Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Զոդիակոս»-ի (հայերեն՝ «Կենդանակամար») ծագման մասին

13:30, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
«Զոդիակոս»-ի (հայերեն՝ «Կենդանակամար») ծագման մասին

Հին Միջագետքում մարդիկ սովորել էին կարդալ երկնքի գաղտնիքները: Աշխարհագրական այս լայնությունում պարզ գիշերներին երկնքում անհամար աստղեր են նկատվում, և երկնային մարմինների շարժումներն ավելի արագ են, քան հյուսիսում: Դրանց հետևելու, դրանց ընթացքը քննելու համար կատարվել են կանոնավոր դիտարկումներ ու հաշվարկներ: Տաճարներն ու արքայական պալատներն ունեցել են աշտարակներ, որոնք դիտարանների դեր են կատարել: Հարավային պարզկա գիշերները հնարավորություն էին ընձեռում նույնիսկ անզեն աչքով երկնքի մշտադիտարկում կատարել ու հստակ պատկերացում կազմել երկնային մարմինների շարժման մասին: Բայց քաղդեացի (բաբելոնացի) աստղաբաշխները, ինչպես երևում է, կարողացել են նաև պարզունակ աստղադիտակներ պատրաստել, որի մասին վկայում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի ավերակներում գտնված մի մեծ դիտակի մնացորդը:


     Քաղդեացի աստղաբաշխների կարծիքով երկինքն ու երկիրը անսահման օվկիանոսի ծոցում ծնունդ առած հրեշի երկու մասերն են, և այդ օվկիանոսի ալիքները լիզում են ինչպես երկնքի վերին շերտերը, այնպես էլ երկրի ստորին շերտերը: Հրեշի ճեղքված երկու կտորներից Մարդուկ (Բել) աստվածը երկու կամար է շինել՝ երկնային գմբեթը և երկրի ստորին կամարը: Այս երկու կամարներն իրար հետ կապված են մի բոլորաձև թմբով, որն օվկիանոսի ջրերին արգելում է թափանցել մեջտեղի տարածությունները: Երկինքն ու երկիրն անշարժ են: Աստղերը հրե գնդեր են, որ գոյացել են երկնային ջրերում: Դրանք շարունակ մտնում ու դուրս են գալիս մեր աշխարհի ոլորտը: Քաղդեացի աստղաբաշխներն աստղերը բաժանել են առանձին կարգերի՝ ըստ իրենց շարժողության ու դիրքի: Ըստ նրանց՝ կան մոլորյալ և անմոլոր աստղեր: Մոլորյալները կամ մոլորակները յոթն են, և այդ յոթ մոլորյալ աստղերին քաղդեացի աստղաբաշխները «Մեկնիչ» անունն են տվել, որովհետև դրանք համարվել են երկնքի խորհուրդների թարգմաններ: Յոթ մոլորակների (յոթնաստեղյան) համակարգի մեջ էին մտնում նաև ցերեկվա և գիշերվա լուսատուները՝ Արեգակը և Լուսինը: Այս համակարգի մյուս անդամներն էին հինգ մոլորակները՝ Դափինուն (հայերեն՝ Երևակ, լատիներեն՝ Սատուրն), Դիլբաթը (հայերեն՝ Լուսաբեր, լատիներեն՝ Վեներա), Քեմանուն (հայերեն՝ Երևակ, լատիներեն՝ Յուպիտեր), Բիբուն (հայերեն՝ Հրատ, լատիներեն՝ Մարս) և Մոստաբարու- Մոնթանուն (հայերեն՝ Փայլածու, լատիներեն՝ Մերկուրի):

Մոլորակները թեև հաստատուն ճանապարհ չունեն, բայց նրանց ընթացքը, այնուամենայնիվ, որոշակիորեն «կանոնակարգված է»: Դրանք բոլորն էլ որոշակի նպատակի են ծառայում: Այսպես, Արեգակի շարժումներն ապահովում են տարվա եղանակների հերթափոխությունը: Երբ այն հասնում է երկնքի ամենաբարձր կետին (զենիթ), սկսվում է շոգ ամառը, իսկ երբ իջնում է ամենացածր կետին, գալիս են ցուրտն ու ձմեռը:

Երկնքի այն շերտը, որ այդ երկու կետերի միջև էր գտնվում և որում Արեգակը կատարում էր իր շրջապտույտները, աստղաբաշխության մեջ հիմնական, առանցքային նշանակություն են ստանում: Հետագայում այդ շերտին հունական աստղաբաշխությունը «Զոդիակոս» (հայերեն՝ «Կենդանակամար») անունը տվեց: Քաղդեացիներն այդ շերտը սկզբում ութ, ապա՝ 12 հավասար մասի բաժանեցին: Մասերից յուրաքանչյուրն ուներ իր նշանը՝ իր կենդանակերպը: «Կենդանակերպ» է անվանվել, որովհետև գրեթե ամբողջովին կենդանիների կերպարներով է ներկայացված: Այս 12 բաժանմունքներով կամ խորաններով անցնում են յոթ մոլորակներն իրենց երկնային «ճանապարհորդության» ընթացքում: Արեգակը յուրաքանչյուր կենդանակերպի մեջ մտնում էր մեկ ամիս:

Քրմերը կարծում էին, թե ձմռանը ցուրտ է լինում, որովհետև արեգակը սուզվում է երկնային ծովի մեջ: Այս համոզմունքից էլ «բխեցվել էր», որ Զոդիակոսի այն բաժանմունքները, որոնց միջով անցնում էր Արեգակն այդ ցուրտ ժամանակահատվածում, ջրի գաղափարն են ներկայանում Կարիճ-մարդը (այստեղից էր Արեգակը սուզվում ջրի մեջ), Այծ-ձուկը, Ջրհոսը (ամենաառատ անձրևների ժամանակաշրջանը) և Ձուկը: Գարնանային գիշերահավասարին Արեգակը ծովից դուրս էր գալիս, և այդ ժամանակ կենդանակերպը Ցուլն էր (Արեգակն ինքը), որն իր մարմնի առջևի մասով ջրից դուրս եկողի տեսք ուներ: Այնուհետև Արեգակը տարվա ամենագեղեցիկ ժամանակն էր ցույց տալիս՝ անցնելով բարեբեր Երկավորի (Երվորյակ պատանիներ) կենդանակերպով, որպեսզի, մտնելով «Առյուծ» կենդանակերպի մեջ, դառնա դաժան ու անգութ առյուծ (ամառվա հրաշունչ տապի շրջան): Եվ միայն քնքուշ Կույսի խորանն անցնելով է Արեգակը մեղմացնում իր ջերմությունը:

Այս ութ կերնդանակերպերին հետագայում ավելացան չորսը՝ Խոյը, Խեցգետինը, Կշեռքը և Աղեղնավորը:

Այսօր էլ, ինչպես գիտեք, գործածվում են քաղդեացիների կազմած օրացույցները:

Քաղդեացիներն են բոլորակը 360 հավասար մասերի կամ աստիճանների, յուրաքանչյուր աստիճանը՝ 60 րոպեի, յուրաքանչյոր րոպեն՝ 60 վայրկյանի բաժանել: Նրանք գիտեին, որ արեգակնային տարին ունի 365 օր, բայց գործածում էին լուսնային օրացույցը՝ կազմված 360 օրից: Նրանց լուսնային տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուր ամիսը՝ 30 օր: Ցերեկն ու գիշերը միասին 24 ժամ էր: Մեկ ժամը բաժանել էին 60 րոպեի, րոպեն՝ 60 վայրկյանի: Ամիսը բաժանել էին չորս շաբաթի, յուրաքանչյուր շաբաթը բաղկացած էր 7 օրից (ըստ մոլորակների թվի): Յուրաքանչյուր ամսվա մեջ 4 օր (տվյալ ամսվա 7-ին, 14-ին, 21-ին և 28-ին) հանգստյան օր է եղել: Այդ օրերին դադարեցվել են բոլոր աշխատանքները, նույնիսկ զոհաբերություններ չեն կատարվել, թագավորը կառք չի նստել ու դատ չի արել, պատերազմական գործողությունները դադարեցվել են: Ինչպես տեսնում եք, հրեաներն այս ամենը, բավական չէ, որ յուրացրել են բաբելոնացիներից, այլև հռչակել են, թե իրենց աստվածն է շաբաթվա յոթերորդ օրը հանգստյան օր սահմանել:

Քանի որ լուսնային տարին չէր համապատասխանում արեգակնայինին, յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ ավելորդ հինգ օրերից կազմվել է տասներեքերորդ ամիսը: Տարին սկսվել է գարնանային գիշերահավասարից՝ բնության վերակենդանացման առաջին օրվանից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9381 | 0 | 0
Facebook