էր նստել, իսկ ես չէի կարողանում. գնում-գալիս էի, աչքս պատուհանից դուրս գցում, նայում պատն ի կախ ջրանկարին, որ պնակ էր, նուռ ու դանակ - երեքն էլ սիրուն, խոսուն: Նկարի կատարումը չեմ կարող որակել, բայց մարդը բան էր ասում և չափի զգացում կար: Հետո ես առանց խոսքի արձակելով վերնաշապկիս կոճակները՝ հանվեցի, մինչև գոտկատեղս մերկ՝ գնացի դեպի անջատիչը:

-Պետք չէ, -Զարիկը մոտենալով՝ վերստին վառեց լույսը:

Ձեռքս երկարեցի, և խավարը կրկին պարուրեց մեզ, ապա ազատ ձեռքով գրկեցի նրա մեջքը: Ինձ լրիվ կորցրել, դողդողում էի: Նա պատին հենված՝ նրբորեն խուսափում էր պարանոցը որոնող իմ շրթունքներից:

-Ես քեզ սիրում եմ, -շշնջացի, և պահի տակ հնչածն անկեղծ էր:

-Չէ, դու միայն հրապուրված ես: Հետո կամաչես այս օրվա համար, իսկ ես այդպես չեմ ուզում:

Նա նույնպես հուզված էր, սակայն կարողանում էր տիրապետել, և ուղեղիս ծայրածալքում առկայծում էր բամբասանքի արժեք ունեցող առօրյա խոհ՝ գեղեցիկ երիտասարդ է գտել, կամենում է շահավետ ամուսնության առաջարկ կորզել: Թքած, եթե մինչևիսկ այդպես է, -ջերմի մեջ աքացի տալով էժան-անարժան մտքին՝ վճռեցի՝ պատրաստ ամեն պատահարի: Փայտից սուր ևս կար ձեռքիս, որ ճոճում էի՝ չերկնչելով ոչնչից:

-Ես քեզ հետ կամուսնանամ, -հևքի մեջ խոստացա՝ փորձելով նրան անկողնու կողմը տանել:

-Իսկ ես՝ չէ: Մի արա, կնեղանամ:

Վճռականություն կար ձայնում: Նա իսկապես սրտմտել էր, և ես կանգ առա:

-Հագնվիր, կմրսես:

-Թող մրսեմ, թող մեռնեմ, -խռոված՝ երկարեցի մահճակալին:

Տղամարդկային արժանապատվությունս վիրավորված էր: Վատ էի զգում: Պահն անցել էր, և տխմարություն էին թվում բարձրաձայնածներս: Շան լափ կոչվածը մի քանի րոպեում գլխիս ածեցի: Դու, -խորհում էի, -տխուր մարդ ես ու դանդալոշի մեկը, և ի վիճակի չես ըմբռնել, թե այլոք ինչ են ասում, անում, ինչպես են սիրահետում, որ կանայք փեշերը քշտած վազում են: Միշտ այդպես կբախվես իրականությանն ու զարմացած, հիասթափված՝ չես կարողանա պարզել, թե ինչու ամեն բան այնպես չեղավ, ինչպես կինոնկարներում է, գրքերում, քեզ շրջապատող անձանց ամենօրյա պատմություններում: Կջանաս բացատրություն գտնել, սակայն կսխալվես: Տեսա՞ր, օրիորդ չէր, որ մտածեիր՝ կուսությունը կորցնելուց զգուշացավ, ամուսնացած, զավակների տեր չէր, որ արդարացում դառնար, թե հազար ու մի խառնակ զգացում է կաշկանդում: Եթե հետդ ամուսնանալ էր ցանկանում, ինքդ առաջարկեցիր, թե պարկեշտ-մարկեշտ է խաղում... Անհեթեթ է, հարկավ, այս կյանք, սեր անվանյալը. դու արյունով քեզ բոլորովին անծանոթ մեկին գգվել, փայփայել ես անձկում, իսկ նա ուրախանալու, զգացմունքներդ գոնե հարգելու փոխարեն կոպտում է, արհամարհում, վիրավորում, մինչևիսկ՝ ատում: Ո՞րն է քո մեղքը, այն, որ հպվել ես ցանկանում մազերի՞ն:

Զարիկի ձայնը չէր լսվում, անտեղյակ էի՝ ինչ բանի է: Ցանկում էի, որ մոտենա, սփոփի, սիրտս առնի, իսկ նա կյանքի նշաններ ցույց չէր տալիս, ու դրանից, միտքս, մարմինս պաղել էին: Աչքերս փակ, ականջս՝ ձայնի, սպասում էի, և հույսս Զարիկն էր: Եթե ինձ մնար, տխմարի պես հա՛ կպառկեի, ու շարունակությունը նույնքան տխուր, անբնական կլիներ, բայց նա նրբանկատ էր, հոգեբանություն գիտցող: Այդու, անփորձությամբ հանդերձ, պակաս նշանառուն ես չէի. եկավ՝ հուշիկ, հնազանդ, բարձրակրունկ կոշիկները պատի տակ թողած ու բոբիկ: Օդը տատանվեց, առավ դեմքիս, ռունգներիս, ու ես սրսփացի՝ աչքերս գոց սպասելով լինելիքին:

Մնացածը մանրամասն չեմ պատմի. կարիք չկա: Սխալ հասցեով չգնալու համր հուշման կարգով կասեմ միայն, որ այդպես պատահում է առաջին անգամ կնոջ հետ լինելիս, երբ շատ ես հուզված և կամ՝ երկարատև ընդմիջումից հետո: Պարծենալու հարկ չեմ զգում, թաքցնելու՝ առավել, քանզի բնականը դա է: Իսկ ամեն ճշմարիտ հիմքում ու մինչև վերջ ազնիվ է:

Մենք պատուհանը բացելու միջոց չէինք գտել, ու շոգ էր, լույսը վառելու միջոց չէին գտել, ու մութ էր, ես կրկին տղամարդ էի ինձ զգում, և որպեսզի փորիս տակ գոլած քրտինքի ճողփյունը չլսեմ, վերմակի դեր կատարող սավանը դարձրել էի միջնորմ երկուսիս՝ շարունակելով տարուբերել լռությունը:

-Քեզնից ծնված երեխան գեղեցիկ կլինի, -շշնջում էր՝ խավարում շոյելով մազերս:

-Եվ խելոք, -լրացնում էր՝ դեմքը հպելով կրծքիս:

Փաղաքշանքին անձնատուր՝ վայելում էի նաև խոսքի հաշիշը:

Այդ գիշեր ես Զարիկի հետ, Զարիկի կողքին լուսացրի: Մշեցի Ավետիսի խանութի լույսերը խաղում էին սենյակի պատերին, գոց փեղկերից մեզ էր հասնում բարդու խշշոցը, երբ դադար էինք առնում, աշխարհը կար, ու ես ապրում էի նրա բովանդակ գեղեցկությունը, թեև՝ քնատ, թեև՝ դադրած: Պատանի մարմնիս կուտակածը կուց-կուց մզվել, ցամքել էր, բայց ինձ առավել ուժեղ, վստահ էի զգում՝ կամենալով, որ գիշերը երկարի, թանձրուքը հոսի անվերջ, ու սիրուց մնչա Զարիկը: Մշուշվել էր ուղեղս, չեմ կարող ասել՝ ինչու: Առանձնապես մտածելս չէր գալիս, միայն հիշում եմ, հույզերի առատությունից բնապաշտական տրամադրություն էր իջել վրաս, ու քանի որ բանաստեղծելու շնորհք չունեի, շուրթերիս Մեծարենցի տողերն էին.

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին,

Հաշիշով օծուն և բալասանով...

Արտասանում էի, բայց դա քիչ էր, երգում էի, դարձյալ քիչ էր, ու մնացյալը մտքումս էի երգում, խոստովանեմ նաև, որոշ ամաչում էի ու ցավ զգում՝ մտաբերելով վաղամեռիկ քնարերգուի կենսագրությունը, ումին հողմավար նավակները ոչ ձյունանույշ պայիկները ետ դարձուցին, ոչ իրիկվան հովիկները:

Զարիկը քիչ ծիծաղում էր, շատ լալիս, ջանում էր համոզել, որ երկրորդ տղամարդն եմ իր կյանքում, եղբորից էր պատմում, նախկին ամուսնուց, իսկ ես արդարախոս լինեմ՝ չէի ցանկանում ունկնդրել, ձանձրանում էի, թեև ցույց չէի տալիս ու քաղաքավարությունից դրդված, աշխատում էի սփոփել: Նա կին էր, ընդմին՝ թույլ և, բնույթին հավատարիմ, վաշ-վիշն էր խառնել սիրո վայելքին: Տարիքն էլ՝ իր հերթին, հուզախռով վիճակը՝ նույնպես, իսկ ես՝ ես էլ պահի տակ իմ առանցքից դուրս սակավ բան տեսնող, տղամարդ լինելս գիտցող այր էի:

Այգաբաց չեղած, որպեսզի կողմնակի աչքեր չնկատեն, հեռացա: Տեսել էին, ու ամեն բան գեշ վերջացավ:

Ինձնից հետո կատարվածին անտեղյակ՝ սուլելով հասա կանգառ: Տրամվայ չկար, ու ես ծառին թիկն տված՝ կանգնեցի: Ցուրտ էր, մայթի երկայնքով ձգվող բարդիները սրսփում էին, ստվերները տարուբերվում ասֆալտին, թռչունները բացվող օրվա հետ սկսել էին ամենօրյա համերգը՝ տերևների, այդ առավոտ՝ նաև ինձ համար, և ուրիշ էր լուսաբացը, ու գույներն էին այլ՝ ինչպես մանկան նկարչատետրում, նմանապես չափածոն, որ ինքնաբերաբար ծնվեց.

Սերս սուսերն իր սրել,

Խրել է խոռոչդ խոր,

Եվ համակ վայելք դարձել...

Հետո օրորվելով եկավ տրամվայը: Նրա շորորը, զնգոցն ու թախկ-թիխկը ևս հաճելի էին, նույնպես և արջաքունը՝ հանրակացարանի մեր խոնավ սենյակում, որ մի ողջ ցերեկ ու գիշեր տևեց:

Երեք օր անց գործի գնացի: Հերթափոխն ընդունելիս, դրանից առաջ՝ ատրճանակի դիմաց մատյանում ստորագրելիս խոսակցության պատառիկներ հասան ակնաջիս. Զարիկի անունն էին տալիս: Ջանում էի կապ գտնել, ըմբռնել ինչն ինչոց է, չէր լինում: Մյուսները, երևում էր, մանրամասնորեն գիտեին, ու ոչ ոք եղելությունն սկզբից, ինչպես որ է, պատմելու հարկ չէր զգում: Ուշադրություն չգրավելու համար հարց չէի տալիս, թեև անորոշությունն սպանում էր, սիրտս՝ տագնապում: Կատարվածը, կարծես, այն գիշերվա հետ կապ ուներ, մանավանդ գլխավոր մուտքը ցերեկը հսկող կանայք մի տեսակ էին նայում, ասես ինչ-որ բանի սպասելիս լինեին, իսկ գանգրահեր Կորյունը, ով հետս չուներ Զարիկի «սիմպատիան» լինելուս համար, առանց պատճառի հռհռում էր՝ աշխարհից գոհ:

Հերթափոխի պետն այդ օրը Մինինն էր: Նա առաջին երեք ժամը հետնամուտքի մոտ նշանակեց: Անորոշության մեջ տապակվելով՝ մի ժամի չափ նստել էի, երբ ոտնաձայն առա: Նորիկն էր, ասաց, թե Մինինը վատ է զգացել և ինքն է փոխարինելու: Հետո հարցրեց՝ ի՞նչ կա-չկա: Կարեկցանքի պես բան զգացի հարցում և առաջին անգամ խնդրեցի հաջորդիվ երեք ժամը կենտրոնական մուտքում նշանակել: Չխոստացավ, բա՝ տեսնեմ: Ուզում էի մոտ լինել անցուդարձին, մտքիս կար, եթե հնարավոր լինի, մեկ-երկու րոպեով Զարիկի սենյակը ծլկել:

Նա ամեն բան իմ կամեցածի պես արեց, շնորհակալ եմ, ու տասներկուսի կողմերը գիտեի եղելությունը: Մշեցի Ավետիսին նմանապես երախտապարտ եմ: Տամայի տախտակը թևի տակ եկավ: Ինքը ևս խաղի տրամադիր չէր. ձևի համար շարեցինք, ու նա պատմեց, որ երեք օր առաջ մեկին տեսել են Զարիկի սենյակից ելնելիս: Հյուրանոց-հանրակացարանի պարետին են կանչել, մտել նրա սենյակը: Զարիկն սկզբում չի խոստովանել, հետո, երբ շատ են նեղել, նվաստացրել, ասել է, որ դա իր գիտենալու բանն է, ու մյուսները քթները թող ուրիշի անձնական գործերի մեջ չխոթեն: Բանն ապա զեկուցագրի է հասել, մտել արհկոմ և անճարին պատադրել են ազատման դիմում գրել: Դա էլ լավություն ենք անում, -վերջում ասել են: Երևի այդպես է, որովհետև եթե մարդս իր գլխի տերը չէ, ու նրա փոխարեն որոշում կայացնող, մտածող, արածն ու չարածը լավ ու վատ որակող, գնահատողներ կան, պիտի ամեն բան սպասել: Մատուցած ծառայություններդ կողմ դրած՝ կարող են դավաճանի խարան կպցնել, անբարոյական կոչել, քարկոծել, ոտնատակ առնել, եթե պետք լինի ու անհրաժեշտ, եթե ճահիճը շարժվի, ու հիդրան երկարի շոշափուկները, եթե ցցին կապած ամբողջ օր քնող գամփռ-կարծիքին, -ինչպես Կոստաս Վառնալիսի բերանով Սոկրատեսն է բարբառում, -փորձես դուրս բերել ընդարմությունից, քանդես շղթան:

Ավետիս քեռին պատմում էր, իսկ ես երևակայությանս զոռ տալով՝ շարում էի դեպքերն իրար ետևից ու տեսնում առավոտ կանուխ միջանցքում խմբված կանանց խառնամբոխը, բարոյականություն կոչվող բերդապարսպին տնկած ամբիոնից սերը քարկոծող արհկոմի անդեմ անդամներին ու նաև՝ հալածված, խուսափուկ հայացքը Զարիկի, բարձրացած ժխորն էի լսում ու նաև՝ հեծկլտոցը նրա: Պատմության երկրորդ մասն անսպասելի էր՝ գոնե ինձ համար: Զարիկը եղբոր հետ եղած-չեղածը բարձելով մեքենան՝ մեկնել էր, թե ուր, ոչ ոք չգիտեր:

Ներսումս դատարկության պես բան էի զգում, ցավ առնում, որ անորոշ տեղ էր, կար ու չկար: Ճմլվում էր ու ճմլվում, մզզում, նվում էր նա, որին հոգի են անվանում, սիրտ, որ ձախ անութի տակ է ու որի շնորհիվ մենք կանք՝ ուրախ, կյանքով լի, երբ առողջ է, անցավ ու անհոգ, և կիսամեռ ենք, երբ ջախջախված է, զարկված, անուժ՝ արյուն ճամփելու թուլությունից ծալվող մեր ծնկներին, դառնությունից լեղի թքող մեր լեզվին, թալկոցից երկատվող մեր ստամոքին: Պահվածքս հավանաբար սովորական չէր, որովհետև Ավետիս քեռին մնաց-մնաց հարցրեց.

-Տղա, կարծիք կա, որ Զարիկի մոտից կանուխ ելածը դու ես: Վայ թե ճիշտ են անաստվածները:

Առանց այդ էլ կախ գլուխս ավելի հակեցի, կոխեցի շեքիս արանքը՝ մնալով ծնկներս գրկած: Աչքերս թե բարձրացնեի, կտեսներ արտասուքներս: Պատն ի կախ լուսարձակից ճառագայթված-շաղված-դաղված թիթեռը, որ դանդաղաքայլ ուզում էր դուրս պրծնել ստվերիցս, ֆոկուսից ընկած նկար էր հիշեցնում՝ կոպերիս տակ լճացած արցունքի պատճառով, Զարիկը՝ լքված, մինակուկ, անբիծ ու այլևս՝ սիրուն:

-Մոռցի՛: Չեղնելու գործ գլուխ չի գա, -հորդորեց Ավետիս քեռին:

Սխալ չէր ասում: Ինձ գիտեր, կյանքը՝ նմանապես: Թե չէ ինչու՞ պիտի գլուխ չգար, եթե իմ տեղ ուրիշը լիներ, եթե չգոհանար դժգույն թիթեռը ներբանի տակ առնելով, ինչպես ոմանք՝ Զարիկին, եթե հերսը մնար ու չիջներ, սերը մնար ու չպարտակեր՝ անգամ մշեցի Ավետիսից: Կա՞ր, որ մնար: Թե լիներ, կգտներ նրան, հազար քարի տակից կգտներ նրան, կառներ գիրկն ու կասեր՝ Զարիկ, տեսա՞ր, հրապուրանք չէր, տեսա՞ր, չամաչեցի այն օրվա համար ու եկա, որպեսզի հոսի սիրո թանձրուքը, չլուծվի գիշերը, դադարի պահերին միայն լսելի լինի բարդու խշշոցը, իսկ թռչունների ծլվլոցը՝ այգաբացին, տերևների օրորը՝ ծափողջույն:

-Զենքը լավ կլինի չկապես, -գնալուց առաջ զգուշավոր խորհուրդ տվեց Ավետիս քեռին:

Շարունակեցի ոտքով թռցնել ասֆալտին չեղած քարերը:

-Տուր, առավոտը էլ ետ քեզ կտամ:

-Չի կարելի: Թե տեսան, գործից կհանեն, -չհասկանալու տալով՝անհոգ պատասխանեցի:

Ավետիսը սխալվում էր: Մտադիր չէի ինքնասպան լինել: Հրապուրանք էր ընդամենը՝ անցողիկ, ու ճիշտը դու էիր, Զարիկ: Ես ամաչում էի դեմքիդ տգեղության համար, մինչդեռ հոգու տխեղծությունն առավել ամոթալի է, ամաչում էի տարիքիդ համար, մինչդեռ պառաված մտքերն իմն էին: Գեղապաշտը դու էիր, ես՝ սովորական որձ, արմաղանը դու էիր, ես՝ անրաժան գգվանքիդ:

-Քեզնից ծնված երեխան գեղեցիկ կլինի, -ասում էիր՝ շոյելով մազերս:

-Եվ խելոք, -ասում էիր՝ դեմքդ հպելով կրծքիս:

Գոնե քո ուզածը լիներ, երանի հրայրքոտ այն օրը պտղավորվելու համար հանդիպած լինեն մեր սերմերը և գրկախառնված՝ ինչպես ես ու դու: Ինչպես ես ու դու: Ետ դառնալու, անցյալը քրքրելու քաջություն այսօր էլ չունեմ՝ նվաստս, հայացքս բարձրացնելու, մարդկանց մեջ քեզ որոնելու համարձակություն այսօր էլ չունեմ՝ հոգով ամայիս: Ճիշտ է, այն գիշեր առաջին անգամ քունս պահակակետում չտարավ, բայց հետո քեզ տասն ու շատ անգամ դավաճանեցի՝ մտքով, իրապես, զօրուն և Տիրոջ սքեմի տակ, չնայած պահեր եղան, որ նրանց անկիրք գրկում արյան եռք ապրելու համար էլի քեզ օգնության կանչեցի՝ մտաբերելով անկողինդ, հաշիշը խոսքերիդ, ջերմոցը մարմնիդ: Ու կրակվեցի, ու սսրփացի ու սարսռացի՝ ուրիշի համար, ավաղ:

Նորեն պատուհանը բացել

Մորմոքն առել եմ տուն,

Գոցեմ փեղկերը հոգուս

Եվ տրվեմ ցավին անքուն:

***

Քաղաքն իր ու ինձ համար կար, գոյություն ուներ, ես նրա համար՝ չգիտեմ: Մեծ, հզոր քաղաքը... Ասում էր՝ ապրիր, ապրում էի, հուպ էր տալիս կողերս՝ ճկվում էի, գույն տալիս, գույն առնում: Ներսից մասամբ էի հղկվել, դրսից՝ հիմնովին: Վարժվել էի սև սուրճին ու ձիթապտղին, ձկնկիթի համն էի տեսել, ձախլիկությունս անիծելով՝ընտելացել դանակն աջ ձեռքով, պատառաքաղը՝ ձախով բռնելուն, ծեծել-ծեծկվել էի: Փլուզվում ու փլուզվում էր կառույցս, երկրաչափական նվազող պրոգրեսիայի պես դաստիարակությունս զրոյին էր մերձենում՝ ջրի երես հանելով նախորդներիս կողմից դարեր ու դարեր մարմնի, հոգու խորք-խորխորատները քշված բնազդները՝ մութ, կենդանական:

Նեղ, անձուկ քաղաքը.... Ալիքվում, ճողփում էր ֆուտբոլի օրերին: Կարգի պահապանները՝ ինքնավստահ, շատությամբ ու համազգեստով՝ ուժեղ, խաղից մեկուկես-երկու ժամ առաջ շղթայում էին քարակոփ գողտրիկ շինությունը, իսկ ամբոխը՝ միս ու արյուն, մարզաթասից հորդող աղմուկից արբած, խաղը տեսնելու ցանկությունից խենթ՝ մղվում ու մղվում էր առաջ: Գլխավոր մուտքի մեծ սլաքը նյարդային շտապողականությմաբ մի խազից մյուսն էր ոստնում՝ դողը, հուզումը փոխանցելով խմբվածներին: Տոմս ունեցողներից ոմանք ներողամիտ, մյուսները՝ դժգոհ, դժկամ, նեղսիրտ, հրմշտում էին, ոտքի, ձեռքի, արմունկի տեղ բացում՝ ապերջանիկ ֆուտբոլասերների հաստաբեստ մսաշերտը ճեղքելով՝ առաջանում:

Պարսպի ու կարգի պահապանների շրջագծից ներս ընկնելը նպատակ էր, նպատակի «ա» կետը: Ստադիոնին մերձ մեկմեկու հենված հյուղակների բակ-պատշգամբներով սուրում-հասնում էի արգելապատի հյուսիսային թևը, ուր հսկիչներ ամեն քառասուն-հիսում մետրի վրա էին կանգնում: Հարմար պահ որսալով՝ ելնում էի պարսպին, այնտեղից թռչում ցած: Երկուսուկես մետրից ասֆալտին ցատկելը հեշտ չէր, բայց կանգնելու, ցավ զգալու ժամանակ չկար: Առավել դժվարը նպատակի «բ» կետն իրագործելն էր՝ կամարաձև մուտքերից ներս լցվող ֆուտբոլասերների հոսքին խառնվելը: Ո՞վ շուտ կկտրի տարածությունը, դու՞, թե թռչելդ նկատած ոստիկանը: Բանդ բուրդ է, եթե նրան միանան մոտերքում գտնվողները: Եթե ճարպիկ չեղար, կալմեջ կանեն: Կարևորը ճիշտ հաշվարկն է: Փոքրիկ սխալն իսկ բավական է, որպեսզի ռետինե դագանակի հարվածներ ստանալով՝ ճղմած ականջաբլթակով կրկին հայտնվես պարսպից դուրս: Այս ամենից զատ կար և գլխավոր՝ նպատակների նպատակը: Մտմտալու, ծանրութեթև անելու ժամանակ այս փուլում ևս չէր տրվում: Թե կանգնեցիր, մզմզացիր, գլխի կընկնեն անտոմս լինելդ: Անհրաժեշտ է վճռական տեսք ընդունած մոտենալ հսկիչին և մեկ ռուբլիանոցը թաքուն խոթել գրպանը, անտես՝ բուռը դնել: Իհարկե, հնարավոր է և չվերցնի: Այդ դեպքում աղմուկ կբարձրանա, քոթակելով դուրս կվռնդեն: Ես դա գիտեի: Դեռ հեռվից սևեռուն հետևում էի՝ որոշելով հսկչի տեսակը՝ բարի՞ է, չա՞ր, կուլ կգնա՞ դրամին, թե տեսակն այլ է: Եթե տվյալները չէին համապատասխանում, արտաքինը չէր տրամադրում կամ վճռականությունս չէր բավականացնում, անցնում էի հաջորդին, իբր, չեմ գտել հարկավոր մուտքը: Պատահում էր, երկու-երեք պտույտ էի կատարում մարզադաշտի շուրջը:

Վերջապես ներսում եմ: Բարձրանալով վերև՝ տեղ եմ գրավում ողորկ սյուների միջակայքում: Կանգնելը, կանաչ խաղադաշտում ծավալված պայքարին մոտ լինելն իսկ բերկրանք է: Ռիթմիկ ելնում-իջնում են արևածղկի սերմ չրթող ձեռքերը, ծխի երիզները, քուլաները մշուշի պես բռնում էին տրիբունաները, ու ես իննսուն րոպե սյունը գրկած ճոճվում էի հաճույքից: Բավականություն էի զգում նույնիսկ մերկապարանոց հայհոյանքներից ու բիրտ կատակներից, որ աջ ու ձախ առատորեն շաղում էին հանդիսականները, «Ավրորայի» դառը ծխից, որից դեղնում էին մատներս, ճռճռում թոքերս և խաղից՝ անգամ մերոնց պարտության դեպքում: Ուրի՜շ էին այդ րոպեները: Մարդիկ՝ զիջող, պատրաստակամ, սեղմվում էին, որպեսզի տեղ տան տոմս չունեցողին, ժպտում, քրքջում էին, որպեսզի Նոյի ժամանակների անեկդոտ պատմողը չնեղսրտի, ընդհանրապես, ատամ չէին կրճտացնում, աննբանկատ կատակին, սխալ հնչած խոսքին չարությամբ չէին անդրադարձում:

-Փոսը, փո՜սը, -խաղավարտից հետո գոչում էին նրանք՝ չլուսավորված ելքից շտապելով:

-Փո՜սը, -արձագանքում էին կամարները:

Բոլորն զգուշանում էին՝ խույս տալով երևակայական խանդակից, մտքներում շնորհակալ լինում հիշեցման համար՝ իմանալով հանդերձ, որ առջևում վտանգ չկա: Նրանք իննսուն ու ավելի րոպե միասին էին եղել՝ սրտերի նույն զարկով, թոքերի նույնանման շնչով, ապրել, զգացել էին մեկմեկու ու հիմա՝ օտարացումից բաժանությունից առաջ, իրենք իրենց հետ ու մենակ մնալուց առաջ պատշաճության սահմաններում հոտային, համայնքային հատկությունն էին դրսևորում և սերը՝ հանդեպ նմանին: Փոսը խորհրդանիշը, խտացումն էր ապրածի, օրերի՝ ընդհանրապես, որոնք դատարկ ու լի, տհաճ ու գողտրիկ, չնչին ու զորեղ, անհեթեթ ու խորիմաստ վայրկյաններից, ժամերից էին կազմված և գումարվելով, հյուսվելով, զոդվելով ու լուծվելով՝ դառնում էին տարի, մի ամբողջ կյանք: Թե հազար տարի առաջ այլոք ինչպես էին ապրել իրենց բաժին գարունն ու ամառը, ինչ կերպ էին կենում դիմացի սարից ու սարերից այն կողմ, ինչպես էին ապրելու հետո, կարևոր չէր, որովհետև Տերն ասել էր՝ սա է քո ժամանակը, վիճակախաղի քեզ հատկացված տոմսը, տապակը, որտեղ խորովվելու ես, ուստի գոհացիր եղածով, այլապես տապակից անդի, տապակից դուրս կրակ է, աշուն մի սարքիր օրդ, որովհետև այն ամենուր նույնն է:

Հետո քաղաքն ուրիշ մարզադաշտ կառուցեց՝ տարողունակ, վեհաշուք, տոմս գնելն այլևս խնդիր չէր. կարող էի խաղից ժամեր առաջ մտնել, կիզիչ արևի տակ նստած՝ հիանալ կանաչ, անթերի խաղադաշտով, վայելել կիրճի գեղեցկությունն ու մոտալուտ հաղթանակը, մտովի լավագույն հարձակվող կոչելով ինձ՝ լինել հողագնդի բոլոր ծագերում, աներեևակայելի գոլեր խփելով՝ հագուրդ տալ ֆուտբոլասերների կրքերին, բերելով հռչակ փխրուն երկրիս, փառամելիս բայց, միևնույն է, սարատակի քարակոփ շինության հմայքը, գույներն ուրիշ էին: Ուրի՜շ էին:

Պարիսպն այդ հատվածում անկյուն էր տալիս: Մերձակայքում ոչ ոք չկար: Հեռվում հսկիչները խումբ-խումբ զրուցում էին՝ միայն աչքի տակով հետևելով կարգին: Պահը հարմար էր, ու ես առանց երկար-բարակ խորհելու ցատկեցի: Դեռ օդում տեսա անկյունադարձի մոտ թաքնված ոստիկանին - ինձ էր սպասում: Հավանաբար հեռվից տեսել էր, նկատելը քիչ է՝ կարդացել էր մտքերս, հաշվել քայլերս և դարանած՝ աչք էր պահում: Ես կարկամեցի, իսկ նա մեկ-երկու րոպեի ընթացքում արդեն տասն անգամ մտովի զանցառուին բռնած լինելով՝ անշփոթ ոստյունով աքցանեց թևս:

-Գնացինք, -ու թեթևակի հրեց:

Գոհունակություն կար հայացքում. հուսախաբ չէի արել: Փորձեցի ազատվել: Մատներն ավելի ամուր ագուցվեցին փխրունոսկր դաստակիս: Հասկացա, որ այդ կերպ փրկվել հնարավոր չէ: Լավագույն միջոցն առայժմ հնազանդվելն էր: Ամաչում էի, մանավանդ աչքի պոչով տեսնում էի մի քանիսի՝ մեզ հետևելը, ուստի ուշադրություն չգրավելու, ավելորդ քաշքշուկից խուսափելու համար լրիվ ենթարկվեցի: Պարզապես ջանալով ճիշտ գուշակել շարժման ուղղությունը՝ աշխատում էի հնարավորինս համընթաց քայլել, որպեսզի կողմնակի հայացքը խաբվի՝ կարծելով, թե ես ու կարգի պահապանը ծանոթ-բարեկամ ենք ու ինձ ոչ թե բռնել, ոչ թե կամքիս հակառակ տանում է, այլ սեփական ցանկությամբ եմ հետը ճամփա ելել, հաշտ-խաղաղ ինչ-որ տեղ ենք շտապում, ես՝ քաղաքացիական հագուստով, նա՝ համազգեստով: Համոզվելու նպատակով մի քանի անգամ հեռվից ուրիշի աչքով ինձ ու ոստիկանին նայեցի, տեսա՝ ոչինչ, մանրամասների մեջ չխորանալու դեպքում կարելի է և այդ կերպ՝ ջայլամավարի լուծել հարցերը: Թողած կարևորը՝ ու՞ր է տանում, ի՞նչ պետք է ասեմ, ինչպե՞ս արդարանամ, ընկել էի տխմար, անպիտո մանրուքների ետքից: Գործնական մարդը, համոզված եմ, իմ պարագայում խնդիրն այլ տեսանկյունից քննելով՝ ելք կգտներ:

Ինչևէ: Նա ինձ տարավ մեկի մոտ, ով ավելի տարիքով էր, ի տարբերություն մյուսների՝ բարեկազմ, առանց ճարպի ավելցուկի: Ծառայական համազգեստը ձիգ նստում էր վրան: Այն օրերին զինվորական կոչումներից առանձնակի գլուխ չէի հանում և ամնենահարգին փոխգնդապետն էր: Գնահատության արժանին ոչ թե բուն կոչումն էր, այլ բառը՝ փոխգնդապետ, որ թմբուկի զարկեր էր հիշեցնում՝ խրոխտ, առնական: Մանկուց սիրում էի բառը, պարտիզանական կյանքի մասին պատմող անկապ գրքերում էլ, հո, առատորեն սփռված է: Ուրիշները, չգիտեմ ինչպես, բայց ես նախընտրելի բառեր ունեմ, ինչպես, ասենք՝ «մտրուկ», «հուշիկ», «գայթել», «սոսափյուն» …, որոնք արյունակից հոմանշներից ջոկվում, առաձնանում են բույրով, համով, գույնով: Մարդկանց համար նման դեպքում ասում են՝ աստղով: Երևույթը գուցե մեկնություն ունի, գուցեև զուտ ենթակայական զգացողություն է, համենայնդեպս, դրանք իմն են. մեծ մասին ծանոթ եմ փոքրուց, բառարաններից, մյուսների հետ էլ մտերմանալու, ողջագուրվելու առիթ կունենամ: Նրանք առայժմ անկախ, ինձնից դուրս ապրում են, ինչպես մարդիկ, որոնց կյանքը դեռ մեր դեմ հանելու է, ինչպես այն օրը, երբ ինձ ու ինձ որոշեցի, որ սև «Վոլգա-24» -ի կողքին ճեմողը փոխգնդապետ է, միայն ու միայն փոխգնդապետ, թեև երբ նրա մասին պատմեցի ծանոթներիս, ասացին՝ առնվազն գեներալ եղած կլինի: Եվ լուրջ՝ փաստարկելով ասացին:

Ոստիկանը մեկ նախադասությամբ զեկուցեց, թե կոնկրետ ինչ՝ հիմա դժվարանում եմ հիշել: Կարևոր էլ չէ: Միայն «բերման ենթարկել» կապակցությունն եմ մտապահել, և ես, դարձյալ հիմար բնավորությանս պատճառով, սկսեցի ուղեղի պոչով ծանրութեթև անել գտածոն՝ հիանալով մեր լեզվի ճկունությամբ: Ձեզ հետ չի՞ պատահել՝ լսում եք ու չեք լսում, կամ թե՝ ուղեղը բաժանում եք երկու, պատահում է նաև՝ չորս մասի, ու ամեն մեկն իր քեֆին, ինչ ցանկանում, մտմտում է: Ժողովուրդը, երևի, նման դեպքերի համար է ասույթել՝ մի ականջից մտնում է, մյուսով դուրս գալիս: «Զը՜նգ» դռան զնագը ղողանջում է չորս պատերի մեջ, քո գլխում, բայց լսողն ո՞վ է: Հիմնավոր բացատրանքից հետո հարցնում են՝ հասկացա՞ր: Գլխով հաստատում ես: Նա գնում է, իսկ դու՝ մնում շվարած. ներսումդ անապատ է, բառ իսկ չի մնացել: Դանակը ման ես գալիս՝ չկա, հետո, երբ այլևս պետք չէ, գտնում ձեռքումդ: Այ, նույնանման դրության մեջ էի:

-Ուսանո՞ղ ես, -հարցրեց փոխգնդապետը, պատասխանին չսպասելով՝ դարձավ ենթակային: -Կարող ես գնալ:

Ես դժգոհություն տեսա՝ հասցեագրված աշխատակցին, մասամբ նաև՝ ինձ, քանզի հնչերանգը հուշում էր, որ հարցը մեկ անգամ չի տալիս: Ընթացքում հեռախոսը զանգեց, ու նա կռանալով՝ վերցրեց ընկալուչը: Զարամացա. առաջին անգամ էի ավտոմեքենայում հեռախոս տեսնում: Ինչ-որ բան խոսելուց ետքը, երբ կոպերի տակով ինձ նայեց, ժպիտի պես բան որսացի:

-Ո՞ր կուրսում ես:

Պատասխանեցի:

-Հանրակացարանում ես ապրում, -մտահոգ ասաց, ու ես ապշեցի մարդկանց ճանաչելու նրա ունակության վրա: Հիմա լիներ, չէի զարմանա, որովհետև ուսանողին՝ այն էլ հանրակացարանում բնակվող, պահակությամբ գոյատևող, ճանաչելը դժվար չէր, առավել ևս՝ ներքին գործոց ոլորտի աշխատողի համար:

Նա հայացքը հառեց խմբված համզգեստավորներին, սահեցրեց հրապարակով. ինչ-ր բան էր մտորում: Թվաց, խոսելու պահանջ է զգում, բայց պաշտոնը, տարիքը, իմ լռակյացությունը, ժամանակի սղությունը, թե դարձյալ մի բան, խանգարում, կաշկանդում են: Թախիծ հայտնվեց դեմքին, կեցվածք, որ պաշտոնավար անձանց շրջանում ընդունված չէ. Հանրային վայրերում նրանք սովորաբար թաքնվում են գործնական մարդու դիմակի ետևում, եթե մինչևիսկ դույն պահին նվվում է հոգին:

-Որդուս ես հիշեցնում, - անսպասելի՝ անկեղծացավ:

Ծանրությունը մի ոտքիցս փոխադրեցի մյուսին. չգիտեի, ուրիշ ի՞նչ կարել է անել: Այդ պահին մեզ մոտեցան երկու բարձրաստիճան սպա: Փոխգնդապետը միանգամից փոխվելով՝ լրջացավ, ձգվեց, թուլությունը թաղելով ներսում՝ դաձավ պաշտոնյա: Եկվորները ձեռքերը քունքին տանելով՝ ողջունեցին, փոխգնդապետը մեկնելով ձեռքը՝ թեթևակի ժպտաց: Պաշտոնի բերումով նրանց միջև գոյություն ունեցող անջրպետը սեղմվեց, փոքրացավ: Եկվորներից մեկն այնքան ոգևորվեց, որ կարծելով վերադասի բարեկամն եմ, ինձ նույնպես ձեռքով բարևեց, ում ինքնաբերաբար և ուշացումով հետևեց մյուսը: Շփոթահար պատասխանելով ձեռքսեղմումներին՝ մեղավոր շուրջս նայեցի: Թյուրիմացությունը փոխգնդապետին խնդիրը լուծելու ելք հուշեց.

