Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
07:47, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
     ՄԵԾ ՄԱՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
    
     Եկել են բոլորը, ճիշտ այնպես, ինչպես մի տարի առաջ, նույն հանդիսավոր տխրությամբ, նույն ընդգծված լրջությամբ եւ նույն հերթականությամբ։
    
     Եկել է Հովակիմը, որ մի ժամանակ «Արցախ» ռեստորանի, իսկ հիմա էլ պանրագործարանի դիրեկտոր է, բավականին մեծ կոլեկտիվ է ղեկավարում, ունի իր շրջապատը, արդեն ճանաչված մարդկանց հետ է նստում-վերկենում, եւ այդ շրջապատում իրեն ազատ է զգում, ինչպես ձուկը՝ ծովում։ Շատերն են զարմանում, թե ինչպես եղավ, որ Հովակիմ Նավասարդովիչը թռավ ռեստորանից ու հայտնվեց ոչ թե մեղադրյալի, այլ պանրագործարանի դիրեկտորի աթոռին։ Բայց այստեղ առանձին մի գաղտնիք չկա, նոր շեֆը՝ Պարիս Կիրիկորովը, հոր կողմից ազգակից է գալիս. զանգել է գլխավոր դատախազին, կարգադրել՝ մի բաժակ ջրում փոթորիկ չբարձրացնել, գործը կարճել։ Մի տարվա մեջ Մեծ մամի քրոջ որդին կարգին չաղացել է, կամ, ինչպես նրան ճանաչողներն են ասում՝ Նավասարդիչը ռեստորանի կերածը նոր է սկսել մարսել։ Նա այնպես է նստել սեղանի մոտ, կարծես շատ կարեւոր անձնավորություն է, եւ իր ներկայությունը մեծ պատիվ է ներկաների համար։ Ի՞նչ եք ուզում, մարդը Պարիս Կիրիկորովին շաբաթը մի անգամ հրավիրում է իր տունը՝ խաշի, հետը նարդի է շրխկացնում, խորհրդակցություններում ու ժողովներում նրա ճառերից մեջբերումներ անում, խոսքի տակուգլխին հիշեցնում, որ Պարիս Սահակովիչի նման ղեկավարը գյուտ է մարզի համար։
    
     Եկել է Սահակը՝ Մեծ մամի եղբորորդին, որ կոլտնտեսությունում գլխավոր գյուղատնտես էր, վերջերս անցել է թոշակի, մեղվաբուծությամբ է զբաղվում։ Քառասուն մեղվափեթակ ունի, կինը կոլտնտեսային շուկայում մեղր է վաճառում։ Ասում է՝ լավ մեղր է, ծաղկի մեղր է, բալասան է, իսկ ովքեր մեղրից գլուխ են հանում, հակառակն են պնդում՝ հիսուն տոկոսը շաքար է։ Սահակը երկու ամիս առաջ պսակել է ավագ որդուն, քաղաքում ապրող բարեկամներին ու ազգակիցներին չի հրավիրել հարսանքին։ Հովակիմը այնպե՜ս է ուզում շշպռել այդ «խորամանկ գեղջուկին», բայց չի շտապում, սպասում է հարմար առիթի։ Սահակը դեմքից հասկանում է նրան, ինքն էլ իր հերթին պատրաստ է մի լավ պոզահարել այդ փքվածին, եւ կորցնելու ոչինչ չունի. Պարիս Կիրիկորովն ի՞նչ պիտի անի իրեն, հո գյուղից չի՞ քշելու։
    
     Այստեղ է Գեդեոնը՝ Մեծ մամի ավագ թոռը, որ սպորտդպրոցում ըմբշամարտի գծով ավագ մարզիչ էր, հիմա նոր աշխատանք է գտել՝ բուֆետապան է, մեկից երկու է վերցնում։ Չվերցներ, «Ժիգուլի» չէր գնի, կնոջ՝ Նյուրայի բերանը ոսկով չէր լցնի ու չէր ասի՝ հերն էլ անիծած, այս մեծ աշխարհից ի՞նչ պիտի տանեմ, ուտել-խմելն է մնում, մնացածը դատարկ բան է։ Գեդեոնի պիջակի դարձածալքի՝ սպորտի վարպետի կրծքանշանի կողքին փայլում է առեւտրի գերազանցիկ աշխատողի կրծքանշանը։ Ով՝ ով, Հովակիմ Նավասարդովիչը շատ լավ է հասկանում, թե ինչպես է նա արժանացել այդ կրծքանշանին, եւ եթե տեղը գա, կասի՝ դրանից մի հատ էլ ես ունեմ, արի քեզ տամ, դա էլ էն մի դոշիցդ կպցրու։
    
