Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
13:23, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ
     Ծնկան ծերին
    
    
     Սա լինել, թե չլինել չէ: Ավելին է, քան լինել-չլինելը: Այս մասին չեն գրում, պարզապես ապրում են: Իսկ ես որոշեցի գրել, բայց ի՞նչ գրեմ, որ գրողը չտանի… Իմ յուրաքանչյուր պատմվածք ճշմարտության փնտրտուք է: Ճշմարտությունից զատ ես նաեւ ինձ եմ փնտրում: Միամտաբար ինձ փնտրում եմ դրսում, մինչդեռ հո լավ գիտեմ, որ ներսում եմ: Այսօր որոշեցի անգտնելին գտնել: Տղամարդը սեռական հարաբերության ժամանակ սերմնազատում է երեք միլիոն սերմնաբջիջ: Դրանցից միայն մեկին է վիճակված բեղմնավորվել: Մյուսները ոչնչանում են: Կենդանին մեկն է: Եվ այդ մեկը կուզեի այս պատմվածքը լիներ: Այդ թեմայով ընդամենը մեկ պատմվածք կարող եմ գրել: Երեք միլիոնի սխալվելու իրավունքը չունեմ: Ընդամենը մեկ մոտեցում: Կարո՞ղ եմ… Գիրը գիտե: Հրաչի հետ խորհրդակցելով՝ գրում եմ: Հրաչն ասում է՝ գռնչում ենք… Միտքը քար անձավից ճռնչալով հանում ենք: Խելք-խելքի տված՝ գռնչում, տեսնես ո՞ւր… Ծնվել եւ ապրում եմ ես… Այս օդը շնչում, կանաչ-կապույտ աշխարհը վայելում եմ ես… Ծնողից ծնվել, ծնող դարձել, վարդագույն երազանքներ եմ օդ արձակել, ձմռան բուքը հաղթահարել, տաք ամռան մեջ տապակվել, աշնան գույները քաղել, կանաչ գարունների երկունքը գուրգուրել, երկնային աղբյուրների զուլալ ջուրն ըմպել, ամպերի գանգուր գեղմը հովանի արել, անձրեւների միապաղաղ լարերի երգեհոն մեղեդին ըմբոշխնել, թավշոտ, խոնավ անտառների մամռակալած ծառերի սոսափը լսել՝ մանկությանս սարերի կարոտն եմ վերապրել ու ամենօրյա բացվող առավոտների մեջ նոր օր փնտրել, նոր լույս տեսել եւ նոր հույս եմ փայփայել ես… Իսկ ինչո՞ւ ես, հատկապես՝ ես… Բանական մարդն այս թեմայով երեւի թե պատմվածք չէր գրի: Մի՞թե ես անբանական եմ: Մինչդեռ սովորական մարդկանցից ես ոչնչով չեմ տարբերվում: Թերեւս միակ տարբերությունս այն է, որ ավելի քան սովորական եմ: Այլ կերպ Ռուբիկոնը չէի անցնի: Ամենեւին Հուլիոս Կեսար չեմ: Դժվար է, մացառուտ է, փուշ է, տատասկ, վիհ ու անդունդ է անցնելիք ճամփաս: Դեռ չգրոհած՝ ուզում եմ ձեռքերս վեր բարձրացնել: Երեւի թե մահը կտա արժանի պատասխանը: Կյանքը եթե չի տվել, ապա մահը հազիվ թե տա… Մանավանդ, որ ես մահին չեմ հավատում: Որ ես չլինեմ, ո՞նց կարա էս աշխարհը լինի: Ահա հարցերի հարցը: Հավատս չի գալիս՝ օրը բացվի, ու ես օրվա հետ չլինեմ: Լինելու բան չէ: Ասում են՝ էթենց էլ ա լինում: Ես էնենցի կողմնակիցն եմ: Իսկ ո՞վ իմ կողմնակիցը չէ… Հրով, սրով, զորքով կռիվ գնացի: Հողմաղացների դեմ ես էլ սուր ճոճեցի: Քամին սուրս տարավ, հողմաղացը՝ զորությունս: Մահվան դեմ էլի մենակ մնացի՝ անզոր ու անզորք… Հավատարիմներիցս միայն հավատն ինձ չլքեց: Ես որ մահին չհավատամ, մահն ինձ ի՞նչ կանի… Մահը մեծ փոփոխություն է, սեւ խոռոչ, անտեսանելի ու անըմբռնելի դադար, երբ ժամանակն իսկ կանգ է առնում: Իսկ այնտեղ, որտեղ վերանում է ժամանակը, սկսվում է հավիտենականը: Ի՞նչ կփոխվի մահից հետո: Համենայնդեպս, անձնական դժբախտությունս համաշխարհային ողբերգության չի վերածվի: Արժե՞ այդքանից հետո մեռնել… Ասենք, մեծին ինչի՞ արժանացրին, թե փոքրին ինչի արժանացնեն: Գորկին իր «Ա. Պ. Չեխով» հուշապատումում նկարագրում է Անտոն Պավլովիչի հուղարկավորությունը: «Մոսկվայի այնքան «քնքշորեն սիրած» գրողի դագաղը, - գրում է Մաքսիմ Գորկին, - փոխադրել էին մի ինչ-որ կանաչ վագոնով, որի վրա խոշոր տառերով մակագրված էր՝ «Ոստերների համար»: Գրողին դիմավորելու համար կայարանում հավաքված փոքրիկ ամբոխի մի մասը գնում էր Մանջուրիայից բերված գեներալ Կելլերի դագաղի ետեւից եւ շատ էր զարմանում, որ Չեխովին թաղում են զինվորական երաժշտական նվագախմբի նվագով: Երբ սխալը պարզվեց, մի քանի ուրախ մարդիկ սկսեցին ծիծաղել ու քրքջալ: Չեխովի դագաղի ետեւից քայլում էր մի հարյուր մարդ, ոչ ավելի: Չեմ մոռանում երկու փաստաբանի, երկուսն էլ նոր կոշիկներով ու խայտաբղետ փողկապներով փեսացուներ: Դրանց ետեւից քայլելով՝ ես լսում էի, որ մեկը՝ Վ. Ս. Մակլակովը, խոսում էր շների խելքի մասին, մյուսը՝ ինձ անծանոթ, գովաբանում էր իր ամառանոցային հարմարությունները եւ նրա շրջակայքի տեսարանի գեղեցկությունը»: 1904 թվականի հուլիսի 15-ն էր: Թաղում էին Անտոն Պավլովիչ Չեխովին: Ա՛յ քեզ ապերախտություն… Ընդամենը հարյուր մարդ… երբ այժմ ավելի քան հարյուր միլիոն հետեւորդ ընթերցող ունի… Թաղում էին մի մարդու, որի պատմվածքները գոնե, ըստ Տոլստոյի, անարատ աղջկա գործած ժանյակների են նման: Մահը նրա սգո ժանյակն էր գործել: Արցունքներս որտե՞ղ գլորեմ… Սիրտս կսկծում է: Ես ո՞վ եմ, որ մեռնեմ: Մեռած, թե չմեռած, ընդամենը՝ Լեւոն Ջավախյան: Ինձնից շատ բան չի մնացել: Տարիների ընթացքում մասամբ շրջապատից, մասամբ էլ ընկերներից, կլպվել եմ՝ ինչպես բանանը: Մնացել է միջուկս՝ փխրուն եւ անպաշտպան: Իմ պաշտպանությունն իմ մենությունն է: Մարդիկ եթե լռությամբ իրար չեն հասկանում, ապա խոսքով դժվար թե հասկանան: Ես լռում եմ, որ ինձ հասկանամ: Բարդն ուրիշին հասկանալն է: Բամբասանքը նույնիսկ մենության պատն է ճեղքում: Ասում են՝ Ջավախյանի պատմվածքներն աղերս չունեն խոշոր գրականության հետ, քանզի չեն ներառում գեղարվեստի տարրական պահանջները՝ թույլ են, պրիմիտիվ, անկատար, անսյուժե, կենսագրական, ակնարկային, ռեպորտաժային, լրագրողական, նման աշակերտական շարադրությունների… Արժե՞ դրա համար տրամադրություն գցել: Տիբեթյան իմաստուններն ինձ սովորեցնում են. «Եթե դու վատ տրամադրություն ունես, մտածիր՝ որ մահանաս, դա էլ չես ունենա»: Մնում է մխիթարվել նրանով, որ շարքային ընթերցողները չեն ենթարկվում մասնագիտական տառակերությանը: Նրանք կարդում են ոչ մասնագիտորեն եւ թքած ունեն թելադրվող նորմի վրա: Ես դեռ էն գլխից եմ թքել կարելիի եւ չիկարելիի վրա: Բնական է. որտեղ ուժ՝ այնտեղ հակազդեցություն: Որքան մեծ է