-Դարբինյան, բարեկամիս տար կառավարական օթյակ, -մտերմիկ կարգադրեց:

Այնքան հեշտ, բնական, հանդարտ ասաց, որ պահի տակ անգամ ես հավատացի: Մի քանի ճշմարտություն արժեցող սուտ էր: Ենթականերն առավել հարգալից ինձ նայեցին: Շփոթմունքս թաքցնելու միտումով լուրջ դեմք ընդունեցի, իսկ երբ եկավ հրաժեշտի պահը, այն աստիճան էի վարժվել դերիս, որ կարողացա շնորհակալախառն ժպիտով ցնոր տեսություն մաղթել փոխգնդապետիս:

Մենք կտրեցինք հրապարակը, անցանք մուտքը հսկող երկու ոստիկանի արանքով: Վերև տանող աստիճաններին ուղեգորգեր էին փռված: Անծանոթ միջավայրն ազդել սկսեց վրաս: Յուրաքանչյուր քայլի հետ հուզմունքը շատանում էր: Հետո սանդուղքը վերջացավ, և մենք հիրավի կառավարական օթյակ մտանք: Այնտեղ ոչ ոք չկար: Ես տեսա կիսալեցուն տրիբունաները, խաղադաշտը, և սիրտս մի փոքր տեղն ընկավ:

-Կնստես այստեղ, -երկրորդ շարքի նստատեղերից մեկը մատնացուցեց ոստիկանը: -Ընկեր…-ի /նա անուն-հայրանուն ասաց, որը ես նույն պահին մոռացա/ տեղն է:

-Եթե հարցնեն, կասես /Դարբինյան կոչվածը վերստին տվեց փոխգնդապետի անուն-հայրանունը/…-ի բարեկամն եմ:

Նա գնաց, ես զգույշ տեղավորվեցի: Հնար լիներ, կպառկեի հատակի գորգին, որպեսզի դիմացից չտեսնեին: Թվում էր, բոլորը օթյակին են սևեռվել: Ինձ պես երկչոտ, կյանքի վայելքները չճաշակած, փխրուն սրտի տեր անձի համար շատ, շատ-շատ էր տրվածը: Տասն անգամ ավելի լավ կզգայի, եթե հանդիսականին ինձնից բաժանող բազրիքից այն կողմ գտնվեի: Առաջին ցանկությունը, որ մենակ մնալուց հետո գլխումս ծնվեց, փախչելն էր: Ուրիշ ժամանակ քիվից կախվելով տրիբունա իջնելն առանձնակի դժվար բան չէր, բայց այժմ հազար աչք էր հետևում: Մնում էր եկած ճանապարհը: Ոտքի ելնելով՝ կիսաբաց դռնով զգուշորեն առաջացա: Սանդղահարթակից ձախ տրիբունաների տակ տանող աստիճաններ կային: Ներքևում՝ աջակողմյան թևի վրա հիմնական մուտքն էր: Ոստիկաններից մեկի թիկունքն էր նկատվում, մյուսի՝ ստվերը: Նրանց կողքով անցնելու համար համարձակությունս չէր հերիքի, բացի դա երկյուղում էի փոխգնդապետին նորից հանդիպել: Վճռեցի ձախակողմյանով իջնել: Թե նկատեն, կասեմ՝ պետքարանն եմ ման գալիս, -ճշտեցի ասելիքս: Մտադրանքս իրագործել չհաջողվեց, որովհետև ականջիս կանացն կոպիտ ձայներ հասան, միաժամանակ ավելի քստքստոց լսվեց: Ըստ երևույթին, ցածում իսկապես զուգարան կար: Դուրս գալիս ծածկել էի դուռը և երբ վախվորած վերադարձա, մի պահ երկմտեցի՝ չիմանալով սանդղահարթակի վրա բացվողներից որն է օթյակինը: Մեկը ճեղք արեցի: Աչքովս ընկավ օթոցը, կողքին սեղանիկը՝ վրան կոնյակ, հանքային ջրի շշեր, կոնֆետ, նարինջ, բյուրեղապակյա գավաթներ: Երկյուղած գոցեցի, ապա բացեցի կենտրոնի դուռը. օթյակինն էր:

Խաղին կես ժամ էր մնում, և ինձ գտնելու, ուշքի գալու ժամանակ դեռ կար: Դիմացի սարալանջին, որտեղից դաշտը՝ նայած որ կետից, կիսով չափ երևում էր, սկսել էր մարդ հավաքվել. Չտոմսավորներն էին: Ռադիոյի մեկնաբանն ամեն անգամ, երբ դաշտում լարվածությունը մեծանում էր, խանդավառ, գեղաշունչ նկարագրում էր լանջի գեղեցկությունը՝ հարկա առ ելվերող առանձնատներ, մեծիմասամբ սպիտակ տանիքներով, սաղարթախիտ արհեստածին անտառ, սուլոցով անցնող գնացք, ճամփեզրին խումբ-խումբ, տուֆքարե թասում՝ կուտակ-կուտակ, հուզումնեփ մարզասեր: Ափսո՜ս, հիմա այդպիսի մեկնաբաններ չկան:

Խաղից հինգ րոպե առաջ օթյակն սկսեց լցվել: Ես ձգվեցի, մեկ անգամ ևս ուղղելով փողկապս: Միայն մի քանիսն այտն ի վար նայեցին, մյուսները չնկատելու էին տալիս: Որքան հասկացա, ամեն մեկն իր տեղն ուներ, որովհետև առաջաշարքում երկու նստատեղ այդպես էլ ազատ մնաց: Ինձ հասակակից մեկը ևս կար, տարբերությամբ միայն, որ վստահ էր զգում: Ուշացածները ողջունելով՝ անաղմուկ գրավում էին իրենց տեղը: Մտքումս պատասխանում էի բարևին՝ աշխատելով ոչ մեկին չնայել: Եթե կամենայի էլ, չէի կարողանա - հոգեպես պարտված մարտիկ էի՝ ենթակա ամեն պահ մերկացվելու վտանգին: Չլիներ եղբորս խորհուրդը՝ ամեն օր սափրվելու մասին, չլինեին փողկապն ու վերնաշապիկը, որ այդ առավոտ էի արդուկել, հավանաբար բանը հարթ չընթանար:

Վերջապես ֆուտբոլային հիմնը հնչեց, ու ես թեթևացած շուրջս նայեցի: Տրիբունաները, միջակա աստիճանները, ինչպես միշտ, ծեփի պես բռնել էին հանդիսականները: Գրկվելու ազատ սյուն չէր մնացել նաև բոլորակն վերնահարթակում: Այսօրվա պես ականջումս է ետքի շարքից եկող փսփսոցը: Աչքի պոչով նայեցի: Երկուսն էլ տարիքն առած բարետես անձինք էին: Նրանց ֆուտբոլը չէր հետաքրքրում: Տասը րոպե կլիներ խոսում էին: Շշուկը, երևի, հասավ նաև առաջին շարքում նստածներին, որովհետև նստածներից մեկը շրջվելով՝ նայեց: Ինչպես դպրոցում, երբ ուսուցիչը հայացքով սաստում է վերջին շարքերում նստոտած չարաճճի տղաներին, օթյակում մեկից լռություն տիրեց, որը մինչև ընդմիջում չխախտվեց:

Օրվա խաղից ես բան չհասկացա, ինչպես անդրանիկ անգամ ստադիոն ոտք դնելիս, երբ ուշք ու միտքս մարդկանց կողմն էր, որ մեղրահացը ծայրեծայր բռնած մեղուներ էին հիշեցնում՝ շարժուն, տաք: Հազար բան էր անցնում մտքովս: Փոխգնդապետի արարքն էի վերլուծում՝ նրան առնչվող տարատեսակ պատմություններ հորինելով, կրկին հանդիպելու տարբերակ մշակում: Անգամ ընդմիջմանը, երբ օթյակում նստածների մեծ մասը գնաց, և մտովի նրանց տեսա կողասենյակում օթոցին ընկողմանած կոնյակ ըմպելիս, հիշողությանս դաշտում նա էր:

Տեսնում էի մեքենային մերձ տխուր ետառաջ ճեմելիս, միասին էի տեսնում՝ ինձ ու փոխգնդապետին. սլանում էինք Սևան տանող մայրուղով, երեկոյան վերադառնում տուն, ուր նրանից բացի ոչ ոք չէր ապրում: Փոխգնդաետն ասում էր՝ այսուհետ հանրակացարա չես գնա, բանակարանը քոնն է, ապա նա պատմում էր ավտովթարից մահացած կնոջ, տղայի մասին, ծնողական սիրուց էր խոսում, անամոք վշտից, անսահման մենությունից՝ առաջարկելով լցնել դատարկությունը, որ մնացել էր կորուստներից հետո: Ես նրան չէի մերժում, օգնում էի, որպեսզի իմաստ ստանա կյանքը, իր հերթին նա նեցուկ էր դառնում՝ բացելով իմ առաջ բոլոր դռները, և ես հաղթական մխրճվում էի հորձանուտը կյանքի՝ հաշվեհարդար տեսնելով կարիքի հետ: Այնչափ էի երևակայությանս զոռ տվել, որ երբ երկրորդ խաղակեսին օթյակը կրկին լցվեց, ուսերս շտկած էի նստել՝ հոգեպես հավասար զգալով մյուսներին, եթե ոչ ավելի:

Հետագայում երկար եմ խորհել փոխգնդապետի անձի շուրջ՝ միշտ հանգելով այն մտքին, որ նրան նման արարքի մղողը, հիրավի, վիշտն էր, չբուժվող վերքը, որը կարող է մարդուն և՛ չարացնել ու չորացնել և՛ թե նախանձոտ մեկի ներաշխարհը հիմնավեր փոխելով՝ դարձնել վեհանձն, լայնախոհ՝ ընդունակ հոգու ամենավեհ թռիչքների: Այլապես սոսկ նմանությունը բավակա՞ն էր ստահակ ուսանողի առաջ հոգու ծալքերը թեկուզև թեթևակի բացելու, այլապես նա վտանգի տակ կդնե՞ր իր հեղինակությունը: Հանկարծ ու ես օթյակում հիմար արարք թույլ տայի: Հնարավո՞ր էր. ինձ նման բնավորության տեր պատանուց՝ միանգամայն: Մյուս կողմից, եթե այդպես է, եթե ներքին զգացողությունս չի խաբում, խաղից հետո ինչու՞ չմոտեցավ: Գուցե շտապ գո՞րծ պատահեց, ու ե՞ս պիտի նրան փնտրեի: Թե՞ դարձյալ ամեն բան դարձյալ գրքային եմ տեսնում: Բայց օթյակը, հո, եղե՞լ է, իսկապես եղե՞լ է:

Կամենա Աստված, կյանքը մեզ վերստին հանդիպեցնի, կկարողանա՞մ, մեջս համարձակություն կգտնե՞մ տարիներ շարունակ մտատանջող հարցերի պատասխանն ստանալ: Ինչևիցե, իմ երբևէ ապրած ամենահուզումնալից օրերից մեկն էր այդ երեկոն, ինձ սակավ հանդիպած պատվական մարդկանցից էր փոխգնադապետը: Ի՜մ փոխգնդապետը…

***

Թոշակն ամիսը մեկ էին տալիս: Մանր-մունր պահումներից հետո երեսունի չափ մնում էր: Ստանում էինք, հինգ-վեց տղայով գնում Աշոտի վարձու խուցը: Մի լավ զուգարանի չափ տարածք էր, հավնոցի պես բան՝ ընդհանուր շինությունից առանձին, պատերը՝ թղթի հաստության, ներսից-դրսից սվաղած: Վառեիր՝ շոգ էր, անջատեիր՝ նույնն էր, ինչ դրսում: Ի սկզբանե խորդանոց էր եղել, որպեսզի տարածություն չխլի, կառուցել էին հողամասից դուրս: Խցին մերձենալու համար պիտի անցնեիր ցանկապատի և երկաթգծի միջև թողած արահետով: Ընդհանուր շինությունից առանձին լինելը և լավ էր, և վատ, քանզի ջրի ու պետքարանի համար ահագին պտույտ պետք է տայիր: Ցերեկները՝ ոչինչ. ընդհանուր աղմուկի մեջ դղիրդը մասամբ խլանում էր, գիշերը՝ գլուխդ առ, փախիր: Վարձու սենյակը դառնում էր կուպե, ռիթմիկ ցնցվում՝ դըխկ-դըրխկ, դըխկ-դրըխկ… Բուֆետից թռցրած անկանթ բաժակում սուրճ չէր մնում, մոխրամանի դեր կատարող պահածոյի թիթեղյա տուփում՝ մոխիր: Վերջին վագոնի անցնելուց հետո երկա՜ր ճուճվում, գնում-գալիս էր «երկար աղիք, պոչը՝ ծաղիկ» էլեկտրալարը, «թիխկ-թախկն» արձագանքվում լղարիկ պատերի ներսում ծրարված մի բուռ օդում: Առժամանակ անց խուցը խաղաղվում էր, իրերն օտարում էին հարկադրաբար ներակված լիցքը՝ խուփբերան սպասելով հաջորդ սուլոցին:

Գնացքներն անցնում-դառնում էին, իսկ մենք աղմուկին, ցրտին, կոկորդ քերող, աչք մրմռացնող ծխին անհաղորդ՝ խաղում էինք: Մեկ, մեկ, մեկ… բաժանում էի խաղաթղթերը, նույն արագությամբ լռության մեջ ևս երկու պտույտ կատարելով սեղանին՝ ավելցուկը դնում մի կողմ: Նյարդերից թույլն առաջին իսկ պտույտին ձեռքն էր առնում խաղաթուղթը, մյուսներն անտարբերության քողը դեմքերին՝ սպասում: Աշոտը բարձր խաղանիշ հավաքելու պարագայում կարմրում էր, ինչպես բլթբլթացող ջուրը լցրած կենդանի խեցգետինը՝ րոպեներ անց: Կարճ, ուժեղ մատներում չռված խաղաթղթերը թեթևակի դողում էին, վերին շրթունքի տիրույթում քրտինքի մանրիկ կաթիլներ գոյանում՝ ստիպելով ձեռքը հաճախակի թաշկինակին տանել: Սիրակը քթի տակ ժպտում էր՝ վաղօրոք գրպանում տեսնելով սեղանի կենտրոնում կիտած դրամը, Դերոն գունատվում՝լեզվով անընմեջ կծոտելով չորացող բարակ շուրթը, երբեմն բթամատն առնելով բերանը: Վաղոն զուսպ էր, փորձառու. «սեկան» նա բերեց մեր կուրս: Անտանելի դանդաղ՝ ձեռքը պարզում էր թղթերին, վերցնում, եզրը աննշան ետ տանելով՝ էլ ավելի դանդաղ նայում, ապա երկար-երկար ուղղում էր՝ վերջում անփութորեն շպրտելով սեղանին: Ողջ գործողության ընթացքում դեմքին մկան չէր շարժվում և չգիտեինք՝ մասնակցելու՞ է խաղին, թե՞ «փաս» գնաց: Գևորգը մի գլուխ տնքում էր՝ դժգոհելով բախտից, հաճախակի փոխելով տեղը: Խաղին մասնակցում էր միմիայն բարձր նիշ ունենալիս: Տղաները դա գիտեին և սովորաբար «բլեֆի» չէին գնում: Նեղսրտած հավաքում էր գրավագումարն ու, սեղանին թողնելու սովորություն չունենալով, իսկույն գրպանը խցկում՝ սպիտակը ջոկ, պղինձը՝ ջոկ, որպեսզի հետո մեկիկ-մեկիկ հանի: Նրա համար տարվելու թույլատելի սահմանը տասը ռուբլին էր, դրանից ավելի, դանակ դեմ անեիր, չէր խաղա: Ամենահամարձակն Արմանն էր՝ համառ, սակայն նյարդային: Ավելի հաճախ պարտված էր թողնում խուցը: Նրա դեմ խաղալը զգուշություն էր պահանջում. կարող էիր մինչև վերջին կոպեկը դատարկվել: Ես միջակ, անհավասարակշիռ խաղացող էի: Տարվելիս տրամադրությունս ընկնում էր, դառնում էի անհամարձակ: Նման դեպքերում շարունակ «փաս» էի գնում: Օր էր լինում, հակառակ, նույն այդ անհաջողությունից բորբոք՝ չարացած անցնում էի «բլեֆի», ինչը կարող էր նաև կործանարար լինել, եթե դիմացինս Վաղոն, Արմանը կամ Սիրակն էին: Իսկ սովորաբար խաղում էի՝ ելնելով ունեցածս միավորներից, խաղընկերներիս հոգեվիճակից: Մյուսները նույնպես, իհարկե, հոգեբանություն գիտեին, ու ես ջանում էի թաքցնել ապրումներս: Պատահում էր, կարդում էին մտքերս, լինում էին նաև թակարդը գերազանց լարելու դեպքեր: Խաղում իմ հակառակորդը, թշնամին գոբսեկ Վաղոն էր: Ով ուզում է շահեր, բայց ոչ նա, ում ուզում է տարվեի, սակայն ոչ նրան: Անսասան օրենք էինք սահմանել՝ խաղալ միայն թոշակի օրը: Մոլությանը չտրվելու նպատակով կանխարգելիչ այլ քայլեր էլ էինք ձեռնարկել՝ խաղի ընթացքում պարտք չտալ ոչ մեկին՝ ոչ մի կոպեկ, մեկ ռուբլուց ավելի գրավագումար չդնել, բացառյալ օրավարտի վերջին պտույտը, մինչև հատակը տարված-դատարկվածին մեկական ռուբլի զիջել՝ տուն հասնելու համար: Չվերցնելը բացառված էր:

Երկրորդ կուրսում մի շրջան իսկական խաղամոլից չէի տարբերվում: Թոշակին նախորդող վերջին մի քանի օրերին ու հետո սկսվում էր մղձավանջը: Քնել չէր լինում: Ողջ գիշեր խաղաթղթեր էի բաժանում՝ ինձ երեք զինվոր, Վաղոյին՝ տասնոցներ, կամ՝ երկուսիս էլ հավասար՝ երեսունմեկ միավոր: Տղաները մեկ-երկու շրջապտույտից հրաժարվում էին շարունակել՝ մարտադաշտում թողնելով երկուսիս: Վաղոյի նյարդերը չէին հերիքում, ուստի բացվում էր, հետո մյուսներն էին կրկնախաղին մասնակցելու իրավունք ստանալու համար թղթադրամի շեղջին գումար հավելում: Սեղանի շուրջ լարվածությունը հասնում էր, ինչպես մարզական մեկնաբաններն են սիրում կրկնել, գագաթակետին, բոլորը շունչերը պահած սպասում էին: Այս անգամ իմը երեք տուզ էր լինում, նրան՝ արքաներ… Այդպես՝ մինչև լուսաբաց, մինչև թոշակի օրն ու հետո:

Վաղոն վերջին շրջանում ընկերոջ հետ էր գալիս: Քաղաքի տղա էր՝ ընկած-ելած, բնավորությամբ վտանգավոր: Ժամանակին ցերեկայինում էր ուսանել, երկրորդ կուրսում, իբր, կռվել դասախոսներից մեկի հետ, մայր հայհոյել, ինչի պատճառով տարեվերջին դիտմամբ կտրել էին: Բանակում կես տարի չէր ծառայել. Մի ամիս անընդմեջ գիշերները թրջել էր տակը, բժշկական հանձնաժովին խաբելով՝ ազատվել: Ծանոթ, շատ անգամ լսված պատմություն էր, գլուխգովանների բերանի ծամոն, և ես չէի հավատում: Հորինովի էր նաև բանակից հետո գիշերայինում վերականգնվելու հեքիաթը, որովհետև ֆակուլտետը մեկ իրավաբանական էր ասում, մեկ՝ փիլիսոփայության: Հետն աչքով աչք չունեի, նախ որ՝ Վաղոյի ընկերն էր, հետո՝ շատ էր դատարկախոս: Տղաները նմանապես չէին համակրում, բայց նրանք, ի տարբերություն ինձ, կարողանում էին հետը զրուցել, կատակ անել, մինչդեռ ես խռովածի պես չնկատելու էի տալիս: Վաղոյի հետ միշտ զույգ էին կազմում: Խաղը իրավունք չի տալիս, բայց նրանք առանց խոսքի, աչք-ունքով մեկմեկու հասկանում էին: «Տաքացնելու» նպատակով մեկը փող էր գցում, մյուսն ընդունում մարտահրավերը: Զգուշանալով երկկողմանի կրակից՝ շատերը «փաս» էին գնում՝ մարտադաշտը թողնելով երկուսին, ապա մեկնումեմկը հրաժարվում էր խաղից, իսկ մյուսին մնում էր գրպանել կուտակ գումարը: Ամեն բան արվում էր թույլատրելիության սահմաններում, բայց, մեկ է, չարանում էի, քանզի իմ, տղաների թոշակը համբակին էր բաժին հասնում:

Այդ օրը ևս խաղը սովորական հունով էր ընթանում: Երեք-չորս ժամ կլիներ սեղանից չէինք կտրվել: Ծխախոտ միայն Վաղոյի մոտ էր մնացել: Չէր մերժում, բայց և ձեռքը չէր գնում տուփը սեղանին դնել: Ատամներս սեղմած նստել էի: Աշոտն ու Աևորգը ծխող չէին - նրանց համար միևնույն էր: Դերոն մեկը խնդրելուց հետո ամաչում էր երկրոդ անգամ դիմել, Արմանը՝ չէ.

-Գոբսեկ, սիգարեթ...

Վաղոն ձեռքը տանելով ծոցագրպանը՝ հենց այնտեղ բացում էր տուփի բերանն ու ծխախոտը մատների արանքում՝ մեկնում Արմանին: Վերջինս ծխում էր, հետո նորից՝

-Գոբսեկ, սիգարեթ...

Գործողությունը կրկնվում էր: Արմաը կամ չէր նկատում Վաղոյի տառապանքը կամ մտադիր էր այդ կերպ տակնուվրա անել գծուծին: Խաղավարտին սովորություն ունեինք բացառության կարգով գրավագումարը կրկնապատկել: Արմանն առաջարկեց երեք ռուբլով սկսել: Այդպես էլ արեցինք: Մոտս մնաց չորս ռուբլի. ամենաշատը կարող էի առաջին պտույտին բացվել: Եթե նույնիսկ երեք մեկնոց ունենայի, հետագայում չէի կարողանա խաղը շարունակել:

Աշոտը կարմրատակած՝ առաջինը դրեց երեք ռուբլին: Հերթը Վաղոյի ընկեր Սեգեյինն էր: Նա ևս մտավ խաղի մեջ: Դերենիկը սկզբից ևեթ բացել էր խաղաթղթերը. բոլորովին տարբեր քարեր էին: Արմանը միավոր չունենալու դեպքում անգամ նման հնարավորություն ձեռքից բաց չէր թողնի: Նա ևս երեք ռուբլի դրեց: Գևորգը, ինչպես միշտ, տնքում էր: Նա, ի վերջո, «փաս» կանգնեց: Վաղոն վերջին պահին աչքի ծայրով նայելով թղթերը՝ միացավ խաղին: Սիրակը չէր եկել: Մնացի ես: Քսան միավորը դատարկ բան մեծաթիվ խաղացողների պարագայում, բայց գումարը գայթակղիչ էր, խաղի ավարտը, ուստի բացառված չէր, որ բոլորն էին «բլեֆի» գնացել: Մի պահ որոշեցի դնել երեքանոցն ու բացվել՝ լինելով շրջապտույտի վերջին մասնակիցը, սակայն հայացքս առավ Արմանին: Նա գլխով աննկատ բացասական շարժում արեց: Չհասկացա՝ միավոր չունի և ցանկանում է, որպեսզի գոնե ե՞ս շարունակեմ, թե երեք տուզ կամ նման բան է ձեռքին, ուստի չի կամենում խաղը կարճեմ: Պահվածքից վերջինը ճշմարտանման էր, և ես հրաժարվեցի:

-Ինչքա՞ն էր, -ձգվեց Գևորգը:

Ծալեցի խաղաթղթերը:

-Հետո կասեմ, -որպեսզի չնեղանա, արդարացա:

Երկրորդ պտույտին ևս չորսից ոչ մեկը չբացվեց: Աշոտի ոտքը սեղանի տակ զգալի դողում էր. ձեռքին անպայման բարձր միավորներ էին, հնարավոր է, երեք մեկնոց, այլապես չէր շարունակի: Սերգեյն անհանգիստ՝ տեղում չէր մնում: Քսանմեկ, քսաներոկու միավորից բարձր հազիվ թե ունենար: Նրա հույսն ակնհայտորեն Վաղոն էր: Արմանի շրթունքերը ձգվել էին, դանակի շեղբի պես բարակել: Երկրորդ պտույտին գրեթե համոզված էի, որ «բլեֆ» է անում և վառվելու դեպքում ինձ պես տուն կգնա անթոշակ: Վաղոն դիմակավորվել էր: Գրավված խաղով՝ Գևորգն այլևս չէր տնքում: Երրորդ պտույտին Աշոտը ծոցագրպանից հանելով անձնագիրը՝ կաշվե կազմի արանքից քսանհինգանոց հանեց. հոգեպահուստն էր, հավանաբար՝ տան վարձը: Առնվազն երեք արքա ունի, -խորհեցի: Այնուհետ սեղանի շուրջ դեպքերն անկանխատեսելի շրջադարձով ընթացան: Սերգեյը Վաղոյից ծխախոտ վերցնելով՝ սեղանի վրայով ձգվեց և, իբր վառում է, աչքը գողունի գցեց նրա թղթերին: Ճշտում էր՝ իմաստ ունի՞խաղը շարունակելը: Տարվելու դեպքում կորուստը գոնե երկուստեք չէր լինի: Նրա արածը, ըստ էության, մեծ հնացանք չէր, ուրիշ մեկը ձայն չէր հանի, մանավանդ խաղի անմիջական մասնակից չէր, բայց ես բորբոքվեցի, երբ «փաս» գնաց:

-Այս խաղը հաշիվ չէ, պիտի խառնել:

Բոլորը հանկարծակիի եկան:

-Քո ի՞նչ գործն է, -չար նկատեց Սերգեյը:

-Կարծում ես չտեսա՞: Ինչու՞ նայեցիր Վաղոյի թղթերը:

-Ղզիկ բան ես, հա՜, -արհամարհանքով նետելով՝ դարձավ Վաղոյին՝ -Ոչ մի խառնել, խաղա՛:

Չհասկացա, ինչ կատարվեց հետս: Պատճառը, հավանաբար «ղզիկ» բառն էր, որ խենթացրեց: Գուցե ճշմարտություն կար ասածում, այլապես այդչափ չվիրավորվեի: Տղայոց ներկայությունը ևս դեր խաղաց: Գետնից կտրելով սեղանը՝ ողջ ուժով հրեցի նրա կողմը.

-Մամայիդ…

Նա չհասցրեց դիմադարձել, որովհետև հաջորդ վայրկյանին ճանկելով մոխրամանը՝ շպրտեցի վրան: Նույն պահին Արմանը կողքից հասցրեց բերանին: Ես ևս վրա տվի: Կծկվելով պահարանի անկյունում՝ նա բնազդորեն գլուխն առավ ափերի մեջ: Խփում էինք ես ու Արմանը: Վաղոն, Աշոտը քաշքշում էին՝ ջանալով բաժանել:

-Լավ, հերիք է, -լսեցի Արմանի ձայնը:

Դադար տվեցի: Գևորգն ինձ մի կողմ տարավ: Շունչս չէր բավականացնում:

-Չփոշմանեք, -Սերգեյն ուղղվեց դռան կողմը:

Հասցրի նայել՝ դեմքին կապտուկ չկար, ավելի շատ քնից նոր արթնացածի և դեռ չլվացվածի տեսք ուներ: Հարվածները հիմնականում առել էին գլխին, ձեռքերին:

-Գնա, քո…-ես հայհոյեցի, սակայն կռվի ցանկություն այլևս չկար:

-Վզներդ մեկ-մեկ պոկելու եմ, -նա մատով կիսաշրջան գծեց օդում՝ ընդգրկելով բոլորիս:

Ձգվեցի դեպի դուռը, Գևորգը կառչեց ուսերիցս:

-Սերգո, ես էլ եմ գալիս, կանգնի՛ր, -կանչեց Վաղոն, հետո խոսքը մեզ ուղղեց: -Վաղը տղերքին կհավքի, տեսնեմ ի՞նչ եք անելու, հինգով մեկի վրա կթափվե՞ն:

Նա գնաց: Դրսից մեկ անգամ ևս լսվեց ընկերոջը կանչող ձայնը: Աշոտը, Դերոն, Գևորգը լռության մեջ ուղղելով սեղանը՝ հավաքեցին թափված խաղաթղթերը, թղթադրամն ու կոպեկները: Անկողնու ծածկոցն ամբողջովին մոխիր էր: Ուշադրությունս գրավեց բավական տանելի մի ծխուկ: Ես այն վերցրի, սակայն լուցկի չգնվեց: Աշոտը մատնացույց արեց էլեկտրասալիկը: Ինձ հետևելով՝ Արմանը ևս սկսեց ծխուկ փնտրել: Ընթացքում Աշոտն ու դերենիկը չորս ծայրից բռնած՝ ծածկոցը դուրս տարան:

-Փողե՞րն ինչ ենք անելու:

Ուսերս թոթվեցի:

-Թող մնա քեզ, -առաջարկեց Արմանը:

-Ինչի՞ս է պետք, -զգուշացավ Աշոտը:

-Տուրուդմփոցի առթիվ բերեք վաղը մի լավ քեֆ անենք:

Գևորգի խորհուրդը խելամիտ թվաց. այսուայն կողմից հավանություն տվեցին:

-Որ քթներիցս չգա, լա՞վ է, -երկիմաստ ակնարկեց Արմանը:

Վախի պես բան զգացի: Ինձնից բացի երևի բոլորը նրա խոսքը իբրև կատակ ընկալեցին: Արմանը գինովությունը թողածի պես էր, ես՝ ևս:

-Քեզ մոտ ի՞նչ թղթեր էին, -հարցրի:

Արմանը, կարծես, չհասկացավ, թե՞ տրամադիր չէր խոսելու:

- «Բլե՞ֆ» էիր անում, -համառեցի:

-Ջոկերով էի՝ քսաներկու: Քոնն ինչքա՞ն էր, -նա դարձավ Աշոտին:

-Երեք աղջիկ, չթողիք, էլի, կարգին խաղայինք: Իմն էր լինելու:

-Ծըը՜, -ծպպացրեց Գևորգը, -Վաղոյինը քոնից բարձր էր:

-Ի՞նչ գիտես, -բռնկվեց Աշոտը:

-Հրես, լուսամուտի գոգին է, -փոքր ինչ վիրավորված՝ նա սեղանին ծեթեց թղթերը:

-Սպասեք գոնե տեսնեմ, փողն ինչքան է, -Աշոտն սկսեց արագ-արագ հաշվել՝ միայն թղթադրամները: -Երեսունյոթ ռուբլի:

Ոչ մի զգացում չունեցա, նույնն էր, թե ասեին՝ երսունյոթ կոպեկ:

Ուշ էր, և մենք երկար քայլեցինք փողոցով: Դերոն ու Գևորգը ոգևորված պատմում էին կռվի մանրամասները՝ մտաբերելով մոխրամանը շպրտելս, Արմանի ցատկն ու դիպուկ հարվածը, Սերգեյի՝ անկյունում անպաշտպան կուչ գալը և, համեմատելով «Երեք հրացանակրի», արկածային այլևայլ կինոնկարներ հետ, պատահարը գտնում արժանի Փարիզի հետնախորշերին և Դյումայի գրչին:

-Վաղն աշխատեք միասին լինել: Սերգեյն իրոք մարդ կբերի, -բաժանվելիս զգուշացրեց Արմանը:

-Կուրսում երեսուն տղա ենք, ի՞նչ կարան, ինչ անեն, -մեծամտեց Դերոն:

-Վաղոյին հաշվեցի՞ր, -քմծիծաղ տվի:

-Որտեղի՞ց գտավ տականքին…

Տականքը Սերգեյն էր: Գևորգը ձայն չհանեց Իրադարձությունները նրան ընդամենը թեթևակի քսվել էին, ուստի խորքից չէր ապրում կատարվածը: Հետո Արմանը նրանցից ներողություն խնդրելով՝ ինձ մի կողմ տարավ.

-Եթե վաղը դասի չգաս, ճիշտ կանես:

-Բա դու՞:

Աչքով արեց.

-Ամեն բան լավ կլինի, չմտածես:

Գիշերը երկար շուռումուռ եկա անկողնում և միայն լուսադեմին քնեցի: Արթնացա տասներկուսին: Դասերը պրծնելու վրա էին, երբ համալսարան հասա: Առաջինը Սիրակին հանդիպեցի - բուֆետում սրճում էր:

-Արա՞, էդ ինչ եք արել:

Զարմանալի դիմագծեր ուներ: Ծիծաղելիս մաշկը քշտվում էր, բերանի բացվածքը դառնում ականջների շարունակությունը: Ես ևս ժպտացի.

-Ի՞նչ կա:

-Քեզ հլա չեն գտե՞լ:

Հանցանքի մեջ բռնվածի զգացողությունը ներսում ալիք տվեց:

-Ո՞վ:

-Սերգեյը տասնհինգ-քսան տղա է հավաքել: Քանի չեն տեսել, սուսուփուս տուն գնա:

-Ի՞նչ ես ասում, պարզ խոսիր, -վիրավորվեցի, միաժամանակ, խոստովանանք լինի, վախեցա:

-Ձեզնից մեծ գործեր եք բռնում:

-Զզվեցրիր, թե բան կա, ասա:

-Հրեն, Արմանը դասից կելնի, տես: Տվել են, ծնոտը լրիվ ճղել:

-Ինչո՞վ, -սոսկացի:

-Ի՞նչ իմանամ: Տարանք պոլիկլինիկա, երեք կար են դրել:

Դառնությունից ծխախոտ վառեցի: Մատներս դողում էին, Սիրակը պիտի որ նկատեր:

-Հիմա զանգը կտա, գնանք:

Նայեցի ժամացույցին. հինգ րոպե կար: Ելանք միջանցք, բայց որպեսզի դասախոսը չնկատի, մտանք կողքի ազատ լսարանը, ու Սիրականը պատմեց մանրամասները:

Նրանք սկզբում Գևորգին էին բռնել: Վաղոն միջամտել էր՝ վկայելով նրա անմեղությունը: Համենայնդեպս, լավ վախեցրել էին, մեկը նույնիսկ թեթև ապտակել էր: Ապա եկել էր Դերենիկի ու Աշոտի հերթը: Փողն Աշոտից վերցրել էին, մեր մասին հարցրել: Վախենալով ծեծվել՝ Դերոն հանրակացարանի մասնաշենքի, անգամ սենյակիս համարն էր տվել: Այդ պահին է մոտեցել Արմանը:

-Երեկ դու էի՞ր ինձ խփողը, -վրա է քշել Սերգեյը:

-Հա, -քաջորեն հնչել է պատասխանը:

Խոսքին հետևել էր բռունցքի հարված: Արմանը երերացել, բայց հասցրել էր դիմադարձել: Նրանք շատվոր՝ թափվել են գլխին, և քաշքշոցի մեկ ինչ-որ մեկն ատամնավոր ձեռնապանով խփել էր Արմանի ծնոտին: Աշոտը, Դերոն, կուրսից մի տասը տղա խուսափել են պաշտպան կանգնել նրան: Ողջ ընթացքում Վաղոն աղվեսի պես միջին դիրք է բռնել՝ արդարանալու նպատակով իր ձևով ներկայացնելով նախորդ օրը կատարվածը, իբր, բոլորովին անմեղ տեղը հինգ-վեց հոգով հարձակվել, ծեծել են ջրատարին: «Արմանի ու Տարոնի նմանների /Տարոնը ես եմ/ քիթ-մռութը մի անգամ պիտի ջարդել, որ իրենց տեղն իմանան», -հոմոզված ամփոփել է:

-Մնացել ես դու, ախպերս, -նորից բերանն ու ականջները մի գծի բերեց Սիրակը:

Զանգը հնչեց, ու մենք ոտքի ելանք: Սիրակը դուռը ճեղք արեց: Աղմուկ եկավ, քիչ անց երևաց դասախոսը, ետքից՝ կուրսեցիք: Համբերությունս հատած՝ կրնկի վրա բացելով դուռը՝ ընդառաջ գնացի: Նրանք օղակեցին ինձ: Ոմանց աչքերում կարեկցանք կարդացի, նաև՝ ուրախություն, անտարբերություն, մինչևիսկ՝ թշնամանք: Կարևորը, սակայն, Արմանն էր: Վերջապես նա եկավ: Հայացքներս հանդիպեցին: Նա ժպտաց.