     Գեդեոնի դիմաց, ինչպես մի տարի առաջ, այստեղ, այս նույն սենյակում եւ կարծես նույն աթոռին, նստած է Մեծ մամի աղջկաթոռը՝ երաժշտության դասատու Արթուրը։ Հնար լիներ, նա հիմա տեղը կփոխեր, որ չտեսնի այդ լպիրշ, մեծամիտ ու ամբարտավան գարեջրավաճառի դեմքը։ «Երկու ամիս առաջ մեր դիրեկտորի հետ եկա բուֆետդ, ասացի՝ որքան չլինի բարեկամ է, հյուրասիրությունը վրաս թեթեւ կնստի։ Դու է՛լ եկար մեզ հետ կերար-խմեցիր եւ վերջում էլ յոթ ռուբլի ավել փող պոկեցիր։ Բա բարեկամը բարեկամին այդպես անխիղճ կթալանի՞։ Իսկ մեր դիրեկտորին չպիտի հյուրասիրեի. հավատացրեց, թե՝ ուսմասվարի ամենահավանական թեկնածուն դու ես, բայց ուրիշին ընդունեց եւ աչքիս թոզ փչեց՝ դե ի՞նչ անեմ, վերեւներում չեն համաձայնում» ։
    
     Թինան հյուրերի համար թեյ բերեց։ Ուզում էր սեղանին մի շիշ կոնյակ դնել, փոշմանեց. «Հողեմ սրանց գլուխը, թեյն էլ է ափսոս. հլա սպասեմ, տեսնեմ այս գործի վերջն ինչ է դառնում... Ի՞նչ ասեմ, տղաս՝ Լեւոնն էլ միշտ կնոջ զուռնայի տակ է պարում, նրա խոսքովն է գնում։ Նրանց համար ոնց որ օտար լինեմ։ Առաջներում այդպես չէր, կինը՝ Վիոլետան, այդ օձը, փոխեց տղայիս» ։
    
     Եվ ինչպես մի տարի առաջ, երբ դեռ Մեծ մամը կենդանի էր, առաջինն ինքը սկսեց.
     - Պատկերացնո՞ւմ եք, նրանք գիտեին, որ այսօր հյուրեր պիտի ունենանք, բայց չսպասեցին. Լեւոնը գնաց գործուղման, կինը՝ հերանց տուն։ Դրությունս տեսնում եք, չէ՞, - Թինան թաշկինակը մոտեցրեց աչքերին, փղձկաց, - մեղքս ո՞րն է, ես կյանքում մեկին ասած կլինե՞մ՝ աչքիդ վերեւ հոնք կա, - մի քիչ թսթսաց, ուսերը վեր քաշեց, - բախտի բան է, ի՞նչ կարող ես անել։ Ես հո չասեմ, դուք շատ լավ գիտեք, որ Մեծ մամը բոլորիս համար հարազատ մայր է եղել։ Լավ, ձեզ եմ հարցնում՝ մենք ինչպե՞ս կարող ենք նրան մոռանալ։
    
     - Մայր է եղել, քույր է եղել, տատ է եղել, - Հովակիմը մատները մեկ-մեկ ծալեց ու մտքում հայհոյեց Թինային. «Լաչառ, իբր դու նրան հարսնությո՞ւն ես արել. խեղճ պառավին խեղդած ես պահել, դեռ վերջումն էլ ուզում էիր դռնեդուռ գցել, էլի փա՜ռք աստծո, մահը ժամանակին վրա հասավ ու փրկեց», - եւ ծալեց հինգերորդ մատը.- Աստվա՜ծ է եղել, աստված։ Մեծ մամը աստվածային կին էր, ողորմի իրեն։
    
     - Ողորմի՜, հազար ողորմի, - Սահակը նայեց առաստաղին, ասես աղոթում է.- Բա նրան մոռանալ կլինի՞… Մի աշխարհ էր, մի կանգնած ծով էր, բարեկամի տեղը միշտ իմացող, - դա ասաց Թինային խայթելու նպատակով, - հարեւանի հետ՝ հարեւան, երեխայի հետ՝ երեխա, մեծի հետ՝ մեծ։ Էդպիսի կին հիմա դժվար կգտնվի աշխարհում։
    
     - Շնորհակալ եմ, - Թինան թաշկինակը սեղմեց ձեռքի ափում։- Դուք այդ ամենը ինձնից լավ գիտեք։ Ես նրա համար հարս եմ եղել, մայր եմ եղել, քույր եմ եղել, քոծ եմ եղել։ Գլխիս եմ պահել։ Ասել եմ՝ մեծ կին է, սրտի քեֆին չկպչեմ։ Ես եմ, որ դիմացել եմ նրա կապրիզներին։ Հիմիկվա հարսները իմ արածը չեն անի։ Դուք իմ հարազատներն եք, ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնում, սրտինս ասում եմ։ Ո՞վ պիտի նրա գերեզմանին մի քար դնի։ Որ այդ բանը չանենք, քաղաքում կծիծաղեն մեզ վրա։ Հա՛, կծիծաղեն, ազնիվ խոսք։
    