ուժը, նույնքան էլ ավելի է հակազդեցությունը: Չի լինի մեկը՝ չի լինի եւ մյուսը: Խոսքերն այլեւս ավելորդ են: Գնացող ջրի առաջը չես փակի: Իսկ մինչ այդ ինչքա՜ն ջրեր էին հոսել… Ինչո՞ւ, ինչի՞ համար… Իսկ ի՞նչ էր մտածում հայրս, երբ ինձ սաղմնադրում էր, թե՞ նրա կոչումը լոկ իր պատերազմական կյանքն էր: Պատերազմը նրան ոչինչ չտվեց, բացի պատերազմից. նրա ընծան ընդամենը Ավստրիայից որպես ռազմավար բերված՝ շագանակագույն տուփի մեջ ռումբիկներով դրվագված չժանգոտվող բեզապասնին էր, որով մինչեւ օրս սաղ գյուղն է թրաշվում: Հայրս ապրեց 74 տարի եւ այդպես էլ պատերազմից տուն չվերադարձավ: Միտքը շարունակ այնտեղ էր: Նա կյանքից հեռացավ Մակեդոնացու պես, դատարկ ձեռքերով, ինձ ավանդելով կրկին աշխարհ՝ նույնքան պայծառ ու լուսավոր: Նա ինձ չբացատրեց, թե ինչու է այն ինձ թողնում եւ ինչի համար… Մասնավորապես, ի՞նչ եմ անելու այս երկրի մեջ: Խնդրի ողջ լուծումն ինձ էր թողնված: Կամքի, գիտակցության եւ ցանկության դրսեւորման ինչպիսի՜ ազատություն… Առայժմ մի բան եմ պարզել. ինձնից շատերն են առավել, կան ինձնից լավերը՝ խոշորները, ուժեղները, մեծ իմաստուններ, բարձր ուսման ճաշակի ու մակարդակի մտավորականներ, ինձնից տաղանդավոր արվեստագետներ ու գրողներ, ինձնից էլ անբասիր ու խելոք մարդիկ, բայց այն, ինչի համար ես եմ կոչված, միայն ես կարող եմ լինել, եւ այն, ինչ ես եմ անելու, միայն ես կարող եմ անել: Իսկ ի՞նչ կարող եմ անել ես: Երեխա ժամանակ մտքով ինչ ասես, որ չեմ եղել՝ Ալեքսանդր Մակեդոնացուց սկսած, մինչեւ Նապոլեոն Բոնապարտ: Դա մի երանելի ժամանակ էր, երբ սիրտդ ինչ ուզեր, ինչ էլ խելքիդ փչեր, կարող էիր լինել: Երազն էլ կյանք է: Ես հավատում էի այդ կյանքին: Աչքերս բացվելուն պես երազանքներս հօդս ցնդեցին: Կյանքը սառը ցնցուղի պես զգաստացրեց ինձ: Ես միզելիս իսկի զուգարանի ծակը չէի գտնում, ուր մնաց, թե Ալեքսանդր կամ Նապոլեոն դառնայի: Արտաքնոցից դուրս գալուն պես մայրս ետեւիցս բղավում էր. - Ադա, գոմշի ձագի պես էլի տա՞կը թրջեցիր… Իսկ ես Փիլիպոս Երկրորդ թագավորի պես ուզում էի աշխարհը գրավել: Մինչդեռ Փիլիպոս Երկրորդի պես հարբած էի. հարբած էի երազներով… Ես մնացի դատարկ տակառում: «Կյանքը ճանապարհորդություն է դեպի խաղաղություն» ՝ փախուստ աշխարհից աշխարհ: Վերնիսաժում՝ այնպես, ինչպես տակառում, ես գլորվում եմ դեպի անհայտություն: Մնայուն կյանքը նեխող ճահիճ է: Ես ճահճի մեջ եմ 67 տարի: Արտասահմանում երբեք չեմ եղել: Ծայրագույն սահմանս Շնողն է: Շնողից անդին մի այլ աշխարհ է: Սիրում եմ Շնողը՝ շնողերենը… Այնտեղ գրեթե ամեն օր եմ լինում, թերեւս՝ հիշողությամբ: Ոտքով չապրեցի, գոնե մտքով ապրեմ: Այսօր բախտս բերել է: Դեբեդի հունը բռնած՝ տղայիս ավտոմեքենայով գնում եմ դեպի մանկություն: Ձայնարկիչի երգն աստիճանաբար կլանում է ինձ. Берега, берега, Берег этот и тот, Между ними река Моей жизни. Ալեքսանդր Մալինինն է: Նրա ամեն կատարում լիաթոք կյանք է: Մեղեդին ցածր