-Արի, արի, իմ անբախտ մոքիր: Մոտենալով՝ երկար սեղմեցի ձեռքը, ասես ներողություն պաղատելիս լինեի կատարվածի համար:

-Կիկոս, ի՞նչ օրն են գցել, -հումորին հումորով պատասխանեցի:

-Ամեն բան լավ է, չմտածես, -գիշերվանը կրկնելով՝ վերստին ժպտաց, ավելի շուտ, փորձեց ժպտալ, որովհետև ծնոտը տակից գրկած վիրակապը, որ ամրացված էր բժշկական նեղերիզ կպչաժապավենով, խանգարում էր:

-Էլի եկան, -լսվեց տղաներից մեկի երկչոտ ձայնը:

Բոլորը սսկվեցին: Հասկանալի էր, թե ովքեր են ժամանողները: Անհայտ, անդեմ վտանգից երկյուղած՝ շուրջս նայեցի: Միակ անձնավորությունը, ումից կարելի էր իրական օգնություն ակնկալել, Արմանն էր, բայց նա այնքան անօգ, թույլ էր, որ եթե նույնիսկ մատով դիպչեին, արյունահոսությունը կվերսկսվեր:

-Մտիր լսարան, -ցածրաձայն կարգադրեց նա:

-Գալիս են, գան, -զայրացած, որ ինձ համար այդչափ դողում է, առարկեցի:

-Ինձ լսիր, գնա՛:

-Չի՛ լինի, -չար կտրեցի:

Մինչ այդ նրանք մոտեցան: Որոշներին համալսարանում տեսել էի, դեմքերը ծանոթ էին:

-Սերգեյ, սպասիր, -ոհմակի դեմ ելավ Արմանը: -Ռոբ, դու ասիր, որ վերջացնում ենք, չէ՞, -սիրաշահող տոնով նա այս անգամ խոսքն ուղղեց մեկին, ով տարիքով կլիներ երեսունին մոտ:

Գլխի մազերը կիսով չափ թափվել էին, մաշկն արևի տակ տևաբար մնալով՝ թրծվել: Ակնհայտ էր, նրանք մեկմեկու վաղուց էին ճանաչում: Արմանը նախքան համալսարան ընդունվելը ուսումնարանում էր սովորել, գիտեր քաղաքի «գողականներից» մի քանիսին:

-Սրանցից ո՞րն ա, -Արմանի խոսքին կաևորություն չտալով՝ հարցական Սերգեյին նայեց Ռոբ կոչվածը:

Վերջինս գլխով ինձ ցույց տվեց, թեև առանց այդ էլ մյուսները նահանջել էին՝ մեղավորիս թողնելով շրջանի ներսում: Նա առպահ լողացող հայացքն ուղղելով հավաքվածներին և վտանգավոր ոչինչ չգտնելով՝ կրկին դարձավ ինձ՝ այս անգամ սևեռուն: Նրան նախօրոք պատմել էին իմ մասին, թիկունքում հավատարիմ ջոկատն էր, մինչդեռ ես գրեթե միայնակ էի, ո՞վ է, ինչ՞ է ունակ, մտադիր, չգիտեի: Պիտի կարծել, ուժգին սարսափի դեպքում նույնքան զորեղ հակաուժ է ի հայտ գասլիս՝ անտարբերությունը: Այդ հոգեվիճակում էի, այնքան հանգիստ, որ կարողացա գրպանիցս ծխախոտ հանել, թեև միտքս տենդագին բանում էր: Ապրումներից իշխողն ատելությունն էր Վաղոյի, Սերգեյի, նրանց նմանների նկատմամբ, ովքեր կարող էին ու միասնական, դաժան էին ու հետևողական՝ վրեժխնդրության մեջ: Սասնա ծռերի զորությունը լիներ վրաս, -հիշում եմ, մտածում էի, - բռնեի սրա թևից ու չախկալների առաջ վզակոթին տալով՝ դուրս շպրտեի միջանցքից: Տեսնենք դրա գողական պավածքից ի՞նչ կմնար: Հետո ծնկի իջեցնեի բոլորին Արմանի առաջ՝ ներողություն խնդրեք, -կարգադրեի, - ասեք, որ այսուհետ էլ ոչ մեկին խեթ չեք նայի:

-Էդ պեպելնիցեն բա որ կպնե՞ր, -հատ-հատ իրար ետևից բառերը շարեց Ռոբը՝ անքթիթ նայելով աչքերիս:

-Շպրտել էի, որ դիպչի, -մարտահրավերն ընդունեցի:

-Իյա՜, -պատասխանը նրա համար փոքր ինչ անսպասելի էր, բայց գլուխը չկորցրեց: -Մի հլա քեզ նայի, հետո…

-Ի՞նչ ես ուզում ասել, -թեթևակի ժպտացի:

-Չէ, նայի քեզ, հետո՝ Սերգոյին:

-Ասենք թե նայեցի, -ու իսկապես ոտնիգլուխ չափեցի ախոյանիս:

-Լավ տեսա՞ր:

Նա կարծես շփոթված լիներ, բայց՝ ոչ:


    

-Ուզածդ ասա, -չգրգռելու մտադրանքով մտերմիկ ասացի:

-Հիմա որ երկուսիդ նստցնեմ մաշինեն, տանեմ քաղաքից դուրս, կգա՞ս:

-Այսի՞նքն, -զգուշացա:

Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, սպանությունն էր. կտանեն, խուլ մի տեղ կդանակահարեն և՝ վերջ:

-Թող երկուսով իրենց հաշիվները պարզեն: Հո սխալ չե՞մ, -դարձավ նա Արմանին:

Սերգեյը ֆիզիկապես ուժեղ էր, հաղթանդամ և հավասար պայմաններում, եթե հոգեբանական գործոնները մի կողմ դնեինք, հախիցս կգար: Արմանը երևի դրա համար էր հայացքն ինձնից նրան փոխադրում: Վախեցա՝ հանկարծ ինձ փրկելու նպատակով չսկսի՞ երես ծռել: Դա էր մնացել պակաս, առաջին տեղում՝ արժանապատվությունը, ավելի լավ է քիթ-մռութս աղցան շինեն, քան ստորանանք: Առանց այդ էլ իմ պատճառով է այդ օրն ընկել:

-Համաձա՞յն ես, - հարցը Սերգեյին էր ուղղված:

-Ես երեկ գիշերն եմ ասել, որ վիզը կկտրեմ, -նա վստահ հոխորտաց:

-Որ այդպես է, դիմացի այգին գնացեք, -միջամտեց Արմանը: -Մյուսներդ չմոտենաք, -գոնե այդ կերպ էր ուզում օգնած լինել:

Մենք առաջ ընկանք, նրանք՝ մեր ետևից: Բակ ելնելով՝ միայնակ գնացինք: Երրորդ աչքով տեսնում էի հարթակին խմբվածներին, նրանց մեջ՝ Արմանին, Սիրակին, Վաղոյին, Գևորգին, մյուսներին: Շրջվեցի. այդպես էլ կար: Հիսում մարդ կլիներ: Կողքերից հոտն առել էին, և գնալով խումբն ստվարանում էր: Նրանք առաջ էին մղվում, Ռոբն ու Արմանը ջանում էին դիմակայել: Այդ պահին մի սոսկալի հարված ինձ գետնից կտրեց: Առաջին պահ ցավ չզգացի, բայց երբ ոտքի կանգնելու փորձ արի, քթիցս ու բերանիցս արյունը ցայտեց, այնքան ուժգին, որ դիմակայելու մտքից հրաժարվելով և ծնկած՝ աշխատեցի երկու ձեռքվ կանգնեցնել հոսքը: Չգիտեմ, եթե հավաքվածները մոտ չվազեին, Սերգեյը նորից կխփե՞ր: Ես անպաշտպան էի, ու նա կարող էր գործի դնել նույնիսկ աքացին: Ենթադրաբար, այդպես նենգորեն հարվածողն ի վիճակի էր նաև ուրիշ բանի:

-Վերջ: Սերգո, էլ չխփես:

Խռնված՝ բոլորն աղմկում էին: Տղաներից մեկը գրպանիցս թաշկինակ հանելով՝ դեմ արեց քթիս:

-Ցրվեք, ոչ մեկդ չմնա, -չարացած՝ սրա-նրա վրա էր քշում Ռոբը:

Տեսքն ազդեցիկ է, որովհետև շատերը, որքան էլ տեսարանը հետաքրքիր էր, տհաճությունից խուսափելով՝ հեռացան: Ընթացքում ինձ հորդորեց.

-Գլուխդ բարձր, բարձր պահի:

Առանց նրա խորհրդի էլ փորձել էի, սակայն հոսքն առատ էր և, լցվելով կոկորդս, հազացնում էր: Մանկուց լսել էի, որ մարդու արյունն աղի է, իսկ միստն ուտել հնարավոր չէ: Այն ժամանակ ևս առիթի դեպքում փորձելով համը՝ զարմանում էի: Նույնը՝ հիմա. Չթքելու համար կուլ էի տալիս - աղիության ոչ մի զգացողություն:

-Չլինեմ-չիմանամ նորից կռվեք: Լսա՞ր, Սերգո:

Հա, Ռոբ ջան, -պարասխանեց, հետո, -իրիկունը կգամ:

Հուզմունքի ոչ մի հետք: Խոսակցությունն այնքան հանդարտ, առօրեական էր, որ ատելությունից, զայրույթից, անզորոթյունից լացս գալիս էր: Ինչու՞ բռնցկամարտի չգնացի, -մտածում էի, -գոնե կարատեի մի քանի ձև իմանայի: Իհարկե, մտքովս անցնում էին եղբայրներս, բայց անվստահությունը՝ արդյո՞ք կկարողանան վերժխնդիր լինել, ետ էր պահում. ամենաշատը ոհմակում շնագայլերի քանակըկրկնապատկվեր, կեռապատկվեր, գուցեև գործի դնեին դանակներ, ատրճանակներ, կապարե ձեռնապաններ, ռետինե մահակներ - ո՞վ գիտե դրանց զենքերի ողջ տեսականին: Եվ հետո՝ ի՞նչ բացատրություն տայի մեր գզվռտոցին: Տասնինը տարեկան երիտասարդ, հո բերանս ջուր չէի՞ առնի, ինչպես մանուկ: Խոստովանեի՞, որ թղթախաղով եմ զբաղվում ու կռվշտոցն առաջինը սկսողն եմ եղել: Չէի՞ն ասի՝ քեզ քիչ է, սատկացրած պիտի լինեին:

Առաքելությունն ավարտած համարաելով՝ Ռոբը գնաց, նրա հետ՝ ևս չորս-հինգը: Սերգեյը, Վաղոն, նրանց բանակից ով կար, նույնպես ցվրվեցին: Կուրսի տղաները համարձակ՝ շրջապատեցին ինձ: Մեկը բուֆետից դույլով ջուր բերեց, կարծեմ՝ Արտակը: Ես լվացվեցի: Թաշկինակս ամբողջովին արյուն էր:

-Ու՞մ մոտ մաքուրը կա:

Սիրակն իրենը մեկնեց: Արմանը մտցրեց դույլը, մզելուց հետո մեկնեց ինձ.

-Դիր քթիդ:

Արյունը չէր կտրվում: Նա ծնկեց իմ առաջ:

-Հո ատամ չի՞ կոտրվել:

Ես թքեցի: Ատամներս տեղում էին: Հարվածը հիմնականում քթիս էր առել:

Դրանից հետո մի շաբաթ միայն բերանով էի շնչում. լերդած արյունը թույլ չէր տալիս: Ժամանակի ընթացքում ցավը մոռացվեց, մնաց վիրավորանքը, որն ամեն անգամ ապրում եմ, երբ մատներս ակամա շոշափում են քթոսկրի կոտրվածքի բուժումից հետո գոյացած սպին: Պառմության օգուտն այն եղավ, որ վերջ տվի թղթախաղին, թեև այն էլ ասեմ՝ եթե մինչևիսկ պատահարը չլիներ, մոլությանը գերի չէի դառնա: Սև ակնոց պետք չէ այդ տարիների մեր վարքը քննելու համար, քանզի ծեծկված, միօրինակ կյանքը ևս մի բան չէ: Պարտադրված, նույնիսկ բացարձակ շճմարտությոթւնը զրոյի արժեք ունի, եթե չի ստուգվում անձնական փորձով: Մանկանը հազար անգամ ասում ես՝ մի արա, բայց անում է՝ ձեռքը մեկնելով կրակին, բոբիկ ոտքը դնելով փշրված ապակուն, մետաղն առնելով ատամի տակ, որպեսզի անձամբ ճանաչի աշխարհը, իրերն ու երևույթները, տարբերի կծուն քաղցրից, լավը վատից, ցավը հաճույքից, սուտը ճշտից: Բնության թելադրանքով է, նրա կամոք, ուստև երկնչելու հարկ չկա. ջրապտույտը թույլերին է խորքերը քաշում, խութերը միայն փուխր կողերով նավակներին կարող են վնասել: Անտարակույս, երբեմն մեծ, հազար ու հազար տոննա ջրատարողությամբ նավն էլ է հատակ իջնում, երբեմն փորձանքը կողքով չի անցնում, ու դանակը մինչև բռնակը անմեղ մեկի կուրծքն է խրվում, սակայն դրանք բացառություններ են: Օրինաչափը, ճշմարիտը կյանքից առած դասն է, որ չի մոռացվում, այլ ամեն անգամ կարմիր լույսի պես կանգնեցնում է մեր ընթացքը ասելով՝ հիշիր, սա այն խոտոր, փորձանքաշտ ճանապարհն է, որով դու այսինչ օրն անցար:

Սերգեյի հետ կապված մի միջադեպ ևս հիշեմ: Մոտավորապես մեկ ամիս անց լիովին պատահաբար հանդիպեցինք գարեջրատանը: Ընկերոջ հետ էր: Չորս գավաթ պատվիրելով՝ զբաղեցրի սեղանի դեր կատարող կոճղերից մեկը: Մենք անկյունի ցածրիկ սեղանի շուրջ էինք նստած: Կիսախավարում աղմուկի, ծխի մեջ հեշտ չէր նկատելը: Ակզբում ջանում էի ուշադրություն չդարձնել. ինձ համար լցնում խմում էի: Կես ժամ անց խմիչքը տվեց գլխիս, ու նրա հետ բախվելու միտքը, որ շարունակաբար ուղեղիս խորքերն էի քշում, համառորեն ստվերեց մյուսներին՝ դառնալով սևեռուն նպատակ: Ոտքի ելնելով՝ գավաթը ձեռքիս մոտեցա նրանց:

-Չէի՞ր սպասում, -հանգիստ հարցրի:

Ժպիտի պես մի բան աղավաղեց դեմքը: Անհանգիստ ինձ դարձավ, ապա՝ անկյունում նստած տղաներին: Ընկերն ինձ ծանոթի տեղ դնելով՝ անտեղյակ մարդու հանդարտությամբ գնաց դատարկ գավաթները լցնելու:

-Էլ ինձ չբերես, -ետքից բղավեց Սերգեյը:

-Ոչինչ, վերջինն, -առարկություն չընդունող տոնով արձագանքեց ընկերը:

-Լա՞վ ես, -հարցրի:

-Գերազանց, -ժպտաց:

Գխխով ցույց տվի ձեռքիս կիսադատարկ գավաթը:

-Եթե հիմա սրանով իջնեմ գլխիդ, էլի՞ լավ կզգաս:

-Ասե՞մ գարեջուր բերի, -նա հարցն անպատասխան թողեց:

Որքան էլ տարօրինակ է, ներսումս ատելություն չկար նրա հանդեպ: Քիչ առաջվա ցանկությունից հետք չէր մնացել: Հիշում եմ, պարզապես ուզում էի հասկացնել, որ այն օրը ստորաբար վարվեց մեզ հետ, որ իրեն վեց հոգով չէինք ծեծել, որ ոչ մի կարգին հարված չէր առել դեմքին և հարկ չկար այդքան աղմուկի ու մոտավորապես նման բաներ:

-Չլինի՞ կարծում ես այն օրը վախեցրիր:

-Ես ե՞րբ բան ասի:

Հավանաբար շատ էի հարբած, այլապես խոսքի վերամբարձ ոճ չէի ընտրի՝ անմտորեն անցնելով դուք-ի:

-Ընդունու՞մ եք, որ հիմա կարող եմ ձեզ պատժել:

-Ասենք թե այսօր դուք շատվոր եք, ծեծեցիր, վաղն էլ ես մարդ հավքեցի, ո՞վ կշահի:

Որչափ էլ մշուշված էր գլուխս, պարզ տրամաբանությունը տեղ հասավ, հասկացա նաև, որ նա պատկերացրածիցս ավելի փորձառու լինելով՝ գիտի, որտեղ ինչ խոսի: Մինչ այդ ընկերը վերադարձավ՝ ձեռքին երեք լի գավաթ: Սերգեյը մեկը պարզեց ինձ.

-Խմենք:

Նրան ակնհայտորեն ոչ ոքի հաշիվը ձեռնտու էր: Ես նույնպես խաղաղ էի տրամադրված: Արդեն ձեռքս երկարել էի, սակայն վերջին պահին աչքիս եկավ Արմանը՝ բինտած ծնոտով, ու մտածեցի, որ նրան դավաճանելու իրավունք չունեմ, ուստի ասացի.

-Ես իմը կխմեմ:

Լռության մեջ դատարկեցինք գավաթները: Հետո ընկերը ֆուտբոլից հարցրեց. նախորդ օրվա խաղի արդյունքն էր ճշտում:

-Հաշիվը, ինչքան գիտեմ, մնաց նույնը՝ 1: 1, չէ՞, -հարցն ինձ ուղղեց Սերգեյը:

Ի՞նչ նկատի ուներ. երեկվա խա՞ղը, որը հակառակորդ թիմի հաղթանակով էր ավարտվել, թե՞ մեր հաշիվը: Գլխապտույտ էի զգում, սիրտս խառնում էր, և ես կարճ կապեցի.

-Խաղն ավարտվեց 1: 1՝ հօգուտ հյուրերի:

Չսպասելով ծիծաղի ավարտին՝ դիմեցի միջանցք, որտեղ պետքարան տանող դուռն էր: Բարեկրթության կանոնները, երբ ֆիզիկապես անտանելի վատ ես, դառնում են անկարևոր: Ներսի գաղջ օդը բավական էր, որպեսզի խմածս ետ գա: Սկսեցի փսխել: Այն, թվում էր, վերջ չունի: Շունչ քաշելու միջոցին հայհոյում էի գարեջուր հորինողին, «Անաբասիսն» ու նրա հեղինակ Քսենոֆոնին, ով մեր թվարկությունից դեռ չորս դար առաջ Հայաստանում կարասների մեջ գինի էր տեսել՝ երեսին գարու լողացող հատիկներ: Սիրտս թափում ու թափում էի, իսկ մտքումս գարեջրի մասին գրավոր հիշատակությունն էր ու հույն պատմիչ կարծիքը՝ «Այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար ախորժելի ըմպելիք էր»: Ես սովոր չէի գարեջրին, բացի դա՝ քսաներորդ դարի երկրորդ կեսին, խախտելով պատվիրանը, չափից ավելի էին ջուր խառնում խմիչքին, երբեմն նույնիսկ՝ սոդա:

Երբ ետ եկա, Սերգեյենք չկային:

***

Թող չթվա, թե այլ կյանք չունեի, ու օրերս բոլոր՝ ստահակությամբ էին անցնում: Ամենևին: Պարզապես հիմա վարվում այն ծնողաց պես, ովքեր արատավոր զավակին ավելի շատ են գուրգուրում առողջներից, որովհետև խղճի խայթ են ապրում, գիտեն՝ առանց փաղաքշանքի էլ առողջը հասակ կնետի՝ ստվերելով մյուսներին, կխլի խեղվածի բաժին սրեը, ու նա՝ ճակատագրով դատապարտյալը, բնությամբ անկատարը միշտ պակասավոր կզգա իրեն, կզգա լքված, մոռացված: Թող նա նույնպես արևի տակ ջերմանա, որովհետև որքան էլ կիսակատար, իրենն է, ինքն է, իր շարունակությունը: Մոռացած ամեն ինչ, մենք մեր ֆիզիկական ու հոգևոր ուժերը չե՞նք կենտրոնացնում՝ բուժելու մարմնի այն հատվածը, որը հիվանդ է: Ու նա չի՞ դառնում ամենակարևորը, խնամակարոտը: Սիրտ, -կարգադրում ենք, -արյուն մղիր, որպեսզի ախտահարվածն իրեն վատ չզգա, ուժասպառ չլինի, թոք, թթվածին մատակարարիր, դու՝ ստամոքս՝ կոպիտ ու անտաշ, սնունդ հասցրու, մյուսներդ, բոլորդ զրկեք, չարչրկեք ձեզ, քանզի նույնն է սպասում ամենքիդ, եթե միասնական չլինեք, կհանգչի կրակն ու մոռացության մոխրով կպատվի ողջը, թե արհամարհեք թույլին, չնկատելու տաք:

Հարյուր հիսուն հազարանոց քաղաքի աչքի առաջ օրը ցերեկով ինքնաթիռը դուրս պրծնելով ամպերից՝ զարկվել է մոտակա լեռանը: Առժամանակ անց երկաթե թռչունը թպրտացել է օդում, ու պոկված թևի բացվածքից ներքև են թափվել ուղևորները: Հետո օդանավը կորցնելով կառավարումը՝ սոսկալի բարձրությունից ընկել է կիրճը: Քաղաքն շտապել է աղետի վայրը, և մարդիկ գետի ջրերից, գլաքարերի արանքից, ծառերի կատարից ու թփուտներից ժողվել են զոհվածների մարմնամասերը, ուղեբեռը, ինքնաթիռի կտորտանքներ: Սրտաճմլիկ, զարհուրելի է եղել ողջը, բայց մի տեսարան հիմնովին ցնցել է ներկաներին. Մացառների մեջ նրանք տեսել են մեջքի վրա տափակած-ջախջախված տղամարդու՝ գրկին երկու-երեքամյա երեխա: Հոր մարմնի կեսը չի եղել, բայց նա, ականատեսների վկայությամբ, բազուկներով այնքան պինդ էր գրկել զավակին, որ դժվարացել են զատել մամինները: Մանկան դեմքին հարվածի հետք չի եղել, դիահերձումն էլ պարզել է, որ փոքրիկի սիրտը չի դիմացել գլխապտույտ անկմանը և կեսճամփին պայթել է: Հայտնի է դարձել, որ հոր ու տղայի հետ ինքնաթիռում եղել են ևս երեքը նրանց ընտանիքից՝ կինը, երկրորդ որդին և դուստրը: Այդ ի՞նչ ուժ է ծնողին ստիպել ներքև գահավիժելիս գրկից չթողնել զավակին, ո՞ր զորության շնորհիվ է նա հարյուրավոր մետրեր թիկունքի վրա իջել, որպեսզի գետնին զարնվելիս հարվածն իրեն առնի: Մինչդեռ գրկինն ի ծնե խեղանդամ էր:

Կարդում էի շատ, նույնիսկ՝ չափից ավելի: Գրեթե ոչ մի նոր կինոնկար, ներկայացում, ցուցահանդես, երեկույթ բաց չէի թողնում: Լցվում էի՝ միայն թե անկարգ, առանց որոշակի նպատակադրության: Հիմա եմ ըմբռնում, թե այդ շրջանում որքա՜ն ավելորդություններ լցրի գլուխս: Դեռ ոչինչ, ի ծնե համբերություն չունենալով՝ բաց էի թողնում ոչինչ չասող երկխոսությունները, ձանձիր նկարագրությունները՝ բնության, մարդկանց բնավորության գծերի, հագուստ-կախուստի, կայքի: Լավն ու վատը մեծավ մասամբ հոտառությամբ, բնազդով էի տարբերակում: Ամենադժվարը /այսօր ևս/ նկարչությունն էր: Անճաշակ, անտանելի վատ կտավի տակ, եթե հայտնի մեկի ազգանունը գրեին, կհավատայի, կխաբվեի: Կարևորն ինձ համար գունային լոիծումներն էին: Կարող էի ոչինչ չհասկանալ նկարից, գլխի չընկնել, թե ինչ է կամենում փոխանցել գեղագետը, բայց երանգներն ազդեին վրաս՝ բարձացնելով տրամադրությունս, կամ, հակառակ, նյարդայնացնեին, անգամ նողկանք հարուցեին: Երաժշտությունը մի շրջան դարձել էր անհրաժեշտություն: Այնքան էի զգում կարիքը, որ առաջին կուրսի վերջում երեսուն, թե երսունհինգ ռուբլով հինգերորդ կուրսն ավարտած ուսանողից գործող նվագարկիչ գնեցի, ձայնապնակներով, հիմնականում՝ դասական: Միացնում էի, կարդում: Չխանգարող բաներ են: Եղած-չեղածը, մտաբերելովս, վեց ձայնապնակ էր: Շատ լսելուց մի քանիսի վրա խազեր էին առաջացել: Երաժշտական լսողություն ամենևին չունեի, բայց երբ սենյակում, հանրակացարանի միջանցքում մարդ չէր մնում, դնում էի որևէ սկավառակ՝ փորձելով ձայնակցել: Ֆիգարոյի արիայից որոշ բան տանելի վերատադրում էի, այնքան լավ, որ այսօր էլ չեմ մոռացել: «Ամուսիններ, -ասվում էր այնտեղ, - բացեք ձեր աչքերը, այլևս համբերելու ուժ չկա: Գիշեր ու զօր կանայք խաբում են, անվերջ խաբում են»:

Թատրոնից, երեկույթ-ցերեկույթներից արագ հագեցա: Ավելորդ թատերայնության, անճաշակ ձևավորումների պատճառով նույնիսկ ամենակատարյալ, կյանքային երկխոսությունը, գործողությունը հնչում էին կեղծ, ձանձիր: Դերասաններից շատերն ընդամենը խաղում էին՝ փոխարենը ապրեն, իսկ մեծարանքի հանդիսությունները, հո, բոլորը ասես նույն հիասթափեցուցիչ սցենարով խաղարկվեին: Նման մի հանդիպում, սակայն, տպավորվել է: Բեմում եռաշար նստել էին տիտղոսակիր գիտնականներ, գործադիրներ: Ցածում դեմ-դիմաց մենք էինք՝ ես ու Արմանը, թիկունքում՝ վեց հարյուր տեղանոց դահլիճը: Սովորաբար իմ սիրած տեղը վերջն է, բայց ուշացել էինք, և Արմանն առաջարկեց առաջին շարքում նստել: Զբաղեցրինք երկու ազատ աթոռ, և, պատկերացրեք, հանող չեղավ: Այդ օրը մեկ անգամ ևս պարզեցի, որ կյանքում այլոց տեղը գրավելն այնքան էլ բարդ չէ, եթե համարձակ ես ու խանխահարձակ կամ թե ձեռքդ բռնող ունես, ով դռների մոտ խռնված հարյուրավոր եռանդուն պատանիների ու օրիորդաց, շարքային դասախոսների միջով քեզ անցկացելով բերում է առաջամաս, ասելով՝ սա քո տեղն է, քեզ համար է պահվել, ընկողմանիր, որքան քեֆդ կտանի, որչափ կտևի թատերախաղը: Հերիք է բազմեցիր. մեծանում ես, լցվում՝ դառնալով աթոռի շարունակությունը, անբաժան մասը, ու սակավների մտքով է անցնում, որ իրականում այն քո չափսով չէ:

Ուրեմն՝ առոք-փառոք նստել էինք՝ հնարավորություն ստանալով ի մոտո ուսումնասիրել բեմում նստածների պահվածքը, դիմախաղը: Հեռուստատեսությունից նկարելու էին եկել: Լուսարձակները մեկ դահլիճին էին ուղղում, մեկ՝ բեմին, զեկուցողին: Խցիկը որ կողմն ուղղվում էր, մարդիկ այնտեղ լարվում էին՝ ընդունելով անբնական դիրք, այդ թվում և ես ու Արմանը: Բեմի երկրորդ շարքում նստածներից մեկը դադարի պահերին մի ձեռքը ճակատին հենած, որպես թե խորհում է, մյուսով քչփորում էր քիթը: Չգիտեմ, ուրիշ մեկը դահլիճից նկատե՞ց, բայց ես ու Արմանը ակնդետ նրան էինք հետևում, ինչպես հակհետախուզության գործակալները՝ դեդեկտիվ ֆիլմերում:

-Ճա՛յ, ճայ՜, լսու՞մ ես, օբյեկտը գործի դրեց շերեփը, - ականջիս շշնջում էր Արմանը:

-Չխանգարել, -հրահանգում էի:

Քիչ անց Արծիվը վերստին միանում էր Կենտրոնին, երբ բեմում նստածի ձեռքն իջնում էր աթոռի տակ՝ ազատվելու եղունգով կառանած չորուկից:

-Օբյեկտը դատարկում է հանքաքարը:

-Չխանգարել:

Լուսարձակներն ուղղվում էին բեմին, ու վերստին հնչում էր Արծվի տագնապահույզ ձայնը.

-Ճա՛յ, ճա՛յ, օբյեկտը պատրաստվում է կերպարանափոխության, ապա նորից՝ այս անգամ գրեթե այլայլված, - օբյեկտը համապատասխան դիրք ընտրեց: Նա այլևս նույն անձնավորությունը չէ: Ճա՛յ, ճա՛յ, ճա՜յ... Ես, կարծես, կորցնում եմ նրան: Անըմբռնելի է՝ մարդ քանի՞ դեմք կարող է ունենալ:

-Անձնական հարցերը՝ մի կողմ, փիլիսոփայությունը պարապ օրվա գործ է: Ջանա գտնել նրան, օգնական ուժեր եմ ուղարկում:

Հաջորդ պատասխանը՝ արդեն հանգիստ.

-Նկարահանումն ավարտվեց: Օբյեկտը կրկին գործադրեց շերեփը:

-Հիանալի է: Շարունակիր զգոն լինել: Իսկ քո հարցին ահա թե ինչ կպատասխանեմ. բնական վիճակում մարդն ունի մեկ դեմք, սակայն հանգամանքներն ու միջավայրը, հանրույթն ու հասարակարգը հաճախ նրան պարտադրում են այլ կերպարանք: Ստիպողաբար դիմազրկվածներին պետք է վերապահումով դատել, քանզի բոլորն էլ, թեկուզև կարճատև, ընդվզել են, սակայն պայքարը շարունակելու համբերանք և ուսնկից չունենալով, բարոյալքված նահանջել են՝ հաշտվելով ճակատագրի հետ: Պախարակելին կամավոր այլակերպությունն է, եթե այն, իհարկե, վեհ նպատակներ չի հետապնդում կամ՝ ֆիզիկական արատը, պակասավորությունը քողարկելու թելադրանք չէ: Իսկ ընդհանրապես, շատ հանդուգն, շատ առաքինի, մեծ և կամ խելագար պետք է լինել մարդկանց անդիմակ ներկայանալու համար: Ու թե չկարկոծվեցիր, ոտնատակ չգնացիր, հանրությունն սկզբում թեկուզև դժկամ, սակայն կընդունի, ապա և՝ կսիրի, կընդօրինակի:

***

Եղբայրներով գլուխ գլխի հազվադեպ էինք հավաքվում: Մեկ-երկուսին չգալու պատճառ միշտ լինում էր: Քաղաքն իր հերթին ամեն մեկիս մամլիճի տակ առած ծամծմում էր, ու գնալով ուշ-ուշ տեսնվելը դառնում էր սովորական: Անցյալում՝ գեղջուկ պատանի, «Ֆորսայթները» ընթերցելիս ապշել էի՝ ինչպե՞ս է, որ արյունունակիցներն ամիսներով, տարիներով միմյանց չեն տեսել՝ ապրելիս լինելով նույն քաղաքում, իրարից մի քանի վերստ հեռու: Հորս խորհրդին հլու, Արայի, Գալեի հետ էի ընկերություն անում՝ ջանալով կապը չկտրել: Հասակային տարբերությունը մեծ չէր, և հեշտ էինք իրար հասկանում: Եռամյա անհաջողությունից հետո վերջապես Արան ընդունվել էր, ընդ որում՝ շատ պատահական: Միայն ու միայն իրավաբանական, -շեշտում էր: Մենք շատից-քչից հասկացել էինք, որ տարբեր մասնագիտություններով գնալը սխալ է, կյանքում մենակ կլինենք ու առաջին ճամփա բացողը, որ առավել նպատակային կլիներ մեծ եղբորս օրինակով բոլորս գյուղատնտես դառնայինք, թե չէ՝ մեկս ուսուցիչ էր, մյուսը՝ բժիշկ, երրորդը՝ ֆիզիկոս, բանասեր... Հիմա էլ Արան. ժառանգական չորկողությունը բռնել էր՝ իրավաբանական:

-Իրավաբանական ընդունվում են լավ ապրելու համար, դու կկարողանա՞ս, կաշխատե՞ս, -հարցնում էինք:

-Պիտի ընդունվեմ, որպեսզի հենց վերցնողի ձեռքը բռնեմ, -հերսոտում էր:

-Մեղքը քո վիզը, -հենց գալիս էր ամռառը, ճարահատյալ հաշտվում էինք:

Չէր կտրվում, բայց չէր էլ ընդունվում: Մեկ-երկու միավոր միշտ պակասում էր: Այդ տարի դարձյալ դուրս էր մնացել, սակայն գործով ընկած՝ հետաձգում էր փաստաթղթերը ետ վերցնելը: Սեպտեմբերի, թե հոկտեմբերի կեսերին փողոցում հանդպելով միասին քննություն հանձնած ծանոթին՝ տեղեկանում է, որ լրացուցիչ ընդունելությունից հետո տասնհինգ միավոր ունեցողներից երեքն անցել են: Նա մեզ պատմեց, մենք՝ մեծերին, նրանք էլ այցելով համալսարան պարզեցին, որ իսկապես, թյուրիմացաբար, թե միտումնավոր, նույնքան միավոր հավաքած հինգ դիմորդից երկուսին, այդ թվում և եղբորս դուրս են թողել, երեքին ընդունել: Արան բանակում ծառայել էր, շինարարությունում էր աշխատում, պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամի զավակ էր, հետևաբար չընդունելու ոչ մի հիմք չունեին: Եղբայրներս դիմում գրեցին ռեկտորի անունով, ու դեկտեմբերի կողմերը նրան ընդունեցին իրավաբանականի հեռակա առաջին կուրս: Առաջ ընկնելով վկայեմ՝ ավարտեց գերազանց, առանց կաշառքի, ծանոթի, կուրսային աշխատանքները ուրիշի գրել տալու /հազվադեպ երևույթ հեռակա բաժինների համար/, բայց այդպես էլ մասնագիությամբ գործ չգտավ, թեև նախարարությունում խոստացել էին տեղավորել ու հա՛ խաբում էին, տանում-բերում այնքան, մինչև զզվելով՝ հրաժարվեց աշխարհի հարցերը տալով-առնելով լուծողների հետ օրենքի անունից խոսելու միամիտ մտքից: Իսկ պատմությանս տարիներին շինարարությունում կռունկավար էր: Դասերից հետո երբեմն, երբ գրադարանի հետ հավես չէր լինում, գնում էի մոտը: Ես ներքևից բղավում էի, նա չէր լսում, ինքը վերևից նշան էր անում, ես չէի ըմբռնում: Ստիպյալ՝ անջատում էր, իջնում:

-Ձեռքով եմ անում, որ վերև գաս, չես հասկանու՞մ, -ժպտալով մոտենում էր:

-Ասում եմ՝ անջատիր, նոր, -արդարանում էի:

-Վերջ տուր, այ տղա: Ի՞նչ կա վախենալու, արի, -ու առանց ետ նայելու մագլցում էր, ինչպես նավաստին առագաստապարանով:

Վախվխելով հետևում էի: Երկաթաձողերը հարյուր տեղ հատվում էին, ուստի գլուխս ամեն վայրկյան թեքում էի, որպեսզի չբախվեմ: Հագուստիս կեղտոտվելուց էի խուսափում, կեսճամփին ուժասպառ լինելուց՝ սարսափում: Բանվորական ձեռնոցներին չվստահելով՝ կամենում էի անպայման մաշկով զգալ մետաղը: Թաթմանի դեպքում վախենում էի մատներս պլստան հանկարծ, ընկնեմ ջարդուխուրդ լինեմ, բայց թե՝ մետաղյա աստիճանները ամռանը վառում էին, ձմռանը՝ պլոկում մաշկս: Պատմածիցս եղբայրս, իհարկե, տեղյակ չէր, թեև նա մասամբ գլխի էր, որովհետև տեսնում էի՝ վերևից ծիծաղելով, այնուամենայնիվ ամեն քայլիս հետ ձգվել-ելնելով է ցուցում տալիս: Շունչս տեղն էր ընկնում միայն խցիկում, ուր սովորաբար զով էր: Ապակիները Արան հանած էր լինում, և քամին խաղում էր՝ շրջելով գրքի էջերը, որ նա ընթերցելու նպատակով էր վերև տանում: Մինչ կտուրից կտուր, փողոցից փողոց ցատկելով՝ հայացքս կտրում անցնում էր քաղաքը՝ լայնքով, երկայնքով, ես սահմռկած՝ բռնվում էի երկաթաձողերից:

-Նազարի մեկը, ծնվածդ օրից չփոխվեցիր, -մի քիչ հիասթափված, որ այդքան երկչոտ եմ, ներողամիտ, որ ինչ էլ լինի, եղբայրն եմ, նեղսրտում էր:

Չէի առարկում, որովհետև նրա ասածն էր ճիշտ: Բարձրությունից սոսկում էի, գլխապտույտ զգում: Մեր վանքերից, ամրոցներից շատերը չեմ տեսել զուտ երկյուղածությունից՝ ամեն մեկը մի քարափի գլխի, երկրի թաքուն ծալքերում: Հիշում եմ, Տաթև էինք գնում: Անձրև էր, մառախուղ, գետը ներքևում՝ պղտոր, ճանապարհը՝ լպրծուն, այնքան նեղ, որ հերիք է դեմից մեքենա գար, անցնել չէր լինի: Վախից ճերմակել էի, մտովի հազար անգամ տեսել քարերին զարկվելով կիրճը գլորվող մեր ավտոբուսը: Ինջնում էինք ու իջնում, անցուղուն վերջ չկար, անձրևին վերջ չկար: Ուղևորները պատուհաններին ծեփվել, վայելում էին կիրճի զարհուրելի գեղեցկությունը, իսկ ես գունատ՝ դեսուդեն էի գլորում դատարկ շիշը, որ էլի գալիս ընկնում էր ոտքիս տակ: Ականջումս դողերի շփշփոցն էր, դողերի ճռինչը, որոնց վտահված էր իմ ու մյուսների կյանքը: Հետո, լավ էր, վարորդը դիտողություն արեց, թե չի կարելի մեքենայի կիրճահայաց կողմում շատ կուտակվել, որովհետև ծանրության կենտրոնը կխախտվի: Չամաչեի, կխնդրեի կանգնեցնել ավտոն, կիջնեի, ոտքով կգնայի - թե բնության հզոր շունչը կառնեի ու թե սրբապղծի պես չէի նեղսրտի մեր նախններից՝ մենաստանը, կրթարանը խորխորատում, վանքը՝ կիրճի հակառակ պռնկին կառուցելու համար:

Անմեկնելի համոզմունք ունեմ, թե կմեռնեմ քնած ժամանակ: Նման ցնցումներից հետո սիրտս երկար չի հանդարտվում, իսկ երբ տարիքս առնեմ, կդիմանա՞, մի օր չի՞ պայթի: Պատահել է, օդում սիրուն, թեթև լողում եմ, ինչպես ծովում, երբ ջուրը շատ է խաղաղ, շատ է մաքուր, բայց անսպասելի մի բան խանգարել է, և զարկված թռչունի պես ընկել եմ: Երկու-երեք օրը մեկ, եղել է մի գիշերում չորս-հինգ անգամ այդպես խփվել եմ, գահավիժել: Հետագայում երազներ մեկնող հոդվածներ, մեագրություններ ընթերցեցի, բայց ամենահավաստին թվացել է Ջեկ Լոնդոնի բացատրությունը «Ադամից առաջ» զարմանահրաշ գրքում:

Եղբայրներիս պատմելով՝ մանուկ հասակում ևս երկչոտ եմ եղել: Առուն թռչել-անցնել եմ վախեցել, աքլորից, սարդից, խավարից՝ մանավանդ: Ողջը, նրանց հավաստմամբ, սկսվել է նրանից, երբ երկուտարեկան՝ խաղալիս ընկել եմ թոնիրը: Իրիկուն է եղել՝ ցուրտ, բքառատ: Քամին ետ մղելով՝ վառարանի ծուխը լցրել է սենյակները: Մերոնք հարկադրված՝ անկողինները տարել են թոնրատուն, հնոց կարգով բոլորակն փռել: Փոքրերը հրճվանքով գզվռտել են, հեքիաթ, անեկդոտ պատմել: Ես հազիվ քայլելիս եմ եղել՝ թմբլիկ, խտվտուն, վերջինը լինելու պատճառով՝ երես տված: Ուսուցիչ եղբայրս՝ Թորոսը գլուխը մտցրել է վերմակի տակ, գռմռացել: Ուրախությունից ճչալով՝ Սասնա ծուռ Մհերի պես վրա եմ տվել առյուծին, որպեսզի երկու կես անեմ: Մեկ խեղդելուց, տասը խեղդելուց հետո հետ-հետ եմ գնացել, որ նորից վրա պրծնեմ, բայց կեսճամփին սայթաքելով՝ հայտնվել եմ թոնրում, և հրճվանքիչ ճիչը փոխվել է սարսափի: Այրուքի ցավը մեղմելու նպատակով նրանք նստուկիս փամփլիկ թշերին կտավատի ձեթ են քսել, ապա՝ թանաք, սակայն ձայնս ողջ գիշեր քամու, գոմի տանիքը քանդել փորձող գայլերի ոռնոցին ու մարագում ապաստանած Չալո շան կաղկանձին հավասար լսվել է: Վախն այդպես է մտել մարմինս, եթե արյամբ չեմ ժառանգել՝ նախնիներիցս, ովքեր թուրք ու թաթարի, արաբ ու պարսիկի, հույնի, հռոմեացու, մոնղոլի և էլի հազար ու մի գայլ ու գազանի դեմ հազար ու հազար տարի կռիվ տալուց ուժասպառ՝ դադար են տվել, իսկ նրանք՝ անքանակ, արնախում, վայրագ, ճոճել են թրերն ու սրածել արուներին՝ կանանց, արգանդում նոր-նոր սաղմնավորված զավակների առաջ, որպեսզի մայրերի երկյուղը հետո փոխանցվի մյուս-մյուս ծնվողներին: Ու էլ դուրս չգա:

Վերևից շինհրապարակը, շաղախ բարձած ինքնաթափերը, արգելացանցից այն կողմ՝ փողոցն անբնական էին երևում: Մարդիկ շատ էին կառչած հողին, ասես կիսով չափ հողի մեջ խրված մեխեր լինեին՝ որը ծուռ, որն ուղիղ: Բանվորները՝ ճապաղած, գցում էին կեռիկները, ձեռքով, գլխով նշան անում, իսկ երբ ճետաղյա ճոպանները ձգվում էին՝ բեռը կտրելով գետնից, փոշու վրա վրա ոտնահետքեր թողնելով՝ ուղղություն էին վերցնում շարժատնակի կողմը՝ պատսպարվելու տապից: Նրանք սովորաբար սափրված չէին լինում, քայլում էին թույլ-թույլ, և հագուստը թափվում էր վրաներից: Բիբերը՝ լայն, արյունած, որ գաջի, ցեմենտի, ավազի հետ հաճախակի շփումից էր, դեմքերը՝ հողմահար, պարանոցի մաշկը՝ կնճռոտ, մազերն արևի տակ երկար մնալուց՝ շեկին տվող, առանց բնական փայլի, եթե լինում էլ էր, ապա՝ կեղտից: Ամեն անգամ նրանց տեսնելիս խղճի խայթ էի զգում, որ իմ ներկայությամբ, սպիտակ վերնաշապկով, փողկապով, վրաս կիպ նստող տաբատով հիշեցնում էի մեկ այլ կյանք: Նրանք նույնը մտածու՞մ էին իմ մասին: Երևի՝ ոչ, որովհետև ամեն մարդ իր հայելին, դիտակն ունի, որը հաճախ երևույթներն ու իրերը բեկված է ցույց տալիս: Իրականում գործավորներն ինձնից և՛ շատ էին վաստակում, և՛ գոհ էին այն վիճակից, որում գտնվում էին, մեծ սպասելիքներ չունեին կյանքից, օդային ամրոցներ չէին կառուցում: Շատ անգամ եղբորս հետները համեմատած լինելով՝ համոզվել էի, որ նա այլ երամի թռչուն է, որովհետև «Վեսլի Ջեկսոն» էր հանում խցիկ, միշտ ածիլած դեմք ուներ, թեև այն էլ ասեմ՝ իրեն բանվորներից հեռու, առանձին չէր պահում ու շատ էր սիրված: Տեսնելու բան էր, թե այդ նույն անթրաշ, հոգնաբեկ մարդիկ ինչպե՜ս էին պաշարել հիվանդանոցը, հայացքներում որքան տագնապ կար, երբ եղբորս կյանքը վտանգի տակ էր: Դեպքը պատահեց աշխատանքի ժամին: Ընդմիջումից հետո Արան ամեն օրվա պես հանելով կռունկի խարիսխները՝ մագլցում է վերև: Կաբելն ինչ-որ տեղ բացվածք է ունենում, որովհետև երբ նա սեղմում է շարժիչն ընթացքի գցող կոճակը, մեղաղյա ողջ աշտարակը հոսանքահարվում է: Սոսկալի հզոր մի ուժ ցնցում է եղբորս, բայց նա հասցնում է ճչալ: Պատահականության, թե ճակատագրի բերումով բանվորներից մեկն այդ պահին ծխելիս է եղել: Վայրկենաբար գլխի ընկնելով՝ ինչն ինչոց է, նա ձեռքը գցում է վահանակին, անջատում հոսանքը: Եղբորս մեծագույն դժվարությամբ, քանի որ ձեռքերը գոսացած են եղել, լեզուն կուլ գնացած, գիտակցությունը կորցրած, իջեցնում են, փողոցից բռնած պատահական մեքենայով հասցնում հիվանդանոց: Հեշտ պրծավ, հաստատապես մահից պրծավ, որովհետև բժիշկների ասելով, եթե հոսանքահարությունը ևս վայրկյաններ ձգվեր, մարմինը կածխանար: Աշխղեկն ու շինվարչության պետը, անվտանգության գծով ինժեները շատ էին վախեցած. մի քանի օր գնում-գալիս էին, մեծերի՝ Պարույրի, Մերուժանի, Թորոսի հետ բանակցում, փող առաջարկում, որպեսզի չբողոքենք: Ահագին գումար էր, մեր եղբորը կարգին օգնություն կլիներ, գուցե թե կարողանար անգամ չորս պատ գնել, բայց մտքներովս նման բան չէր անցնում, թեև կողքից խորհուրդ տվողներ կային: Վիրավորական էր նույնիսկ դրա մասին մտորելը, սակայն եղբայրներս այդ անձնաց ամենևին չանպատվեցին, առավել ևս՝ չվախեցրին, պարզապես ասացին, որ կարող են հանգիստ մնալ, որ իրենք ոչ մի ընտանիք չեն ուզում քանդել, մտադիր չեն ոչ մի երեխայի հոր ետքից լացով թողնել: Ես չէի զարմանում մեծերի բռնած դիրքից, որովհետև ինքս էլ էի նույն կերպ դատում, չարությամբ չէի տրամադրված վախից սլկուն, երբեմնի ինքնավստահությունը կորցրած այդ բավական կուշտուկուռ մարդկանց նկատմամբ: Պատահար է, -խորհում էի, - փորձանք, ինչից ոչ մեկս ապահովագրված չէ և հետո՝ ասենք թե նրանք մեղավոր են ու պատժվեցին, որևէ բան կփոխվի՞, աշխարհը կսիրունանա՞: Եթե եղբայրս մահանալու էր, կմեռներ անկախ այդ ամենից: Երրորդ, թե չորրորդ օրը Արայի մատները բացվեցին, լեզուն ետ եկավ, այրվածքները նմանապես անցան, ու նա դուրս գրվեց: Քրոջս, եղբայրներիցս երկուսի հետ կոնյակ, շոկոլադ առած՝ գնացինք հոսանքն անջատող գործընկերոջը շնորհակալություն հայտնելու: Պարզսիրտ, իսկական մարդ էր, նույնը՝ կինը, զավակները: Սեղան բացեցին, եկան հարևանները, քեֆ-ուրախությունը ձգվեց մինչև կեսգիշեր, ու մեկ անգամ ևս համոզվեցի, որ աշխարհը նրանց շնորհիվ է կանգուն, և եթե կա մեկը, ով դեռ պետք է սովորի, ես եմ և այն մեկը, ում աշակերտելու եմ, նրանք են՝ հողվորն ու բեռնակիրը:

***

Երկրոդ կուրսի վերջում ես ևս լքեցի հանրակացարանը: Արան ընդունվել էր, Գալեն փոխադրվել հինգերորդ կուրս, ու մենք որոշեցինք տուն փնտրել: Ամառ էր, շոգ, տարեվերջյան քնությունները հանձնել էինք, և ինչն էր շատ՝ ազատ ժամանակը: Ես ու Գալեն լեզուներս դուրս գցած վերուվարում էինք քաղաքի փողոցներում, բակերում, իբր, վարձու բնակարան փնտրում: Մարդաշատ, բանուկ փողոցներում հեշտ էր. վրաներս ուշադրություն դարձնող չկար, մենք էլ ոչ մեկին չէինք դիմում: Պաղպաղակ էինք վայելում, որպեսզի ուշ պրծնի և բուն առաքելությամբ չզբաղվելու փաստը արդարացվի, լպստելով ման գալիս: Հերթ էինք սահմանել՝ մեկ անգամ ես էի հարցնելու, մեկ՝ Գալեն: Թե երիտասարդ տղաներ էին հանդիպում, լավ հագնված կին, աղջիկ, անցնում էինք, որպես թե՝ կարևոր գործ ունենք: Եթե բախտներս բերեր ու դեմներս աղբ թափող տնային տնտեսուհի, թոռանը ման ածող թոշակառու դուրս գար, մոտենում էինք:

-Ներողություն, ձեր շենքում վարձով տուն տղող կա՞:

Պատասխանները տարբեր էին լինում: Մարդ կար՝ չոր «չգիտեմ» էր ասում, սրտացավները, մեր վիճակում ինչ-որ ժամանակ գտնվածները, նախքան «չէ» -ն, երկար-բարակ հարցուփորձում էին՝ ովքեր ենք, որքան ժամանակով ենք վարձում, քանի հոգով ենք կենալու, ինչ ենք վճարելու… Այլոց խոհանոցին ծանոթանալու համար չկա հա՞րց: Սկզբնական շրջանում սիրահոժար պատասխանում էինք, ջանում գոհացնել՝ կարծելով հարցերի թիկունքում միայն հետաքրքրասիրություն չէ: Այդ օրերին ինչ կարգի մարդ ասես, չտեսանք: Վարձով սենյակ տվողներ լինում էին, բայց ոչ սրտներիս ուզածը: Մեզ առանձին բնակարան էր պետք՝ հեռախոսով, ջեռուցմամբ, մնացյալ հարմարություններով, իսկ իրենք պատշգամբ էին առաջարկում, լավագույն դեպքում սենյակներից մեկը՝ համատեղ ապրելու պայմանով, ինչը ձեռնտու չէր, քանզի գիշերներն ուշ տուն գալ կար, իրարից թաքուն աղջիկ-բան բերելը ևս մտքներումս ունեինք: Ամառն էլ նոր էր սկսվել, թե մենք մեզնով լինեինք, կարելի էր նաև կիսամերկ ման գալ. իրարից ի՞նչ ունեինք քաշվելու: Միով բանիվ, մեր բույնն էինք ուզում, որպեսզի ում կամենայինք, հրավիրեինք, ինչ ցանկանայինք, անեինք:

Ապրելն էլ մարդավարի պիտի լիներ, քաղաքաբանակի կյանքով՝ առանց եփել-թփելու, վառարանի, դրսի արտաքնոցի, որի դեպքում հաճախ գարշահոտությունից ճաշակածդ ավելի շատ բերանովդ է ուզում գալ, ոտքերդ էլ նստելիս փայտանում են՝ անցքի վրա ըստ հարկի մնալը դարձնելով տանջանք, աչքերդ էլ, հո, կսկծում, բներից դուրս են թռչում:

Փողոցի տապից մեզ գցում էինք քարակոփ շենքերի զով մուտքերը, հոգեբանորեն պատրաստվոլու համար ծխում: Դրսի աղմուկից հետո անդորրը թե հաճելի էր ու թե ճնշող: Օտարի դռանը կանգնած շան զգացողություն ունեինք: Վերևի հարկերում մերթ ըդ մերթ դռներ էին բացվում-գոցվում, թխկոց էր լսվում, ծորակից թափվող ջրի խշշյուն, երեխայի լաց, ապա՝ դարձյալ լռություն:

-Խորոված ծիծակի հոտ առնու՞մ ես, -շշուկով հարցնում էր Գալեն:

-Բարձր ասա, հո գողություն չե՞նք անում, -անհարկի դիտողություն էի անում, որն առավել ինձ էր ուղղված:

Սկսում էինք առաջին հարկից: Ամեն դուռ չէ, որ զարկում էինք: Կաղնեփայտե, մետաղակուռ, պլաստիկատից, երկարուկ դռները՝ կրկակի, եռակի փականքով, անտես փշեր ունեին՝ վկայելով լիության, ճոխության, ապահովության մասին: Պակասում էր ցուցանակը՝ ձեռք չտալ, մահացու է: Ընտրում էինք համեմատաբար համեստ, նախնական տեսքը փոքրիշատե պահպանածները: Դիտմամբ աստիճաններին դոփելով, իբր, պետքներս չէ, մոտենում էինք և՝ զը՜նգ: Ղողանջը ելևէջում էր՝ միջանցքից հասնելով մեծ սենյակ, խոհանոց, որտեղ շուկայից գնած պես-պես մրգերն էին՝ ջոկ-ջոկ, լվացած, հատիկ-հատիկ ջուրը վրան, յուղալի ճաշը՝ ջեռոցին, գարեջուրը, օղին՝ սառնարանում /չհանած՝ քրտնում է/: Տանտիրուհին հողաթափերը քստքստացնելով մտնում է հյուրասենյակ՝ հարցը գլխում - ո՞վ է անպատեհ ժամին զանգողը: Գողերը, տուն թալանողները վերջին շրջանում բազմացել են, ամենևին ահ չունեն: Օրը ցերեկով դուռը բախում են, թե՝ լույսի մարդն եմ, ջրմուղինը, հեռախոս, ջեռուցում, մեղր ծախող, բոլորը չես թվի: Միամիտ-միամիտ բացում են, իսկ դրանք՝ թը՛խկ, մի ծանր բանով տալիս են գլխին, ձեռուոտը կապում, փալասից-բանից ճխտելով բերանը՝ սկսում: Քանի՜ դեպք է եղել: Պատմելով՝ դեմքերին կապրոնից չուլկի են քաշում, որպեսզի չճանաչեն: Ու պատահական էլ մարդիկ չեն, է՞ - բարեկամ, հարևան: Գիտեն՝ տանը որ ժամին տղամարդ չի լինում: Գալիս են, հյուրի անվան տակ աչքները չորս արած նայում՝ ինչը որտեղ է, որպեսզի հետո ժամանակ չվատնեն: Չես իմանում, ոսկեղենն ուր դնես. քեզնից լավ գիտեն տեղը: Պատմում են, խորամանկ մեկն ահագին՝ մի բուռ մատանի, վզնոց, ականջող, ինչ ունի, տնից ելնելիս միշտ սեղանի ջնջոցի մեջ է թաքցրել: Գողերը մտել են, տակնուվրա արել պահարանները, գրքերը մեկառմեկ թերթել, վերմակները, անգամ բազմոցի երեսը պատռել, սակայն մտքներով չի անցել լաթը տեղաշարժել: Դիտմամբ էլ, ասում են, կինը փալասն այնքան կեղտոտ է պահել, որ զզվեն: Վերջում, թե որքանով է ճիշտ, գողերը տեսնելով հաշիվները սխալ դուրս եկավ՝ առել են դանակն ու կատաղությունից ամբողջ կահույքը խազխզել: Բայց թե՝ հիմիկվա գողերին դրանով չես խաբի, քթները մինչև աղբի դույլն են խոթում: Կեղտոտները: Շատ ժամանակ, խոսում են, թաղայինի մատն էլ է խառը լինում: Գիտեն, չէ՞՝ ով ինչ գործի է, երբ է գնում, երբ գալիս: Տեղը բացատրում են, իրենք մի կողմ քաշվում: Պարզ է՝ հետո թալանը կիսում են: Ի՜նչ դարի հասանք: Մարդ ունեցածը վախենա ցույց տալ, տեղ գնալիս չկախի վզով…

Տանտիրուհին թավշյա բազմոցին ընկողմանած մտորում էր, ես ու Գալեն՝ վերստին ձեռքներս զանգին գցում՝ զը՜նգ: Ներսում եղողը ցնցվում էր, նայում դռանը, պատշգամբին՝ հանկարծ կողքի բնակարանից, լուսամուտից չմտնե՞ն: Դարձյալ լռություն է իջնում, լսելի դարձնելով ժամացույցի թիկ-թակը դաշնամուրի գլխին, բարձրախոսի խռխռոցը՝ խոհանոցում:

-Ո՞վ է:

-Մի րոպեով կբացե՞ք, եթե կարելի է:

-Ո՞վ ես:

-Ուսանող ենք:

Բանալին պտտվում է անցքում, դուռը ետ գնում: Շղթան գցված է լինում, ասել է, թե՝ չի վստահում:

-Ի՞նչ եք ուզում, -պահվածքում դեռևս զգուշավորություն, երկյուղ կա:

-Վարձով տուն ենք փնտրում:

Դեմքը փոխվում է՝ դառնալով քամահրական, ձայնում զայրույթ հայտնվում.

-Սխալ հասցեով եք եկել, -ասում է, վրա բերում փեղկը:

Մենք, եթե հասցնենք, արիությունը բավականացնի, քաղաքավարության սահմաններում պահում, թույլ չենք տալիս:

-Ներողություն, իսկ շենքու՞մ, գուցե պատահաբար գիտե՞ք:

-Ոչ, -ու քթներիս դեմ գոցում է:

Փակ դռների, թանձր վարագույրների ետևում ապրողների նկատմամբ ակնածանքը տարիների ընթացքում, իհարկե, մարեց, կարծիքը, թե նրանք այլ կենցաղով են կենում, փոխվեց, որովհետև առիթներ եղան ու տեսա, որ այդտեղ ևս պետքարանը նույն նպատակին է ծառայում, իսկ պատուհանից պատուհան ձգվող լվացքապարանին ներքնազգեստ, անկողինն ապականությունից փրկող, արևերես ելնելու իրավունք չունեցող ամոթաշորեր են փռվում, և եթե անգամ տարբերություն կա, ոչ նրանց օգտին:

Երկրորդ օրն էր: Հոգնել էինք, անընդհատ մերժվելու պատճառով՝ նյարդայնացել: Լիցքաթափվելու մղումից՝ մեկմեկու հետ էինք կռվում, իրար մեղադրում՝ անճարակության, խոսել, գրավել չկարողանալու համար: Գալեն մեծի իրավունքով, մեծի ջղայնությամբ մի դուռ ևս զարկեց: Հետևեց շան հաչոց, ճանկռտոց հիշեցնող աղմուկ: Կամենում էինք դառնալ, դուռը բացվեց, և շեմքին երևաց երեսունհինգին մոտ բարետես տանտիրուհին: Կողքին ողորկ, կուպրի պես փայլուն մազերով ահարկու շունն էր՝ աչքերում կրակ, մեծությունը՝ մի լավ հորթի չափ: Ակամա նահանջեցինք:

Ու՞մ եք ուզում, -սիրալիր, տրամադրող ձայով հարցրեց:

-Ոչինչ, ոչինչ, կներեք...

-Վախեցա՞ք: Нука уходи, -դարձավ նա շանը:

Մկանակույտը չհասկանալու տվեց:

-Я кому говорю, -նա գրեթե ուժով մի կողմ հրեց հսկա մսեղ գլուխը:

-Վարձով տուն է պետք, -շփոթված ժպտաց Գալեն:

-Եղբայրնե՞ր եք:

-Ըհըն, -միաժամանակ գլխով արինք:

Նա կկոցեց աչքերը: Անըմբռնելի էր՝ որոշու՞մ է կայացնում, թե՞ կարճատես է:

-Երկուսի՞դ համար է:

-Երեքիս:

-Մեկիդ կարող եմ, -հայացքն ինձնից անցավ Գալեին, նորից ինձ, կանգ առավ եղբորս վրա:

-Բայց...

Թույլ չտվեց շարունակել.

-Կարող եք բնակարանը տեսնել. միայն մեկդ: Դուք, -նա տեղ բացեց, որպեսզի Գալեն անցնի:

Եղբայրս ակամա ենթարկվեց:

-Ես կսպասեմ, -հասցրի փոխանցել:

Կինը ետ արեց դուռը, սակայն փականքը չգցեց: Հենվելով բազրիքին՝ ժամանակ սպանելու նպատակով ծխախոտ վառեցի: Սկզբում մտքովս վատ բան չէր անցնում, բայց երբ Գալեն ուշացավ, ակամա անհանգստացա: Փորձեցի բանալու անցքից նայել - բան չէր երևում, ականջս դեմ արի - անօգուտ: Չլինի՞... Ուղեղիս միլիարդավոր ծալքերում ննջող ժամանակին տեսածս կինոնկարները, կարդացածս գրքերի եղելությունները, մարդկանց պատմածները երևակվեցին, գծագիր, գույն ստացան՝ վրձնահարվածներիցս փոփոխ: Կինը գալեին առաջնորդում է հյուրասենյակ, այնտեղից՝ ննջարան: «Սա քո սենյակն է լինելու, -ասում է՝ մատնացուցելով երկտեղանոց մահճակալը, -այստեղ կքնես»: Գալեն բերանը բացում է, որպեսզի առարկի, սակայն չի հասցնում, իսկ նա մոտենում է լուսամուտին. «Տես, ինչ հրաշալի տեսարան բացվում»: Գալեն առաջանալով՝ շղարշի միջով նայում է փողոցին, դիմացի պուրակին: Լռությունը երկարում է, և երկուստեք լսում են իրենց սրտի զարկերը: Հետո կինը նրբագեղ շարժով գոցում է թավշյա կանաչ վարագույրները: «Գիշերը, որպեսզի փողոցի լույսերը չխանգարեն, այսպես կվարագուրենք սենյակը»: Կիսախավարում Գալեն միայն ժպտուն աչքեր է տեսնում: «Քեզ դու՞ր է գալիս իմ ննջարանը», -շարունակում է տիրուհին: Գալեն անորոշ ֆսֆսում է: «Իսկ ե՞ս», -կինն արձակելով խալաթը պահող գոտին՝ հայացքը թաղում է Գալեի աչքերում: «Անուշիկս», -շշնջում է նա: Գալեն մղվում է առաջ: «Տարիներ շարունակ սպասել եմ՝ համոզված, որ կգաս, անպայման կգաս»: Նա քթիկը քնքշորեն քսում է եղբորս քթին: Գալեն գրկում է նրան: Խալաթը սահում է ներքև: «Մի շտապիր, թույլ տուր հանեմ հագուստդ», -մրմնջում է տիրուհին: Գալեն հանձնվում է ջերմ մատների շոյանքին: «Այս գիշեր դու ինձ մոտ կմնաս: Վաղը, մյուս օրը նույնպես: Համաձա՞յն ես»: Գալեն գլխով հաստատում է: «Ու այդպես ամեն օր: Ի՞նչ ունես կորցնելու»: «Տարոնը դրսում սպասում է», -թույլ առարկում է Գալեն: «Ոչինչ, նա կհասկանա ինչն ինչոց է, տղամարդիկ նման բաները շուտ են ըմբռնում»:

Իսկ ես հեռանալու մտադրություն ամենևին չունեի: Մտովի տեսնելով ողջը՝ նախանձում էի Գալուստին՝ չարանալով, որ ընտրությունն ինձ վրա կանգ չի առել, ապա՝ վավաշոտ մտքերը վանում էի հեռու՝ անցնելով այլ տարբերակաների: Իսկ եթե նա մենակ չէ՞: Ու ուրիշ կանայք ևս կա՞ն: Բռնելով եղբորս՝ կապոտում են և հերթով... տեսնում էի Գալեի տառապանքից չռված, բներից թռչող աչքերը, ագուցած դաստակներն ու այտուցված աճուկները:

Մի քանի անգամ ձեռքս տարա բռնակին, հետո անվճռական կանգ առա: Նա, իրոք, ուշանում էր, և ես չգիտեի ինչ կերպ վարվել: Եթե առաջին տարբերակն էր ճշմարտանման, վատություն արած կլինեի երկուսին էլ, քար գցած՝ հաճույքի ջրհորը:

Ներսից հաչոց լսվեց՝ մեկ, երկու, այնուհետ՝ գռմռոցի պես բան և վերստին լռություն: Հաստատապես սկսեցի անհանգստանալ: Երկրորդ հորինվածքն առավել մոտ էր ճշմարտության: Ի՞նչ իմանաս, գուցե տղամարդիկ կան, դրանց հետին մտքերն ինչպե՞ս գուշակես: Միջանցքի անկյունում մրգի դատարկ արկղ կար՝ մեծերից, ամուր կողերով, պաշտպանության համար միանգամայն պիտանի: Մտքումս ունեի ուշանալու դեպքում բացել դուռը և, եթե շունը վրա տա, ոչ դես, ոչ դեն՝ հագցնել գլուխը: Դրանից հետո ինչքան քեֆը տար, թող զարկվեր պատերով, շուն չէ, վագր էլ լիներ, չէր կարողանա դուրս պրծնել, իսկ ես ընթացքում կհասցնեի ազատել Գալեին: Գրպանումս գոնե դանակից-բանից լիներ, -ափսոսանքով մտորում էի, - մեկ էլ տեսար: Չորս հազար տարում մոտներս դանակ պահել չսովորեցինք:

Պատմության անցքերը քննելու, մեր սխալներն ու կորուստները միլիոներորդ անգամ կշեռքին դնելու ժամանակ այս անգամ չեղավ, որովհետև դռան ետևից ձայներ լսվեցին, և քիչ անց երևաց Գալեն, ետքից կինը՝ շան կաշեփոկից բռնած: Նկատեցի, որ եղբայրս կենդանու ահից գրեթե օդով է քայլում՝ հետույքը, ուսերը վեր քաշած:

-Ցնոր տեսություն, Գալուստ, -անունը հստակ շեշտեց կինը:

-Ցտեսություն, -ամեն տեղ, բայց ոչ նրա աչքերին նայելով՝ պատասխանեց եղբայրս:

-Ինչու՞ ուշացար, -դուռը հազիվ փակված՝ հարձակվեցի:

-Սպասիր շենքից ելնենք, -դեռևս կատարվածի տպավորության տակ և վախով, որ կինը կլսի, շշնջաց Գալեն:

Արդեն փողոցում գրպանից թղթի մի կտոր հանելով և մանրամասն մանրատելով՝ նետեց աղբամանը:

-Ի՞նչ էր, -հարցրի:

-Հեռախոսի համարը:

-Ի՞ր, -շենքը գլխով ցույց տվեցի:

-Հա՛:

-Ինչու՞ պատռեցիր:

-Պետքս է՞ որ:

-Ի՞նքը տվեց, -նախանձեցի:

Հա՛:

-Ո՞նց:

-Թղթի վրա գրեց, դրեց գրպանս:

-Իր ձեռքո՞վ:

-Ի՞նչ ես կպել:

-Չես ուզում, մի պատմիր, -նեղսրտեցի:

Գալեն թեքվելով՝ մտավ այգի:

-Ու՞ր: Էլ տուն չե՞նք նայելու:

-Չէ:

Ուսերս թոթվելով՝ ծխախոտ վառեցի:

-Ինձ էլ տուր, -նա ձեռքը երկարեց տուփին:

-Չեմ տա, պատմիր...

-Ա՜, դե բան չկա ասելու: Երեք սենյականոց էր՝ ինքն ու շունը: «Մի սենյակը, -ասաց, -կարող եմ վարձով տալ»:

-Երեքի՞ս:

-Վարձ չէր ուզում: «Այնքան որ տունը տղամարդ մտնի-ելնի, դա էլ հերիք է», -ասաց:

-Համաձայնեցի՞ր:

-Շունը չուզեց:

-Ո՞նց, -հարցրի, հետո ուշքի եկա: -Ձեռ ե՞ս առնում:

-Քո գործն է, չես ուզում, մի հավատա: Սենյակը ցույց տալուց հետո տարավ խոհանոց, սուրճ դրեց, միրգ: Ըսենց տանձեր էին, - Գալեն երեխայի պես, ինչքան կարողացավ, չռեց մատները: - «Ի՞նչ կխմես», -հարցրեց: «Ոչ մի բան», -հրաժարվեցի: Չլսեց: Բարից կոնյակ հանեց՝ չբացած: Ուզում էր գավաթ բերել, չհասցրեց. շունը կատաղած՝ գլխով ետ արեց խոհանոցի դուռն ու սկսեց գռմռալ, վրա քշել ինձ:

-Հետո՞:

-Հետո այն, որ ինձ թողած՝ սկսեց շան հետ խոսել: «Не хочешь, не надо», -ասաց:

-Ռուսերե՞ն:

-Հա՛: Հերիք է տխմար հարց տաս:

Դիտողությունը մի ականջովս մտավ, մյուսով ելավ:

-Հասկանու՞մ էր:

-Լրիվ:

-Ու շան խոսքն անցա՞վ:

-Պատկերացրու՝ հա: Ոնց որ դրա մարդը լիներ, -Գալեն անմեղ ասաց, բայց շրջադարձ կատարելով՝ կառչեց մտքից: -Այդպես էլ կար:

-Այսինքն...

-Կատակը մի կողմ: Վերջում համարը որ տվեց, բա՝ դու ինձ զանգիր, հնարավոր է հանուն քեզ շնից հրաժարվեմ:

-Անու՞նն ինչ էր:

-Շա՞ն:

-Իր:

-Ի՞նչ իմանամ: Հաստատ բան եմ ասում՝ խանդում էր:

-Ուսերին, ծնկների մոտ վերք, բան չկա՞ր, -հարցրի:

-Կարծես ուշք ու միտքս դա էր: Գոնե մի տանձ վերցնեի, -ափսոսանք հայտնվեց Գալե եղբորս դեմքին:

Դա եղավ առիթ. Հրաժարվեցինք կենտրոնում տուն վարձելու մտքից: Իսկ երբ ծայրամասային թաղամասերից մեկում մի բիձուկ շենքի նկուղային հարկում տեղակայված լքյալ կաթսայատունն առաջարկեց՝ ձեռք քաշելով նախնական մտադրությունից, որոշեցինք բախտներս մասնավոր տներում փորձել, բան, որ դյուրին լուծելի խնդիր էր: Թափառումների օգուտն այն եղավ, որ որ քիչ թե շատ ճանաչեցինք քաղաքը, մարդկանց, իմացանք, որ այն դրսից ձմերկի շերտեր ունի, իսկ ներսից նույն միջուկն է՝ հասունացման տարբեր փուլերում. կեղևին մերձ մասում խակ, անհամ, անգույն, կենտրոնում՝ թեթևակի դեղնին զարկող, չօգտագործվելու դեպքում՝ ենթակա նեխման: Հունդերը միջակա, հիմնական ուտելի շերտում էին, որ կարմիր էր, առողջ, հյութալի:

Ի վերջո, ծածկ վարձեցինք կենտրոնին նայող բարձրադիր թաղամասում, քրոջս հարևանությամբ: Խաղաղ, ետ ընկած անկյուն էր՝ ծառաշատ, կիսագյուղ-կիսաքաղաք: Տունը եռահարկ էր՝ քարից, պինդ, հիմնավոր կառուցած, ձմռանը՝ համեմամտաբար տաք, ամռանը՝ զով: Մեզ տրամադրված սենյակները երկուսն էին: Վարձն էլ շատ չէր՝ հիսուն ռուբլի, մենակ թե հարմարություններն էին սակավ: Վառարանի մասին մենք պիտի հոգայինք, ջուրն ու զուգարանն էլ՝ ընդհանուր: Սկզբում չէինք ուզում, բայց քույրս, որ ամուսնու, երեխաների հետ երկրորդ տարին նույն հարկի մյուս սենյակներն էր զբաղեցրել, համոզեց: «Էժան է՝ մեկ, ես ձեր կողքին կլինեմ, շորներդ կլվանամ, մեկ-մեկ տաք ճաշ կուտեք՝ երկու, տանտերերը լավ մարդիկ են՝ երեք», -թվեց: Համաձայնեցինք, մանավանդ հոգնել էինք թափառելով, այլոց դուռ բախելով, գտածներս էլ նույնը, եթե ոչ ավելի վատը պիտի լիներ:

Երկրորդ օրվա իմ բավական հիմար արարքը պատճառ դարձավ, որպեսզի ծանոթանանք թե տանտերերի, թե մնացյալ կենվորների հետ: Թեև անցյալում շատ էինք եղել քրոջս տանը, մի քանիսին դեմքով գիտեինք, բայց ծանոթությունը գլխի շարժումից այն կողմ չէր անցել, և քաղաքում, այլ տեղ հանդիպելիս չճանաչելու էինք տալ, նրանք՝ նույնպես:

Նոր ընկեր էի գտել, իր ասելով՝ երաժիշտ: Ռեստորանում էր նվագել, երեկոյան սեանսներից առաջ՝ կինոթատրոններում, սակայն այդ օրերին անգործ էր: Ինչ-որ մեկի զանգով եկել էր մշակութավարի տեղի համար: Մտադիր էր երիտասարդներից վոկալ-գործիքային խումբ հիմնել: Ինստիտուտը ժամանակին ունեցել էր: Գործիքներն ակումբում իմ գործի ընդունվելու տարուց մնում էին: Մեր պահպանությանը հանձնված կնքած սենյակներից մեկն էլ դա էր: Նրա այցը համընկել էր տնօրենի ընդմիջման ժամին: Շփվող լինելով՝ հասցրեց ծանոթանալ հետս: Գոքոր էր անունը: Հերթափոխը հանձնելիս նորից տեսա: Գործն ստացվել էր, և նա առաջարկեց այդ առթիվ մի-մի թաս զարկել /իր արտահայտությունն է/: Ապա նրան հրավիրեցի մեր տուն: Կարգ ու կանոն հարգող մարդու տեսանկյունից՝ սխալ վարվեցի, քանզի իրերը չէինք հասցրել դասավորել, հատակին թափված էին մնում գրքերի կապոցները, տարատեսակ փալաս-փուլուս: Արան Գոքորից թաքուն մատը վրաս թափ տալով՝ կարգի բերեց տունը, Գալեին ճամփեց խանութ՝ հացի, երշիկի, օղու, գարեջրի: Քույրս լոլիկով ձվածեղ արեց, ծաղկակաղամբի թթու բացեց, և բացօթյա պատշգամբում լավից-վատից սեղան սարքեցինք: Ընթացքում փեսաս էլ եկավ՝ չեղած տեղից քեֆ անող: Կես ժամ անց բաժակների թվով անցնելով ինձնից ու Գոքորից՝ ձեռքն էր առել սեղանի կառավարումը: Տանտիրոջը՝ Եղիշին ձայնեց: Սա եկավ կնոջ՝ Էմմայի հետ, ով ամուսնուց տասնհինգ-քսան տարով ջահել էր, շարժուն: Օրինավոր մարդ էր. կնոջը երկրորդ բաժակից հետո ճամփեց վերև՝ գինու:

-Տնական կարմիր գինի է՝ մաքուր խաղողի: Հրես աշունը գա, կտեսնեք ինչ խաղող ունեմ:

Նրա հայացքն ընդգրկեց պատշգամբը երկկողմանի բռնող թարմաները: Վազերի մի մասը ձգվել, հասել էին սյուներին, փաթաթվելով բարձրացել երրորդ հակ: Կծիկ-կծիկ կանաչ ողկույզների, արջաթաթ հիշեցնող տերևներին մնում էին խաղողակերի դեմ սրսկած պղնձարջասպի կապտավուն հետքերը: Անցած աշնանը, չդիմանալով գայթակղությանը, մի ողկույզ պոկելով՝ անլվա կերել էի: Այն ժամանակ, երբ քրոջս խոստովանեցի, խառնվելով իրար պարտադրեց մի շիշ մածուն խմել՝ երկյուղելով թունավորումից:

Քեֆի թունդ միջոցին Գոքորը խնդրեց ցույց տալ պետքարանի տեղը:

-Այ Տարոն, նոր-նոր սկսում ենք, ու՞ր, -կարծելով ընկերս գնում է, իսկ ես ճանապարհում եմ, լրջացավ փեսաս:

-Ետ ենք գալու, -թաքուն, որպեսզի մյուսները չնկատեն, գլխով արտաքնոցը կողմը ցույց տվեցի:

-Շունը կապած է, չվախենաք, -մեր երթուղին գուշակեց տանտերը:

-Խմածին դրանք բան չեն անում, -հանգստացրի:

Բացօթյա պետքարան տանող ճանապարհն անցնում էր շնաբնի կողքով: Կենդանին ամուր շղթայած էր ծառին, բացի դա՝ մեզ բաժանում էր ցանկորմը, սակայն, միևնույն է, զգուշանում էինք, որովհետև ամեն անցնել-դառնալիս հաչում էր՝ ձգելով կապը: Ես որ շատ էի վախենում: Արտառոցն այն էր, ոչ բոլորի վրա է գռմռում: Արային, օրինակ, առաջին իսկ օրից ընդունեց, Գալեին՝ նայած ժամանակ ու տրամադրության, իսկ ինձ հետ մինչև վերջ աչքով աչք չուներ: Պատճառը գիտեի. քրոջս տանը հյուր եղած ժամանակ մի քանի անգամ սրտի տրոփյունով հաղթահարել էի ականապատ գոտին ու ետ եկել, բայց որպեսզի ելած սիրտս հանդարտեցնեմ, պատշգամբի ապահով բարձունքից լեզու էի հանել դատապարտյալին, խակ շլորով խփել, ջուր ցանել վրան: Ի՜նչ իմանայի, որ մեր հանդիպումներն ամենօրյա են դառնալու, միմյանց ենք նայելու, նա՝ ատելությունից բոց ժայթքող աչքերով, ես՝ ներքևում նապաստակի պես երկյուղած, վերևում՝ չար, համարձակ:

Հիշյալ օրը, իհարկե, մեր հարաբերությունները դեռ այդ աստիճան սրված, ատելավառ չէին, ու ես Գոքորին համարձակ առաջնորդեցի այգու խորքը: Սովորականի պես նա բնից ելավ, ողնաշարն աղեղեց, սակայն խմիչքի հոտ առնելով, ինչպես ամեն անգամ, չգռմռաց: Թեթևանալուց հետո ետ եկանք: Շանը հավասարվելով՝ կանգնեցի:

-Տեսնու՞մ ես ինչ խելոքն է:

Թունդ հարբած էի, բայց և հիշում եմ, ցանկանում էի մտերմանալ հետը, որովհետև կողքիդ մշտապես թշնամի ունենալը ևս մի բան չէ: Հին քենը մոռացած ու բարերարի ժպիտը դեմքիս՝ դարձա շանը.