     - Կծիծաղեն, - հաստատեց Գեդեոնն ու մտքում ասաց. «Գիտենք ինչպես ես հարսնություն արել. խեղճ պառավի գլխին պոպոք ես կոտրել, քո հերն անիծած։ Դիակը դեռ հողին չհանձնած, ծլկել ես Սոչի։ Մթամ չգիտենք՝ ինչու ես գնացել՝ որ լրբություն անես», - բա որ մենք չկատարենք մեր հոգու սուրբ պարտքը, ո՞վ պիտի կատարի։ Ուրիշներն իրենց մեռելների վրա արձաններ են կանգնեցնում։
     - Դա հետամնացություն է, քաղքենություն, - ասաց Արթուրը, - իսկ մենք քաղքենիներ չենք եւ ոչ էլ՝ չտեսներ։ Համեստությունը լավ բան է, ինչո՞ւ հետեւենք ուրիշների վատ օրինակին։
    
     Գեդեոնը գլուխն առաջ թեքեց, ասես պատրաստվում էր դիմացինի հետ ըմբշամարտել։
     - Վա՛յ, ես քո համեստ ջանին մատա՜ղ, - ծիծաղեց թունոտ, - բա ինչի՞ զոքանչիդ գերեզմանին թեւավոր հրեշտակներ ես տնկել։ Լաց ես լինում՝ փող չունեմ, փող չունեմ, պակաս եմ… Մի մեռելի վրա մի անգամ մի «Սիրեցի, յարս տարան ես» փչում, հարյուր ռուբլի պոկում։ Մի հարսանքում երկու «Ջեյրանի» ու մի «Քոչարի» ես ճլվստացնում, չորս հատ հարյուրանոց դնում գրպանումդ։
    
     Արթուրը դա սպասում էր Գեդեոնից, պարտքի տակ չմնաց։
     - Ես ազնիվ երաժիշտ եմ, ապրում եմ իմ ազնիվ վաստակով։
     - Երաժի՜շտ եմ, - Գեդեոնը բերանը արհամարհանքով ծռեց, նրա տնազն արեց, - ազնիվ վաստակով եմ ապրում։ Չլինի՞ թե Բեթհովեն ես, Մոցարտ ես, Արամ Խաչատրյան ես կամ Շառլ Ազնավուր։ Դու զուռնաչի ես, ոչ թե կոմպոզիտոր։
     - Իսկ դու թալանչի ես, ոչ թե առեւտրի գերազանցիկ աշխատող, - հարձակման անցավ Արթուրը։- Դու մեկին երկու ես վերցնում՝ չես կշտանում։ Հիշո՞ւմ ես, մի անգամ մեր դիրեկտորի հետ եկա բուֆետդ. յոթ ռուբլի ավել փող պոկեցիր։
    
     - Ես թալանում եմ թալանողներին, - հանգիստ ու անվրդով պատասխանեց Գեդեոնը։- Դու ո՞ւմ փողերով էիր հյուրասիրում դիրեկտորիդ։
     - Իմ ազնիվ վաստակած փողերո՜վ։
     - Ազնիվ վաստակած փողերո՝վ… Ես էլ հավատացի, էլի։ Ռենա Բագրատովնայի լակոտին ինչպե՞ս չորս նշանակեցիր։
     - Ի՞նչ Ռենա Բագրատովնա։
     - Էն լիրբն, էլի, էն որ միասին բռնվեցիք։ Մոռացե՞լ ես։
     - Շանտաժ ես անում։
    
     - Հա, իհարկե, ճշմարտությունը քեզ համար շանտաժ է։ Բա ինչո՞ւ չնստեցիր ուսմասվարի աթոռին։
     - Ես երաժիշտ եմ, ոչ մի աթոռի վրա աչք չունեմ։
     - Երաժիշտ եմ, երաժիշտ եմ։ Ինչպես երեւում է, հալվա-հալվա ասելով, բերանդ քաղցրանում է։ Գուցե «Անուշ» օպերան դո՞ւ ես գրել։ Վայ թե՝ էն Չույկովսկին, որ ասում են, դու ես։
     - Լսի՛ր, անգրագետի մեկը, Չույկովսկի չի, Չայկովսկի է։ Ստից սպորտի վարպետ ես դարձել, կարծում ես՝ աշխարհի տերն ես։ Բա ինչո՞ւ սպորտը թողեցիր։
    
     - Դա իմ անձնական գործն է, ընկեր կոմպոզիտոր։
     - Պահո՜, - նեղսրտեց Սահակը, - սա ոնց որ կռիվ դառավ։ Էդպես լավ չի, վեր կացեք իրար դնքսեցեք։ Բա ձեզ սազո՞ւմ է։ Արթուր, ես դա քեզանից չէի սպասում։
     - Ես մեղք չունեմ, առաջինն ինքը սկսեց։
     - Դո՛ւ ստիպեցիր, - Գեդեոնը գլուխը նորից առաջ մղեց։
     - Ի՜նչ է, ես իրավո՞ւնք չունեմ իմ կարծիքը հայտնելու։
     - Դու քո կարծիքը կարող ես ձեր տանը հայտնել։
    
