Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:56, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Հատված Ստեփան Զորյանի օրագրությունից
    
    
    

Նոյեմբեր 30. Մեռավ1 դժբախտ Լեռ Կամսարը։ Ծանոթ էի 20 թվից։ Ես նրան համարում էի ազնիվ, լոյալ մարդ. բայց 30-ական թվերին հանկարծ, չգիտես ինչու, բանտեցին նրան։ Խոսում էին, թե Չարենցն ու Բակունցն են եղել պատճառ։ Նա իբրև թե ծաղրել է սրանց, աննպաստ բաներ ասել, և ահա... վրեժխնդիր են եղել։ Թե որքա՞ն ճշմարիտ էր դա՝ չպարզվեց մինչև այժմ։
     Բայց մի քանի տարի հետո ազատեցին, և մի օր էլ նրան տեսա իմ բնակարանում։ Պատերազմի առաջին ամիսն էր, կարծեմ։ Ընդունեցի սիրով և, բազմոցին նստեցնելով, հետաքրքրվեցի նրա վիճակով, մտածելով, որ անշուշտ կարիքի մեջ է, պետք է օգնել։
     Նա, սակայն, հարցերիս կցկտուր պատասխանելով, նայում էր սենյակիս պատերին, նրա անկյուններին, նայում էր լուրջ, զննաբար։ Եվ երբ բավական նայեց-վերջացրեց, դարձավ ինձ.
     - Էս ինչո՞ւ քո սենյակում Ստալին չկա։
     - Այդ ինչո՞ւ համար եք հարցնում։
     - Չգիտե՞ս միթե, որ սովետական յուրաքանչյուր քաղաքացի նրա պատկերը պետք է ունենա իր տանը։
     - Այդ ես առաջին անգամ եմ լսում։
     - Քո բացատրությունը արդարացում չէ։ Ամեն քաղաքացի այդ պետք է հասկանա, և պատկերի բացակայությունից կարելի է լուրջ եզրակացություն անել, կապելով դա այն փաստի հետ, որ հայ գրականության տասնօրյակի վերջում «Правда-ում» տպված քո շնորհակալության մեջ Ստալինի անունը չէիր տվել։ Ավ. Իսահակյանը տվել էր, իսկ դու՝ ոչ։
     Ես ժպտացի, մտածելով, որ նա կատակ է անում։
     - Մի ծիծաղիր, սիրելիս։ Քո ապահովությունը պահանջում է, որ պատիդ լինի նրա նկարը։
     - Ես այդ ամենը համարեցի փորձված մարդու դիտողություն և կամեցա հասկանալ նրա այցելության բուն նպատակը։
     Եվ նա չթաքցրեց. պարզ ասաց, որ կարևոր հիմնարկը իրեն հանձնարարել է – պարզել, թե ի՞նչ են մտածում պատերազմի մասին Ավ. Իսահակյանը, Գ. Լևոնյանը և Զորյանը։
     - Ու ահա եկել եմ պարզելու...
     Քանի որ նա իր կատակները և սրախոսությունները միշտ անում էր լուրջ դեմքով, ես դարձյալ չէի հավատում, թե այդ ամենն ասում է լուրջ։ Թվում էր՝ մի այդպիսի հանձնարարություն անկարելի էր ասել այդքան պարզ։ Բայց նա ասաց։ Եվ ես, մտնելով նրա դրության մեջ, հասկացա նրան. բանտից նոր դուրս եկած մարդ՝ նա չէր կարող մերժել այդ հանձնարարությունը և, և մյուս կողմից, չէր կարող կատարել այդպիսի մի դեր... Ու ամենը ասաց բացահայտ, որ ես իմանամ և զգույշ լինեմ...
     Ես նրան ասացի, որ զգուշանալու կարիք չկա։ Եթե խնդիրը վերաբերում է պատերազմին, ես սրտանց ցանկանում եմ, որ հաղթի Սովետ Միությունը, այլապես հայ ժողովուրդը նորից կենթարկվի ծանր աղետի... Թուրքիան ատամները սրած այդպիսի բանի է սպասում...
     Լեռ Կամսարն իրեն թեթևացած զգաց.
     - Ես շատ ուրախ եմ, որ դու այդ կարծիքի ես...
     Հետո իմացա, որ նա եղել է Իսահակյանի և Լևոնյանի մոտ՝ նույն նպատակով։
     1965թ.

1.Լեռ Կամսարը վախճանվել է 1965թ. նոյեմբերի 22-ին։ Անճշտությունը Զորյանինն է։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2971 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