ձայնով գալիս-գալիս, կամացուկ կոհակվելով՝ հորձանք է տալիս: Փշաքաղվում եմ, ընդերքից ջերմագին դող է բարձրանում, ողողում մարմինս: Մեքենայի բաց պատուհանից փափուկ զեփյուռը շոյում է դեմքս: Աչքերիցս բարակ առվակներով արցունք է հոսում: Օ՜, ինչ քաղցր է ծննդավայրի հիշողությունը՝ մանկություն, պատանեկություն, առաջին համբույր՝ նման վայրի մեղրի քաղցրության, եւ զմրուխտ ափեր, ուր անմոռուկներն են ծաղկում… Իսկ արցունքները հոսում են երկու աչքերից… Ուրախությունն ու տխրությունն են միացել իրար. Между ними река Моей жизни течет, От рожденя течет И до тризны… Գալարվում է ծով ծփանին: Մեղեդին ահագնանում է, բարձրանում: Վիթխարի ալիք է վազում լեռան պես աժդահա՝ գալիս-առնում ինձ իր կապույտ, սպիտակածուփ թեւերին… Սիրտս հալվում է, մարմինս անէանում… Տրվել եմ տարերքի հրաշքին: Ալիքն ինձ տանում է բարձր-բարձր, երկնքի լազուրին մերձ… Ես սավառնում եմ: Ոչինչ ինձ չի հետաքրքրում: Երգով զատվել եմ աշխարհից: Ես գտել եմ ճամփան… Մինչդեռ իմ կյանքը կռիվ էր. կռիվ էր, բայց ոչ պատերազմ: Գիշերով կռիվ էի գնում, ցերեկով՝ խաղաղվում, մինչեւ գիշերվա ու ցերեկվա միանալը, մինչեւ մեծ խաղաղություն… Դժվար է, դժվար ծնկան ծերին էսպիսի պատմվածք գրել: Կողքիս նույնիսկ Հրաչն է սրտնեղում. - Էդ ինչի՞ ես տնքում, արա… Թեթեւ-մեթեւ թող էթա, էլի…, -ասում էր: Ո՞նց գնա… էն էլ Վերնիսաժում, աղմուկի մեջ ծնկան ծերին կենտրոնանալ, մյուս կողմից էլ՝ շամշադինցի Զավենը, որ դիմացից անընդհատ միտքս շեղում էր: Բերանի ստանոկը միալար աշխատանքի մեջ էր. մեկ բրդուճն էր ծամում, մեկ խաչապուրին, բուլկին, պերաժկին, պոնչիկն ու հազարումի զրթուզիբիլ, վրայից էլ գույնզգույն հեղուկներ կլկլացնում, եւ տարօրինակն այն էր, որ ծնոտի երկու կողմով բլդուղներն ուռցրած որոճում էր եւ, որ խիստ զարմանալի է՝ հավասարը-հավասարի խժռում ու խոսում… Ես էլ մտքիս եմ զոռ տվել, թե ինչու եմ ապրում: Աչքիս առաջ ահա մեկը, որ գտել է կյանքի իմաստը: Շամշադինի բարբառով տուրիստների հետ էնպես էր անգլերեն տժժացնում, որ չգիտեինք՝ կոմիկական թատրոնո՞ւմ ենք, թե՞ տրագիկոմիկ Վերնիսաժում: Առավել քան զարմանալի էր, թե տուրիստները ոնց էին Զավենին հասկանում: Քանզի նրա անգլերենն ավելի էր հայերեն, քան բուն հայկազյան հայերենը: Զավենը դադար չուներ․ ստանոկը միացրած՝ անընդհատ աշխատանքի մեջ էր։ Աստված մի արասցե, եթե հանկարծ կլիենտն ավելորդ սակարկեր… Աջ ձեռքը հիտլերավարի բարձրացնում էր ու ձայնի ողջ ուժով բղավում. - Դավայ, գուդբա՜յ… Ձախորդը չքնաղ ամերիկուհի էր, նորաձեւությանը հարիր պատառոտված ջինսով: Ծվատված տաբատից ազդրերը կայծկլտում ու կրքոտ հրավերով ներս էին կանչում: Դա մենք էինք նկատում: Զավենի ուշքումիտքը հերթական բրդուճի մեջ էր: Ջինսը պիրկ գրկել էր սլացիկ ոտքերը, բարեկազմ ազդրերը, կլորիկ հետույքը՝ շողշողուն անցքերից երեւան բերելով մարմնի բարեմասնությունները: Անդիմադրելի ցանկություն էր առաջանում գազանաբար