     - Վե՛րջ տվեցեք, - Թինան ձեռնափով խփեց սեղանին, չնայած նրա սրտովն է այդ վեճը. «Էդպե՛ս, ա՛յ այդպես, իրար կերեք, իրար ոսկոր կրծեցեք, դա ձեզ շատ է սազում, փողով հարբած լակոտներ» ։- Այս ի՞նչ բան է, հազիվ մի անգամ իրար տեսնում եք եւ իրար զուր տեղից վիրավորում։ Ամոթ է, չէ՞, դուք հո երեխաներ չեք, բաժանելու ի՞նչ ունեք։
     - Ամո՛թ է, իհարկե, ամոթ է, - Հովակիմը մոտ քաշեց մոխրամանը, սիգարետի մնացորդը ճզմեց մեջը։- Սա էլ դառավ բարեկամությո՞ւն։ ՝
    
     - Ռեստորանում կլյաուզնիկները շառ դրեցին վրաս, քիչ էր մնում գործ ստեղծեին, մեկը դուռս չբացեց՝ հարցնի՝ Հովակիմ Նավասարդովիչ, էդ ի՞նչ կեղտ է, որ ուզում են կպցնել վրադ։ Բա որ մենք նեղ օրին իրար չօգնենք, ո՞վ պիտի օգնի։ Ի՞նչ կասես, Սահակ։
     - Ի՜նչ ասեմ, - ուսերը շարժեց Սահակը, - բան չեմ հասկանում։
     - Ներողություն, ինչո՞ւ չես բան հասկանում. երկու ամիս անգործ մնացի, չէի՞ր կարող մի քանի կիլո մեղր ուղարկել։ Բկիս կմնա՞ր։
     - Հովակիմ, ով բարեկամությունից խոսի-չխոսի, դու չպիտի խոսես։ Սարից խոսիր, ձորից խոսիր, համա բարեկամությունից մի՛ խոսիր։
    
     - Էդ ինչո՞ւ։
     - Տղայիս հարսանքին հիսուն շիշ չեխական գարեջուր խնդրեցի՝ մերժեցիր։ Հո ձրի չէի ուզում։
     - Չմերժեցի, Սահակ, քեզ մարդավարի հասկացրի, որ չեխական գարեջուրը մեզ հաշվով են տալիս։ Պարիս Սահակովիչն էր կարգադրել։ Դրա համար չհրավիրեցի՞ր։ Վախեցար՝ դատարկ ձեռքո՞վ գամ։
     - Ես որդուս համար հարսանիք չեմ արել։
    
     - Բա որ հարսանիք չես արել, Արթուրն ո՞ւմ հարսանքին է կլարնետ նվագել, հինգհարյուր ռուբլին ծալել, դրել գրպանը։
     Գեդեոնը թշնամանքով նայեց Արթուրին, լաց է լինում, փո՜ղ չունեմ, փո՜ղ չունեմ… Բա հիմա երեսին չթքե՞մ։
     Սահակը ծռմռվեց աթոռին, խոսեց բառերը ծամծմելով.
     - Ուզում եմ ասել՝ առանձնապես մեծ հարսանիք չեմ արել, էնպես, թեթեւ բան էր։
     - Հարսանիքը հարսանիք է, մեծս ո՞րն է, փոքրս ո՞րն է, - պատասխանեց Հովակիմը եւ մի նոր սիգարետ վառեց։
    
     - Իսկ լավ կլինե՞ր, որ ես քեզ հյուրասիրեի թթված գարեջրով։
     - Եղածով յոլա կգնայի։
     - Դու եղածով յոլա գնացողներից չես։ Մեր Արփիկից յոթ կիլոգրամ մեղր ես վերցրել, փողն էլ չես տվել։ Ասել ես՝ Պարիս Կիրիկորովի համար է։ Ի՜նչ է, Պարիս Կիրիկորովը գլխիս տե՞րն է։
     - Խաբում ես։
     - Ո՞վ, ե՞ս…
     - Բա ե՞ս… Պարիս Սահակովիչի անունն ինչո՞ւ ես շոշափում։
    
     - Ես չեմ շոշափում, դու ես նրա անունով առեւտուր անում։ Չլիներ քո էդ Սահակովիչը, այսօր չէիր նստի պանրագործարանի դիրեկտորի աթոռին։ Կարծում ես, որ գյուղումն ենք ապրում, խո՞տ ենք ուտում։
     - Սահակ, էդ խոսքերի համար դու տեղ չունես։
     - Գնա խաբար տուր։ Գնա ասա՝ Պարիս Սահակովիչ, քարաշենցի Սահակ Վարդապետյանը ասել է՝ ես քեզանից չեմ վախենում։ Պարտական մնաս, թե չասես։ Թիկունքդ Կիրիկորովը չի՞…
     - Հիմա ասա տեսնեմ՝ քո թիկունքն ո՞վ է։
    