-Արի քոթս, քոթուլս:

Կենդանին ավելի ձգվեց, զգույշ, չհավատալով, չվստահելով՝ մոտեցավ: Ես անհամբեր՝ երկարեցի ձեռքս, միաժամանակ շուրթերս հավաքելով, սովորական շնականչ տվի, այն, որ հնչյունային կուտակում է՝ անգրելի: Իրավ, խիստ էի գինով, այլապես կհասցնեի ձեռքս ետ քաշել, որովհետև անսպասելի չեղավ այդ ամենը, տեսա, թե նա ինչպես բացելով երախը՝ մատներս ատամների տակ առավ: Միաժամանակ ականջիս հասավ թույլ գռմռոցը: Նա ինձ ատում էր, բայց սարսափն էլ մարդուց ընդհանրապես՝ ամուր էր նստած մարմնում, քանի որ ժանիքները չէր սեղմում՝ ծեծվելու ահից: Ես ձեռքս ինձ էի քաշում, նա՝ իրեն: Գործողությունը լռության մեջ էր ընթանում՝ Գոքորի ներկայությամբ: Ի վերջո, մատներս ազատեցի, բայց երկուսի մաշկը ծայրեծայր պատռված էր, և մի քանի վայրկյանի չափ ժանիքների բացած ակոսում միայն մաքուր միսն էր երևում՝ բաց կարմիր, որն աստիճանաբար թնդեց, ու արյունը ծորաց բոլոր կողմերից: Ցավ ամենևին չէի զգում, շան հանդեպ թշնամանք՝ ևս, պարզապես հիասթափվել էի, որ չվստահեց, քանզի ձեռքս իսկապես բարեկամաբար էի պարզել:

Դրանից հետո նոր պատշգամբում իմացան ինչն ինչոց է: Բոլորը, բնականաբար, խառնվեցին իրար, մանավանդ՝ քույրս ու տանտերը:

-Ես դրան կստակացնեմ, -հոխորտում էր:

Փեսաս նույնպես անհագիստ էր, իսկ Արան ու Գալեն փորները բռնած ծիծաղում էին, Գոքորը շփոթահար էր: Աղմուկի վրա ներքևի կենվորն էլ եկավ՝ քառասնամյա այրի՝ կրքահարույց, թեև մարմնեղ, վարքից թույլ կնոջ քայվածքով, նայվածքով: Երկու դուստր ուներ՝ մեկը մեկից անուշ: Նրանք էլ էին վերև վազել, տանտիրոջ տղան ու աղջիկը նմանապես՝ գրեթե մեզ հասակակից, դստեր անունը՝ Գոհար: Սիրուն չէիր ասի, բայց տգեղ ամենևին չէր: Աչքերը խոշոր էին՝ խոնավ փայլով, մեջքը՝ ճկուն: Մի մեծ խալ կար դեմքին, որ օր կար սազում էր, օր կար՝ չէ: Աստղով աղջիկ էր, միջին ճաշակի համար՝ իսկական հարսնացու, մանավանդ հոնքերը չէր կոկում, թարթիչ պոկում, ներկում: Մաշկը ևս վատ չէր՝ ցորնագույնի խփող: Բժշկական ուսումնարանում էր սովորում՝ քույրական գծով: Տանը բինտ, բամբակ, յոդ ունեին - բերեց: Տեղ բացեցին, և նա նազանքով, կաս-կարմիր կտրած՝ մատներս մաքրեց արյունից: Սպիրտ չկար, օղիով վարակազերծելուց հետո բացեց յոդի փոքրիկ շիշը: Շունչն ինձ էր առնում, և ես հաճելի թմբիրի մեջ էի:

-Տարոն, դիմացիր, -երկդիմի ժպտաց փեսաս:

Նա այնքան թեթև էր յոդոտ բամբակը քսում վերքին, այնքան նուրբ էր ձեռքս բռնել, որ պատրաստ էի այդպես մնալ մի ողջ հավերժություն: Փեսաս նման բաներից «շուն» էր՝ շատ բան տեսած, շատ բան նկատող:

-Է՛, ինչու՞ չէ, քո տեղը լինեի, մյուս ձեռքս էլ կտայի շան բերանը, -այս անգամ բաց ակնարկեց:

Բոլորը թեթևացած ծիծաղեցին, համ էլ Գոհարն անցել էր փաթաթելու գործին, և խղճալի, միաժամանակ տհաճ չէր վերքին նայելը: Առանձնակի գոհություն կար տանտերերի դեմքին:

-Հլա էս մի բաժակը խմի, -Հրաչն ըմպանակով օղին դեմ արեց քթիս:

-Էս մարդն էլ…-եղբորը պաշտպանության տակ առավ քույրս: -Չես տեսնու՞մ արյուն է կորցրել, դեմքին գույն չկա:

-Հիմա քո կարծիքով արյուն կորցնելուց է, թե՞ քիչ խմելուց: Տարոն, ինձնից քեզ խորհուրդ, կյանքում կանանց չլսես: Խմի՛ր:

Ես մինչև վերջ դատարկեցի բաժակը, իսկ դեմքիս գունատությունը ոչ թե քիչ, չափազանց խմելու հետևանք էր:

-Ապրես, այ հիմա կասեմ՝ տղամարդ ես, -Հրաչը թթվի պատառը դեմ արեց շրթունքիս: -Սա էլ կեր, -հետո անցավ հումորի, - բա ասում էիր՝ շունը խմած մարդուն չի կծու՞մ:

Քույրս չէր հանդարտվում.

-Բա որ բա՞ն պատահի: Չէ, հագնվիր, բժշկի եմ տանելու, թող սրսկեն:

-Սրսկել… Առաջ որ սրսկել չկար, մարդիկ չէի՞ն ապրում: Չե՞ս լսել, -տանտերը դարձավ քրոջս, -ժողովովուրդն ինչ է ասում՝ շան կծածը շան մազով են բուժում: Ինձ եթե հարցնեք, յոդ-մոդը դատարկ բաներ են: Անլեզու կենդանուց մի փունջ մազ ես պոկում, դնում վերքին, պրծավ գնաց:

-Այ շաշ, -լրջացավ փեսաս, -խմած մարդուն սրսկում ես, որ ի՞նչ՝ տեղնուտեղը մեռնի՞:

Վերջին փաստարկը քրոջս համոզեց, ու խնդիրը համարվեց փակված, մանավանդ Հրաչը նորից էր սկսել ինձ ծաղրել:

-Ասում ես մատդ ինչու տվիր բերա՞նը:

-Գնանք ցույց տամ, -կատակին փորձեցի նույնով պատասխանել:

-Չէ, իսկապես, ախր, կապը կարճ է, -լրջացած՝ ընկերոջս դարձավ տանտերը:

Գոքորն սկսեց պատմել, իսկ ես արանքում գնացի սենյակ: Գլուխս պտտվում էր, թույլ-թույլ էի: Մեկնվելով մահճակալին՝ քնեցի մինչև առավոտ:

***

Ծովոն, չգիտես ինչ-ինչ հաշվարկ անելով որոշել էր, որ Գոհարը Գալեին հարմար թեկնածու է:

-Ընտիր աղջիկ է, ման չեկած, հերն ու մերը գլխին, էս ծով տներից քեզ բաժին կհանեն, կտնավորվես, -հորդորում էր:

Եղբայրս, կարծես, դեմ չէր: Գոհարն այդ տարի պիտի բարձրագույն տար գործերը, ծնողները խնդրել էին, ու նա մեկ-մեկ իջնում էր մեր հարկ, որպեսզի Գալեն հետը պարապի:

-Հը՛, խոսեցի՞ր, -երբ գնում էր, հարցնում էինք:

-Հրայրիկն ու Զորիկը թողնու՞մ են, որ…-քրոջս մեկուկես, երեք տարեկան մանկտոց վրա էր մեղքը բարդում եղբայրս, -րոպեն մեկ մտնում-ելնում են:

-Այ անպիտաններ, չեմ ասե՞լ՝ քեռուն մի խանգարեք, թողեք պարապի, -լուրջ-լուրջ զայրանում էր Ծովոն:

Խնդրի շուրջ քրոջս ու տանտերերի միջև, որքան հիշում եմ, բացահայտ խոսակցություն չէր գնացել, սակայն վերջիններս, թվում է, գիտեին և չնկատելու, չիմանալու էին տալիս, երբ իրենց քսանամյա աղջիկը մեն-մենակ երեք արուների որջն էր մտնում: Գոհարի նկատմամբ զգացմունք, թերևս, թեթևակի ունեի, ինչը, սակայն, խեղդում էի՝ թույլ չտալով սաղմնավորվի, որովհետև սրբապղծության պես բան կլիներ, եթե հետագայում գործը լրջանար, ու նա դառնար մեր հարսը: Գալեն էլ, ըստ երևույթին, առանձնակի տարված չէր նրանով, պարզապես հոսանքն ընկած գնում էր՝ առաջնորդվելով «լինելուն կլինի» սկզբունքով: Բայց մի օր մեր սովորական «հը՛, խոսք առա՞ր» հարցին պատասխանեց.

-Կիրակի կինո ենք գնալու:

Նորությանը րոպե անց տեղյակ էին նույնիսկ քրոջս փոքրիկները: Յուրաքանչյուրս պարտք էր համարում խորհուրդ տալ՝ այս այսպես կանես, այն՝ միայն այնպես: Գալեն քթի տակ խնմնդում էր՝ ամեն առաջարկ ծանրութեթև անելով: Միայն փողկապի հարցում ընդվզեց.

-Չեմ կապի, կնեղվեմ:

Վերջը, երկու օր ժամանակ կար: Բոլոր հարցերը քննեցինք, տասն անգամ նրա տեղակ կանգառից սկսած մինչև տոմսարկղ ուղեկցեցինք Գոհարին՝ զրուցելով եղանակի, առաջիկա քննությունների շուրջ, բուն խնդրին չառնչվող այլ թեթև թեմաներով, մուտքից մտնելիս բարեկթության շրջանակներում հարևանցի բռնեցինք թևից, սպասասրահում սրճեցինք՝ նրա գավաթում «Գ» տառ-հապավումն ու այլ խորհրդանշաններ տեսնելով՝ սպասվելիք փոփոխությունների, ապա դահլիճ հրավիրող զանգի ձայնը լսելով՝ օգնեցինք ելնել ու այլևս բաց չթողեցինք ձեռքը:

Գալեն կրիակի օրը սպասված ժամից վաղ տուն եկավ: Մեր ծրագրածով, կինոյից հետո նրանք թև թևի զբոսայգի պիտի մտնեին, որպեսզի տերևների սոսափի տակ դողացող շուրթերով համբուրվեն, սրսփալով սեղմվեն իրար՝ կոտրատվելու աստիճան, հավատարմության խոսքեր մրմնջան միմյանց ականջի կամ թե գրկված լռեն՝ ձեռքը ձեռքում, ուսընդուս, հայացքներն իրենց աստղին: Փեսաս խառնեց շախմատը /հարմար առիթ էր պարտությունից խույս տալու/, քույրս խնդրեց իջեցնել հեռուստացույցի ձայնը: Գալեն դեմքին ժպիտ ծեփեց, բայց դա թեթև, ներսից ելնող բնական խինդ չէր, այլ անճարակ ծաղրանկար՝ ծիծաղերես մարդու:

-…-յուրաքանչյուրիս մտքում նույն հարցն էր:

-Վե՛րջ, -առաջինը խոսեց Գալեն:

-Ինչի՞ն, -բոլորիս կանխեց Արան:

-Գոհարի անունն էլ մոտս չտաք:

-Թագավորի տղան այստեղ մատը կծեց, -իբր, իր համար ամեն բան պարզ է, նստուկով բազմոցը հիմնավոր շոշափեց Հրաչը:

-Սյան տիրոջ հերն անիծեմ…-քիչ առաջվա Գալեին փոխարինելու եկավ իսկականը՝ թույլ, զուլալ, մինչև հատակը երևացող հոգով:

-Ի՞նչ սյուն, այ ախպեր, -շփոթված առաջացավ քույրս:

-Դահլիճի: Տոմսերից մեկը սյան մի կողմում էր, մյուսը՝ մեկել:

Փեսաս փռթկացրեց, ետքից՝ ես, Արան:

-Է, մեկնումեկի հետ փոխեիր, -զարամացավ քույրս, ով աշխարհի միամիտն էր:

Նա թափ տվեց ձեռքը, հետո խեղճացավ.

-Եթե մտքովս անցներ:

Մեր հոմերական ծիծաղը, երևի, հասնում էր երրորդ հարկ, ուր Գոհարն էր:

-Ճամփի՞ն էլ չխոսեցրիր, -հույսը չէր կտրում քույրս:

-Չեմ ուզում, պըրծ, -անառարկելի ընդհատեց Գալեն:

Նա խոսքի տերը եղավ, իսկ Գոհարն այդ ամառ չընդունվեց, հայրը՝ Եղիշն էլ ոչ դես, ոչ դեն – նշանեց դստերը: Գալեն կորցրեց ունեցած առավելությունը, իշխանությունը, ու ես, Արան վերստացանք օրիորդով հիանալու, նրան աչքով անելու, անվնաս պատշաճության սահմաններում սիրահետելու, երազում տեսնելու, նրա մասին մտորելու բարոյական իրավունքը: Նա այլևս բոլորինն էր:

Պարապ ժամերի հաճախ էինք հավաքվում գլուխ գլխի: Չսպառված կիրքը, հակառակ սեռի կողքին գտնվելու, նրա հետ զրուցելու հաճույքը երկրորդ հարկից Գոհարին, կողքի՝ պատկից բակից հորեղբոր դստերը՝ Նունեին, առաջին հարկի կենվոր Վարսիկին բերում էր ամուրիներիս սենյակը: Գոհարը շղթայվելուց առաջ նշանածից թաքուն վայելում էր ազատությունը, հորեղբոր աղջիկը՝ մատղաշ մարմնին գերի, չգիտեր ինչ է անում, այրին դեմ չէր կյանքի փշրանքներից օգտվելուն: Գարեջուրը մենք էինք ապահովում, մնացած մանր-մունր բաները՝ թխվածք, սուրճ, արևածաղկի սերմ, նրանք: Շատ ժամանակ դրանց կարիքը չէր էլ զգացվում: Թուղթ էինք խաղում, միացնում ձայնարկիչը: Պարում, խոսում էինք սրտներիս ուզածի չափ: Քնելու կանչող, ականջներս ոլորող չկար: Ընտանեկան մտերմիկ մթնոլորտը և տրամադրում էր բացվելու, և խանգարում միաժամանակ: Սովորաբար մեկ կամ երկու կողմնակի աչք միշտ լինում էր. փեսաս, որ դեմ չէր ջահելության և ծխելու պատրվակի տակ գալով մնում էր, քույրս՝ խանդոտ, աչալուրջ, որ գործ-բան թողած՝ աճապարում էր ամուսնուն հսկելու, Վարսենիկի երկու մանկահասակ աղջիկը՝ դեռևս չարն ու բարին չտարբերակող, Գոհարի եղբայրը՝ պատանության շեմը նոր-նոր ոտք կոխած: Նա լուսամուտագոգին նստած՝ կում-կում գարեջուր էր ըմպում՝ մշուշված հետևելով պարանոցիցս կախված ու մարմինն ինձ հանձնած քրոջը: Ինչ էր մտորում, ո՞վ գիտի, թերևս, նախանձում էր՝ երազելով այն օրը, երբ ինքը նույնպես գրկված կպարի մեկ ուրիշի հետ: Օրիորդն աչքերը գոց, գլուխը նազանքով թեքած ճոճվում էր՝ արբած երաժշտությունից, ինձնից փոխանցվող ջերմությունից: Մեկ այլ օր Գալեին էր բաժին ընկնում նա, ու ես Վարսիկին էի պարի հրավիրում: Հասակով ինձ գրեթե հավասար էր, ինչպես նկարագրել եմ արդեն՝ մարմնեղ: Նրա հրայրքին, հոլանի ձեռքերի, գիրանալու նշաններ ունեցող փորի ու ռետինե թուլացած գնդակ հիշեցնող կրծքերի սեղմումներին արձագանքելու համար ստիպված էի ուժ գործադրել: Վարսիկը փորձված էգ էր, ու ես ներքին վախ ունեի, թե առիթի դեպքում կխայտառակեմ տղամարդկային ցեղը՝ չիմանալով, որ այդպիսիք, ընդհակառակ, անկողնում ավելի արագ են հագենում: Պարում էինք՝ քրոջիցս, եղբայրներիցս թաքուն դեպի ինձ ձգելով Վարսիկին, մանրամասնորեն հարթելով մարմնի անհարթությունները: Ես սեղմվում էի, նա սեղմում էր, ես սեղմվում էի, նա սեղմում էր… Այրին մոռանում էր պատշգամբում քրոջս երեխաների հետ խաղացող իր փոքրիկներին, ես՝ մերոնց: Հետո շուրջանակի նստում էինք՝ պտտելով դատարկ շիշը: Վզիկն ում ուղղությամբ կանգներ, նա պիտի հայտներ ցանկությունը: Նման խաղերը սրտովս չէին, բայց չձանձրանալու համար, քանի որ մենք մերոնք էինք, լարում էի ուղեղս.

-Թող Գոհարն ինձ սեր խոստովանի, -առաջարկում էի, երբ շիշը հոլի պես պպտվելով անշարժանում էր: Նշանված լիներ-չլիներ, բոլորի ներկայությամբ կորզում էի սիրո խոստովանությունը: Խուսափել, հրաժարվել, խուսանավել չկար, այլապես կզրկվեր խաղից:

-Թող Նունեն, մեկ ուրիշ անգամ ասում էի, -ինձ համբուրի:

Կամքն իմն էր: Մատղաշ, տասնվեցամյա շուրթերի համբույրը կարող է վայելել և բոլորի ներկայությամբ ու թե մենության մեջ՝ խորքի սենյակում:

-Չեղավ, կրկնել, -աղմկում էր փեսաս, երբ նա համբուրում էր դեմքիս մերձ օդը:

Վախվորած շրթունքները՝ թիթեռի թևեր, այս անգամ թեթևակի հպվում էին այտիս:

-Անցնել պատժախուց, -պահանջում էր Հրաչը:

Ֆրանսիական կինոաստղերի թեթևությամբ բացելով ննջասենյակի դուռը՝ ընդհանուր քրքիջի ուղեկցությամբ Գոհարի հորեղբոր դստերը հրավիրում էի ներս:

Լավ, պիդ դռներ էին, որովհետև փակվելուց հետ աղմուկը մեկից խլանում էր, ու բարձր պատերի ներսում, ուր երեք երակթյա մահճակալից, պատի տակ հենց հատակին կիտած գրքերից զատ ուրիշ կայք չկար, մնում էինք ես ու Նունեն: Անդորրը, ընդարձակ սենյակը, համեմատաբար զով օդը սառը ցնցուղի դեր էին կատարում: Երկուսիս խուսափուկ հայացքն էլ անկանգ սահում էր անկողինների վրայով, ու երևակայությունս թափ առած՝ գալիք օրերի մեջ տեսնում էր առագաստի գիշերը: Բայց թե լրջանալու, երազանքին տրվելու ժամանակ չկար, որովհետև սենյակից մեզ էր հասնում փեսայիս ձայնը.

-Տարոն, кончай:

Կարճահասակ, բայց նրբակազմ Նունեն ձկան պես մի վայրկյան խաղում է գրկումս, թպրտում, թեև համբույրն առնում էի պատշաճության կանոնները չխախտելով՝ առանց կրքի նշույլի, ապա բացում դուռը: Պայթում էին ծափերը, և կարմիրը զարկում էր երկուսիս դեմքին, քանզի նրանք հասցրած էին լինում կինոներից, գրքերից սիրային դրվագներ մտաբերել՝ մասնակի աղավաղմամբ, մասնակցությամբ իմ ու Նունեի:

Ամոթխածությունը, բարոյական պատկերացումների կայունությունը թույլ չէին տալիս բնականոն ապրել ողջը: Մարդկային ստոր կրքերի կրող էի ինձ համարում, խենեշի մեկը՝ ունակ արգահատելի ամեն արարքի: Սթափ ուղեղով քննելով նախորդ օրվա վարմունքս՝ ամաչում էի ինքս ինձնից, ցերեկը, հո, ամոթից գետինն էի մտնում, երբ հայացքս դիպչում էր քրոջս, Գալեին, Արային, Վարսիկի փոքրիկներին, Գոհարի եղբորը, ում սիրտն առնելու համար, իբրև լավություն, առատաբար ծխախոտ էի հրամցնում: Տարիներ անց միայն տեղեեկացա, որ եղբայրներս այդ օրերին ավելի համարձակ են եղել, ես նրանց համեմատ՝ գառնուկ, եթե ոչ՝ հորթ: Արան, օրինակ, տնեցոց բացակայության ժամանակ մի քանի անգամ սրճելու պատրվակի տակ գնացել է Նունեի մոտ: Նրա պատմելով՝ հատակի գորգին ժամեր շարունակ երկուսով սիրուց թավալ են տվել՝ գրեթե մերկ: Նա գոհացել է համբուրելով, Նունեի մարմար մարմինը, կարծր կրծքերը /իր բառերն են/ շոյելով, որովհետև չի ցանկացել մեղքի տակ մտնել՝ համոզված, որ կարճլիկության պատճառով հետը չի ամուսնանա /նա խիստ բծախնդիր էր այդ հարցում և, նպատակին հետամուտ, ի վերջո, երկարասրունքի հետ զույգվեց/: Գալեն նմանապես. գիշերվա խենթ մի պահի, երբ բոլորս քնած ենք եղել, պատշգամբի սյունը գրկած իջել է առաջին հարկ, ծեծել այրու դուռը: Վարսիկը ներսից շշուկով, որպեսզի տանտերերը, մյուս կենվորները չլսեն, խնդրել է հեռանալ, սակայն եղբայրս համառել է, ու նա ստիպված բացել է դուռը՝ ոչ ներս առնելու մտքով: Գալեն ոտքը դեմ անելով՝ թույլ չի տվել փակի: Այրին ընդդիմացել է, բայց երբ եղբայրս սթափված՝ կամեցել է ետ գնալ, ձեռքից բռնած խարխափելով տարել է ննջասենյակ՝ ետևից գոցելով դուռը: Ու պղծել են անկողինը՝ կողքի մահճակալին քնած փոքրիկների, գլխավերևում սև շրջանակի մեջ առնված տղամարդու լուսանկարի ներկայությամբ: Երկրորդ գիշերը ևս Գալեն նույն ճամփով իջել է, բայց այս անգամ Վարսիկը դուռը չի բացել, հետո մյուս օրը ցերեկով վախեցրել է, թե՝ քրոջդ կասեմ: Այդ մասին ամիսներ անց Գալեն պատմեց: Վարսիկի հակոտնյա արարքը քննելով՝ հանգեցի այն մտքին, որ նա մեղավոր չէ, ուստի սկսեցի ամոթանք տալ: Չնեղացավ, որովհետև հոգու խորքում իրեն այդպիսին չէր տեսնում: Բացատրությունը ևս հիմքից զուրկ չթվաց.

-Վարսիկիդ անմեղ չկարծես: էնքան եմ բռնացրել «24» -տուն գալի՜ս: Տեսնեիր, թե անկողնում ինչ ակտիվ էր՝ ֆրանսիական ձևով:

-Բա մյուս օ՞րը, ինչու՞ ներս չառավ:

-Որովհետև չի ուզում հարևան-բարեկամներն իմանան: Երկու աղջիկ ունի ամուսնացնելու, խելոք:

Ճիշտը եղբայրս էր: Խոսակցությունից երկու թե երեք ամիս անց պատահած անցքը՝ չլսված-չտեսնված խայտառակություն, եկավ հաստատելու նրան:

Ամառ էր: Պատուհանները գոցում էինք՝ խեղդոց էր, բացելիս՝ մոծակներն էին գզում: Կեսգիշեր կլիներ: Շոգից հալածված՝ ելել էի պատշգամբ ծխելու, երբ ներքևից ձայն հասավ: Խաղողի փաթամ ճյուղերը դեսուդեն տալով՝ գլուխս հակեցի: Վարսիկենց խոհանոցում լույս էր վառվում: Նա դուստրերին ուղարկել էր ճամբար՝ մնալով միայնակ, սակայն քրոջս, մեր տուն հազվադեպ էր բարձրանում, թեև հակառակը պիտի լիներ:

Ինձ համար ծխում էի, ստվերների խաղից փորձելով գուշակել, թե ինչով է զբաղված, երբ դուռը բացվեց, և ներսից տաշտով ջուր թափեցին առմուտքի բետոնին: Թեթև փոշի ելավ, ջուրը տարբեր ուղղությամբ հոսեց: Չոր դետինը չկարողանալով կլլել առաջին ալիքը, որը ծխուկ, ծառի մանրիկ ճյուղ, թղթի կտոր բերանն առած սողաց առաջ՝ դեմ առնելով ծաղկաթմբին, լռվեց: Թեթև օճառահոտ առա:

-Տանտիրոջը կասեմ…

Կատակս կիսատ մնաց, որովհետև լույսը մարեցին. հավանաբար չլսեց: Շարունակեցի ծխել: Դիմացը լույսերով ողողուն քաղաքն էր, որը սակայն խաղողի խիտ սաղարթի պատճառով, թվում էր երկնքի շարունակությունը՝ աստղերի առկայծումով: Ականջս այս անգամ սառնարանի բացվել-փակվելու ձայն լսեց, ծիծաղ, տղամարդու խուլ հազ: Թե՞ թվաց: Եթե Գալեն ներսում քնած չլիներ, կկարծեի նա է: Լսողությունս լարեցի, բայց այդպես էլ այլ ձայն չառա: Համենայնդեպս ծխախոտի մնացուկը դիտմամբ ուղիղ ներքև շպրտեցի, որը զարկվելով բետոնին՝ կայծեր ցրիվ տվեց: Թող իմանան, որ նկատողներ կան, -թեթև չարությամբ արդարացա: Երբ անկողնուն հասա, Վարսիկը մտքիցս ելել էր: Ժամացույցն ուղղեցի՝ սլաքը դնելով վեցի վրա, քուն մտա: Կլիներ գիշերվա երեքը: Գլխավոր պահակապետին խնդրել էի աշխատաժամերս փոխել և այդ օրերին առավոտներն էի գործի գնում. դասերի շրջան չէր: Հերթափոխից հետո տուն չգնացի: Ուտելու բան, երեք շիշ գարեջուր առած իջա ձորը, օրվա մնացյալ հատվածը խարկելով մարմինս, կասկածելի մաքրության գետաջրում լավ լողանալով՝ արևմտոցին դարձա տուն՝ համոզմամբ ու տրամադրությամբ, որ օրս փուչ չանցավ: Իսկ թե ընթացքում ինչ տեսարանից զրկվեցի, հիմա կասեմ:

Փողոցն ինձ դիմավորեց «Շտապ օգնության» շչակով, մեքենայի ետքից վազող երեխաներով, մեր տան մոտ խմբված հիսունի չափ կին-տղամարդով՝ իտալական ֆիլմերից բոլորիդ ծանոթ տեսարան: Վատ բան պատահած չլինի՞, -առաջին պահ անհանգստացա, մանավանդ, տեսնում էի՝ քրոջս շրջապատել էին կանայք, որոնց հետ նա առաձնակի հարևանություն չէր անում: Շփոթմունք կար տանտերերիս դեմքին: Արան, փեսաս, Գալեն առանձին խումբ էին կազմել: Այնքան մեծ էր հուզումը, որ ոչ ոք բարևս չլսեց, չառավ:

-Ի՞նչ հաշիվ է, -ամենափրկիչ ծխախոտը հանելով՝ հարցրի:

Պատմողը փեսաս էր, մյուսները լրացնում էին:

-Տարան, -սկզբում ասաց նա:

-Ու՞մ, -հետևեց հարցս:

-Վարսիկին, -ժպտաց:

-Ու՞ր:

-Բաժանելու իրարից:

Հետևեց քրքիջ, հռհռոց: Ես ևս ծիծաղեցի՝ հենց այնպես, չցանականալով, առանց ըմբռնելու ինչն ինչոց է:

-Ինքը՝ հեչ, աղջիկներն են մեղք, -ինձ թողած՝ մյուսների հետ միտքը կիսեց Հրաչը:

Ի՞նչ կարող էր պատահած լինել: Հեգնանքը, կանանց դեմքերի արտահայտությունը հիվանդության, դժբախտ պատահարի մասին չէին հուշում:

-Իսկը Ամերիկայի բան է, -լսեցի կողքից:

Շրջվեցի ձայնի ուղղությամբ: Պառավներից մեկը չանչ էր անում «Շտապ օգնության» ետևից, որը վաղու՜ց հեռացել էր:

-Մեր սուրբ հողը ընչի՞ է նմաններին պահում, -, -գլուխն էր տարուբերում փեսայիս ամբողջովին սևազգեստ մայրը, ով վերջերս էր հյուր եկել Լոռու ձորաբերանից:

-Բան ասեք, հասկանամ, -նեղացա:

Այսօր էլ նյարդայնանում եմ, երբ կարճ կապելու փոխարեն խոսքը կտուրն են գցում: Փեսաս, հո, նման բաների վարպետ էր:

-Ախպեր, ես չեմ կարող, -շինծու լրջացավ, -թող ձերոնք պատմեն: Մենակ մի բան կասեմ՝ գրքերում էլ կարդացած չես լինի:

Համա թե գիտի, որ բառը որից հետո շարի: Փոքր ժամանակ մենք էինք հասակակիցների հետ այդպես վարվում: Չնչին մի բան պահում էինք բռներումս՝ գրգռելով դիմացինի հետաքրքրասիրությունը՝ թե կարողացար ասել ինչ է… «Կոպեկ, կոճակ, կավիճ, ծիրանի կուտ, վեգ, գրչածայր»: Փոքր ինչ բացելով մատներս՝ աննշան ցուցանում էինք թաքցրածի եզրը: «Ռետին, շլորաչիր, շաքար, շան…»:

-Վարսիկը սիրողին տուն էր բերել: Գիշերը քնել են, բայց…

-Ի՞նչ սիրած, ***անոց է դարձրել, -Արայի խոսքը կտրեց Հրաչը, -էլ չի ասում՝ տուն է, երեխաներ կան, կին, աղջիկ:

Նա իրոք լրջմտել էր. վիրավորանք կար դեմքին: Մտաբերեցի նախորդ գիշերվա միջադեպը. Ուրեմն՝ ականջս չէր խաբում:

-էհ, ի՞նչ անենք…-ու ժամանակին սեղմեցի լեզուս, եթե ոչ, հակառակվելու տամարս դարձյալ կբռներ, կսկսեի հիմար-հիմար դուրս տալ, կասեի՝ դու էլ գիշերները քրոջս ծոցն ես մտնում, ուրիշները՝ իրենց կանանց: Ձեր կողքին նույնպես, ամենաշատը մի պատ այն կողմ մանուկներ կան: Ի՞նչ հիմքով եք ձերը բարոյական կոչում: Ինչ է թե ԶԱԳՍ-ի կնիքով վկայակա՞ն ունեք, այո՞: Ընդամենը դա՞ չէ պարկեշտի ու անպարկեշտի սահմանը:

-Մեր գյուղի շներին հիշու՞մ ես, ոնց էին…-հուշեց Գալեն:

Ինչ-որ բան սկսեցի ըմբռնել: Շարունակում էի ունկնդրել, բայց միտքս մանկության ակոսներում էր: Գարնան անձրևոտ օրերին ոհմակը ետքից՝ էգը բոստանից բոստան էր անցնում՝ ոտքի տակ տալով սոխի, կարտոֆիլի մարգերը, նոր ծլած գարին: Տղաներով բահ, եղան, պատահական փայտ առած՝ Ամերիկայի առաջին նվաճողների պես դաժանորեն հալածում էինք արբունքի մեջ գտնվող կենդանիներին: Ոհմակը հետզհետե նոսրանում էր, մնում էին երկուսը: Նրանց համար դժվար էր փախչելոը, մանավանդ երբ դեմները պատ էր ելնում: Քշում էինք մի անկյուն, սկսում քարով, փայտով ծեծել, մինչև բաժանվեն կամ թե մեծերից մեկնումեկը գոռգոռար վրաներս: Որտեղի՞ց այդչափ զարհուրելի չարություն, այդ ի՞նչ անգթություն էր: Նիհար, լերկ կողերով դելը՝ ցեխակոլոլ, թրջվսծ, արուն՝ շաղված, շփոթահար հայացքով, ընդարմության մեջ…

-Տեսնես ինչքա՞ն են այդ վիճակում մնացել: Վայ, ձեր ինչն ասեմ, -Արան ապշանքից ափերը զարկեց իրար:

Երկու գիշեր ու ցերեկ էր անցել անցել իմ՝ պատշգամբում ծխելու օրվանից, երբ Վարսիկը տաշտով ջուր թափեց, հետո ականջիս տղամարդու ձայն հասավ: Բայց հո չէի՞ ասի: Իբր, խոսելու քիչ նյութ ունեն:

-Իսկ ո՞վ է առաջինը տեսել:

-Եղիշը: Վարձի օրերն է եղել, պատահաբար մտնելով՝ բռնել է սառնարանից ուտելիք հանելիս:

-Հլա պատկերացրեք, -Արան խնդմնդաց:

-Հետաքրքիր է, չիմանայինք, որքա՞ն կդիմանային:

-Գալե, քեզ նրանց տեղը մի պահ դիր, ի՞նչ կանեիր, -իր իսկ հարցով նրան նեղը լծեց Հրաչը:

-Ինքնասպան կլինեի: Հաստատ բան եմ ասում:

-Գոնե գիշերով փախչեին, -փորձեցի ելք գտնել:

-Տունդ շեն, պատկերացնու՞մ ես՝ փողոցում, այն էլ մթնով. տեղնուտեղը շանսատակ կանեին:

-Պատգարակին ո՞նց դրին, ո՞վ, -հարցրի ու փոշմանեցի:

-Աշխարհում ինչքան միամիտ հարց կա, դու ես տալիս: Իրար վրա, ուրիշ ձև կա՞, -նա ոտքի ելավ:

Թաշկինակը, որ չկողտոտվելու նպատակով փռել էր քարին, մոռացավ վերցնել: Ծառայություն մատուցելու ցանկություն ամենևին չունեի, սակայն քույրս՝ ամուսնու նկատմամբ միշտ ուշադիր, մոտեցավ ու նոր նկատեց ինձ.

-Տարոնս, դու է՞լ ես այստեղ, -ջերմորեն ձեռքը մեջքովս գցեց, հետն էլ օրորեց գլուխը: -Խայտառակություն, տնից հանելու են:

-Երեխաները, հո, գլխի չե՞ն:

-Չէ, համարյա մարդ չտեսավ: Սավանով ծածկել էին:

-Դու՞ք էիք զանգել:

-Տանտերը: Ուրիշ ժամանակ շուտ չեն գա: Հինգ րոպեից տեղում էին:

Այդ ի՞նչ ամերիկա էին ասում, ականջիս հասավ, -հանկարծ մտաբերեցի:

Քույրս ծիծաղեց.

-Անաստված կինն էլ, փոխանակ գետինը մտնի, կռիվ էր տալիս:

Շարունակեցի համբերատար սպասել:

-Մեքենայի մեջ դժվարանում էին մտցնել: Մի ծայրը Արան էր բռնել: Սավանը փախավ, ու անամոթ տեսարանը բացվեց: Կանանց չգիտե՞ս՝ վրա պրծան, աշխարհի երեսին ինչ խոսք կար, ասին:

-Իսկ Վարսի՞կը:

-Բա թե՝ հողեմ ձեր գլուխը, կյանքներումդ տեսած կայի՞ք, էն էլ՝ ձրի: Տրաքվեք, ցխկվեք՝ հրես գնալու ենք Ամերիկա:

-Մեղադրելու չէ. գժվել է: Բայց ինչու՞ անպայման Ամերիկա:

-Սիրողը, խոսում են, ախպար է՝ այնտեղից եկած, -բացատրեց քույրս, հետո թեման փոխեց: -Գնանք, հիմա իրեն կերավ:

Ամուսնուն նկատի ուներ: Ետքից լուռ գնացի: Աստիճանների վրա շրջվեց.

-Մարդն էլ, իբր, ոչ թե հարբած ժամանակ սիրտը թափելիս է խեղդվել, այլ իր սարքածն է…

-Չեմ հավատում, -կրքոտ ընդհատեցի: -Նոր դու էիր ասում՝ չգիտե՞ս մերոնց, չոփը գերան շինել գիտեն: Մի՛ հավատա:

-Այ ախպեր, ես բան ե՞րբ ասի, -նահանջեց քույրս: -Կարծում ես իմ մեղքը չի՞ գալիս: Գոհարն ասում է, կարելի էր առանց աղմուկի էլ՝ մի սրսկել է, մկանները թուլանում են, բաց թողնում, -Ծովոյի դեմքը կարմիր ներկվեց, ես չտեսնելու տվի:

Վարսենիկին էլ չտեսանք: Տասն օր անց տեղեկացանք, որ սենյակները նոր կենվոր է զբաղեցրել: Ընթացքում այլ իրադարձություններ էլ կատարվեցին: Ընդհանրապես զարմանալի տուն էր՝ դիվային արարքների տրամադրող: Պատճառը ենթադրություններով մեկնաբանելն անիմաստ է: Հակված եմ կարծելու, որ նման բաներ ամենուր են կատարվում, միայն թե շատերը թաքցնում են, ծածկադմփոց անում՝ առնելով յոթ փականքի տակ: Տանտիրուհին, օրինակ, կյանք ուտող կին էր, ամուսնուց ինչպես ասել եմ, ջահել: Շա՜տ էր փնթի: Ձեռքից գրեթե բան չէր գալիս, բայց խոսել, բամբասել գիտեր: Ժամանակին, ասում էին, դավաճանել էր ամուսնուն, սակայն բանը մեկ-երկուսից չէր անցել: Եղիշը, իբր, իմանալով, մի լավ քոթակել էր՝ պարտադրելով հետ կանգնել խոտոր ճամփից: Ետ էր կանգնել, բայց ցանկությունը, չսպառած կիրքը, սանձողի հանդեպ ատելանքը պիտի ելք գտնեի՞ն: Գալիս էր ու՝ տը-տը, տը, տը… Հենց այնպես, իրենից դուրս խոսում էր: Թեմայի, ասելիքի պակաս չկար, եթե բան չլիներ, կանցներ ամուսնուն:

-Փող չի տալիս, չգիտեմ ի՞նչ կերակուր եփեմ:

Իսկ ընդհանրապես չէր աշխատում, ու ողջ տունը պահողը կողակիցն էր:

-Մոսկվա գնաց, քոռանամ, թե մի բան բերեց:

Բայց մենք լավ գիտեինք, որ Գոհարի համար օժիտ է գնել՝ ննջարանային կահույք: Ինքը լիներ, հաստատապես կմսխեր տարածն ու դատարկ կգար: Տեղյակ էինք նաև, որ մեկ օրով ճամփից ետ էր ընկել՝ զամբյուղով միրգը, տեսակ-տեսակ նվերներ Էմմայի՝ Ռոստովում ապրող մորն ու քրոջը հասցնելու համար:

-Ի՜, Ծովո, ես էլ պիտի ասեմ մարդ ունեմ:

Քույրս, վարձակալ լիելով, պարտավորված էր զգում ունկնդրել, թեև, տեսնում էի, նվաստացած է, վիրավորված՝ նման զրույցների ակամա մասնակիցը դառնալու պատճառով:

Այդ օրը ևս առավոտ վաղ եկել, սովորականի պես քակել էր բողոքի տոպրակի բերանը: Չլիներ պատշգամբից եկող լացակումած ձայնը, ես ու Գալեն, քանի որ դիմացը կիրակի էր, երկար կքնեինք: Քույրս լվացք էր անում, փեսաս, Արան անկյունի թախտին ծխելով՝ կեսականջ լսում.