պատռել, պատառոտել եւ մնացած անարատ հատվածները, խուժել ազդրերի արանքն ու տիրանալ աշխարհի չերեւացող մասին: Է՜, աշխարհ, աշխարհ՝ որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում… Ես զգում էի. աշխարհը մի խորշից ելել ու էլի նույն խորշն էր ուզում… Մտնել էր ուզում… Ճար չունեի, իմ տեղը Վերնիսաժում է: Էթենց ա՝ Մուսեն որտեղ բռնացրեց, էնտեղ էլ չոքացնում ա… Հիմի հակառակը՝ ես եմ Մուսին հոպ-ստոպ արել. յախեն հավաքել, առաջը կտրել, ոտքերն ընկել, որ ինձ չլքի: Քիչ մնաց: Հետո ուշ կլինի: Կարող է եւ հետոն չլինի: Դե ասա՛, Մուսա, իմ լավ բարեկամ, քո ընկերը մի դատարկ խոսքից էլ ուրախացող ա, քո ընկերը քո ղուլն ա, քո ճորտը, քո ծառան, կարոտ եմ ես քո էն քաղցր ու անուշ բարին, քո բերքը մի փեթակ մեղրից էլ թանկ ա, քո խորիսխը ամենաքաղցր վայելքն է աշխարհում. քանի ծաղկից-ծաղիկ եմ թռել, քանի կոկոն թերթ եմ քրքրել, քանի-քանի առէջ բացել, քանի-քանի ականջ ու բերան մտել՝ քեզ տեսնելու համար, քեզ գտնելու համար, քո էն վարդ-շուրթ բերանի շնկշնկան շշունջը լսելու համար. Ման եմ եկել սարեսար, Գիր եմ արել քեզ համար՝ Սրտիկդ բաց՝ ներս գամ ես, Անուշ-անուշ կյանք տամ քեզ… Ում՝ կյանք, ում՝ բախտ, ում էլ՝ դարդուցավ… Մի գրող կար՝ մեծ մարդ էր, գրական աշխարհում ճանաչված մեծ գայլ, բայց քանի որ մեքենայից փոքր էր, ընկավ ավտոմեքենայի տակ: Մի օր կյանքից դժգոհ տրտնջաց. «Մենակը մարդ չի, - ասաց, - ծանոթով ծնվում ենք, ծանոթով ապրում, ծանոթով մեռնում… Որ ծանոթ չունենաս, քեզ գերեզմանի տեղ տվողն ո՞վ ա… Բայց մեծ հաշվով՝ էս աշխարհին անծանոթ գալիս ենք, անծանոթ գնում…»: Աշխարհին ծանոթ լինելու համար անհրաժեշտություն կա, որ նախ մենք մեզ ծանոթ լինենք, փորձենք թափանցել մեր ներսը, տեսնենք ինչ կա այնտեղ, ինչ տիեզերք ենք մեր մեջ թաքցնում, միգուցեեւ գանձագողի հիշատակարանը… Դեռ էն գլխից դա հասկացել էին հին հույները: Ապոլոն աստծո տաճարի սալապատ հատակին, անմիջապես մուտքի մոտ գրված էր. «Ծանիր զքեզ» ՝ հին հունական յոթ իմաստություններից մեկը, որ դարձավ Սոկրատի ողջ փիլիսոփայական համակարգի մեկնակետը: Ես էլ եմ հարցին Սոկրատեսի պես մոտենում: Ինչքան ժամանակ է՝ սուզվել եմ ներսս, փորում եմ, քրքրում ուղեղիս ծալերը եւ ամեն ինչի պատճառը փորձում իմ մեջ գտնել: Փառք Աստծո, Մուսաս տակավին չի լքել ինձ։ «Թեկուզ ծնկանդ ծերին՝ ծանիր զքեզ», -շշնջում էր ականջիս: Իմացությունն էլ սահման ունի: Մրջյունն ինչքան պիտի զարգանա, որ իմանա մարդն ինչ է, կամ թե՝ մարդն ինչքան պիտի մեծանա, որ թափանցի տիեզերքի խորհուրդը… Չարդարանամ: Ծանեցի եւ ծամծմեցի ու մեջս ոչինչ չգտա: Ուզում էի ոգեղեն տաճար կառուցել, բայց, ավաղ, դառը տառապանքով, սին մտածումներով ու լալագին հառաչանքով լոկ ողորմելի տապանաքար շինեցի, որի վրա էլ հիմա իմ խոտոր ձեռքով գրում եմ. «Աստ հանգչի անկատար պատմվածքն այս»:
    
     Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6624 | 0 | 0
Facebook