     - Կգտնվի։ Խնդրում եմ ազգակցիդ անունով թեւեր չառնես։
     - Տե՜ր աստված, - հոգոց հանեց Թինան, բայց հոգու խորքում ցնծում է. «Լավ է, շատ լավ է, դուք էլ իրար կերեք։ Ա՛յ թե Սահակը դրան լավ քծծեց։ Տեղն է, թող քիթը շատ չբարձրացնի» ։ Նա նախատող հայացքով նայեց Հովակիմին, ապա թեթեւակի ժպտաց Սահակին, գլուխը հանդիմանանքով շարժեց։- Չեմ հասկանում, ինչի՞ համար է այս աննպատակ վեճը։ Ասենք՝ Գեդեոնն ու Արթուրը ջահել են, չեն հասկանում, բա ձեզ ի՞նչ է եղել։ Է՛հ, Մեծ մամ, սրանք էլ քո բարեկամներն ու ազգակիցները…
    
     Նա բնազդաբար նայեց դիմացի պատին, ուր մի տարի առաջ Մեծ մամի լուսանկարն էր՝ արծաթագույն շրջանակի մեջ։ Այդ նկարում Մեծ մաը Մեծ մամ չէր, այլ ջահել, գեղեցիկ ու ամոթխած նորահարս։ Մեծ մամի լուսանկարի տեղը մերկ աղջկա յուղանկար է, կիսադեմ կանգնած մեծադիր հայելու առջեւ, ասես զարմացած իր մերկության վրա։ Թինան ինքն էր իր ձեռքով իջեցրել Մեծ մամի նկարը ու կախել այդ մերկ գեղեցկուհու պատկերը, եւ դա էլ պատճառ էր դառել, որ մայր ու որդի նորից ընդհարվեն ու գժտվեն։
    
     Գեդեոնը հավանաբար գիտեր այդ մասին, եւ նույն պահին բռնեց Թինայի հայացքը, իբր թե նոր միայն տեսավ մերկ աղջկա նկարը, եւ հարցրեց.
     - Բա ո՞ւր է Մեծ մամի նկարը։
     - Այնտեղ է, սնդուկում, - Թինան դեմքով ցույց տվեց դիմացի սենյակի սնդուկը։- Ուրիշ բան չկարծեք, շրջանակը հնաոճ էր…
     - Հա՜, շրջանա՜կն էր հնաոճ, - երկիմաստ ժպտաց Գեդեոնը։- Մեծ մամը ուրիշ Մեծ մամ էր. նա սովորեցնում էր մեզ, որ հարգենք իրար, մեծի պատիվը պահենք։
    
     - Տեսնում եմ ինչպես եք հարգում ու պատիվ պահում, - ձեռքն արհամարհանքով թափ տվեց Արթուրը։- Մեծ մամի մեծ թոռն էլ իբրեւ դու ես։
     - Դու թո՞ռ չես, - հոնքը վեր նետեց Գեդեոնը։- Ես թոռ եմ, դու թո՞ռ չես։
     - Ես աղջկաթոռն եմ։
     - Աղջկաթոռը խո՞րթ է։
     - Մի քիչ հեռու է։
    
     - Բա ինչի՞ ես եկել, ախպեր ջան։ Այսօր կիրակի է, հարսանքի օր, ինչի՞ չես գնում շաբաշի։
     - Չեմ ուզում, չեմ գնում։
     - Շատ լավ էլ ուզում ես, Կուկույի խումբը ճանապարհդ փակել է։
     - Կուկույի խո՜ւմբը, - Արթուրը ծիծաղեց։- Ցավդ տանեմ, Կուկուն ո՞ր օրվա երաժիշտն է։ Նա կարող է միայն քեզ նման հետամնացներին զարմացնել։
     - Վա՛յ, ես քո առաջավոր ջանին մատաղ։ Բա որ էդքան զարգացած ես, ինչի՞ ես գնում «Հոռուն տակի» ճաշարանում վիզդ փոկ անում, տեսնես ով է մի երեքանոց տալիս, որ մի շիքյաստ նվագես։ Էդպես լավ չի, ընկեր կոմպոզիտոր, գլխարկդ հանիր, փայ հավաքիր։
    
     Դա արդեն չափազանց էր, Արթուրն ընդոստ վեր թռավ աթոռից։
     - Լսի՛ր, Գեդեոն ես, թե ինչ զիբիլ ես. ես քեզ համար լակոտ չեմ։ Եթե ռեխդ չփակես, Մեծ մամի գերեզմանովն եմ երդվում…
     - Դու ինձ ի՞նչ պիտի անես, - Գեդեոնը նույնպես կանգնեց, - մի ասա տեսնեմ՝ դու ինձ ի՞նչ պիտի անես։ Դու ո՞ւմ շունն ես, որ Մեծ մամի գերեզմանով երդվում ես։
     - Գեդեոն, - Հովակիմը նույնպես կանգնեց, բռնեց նրա ուսերից, - սարսաղություն չանես, տեղդ նստիր, - եւ ապա Արթուրին, - դու էլ տեղդ նստիր։ Սրանց նայեցե՜ք, աքլորացել են… Աննամուսների մեկը։
    