-Երեխեքը չլինեին, կգնայի: Օր չտեսանք, կյանքից բան չհասկացանք:

Չլսելու համար պատրաստվում էի գլուխս ավելի խոր թաղել վերմակի տակ, երբ պատշգամբի դուռը շրխկոցով բացվեց, և խելագար մի գոռոց զրնգաց վաղորդյան օդում: Ես, Գալեն վեր թռանք: Դուրս չհասցրինք գալ, որովհետև Էմմայի մարմինը զարկվեց պատշգամբ հանող մեր դռանը: Քիչ մնաց ընկնի, բայց մի կերպ պահեց իրեն: Վերջին պահին Գալեն ևս հասցրեց օգնել: Ամուսինը, պիտի ենթադրել, ողջ զայրույթը բռունցքի մեջ էր դրել, այլապես դժվար կարողանար մի հարվածով կնոջ իննսուն կիլոգրամանոց մարմինը տեղից թռցնել: Ուրիշ մեկն աղեկտուր կհեկեկար, բայց Էմման՝ ամենևին. կատաղությամբ հասավ թախտին /Արան, Հրաչը տանտիրոջը բռնելու համար ոտքի էին ցատկել/, ակնթարթային արագությամբ հանելով տախտակներից մեկը՝ վրա բերեց ամուսնուն: Հրաչը ճարպիկ ցատկով հասցրեց կանխել հարվածը, որը մասամբ առավ նրա ուսին, դաստակին:

-******ի մեկը, -մռնչաց Եղիշը:

-Թքեմ երեսիդ, թքե՛մ, թքե՛մ, թքե՛մ, -խելակորույս կրկնում էր կինը՝ ձեռքը գցելով ամուսնու երեսին, մազերին, պոկեց վերնաշապկի կոճակները:

Մի կերպ բաժանեցինք: Թիկունքից, ամոթ-բան մի կողմ շպրտած՝ գրկել էի մեջքը: Սոսկալի ուժեղ էր: Պոկվելու նպատակով ձեռքը գցեց թախտին, որը տեղաշարժվել, հասել էր կենտրոն, դեմ առել լվացքի մեքենային: Ի վերջո, այն աղմուկով շրջվեց, և մենք հավասարակշռություններս կորցնելով՝ հայտնվեցինք բետոնին: Ջուրը ողողեց տակներս, քույրս հասցրեց կախվել սպիտակեղենից: Ողբալի, միաժամանակ ծիծաղելի տեսարան էր: Բոլորս շնչակտուր էինք եղել, Էմման ֆնչում-փնչում էր, մարմնի մյուս ծալքամասերից միայն դիրքով տարբեր կրծքերը ելևէջում էին: Տանտիրոջ ծվատված դեմքից արյուն էր ծորում: Քույրս սառը ջուր բերեց: Նա լվացվեց: Փեսաս լրագրի պատառիկներով կարկատեց, գոցեց եղունգների տաշած տեղերը:

-Ի՞նչ ես ուզում: Հերիք չեղա՞վ, -հուսահատ, լալու պատրաստ ձայնով անզոր բարբառում էր Եղիշը՝ չնայելով մեր աչքերին. խորապես ամաչում էր:

-Դու, դու՛ ես ամեն բանի մեղավորը:

-Անամոթ, ի՞նչդ է պակաս:

-Ամեն ինչս: Քե՛զ, ամեն բան թող քե՛զ լինի, մենք մարդ չենք:

-Մենակ հարյուր ռուբլու նվեր մորդ առա, քրոջդ տարա, էլ ի՞նչ անեի:

-Պա՛հ: Լսողն էլ կկարծի, մեծ բան է արել, -վեճին մեզ մասնակից անելու, պաշտպանության ակնկալիքով պատասխանեց Էմման:

-Կարգին էլ բարեկամներ ունի, գիտե՞ս: Ռուսաստանում են ապրում, բայց մեր ադաթները լրիվ պահել են: Թե էս *******ը որտեղից…-գլուխը տարուբերելով՝ փեսայիս դարձավ տանտերը: -Այսինքն՝ դուք տեսել եք: Անցած աշնանն էին եկել: Հիշու՞մ եք, կարգին ուրախացանք:

-Դու ես *******ը: Իմ քույր Սիրուշին ուզեցիր պաչել, կարծես չտեսա: Ասեմ պիտի, ասեմ՝ թող իմանան:

-Անզգամ, ուրիշ խոսք չունեմ, -Եղիշը դիմեց դեպի դուռը, կեսճամփին ետ դարձավ: -Առավոտ շուտ մարդկանց դիվադադար արինք: Արի, արի, խայտառակի՛ մեկը:

Նա գնաց:

-Ի՜նչ խորամանկն է, վերևից լսել է:

Ոչ ոք չկիսեց նրա ոգևորությունը: Նման միջավայրում մեծացած զավակներից, անշուշտ, ամեն բան սպասելի էր, թեև հակառակը նույնպես լինում է: Ամուսնությունից կես տարի անց Գոհարը ետ եկավ: Բուռն իրադարձությունների օրերին ես քաղաքում չէի. զինվորական աստիճան շնորհելու համար տարել էին բանակ: Հավանաբար ոչ մի լուրջ պատճառ չկար, այլապես ամուսինը հետևից չէր գա: Վիճել էին, մեկմեկու թթու խոսք ասել: Խոսակցությանը ներկա է եղել նաև Գոհարի եղբայրը, ում այդ աշուն պիտի զորակոչեին: Թե ինչ են ասել, խոսել, որոշակի ոչ ոք չգիտեր, բայց զայրագնած մի պահի ամուսինը հայհոյել է Գոհարին, տանտերերիս՝ հետագայում դատարանում տված վկայությամբ՝ նաև ապտակել: Եղբայրն առանց խոսքի, նստած տեղից ոստնելով՝ ձեռքի դանակը, որով փայտ է տաշելիս եղել, խրել է փեսայի փորը՝ մեկ, երկու, երեք, ապա դիվոտած՝ հատակից կտրելով քրոջը՝ երրորդ հարկի պատուհանից շպրտել ցած: Թարմաները, կանաչ որթատունկը պահել են. քերծվածքներից, կապտուկներից զատ ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել: Իսկ ամուսինը մեռել է հիվանդանոցում՝ դանակահարվելուց մեկ ամիս անց: Այդ մասին նամակներից մեկում քույրս էր գրել: Հետագա դեպքերի ժամանակ քաղաքում էի. ժամկետը՝ երկու ամիս, լրացել էր և մեզ կրտսեր լեյտենանտի կոչումով ճամփել էին տուն: Ծնողները փող խաղացրին, ու դատարանը, նկատի առնելով հանցագործի հոգեռխռով վիճակը, մասամբ՝ տարիքը, բավարարվեց ութ տարով, իսկ Գոհարին դեպքից հետո ճամփեցին Ռոստով՝ տատի, մորաքրոջ մոտ:

***

Մեր ընտնանիքներում ևս կտրուկ փոփոխություններ եղան: Արան ամուսնացավ, Գալեն մի տարուց ավելի բանակում էր, քրոջս ու փեսայիս քաղաքի ծայրամասում նոր բնակարան տվեցին, ու մոլության որջում մնալով միայնակ՝ ես ևս լքեցի այն: Պարզապես փախա. ուղեգիր վերցնելով մեկնեցի գյուղ՝ ուսուցչություն անելու: Սակայն հազարոտնուկն արդեն տարածել էր շոշափուկները: Քաղաք-հիդրան զոհ էր պահանջում, և հեքիաթի վիշապի բաժինը մեր տնից առաջինը Մերուժան եղբայրս դարձավ՝ նա, ում մասին մի փոքր պատմել եմ:

Երկու տարի տառապեց: Սիրտն էր տկար: Կրկնվում էր հորս պատմությունը, միայն այն տարբերությամբ, որ նա լավից-վատից իր բաժին կյանքն ապրեց, վաթսուներկու ծաղկունք տեսավ, իսկ եղբայրս՝ մատղաշ զավակների տեր, կինը՝ ջահել… Կինը… Բայց այդ մասին հետո: Աստված, կարելին տուր ամեն ինչ պատմել կարողանալու համար:

Սկզբնական շրջանում կարծում էինք մրսածություն է, կանցնի: Եղավ պահ, որ հիվանդանոցից դուրս գրվեց: Լավ էր, չէիր ասի՝ հիվանդ է եղել կամ՝ է, իրականում, սակայն, այդպես չէր: Բժիշկներն էլ հորդորել էին աշխատանքը մտքից հանել: Իսկ նա բանի տեղ չդրեց: Մի քանի օր անց լսեցինք, որ առողջարան մեկնելու և հիմնովին կազդուրվելու փոխարեն գործի է գնացել, երեկոյան տուն դարձել գնումներով ծանրաբեռ և աստիճաններով ելնելիս կրկին վատացել, այն աստիճան, որ ստիպյալ «Շտապ օգնություն» են հրավիրել: Նորից հիվանդանոց, սրսկումներ՝ հազար ու մի, տասնյակ բժիշկների փոխայցեր… Կազդուրվեց, կարգավորվեց սրտի աշխատանքը: Առաջարկեցին բուժումը շարունակել առողջարանում՝ բացատրելով, որ սրտամկանը թուլացել է, լոճվել, որ թեկուզև ոչ հիմնովին, բայց կարելի է վերականգնել նախկին վիճակը, միայն թե այսուհետ անհրաժեշտ է զգույշ լինել՝ չհուզվել, ծանրություն չբարձրացնել, այլ խոսքով՝ սրտին նեղություն չտալ: Խորեն եղբայրս՝ Մոսկվայում ուսանած, խելքը գլխին մասնագետ, բժիշկների այն տեսակից, ովքեր հիվանդին ամեն բան բացեիբաց ասում են՝ գիտակցորեն մասնակից դարձնելով բուժման ընթացքին, շարունակ զգուշացնում էր.

-Քո սիրտն ընդունիր լիցքավորված մարտկոց՝ ընդունակ, ասենք, հարյուր հազար զարկի: Խնայողաբար գործածելու պարագայում այն կծառայի քսան, հակառակ դեպքում՝ երկու-երեք տարի:

Այնքան մանրակրկիտ էր վերլուծում սրտի աշխատանքը, որ ես մաթեմատիկական ճշգրիտ մտածողությունը դնելով բանաստեղծականի կողքին՝ ակամա գերապատվությունը տալիս էի առաջինին:

-Ծանրամարտիկը միանգամից բարձրացնում է երկու հարյուր կիլոգրամանոց ծանրաձողը: Ինձ ու քեզ նույնի համար երեք-չորս մոտեցում է պետք: Այդպես էլ առողջ սրտին հինգ լիտր արյուն մղելու համար մեկ րոպեում վաթսուն կծկում է հարկավոր, տկար, թուլացած սրտամկանին՝ հարյուր քսան ու ավելի: Որքան մեծ լինի բեռը, այնքան շատ պետք է տքնի, ջանք գործադրի ու վաղ սպառի պահեստած ուժերը, ջլատվի, հիշեցնի երեխային նոր կերակրած մոր ստինք, ռետինե ծակ գնդակ:

Մերուժը, անսալով նրա խորհուրդներին, մեկնեց առողջարան, սակայն տասն օր անց վերադարձավ՝ պատճառ բռնելով վատ եղանակը, սնունդը, բուժանձնակազմի անհոգի վերաբերմունքը: Հավատացինք: Միայն Պարույրն էր այլ կարծիքի:

-Խանդում է, -մի օր ասաց:

-Պատճառ չունի, -չհավատացինք:

Միտքն ապա՝ կամաց-կամաց արմատ գցեց: Հարսը տասներկու տարով ջահել էր եղբորիցս՝ տեղով եռանդ: Այդ օրերին, ասես դիտմամբ, որոշեց, որ իսկը լոգասենյակը սալիկապատելու ժամանակն է, ապա հերթը հասավ խոհանոցի կահույքին, պատշգամբը կիսեց երկկողմանի պահարանով, մեկը՝ ննջասենյակ՝ դստերը, մյուսը՝ մթերանոց: Չեխական սալիկներ, ծորակներ, վիետնամական մանրատախտակ, հազար ու մի նեկեր: Տարիուկես տունը շինհրապարակ էր դարձել, մի վարպետին փոխարինում էր մյուսը:

Դարձյալ ամառ էր՝ տոթակեզ: Ասֆալտից շոգի էր ելնում՝ թել-թել: Ավարտական քննությունները պրծել էին, ու ես երկու ամսով եկել էի քաղաք՝ թրևելու, առնելու կարոտս մայթերից, ծխից ու աղմուկից, եկել էի վայելելու աղջիկների շատությունը, աչքերի անամոթ փայլը, հավակնոտ անտարբերությունը, որովհետև ինն ամիս բոլ-բոլ հագեցել էի գյուղի անգրավ հագուստ-կապուստով կանանց քննախույզ հայացքներից, արդեն հասուն աշակերտուհիների վեհերոտ հիացմունքից:

Մերուժին պատահաբար տեսա: Հենված կանգառի ծառաբնին՝ ընդհատ շնչում էր: Ինձ նկատելով՝ ուղղվեց, թույլ ժպտաց: Փոսիկը, որ նման դեպքերում միշտ ծաղկում էր ձախ այտին, չտեսա. այդչափ նիհարել էր: Քրտինքի մանրիկ կաթիլներ էին շարվել ճակատին, ձեռնափը խոնավ էր:

-Լ՞ավ ես, -հարցրի:

-Ոչինչ, -փորձեց ուսերը շտկած պահելով՝ առույգ երևալ:

-Ու՞ր ես գնում, -շարունակեցի, ու քանի որ խիղճս տանջում էր իմ՝ առողջ, իսկ նրա՝ տկար լինելու պատճառով, հավելեցի, -սոսկալի տոթ է, օդ չկա:

Կամենում էի փոխանցել, որ իր վատ զգալը ոչ թե վատառողջության, այլ աննպաստ եղանակի հետևանք է: Ես նրան վերստին թույլ, հիվանդ լինելու հնարավորություն էի ընձեռում:

-Ահավոր շոգ է, -հաստատեց՝ հանելով թաշկինակը:

Սրբում էր ճակատը, իսկ ես հետևում էի, թե ինչպես է ժամանակից շուտ թորշոմած կաշին ոսկորի վրա մի քունքից մյուսը շարժվում:

-Տու՞ն էիր գնում:

-Լվացարանի ետևից էի եկել, չեղավ, դեռ չէին ստացել, -խոստովանելով՝ մեղավոր շուրջը նայեց:

Կարծում էր, կսկսեմ նախատել՝ առողջությանը չհետևելու համար, սակայն ես ձայն չհանեցի՝ չկամենալով գրգռել: Երկուսս էլ առպահ լռուության մեջ զրուցում էինք մեկմեկու հետ, այնուհետ նա թափ տվեց ձեռքը:

-Գնանք տուն, -առաջարկեց:

-Չէ, մեկի հետ պայմանավորված եմ, -ժամացույցին նայելով՝ ստեցի:

-Դու՞ ինչպես ես, -երբ բաժանվելու համար ձեռքս մեկնեցի, հարցրեց:

-Երեսի զոռով ապրում եմ, -վերջերս լսած շաբլոն դարձվածքով պատասխանեցի: -Փողը տուր, վարպետները քարի տակից էլ լինի, կգտնեն, -վերջում չհամբերելով՝ ավելացրի:

-Այդպես էլ կանեմ, -պահի տակ ոգևորվեց:

Բաժանվեցինք: Երկու քայլ չարած՝ ետ դարձա.

-Մերուժ, եթե վատ ես զգում, ուղեկցեմ:

-Չէ, Տարոն, մի անհանգստանա: Տաքսիով կգնամ, փո՞ղ չունեմ:

Դրամ ուներ, ըստ որում՝ շատ, բայց համոզված չէի, թե իր համար նման շռայլություն թույլ կտա:

-Դե տես, -ու շտապ-շտապ հեռացա, իբր, ժամադրությունից եմ ուշանում, մինչդեռ աչքերս լցվում էին, նաև չէի ուզում տեսնել, թե ինչպես է աճապարում ավտոբուս նստել, որն այդ պահին հակառակի պես ժամանեց:

Աշնանը նա վերստին հիվանդանոց ընկավ, այս անգամ՝ վերջնական: Քույրս առաջին օրը մի փոքր վիճեց հարսի հետ. հիվանդանոցում տեսնելով տնից բերած հասարակ գավաթն ու ալյումինե գդալը՝ զանգել էր.

-Ամոթ չէ՞, եղբորս հետ այս բաժակն ու գդալն ես դրել: Տեսնողն ի՞նչ կասի: Չունենայիք՝ ուրիշ:

-Էդքան որ շատ ես ուզում, ինքդ տար, -հեռախոսի մյուս ծայրից կոպտել էր, հետո զգալով, որ պատասխանը շատ է խիստ, տալի սիրտն առնելու նպատակով անցել էր մեղմ տոնի: -Կարևորը դա չէ, այ Ծովո:

Կարևորը, անտարակույս, բուժվելն էր, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ էր թուլացնել նյարդերը, հիվանդ լինելու իրավունք վաստակել, հավաստիանալ, որ ընկնելու դեպքում չի փոխվի կողակցի վերաբերմունքը, սեր էր պետք նրան՝ կրկնապատկած, բազմապատկած և խնամք, որպեսզի ուժ ունենար՝ ոտքի ելնելու: Իսկ երբ զլանում են շուկայից կիտրոն գնել՝ նկատի ունենալով թանկությունը, երբ կենդանական սարսափի մեջ ոչ թե մահճին գամվածի տառապանքն են տեսնում, այլ իրենց գալիք անապահով օրերը, երբ հիվանդի տնքոցն ընդամենը ամուսնությունից առաջ կատարած հաշվարկների սխալականության և փլուզվող ծրագրերի մասին է հիշեցնում, մնում է խռովելով աշխարհից՝ դեմքը շրջել պատի կողմը:

***

Բժիշկները մեկը մյուսի ետքից հիվանդասենյակից ելան և, առանց մեր կողմը նայելու, գնացին: Կիսաբաց դռնից երևում էր աթոռին թիկնած Մերուժանի կիսադեմը: Բիբերը տարօրինակության աստիճան լայնացել էին, սպիտակուց գրեթե չէր մնացել: Դեղնություն կար անգամ այտուցված պարանոցին, ինչը մարմնում ժամ առ ժամ ավելացող ազոտի հետևանք էր: Ոտնաթաթերի ծայրին առաջացանք: Կոպերը ետ գնացին, մի պահ անտարբեր նայելուց հետո միայնակ շարունակեց գոտեմարտել հազարոտնուկի դեմ: Մահճակալներից մեկն ազատ էր, մյուսին պառկած տարեց հիվանդն անքթիթ մեզ էր հետևում, իսկ մատները վարժ շարժումով շերտերի էին բաժանում բռնցքաչափ խնձորը: Կլպելուց հետո նա պատառները հերթով տանելով բերանը՝ անշտապ ծամում էր: Ժամանակին ոչ ոք չի սովորեցրել բերանը փակ ուտել, -անպատեհ ծիլ տվեց եզրակացությունը: Եղբորս հևոցից, անկյունի սառնարանի աղմուկից ավելի ճերմակ, տարիքին անհամպատասխան առողջ ատամների խրթխրթոցն էր տիրապետող ձայնը: Ամենայն հավանականությամբ հիվանդությունն ախտորոշելիս սխալվել են, -այս անգամ որոշեցի: Իսկ Մերուժանի հարցում… Հույսը Խորենն էր: Մասնագիտական չգրած կարգին հավատարիմ՝ նա չէր միջամտում կոլեգաների գործին, թեև վերջիններս խորհրդակցում էին հետը, ասում, թե ինչ են մտադիր: Իսկ հիմա, երբ բոլորը հուսահատ ետ կանգնեցին, նա եղբոր կյանքը բախտախաղի դնելու վճռականություն, ձախողվելու դեպքում՝ խղճին մեղք բարդելու քաջություն ունեցավ՝ բուժքրոջը կարգադրելով եռակի միզաբեր սրսկել: Կյանք կամ՝ մահ: Միջին դիրք չկար: Այդ մասին ասաց միայն մեզ՝ տղամարդկանցս: Գիտեր՝ կանանց նյարդերը կարող են չդիմանալ, իսկ հիվանդի մոտ, իմանալու դեպքում, հնարավոր է հոգեբանական արգելակում առաջանա սևեռուն գաղափարից: Մերուժն անտեղյակ՝ մեկնեց թևը, անգամ չցնցվեց, երբ ասեղը մտավ երակը. այդ աստիճան թույլ էր, ուժասպառ:

Գիշերվա տասնի մոտերքը վերջապես երիկամներն սկսեցին գործել: Մենք դուրս հրավիրեցինք քրոջս և հարսին: Ծովոն մերժելով՝ ընդամենը դեմքը շրջեց պատի կողմը: Ես ու Գալեն մտանք թևերի տակ, իսկ Արան ձեռքն առավ լիտրանոց դատարկ տարողությունը: Ցայտերը հասնում էին մատներին, բայց նա, տեսնում էի, չի խորշում: Աստված, օգնիր, թող ապրի եղբայրս, մեղք ենք բոլորս, -ողջ ընթացքում մտքումս պաղատում էի՝ լինելով անհավատ: Երբ Արան լրագրում սքողած միզանոթը տարավ դուրս՝ զուգարանում թափելու, նայեցի Ծովոյին: Նա շարունակում էր կանգնած մնալ՝ դեմքով դեպի պատը: Լաց է լինում, -գլխի ընկա, ու այդ մտքից իմ աչքերը ևս լցվեցին: Խորենի լարվածությունն անցել էր, միայն հայացքում հոգնություն կար:

-Սիրտն արդեն լրիվ կծկումներ ի զորու չէ կատարել: Արյունը հազիվ թոքերին ու գլխուղեղին է հասնում: Երիկամներում ևս կանգային երևույթներ են սկսվել: Հիմա, կարծես, բացվեց, - միջանցքում ծխում էր, բացատրում:

-Իսկ դե՞ղը, -հարցրի:

-Թուլացնում, ընդարձակում է հյուսվածքները, չնայած բացասական կողմ նույնպես ունի:

Այդ պահին քույրս մոտեցավ:

-Եկեք:

Խորենը լարվեց. նրա մեջ վերստին խոսեց բժիշկը: Անհանգստությունը փոխանցվեց և մեզ:

-Էլի է ուզում, - միտքն ավարտեց Ծովոն:

-Լավ է, մնում է սիրտը դիմանա, -ինքն իր հետ խոսեց Խորենը, հետո ձեռքն ուժգին խփեց ուսիս: -Բա ասում են բժշկության մեջ հրաշք չի լինու՞մ:

Առավոտյան, երբ նախքան գյուղ մեկնելը կրկին հիվանդանոց գնացի, դեղնությունը կիսով չափ անցել էր: Ծովոն ազատ մահճակալին կծկված՝ ննջում էր: Ինձ տեսնելով՝ ուղղվեց:

-Եկա՞ր:

Մերուժանին չարթնացնելու միտումով ընդամենը գլխով արեցի՝ մի փոքր տարակուսելով հարցի անիմաստության և հնչերանգի բարձրության համար:

-Արդեն լավ է, վտանգն անցավ:

Ես շրջվեցի դռան կողմը. Խորենն էր ներս մտնողը: Նա ձեռքերն ու դեմքը մանրակրկիտ չորացնելուց հետո սրբիչը փռեց Մերուժանի մահճակալի գլխին: Նրանք իրենց զգում էին, ինչպես տանը: Որքան արագ է մարդ ամեն բանի ընտելանում, -խորհեցի:

Երկրորդ՝ ձախակողմյան մահճակալը դատարկ էր, հարդարված, հիմնովին հավաքած: Գիշերն այնտեղ, կարծես, մարդ չէր քնել: «Ծերուկն ու՞ր է այդքան վաղ վեր կացել»: ուշադրությունս գրավեց մահճակալի տակ դրած ապակյա ամանը, մեջը՝ կիսով չափ ջուր, դնովի ատամնաշար: Այ թե առողջ ատամներ են: Վճիտությունը կորցրած ջրում լողացող թելիկների, անկենդան ատամների տեսքից փշաքաղ՝ ոտքով բանկան հրեցի խորքերը:

-Մոռացել են վերցնել, -լսեցի քրոջս բացատրությունը:

-Դու՞րս գրվեց, -հարցրի:

Ծովոյի դեմքին շփոթություն նկատեցի: Թե՞ թվաց: Համենայնդեպս, ինչ-որ բան այն չէր:

-Ուրիշ պալատ փոխադրեցին, -վերմակը Մերուժանի առանց այդ էլ ծածկված թիկունքին վրա բերելով՝ արձագանքեց:

-Ես գնում եմ տուն, -ընդհատեց Խորենը: -Իրիկվա կողմ նորից կգամ: Կփորձեմ քնել: Այնտեղից էլ զանգ կտամ գործիս տեղը. երկու օր եղավ, չեմ գնում: Տարոն, մինչև իմ գալը կարո՞ղ ես Ծովոյի հետ մնալ:

-Եթե պետք է, կմնամ, ինչ խոսք, -անվարան պատասխանեցի: -Ի՞նքն ուր է, -նկատի ունեի հարսին:

-Ալիսը գնաց երեխաներին դպրոց ճամփելու, -պարզաբանեց Ծովոն:

-Դե, ես գնացի, -ոտքի ելավ Խորենը: -Բուժքրոջն ամեն ինչ ասել եմ, -հետո դարձավ ինձ, -իսկ գործիդ տեղը բան չե՞ն ասի:

-Մի թեթև տեղյակ եմ պահել: Եթե չգնամ, գլխի կընկնեն:

Խորենի ետքից ելա միջանցք՝ ուղեկցելու: Հենց դուռը փակվեց, նա մտերմիկ գոտկեց մեջքս.

-Գիշերը պալատի հիվանդը մահացավ:

-Ի՞նչ ես ասում, -ապշեցի. եղավ պահ, կարծեցի խոսքը Մերուժին է վերաբերում: Չլինի՞ մեռած էր, ու ես չհասկացա:

-Ինֆարկտ: Տեղնուտեղը ճերմակեց: Նման դեպք պրակտիկայումս չի հանդիպել:

-Ու՞մ մասին ես ասում, է…-նյարդերս տեղի տվեցին:

-Կողքի հիվանդի՝ նրա, որ ախորժակով խնձոր էր ուտում, -տագնապս հասկանալով՝ ժպտաց եղբայրս:

«Որքան խաբուսիկ, թյուր են մեր պատկերացումները կյանքի, համոզված կարծիքը՝ մարդկանց մասին: Ավելի հաճախ գոհանում ենք իրերի, երևույթների առաջին շերտը թափանցելով, դատողություններ ենք անում՝ տեսանելիից ելնելով ու… չարաչար սխալվում»:

-Մերուժի մոտ այդ մասին չխոսեք, թող չիմանա:

Նա գնաց: Աստիճանահարթակին կանգնած՝ սպասեցի, մինչև ներքևում լռեցին ոտնաձայները, ապա մոտեցա մուտքի վրա բացվող պատուհաններին: Բակում, ընդհանուրից բավական հեռու միայնակ շինություն կար, որի մոտ տասը-տասներկու մարդ կլիներ հավաքված: «Շտապ օգնության» մեքենան՝ ետևի դուռը բաց, մերձեցել էր մուտքին: Դիարանն է, -անցավ մտքովս, -բարեկամները լուրն առել են:

Ցայտաղբյուրից ջուր ըմպելուց հետո Խորենն ուղղվելով ընդառաջ գնաց մեկին՝ ով ձեռքին պայուսակ ուներ: Բավական ուշացումով ճանաչեցի բաժանմունքի վարիչին. առաջին անգամ էի տեսնում քաղաքացիական հագուստով: Նրա դեմքին զարմանքախառն հիասթափություն կար: Ինչ էին խոսում, անհայտ էր, ուստի չկամեցա գուշակությումբ զբաղվել: Գուցե եղբորս դեռ կենդանի լինելու մասին լու՞րն էր պատճառը: Թերևս, Խորենը պարտքն էր համարել ասե՞լ, որ հիվանդներից մեկը հանկարծամահ է եղել: Եթե միտքս մնա, կհարցնեմ, -քայլերս հիվանդասենյակ ուղղելով՝ որոշեցի:

Մերուժն արթնացել էր: Այնքան լավ էր, որ համայցի ժամանակ թեև դժվարությամբ պատասխանեց բժիշկների հարցերին, միայն թե լեզուն, շրթունքները շատ հեղուկ կորցնելու հետևանքով ճաքճքել էին, և դյուրին չէր ըմբռնելը: Կեսօրին գյուղից ժամանեց ութսունամյա հորաքույրս՝ Արաքսին, միշտ կոկիկ, դեմքը կաթնագույն՝ ինչպես լավ մշակած մագաղաթ: Մթերքը թոռան ձեռքն էր տվել: Բազկատարած մոտեցավ և գրկից երկա՜ր բաց չէր թողնում Մերուժին: Ես տեսա, թե ինչպես եղբորս աչքերը լցվեցին: Աշխատում էր զսպել, չկարողացավ և հեկեկաց:

-Ջոջոն քեզ մատաղ, ջոջոն քեզ մատաղ, -մրմնջում էր Արաքսին՝ թեթևակի օրորելով եղբորորդու հյուծված մարմինը:

Ցավից արցունքած աչքերով բոկոտն մանուկն էրր նրա գրկում: Արյունած բութ մատը փոշուց մաքրել էր, խանձուր արել վերքին ու հիմա գրկած հանդարտեցնում էր՝ մինչև մայրն աղբյուրից դառնա: Իսկ Մերուժը… հիվանդանոցային տհաճ հոտի փոխարեն գյուղի, մեր հացատան, մարագում դիզած խոտի, չորաթանի բույրն էր առնում՝ մոռացած տարիքը, բժիշկներին, կնոջը. մանուկ էր՝ անօգ, անկար: Երկուսի դիրքն էլ անհարմար էր: Արագորեն բարձերը հարմարեցրի եղբորս թիկունքին, այնուհետ բռնեցի հորաքրոջս թևից, որ ամբողջովին շոր էր: Իմ շարժումը սթափեցրեց Մերուժին. ուղղվեց, ուժատ երեխան մնաց այնտեղ՝ լեռնահովտում: Ծովոն աթոռ բերեց: Ջոջոն նստեց, բայց դիրքը սրտով չէր. աթոռով կիպ մերձենալով Մերուժին՝ բռնեց ձեռքը: Այդ պահին աչքովս ընկավ դռան մոտ կանգնած Վարդանին: Մեծացել էր, բարդին՝ օրինակ: Երկու ձեռքով շարունակում էր բռնած պահել կապոցները՝ չկողմնորոշվելով անգամ արցունքները սրբելու համար գետին դնել:

-Վարդան զորավարս, արի, արի քեռուն բարևի, ձագ, -հորաքույրը ներքևից վերև հպարտությամբ չափեց ցածրիկ ու երկարուկ հիվանդասենյակի հետ չմերվող թոռանը:

Վարդանը ձեռքինն զգուշորեն դնելով հատակին՝ կարմիրը երեսին մոտեցավ մահճակալին ընկողմանած Մերուժին, բարևեց, հետո ամոթը մի կողմ դրած՝ կռացավ, պինդ-պինդ համբուրեց: Որքան էլ մշուշված՝ տեսա, որ Ծովոն նորից է աչքերը սրբում:

-Մեռնեմ արևին, մարդ է դարձել, -գորովանքով նկատեց հորաքույրը: -Քեռին թող ոտի ելնի, գանք տանինք մեր տուն: Մաքուր ջուր ու օդ բոլ են, որ քու ցավ մոռնաս: Խաչ, -կիսակռվարար դարձավ Ծովոյին, -էրեխուն դեղեր էս օր թալին, - նա վերստին անցավ հանդարտիկ տոնի. շոյում էր եղբորորդու ձեռքը, երգեցիկ մտորում: -Մոժոյիս փափուկ տեղ գցիմ, անուշ-անուշ քնի, ելնի, արդար կարագ, մածուն ուտի, պաղ ջուր վրեն խմի, զօրուն ման գա սարեր, քաղքի մունդռություն դուրս գա իրնե, -հետո խոսքը դարձյալ ուղղեց Ծովոյին: -Ձագ հաց կերե՞, -ու չսպասեց պատասխանի: -Վարդանս, բեր, բեր իմ ձեռով էրեխուն հաց տամ: Հենց իմանաս՝ քո մոր թխուկն ի: Իրնե իմ սորվուգ, լույս դառնա:

Լավաշում փաթաթած խաշլամա էր՝ դեռ գոլ, անքաշ պանիր, ապակյա լիտրանոցով կարագ՝ երեսին ջուր, որպեսզի չհալվի, մածուն՝ դեղին սերը վրան, էլի բաներ՝ ձու, կանաչի, մի կապ թթու դրած էրժնակ:

-Ուտողն ո՞վ է, էսքան բերել ես, -թույլ ժպտաց Մերուժը:

-Քու գործ չի: Կեր, որ ուժովնաս, ցավ խեղճցուս:

-Միասին ուտենք: Ծովո, երկու օր է, տանջվում ես, վերցրու, -Մերուժանը ձգվեց և մի պատառ խաշլամա վերցնելով՝ պարզեց նրան:

-Առանց ուտել, հալբաթ կհիվնդնաք: Ես որ լուսուն չուտիմ, իմ գլոխ կպտտի, էն Աստված:

Ախորժակով, մոռացած, որ հիվանդանոցում ենք, վայելում էինք մանուկ օրերի բույրն ու գույները պահած ուտեստը, երբ դուռը բացվեց, և ներս մտավ Ալիսը: Հարսը, սարքովի ժպիտը դեմքին բարևելով, շպարած այտը դեմ արեց ջոջոյի շուրթերին, ապա դարձավ ամուսնուն.

-Իմանայի ուտելիք են բերել, չէի չարչարվի: Քո սիրած ձևով եմ պատրաստել:

Նա ձեռքի տոպրակից, որի կողերին տաբատով աղջիկ էր դրոշմած, ածանոթ ֆիրմայի նշան, թթվասեր հանեց, տապակած կարտոֆիլ՝ կես կիլոյանոց բանկայի մեջ, երկու շերտ հաց, մեկ այլ ամանով՝ կիսել - ամենաչսիրածս բանը: Սեղանին փռած ուտեստի կողքին նրա բերածն այնքան քիչ, անշուք էր, որ այլ բան մտածելու առիթ էր տալիս: Հորաքույրը զարմանքով, հետաքրքրությամբ էր հետևում ամանները սեղանին զետեղող հարսին: Բոլորը մնջել էին, ուտել չէր լինում:

-Կարտոֆիլ լցնե՞մ, -հարսը դիմեց Մերուժին:

-Յուղո՞վ է, -հարցրեց հորաքույրը:

-էհ, տիկին Արաքսյա, կարագը հերիք անու՞մ է, որ: Գյուղի նման անչափ, անկշեռք չէ:

Կարծու՞մ ես, տիկին: Գիտե՞ս, թե մեկ կիլոգրամ կարագի համար, որը, պիտի ենթադրել, չփչանալու անվան տակ, հետո տանելու ես տուն, Վարդանը /բարևի էլ չարժանացրիր/ քանի խուրձ խոտ է սարից բերել, ի՜նչ դժվարությամբ...

