Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրաքաղաքում անց է կացվել արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
10:49, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Մայրաքաղաքում անց է կացվել արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հերթական միջոցառումը գարեջրասերների համար էր: Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած և մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը:

Միջոցառման ընթացքում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, մայրաքաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը մասնակիցներին ներկայացրել են հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, ինչպես նաև գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը:
     Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
     Մարիա Բարաղամյանը կարևորել է Երևանի գարեջրի փառատոնի դերը մայրաքաղաքի միջոցառումային զբոսաշրջության զարգացման գործում:
     «Այս փառատոնը, որը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է, արդեն հասցրել է սիրվել ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից: Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է», - նշել է Մարիա Բարաղամյանը:
     Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված տաղավարներում, ավանդույթի համաձայն, մասնակիցներին գարեջրի բազմաթիվ տեսականիներ և խորտիկներ են առաջարկել «Երևանի գարեջուր», «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ», «Կոտայք» գարեջրի գործարանները, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
     Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ փառատոնը հիասքանչ հնարավորություն է մարդկանց և հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական գարեջրագործությունը, դրա լավագույն ավանդույթները և պատմությունը: Նրանք վստահեցրել են, որ մայրաքաղաքի հյուրերը հիացած են հայկական գարեջրի և բազմատեսակ խորտիկների համով:
     Փառատոնի ընթացքում ներկաների համար կազմակերպվել են մի շարք հետաքրքիր մրցույթ-խաղեր. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն: Հաղթողներն արժանացել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների անակնկալ նվերների:
     Երեկոն ավելի հետաքրքիր է դարձրել հագեցած համերգային ծրագիրը: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն:
     Միջոցառման ավարտին Երևաի գարեջրի 4-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շնորհակալագրեր:


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2621 | 0 | 0
Facebook