     - Չէ, ջանըմ, սա չեղավ, - փնթփնթաց Սահակը, - դուք ձեր անձնական հաշիվների ետեւից եք ընկել, մեզ էլ մարդատեղ չեք դնում։ Եկեք մեր դարդ ու ցավից խոսենք։
     - Դրանց դարդ ու ցավն իրար խայտառակելն է, էլ ուրիշ դարդ ու ցավ չունեն, - Թինան հավաքեց թեյի բաժակները։- Լավ չի, իրար վրա դանակ քաշեցեք։ Սահակ, խոսքդ ասա։
     - Ես ավտոբուսից ուշանում եմ, - Սահակը նայեց ժամացույցին։- Դուք հիմա ինձ կոնկրետ ասեք՝ ի՞նչ գերեզմանաքար եք պատվիրում եւ որքա՞ն փող պիտի տամ։
    
     - Իհարկե, ոչ սովորական գերեզմանաքար, - առաջ ընկավ Գեդեոնը՝ մեծ թոռան իրավունքով։- Մարմարից։ Իմ կարծիքով՝ վարդագույնը ավելի հարմար է։
     - Ամենահարմարը սեւն է, - խոսեց Արթուրը, - հիմա սեւն է մոդա։
     - Սեւ գերեզմանաքարը կտանես դնես քո զոքանչի գերեզմանին, - նետեց Գեդեոնը, - Մեծ մամին վարդագույնն է սազում։
    
     Հովակիմը շարժեց գլուխը, բարձրացրեց ուսերը։
     - Չեմ հասկանում, մարմարի ու հասարակ քարի արանքում ի՞նչ տարբերություն կա։ Եկեք մի քիչ էլ մեզ համեստ պահենք։ Էն որ չտեսներն իրենց հարազատների գերեզմաններին դամբարաններ են սարքում, կարծում եք, թե ճի՞շտ է։ Սրանից երկու ամիս առաջ Պարիս Սահակովիչը կոնֆերանսում տեսա՞ք ինչպես քննադատեց քաղքենիներին։
    
     - Պարիս Սահակովիչն ուրիշներին քննադատում է, իսկ ինքն իր հոր գերեզմանին արձան է կանգնեցրել, - խայթելու հարմար առիթը բաց չթողեց Սահակը, - Ղարաբաղում մարմար չի թողել…
     - Կերե՞լ է, - Հովակիմը ատելությամբ նայեց նրան, - ծախե՞լ է, գողացե՞լ է։ Սահակ, հարկավոր չի, դու բոլորին սեւացնում ես։
     - Ես ասում եմ ճշմարտությունը։
     - Սա ոչ կոնֆերանս է, ոչ էլ մարզային խորհրդակցություն։ Լավ, թող հիմա էլ գերեզմանաքարը մարմարից լինի։
    
     - Մենակ քարը չի, - պարզություն մտցրեց Թինան, - ռեշոտկա էլ է հարկավոր։
     - Ի՜նչ ռեշոտկա… Մեծ մամը առյո՞ւծ է, թե՞ վագր, որ դուրս գա փախչի, - սրամտեց Հովակիմը, բայց զգալով, որ դա շատ կոպիտ ստացվեց, մեղմացրեց խոսքը։- Մեծ մամը աշխարհի ամենահամեստ կինն էր, առանց ռեշոտկայի էլ կարող է յոլա գնալ։ Էն քաղքենությունը, որ ասում է Արթուրը, հենց ռեշոտկան է։ Գեդեոն, դու թվաբանությունից ուժեղ ես, հաշվիր տեսնենք որքան փող է նստում։
    
     Գեդեոնը ծոցագրպանից հանեց բլոկնոտը, գրեց-ջնջեց, գումարեց-հանեց եւ կարծես չվստահելով իր գրածին, մտքում ինչ-որ մտմտաց ու հայտարարեց։- Մի գերեզմանաքարը մեզ վրա կնստի ուղիղ 500 ռուբլի։ Հինգ հոգի ենք, հինգհարյուրը բաժանած հինգի՝ հավասար է հարյուր։
     - Շա՜տ լավ թվաբանություն է, - Թինան խռոված երեխայի պես շուռ տվեց դեմքը, թեւերը ծալեց կրծքին, շուտասելուկի պես վրա տվեց։- Ես Մեծ մամի համար հարս եմ եղել, մայր եմ եղել, հայր եմ եղել, քույր եմ եղել, քոծ եմ եղել. հասկանո՞ւմ եք, քո՜ծ, այսինքն՝ ծառա, նյանկա։ Ես Մեծ մամին գլխիս եմ պահել։ Դուք պիտի մտնեք իմ դրությունը, ստացած թոշակս հազիվ ուտելուն է հերիքում։
    
     - Թինա, դու մոռանում ես, որ տղադ ու հարսդ աշխատում են, - ասաց Հովակիմը։
     - Ես նրանց հետ գործ չունեմ։ Ե՞րբ են տղաս ու հարսս ինձ կոպեկ ցույց տվել։
     - Այդ դեպքում հինգհարյուրը բաժանած չորսի, - Գեդեոնը բլոկնոտը դրեց գրպանում։- Ովքեր համաձայն են, թո՛ղ ձեռք բարձրացնեն։
    