Ամառն ամբողջ՝ մեր գործն անասնակեր կուտակելն էր. հունիս-հուլիսին՝ խոտ, օգոստոսին՝ ծղոտ: Առավոտ վաղ ճամփա էինք ընկնում՝ տասը-տասներկու տղա: Մի շնչի ելնում էինք Նախավկա սարը, մատուռի մոտ դադար տալիս, որպեսզի սքանչանաք հովտում փռված աշխարհի ամենաչքնաղ շենով, ձեռնափի վրա բացվող երակ՝ գեղադիր ձորակներով, մեկը՝ նրբիրան օրիորդ՝ կորած ծառուտում, մյուսը թրծած կողերով այր՝ սպասումի պահին: Ապա հայացքներս ոստոստելով անցնում էր անհրապույր բլուրներով, մի պահ միայն նկատելով շոգի շնչող Արտին սարն ու շարունակելով գնացքը՝ զարկվում կապույտ մորմոք Լեռանը, շուրջպարի ելած արնակից եղբայրներին, քույրերին, շրջանցելով՝ մոլորվում կորուսյալ երկիր տանող ճանապարհներին:

-Հիմա զենքի տեսակ կա, որ եթե այստեղից նշան բռնես, Արաքսի այն կողմի թուրք զինվորին կհասնի, -հավատացնում էր Հարութը:

-Եթե երևա, -նկատում էր մեկնումեկը:

-Ես տեսնում եմ: Հրեն, ետուառաջ է քայլում՝ կեռ թուր է կապել, գլխին չալմա կա, աչքերը ներս ընկած են՝ ճպռոտ, -ասում էր լուրջ, առանց հեգնանքի նշույլի, ու շատ ժամանակ հավատում էինք: Ես որ՝ այդպես էի:

-Ի՞նչ կա չհավատալու: Արայի լեռան մոտ տեղ կա, որտեղից Սիփանը երևում է, -պաշտպանում էի ես: -Հայրս է ասել:

-Իր աչքով տեսե՞լ է: Չեմ հավատում, -ձեռքը թափ էր տալիս Խաչոն:

-Քո գործն է, -հետո բորբոքվում էի: -Բա ո՞նց է Աբովյանը Մասսի գլխից ծովից ծով Հայաստանը տեսել: Թե­՞ կասես, էլի սխալ եմ:

-Վանա լիճը նույնպես, -հաստատում էր Հարութը, -ով խմբում ամենամեծն էր, նաև՝ ամենակարդացածը: Դպրոցը վաղուց էր ավարտել, բայց հասակակիցներին թողած՝ մեզ հետ էր ընկերություն անում: Խև է, ծալը պակաս, - նրա մասին խոսում էին:

-Ես էլ հավատացի: Համ էլ ե՞րբ է Հայաստանը ծովից ծով եղել, -չէր խաղաղվում Խաչոն:

-Տիգրան երկրորդի օրոք: Մի սահմանը միջերկրական ծովն էր, մյուսը՝ Վրկանա:

-Դա որն է՝ Սևը՞:

-Չէ: Սև ծովը՝ հեչ, հետո այն Պոնտական էր կոչվում:

-Բա Վանա լճին առաջ ի՞նչ էին ասում, -նրա գիտելիքներով հիացած հարցնում էի՝ բերանբաց սպասելով պատասխանի:

-Բզնունյաց, Տոսպա:

-Իսկ էն մյու՞սը, որ կողքին է:

-Ուրմիո լճի հետ ես՝ Կապուտան, -հայացքը մուժին՝ վերացած արձագանքում էր:

-Ստից խոսում եք, -խեղճանում էր Խաչոն:

-Գրքերում գրած է: Չես հավատում, գնա կարդա, -թև առած պատասխանում էի՝ խոսքս տպավորիչ դարձնելու նպատակով անգիր ցիտելով «Քաջ Նազարից»: -Սևանին էլ Գեղամա ծով են ասել, իմացիր, -Հարութի՝ մի քանի օր առաջ բացատրածը մտաբերելով՝ վրա-վրա շարունակում էի գիտելիքներիս պաշարն ի ցույց հանել:

-Դե որ այդքան գիտես, ասա՝ հիմա թուրք պագրանիչնիկն ի՞նչ է անում, -հեգնանքի էր անցնում նա:

-Ղութին հանել է, որ ծխի: Հրեն, տեսնում եմ, արծաթե տուփ է՝ Վանի վարպետների պատրաստած: Նույնիսկ տառերը՝ մեսրոպյան, երևում են: Կոտորածի ժամանակ պապն է ձեռք գցել: Գլուխը, գիտե՞ս, քոնի պես լոլոզ է:

Մենք քրքջում էինք, երբեմն, անութի տակից հանելով պարկերը, շրմփացնում Խաչոյի հետույքին:

Կոլտնտեսության խոտհարքներ տանող ճանապարհն անցնում էր Մարդասպան ձորով: Անձրևաջրերը լվացել տարել էին սայլուղու հողն ու ավազը՝ գլաքարերը հանելով արևերես: Որձաքարերից մեկին՝ մյուսներից համեմատաբար ողորկ ու հարթ, պայտ հիշեցնող փոսիկ կար: Սուրբ Սարգսի ոտնատեղ էր անունը: Երկրորդ դադարն այդտեղ էինք տալիս, և վերստին ծայր էին առնում զրույցն ու վեճը՝ սուրբ Սարգսի՞նն է, թե՞ Վարդան Մամիկոնյանինը, եթե Սարգիսը Գևորգ Մարզպետունին է/ինչպես համոզված պնդում էր Հարությը/, ապա մեր շենով անցնելիս նժույգից իջե՞լ է, թե՞ սրընթաց անցել:

-էդ մեկը չգիտեմ, բայց Նիկոլայ Առաջին թագավորին Բարսեղ Բեհբութովը դիմավորել է մեր գյուղում. այնտեղով է անցել արքունական ճանապարհը, -պատմության դասն էր շարունակում Հարութը:

-Ի՞նչ գիտես, -դարձյալ մեջ էր ընկնում Խաչոն:

-Կարդացել է, -սաստում էինք:

-Որտե՞ղ, -շարունակում էր համառել:

-Գրքերում, -միաբերան ծեփում էինք:

- «Ով ապա...-ի վրայով /տալիս էր մեր գյուղի անունը/, ուր նրան դիմավորել էր Հայկական նահանգի կառավարիչ իշխան Բարսեղ Բեհբութովը, հոկտեմբերի հինգին /1837թ./ անցավ Սարդարապատ: / «Արձագանք», թիվ 34, 2-ը սեպտեմբերի 1884թ/:

-Կերա՞ր, -հրճվում էինք:

Ինքը հա՞յ է եղել, -այս անգամ մեկ ուրիշն էր հարցնում:

-Այո:

-Բա ինչու՞ է ազգանունը ռսի:

-Եթե ցարական պաշտոնյա էր, պարտադրիր էր ռուսական ազգանունը:

Նա մեր հանրագիտարանն էր, հոմանիշների, բացատրական, ուղղախոսական, ուղղագրական, դարձվածաբանական բառարանը, հաշտարար դատավորը:

-Սևանատակ նշանակում է Սևանի տակ, -պնդում էր Լեռնիկը: -Այդտեղից էլ անեծքը՝ Սևանատակ անցնես, այսինքն՝ խեղդվես:

-Ոչ, ուզում է ասել՝ սև Անիի տակ գնաս: Անիի երկարշարժի հետ է կապված, -եռանդուն իմ վարկածն էի պաշտպանում:

-Բարդ բառ է՝ կազմված սև և հատակ արմատներից: Ան-ը ածանց է, -մեր ոգևորության վրա սառը ջուր էր լցնում Հարութը: -Ժողովուրդը նկատի ունի հողի տակ անցնելը: Խոսքը մահվան և թաղվելու մասին է:

Ու հավատում էինք, որ նա է ճիշտ, նրա մեկնությունը՝ ճշմարիտ:

Ձորի վերին նվագով բարձրանալիս սուսուփուս էինք առաջանում, որովհետև վերևում խոտհարքներն էին. հանդապահն ամեն պահ կարող էր հայտնվել, լսել ձայներս: Ոչխարի տասնյակ հոտերից թրաշված անգրավ բլուր-բլրակներից, ձոր ու ձորակներից հետո մեր դեմ բացվող ակնահաճո տեսարանը՝ կորնգանի կարմիր կարկատաններ ալպյան մարգագետնի կանաչ շրջազգեստին, այն աստիճան ցնցող էր, որ մոռանում էինք տևական վերելքի պատճառած հոգնությունը, շարունակաբար կրկնվող անհարկի վեճերը: Նպատակակետը միջնակներն ու արտերի քարակիտուկներն էին, ուր ծնկահար, երբեմն նույնիսկ գոտկատեղը հասնող խոտ էր բուսնում: Կորնգանին ձեռք չէինք տալիս, քանզի բռնվելիս ներում չկար: Մարդ-մուրդ չլինելու դեպքում վազքով, հակառակ պարագայում՝ կուզեկուզ, պատահում էր և սողեսող հասնում էինք միջնակին, պարկում թաքցրած մանգաղը հանելով՝ սկսում տենդագին հնձել: Շտապողականության, հուզմունքի, վախի պատճառով, ժամանակ էր լինում, խոտի, ավելի ստույգ՝ ծաղկեփնջի հետ մատներս էինք կտրում: Աչքաչափով բավարար կանաչ զանգված քաղելուց հետո մանգաղը կողմ դնելով՝ եղածը լցնում էինք պարկը: Գործողությունը վարժանք էր պահանջում: Որքան ուժներս պատում, սեղմում էինք՝ պինդ, հիմնավոր, այլապես հարյուր-երկու հարյուր քայլ չարած՝ պարկն ու պարանը թուլանալով՝ ճամփին հազար ու մի նեղություն կպատճառեին: Խաչոն բանում էր բռունցքով՝ հուպ տալով այնքան, որ պարկի կարերը բացվում էին: Լեռնիկը դիմում էր ոտքի օգնությանը: Մերոնցից համահավասար լցնելու վարպետ էր Գալեն: Ապա պղնձե լարով գոցում էինք բերանները՝ պարանը փռելով գետնին, օգնում կապոտել մեկս մյուսինը: Փոքրերը մի պարկով էին գալիս, ինձ պես միջակ ուժի տերերը՝ երկու, Խաչոն, ով բոլոր հարցերում էր ագահ, Հարութը, մեր Արան՝ երեք: Սրտներս տողն էր ընկնում ձորակ մտնելուց հետո միայն: Պարկերը դնում էինք, վերջնականորեն ուղղելով կապերը՝ իծաշարուկ ընկնում ճամփա: Պարանը խրվելով մաշկը՝ ցավեցնում էր ուսոսկրը, փայտացնում մատներս: Փոխադրում էինք մյուս ուսին, այնուհետ ավելի բարձր՝ ճակատներիս: Հարութը խորհուրդ չէր տալիս, սակայն այդպես ավելի հեշտ էր. ծանրությունը հիմնականում ընկնում էր թիկունքին, ուսերին: Հետագայում Թուրքիայի մասին պատմող հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ նկատեցի՝ Պոլսի բեռնակիրները ևս կաշեփոկերը ճակատով էին անցկացրել:

Դադարի կայուն տեղեր ունեինք, մեր քարերը, որոնց բեռը հենած՝ շունչ էինք առնում: Հարութը, Վրեժը, Արան ծխում էին, Խաչոն ախուվախով պտտվում էր ունեցվածքի չորս-բոլորը, պատռված տեղերից ցից խոտի փնջերը ներս հրում, երբեմն-երբեմն աչք գցելով մյուսների պարկերին՝ չլինի՞ իրենից ծանրը, շատ լցրածը կա:

Աչքս աշխարհաստեղծման առաջին օրվանից ալիք-ալիք սառած բլուրներին գցած՝ կանաչ էի փնտրում՝ ծարավս, բիբերիս ցավը մեղմելու մտադրանքով - զուր: Ծլթփա քարափներով հոսում էր հոտը՝ գլխավերևում փոշեամպ, պոկոտելով խոտի վերջին շյուղը, կճղակների տակ առնելով այն ամենը, ինչ հանդիպում էր ճանապարհին, ու թավշյա զրահից զրկված սարը՝ այլևս անօգնական, հոգեվարքի մեջ փորձում էր մերկ մարմինը շղարշել շոգիով: Պարզ նկատվում էին լեռան կողոսկրերը, որովհետև անձրևաջուրը ներծծվելու տեղակ գողացել էր հողաշերտի իր հասանելիքը՝ մնացյալը թողնելով քամուն, հաջորդ տեղատարափին: Արևը զենիթին էր հասած լինում, տոթը վրա էր տալիս՝ մեզ պարտադրելով շուտ դուրս պրծնել ձորի ճնշող գորշությունից, ուր քամի այդ ժամերին չէր խաղում, հեղձուկ էր անգամ ստվերում:

Երրորդ դադարն առավել երկար էր տևում: Բեռան տակից ելնելու, մարմնի փայտացած մասերի շարժունակությունը վերականգնելու ժամանակ ունեինք: Հանելով քրտնած շապիկները՝ մեզ տալիս էինք սյուքին: Ճակատներիս գծագրվում էր պարանի հետքը՝ կենտրոնում փոս ընկած ու կարմիր, եզրերն ուռած, որ արյան կանգի հետևանք էր: Շփում էինք մինչև մաշկի հարթվելը, քորի անցնելը: Աշխուժանում էինք, երբ Հարությն անցնում էր ժայռի թիկունքը՝ բնական պետքին գոհացում տալու:

-Գնաց, -գլխով էր անում մեկնումեկը:

Խաչոն, էլի մի քանիսը փորձել էին սեփական աչքերով ստուգել գյուղում պտտվող խոսակցությունների իսկությունը, բայց չէր հաջողվել, որովհետև նա ամեն անգամ խույս էր տվել՝ թիկունքը դեմ անելով: Հարութը երկու, թե երեք տարի առաջ էր ամուսնացել, սակայն կարճատև: Առաջինի ժամանակ ամիս անց բաժանվեց: Խոսում էին, իբր, նորահարսը հորանց տուն է դարձել՝ կուսությունը պահած: Հարսանիքի երրորդ օրը խոսքակռիվ եղավ՝ մայրերի: Հարութենք կարմիր խնձոր չէին ճամփել: Աղջկա կողմը պնդում էր, թե փեսան տղամարդ չէ, աղջիկը կույս քնում, կույս ելնում է: Հարութի մայրն իր հերթին անիծում էր այն օրը, որ ականջ դնելով հարևաններին՝ գնաց աղջիկ ուզելու, այն էլ ՝ անբարո Սոնայի, ում հետ շրջկենտրոնում ինչքան վարորդ կար, պառկել էր: Սուտ է, պտուղը ծառից հեռու չի ընկնի, -մեր փողոցով անցնելիս շաղում էր: Գյուղն այդ օրերին առավել հակված էր աղջկա կողմի խոսքին, որովհետև նախկինում հարսնացուի վարքում կասկածելի ոչինչ չէին նկատել: Բացի դա, Հարութի մոր կենցաղը ևս այդ առումով փայլուն չէր: Եվ հետո՝ բարբարոս խոսքուկռվում հակառակորդ կողմն ավելի անամոթ ու նախահարձակ էր: «Մեղա քեզ, տեր Աստված, անմեղ էրէխուս արատավոր շինեցին, - հիշում եմ հետո ջոջոյի մոտ սիրտը բացելիս դժգոհում էր Հարութի մայրը: Իսկ պատմածս օրերին բանը հասել էր այնտեղ, որ հարսի մայրը, քույրը, էլի չգիտեմ ով գնալով նրանց տուն՝ փեսային փորձել են պարտադրել իրենց ներկայությամբ պառկել հարսնացուի հետ, որպեսզի հետագայում զուր խոսք-խորաթա չլինի: Քայլը կատարել էին՝ համոզված, որ նախ՝ Հարութը դրան չի գնա, և ապա՝ եթե մինչևիսկ համաձայնի, հուզումն ու օտարների ներկայությունը կանեն իրենց գործը: Իսկ Հարութը թքելով բոլորի վրա՝ տնից հեռացել էր: Ամբողջ երեք շաբաթ, տեսնողների էին եղել, քնում էր Նախավկա մատուռում: Աղջկա կողմը դրա համար ևս բացատրություն գտավ: «Սրբի դուռն է գնացել, որպեսզի Աստված այրական շնորհք պարգևի», -տարածել էին: Պատմությունն ավարտվեց նրանով, որ հարսը մեկ ամիս սպասելով՝ գնաց հորանց տուն, իսկ Հարութն անվանարկվեց: Չհավատացողներ նույնպես կային, բայց սուտը, զրպարտությունը, ախտախառն միտքը զարմանալի որակ ունեն՝ նստվածք են տալիս, որքան էլ կամենաս չենթարկվել, օտարել քեզնից: Կասեմ միայն, որ Հարութը հետո ամուսնացավ էլ, երեխա էլ ունեցավ, սակայն խարանը, որ դրոշմել էին ճակատին, մնաց: Իսկ ինչ վերաբերում է թիկունքով կանգելուն, այն այսօր բացատրում եմ կրթվածությամբ, բարոյական նկարագրով: Ինչի՞ նման կլիներ, եթե նա իրենից տարիքով փոքրերի ներկայությամբ բավարարեր բնական պետքերը:

Երրորդ դադարը մատուռի մոտ էր: Որքան էլ ծարավ, դադրած լինեինք, հրում էինք փայտյա դուռը՝ մի քանի րոպե վայելելու քարե պատերի, ծխահար առաստաղի, սալարկ հատակի զովությունը: Խաչոն, Աղասն ընթացքում հասցնում էին մաքրազարդել խաչհամբույրի թասը, իսկ մենք պզտիկ քարերը ետուառաջ շարժելով՝ ջանում էինք ամրացնել պատին: Մեր ցանկությունն այդ պահին պիտի հայտնեինք՝ միայն Սրբին լսելի: Եթե քարը չընկներ, կպած մնար փոսիկում, ուրեմն՝ բարձրյալին հաճո էր խնդրանքը: Հավատ չէինք ընծայում, բայց և անձկում էինք մնա, չընկնի. ի՞նչ իմանաս, գուցե այս անգամ...

-Սուրբ Նախավիկ, արա այնպես, որ մայրս կենդանանա:

-Թող Հասմիկը նկատի իմ տվայտանքը:

-Բաց լինի ճամփան մինչև Տիգրանակերտ, Արտոս, Փոքր Հայք ու Փայտակարան:

-Անտառներով ծածկվեն լերկ բլուրները:

-Գա այն օրը, որ մեր հարևան Վարոյին հարցնեն՝ եռահարկ տունը որտեղի՞ց, ինչպե՞ս առար:

-Պարկերը դարնիվար գլորելիս պատռվի Խաչատուրինն ու խոտը ցանուցիր լինի:

-...Եվ դարձյալ բաներ:

Պարկերը զարկվում էին այս քարին, դեմ առնում այն թփին, փշին, մեկմեկու, լռվում: Ուղղում էինք ու նորից՝ գիլ-գլոր, գիլ-գլոր, այս անգամ մինչև առուն, որն այդ ամիսներին ցամաք էր լինում: Պատահում էր, բեռը խփելով թմբին ոստնում էր դենը, հայտնվում Սարգսենց այգում:

Առաջին, երկրորդ, երրորդ շալակ խոտն այդպես, այդ ճամփով էր տուն հասնում: Հետագայում օր օրի շալակատարի մեր գործը դժվարանում էր, խոտհարքը հեռանում: Սկսվում էր համատարած հունձը, մարգագետին-օրիրոդը զրկվում էր կուսությունից, կարմրակակաչ, երիցուկներով նախշազարդ զգեստից, այլևս օծանելիքի բույր չէինք առնում, մարդ, անասուն լցվում էին դաշտ, ու մի խուրձ խոտի համար հարկադրված էինք հասնել գյուղի հեռավոր հանդերը:

Գարու ծղոտի համար հատուկ պարկեր ունեինք՝ մարդահասակ: Կիտուկը ետ տալով՝ պաճը լցնում էինք, ընկնում ճամփա: Հնձած արտով քայլելը դժվար էր. ծղոտը հարում էր ոտքերս, մարգագետնով՝ էլ ավելի - փշերն էին կախ ընկնում՝ մաշված ոտնամաններից սողոսկելով ներս: Գլխավերևում կիզիչ արև, ոտքի տակ մեկ՝ խանձած գետին, մեկ՝ խոզան, մեջքն ի վար իջվարող քրտինք, կողքներիցս տարուբերվող դատարկ տափաշիշ... Քայլում էինք՝ ականջներումս խուզած ցողունի միալար խշրտոցը, որը երբեմն-երբեմն ընդմիջվում էր արտույտի մոլոր կանչով, բլրի թիկունքով անցնող մեքենայի հռնդյունով: Նման պահերի արագացնում էինք քայլերս, մինչև ձայնը հեռանում կորչում էր, ու կրկին մենակ էիք մնում մեր ոտքերի քստքստոցի, բեռան, քրտինքի, ծարավի ու վերևից թափվող կրակի հետ:

Մի տարի, լավ հիշում եմ, զինվորական փոքրիկ կայազոր էր հայտնվել մեր կողմերում: Ողջ ամառը մնացին: Բլրակի գագաթին ալեհավաք էին կանգնեցրել, չորս-հինգ վրան խփել: Մեզ դեմքով գիտեին: Փոքրիկ տափաշշերն առած վազում էինք, վրա պրծնում ջրին: Խմում էինք՝ մեկ, երկու, էլի, էլի, լցնում ջրամանները: Ծարավներս հագեցնելուց ետք էինք զգում, թե որքան սոված ենք: Մոտերքում մեծ սալաքար կար, կենտրոնում՝ գուռ: Զինվորները հացի ավելցուկն այնտեղ էին լցնում՝ թևավորներին, գազանիկներին ի կեր: Չդիմանալով գայթակղույթյանը՝ ընտրում էինք համեմատաբար խոշոր, վրան մատնահետք չունեցող պատառները: Պատահում էր, ամբողջական հացեր էին լինում շպրտած, հիմնականում՝ սև, օգոստոսյան բարկ արևի տակ երկար մնալու հետևանքով՝ կարծր, այնքան, որ լնդերս քերծվում էին, արյունում:

Տիկին, գյուղում այդ կերպ էին կարագի ու մածնի տեր դառնում: Հապա ի՞նչ ես կարծում: Քո ամուսինն էլ՝ջահել ուսանող, ամառները մեկ-մեկ միանում էր մեզ: Իսկ նրանց ժամանակ ավելի վատ է եղել: Մեծ կռվի տարի... Գողեգող մտել են հնձած արտը, կռութ հավաքել: Գլխի ընկա՞ր ինչի մասին է խոսքը. արտում մնացած ցորենհասկի, այն, որ հավք ու անասունի բաժինն է եղել: Հավաքել են, փունջ արել, որպեսզի հետո նույն Մարդասպան ձորում՝ արդեն աչքից հեռու, հասկը փշրեն տոպրակում, էրնեն, որ ինչ է՝ կլիո, երկու ցորեն դուրս գա՝ մի ճաշացու: Բռնվելու դեպքում, հո, թողություն չկար. հաշված էին ամեն հասկը, ցորենի, գարու յուրաքանչյուր հատիկը: Կարծում ես, շա՞տ բան է փոխվել: Չե՞ս հավատում, արժանապտվությունդ մի կողմ դնելով՝ հարցրու Վարդանին: Որ սկսել եմ, լավ, շարունակեմ, թեև գիտեմ՝ ձանձրացրի, զայրացրի: Ուրեմն՝ հնձից հետո մեկ-երկու շաբաթով մարդկանց թույլ են տալիս փոցխել խոզանը: Ավելի ստույգ, տեսք են ընդունում, թե չեն նկատում, դա էլ այն դեպքում, եթե տնտեսության տնօրենը խղճով մարդ է, գյուղացու դրության մեջ մտնող: Թե չէ կան, որ հնձից հետո տրակտորի ետքից կապել տալով գութանը՝ եղած-չեղածն առնում է հողի տակ՝ հանուն վաղվա լավ բերքի: Անասնահոտերին անգամ կրծելու բան չի մնում: Իսկ սովորաբար, ծղոտի վերջին հակը տեղափոխելուց հետո մեծ, փոքր դաշտ են լցվում: Վաղ վրա հասածներին կորնգանի, գարու արտերն են բաժին ընկնում, ուշ եկածներին՝ ցորենինը, որ ավելի կոշտ է, դժվարամարս, սնունդը՝ սակավ: Փոցխում են, միջնակներն ու կոմբայնի դանակների բերան չբռնած տեղերը վերստին հնձելով՝ կիտում մի տեղ: Գիշերները շատ մարդ դաշտում է քնում, քանզի բանում են մինչև արևմտոց, մինչև հորիզոնի կարմրելն ու ստվերների երկարելը արտով մեկ: Հետզհետե աղմուկը դադարում է, թռչունները՝ սսկվում, գյուղում առկայծել են սկսում լույսերը, երկնքում՝ աստղերը, քամի է ելնում, տարուբերում միջնակների փշերը, խռնդատի խավոտ կոթունները, ավելուկի չորացած փնջերը՝ սերմերի կարմիր շարուկով: Տաք հողին, ծղոտի վրա շոր են փռում, շուրջանակի նստոտում, եթե շատվոր են՝ ճաշակելով ինչ ունեն՝ հոգնած, խաղաղ հայացքները խավարին, հարևանների՝ հեռվում երևացող ու կորչող ծղոտի բարդոցներին: Փոքրերն ապա դադրած քուն են մտնում, պատանիները մտքով փոխադրվում գյուղ՝ ակումբի դռանը հավաքվածների հետ ասել-խոսելու, երկա՜ր նայելով կինո, գրադարան գնացող օրիորդաց ետքից կամ թե չէ՝ դարձալ մտովի շրջանցելով բլուրը՝ գողեգող մոտենում դեզին պառկած հասակակից օրիորդին, ով այդ պահին սպասման, հաճելի թմբիրի մեջ քնել չի կարողանում ու չգիտի ուզածն ինչ է, ու չգիտի աճուկներն ի վեր ելնող անորոշ, անհասկանալի, անըմբռնելի ցանկությունը որտեղից է՝ հողի՞ց, որ ջերմ է, ծղոտի՞ց, որ հացի բույր ունի ու տարփանքի գույն, թե՞ բլրից այն կողմ պառկած հասուն արտ-պատանու մնչոցից, որ քամու հետ ալիք-ալիք գալիս, առնում է ականջին՝ ողողելով ներսն ամբողջ, տիրելով միտք ու մարմին: Տղան ձեռքը երկարելով՝ անզգայության մեջ բուռն է առնում հողի գուղձը, տրորում ափերում, ապա պոկոտելով խրբուկի փնջերը՝ մշրում է, դարման անելով տալիս քամու բերանը: Աղջիկը ելնում, շորորաքայլ գնում է, մղվում բլրի կողմը, ոտքն առնում է խլուրդի կիտած հողին, քիչ է մնում ընկնի, պարզում է ձեռքերն ու գայթելով առաջանում, խորանում խավարում: Հետո միայն աչքը ջոկում է բլրի կատարին նստած հոր ծխախոտի կայծերը, ականջը լուցկու հատի չրթոց է որսում, քրթմնջոց, ապա՝ քխկոց /հոր ձեռքից ծխախոտն է, ուրեմն, ընկել/ ու... ետ դառնում: Կեսգիշերին լուսնյակը դուրս է լողում ամպերի տակից, հարթավայրն ամբողջ, սարերը՝ խոժոռ, ներկում կաթնագույն ու թվում է, հազարամյա հողագնդի վրա աշխարհաստեղծման առաջին օրից քիչ բան է փոխվել. նույնն են հողը, լեռները՝ կուտակ, երկինքը՝ սևին տվող, ծղրիդի ձայնը՝ խաղաղ օրերի նշան, շշուկը քամու, սվսվոցն էրժնակի ու մարդը՝ նմանապես: Այդպես էլ խաբկանքի մեջ քնում են մինչև արևգալ, մինչև ծղոտը տանելու համար կժամանի բեռնատարը:

Տիկին, քմծիծա՞ղ ես տալիս, ջոջոյի հագուստ-կապուստը, բարբառը, որով անուշ զրուցում է հիվանդի հետ, սրտովդ չե՞ն: Քոնը, տիկին, քոնը չիմացանք որն է: Ճանաչածս օրից գիտեմ-չգիտեմ՝ ուշք ու միտքդ դրամն է, առնելը, կուտակելը: Խոսակցություններդ էլ, հո, բյուրեղապակուց, գորգից դենը չանցան: Պարծենում ես, թե ճաշի քառասուն արծաթյա գդալ ունես, սպասքապահարանդ ու գրքերինը տրաքվում են տեսակ-տեսակ հախճապակե, բյուրեղյա սկահակներից, գավաթներից: Ծաղկամնադ միայն հինգ հարյուր արժե, ջահդ՝ անճաշակություն, հազար: Սակայն ի՞նչ օգուտ, եթե առել ես, շարել շուրջբոլորդ ու չես գործածում, եթե խոհանոցում էլի տասը տարի առաջվա պռունկը թռած ջրամանն ու միայն ուսանողական ճաշարաններում, զորանոցներում հանդիպող պատառաքաղ, գդալ, պնակներ են: Ձեռքդ չի գնում, որովհետև հալալ քրտի՞նք է: Չէի ասի: Կարծում ես, կմոռանա՞մ. առաջին տարին էր: Գալեի հետ զբոսնում էինք մեր կողմերը: Խանութում խաղող էին ծախում՝ ընտիր, հոկտեմբեր ամսվա ոսկեգույն ողկույզներ, մի արկղ արև: Հինգ ռուբլի տվեցինք: Երեքը Գալեն ուներ, երկուսը՝ ես: Հանրակացարան՝ Գալեի սենյակը տանեինք, բան չէր հասնի, համ էլ հեռու էր: Ձեր տուն առաջարկեցի: Երկրորդ ամիսն էր, որ ձեզ հետ էի կենում ու չէի հասցրել լավ ճանաչել: Մտածում էինք՝ կլվանանք, միասին կուտենք՝ անկաշկանդ, առանց ձև ու ձևականության, ինչպես դաշտում է, ինչպես, երբ մենակ ես: Հիշու՞մ ես: Գալեն կամենում էր արկղով խոհանոց մտնել, չթողեցիր, թե՝ պատշգամբ տարեք: Երկու-երեք ժամ նստեցինք, տասն անգամ շուռումուռ տվինք օրվա դատարկանյութ թերթերը, հեռուստացույցի ալիքները փոխեցինք, մինչև Մերուժը եկավ: Հույս ունեինք գոնե այդ ժամանակ խաղողը մեջտեղ կհանես: Մերուժն էլ տաք մատնաքաշ էր բերել /խաղողը հաց ու պանրով գիտե՞ս որքան լավ է/: Բայց թե՝ չբերեցիր, մտքովդ չանցավ: Երևի քո հաշվով՝ արտառոց ոչինչ չկար: Ի՞նչ մեծ բան էր՝ մի արկղ խաղող, եղած-չեղածը՝ հինգ ռուբլու: Փոխարենը դու էլ թեյ հյուրասիրեցիր, հոտած ձիթապտուղ, որը, որպես երկրորդական հումք, ռեստորաններից, ինչ իմանամ որտեղից դուրս էին գրել՝ խոզերին կերակրելու համար, իսկ եղբայրս քո թելադրանքով լավերը ջոկել, բերել էր տուն: Հիշեցի՞ր: Իսկ Արային ու նրա հարսնացուին ինչպե՞ս էիր ընդունել: Քիչ մնաց չամուսնացած՝ բաժանվեին: Առաջին անգամ էին ձեր տուն գալիս, այն էլ քո պնդմամբ, թե՝ բեր տեսնենք, ծանոթանանք: Կրկնվել էր մոտավորապես նույն պատմությունը, ինչ ինձ ու Գալեի հետ: Նրանց այցը զուգադիպել էր Մերուժի գալուն: Արան օգնել էր մեքենայից խաղողը հանեն, ու ամեն մեկը ձեռքին մի արկղ /հիմա կասես՝ խաղողի պոչը բռնել, չի թողնում/, բարձրացել են հինգերորդ հարկ, ետքից՝ նշանածը: Հյուրին կիսատ-պռատ ընդունելով՝ շտապել ես պատշգամբ, ողկույզները մեկ առ մեկ հանել և, որպեսզի չփչանա, տեղավորել. լավերը մի կողմ, համեմատաբար վատերը, ճխլվածները՝ մի: Վերջում արկղերում մնացած հատիկները ծորակի տակ լավ լվանալով՝ հյուրասիրել ես հարսնացուին: Հիմա դարձյալ կասես՝ ի՞նչ կա որ, ես էլ էի ուտում: Իհարկե, քո ասածն է. չոփը գերան եմ շինում, ձևականությունների, մանրուքների ետևից եմ ընկել: Համ էլ, իրոք, ափսոս էր, հո չէի՞ր թափելու: Ու հիմա ջոջոյին ջանում ես համոզել, թե Մերուժն էն գլխից ուտող չէր: Ու՞մ տվածը կուլ կգնա, եթե հաշվում, փողի են վերածում յուրաքանչյուր պատառը:

***

Հորաքույր Արաքսին գնաց՝ խոստանալով Վարդանի հետ գյուղից ավելուկ ճամփել, սիբեխ ու սիվտկուկ: Մերուժի հայացքը երկա՜ր չէր պոկվում շեմի վրա զրույցի բռնված ջոջոյի թիկունքից. ասես կախ ընկած կամենում էր հասնել կորսված փառքի պես անձկալի մանկութ վայրերը, որպեսզի մի վերջին անգամ տեսնի երկինքը, մայրամուտին՝ բոսոր, հրայրքոտ, գիշերը՝ կապտագույն, աստղացան, այգաբացին՝ գաղտնախորհուրդ, կաթներանգ, ունկնդիր լինի ծառերի սոսափին՝ երազուն, շունչն առնի հողի, քարերի՝ վրան մամուռ, տարիների կնճիռ, մագլցի պառաված ծերպն ի վեր՝ բռնած մացառներից, կոխ տա փշերը՝ բրդի ծվեններով զարդարուն, ջուր ըմպի աղբյուրներից՝ սառցահամ, խենթանա բզզյունից՝ մեղուների, դեղին ծփանքից՝ ցորենարտի և մնացյալից նույնպես, որ իրենն էին՝ շապիկն օձի՝ քարի ճղոնում, և սարդոստայնը՝ ձեղունից կախ, և աղավնին ճախրող՝ ճերմակ ճարմանդ օդում, մասրենին կարմիր՝ անտաշքարե պատից այն կողմ...

Ինչպես պարզվեց, նկատվածն անցողիկ տրամադրություն չէր, որ իջավ Մերուժի վրա հորաքրոջ այցից հետո, կեցվածք, որ ընդունեց, այլ սևեռուն գաղափար, համակ էություն՝ մղում բոլոր նյարդերի, մանրամասների, բջիջների: Դա ընդվզում էր և հոգու, և մարմնի, որոնք շատ զորեղ են դաշինքի մեջ գտնվելիս, համախոհության դեպքում: Այն շինծու միջավայրից բնականին, օտարից հարազատին դարձի, միտքն ու մկանունքը կապանքից հանելու, ազատության անհրաժեշտության գիտակցման, դարձի պահ էր: Ամեն ձուկ իր ջրում պիտի լողա, ամեն ծառ իր հողն ունի, -շարունակաբար կրկնում էր ջոջոյին:

-Բերաններիս համն է փոխվել, շնչածս օդն է ուրիշ, ուրիշ բան մտորում ենք, այլ խոսում, ներսից լալիս ենք, դրսից ժպտում: Անունն ի՞նչ է, չկարողացա Համազասպ անունը դնել որդուս վրա: Ամո՛թ: Թող լինի անբարեհունչ, Համազասպ էլ չէ, թող Համզե լինի - դրանից անուշ անու՞ն: Եթե ես չդնեմ, ո՞վ դնի, եթե ոչ ես, ո՞վ պահի, տեր կանգնի, փոխանցի: Դավաճանություն է: Սրանից մեծ ոճի՞ր: Գոնե դպրոցի հարցում չզիջեի...

-Մերուժ, հանդարտվիր, -հորդորում էի, -մի տեղ կորցնում ենք, մեկ այլ բանում՝ շահում: Ժողովուրդը զու՞ր է հորինել՝ չկա չարիք, առանց բարիքի:

-Չգաս, ինձնից քեզ խորհուրդ՝ քաղաք չգաս: Թե լավացա, ես էլ եմ գալու: Գյուղում հող կառնեմ՝ Նախավկա սարի տակ, կամ օձի քարափի դիմաց: Տուն կշինեմ՝ լավ տուն, իսկական տուն, մնայուն տուն, -վրա-վրա կրկնում էր, շնչասպառ, ինձ մոռացած՝ գնում Նոր տան հիմքերը գցելու՝ իր ձեռամբ, իր սրտի ուզածով:

Կյանքի վերջին օրերը տանն անցկացրեց: Գիշերները հերթով խնամում էինք՝ Խորենը, Գալեն, ես, Ծովոն, մեծերից՝ Թորոսը, Պարույրը, որ գյուղում էին կենում: Կնոջը մոտ չէր թողնում, նյարդերի վրա ազդում էին նրա յուրաքանչյուր խոսքը, շարժումը: Ալիսը ևս իր հերթին, ինչպես պարզ նկատվում էր, հաշտվել էր ամուսնու մահվան մտքի հետ: «Ձեր մեռելը՝ ձեզ», -որոշել էր, թեև տեղն եկած պահին վարպետորեն ախուվախ էր անում, լալիս: Զավակները նմանապես մի տեսակ ընտելացել էին հորը միշտ հիվանդ տեսնելուն, ամենօրյա անցուդարձին: Փոքրիկը /ի՞նչ մեղադրես/ ամբողջ օրը դրսում խաղում էր, տանը եղած ժամանակ աղմկում, միացնում հեռուստացույցը, կռվում քրոջ հետ: Մեծ որդին, որ այդ տարի պիտի ավարտեր դպրոցը, շինարարականի համար էր պատրաստվում: Յոթ հարյուրական ռուբլով դասուսույցներ էին վարձել: Ողջ օրը կամ կողքի սենյակում կարդում էր, խնդիր, վարժություն լուծում՝ անցուդարձին անհաղորդ և կամ, անաղմուկ հագնվելով, այցում պարապողներին: Ալիսը երկաթյա օրենք էր սահմանել՝ դասերից բացի չզբաղվել ոչնչով, մնացյալ ամեն բան անկարևոր է, կշեղեն գերագույն նպատակից. ոչ մի հուզում, ապրում, եթե անգամ արևաշխարհից հեռացողը հայրդ է, ու դու՝ նրա արյան ուղիղ շարունակողը: Միայն դուստրն էր սրտին մոտ ընդունում հոր վիճակը: Լռությունից, դեմքին իջած թախծից, հեռուստացույցն անջատած պահելու համառ, անլուր ջանքերից, ամեն մի արարքում նկատելի էր գորովը: Մատղաշ, նոր-նոր հասունացող աղջիկ, ծնկում էր հոր առաջ և քնքշանքով, զգույշ, որպեսզի ցավ, նեղություն չպատճառի, գուլպաները հագցնում Մերուժի թմբուկի պես ուռած ոտքերին, հետո շփում, շփում սառը մաշկը՝ ջանալով վերականգնել արյան շրջանառությունը:

-Գնա, անուշս, ես լավ եմ: Սառը հատակին մի ծնկիր, -մտահոգվում էր հայրը:

Որպեսզի մեծ սենյակից հեռուստացույցի ձայնը չհասնի, փակում էի ննջասենյակի դուռը, նստում Մերուժի կողքին: Տեսնում էի, ժամանակ առ ժամանակ գալիս՝ ոտքի թաթերին կանգում է, ականջը դեմ անում ապակուն: Հայրը ներսում տնքում էր, ընդհատ շնչում, իսկ նա անփայլ, նախշկեն ապակու ետևում արցունքներն էր սրբում, հազիվ լսելի հեծկլտում՝ ինչպես շան քոթոթը, երբ դրսում ցուրտ է, ցեխ, ու անհոգի մեկը քացով տվել կողոսկրին, թռցրել է աղբակույտի վրայից, ուր պիտանի բան էր փնտրում:

Ոտքերի ուռչելուց հետո վիճակը երևութապես լավացավ, շնչառությունը բացվեց: Ուրախություն երևան եկավ նաև դստեր դեմքին, բայց դա վերջն էր: Դարձյալ միզկապություն նկատվեց, ու հեղուկը, ֆիզիկայի պարզագույն օրենքի համաձայն, կուտակվել սկսեց վերջույթներում: Պառկել գրեթե չէր կարողանում. հեղձուկը վրա էր տալիս: Խորենի ասելով՝ լյարդը մեծացել, ճնշում էր ստոծանուն, երիկամներում, ստամոքսում կուտակ արյունը՝ իր հերթին: Անընդհատ քխկում էր՝ ջանալով թոքերում հավաքված լորձից, փրփուրից ազատվել, բայց շնչուղիները կրկին ու կրկին լցվում, խցանվում էին. անհրաժեշտ քանակությմաբ արյուն արդեն թոքերը ևս չէին ստանում: Հավանաբար նույնն էր կատարվում նաև ուղեղի հետ: Առանձին կենտրոններ այլևս չէին կառավարվում, տարօրինակ բաներ էր խոսում, համենայնդեպս՝ սթափ ուղեղի դատողություններ չէին: Հասկանալն էլ դյուրին չէր, որովհետև լեզուն, ձայնալարերը կորցրել էին ճկունությունը: Միայնակ քայլել, ոտքի վրա մնալ ի զորու չէր: Թևերի տակ մտած՝ բերում էինք հյուրասենյակ: Նստում էր բազկաթոռին, հայացքը հառում վարագույրների բացվածքից թափանցող լույսին, ականջ պահում բակում խաղացող մանկանց աղմուկին: Ծովոն բրդյա ծածկոցը գցում էր ուսերին՝ ծոփքերը վերջում փաթաթելով ծնկներին, ես հողաթափերն էի ուղղում, Արան՝ թիկունքի բարձը: Թույլ էր տալիս իր մասին հոգալ, խնամել, բայց րոպե հետո ծնկներից գցում էր շորը՝ բոբիկ ոտքերը երկարելով սառը հատակին: Մենք իրար էինք խառնվում:

-Չի մրսում, -հասկացնում էր:

Ի՞նչը մրսեր, որտեղի՞ց մրսեր. ոչ թե ոտք ու ծունկ էր, այլ տձև զանգված՝ մաշկի յուրօրինակ փայլով: Երբեմն հայացքը շրջում էր սենյակով, մեկ առ մեկ կանգնում տան կայքի վրա: Նման պահերի անտարբերությանը փոխարինելու էր գալիս ատելությունը: Սևացած, ուռած շրթունքները շարժվում էին, աչքերում չար փայլ հայտնվում: Թվում էր, հիմա վեր կկենա, կտա կփշրի ինչ կա տանը՝ կյանքը խորտակած այդ հարյուրների հասնող բյուրեղապակյա ծաղկամաններն ու գավաթները, սկահակները, ոսկեզօծ գդալ-պատառաքաղները, մոմակալները, առաստաղի ու պատի ջահերը, լատունե մետրանոց սափորներն ու աշտանակները՝ բերած հազար ու մի տեղից - էլ Ճապոնիա ու Հնդկաստան, Գերմանիա ու Չեխոսլովակիա, ինչ գիտենաս՝ որտեղ: Երբեմնակի զայրալի հայացքն ուղղվում էր խոհանոցի դռանը, ուրկից գդալի, պատառաքաղի ձայն էր գալիս: Հասցեատիրոջն էր փնտրում ու չգտնելով՝ պատահում էր, նախատինքով մեզ դառնում, կարծես ասելիս լիներ՝ դուք նմանապես մեղավոր եք: Ես էի կուլ գնացել նյութին, օրերս, ուժերս, կյանքս այս աղբը հավաքելու վրա վատնեցի, իսկ դուք ինչու՞ չստիպեցիք, չասիք՝ կանգնիր, ետ դարձ: Շարունակ զիջելով, լռելով՝ Չարին դրսևորվելու, իրեն առաջնորդ կարծելու, ճիշտ ու ճշմարիտ համարելու հնարավորություն, իրավունք, միջոց տվինք: Տվեցի՛նք: Մինչդեռ կարող էր ամեն ինչ այլ ընթացք ունենալ, եթե... Ափսոս միայն՝ անցած օրերը, ինչպես գրքի վատ գրված գլուխ, պարբերություն, ջնջել, նորովի շարադրել և կամ՝ հիմնովին շտկել հնարավոր չէ: Շա՜տ ափսոս: Միշտ բռնվելու, մերկացվելու, ութ-տասը տարի բանտ նստելու ահը սրտումս, դողէրոցքի մեջ, խոտոր ճանապարհներով փող բերի տուն, սուտ-փուտ տեղեկանքներ ստորագրեցի, հարյուր տեսակ տականքի հետ գործ ունեցա, որպեսզի գրպանումս քսանհինգ, հիսուն, հարյուր ռուբլի /նայած օր/ տուն գամ, ինչ է թե կնոջս այսօր սա է պետք, վաղը մեկ ուրիշ բան, քանզի կամենում էր մետաղով, փայտով, այլևայլ անպիտո իրերով լցնել սենյակները, գինդեր կախել բլթակներից, գցել վզով, շարել մատներին, որովհետև ունեցածը նրան միշտ քիչ էր թվում, աչքի առաջ իբրև օրինակ ուներ մանեկեն ընկերուհիներին, նրանց եղջյուրավոր ամուսիններին, ովքեր ամեն օր էին խորոված ուտում, մի քանի մեքենա ունեին և տներ: Աչքերով, մարմնով, խոսքով, ներկա ու բացակ պահերին հրամայում էր՝ դեհ, մի հապաղիր, շուտ, գտիր անհրաժեշտ գումարը, ապրանքը, իսկ թե որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով, հետաքրքիր չէ: Դիմացիր վազքին, ձի, ուրիշ ճար չունես: Տես, հա՜, հյուր գնալիս չփորձես հոգնած, ուժասպառ երևալ, առույգ, միշտ առույգ, անհոգ, ժպտերես: Հաճոյախոսիր, համաշխարհային մեծությունների անուններ տուր, չլինեմ, չիմանամ խոսքիդ մեջ բարբառ սպրդի - չեմ ների, իմացած լինես...

