Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆի (1832-1888) Զահրումար-2

00:34, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Րաֆֆի (1832-1888) Զահրումար-2

Արդարև օրիորդ Սոֆին տեսավ մի վայելչակազմ նորահաս երիտասարդ ամառային թեթև հագուստով, որ յուր ճկուն գավազանը ձեռքին խաղացնելով՝ անցնում էր, հազիվ լսելի, բայց մետաղի հնչման ձայնով սուլելով մի մեղեդի:

Տեսնելով անցավոր երիտասարդին՝ Գրիգոլը լուսամատից ողջունեց նրան, և նա էլ բարձրացրեց յուր հարդյա թեթև գլխարկը և շնորհալի կերպով գլուխ տվավ նրան: Նույն րոպեին օրիորդ Սոֆիի աչքին ընկան նրա ուսանողական երկայն և մետաքսի նման փափուկ մազերը, որոնք փառավորապես թափված էին նրա ուսերի վրա:

Նա անցավ, շուտով մտավ մերձակա տան բակը և համարյա վազելով բարձրացավ սանդուղքներից:

— Տեսնո՞ւմ ես, Սոֆի, ինչպիսի ծանոթ ունիմ ես, — ասաց Գրիգոլը հպարտանալով:

— Այո՛, հիանալի տղամարդ է, — պատասխանեց Սոֆին, — բայց ին՞չ լեզվով է խոսում:

— Նա առաջ ինձ հետ խոսեց հայերեն, բայց երբ տեսավ, որ չգիտեմ, հետո խոսեց ռուսերեն:

— Ափսո՜ս, որ նա խոսում է հայերեն, — ասաց օրիորդը:

Վահե Արամյան, այդպես էր կոչվում այն երիտասարդը, որին նույն օրվա երեկոյան պահուն սպասում էին Հացի-Գելենց տանը, ազնվական տոհմի որդի էր: Նա յուր տասը տարեկան հասակում որբ մնաց հորից, որ մեռավ քառասունևհինգ տարեկան՝ "ստատսկի սովետնիկի" չինով, թողնելով յուր զավակներին բավականաչափ ժառանգություն:

Նրա մայրը յուր ամուսնուց հետո խնամակալ եղավ մանուկ Վահեի կրթությանը հանձնելով նրան մի գերմանացու գիշերօթիկ վարժարան. այդտեղ պատրաստվելով՝ նա մտավ գիմնազիոնի չորրորդ դասատուն: Երեք տարուց հետո պատանի Վահեն մեծ հառաջադիմությամբ ավարտեց գիմնազիոնի դասընթացը և գնաց Պետերբուրգ: Այնտեղ նա մտավ համալսարանի արևելյան լեզվագիտության բաժինը:

Եվ պատանի ուսանողը թեև ստանում էր յուր մորից բավականաչափ արծաթ, բայց նրա համալսարանական կյանքը ո՛չ միայն չափավոր չէր, այլ հասնում էր աղքատության: Նա հագնվում էր հնամաշ, ուտում էր առանց ընտրողության, չէր կտրում եղունգները, թողնում էր երկայն մազեր, ձմեռը կենում էր ցուրտ սենյակում և միշտ խոսում էր Կեկելի ու Փեփելի վրա: Բայց նա օգնում էր խեղճ ուսանողներին և յուր վերջին կոպեկը բաժանում նրանց հետ:

Մի այդպիսի տարապայման կյանքը ո՛չ միայն չզրկեց նորահաս Արամյանին յուր ուսման հառաջադիմությունից, այլ պատճառ տվավ նրան յուր այնքան դրամական միջոցներով հեռու մնալ Պետերբուբգի հրապուրիչ զվարճալիքներից և դառնալ յուր հայրենիք մագիստրոսի դիպլոմը ծոցում: Բայց վերադառնալով Կովկաս, նա մոռացավ և՛ Կեկելը, և՛ Փեփելը. նրա հնամաշ հագուստն ստացավ փառավոր և վայելուչ ձև, և նա յուր կյանքին տվավ առավել շքեղ կերպարանք, բայց նրա մարդասեր ձեռքը երբեք չխորշեցավ աղքատներից:

Գալով յուր մայրենի քաղաք, Արամյանը չկարողացավ շուտով գտնել արժանավոր պաշտոն, և քաղաքում ձանձրանալով անգործությունից, նա դիմեց ամառանոց` գոնյա կազդուրելու առողջությունը:

Արամյանը մի օր առաջ տեսնելով օրիորդ Սոֆիին իրենց բակում, նևսկի պրոսպեկտից հեռանալուց հետո, Կովկասում նա առաջին անգամ հանդիպեցավ մի օրիորդի, որ հագնված լիներ այդպես վայելուչ կերպով և բարեձև, ինչպես մի փարիզուհի գեղաճաշակ տիկին: Եվ ցանկանալով մոտենալ նրան, նա հարկավոր համարեց նախ և առաջ գրավել Գրիգոլին, որ առաջին անգամից երևեցավ նրան թեթևամիտ, այնուհետև եղբոր միջոցով ծանոթանալ քրոջ հետ:

Նույն օրվա երեկոյան պահուն օրիորդ Սոֆին, վայելուչ կերպով հագնված, յուր մոր հետ սպասում էին Արամյանին: Պատանի Գրիգոլը ինքը անձամբ գնացել էր նրան հրավիրելու:

Արամյանը ներս մտավ՝ հասարակ, բայց պատշաճավոր հագնված. նա շնորհալի կերպով ողջունեց բոլորին, և Գրիգոլը ծանոթացրեց նրան յուր մոր և քույրերի հետ:

Ընդունելության ծեսը վերջանալուց հետո նորահաս մագիստրոսը յուր հարդյա գլխարկը դրեց պատուհանում և նստեց նրա հանդեպ, մի փոքր հեռու օրիորդ Սոֆիից և նրա մորից:

Նրանց առաջին խոսակցությունները եղան զանազան հարցուփորձեր, որ տիկին Բարբարեն սկսավ հարցնել Արամյանից, թե ե՛րբ է եկել նա Պետերբուրգից, քանի՛ տարի է այնտեղ մնացել, ի՛նչ է սովորել: Նա մի քանի բան հարցրեց նույնպես Պետերբուրգի հասարակական և այնտեղի սովորությունների մասին:

Արամյանը տալիս էր թեև կարճ, բայց նրանց համար բավական հետաքրքրական պատասխաններ: Օրիորդ Սոֆին հեռվից հրճվանքով լսում էր նրան, և Գրիգոլը նույնպես ուրախ էր յուր հյուրով:

Տիկին Բարբարեն համարյա սպառեց յուր խոսակցության բոլոր պաշարը և տեսնելով, որ յուր զրույցները այնքան էլ չեն գրավում հյուրին, և մանավանդ նրա հայերեն խոսակցության ոճը շատ էլ հասկանալի չէ իրան, մտածեց և օրիորդ Սոֆիին խառնիլ իրանց խոսակցությանը:

— Շատ ապրիս, վուրթի, — ասաց նա, — լավ իքմին է ուսումը. հորես իմ Սոֆին էլ ուսում է առի. հեստի ուրախացնում է ինձ, վուր չիմ կանա ասի:

— Օրիորդ Սոֆի՞ն, — կրկնեց Արամյանը ազնիվ ուրախություն ցուցանելով յուր դեմքի վրա:

— Ասացե՛ք խնդրեմ, — դարձավ նա դեպի օրիորդը, — ո՞րտեղ եք ավարտել դուք:

Օրիորդ Սոֆին շառագունեց, նա չգիտեր, թե ինչ է հարցնում իրանից:

Գրիգոլը հայտնեց Արամյանին, որ նրա հետ ռուսերեն խոսե...

Արամյանը միևնույն հարցը կրկնեց ռուսերեն. սակայն շատ վատ տպավորություն թողեց նրա վրա օրիորդի՝ յուր մայրենի լեզվին անտեղյակ լինելը:

— Ինստիտուտ, — պատասխանեց օրիորդը վրդովվելով:

Խոսակցությունը Արամյանի և օրիորդ Սոֆիի մեջ տևեց բավական երկար, որի միջոցում օրիորդը յուր ինստիտուտական թութակի նման մի քանի սերտած զրույցներով (ֆրազներով) թափում էր յուր բոլոր ճիգը, որքան կարելի է յուր խոսքերին տալ բազմախորհուրդ նշանակություն իրան` երևացնելով յուր խոսակցի առջև ուսյալ ոմն: Բայց Արամյանը նրա խոսակցության սկզբից ճանաչեց, թե "ի՛նչ սանդրի կտավ է նա", երբ նշմարեց նրա մեջ՝ ամեն լավ բան կործանող, այդ քաղաքում նոր մոդա դարձած — նիհիլիստական ուղղություն...:

ԻԲ

Արամյանը սկսավ շուտ-շուտ հաճախել Հացի-Գելենց տուն և շատ անգամ մնաց նրանց մոտ ճաշի և ընթրիքի: Տիկին Բարբարեի գլխում հենց առաջին օրից միտք ծագեց՝ ուսյալ և մայրաքաղաքում կրթված տղամարդուն ընտրել յուր փեսա: Սոֆիի խելքը գնում էր նրա խելացի խոսակցություններից և շնորհալի վարվեցողությունից:

Մայիլովը վաղուց կորցրել էր յուր նշանակությունը: Եվ նրա վրա Հացի-Գելենց տանը ո՛չ միայն օրիորդ Սոֆին, այլև ամենքը նայում էին որպես երեխայի վրա:

Բայց Արամյանի սրտում չկար և ոչ մի միտք փեսայի կամ տարփածուի: Արդարև նրան ախորժելի էր նորահաս օրիորդի գեղեցկությունը, բայց ոչինչ սեր նրան չէր հրապուրում դեպի գեղեցիկ օրիորդը. միայն վերջին օրերում, Արամյանը նկատելով նրա մեջ խիստ խորին ատելություն դեպի յուր ազգը, կրոնը ե մայրենի լեզուն, աշխատում էր, որքան կարելի է, հեռացնել նրանից այդ վնասակար գաղափարները, որ տպավորվել էին նրա հոգում՝ յուր ինստիտուտական տարապայման կրթությունից:

Մի առավոտ, երբ արևը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, Արամյանը և օրիորդ Սոֆին միայնակ նստած էին բաց լուսամատի հանդեպ: Գրիգոլն ու Մայիլովը գնացել էին զբոսանքի, իսկ տիկին Բարրարեն մյուս սենյակումն էր:

Արամյանը երկար նրան պատմելով, թե ի՛նչ նշանակություն ունի ազգայնության գաղափարը, խոսում էր նրան նույն րոպեին հայոց ազգի հին և նոր պատմական կյանքից, և բացատրում էր նրան, թե ի՛նչն էր հայոց գլխավոր թշվառությունների պատճառը:

Խոսքը հասավ լեզվին, թե ազգային կյանքում ի՛նչ նշանակություն ունի լեզուն: Եվ Արամյանը խիստ քաղաքավարի կերպով հարցրեց օրիորդից, թե արդյոք նա չի՞ ցանկանում սովորել յուր մայրենի լեզուն:

Արամյանի այդպիսի հարցմունքր շարժեց օրիորդի ծիծաղը, և նա պատասխանեց երգիծական ոճով.

— Ի՞նչ ախորժանք՝ սովորել մի լեզու, որով կռոները միայն կարող են խոսել:

Արամյանը խիստ վշտացավ այդ պատասխանով:

— Ինչպե՞ս, — հարցրեց նա ուղիղ օրիորդի երեսին նայելով:

— Այնպես՝ որ այդ լեզուն այնպիսի լեզու չէ, որով ուսյալ մարդը կարողանա բացատրել յուր միտքը:

Խոսելով լեզվի վրա, օրիորդը փոխանակ ասելու հայոց լեզուն, ասում էր այդ լեզուն, կամ ձեր լեզուն, կարծես թե մեղք էր բերան առնել հայ բառը:

— Ինչո՞ւ, — հարցրեց Արամյանը:

— Նրա համար, որ ուսումնական և արհեստական բառեր չունի, նա բաղկանում է միայն այնպիսի բառերից, որով մի բազազ գիտե կեղծավորել, սուտ երդվել, հայհոյել, անիծել և այլ այդպիսի կեղտոտ բաներ արտասանել:

Արամյանը բարկության չափ վշտացավ վերջին խոսքերից:

— Ներողություն, օրիորդ, բոլորովին սխալ է ձեր կարծիքը, — ասաց նա:

— Ներողություն, պարոն Վահե, ինչո՞ւ եք զուր հակառակում, — խոսեց օրիորդը ավելի համառությամբ: — Ոչ միայն ուսումնական բառեր, այլև կյանքի մեջ հասարակ, ընտանեկան բառեր չունի այդ լեզուն: Օրինակի համար, ձեր լեզվով ի՞նչպես պետք է ասել շլյապա, շլեյֆ և այլն:

Արամյանը ոչինչ պատասխան չտվավ, միայն ծիծաղեցավ օրիորդի թեթևամտության վրա:

— Երևի այդ բառերը դուք չգիտեք, — կատակելով հարցրեց օրիորդը. — ասացեք, խնդրեմ, ի՞նչպես պետք է ասել սամովար, սպիչկա. չէ որ դրանք դյուրին բառեր են:

— Հեշտաեռ, լուցկի, — պատասխանեց Արամյանը:

— Եռ՜...ը՜ռը... լու՜ց... լու՜ց... կի՜... ու՜ֆ, պղծվում է մարդու լսելիք... ի՞նչ բառեր են դրանք, կարծես թե կոտրած սայլակ է ճռնչում կամ բարաբան են ածում, — պատասխանեց օրիորդը դեմքը խոժոռելով, որպես թե լսում էր անախորժ ձայներ:

— Բոլորովին ներելի չէ՛ ձեր կողմից դատողություն անել մի լեզվի վրա, որ դուք չգիտեք, — նրա խոսքը կտրեց Արամյանը խորին տհաճությամբ: — Դուք տակավին չգիտեք, որ այդ բառերը, որ այդպես ոգևորված հնչում եք, չեն պատկանում այն լեզվին, որով խոսում եք դուք, այլ դրանք ուրիշ ազգերի սեփականություններ են. եթե հայն էլ կամք ունենար օտարների նման մինչև երեսուն հազար բառ մուրալ ուրիշ ազգերից, ոչ ոք չէր արգելիլ նրան, այն ժամանակ և մենք այդպիսի բառեր ամբողջապես կունենայինք մեր լեզվում: Բայց հայոց լեզուն այնքան ճոխ է, որ առանց ուրիշից փոխ առնելու ևս կարող է ստեղծել յուր համար բառեր:

Օրիորդ Սոֆին, նկատելով Արամյանի մինչև վերջին աստիճանի վշտանալը, պատասխանեց նրան կատակով.

— Թե աստված կսիրեք, թողնենք այս դատարկ խոսակցությունը. մի՞թե արժե ժամանակ վատնել այսպիսի չնչին զրույցներով:

— Եթե այդպես է, պատվելի օրիորդ, ես չեմ կամենում ձեր թանկ ժամանակը վատնած լինել չնչին զրույցներով. մնաք բարով, — ասաց նա, գլխարկն առավ և գլուխ տալով դուրս գնաց:

— Պարոն, պարոն Վահե, — կանչեց օրիորդը նրա ետևից վազելով, բայց Արամյանը չկանգնեց և խորին սրտմտությամբ դուրս եկավ Հաիցի — Գելենց բնակարանից:

Մի քանի օր Արամյանը չերևաց Հացի-Գելենց տանը. օրիորդ Սոֆին խիստ անհանգիստ էր այդ մասին. նա միայն հեռվից մի քանի անգամ տեսավ նրան զբոսանքից վերադառնալիս կամ գլուխը կախ անցուդարձ անելիս յուր կացարանի բակում: Բայց երբեք առիթ չեղավ նրա հետ խոսելու կամ հեռվից գլուխ տալու, ինչպես առաջ սովորաբար անում էին:

Օրիորդի սրտում վառվել էր մի կայծ, որ բորբոքում էր նրա սերը դեպի վայելուչ երիտասարդը:

Մի գիշեր Գրիգոլը հայտնեց նրան, թե Արամյանը միտք ունի թողնել ամառանոցը և գնալ քաղաք: Այդ լուրը կայծակի հարվածի ազդեցություն ունեցավ օրիորդի սրտին, երբ մտածեց, թե նա պիտի բաժանվի իրանից բոլորովին խռոված կերպով:

Առավոտյան նա շուտով վեր կացավ, հագնվեցավ, առավ հովանին և գիտենալով այն ժամը, երբ Արամյանը գնում էր զբոսանքի, դուրս եկավ կացարանից, այն հուսով՝ թե գուցե հանդիպի նրան:

Բարեբախտաբար օրիորդը հանդիպեց նրան, երբ Արամյանը նոր էր դուրս գնում:

— Բարև, պարոն Վահե, — ասաց օրիորդը ձեռքը մեկնելով նրան:

— Բարով, — կրկնեց Արամյանը՝ սեղմելով նրա ձեռքը:

— Ո՞ւր այդպես:

— Դեպի անտառ, — պատասխանեց Արամյանը:

— Կարո՞ղ եմ ընկերանալ ձեր զբոսանքին:

— Կարող եք:

— Տվեք թևդ, — խնդրեց օրիորդը:

Արամյանը տվավ նրան յուր թևը: Նրանք դիմեցին դեպի անտառ:

— Ես լսեցի, որ դուք միտք ունիք այսօր գնալ քաղաք, իրա՞վ է, — հարցրեց օրիորդը:

— Պիտի գնամ երեկոյան պահուն, — պատասխանեց Արամյանը:

— Ի՞նչ պատճառով:

— Իմ համալսարանական ընկերս քաղաքում հիվանդ է, գնում եմ նրա մոտ:

— Ուրեմն կմնա՞ք նրա մոտ:

— Եթե նա համաձայնի կամ կարողանա այստեղ գալ, ես կբերեմ նրան, բայց թե չկարողանա, պիտի մնամ նրա մոտ:

Օրիորդը մի քանի րոպե լռեց:

— Եվ դուք առանց ինձ հետ հաշտվելու պիտի գնա՞ք, — հարցրեց նա ողորմելի կերպով:

— Մի՞թե ես կռվել եմ ձեզ հետ, — խոսեց Արամյանը:

— Ո՛չ, անցյալ օրը ես բարկացրի ձեզ, և դուք մասնավորապես խռոված եք ինձնից, այնպես չէ՞:

— Ինչո՞ւ պիտի խռովեմ ձեզանից և ի՞նչ իրավունք ունիմ բարկանալ ձեզ վրա, միայն ես ցավում եմ, որ մեր ազգի ուսյալ օրիորդները, որոնց վրա մենք դրել ենք մեր հույսը, թե նրանք պիտի լինեն ապագա կրթյալ սերնդի մայրերը, խիստ զզվանքով են նայում իրանց ազգի վրա:

— Ներողություն, եթե այդ վշտացրել է ձեզ:

— Ավելորդ է ներողություն խնդրել. ես ավելի ուրախ կլինիմ, երբ դուք սիրեք մեր ազգը:

— Ես այսուհետև չպիտի հակառակիմ ձեզ այդ մասին:

— Ես կամք չունիմ բռնաբարել ձեր համոզմունքը, — պատասխանեց Արամյանը:

— Ես պիտի ուսանեմ հայերեն խոսել. այդ լա՞վ է, — կրկնեց օրիորդը ժպտալով:

— Այդ ձեր ազգային պարտավորությունն է, — պատասխանեց Արամյանը սառնությամբ:

Նրանց մեջ տիրեց լռություն: Արամյանը ամենևին չէր հավատում օրիորդի խոստմունքին, թե նա կսովորի յուր մայրենի լեզուն, թեև նա կիսակատակի ոճով խոստացավ այդ:

— Դուք ասացիք, թե համալսարանական ընկերդ հիվանդ է, — հարցրեց օրիորդ Սոֆին, — ո՞վ է նա ի՞նչպես է կոչվում:

— Նա մեր քաղաքացի չէ և կոչվում է Սմբատ Քաչբերունի, — պատասխանեց Արամյանը:

— Ի՞նչ օտարոտի անուն է այդ, պարոն Վահե, — պատասխանեց օրիորդը նուրբ ծիծաղով:

— Ուրեմն և իմ անունս պիտի օտարոտի թվի ձեզ, որովհետև այդ ևս ձեզ անծանոթ պատմական անուն է:

— Ներեցեք, խնդրեմ, որ չեմ կարող ասել՝ ոչ, — ասաց օրիորդը:

Արամանի դեմքը դարձյալ մոայլվեցավ:

— Բայց ի՞նչպիսի անուններ եք սիրում դուք:

— Ես սիրում եմ ահա այսպիսի անուններ — Վանյա, Սաշա, Կոլյա...

— Դրանք դերասանների և արտիստների անուններ են:

— Ի՞նչ փույթ, բայց քաղցրահնչյուն են. հապա ի՞նչ են սրանք — Կիրակոս, Մարտիրոս, Խեչո և այլն, — խոսեց օրիորդը՝ երեսի վրա ձևացնելով արհամարհական ծամածռություններ:

— Անունները ոչինչ նշանակություն չունին մի ազգի լավ կամ վատ հատկությունների համար, — պատասխանեց Արամյանը: — Միմիայն օտարմոլությունը ծնեցրել է ձեր մեջ այդպիսի գաղափարներ: Բայց այն, որ վերաբերում է իմ և իմ ընկերիս անուններին, եթե դուք կարդայիք հայոց ազգի պատմությունը, այն ժամանակ կգիտենայիք, թե ո՛վքեր էին Քաջբերունիք, ո՛վքեր էին Սմբատը, Արամը և Վահեն, — և նա սկսավ պատմել նրան այն ժամանակներից, երբ հայերն ունեին թագավորություն և թե ովքեր էին Քաջբերունիք, Սմբատը, Արամը և Վահեն:

Արամյանի պատմությունր բավական ազդեցություն արավ օրիորդի սրտին, և նա, զղջալով յուր խոսքերի համար, ասաց.

— Ներողություն եմ խնդրում անգետ նկատողության համար, կարելի է վշտացրի ձեզ:

— Ես չեմ վշտանում, միայն ցավում եմ, որ դուք չգիտեք մեր ազգի պատմությունը:

— Ես ի՛նչ մեղք ունիմ, չեն սովորեցրել, — պատասխանեց օրիորդը զգալի եղանակով:

Արամյանը լռեց:

— Ասացեք, խնդրեմ, ի՞նչպիսի մարդ է այդ պարոնը, — ձեր համալսարանական ընկերը, — հարցրեց օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո:

— Նա մի գործունյա, խոհեմ և ուսյալ մարդ է, — պատասխանեց Արամյանը:

— Շա՞տ ուսյալ է:

— Նա այժմ փիլիսոփայության և իրավաբանական դոկտոր է:

— Ո՞րտեղ է ավարտել:

— Իրավաբանությունը Պետերբուրգի համալսարանում, իսկ փիլիսոփայությունը՝ Գերմանիայում:

— Ուրեմն երևելի մարդ է, — կրկնեց օրիորդր, — բայց ասացեք` երիտասա՞րդ է:

— Նա այժմ կլինի մոտ երեսունևհինգ տարեկան:

— Դուք նրան կբերե՞ք ամառանոց:

— Հույսս մեծ է:

— Եվ կծանոթացնե՞ք ինձ նրա հետ:

— Այո՛:

Երկու կողմից ևս տիրեց լռություն:

Օրիորդ Սոֆին մտածում էր Քաջբերունու վրա և յուր մտքի մեջ զանազան կերպարանքներով նկարագրում փիլիսոփայության ե իրավաբանության դոկտորին, թե ո՛րքան վայելուչ կերպով հագնբ ված պիտի լինի, ո՛րքան շնորհալի վարվեցողություն ունենալու է, իհարկե, դրանց հետ երևակայում էր նրա մեջ և նորահաս երիտասարդական գեղեցկություն:

Բայց բոլորովին այլ առարկայով էր զբաղված նույն րոպեին Արամյանի մտածողությունը: Նա խորհում էր այն քաղաքի հայ օրիորդների կրթության և ուսման բոլոր թույլ կողմերի վրա: Նա ցավելով մտաբերում էր այն մեծ ազգային կորուստը, որով ուսումը և ուսումնարանները պատրաստում էին հայերից այնպիսի ուսյալ օրիորդներ, որոնք ոչինչ տեղեկություն չունեին իրանց ազգային պատմությունից, որոնք ոչ միայն չեն սիրում իրենց հայրենական ավանդությունները, այլ հայությունը նրանց աչքում նախատինք է համարվում: Ահա այդպիսի տխուր մտածություններ խռովել էին Արամյանի սիրտը, և նա մտածում էր, թե ի՞նչպես պետք է այդ ազգային վերքերին դարման տանել:

Նրանք այդպես` ամեն մինը պաշարված յուր մտածություններով, լուռ գնում էին, ուշք չդարձնելով, թե որքան անցել են դեպի անտառի խորքը, մինչև օրիորդ Սոֆին հոգնածություն զգալով` խնդրեց Արամյանին նստել մի փոքր հանգստանալու: Արամյանը սիրով կատարեց նրա խնդիրը, և նրանք նստեցին կտրած ծառերի կոճղերի վրա:

Օրիորդ Սոֆին, որ մտածում էր փիլիսոփա ուսանողի վրա, նորոգեց խոսակցությունը Քաջբերունու մասին:

— Ուրեմն երևելի մա՞րդ պիտի լինի ձեր համալսարանական ընկերը, — խոսեց նա:

— Այո՛, — պատասխանեց Արամյանը:

— Այդ պարոնը ի նչ նպատակով է եկել մեր քաղաքը:

— Նպատակներ շատ ունի նա... բայց նա մեր քաղաքում մնալու մտքով չէ եկել, հիվանդությունը պահեց նրան այստեղ. նա եկել է, որ գնա ճանապարհորդելու Հայաստան, և ուր որ հայեր կան:

— Ի՞նչ կա ավերակ Հայաստանում, — պատասխանեց օրիորդը տհաճությամբ, — նա ավելի լավ կանե գնա ճանապարհորդելու Եվրոպա:

— Նա տեսել է Եվրոպան, օտար աշխարհները նրան այնքան չեն գրավում... նա գործ ունի յուր հայրենի աշխարհի հետ...

— Մի՞թե նրա համար առավել ախորժելի չէ կյանք վարել, զորօրինակ, Փարիզում, — հարցրեց օրիորդը:

— Քաջբերունին աղքատ մարդ է:

— Այդքան ուսյալ և աղքա՞տ, — զարմանալով կրկնեց օրիորդը:

— Այո՛, նա աղքատ է, առավելապես նրա համար, որ շատ ուսյալ է:

Վերջին խոսքը շարժեց օրիորդի հետաքրքրությունը, և նա հարցրեց.

— Ի՞նչպես:

— Այնպես, որ նա թույլ չէ տալիս իրան խոնարհվիլ այն անարգ հանգամանքներին, որով մեր այստեղի թերուս երիտասարդներից շատերն իրանց համար ձեոք են բերում հաց և պատիվ:

— Ուրեմն Քաջբերունին շա՞տ մեծահոգի է, — պատասխանեց օրիորդը` բոլորովին չհասկանալով, թե ի՛նչ հանգամանքներ էին, որոնց նա չէր ստորացնում իրան:

— Այո՛, նա մեծահոգի է, — պատասխանեց Արամյանը և լռեց:

Օրիորդը նույնպես մտածման մեջ ընկավ, բայց մին էլ նշմարեց, որ արևը բավական բարձրացել է հորիզոնի վրա, և միևնույն րոպեին մի գաղտնի, նրան ևս անհասկանալի զարհուրանք պատեց, երբ տեսավ իրան միայնակ, մանուկ տղամարդու հետ, այդպես հեռու, անտառի խորքում...

Նա ոտքի ելավ:

— Վերադառնանք, պարոն Վահե, — ասաց նա:

— Վերադառնանք, — կրկնեց Արամյանը:

Եվ նրանք սկսեցին գնալ հազիվ նշմարելի շավղով, որ ձգվում էր շառերի միջից: Մացառներն անընդհատ պատառոտում էին օրիորդի հագուստը, բայց նա այնքան պաշարված էր յուր մտքերով, որ չէր նկատում այդ, այլ Արամյանն էր ազատում նրա հագուսաը սուր — սուր փշերի ճանկերից:

Նրանք երկար գնում էին, բայց տակավին չէին դուրս եկել անտառից:

— Ես հոգնեցա, տվե՛ք ինձ ձեր թևը, պարոն Վահե, — ասաց օրիորդը մի փոքր թույլ ձայնով:

Արամյանը տվավ նրան յուր թևը:

— Պարոն Վահե, երբ Քաջբերունին գա այստեղ, դուք ինձ կծանոթացնե՞ք նրա հետ, — հարցրեց օրիորդը:

— Կծանոթացնեմ, — պատասխանեց Արամյանը:

— Ի՞նչ լեզվով է խոսում նա:

— Նա լեզուներ շատ գիտե, միայն առավել սիրում է հայի հետ խոսել հայերեն:

— Ափսո՛ս, ես հայերեն չգիտեմ խոսել, — կրկնեց օրիորդը, — եթե ոչ Քաջբերունին ավելի կհամակրեր իմ խոսակցռւթյանը:

— Այո՛, նա սիրում է, երբ հայ օրիորդները խոսում են նրա հետ մաքուր հայերեն բարբառով:

— Ի՞նչ մեղ ունինք մենք, որ չգիտենք մեր մայրենի լեզուն, — պատասխանեց օրիորդը: — Մեր ընտանեկան լեզուն վրացերեն է. քանի մանուկ էի, այդ լեզվով էի խոսում, իսկ երբ ուսումնարան մտա` ռուսերեն:

— Այդ ցավալի է, — խոսեց Արամյանը:

Նրանք դուրս եկան անտառից: Արամյանին դարձյալ զբաղեցրեց այդ քաղաքի հայ օրիորդների կրթության հարցը: Եվ խոսակցությունը նրանց մեջ ընդհատվեցավ:

Ճանապարհին նրանց հանդիպեցին երկու չափահաս օրիորդ, բավական ախորժելի դեմքով, ճաշակով հագնված, որոնք նույնպես վերադառնում էին առավոտյան զբոսանքից իրանց մոր և մի մանկահասակ աստիճանավորի հետ: Այդ օրիորդները թեթև գլուխ տվին օրիորդ Սոֆիին և ժպտալով անցան:

— Ճանաչո՞ւմ եք դրանց, — հարցրեց Արամյանից օրիորդս:

— Ո՛չ — պատասխանեց Արամյանը:

— Դրանք կնյազ Ն — ովի աղջիկներն են. այն կինը նրանց մայրն է, իսկ ջահել աստիճանավորը փոքր քրոջ տարփածուն:

— Մի՞թե, — հարցրեց Արամյանը՝ հետ նայելով մյուս անգամ նայելու նրանց:

— Այո, երկուսն էլ բավական լպստածներ են:

— Այդ ցավալի է, որ մեր հայ օրիորդներն այստեղ ըստ մեծի մասին բարոյապես լավ չեն կրթվում, — խոսեց Արամյանը, — և մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ դասերի մեջ, քան թե կրթվածների... արդարև ցավալի է այդ...