     - Սա ժողով չի, - դժգոհեց Արթուրը, - իմ բաժինը որքա՞ն է։
     - Մի «Սիրեցի, յարս տարան», - Գեդեոնը աչքով արեց Հովակիմին։- Բայց քանի որ Թինան չի կարող տղամարդկանց հետ ոտք բռնել, «Սիրեցի, յարս տարան» -ի վրա մի «Ջեյրանի» էլ ավելացրու, կդառնա ուղիղ հարյուր քսանհինգ ռուբլի։
     - Այդքան փողով կարելի է երկու գերեզմանաքար պատվիրել, - Հովակիմը նայեց Սահակին, բայց վերջինս լուռ էր։- Դուք շատ լավ գիտեք իմ վիճակը, երկու ամիս չեմ աշխատել, պարտքերի մեջ թաղված եմ։ Խոսքը մեր մեջ, Թինա քույրիկ, դու էլ լավ բան չես անում։ Մեծ մամն ամբողջ կյանքում քեզ է ծառայել. էն նյանկան, որ ասում ես, Մեծ մամն է եղել։
    
     - Քեզնից էլ նույնպես շնորհակալ եմ, - Թինան ցուցադրաբար ետ ընկավ աթոռին։- Հերի՛ք է, ի սեր աստծո, հերիք է։ Ձեր կեղտոտ փողերն ինձ հարկավոր չեն։ Դուք մանրախնդիր, գծուծ, քաղքենի, կոպիտ ու անտաշ մարդիկ եք։ Ես տուն-տեղ կծախեմ, օրվա հացին կարոտ կմնամ, բայց Մեծ մամի գերեզմանին քար կդնեմ։
     Տիրեց լռություն։ Յուրաքանչյուրն իր մտքի հետ է, եւ այդ ամենը մեկնաբանում է յուրովի ու արդարացնում իրեն։
    
     ՀՈՎԱԿԻՄ- Չեմ հասկանում, այս լաչառը մեզ ինչի՞ տեղ է դրել։ Բա հիմա չասե՞մ՝ խնայդրամարկղիդ գրքույկը բեր տեսնեմ։ Տղադ ինժեներ է, հարսդ՝ ուսուցչուհի, դու էլ ամիսը 120 ռուբլի թոշակ ես ստանում։ Է՜, կրակն ընկա՞, որ Մեծ մամի քրոջ որդին եմ։ Եթե ճիշտը վերցնենք, սրանց մեջ ամենահեռավոր բարեկամը ես եմ։ Մեծ մամի հոգեհանգստի միսը, հացը եւ գինին իմ հաշվին էր։ Ուղիղ 280 ռուբլի ծախսեցի։ Վա՛յ թե կարծում են՝ ռեստորանից ձրի եմ բերել։ Լա՛վ, հիմա էլ հաշվենք ձրի, դրությունը փոխվո՞ւմ է։ Մինչեւ ռեւիզորի հետ լեզու գտա, վնասը մի կերպ ծածկեցինք, հոգիս եկավ բերանիս հասավ։
    
     ՍԱՀԱԿ - Մեծ մամի դագաղը ես էի պատվիրել. դագաղը 125 ռուբլի ։ Թագավորական դագաղ էր, ժողովուրդը հայիլ-մայիլ նայում էր։ Քելեխին 50 ռուբլի, քառասունքին՝ 60, դրան էլ հիմա գումարած 125 ռուբլի, կդառնա 360 ռուբլի։ Ի՜նչ է, ես Ռոկֆելլերի թո՞ռն եմ, թե՞ Մորգանի փեսան։ Որքա՞ն մեղր պիտի ծախեմ, որ դառնա 360 ռուբլի։ Մեջտեղ ամենից շատ տուժողը ես եմ։ Հիմա դառնամ ասեմ՝ Թինա քույրիկ, մի՞տդ է, էն որ մի գիշեր ինձ հյուր չպահեցիք, կասեն՝ Սահակը հիշաչար մարդ է։ Եվ շատ էլ լավ կանեն, ախր, ես այստեղ ի՞նչ գործ ունեմ։
    
     ԱՐԹՈՒՐ - Բա ես այստեղ ի՞նչ գործ ունեմ։ Կուկուն այսօր ամենապակասը 300 ռուբլի փող կծալի դնի գրպանումը։ Կուկուն, այդ գռեհիկ զուռնաչին, այդ դատարկագլուխը… Տեսեք ով է գովում Կուկուին՝ գարեջրավաճառը, թալանչին, գողը, ստից սպորտի վարպետը… Բայց դե այս Թինան էլ մի բարի պտուղ չի, մի թալանչի էլ սա է. այնպես է լաց լինում, կարծես չգիտենք, որ դերասանություն է անում։ Քեռուս «Վոլգան» ծախել է տաս հազարով. ուզում էի ութհարյուրով վերցնել՝ չտվեց, եւ հիմա բարեկամությունից է խոսում։
    