***

Մերուժենց տանը չեղած ժամանակ ամեն րոպե սպասում էի զանգի, վատ լուրի: Անխուսափելին պիտի գար, պիտի լիներ: Նրա մտքով մահ անցնու՞մ էր, երևի, այո, որովհետև խաղաղ մի պահի Ծովոյին հասկացրել էր, որ եթե, բան է, մեռնի, զավակներն օրվա հացի կարոտ չեն մնա, բանկում այնքան փող ունի, որ ցանկացած պահի կարող են փոքրի համար տուն գնել, նույնիսկ ապագա հարսնացուների ոսկեղենն է պատրաստ, ամեն բան տեղը տեղին՝ մատնիք, մանյակ, ականջօղ… Հիմա, երբ մեկ առ մեկ վերհիշում եմ ասածները, փրկվելու, հիվանդությանը հաղթելու ճիգերը, հուսահատ պայքարը, համոզվում եմ, որ, այո, գիտեր և ասպետորեն տարավ ամեն ցավ, միայնակ գոտեմարտեց, միայնակ հաղթվեց:

Խոր գիշեր էր: Մյուսները, Ծովոն գնացել էին, Ալիսը երեխաների հետ փակվել էր մյուս սենյակում, հանգցրել լույսը: Մտադիր չէի քնել, բայց Մերուժը պարտադրեց պառկել, ասաց՝ լավ եմ զգում: Այդպես էլ առանց հանվելու մեկնվեցի կողքի մահճակալին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակ չկորցնեմ: Աչքս նոր էր կպել, երբ ծանրություն զգալով՝ արթնացա: Մերուժը գլուխը ետ էր գցել, ընկել վրաս: Անդրանիկ միտքը, որ ծիլ տվեց, մահն էր:

-Մերու՞ժ, -շշուկով հարցրի:

-Այսպես ավելի հանգիստ է, դու պառկած մնա:

Ակամա ձեռքս երկարելով՝ շոյեցի ճակատը, մազերը: Մատներս դողում էին, ուստի ամուր էի հպել, որպեսզի չզգա:

-Վախեցա՞ր, -հոգեվիճակս ըմբռնեց:

«Իսկ դու՞, չե՞ս սարսափում», -անզսպելի կամեցա հարցնել, հետո սանձեցի ցանկանքս՝ մահամերձի հետ չի կարելի նման բան խոսել:

-Լույսը վառիր, -կարգադրեց:

Վառեցի:

-Օդանցքը բաց, շոգ է:

Կատարեցի և այդ ցանկությունը:

-Ծխախոտ կպցրու:

Երկու ամիս կլիներ, չէր ծխում: Վառեցի, ծուխը մեկ-երկու անգամ ներս քաշելով՝ տվի: Անհավես ծխեց: Այնքան թույլ էր, անուժ, որ ծխախոտը մի քանի անգամ մատների արանքից ընկավ: Մի ձեռքով գլուխն էի պահել, մյուսով ստեպ-ստեպ վերցնում էի մոխիրը:

-Մեծ սենյակ տար:

Մի կերպ տարա: Մարմինն ավելի էր թուլացել, ոտքերը գրեթե քարշ էին գալիս: Բազկաթոռին փոքր ինչ ննջեց, հետո թե՝ աթոռին նստեցրու: Տեղը չէր գտնում: Հիմա էլ պահանջեց պառկեցնել գորգին:

-Ուղիղ տեղ եմ ուզում:

Ենթարկվեցի:

Գթում էի: Այնքա՜ն մեղք էր: Հնար լիներ, ցավը մի քանի օրով ինձ տար, իսկ ինքը հանգստանար՝ քներ, շնչեր ազատ, լիաթոք… Միայնակ՝ ցավի, մահվան, անտարբեր քնած աշխարհի դեմ - սա է մարդու ճակատագիրը: Ի՞նչ ուզում ես արա, անկարող ես կիսել տառապանքը: Շփոթված արձանել էի: Ներքևում՝ հատակին մի կողքից մյուսն էր շրջվում նրա արդեն չպայքարող, հոգնած, ուժատ մարմինը:

-Մերուժ, վեր կաց, Մերուժ…

Ծնկած՝ ցածրաձայն, լացակումած շշնջում էի: Չէի ցանկանում, որ հարևան սենյակներում քնած կինը, զավակներն արթնանան:

-Թո՛ղ:

-Գնանք տեղաշորում պառկիր: Մերուժ ջան, կմրսես, ախպեր ջան…-ձայնիս պաղատագին երանգը, հավանաբար ազդեց. ուշքը եկավ վրան:

-Անհարմար է, -ուռած շուրթերի արանքից մի կերպ արտաբերեց:

-Ասում եմ, չէ՞… Սավանը փոխել եմ, հիմա հանգիստ կպառկես:

Անհարմար է, -դարձյալ կրկնեց, ու ես գլխի ընկա. նկատի ուներ հատակին մեռնելը:

Մի կերպ հասցնելով անկողնուն՝ հենեցի բարձերին: Վաթսուն կիլոգրամը, երբ չես կամենում ցավ պատճառել, բռնելու հարմարություն չկա, հավասար է հարյուր քսան ու ավելի կիլոգրամի, բայց թե՝ քո մեջ ևս անսպառ ուժեր կան ու վերցնում ես, գրկում, տեղափոխում՝ լինի մեկ տոննա, մեկ կիլոմետր:

-Ծիծաղելի է, -մրմնջաց:

-Ի՞նչը, Մերուժ:

Չարձագանքեց: Իր վիճա՞կը նկատի ուներ, թե՞ տարիների հեռվից ապրածն էր այդ կերպ ներկայանում:

-Անջատեք:

Թվաց, սխալ եմ հասկանում:

-Անջատեք, ասում եմ, -նա գիտակցությունը կորցնում էր:

-Ի՞նչը, Մերուժ, ի՞նչն անջատեմ:

-..րուս..ցու…

-Հեռուստացու՞յցը: Հիմա, Մերուժ ջան, հիմա:

Ես գնացի մյուս սենյակ, միացրի, ապա դարձյալ անջատեցի հեռուստացույցը, որ հիվանդանալուց հետո էին գնել՝ գունավոր, ութ հարյուր ռուբլիանոց: Միջանցքում հեռախոսն էր: Երկրորդ զանգին Խորենը վերցրեց: «Հիմա կգամ, աշխատիր չշարժել», -ասաց: Շտապեցի ետ՝ Մերուժի մոտ: Նա կողքի պառկած՝ հազիվ շնչում էր, տպավորությունն այնպիսին էր, թե քնած է: Շրթունքները շարժվում էին, ըմբռնել հնարավոր չէր: Ծնկեցի:

-Լույսը, լույսը, լույսը…ամեն շնչի հետ մրմնջում էր:

-Խանգարու՞մ է, հրես կանջատեմ:

Ննջարանի լույսն առանց այդ էլ հանգցրել էի: Ինչպես հեռուստացույցի դեպքում, խաբուսիկ տպավորություն ստեղծելու մտադրանքով մի քանի անգամ վառեցի-մարեցի լամպը: Չգիտեմ՝ չխկոցը լսե՞ց: Երբ կրկին մոտեցա մահճին, շուրթերը շարունակում էին նույնը կրկնել՝ ավելի մեծ դադարներով:

-Լու՜յսը…

Հետո շունչը ներս քաշեց: Ճակատագրական պահը չկանխազգալով՝ հետևեցի արտաշնչելուն: Այն զարմանալիորեն երկար տևեց ու եղավ վերջինը:

-Մերու՜ժ…

Ձայնս, չգիտես ինչու, համակ անդորրի մեջ խորհրդավոր հնչեց: Այդպես լինում էր Նախավկա մատուռում, երբ մեն-մենակ մտնելով ներս ու ոտքերիս արձագանքից փշաքաղ՝ խորանի առաջ քարանում էի:

Զգույշ, որպեսզի սրբապղծություն չկատարեմ, որպեսզի իմ աշխարհիկ, երկրային արարքներով չխանգարեմ, չխոչընդոտեմ նրան, հավերժորեն խարխափել չտամ խավարում, այլ ընդամենը վկան լինեմ մահվան, անտես ուժի թելադրանքով սպասեցի, մինչև վերջին շունչը խորդյունով դուրս եկավ մարմնից, իսկ հոգին, թևերը պարզած, գնաց Լույսի, կյանքի վերջին պահին գտած Լույսի, ամենքիս ճանապարհին ի վերջո հայտնվող Լույսի ետևից: Ապա թեքությամբ պառկած Մերուժին շրջեցի մեջքի վրա, հարդարեցի դեմքի կնճիռները, գրպանիս սանրով ուղղեցի մազերը և ձեռքերը կրծքին խաչելուց հետո փակեցի կոպերը: Այդ ամենը, որ րոպեներ տևեց, կատարեցի ինչպես առօրյա այլ աշխատանք: Եղբայրս, զարմանալի բան, ինձ համար ողջ էր, միայն թե հիմա չէր խոսում, չէր շնչում: Մարմինն էլ տաք-տաք էր: Ովքեր կարծում են, թե մահից անմիջապես հետո մարդը դիակնանում է, սառչում, սխալվում են: Հաճախ նման թյուրիմացության մեջ գցողը գրքերն են, մահվան մտացածին, հորինովի հյուսվածքները:

Խորենը քաղաքի մյուս ծայրում էր բնակվում, նրա գալուն դեռ ժամանակ կար, ու ես խորհեցի, որ Մերուժի կնոջը, զավակներին, եղբայրներիս, Ծովոյին կարելի է առայժմ տեղյակ չպահել: Միևնույն է, այլևս ոչինչ շտկել հնարավոր չէր, տասնհինգ րոպե շուտ իմանային, թե ուշ, նույնն էր: Փոխարենը ես նրա հետ լռիկ զրուցելու հնարավորությթւն կունենայի, մանավանդ հայտնի է, կանայք նման պարագայում ինչպես են պահում իրենց: Մոտ քաշելով աթոռը՝ նստեցի դեմքով դեպի Մերուժը: Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է երկու ականջն էլ գոցել բամբակով: Այ, այդ վիճակում էի: Լռությունն արձագանքվում էր ուղեղումս: Առանձնակի տխուր չէի: Ես, որ շատ զգայուն, թույլ նյարդեր ունեմ և, սրտխառնուք պատճառելու աստիճան պարզունակ կինոնկար դիտելիս, գիրք ընթերցելիս անգամ բուռ-բուռ արցունք կարող եմ թափել, նստել էի ցամաք աչքերով, հանգիստ, ասես անցավորաց աշխարհը ինքս էի գնացել՝ անպարտք, անպահանջ: Հավանաբար դեր էր խաղում այն, որ ամիսներ շարունակ ինձ նախապատրաստել էի նրա մահվան մտքին: Գուցե ամեն ինչ աչքիս առաջ կատարվե՞լն էր պատճառը: Հնարավոր է, պատասխանատու էի զգում պահի հմար և ինձ զրկե՞լ էի թուլություն դրսևորելու իրավունքից: Թե՞ Մերուժին էի քիչ սիրում, չէի սիրում: Ո՛չ: Սա ասում եմ հանգիստ խղճով: Պատճառն ուրիշ էր: Ես մահվան ակնատեսն էի և հայտնագործել էի նրա սարսափելի չլինելը: Այո, մեռնելն ինձ համար այսուհետ սոսկալի չէր: Մարդը չի մահանում: Մահը նրա մսանյութ շինվածքի, հոգու ժամանակավոր կացարանի հերթական վիճակն է: Փոքրիկ սերմնաբջիջը դառնում է երեք կիլոգրամ, ապա՝ տասը, յոթանասուն և կամ՝ ավել ու պակաս, ամրանում է, մազեր են բուսնում հարթ, պիրկ մաշկին: Ինքնուրույն կյանք սկսելու պահից նա վազում է երկրի վրա, արթուն ժամանակ՝ եթե կարիք է զգում, խոսում, ուրախության պահերին՝ քրքջում, լալիս, երբ նվաստացնում են, վշտացնում, իսկ քնած ժամանակ, ուշակուրույս լինելիս լռում է, ինչպես այժմ: Եղբայրներս հիմա իմ կողքին չեն, չկան, ես չգիտեմ, թե նրանք ինչ են անում, ինչպես են շնչում: Ես նրանց ունակ եմ տեսնել միայն վերհիշելով, պատկերացնելով: Նրանց գոյությունը, կենդանությունն ինձ համար անհատական, մասնական, ենթակակայական զգացողություն է: Նույնը և՝ աշխարհը: Մարդս տեսնում, ընկալում է այն, ինչ իր կողքին է, մնացյալը գոյություն ունեն իրենից անկախ: Այդպես էլ Մերուժը: Իր փոքրիկ «Զապով» դատարկ փողոցներով, քնած քաղաքի սառը լույսերի ուղեկցությամբ այստեղ աճապարող Խորենը հիմա ի՞նչ է մտածում մեր մասին, ինչպե՞ս է տեսնում երկուսիս՝ Մերուժին ու ինձ: Նրա տեսածը համապատասխանու՞մ է իրականությանը: Ո՛չ: Նաև՝ այո՛: Մենք նրանից, նրա տեսադաշտից դուրս ենք, զգացողություն ենք, անցյալի մտապատկեր, աննյութեղեն: Աշխարհն անհնար է աչքի առաջ ունենալ, սակայն դա չի նշանակում, թե նրանք՝ միլիարդավոր իրերը, մարդիկ, կենդանիները, աղմուկները, հոտերն ընդհանրապես չկան: Երկու օր անց մենք կբաժանվենք Մերուժից, հետո նաև՝ մեկս մյուսից. նա կիջնի մայր հող, մյուսներս կգնանք մեր ճամփով՝ դեպի անհայտություն, և կմնա հիշողությունը թե ողջերի ու թե հանգուցյալների մասին: Մերուժի մահվան առիթով ես հայտնաբերցի ճշմարտությունը, որ վաղուց էր հայտնի, իսկ ինձ համար մինչ այդ ընդամենը սիրուն, խելացի խոհ էր, փիլոսոփայություն: Ես այդ օրը տեսա նաև կենդանության ու մահի միջև առկա սահմանը, բաժանարար գիծը, անդունդ-անջրպետը, որն անցնել, լցնել անհնար է: Մեռնողը չի տեսնում իր մահը: Սա փրկություն է: Ձեզ երբևէ հաջողվե՞լ է հսկել սեփական քունը - երբե՛ք: Կա մի սահման, որը գիտակցումից դուրս է: Այդպես և մահը: Նա ժամանում է, երբ մենք այլևս չկանք:

Նստած տալիս-առնում էի՝ ինչ ձեզ պատմեցի: Նայում էի եղբորս, իսկ աչքիս առաջ Համազասպ հայրս էր՝ դարձյալ անկենդան, գոց աչքերով, շուրթերի խորքում երևացող ատամնաշարով՝ վրան թեթև ժանգ, դեղնություն: Աստված իմ, որքա՜ն էր նրան նման: Նույն ցցված այտոսկրերն էին, նույն ճակատը, շպիտը՝ մանավանդ: Խաղաղ արտահայտություն էր իջել դեմքին: Կրքերը, տառապանքները բոլոր՝ երկրային, մնացել էին հեռևում՝ կորցնելով արժեքն իրենց, իմաստն իրենց:

Դռան զանգը հնչեց երկար, կերկեր: Միջանցք գնալիս շարժում նկատեցի մյուս ննջասենյակում. մեկնումեկն արթնացել էր: Անսովոր կողպեք էր՝ նրանցից, որ մետաղյա դռներին են դնում, ու ես բացելու փոխարեն երկրորդ պտույտով լրիվ փակեցի:

-Հակառակ, հակառակ ուղղությամբ: Տնաշենին հազար ասի…-թիկունքիցս լսեցի Ալիսի ձայնը:

-Հիմա…

Խոսակցության պատառիկներ էին հասնում. Խորենը մենակ չէր: Մեկը ջանադրաբար կոշիկներն էր սրբում առմուտքի փալասին: Ի վերջո գլխի ընկնելով՝ ինչն ինչպես, բացեցի դուռը, ու քանի որ միջանցքը շատ էր նեղ, ետ-ետ գնացի: Առաջինը Ծովոն մտավ, ետքից՝ Խորենը, Արան, Գալեն: Նրանց տեսնելն ու աչքերիցս արցունքների ցայտելը մեկ եղավ:

-Վախ, ախպեր ջան, -քույրս հեծկլտոցով փլվեց ուսիս, եղբայրներս տագնապով խուժեցին ննջասենյակ: Այդ պահից ամեն բան խառնվեց իրար: Աղմուկը ոտքի հանեց նաև անխռով քնած զավակներին: Նրանց ներկայությունը նոր ուժով բորբոքեց զգացմունքները: Ծովոն անզուսպ հեկեկում էր, Ալիսը, փոքրին գրկած, ստեպ-ստեպ թաշկինակը տանում էր կարմրած քթին: Անուշի ձայնը մտաբերելիս հիմա էլ ողջ մարմնով փշաքաղվում եմ, սարսուռ է իջնում վրաս: Ինչպե՜ս էր անտերունչ գայլուկի պես վնգստում: Անդրանիկ որդին՝ Արթուրը մնջվել էր. ակնհայտորեն ուղեղում չէր տեղավորվում կատարվածը: Արան գոտկել էր նրա մեջքը, կարծես ասելիս լիներ՝ պինդ կաց, տղամարդ եղիր, այսուհետ քո ուսերին նոր բեռ է դրվում:

-Վերջին պահին բան չասա՞ց, -երբ լացի առաջին ալիքն անցել էր, միջոց գտնելով՝ հարցրեց Ալիսը:

Մի պահ չմտաբերեցի Մերուժի վերջին խոսքը, ուստի առանց հետին մտքի, միտումնավորության փոքր ինչ ուշացումով պատասխանեցի.

-Ասաց՝ ծիծաղելի է:

-Վախ, իմ տանջված Մերուժ…-նոր ուժգնությամբ սկսեց Ծովոն:

Ալիսը, ըստ երևույթին, ոչինչ չհասկացավ կամ՝ ասվածն անկարևոր համարեց:

-Իսկ երեխաներիս, ինձ չհիշե՞ց, մեր մասին բան չխոսե՞ց, -համառեց նա:

-Չէ, -այս անգամ նկատելի սառնությամբ պատասխանեցի: -Վերջին պահին նա իր հետ էր՝ միայն իր, -ասացի բարձրաձայն, իսկ մտքումս՝ մեռնողներն ամենևին պարտավոր չեն ապրողների մասին հոգալ, մանավանդ նրա, ով պինդ փակում է դուռը, որպեսզի հոգեվարքի շունչն ականջը չընկնի, չխանգարի քունը:

-Мои сиротки, как нам быть после этого?, -ռուսերենի անցավ Ալիսը: Անբնական, օտար ու շինծու էին հնչում բառերը: Արտասուքներն անգամ անկարող էին վարագուրել տպավորությունը:

-Իմ խեղճ ախպեր, -մղկտում էր Ծովոն, -ամենատանջված ախպեր, լավ օր չտեսած ախպեր, -հետո հայացքը սահեց մեր վրայով: -Վա՜յ…

Հուզումը տիրել էր նրան:

-Եթե մեզ սիրում ես, քեզ խնայիր, -սաստեց Խորենը:

Ապա ձայնի վրա ներս եկան հարևանները. դուռը բաց էր մնացել: Վշտակցելուս հետո մոտիկները պարտք համարեցին երեխաներին տանել: Իրականում ևս՝ նրանց ներկայությունը խանգարել միայն կարող էր:

-Արթուրս շատ զգայուն է, պարապելուն կխանգարի. Չի կարողանա կենտրոնանալ, -անկեղծորեն ախուվախ էր անում Ալիսը: -Վաղը երեքին նորից կանչել է՝ իննի կուրսը պիտի ամփոփեն:

Նկատեցի հարևաններից երկուսի խոսուն հայացքները: Երիտասարդ ամուսին է կորցրել, փոխանակ ծամերը փետի, խոսելու նյութ է գտել, -համոզված եմ իրար մեջ հետո փսփսալու էին: Գալեի նյարդերի վրա ամբողջն ավելի էր ազդում, որովհետև չոր նկատեց.

-Դրա ժամանակը չէ:

-Մերուժն ինչքա՜ն էր ուզում Արթուրս ընդունվի: Ինքը տվեց պարապելու: Չէր թողնում գործ անի՝ դասերիդ եղիր, -ասում էր: Վերջին անգամ, երբ հիվանդանոցում էր, ուզում էի հետս տանել, չթողեց, -առանց ընդմիջման որգևորված արդարանում էր Ալիսը, և մյուսները հարկադրված էին լսել:

«Նոր խաղաթուղթ է ընկել ձեռքդ, այսուհետ ամեն քայլափոխի կգործածես», -աներես խոհը իմն էր: Լավ է, Ծովոն մտաբերեց գյուղի եղբայրներիս՝ Պարույրին, Թորոսին, շնորհիվ որի խոսակցության թեման փոխվեց: Հարևաններից մեկը պատրաստակամ՝ ձեռքն առավ խոսափողը: Արան ասաց համարները: Պատվերն ընդունողը ևս կես խոսքից հասկանալով՝ միացրեց: Քույրս ողբաձայն հայտնեց բոթը: Այնուհետ մեջտեղ եկավ Մերուժի ծոցատետրը, ուր ընկերների, ծանոթների, հեռու-մերձ բարեկամների հեռախոսահամարներն էին: Պրոզայիկ առօրյան հազար ծալքով կանգնեց մեր առաջ՝ ստիպելով գործել արագ, անվրեպ: Կանանց հրավիրեցինք սենյակից դուրս: Մեզնից ոչ ոք թաղման արարողության փորձ չուներ: Գիտեինք մի բան՝ ամեն բան պետք է արվի անթերի, ինչպես ընդունված է, կարգն է, ինչպես վայել է օրինավոր հանգուցյալին, իր հարգը գիտցող մեռելատիրոջը:

Լուսադեմին, երբ ժամանեցին Պարույրը, Թորոսը, հորաքույր Արաքսին, մենք Մերուժին լողացրել, հագցրել էինք, պառկեցրել սեղանին: Պակասում էին կոշիկները, ինչի համար ստիպված էինք սպասել խանութի բացվելուն: Մինչ այդ լուծվեց նաև դագաղի խնդիրը: Գումար Հրաչն էր տրամադրել, մնացյալը Թորոսը բերեց: Հետագայում պետք է ամեն մեկս մեր բաժինը տայինք: Մնում էր տեղի հարցը: Այդ առթիվ տարակարծություններ կային:

-Գյուղ կտանենք, -ասաց մեծ եղբայրս՝ Պարույրը:

-Ընտանիքը, մենք այստեղ ենք, իմաստ չունի, -առարկեց Խորենը:

Պարույրն ակակնկալի եկավ. Չէր կարծում, թե մեկնումեկը՝ այն էլ եղբայրներից, դեմ կգնա:

-Գյուղն արդեն գիտի, սպասում են, -հանգիստ շարունակեց նա:

Որքան էլ անսպասելի էր, Գալեն, Արան Խորենի կողմը բռնեցին:

-Սա է իր տունը: Ամեն մեռել իր տնից պետք է վերջին հանգրվան գնա, -պաթետիկ, առարկություն չընդունող տոնով բարբառեց Արան:

-Ամեն մարդ իր հողում պետք է թաղվի, որտեղ ծնվել, մեծացել է, -պոռթկաց Թորոսը: -Իսկ սա քեզ հայտնի՞ է:

Նա քաղաքին ընդհանրապես թշնամի էր և մարդկանց գնահատելու, որակելու մի եղանակ գիտեր՝ եթե լքել է, դավաճանել ծննդավայրին, հողին, շենին, ուրեմն՝ վատն է. նմաններին ոչ մի արդարացում, թեկուզ դրսերում գեներալ դարձած լինի:

-Այդպես որ լինի, վաղը, մյուս օրը մեր հերթն է գալու, հարկ կլինի բոլորիս գյուղ տանել, -նույնպես գրգռված՝ Արային պաշտպանության տակ առավ Գալեն:

-Բա կանա՞յք, երեխանե՞րը: Ի վերջո, ամեն մեկն իր ընտանեկան դամբարանը պիտի՞ ունենա: Հո չե՞ս բռնի նրանց էլ քարշ տա գյուղ: Վաղը տղան հասակ կառնի, չի՞ ասի՝ հորս ինչու՞ եք տարել յոթ սարից այն կողմ:

Խորենի ասածը համոզիչ էր հնչում, այն աստիճան, որ Պարույրը լռելով՝ մտածմունքի մեջ ընկավ: Պայքարը հիմա միայն Թորոսն էր շարունակում, սակայն առանց փաստարկի:

-Ես մի բան գիտեմ՝ Մերուժին գյուղ պետք է տանենք: Նա ոչ մի կապ չուներ այս քաղաքի հետ:

Մենք պատշգամբում էինք հավաքվել, դուռը գոց էր, սակայն դիակի շուրջ խմբված կանայք տեղյակ էին, ինչ մասին է վեճը, և երբ այն շատ ձգվեց, մերոնցից մեկը /հիմա չեն մտաբերում, ով/ առաջարկեց Ալիսի կարծիքը հարցնել: Վերջին հաշվով նա էր ընտանիքի գլուխը, նա էր տասնյոթ տարի ամեն օր քնել Մերուժանի կողքին՝ նրա հետ կիսելով ամեն պատառը, տունուտեղ դրել: Պատշգամբ եկավ նաև ջոջոն:

-Բալեք, կամքը ձերն է, բայց ինձ որ լսեք, ձեր լուսահոգի մոր, ձեր հոր կողքին, մեր օրշնուկ հողին Մոժոյիս արժան կանեք: Չեղնի էգուց-էլօր փոշմնիք:

-Մենք էլ այդ ժամանակ կհանենք, կտանենք գյուղ: Գյուղը միշտ կա:

-Չէ, Խորեն, մեղք մի վերու հոգուդ: Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք:

Նա գնաց: Ալիսին ծանոթացրին խնդրի էությունը:

-Բա մեզ ո՞վ կտանի, կբերի, -լացակումեց:

«Մենք, մենք, մենք… Միմիայն քո, երեխաների մասին ես մտահոգ»:

-Ես: Հենց ամուսնուդ գերեզմանին այցի գալ ցանկանաս, զանգիր, կգամ, կտանեմ, -կրքոտ վրա բերեց Թորոսը:

-Դե, դուք գիտեք, ձեր եղբայրն է, -խեղճ, թշվառ ձայնով նահանջեց Ալիսը:

-Դուք գիտեքը ո՞րն է, -բորբոքվեց Գալեն, -մենք այստեղ քեզ համար վատամարդ ենք լինում, դու՝ ոնց ուզում եք: Քո ամուսինն է, քո երեխաների հայրը: Եթե ոչ դու, ապա ո՞վ պիտի վաղը գնա-գա, խնամի շիրիմը:

-Բա դու՞ք, -իր հերթին անակնկալի եկավ Ալիսը: -Մերուժը ձեր եղբայրը չէ՞ր:

-էլի մերն է, բայց լավ կլիներ, կենդանության օրոք ևս դա հիշեիր, -կծեցի ես:

-Ձենդ կտրի՛ր, ոչ մեկդ մի բարի պտուղ չեք, -սաստեց Պարույրը: -Ներողություն խնդրիր:

Դժկամ քրթմնջացի:

-Քե՛զ հետ եմ, ներողություն խնդրիր:

Մեր ընտանիքում ավագի խոսքը հարգի էր, ուստի ոչ ոք չփորձեց ինձ պաշտպանության տակ առնել: Անօգնական շուրջս նայեցի: Սեղանին դագաղն էր: Մերուժը հակառակ ուղղությամբ էր պառկած՝ գլխով դեպի արևելք: Մազերն էին երևում, փոքր ինչ սրված քիթը, դեղնել սկսող ակնաջաբլթակները: Մարմնի մնացած մասը դագաղում էր՝ ծածկված կերպասով: Պարույրի համառությունն ու խիստ անառարկելի տոնն այժմ հասկանալի էին: Ես մոռացա վիրավորանքը: Հեշտ էր նաև ներողություն խնդրելը, բայց՝ ոչ Ալիսից:

-Ներիր ինձ, Մերուժ, -ասացի, -հազարիցս ներողություն:

Ապա մտաբերեցի վերջերս կարդացածս գիրքը, ուր խոսվում էր ամերիկացի գիտնականների մի հետաքրքիր փորձի մասին: Նրանք պարզել էին, որ մարմնից անջատվելով, գլուխը տասնյոթ ժամ արձագանքում է արտաքին աշխարհի ազդակներին: Փորձերը նրանք կատարել էին կապիկների վրա: Եթե ընդունենք, որ մարդու ու կապկի կենսաբանական կառուցվածքը նույնն է, կամ գրեթե նույնը, ուրեմն՝ Մերուժը դեռևս ընկալում է շուրջը կատարվող ամեն ինչ՝ մեր բոլոր խոսակցությունները, ով ինչ կերպ է լալիս ու որքանով է անկեղծ…

-Ուզու՞մ եք Արթուրին էլ կանչենք: Մեծ տղան է, թող նա որոշի, -տհաճ լռությունը խախտեց Խորենը:

-Ու՞ր է, մինչև հիմա աչքովս չի ընկել, -հարցրեց Թորոսը:

-Ցածի հարևանի տանն է: Ասել եմ, որ մի քիչ ուշ արթնացնեն: Խեղճն ամբողջ գիշեր չքնեց:

«Ի՜նչ մեծ բան է: Թող մի գիշեր էլ ոտքի վրա մնա: Չլինի՞ այսօր էլ ես մտադիր պարապմունքի ուղարկե: Քեզնից հեռու չէ»:

-Նա հլա որ կակուղխելք երեխա է, ի՞նչ է հասկանում, որ ինչ ասի, -միջամտեց Պարույրը: -Իսկ Մերու՞ժը: Մերուժը բան չասա՞ց, այդ մասին ակնարկ չի՞ արել:

-Վերջին պահին Տարոնն է մոտը եղել, -հուշելու կարգով տեղեկացրեց Գալեն:

Պարույրը, մյուսները հայացքներն ինձ ուղղեցին, մասնավորապես հույսով սպասում էր Թորոսը:

-Ասաց:

Հետաքրքրություն, զարմանք հայտնվեց բոլորի դեմքին:

-Կարգադրեց, որ գյուղ տանենք, -ստեցի:

Թորոսը թեթևացած՝ խոր շնչեց:

-Բա ինչու՞ մինչ հիմա չէիր ասում, -նկատեց Արան:

-Դե, ինքը կոնկրետ չասաց, սակայն անընդհատ գյուղն էր հիշում, մանկությունը, մտքով, սրտով այնտեղ էր, -պահի տակ հորինեցի:

-Ասում եմ, չէ՞. նա այս քաղաքի հետ ոչ մի կապ չուներ, -աչքերը լցրեց Թորոսը:

-Որոշված է, -ոտքի ելավ Պարույրը: Կոշիկների ետևից ովքե՞ր պիտի գնան: Ուշ է արդեն, հիմա ժողովուրդը կսկսի գալ:

Երբ մեծ սենյակ մտանք, երկար կանգնեցի դիակի մոտ: Խիղճս հանգիստ էր. չէի ստել: Կորցնելուց հետո մենք գտել էին մեր Մերուժան եղբորն ու վերստին կորցնելու իրավունք չունեինք: Չունեի՛նք: Իսկ ինչ մնում էր Ալիսին, նա ննջեցյալի կարիք չէր զգում: Նրան կենդանի, բանող Մերուժն էր պետք: Նա նոր լծկանի կարիք էր զգում և կգտնի: Առայժմ կօտվի հանգուցյալի անունից. այն հզոր զենք է՝ գործադրելու պարագայում: Նրա անունից՝ իր համար: Զոհն ինքն է՝ այրի, երեք երեխան փեշից կախ… Տունը, խնայբանկի գումարները, ոսկեղենը կան ու կան, իրենն են ու իրենը:

Օրվա իրադարձություններից մեկն էլ է դաջվել ուղեղումս, չեմ կարողանում մոռանալ: Հոգեհանգստի հրավիրված քահանան արարողության ավարտից հետո արծաթյա գողտրիկ մի խաչ պարզելով՝ պատրաստվեց նոր աղոթքի: Վճարելու նպատակով Պարույրը կրկին ձեռքը գրպանը տարավ, կարծելով, թե սքեմավորը դիտմամբ է ձգձգում: Քահանան մեղմիկ կպավ մեծ եղբորս ուսին.

-Սիրտը շատ է ելած:

Նա կարճառոտ աղոթք շշնջաց՝ Ծովոյի շուրթերին դեմ անելով կաշեկազմ, ոսկեհուռ ճարմանդով գիրքը, իսկ ավարտին արդեն աշխարհիկ ձայնով մի քանի անգամ կրկնեց.

-Խաղաղվիր, զավակս, խաղաղվիր: Լծակից կորցնելը դժվար բան է:

Տեր հորն այդպես էլ ոչ ոք չուղղեց: Նրան շփոթության մեջ էին գցել քրոջս վշտահար դեմքը, աչքերի տվայտալից փայլը:

Մնացյալի մասին չեմ պատմի: Գիտեմ՝ ձանձրացրի. միշտ նույն տխուր, արցունքոտ տրամադրությունը, անցքերը, որոնցից, երևի, դուք էլ եք կուշտ: Չեմ ասի, թե Ալիսն հետագայում ինչ օյիններ խաղաց մեր գլխին, ինչպես էր սուգ ու շիվան կապել, երբ իմացավ, որ սպասվածից պակաս է թաղման փող հավաքվել, ինչպես էր իրեն օրվա հացի կարոտ ներկայացնում և հետին աղքատ՝ պահանջելով ավելորդ օղիները խանութ հանձնել, քամահրանքով էր նայում նրանց, ովքեր դրամի փոխարեն ծաղիկ ու ծաղկեպսակ էին բերել, ինչպես մի քանի այցից հետո մոռացավ գյուղի, գերեզմանատան ճամփան ու սկսեց մեզ անիծելով ման գալ, որովհետև մեր երեխաների բերաններից չէինք կտրում, իրեն տալիս, ու ստիպված էր ժամանակ առ ժամանակ խնայբանկ գնալ, թեև Մերուժի անվամբ հարյուր ռուբլուց ավելի թոշակ էր ստանում, աշխատավարձ…

Այսքան: Նախքան սկսելը չգիտեի, որ պատմությունը նման ընթացք կունենա: Հեքիաթ էր, բան էր, պատմեցի: Ճիշտն ու սխալը դուք որոշեք: Եթե ինչ-որ բան այնպես չասացի, դա էլ ոչ թե հետևանք էր ամաչելու, այլ գեղարվեստի շահը հաշվի առա:

Մոռացությունն ու արհամարհանքը՝ ինձ բաժին, իսկ Ձեզ, ինչպես Հարոլդը կասեր՝ իմ երգի խրատներն անսուտ:


    

Արամ Հովհաննիսյան, «Ծխամած բարդոցներ» շարքից, 1983, մարտ-սեպտեմբեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
29578 | 0 | 0
Facebook