Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փողի վրա է եկել. Ինչ գործ ունի Հերմինեն ՀԿԵ-ում

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
21:54, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Փողի վրա է եկել. Ինչ գործ ունի Հերմինեն ՀԿԵ-ում

Այն, որ «Հարավ-կովկասյան» երկաթուղին փողերի լվացքատուն է, գիտեն նաեւ հայ պաշտոնյաները, ովքեր չեն ցանկանում անմասն մնալ այդ ամենից:

ՀԿԵ-ում առկա փողի, ալան-թալանի հոտը առել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով երկաթուղու «լավագույն բարեկամն է», ամեն մի միջոցառման գնում է, լուսանկարվում: Բայց ինչու միայն դա, ախր Նաղդալյանը հենց այնպես ոչ մի տեղ գնացող չէ, նա, եթե փողի հոտը չառավ, ոտքը ոտքի առաջ չի դնի: Եւ ահա երկաթուղում էլ այնքան լուրջ են ընդունում տիկնոջը, որ նրա ասածները օրենք են, կարող է կադրային նշանակումներ անել, տենդերների մեջ խցկվել եւ այլն:

Դե ՀԿԵ-ում աշխատող եւ թացը չորից չտարբերող ռուսների համար պարզաբանեք, թե ով է Նաղդալյանը:

Նոր բան չկա գրելու նրա մասին, ամեն ինչ ժամանակին լավագույն գրվել է, ահա, խնդրում եմ մի հատված, կարծում ենք՝ եզրակացությունները իրենք կանեն:

«Շուրջ 30 տարի նա ասպարեզում է, որից 20 տարի շարունակ՝ խորհրդարանում), և այդ երեք տասնամյակները եղել ու մնում են միջակության հաղթանակի տարիներ: Նա միշտ իշխանություն է: Միշտ: Ավելի ճիշտ, որտեղ իշխանությունը՝ այնտեղ նա: Լիներ դա «Հանրապետություն» խմբակցությունը, թե «Միասնություն» դաշինքը և ապա ՀՀԿ-ն, Նաղդալյանը նրանց թիմում է: «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ էր, թեև ոչ ոք այդպես էլ չհիշեց, թե պատերազմի հատկապես ո՞ր ճակատում էր մարտնչել տիկին Հերմինեն: Բոլորը նրան հիշում էին միանգամայն այլ ճակատներում: Խորհրդարանին նախորդած տասնամյակը Նաղդալյանի համար եղել էր սպառողական կոոպերացիայից մինչև կոոպերատիվների, իսկ հետո ձեռնարկատերերի միություններ տանող ժամանակաշրջան: Սակայն այս դեպքերում էլ գրեթե անհնար է հստակեցնել, թե հատկապես ձեռնարկատիրության ո՞ր ոլորտներում էր քրտինք թափում Հերմինե Նաղդալյանը, հատկապես ի՞նչ էր արտադրում կամ ի՞նչ էր վաճառում: Եվ քանի որ խոսքը դժվարին 1990-ականների մասին է, վայրի սեփականաշնորհման և վաշխառուների ոսկե դարի մասին, ապա դժվար չէ կռահել, թե ինչպիսի մասնակցություն նա կարող էր ունենալ համընդհանուր ալան-թալանին: Պատերազմող երկրում հետին ամսաթվով երկրապահ Հերմինե Նաղդալյանը համատարած թշվառության ու կորուստների ավերակների վրա էլ դիզեց իր առաջին միլիոնները: Եվ հենց այդ պահին էլ նրան հուշեցին, որ փողը իշխանություն տանող դռան բանալին է: Ու տիկինը շտապեց պտտել այդ կախարդական բանալին...

Հերմինե Նաղդալյանի սիրում է կրկնել, թե խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից: Սա ասում է մի կին, ով 20 տարի խորհրդարանի անդամ է, օրենքի պահանջով զրկված է բիզնեսով զբաղվելու իրավունքից և այս ամենով հանդերձ ու իրավացիորեն հորջորջվում է «բիզնես-լեդի» պիտակով: Սա ասում է մեկը, որն իր պատգամավորական աշխատավարձից բացի կարծես թե պիտի այլ եկամուտներ չունենար, բայց տեսեք, թե ինչերի է ընդունակ և ինչ ծավալների հետ է առնչվում փափկասուն տիկինը:

Օրինակ, Սյունիքում Հերմինե Նաղդալյանին է պատկանում Սիսիանի բազալտի քարհանքը։ Հանրապետական այս պատգամավորը նաև ռեստորան ունի Սիսիանում, նրան է պատկանում Սիսիան-Երևան երթուղային գիծը, տեղի տաքսի ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, Հերմինե Նաղդալյանը փայատեր է Սիսիանի հիդրոէլեկտրակայանում և այլն, և այլն։

Տպավորի՞չ է: Անշուշտ: Սակայն ձեզ համար: Հերմինե Նաղդալյանին արդեն վաղուց այսպիսի թվաբանությամբ չես զարմացնի: Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է «կշտանալ» բառը: Նա չի կարող հեռու քաշվել մեծ կերակրամանից, քանի դեռ նրան ուժով մի կողմ չեն տարել: Իշխանության շերեփն աշխատում է օրնիբուն, ստամոքսը կլանում է առանց դադարի, իսկ եթե սնուցման պահին հանկարծ հայտնվի անտեղյակ մեկը և ապշած հայացքով Հերմինե Նաղդալյանից հարցնի, թե որտեղի՞ց պատգամավորին այդքան մեծ կարողություն, տիկինը ոչ պակաս զարմացած պիտի պատասխանի. «Աշխատել եմ, աղջիկս, ամբողջ կյանքս աշխատել եմ, ու այդ ընթացքում ստեղծել եմ այն սեփականությունը, որն այսօր ունեմ… Շատ կուզենամ, որ դու էլ 23 տարի աշխատելուց հետո այնքան արդյունք ունենաս, որքան որ ես»:

Տիկինը հանուն շահի պատրատ է դիմել ցանկացած քայլի՝ խոշոր մեքենայություններից մինչև մանր ժուլիկությունները: Ի դեպ, այստեղ պակաս դեր չի խաղում նրա անսահման փառասիրությունը՝ բոլոր արատների մայրը:

Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի կողմնորոշումը Եվրոպայից կտրուկ կերպով շեղվեց ու կենտրոնացավ Ռուսաստանի վրա, տիկին Հերմինեն դարձավ երդվյալ ռուսամոլ: Այնքան ռուսամոլ, որ երբ Մոսկվայից որևէ հյուր էր ժամանում, անկախ այդ հյուրի «տրամաչափից», նա բոլոր գործերը թողնում ու վազում էր դուրս՝ եկողին աղ ու հացով դիմավորելու համար: Մի անգամ, երբ գործընկերները վրդովվեցին նրա ջրիկ պահվածքից, ինչ-որ մեկը սրամտեց. «Հերմինեն օջախի կնիկ է»:

Հերմինեն ընդամենը հաշվենկատ կնիկ է: Իսկ Ռուսաստանի հանդեպ նրա նվիրվածությանը ոչ սկսում, ոչ էլ ավարտվում է խորհրդարանում ռուսերեն խոսքով՝ խախտելով հայրենի օրենսդրությունը: Ռուսաստանում նա գնահատված է...»:

Սա գրում է shame.am կայքը: Ավելացնենք, որ թերեւս Ռուսաստանի եւ Հայաստանի հանդեպ մեծ սերն էլ ստիպում է Հերմինեին ուշադրության կենտրոնում պահել ՀԿԵ-ն, որ հանկարծ ինչ-որ մեկը առանց իրեն որեւէ գումար չլվանա, չէ՞ որ ինքը դրա լավագույն եւ անփոխարինելի մասնագետն է եղել տարիներ ի վեր, ՀԿԵ բարձրատսիճան պաշտոնյաններին էլ կարող էլ լավ դասեր տալ: Պատահական չէ, որ ՀԿԵ-ում նրա ընկերուհին ՀԿԵ-ի թալանի տիրուհին՝ գերագույն հաշվապահ Վեներա Ավետիսյանն է, ում մենք բազմիցս անդրադարձել ենք, իսկ նախկին ընկերուհիներից էր տնօրեն Ռեբեցը, այժմ վերջինիս փոխարինում է Վալկոն: Այստեղ են ասել՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու, այս դեպքում՝ Վալկո-Վեներա-Հերմինե եռյակը կարելի է անվանել թալանչիների ընկերություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6693 | 0 | 0
Facebook