     ԳԵԴԵՈՆ - Գյադանե՜ր, չարչինե՜ր, կոպեկի համար մեռած ցիգաննե՜ր… Սրա՞նք են իմ բարեկամները։ Վա՛յ, ես ձեզ նման բարեկամները չունենամ։ Չէ, ես սրանց թայը չեմ, տղամարդ եմ, հիմա ցույց պիտի տամ իմ տղամարդությունը։ Բոլորին պիտի ստորացնեմ։ Մի գերեզմանաքարը որքա՞ն արժե… Գլուխ է, հա՜, գլուխ է, ո՞նց եմ մոռացել. մեր գեղի կողքին հին գերեզմանոց կա, հին գերեզմանաքարեր, հիմա ո՞վ է դրանց տերը։ Չէ, ես սրանց մի լավ սյուրպրիզ կանեմ...
    
     - Դե լավ, եկեք վերջացնենք, - Գեդեոնը հանդիսավոր ելավ տեղից։- Մեծ մամի մեծ թոռը ես եմ։ Ինչպես տեսնում եք, ես չեմ մեռել, որ Մեծ մամն անհիշատակ մնա։ Հաշվեցեք՝ գերեզմանաքարը պատրաստ է։ Իմ հաշվին։
     - Քո հաշվի՞ն, - Հովակիմը տարակուսանքով շարժեց ուսերը՝ չլինի՞ այս մասխարան մեզ ձեռ է առնում։- Ասացիր՝ իմ հաշվի՞ն։
     - Ասացի՝ իմ հաշվին։
     - Ուրեմն մենք հե՞չ, մեզ մարդատեղ չե՞ս դնում։
    
     - Իսկ ինչո՞ւ մարդատեղ չպիտի դնեմ. գերեզմանաքարը կլինի մեր՝ բոլորի անունից հիշատակ։ Շատ չէ, յուրաքանչյուրդ կցնծաք երեսունական ռուբլի։ Չեք ուզում, հարկավոր չի։
     - Ա՛խ, Գեդեոն, Գեդեոն, - Թինան համբուրեց Գեդեոնի ճակատն ու արտասվեց։- Ուրեմն Մեծ մամը ճիշտ էր, որ ամենից շատ քեզ էր սիրում, - պահարանից հանեց կոնյակի շիշը, բաժակները, մի տուփ շոկոլադ։- Դե լավ, օտարի տուն չեք եկել, լավ կոնյակ է, Լեւոնն է Երեւանից բերել, խմեցեք, ձեզ հալալ։
    
     Ասես կախարդական գավազանի մի հարվածով ամեն ինչ փոխվեց, եւ բոլորն էլ սկսեցին կատակել ու ծիծաղել, սիրով ժպտալ, հիշել Մեծ Մամին, որ աստվածային կին էր։
     - Գեդեո՛ն, - Հովակիմն իր բաժակը խփեց նրա բաժակին, - դու նամուսով տղա ես, քո բաց ճակատի, քո ազնիվ հոգու, քո նամուսի ու պատվի կենացը։ Ես առաջարկում եմ, որ բոլորդ մինչեւ վերջ դատարկեք ձեր բաժակները։
     - Արժե, իմ արեւը, արժե, - ասաց Սահակը, - հալալ լինի, Գեդեոն, քո էդ բաց ճակատի կենացը։
    
     Հետո Գեդեոնն ու Արթուրը հաշտվեցին, նույնիսկ երկու անգամ համբուրվեցին, Հովակիմը Սահակի բաժակն իր ձեռքով լցրեց ու ասաց. «Ախպեր ջան, բարեկամ եղել ենք, բարեկամ էլ կմնանք», տիկին Թինան կոնյակի երկրորդ շիշը դրեց սեղանին ու առաջարկեց Հովակիմի կենացը կանգնած խմել…
    
     * * *
     Իսկ շիրմաքա՞րը…
     Շիրմաքարը հասարակ շիրմաքար էր, որի ճակատին մի շաբաթ առաջ գրված էր. «Այս է տապան լուսահոգի Հայկազ Ավագյանի, որ որդին է Առաքելի, ծնված 1782 ամի, վախճանյալ 1871 ամի…» ։
    
     Հին գրերն ընկան քարտաշ Սիմոնի «հրաշագործ» մուրճի տակ, ջնջվեցին, Սիմոնը Գեդեոնի պատվերով գրեց այսպես. «Այստեղ հանգչում է Մեծ մամը՝ Մարիամ Ավանեսի Մելիքյանը. ծնվել է 1888, վախճանվել է 1972 թվականին։ Հիշատակ նրա հարազատներ Գեդեոնից, Թինայից, Լեւոնից, Վիոլետայից, Հովակիմից, Ելենից, Մարատիկից, Նունեից, Աշոտիկից եւ Սահակից» ։
     Սահակը կարդաց ու դժգոհեց.
     - Վա՜յ, ավազակներ, անունս էլ վերջն են գցել։
     1980 թ.
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3586 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