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց:

Այն երկու օրիրրդները, որ անցան իրանց մոր հետ, կրտսերը գազտնի ասաց յուր երեց քրոջը.

— Տեսա՞ր, Անիչկա, այն մանուկ տղամարդը, որ գնում էր Սոֆիի հետ:

— Տեսա՛, — պատասխանեց Անիչկան, — բայց ի՛նչ սիրուն տղամարդ է, Լիզա, ո՞րտեղից է գտել նրան Սոֆին:

— Նա արդեն վարպետ որսորդ է, — պատասխանեց կրտսեր քույրը: — Բայց գիտե՞ս, Անիչկա՛, ասում են այգ պարոնը միտք ունի պսակվել Սոֆիի վրա:

— Բախտավոր է Սոֆին, — պատասխանեց երեց քույրը՝ խորին նախանձավորությամբ:

Բայց Արամյանը և օրիորդ Սոֆին արդեն հասան տուն: Օրիորդը խնդրեց նրան իրանց մոտ ճաշելու, բայց Արամյանը հրաժարվեցավ, ասելով, թե պիտի պատրաստվի քաղաք գնալու: Նրանք բաժանվեցան միմյանցից:

Մտնելով յուր սենյակը, օրիորդը երկար միայնակ նստած մտածում էր: Արամյանի վերջին խոսքերը կրթության մասին՝ սաստիկ տպավորություն թողեցին նրա սրտում: "Մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ դասերի մեջ, քան թե կրթվածների...": Նա հիշեց նաև նրա վերջին խոսքը: "Ուրեմն ես ոչինչ եմ նրա աչքում"..., — մտածեց նա վշտանալով. "այո՛, ես ոչինչ եմ... Այո՛, ես արժանի չեմ նրան... նա այնքան բարի է և խելացի... բայց ե՞ս"...: Եվ նա երկու ձեռքով ծածկեց յուր երեսը և արտասուքն սկսավ գլորվիլ նրա աչքերից:

Հանկարծ նա լսեց զանգակի ձայն, վազեց դեպի լուսամուտը և տեսավ, որ Արամյանը կառքով գնում է քաղաք: Մանուկ երիտասարդը մնաք բարով ասաց նրան յուր հարդյա գլխարկի շարժումով: Եվ մի քանի րոպեից հետո կառքը չքացավ օրիորդի աչքերից:

Նույն օրվա երեկոյան պահուն Հացի-Գելենց տուն եկավ Մայիլովը: Նրան դեռևս անհասկանալի մի ախտ, որ շատ նման էր նախանձի, կրծում էր խղճալի պատանու սիրտը: Նա տխրում էր, թե ինչու՞ օրիորդ Սոֆին յուր հետ այնպես սիրով չէ, ինչպես առաջ, նա չէր կարողանում տանել նրա համարձակ վարվեցողությունները Արամյանի հետ:

Նա ուղղակի մտավ օրիորդի սենյակը: Բայց գտավ նրան տխուր և գունատ դեմքով:

— Ինչո՞ւ ես այդպես գունաթափվել, — հարցրեց Մայիլովը:

— Գլուխս ցավում է, — սառնությամբ պատասխանեց օրիորդը:

— Դու հիվա՞նդ ես, Սոֆի, — կրկնեց պատանին:

— Ո՛չ, Նիկոլ, միայն խնդրեմ ինձ միայնակ թողնես, Գրիգոլը մյուս սենյակումն է, գնա՛ նրա մոտ:

Մայիլովը առանց մի բառ խոսելու դուրս եկավ օրիորդի սենյակից. "նա արտաքսում է ինձ"... տրտմությամբ ասաց նա յուր մտքում և դուրս գնաց Հացի-Գելենց տնից՝ այլևս չմտնելով Գրիգոլի մոտ:

ԻԴ

Ամառային վարդագեղ արեգակը ավետում էր պայծառ առավոտ:

Գերմանացոց գաղթարանի մի խուլ անկյունում, ցածրիկ տան մեջ, փոքրիկ սենյակում, նեղ լուսամուտի առջև, որ բացված էր դեպի ոչ այնքան ընդարձակ պարտեզը, միայնակ նստած էր մի երիտասարդ, և ձեռքը ծնոտին դրած, լուռ նայում էր պարտեզի կանաչազարդ ծառերին, որոնք ախորժանոք ձգել էին աղքատիկ բնակարանի վրա իրանց զովացուցիչ հովանին:

Այդ մանուկ տղամարդը կլիներ ոչ ավելի քան երեսունհերեք տարեկան. բայց նրա տարիքը համեմատելով նրա երեսի գծագրության հետ, թվում էր, թե նա արդեն ծերացած է: Նրա դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն, կարծես թե հիվանդությունը վաղուց արդեն ծանոթ է եղած նրան. դալուկը թողել էր նրա նիհար թշերի վրա յուր դեղնագույն ներկը: Նրա սև աչքերը, թեև նվաղած էին, բայց նրանց մեջ վառվում էր խորհրդավոր հուր, որ տալիս էր նրա մռայլոտ դեմքին ազդու կենդանություն: Բայց խորշոմը վաղուց արդեն դրել էր նրա բարձր ճակատի վրա յուր չարագուշակ կնիքը: Նրա նուրբ դեռաբույս ընչացքը ծածկում էր գունատ շրթունքը և նրա նոսր մորուքը տալիս էր նիհար դեմքին փոքր — ինչ բոլորակություն: Այնուամենայնիվ նրա երեսի գծագրությունը թեև խոշոր, բայց բավական կանոնավոր էր, իսկ դեմքի արտահայտությունը հանճարեղ ու վսեմ. "գործունեություն և աշխատասիրություն" կարդացվում էր նրա լայն ճակատի վրա:

Սենյակը, ուր կենում էր այդ տղամարդը, զուրկ էր ամենայն զարդարանքից, երկու աթոռ, մի հին մահճակալ, մի սեղան, անկյունում մի հին կաշվե չեմոդան, մի քանի հատ գրքեր պատուհանում ընկած, այնտեղ և կոշիկներ, այնտեղ և կրկնակոշիկներ, այնտեղ էր դրված և լվացվելու անոթը. մի խոսքով, այդ սենյակը նմանում էր ճանապարհի վրայի փոստատների իջևաններին, ուր տարաժամ իջևանելով՝ ուղևորը չէր ցանկանում ոչինչ կարգի բերել, մտածելով, որ առավոտյան շուտով պիտի թողնի նրան:

Հանկարծ դռները հետ գնացին, ներս մտավ մի գերմանուհի աղջիկ, կլորիկ, առողջ, թեև հասարակ, բայց մաքուր հագնված: Նա մատուցարանի վրա բերավ մի մեծ գավաթ սուրճ կաթով, հետն էլ մի ամանի մեջ սպիտակ հաց կարագով: Աղջիկը դրեց սեղանի վրա մատուցարանն ու հեռացավ:

Երիտասարդը շարժվեցավ լուսամատի առջևից, միևնույն րոպեին երևան եկավ նրա բարձր հասակը, որ կորացել էր կարծես հոգսերի հարվածների ներքո:

Նա սկսավ վայելել սուրճը:

Նախաճաշիկից հետո նա վառեց յուր ծխամորճը և սկսավ ծխել ու դարձյալ լուսամուտից նայել դեպի պարտեզը:

Հանկարծ ներս մտավ Արամյանը ոտքից գլուխ հագնված սպիտակ և թեթև ամառային հագուստով:

— Բարով, Վահե, — ասաց նրան առաջին տղամարդը՝ ամենեվին չշարժվելով յուր տեղից:

— Բարով, Սմբատ, — ասաց Արամյանր և ուրախությամբ մոտեցավ, սեղմեց նրա ձեռքը և կանգնեց նրա առջև:

— Ի՞նչպես ես այժմ, — հարցրեց նա, — քո հիվանդությունը շատ վախեցրեց ինձ, բայց հույս ունիմ, թե այժմ լավ ես:

— Մաշված և ավերված մեքենան վաղ կամ ուշ վերջապես պիտի դադարի գործելուց, նրա վրա հուսալ իզուր է, — պատասխանեց Քաջբերունին:

— Դարձյալ պետք է պահպանել կյանքը, — պատասխանեց Արամյանը: — Թե չէ՝ ամենիս դռանը մահը խիստ մոտ է կանգնած:

— է՜հ, մեր կյանքը ինքնըստինքյան ի՞նչ նշանակություն ունի, որ հարկավոր լինի երկյուղ կրել մահից:

Արամյանը մի պտույտ տվավ նեղ սենյակի մեջ և դարձյալ կանգնելով յուր ընկերոջ առջև, ասաց.

— Գիտե՞ս, Սմբատ, ես եկել եմ քեզ մոտ այն նպատակով, որ քեզ հրավիրեմ ամառանոց, որ առողջությունդ վերականգնվի: Ես այնտեղ վարձել եմ մի գեղեցիկ կացարան, որ երեք սենյակ ունի. մինն ինձ, մինը քեզ և մյուսը մեր ծաոաներին: Դու պատրաստվիր, կամենաս` այսօր երեկոյան, կամենաս` վաղը առավոտյան հովով գնանք Կոջոր:

— Ես չեմ կարող, — պատասխանեց Քաջբերունին սառնությամբ:

— Ւնչո՞ւ չես կարող. այժմ իմ կարծիքով այնքան տկար չես, որ մինչև Կոջոր ճանապարհորդությունը վնասե քեզ:

— Այդ չէ արգելում, — ասաց նա:

— Ուրիշ ի՞նչ է արգելում, մի՞թե դու միտք ունիս այդ մռայլոտ բնակարանի մեջ միանգամայն վատնել քո առողջությունը:

Արամյանը մի պտույտ ևս տվավ սենյակի մեջ և դարձյալ կանգնեցավ Քաջբերունու առջև:

— Ասա՛, գնալո՞ւ ես ինձ հետ, — հարցրեց նա:

Փոխանակ պատասխանելու, Քաջբերունին նայեց նրա երեսին այնպիսի մի կերպով, որպես մինը նայում էր անմեղ երեխայի վրա, և ծիծաղելով ասաց.

— Ինչո՞ւ չես նստում, վախենում ես իմ փոշոտ աթոռը աղտոտի՞ հագուստդ:

— Ո՛չ, — պատասխանեց Արամյանը, — բայց դու ասա՛, կգա՞ս ինձ հետ թե չէ:

— Այնտեղ լա՞վ է, — դարձյալ ծիծաղելով հարցրեց Քաջբերունին:

— Այնտեղ բնությունը հիանալի տեսարաններ է ներկայացնում, — պատասխանեց Արամյանը մի փոքր ոգևորված ոճով, — սքանչելի առավոտներ, մաքուր օդ, թռչունների երգ, ծաղիկների անուշ բուրմունք... Կատակելով, նրա խոսքը կտրեց Քաջբերունին.

— Ծառերի սոսափյուն, ջրերի խոխոջմունք, ոսկի արև, կապուտակ երկինք, վարդագեղ արշալույս, հովաշունչ զեփյուռ... դե՛, բանաստեղծե, պոետ, — ասաց նա դարձյալ ծիծաղելով:

Արամյանը մի փոքր կարմրեց և բռնելով նրա ձեոքը` ասաց.

— Է՜հ, Սմբատ, դու կատակում ես, բայց ես անպատճառ պիտի տանեմ քեզ:

— Չէ՛, հոգիս, ես չեմ կարող հեռանալ այս անկյունից, — պատասխանեց Քաջբերունին անկեղծությամբ, — իմ միջոցներս չեն թույլատրում ինձ վայելել ոսկի օրեր:

— Ինչո՞ւ:

Դու արդեն գիտես, որ ես աղքատ մարդ եմ:

— Ի՞նչ ես խոսում, — դեմքը մի փոքր խոժոոելով կրկնեց Արամյանը, — ես ասում եմ քեզ, թե ես վարձել եմ այնտեղ կացարան, և մեզ համար պատրաստ են այնտեղ կենալու ամենայն հարմարություններ:

— Ես չեմ կարող ավելորդ բեռ լինել քեզ վրա:

— Քո խոսքերն ինձ զարմացնում են, Սմբատ. մինչև այսօր ոչինչ խտրություն չէ եղել մեր մեջ. մենք սկսած մեր համալսարանական կյանքից՝ ապրել ենք միասին որպես եղբայրներ, բայց այժմ կամենում ես իմ ու քոյություն դնել մեր մեջ:

— Այլ է համալսարանական կյանքը, հոգիս, և այլ բուն կյանքը, — պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ: — Այնտեղ ուսանողն ապրում է մի այլ երկնակամարի տակ, այնտեղ նա պատրաստ է ոչ միայն յուր վերջին լուման պահել յուր եղբոր համար, այլև յուր կյանքը: Բայց երբ որ ուսանողը մտնում է այս աշխարհ, երբ որ նա ծանոթանում է մամոնայի հետ, արդեն համալսարանի երազական գաղափարները շոգիների նման ցնդում են նրա գլխից:

— Մի՞թե մենք ևս պատկանում ենք այդպիսի ուսանողների թվին, — մի փոքր վշտանալով ասաց Արամյանը:

— Ինչո՞ւ չէ. միտքդ գալի՞ս է, որ մենք քանի Պետերբուրգումն էինք, մեր հայրենիքի համար ինչե՛ր էինք ուխտում, ինչե՛ր էինք երդվում, բայց այժմ ի՞նչ շինեցինք:

— Այդ իրավ է, որ մենք՝ հայերս, մեր հայրենիքը ավելի ենք սիրում, դեռ քանի որ նրանից հեռու ենք, — պատասխանեց Արամյանը: — Բայց այժմ թող մնան դրանք. իմ կարծիքով մենք միևնույն հոգին ունենք, ինչ որ ունեինք համալսարանում. բայց դու ասա՛, գալո՞ւ ես Կոջոր թե ո՛չ:

— Ես ասացի թե ո՛չ:

— Սմբատ, դու վշտացնում ես ինձ, — նրան գրկելով ասաց Արամյանը: — Ես չեմ թողնիլ, որ դու այստեղ մնաս:

Քաջբերունի ոչինչ չխոսեց:

— Ասա, գալո՞ւ ես ինձ հետ:

— Ի՞նչ ես այդքան թախանձում ինձ, Թաթոս:

Թաթոս անունը նրանց մեջ ընդունած անուն էր, որով նրանք կոչում էին հիմար ուսանողներին:

— Լա՛վ, ասա՛, կգա՞ս թե ոչ:

— Ես արդեն ասացի. բայց դու պատմի՛ր փոքր — ինչ, թե ի՛նչպես ես անցկացնում այնտեղ:

— Ես քեզ մի լավ պատմություն կանեմ, միայն խոստացիր:

— Դե ասա՛:

Արամյանը ժպտալով խոսեց րոպեական լռությունից հետո:

— Սմբատ, Կոջորում ես բարեկամացա մի այնպիսի սիրուն աղջկա հետ, որ կատարյալ հրաշք է. ի՜նչ սիրաբորբոք աչքեր, ի՜նչ քաղցրությամբ լի շրթունք, ի՜նչ վարդագեղ երես, մի խոսքով, կատարյալ հրեշտակ...:

Քաջբերունին ժպտալով լսում էր յուր մանուկ ընկերի նկարագրությունները:

— Այլևս ի՞նչպես, շարունակի՛ր, — ասաց նա:

— Նրա խոսակցությունը ամբողջ պոեզիա է, նրա ժպիտը հիանալի է, նրա շրթունքների մեջ թաքուցած է երկնային համբույր, իսկ նրա ծոցում անմահ կյանք...:

— Բավական է, գլուխս մի՛ տանիր, այժմ հասկացա, որ սիրահարված ես, — նրա խոսքը կտրեց Քաջբերունին:

— Ոչ՛, այդպես մի՛ կարծիր, միայն դու գիտես, որ ես գեղեցկասեր ճաշակ ունիմ:

— Այո՛, ես գիտեմ... Միայն ասա՛, ի՞նչ ազգից է քո նկարագրած հավերժահարսը:

— Նա հայ է: Բայց, Սմբատ, եթե ես լինեի պատկերահան և կամենայի ընծայել աշխարհին գեղեցկության դիցուհու կատարելատիպը, ես միայն նրան գաղափար կընտրեի իմ գործին:

— Այդ արդեն չափազանցություն է:

— Ո՛չ, Սմբատ, քանի որ չես տեսել, կարելի է այդպես կարծել, բայց դու արդեն խոստացար գալ ամառանոց, ես կծանոթացնեմ քեզ նրա հետ, և դու անտարակույս կգովես նրա գեղեցկությունը:

— Կրթվա՞ծ է:

— Այդ մասին լեզուս կարճ է ... այո՛, նա կրթված է, որքան կարող է կրթվել մի հայ աղջիկ այստեղի դպրոցներում: Գիտե ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, հիանալի երգում և նվագում է:

— Իսկ հայերե՞ն:

— Հայերեն չգիտե, հայությունը նրա դավթարումը գրված չէ:

— Ի՞նչ գրքեր է շատ կարդացել:

— Ռոմաններ:

— Պրծավ գնաց... արդեն հայտնի է, թե նա ի՛նչ պտուղ պիտի լինի:

Խոսակցությունը նրանց մեջ ընղհատվեցավ, երթ Քաջբերունին ոկսավ վառել յուր ծխամորճը:

— Ճշմարիտ զարմանալի է, թե դու ի՛նչպես ես անցկացնում այստեղ միայնակ, — հարցրեց Քաջբեբունուն Արամյանը:

— Հապա ի՞նչպես պետք է անցկացնել, — պատասխանեց Քաջբերունին անփույթ կերպով. — պարապում եմ քանի չեմ հոգնել, բայց երբ հոգնում եմ, նստում եմ այս լուսամուաի հանդեպ և նայում եմ պարտեզին:

— Բայց դու ավարտեցի՞ր քո "Հայկական կյանքը":

— Ավարտեցի:

— Ո՞ւր է:

Քաջբերունին ցույց տվավ պահարանում մի քանի հատ տետրակներ: Արամյանը մոտեցավ, վեր առավ նրանցից մինը, որ գրված էր խոշոր և խառն գրչով, և սկսավ նայել:

— Ե՞րբ պիտի տպագրության տաս այս աշխատությունդ, — հարցրեց Արամյանը:

— Ո՞րտեղ և n՞ւմ համար:

— Արդարև, այստեղ չի տպվի, բայց ինչո՞ւ ո՛ւմ համար:

— Ո՞վ պիտի կարդա:

— Դու կարծում ես մերայինք ուշադրություն չե՞ն դարձնիլ մի այսպիսի գրքի վրա:

— Ամենևի՜ն:

— Ուրեմն էլ չե՞ս գրում:

— Ո՛չ:

— Այստեղ տաղտկալի չէ՞ քեզ միայնակ:

— Ես միշտ միայնակ չեմ մնում, այլ լինում են ինձ մոտ և հուրեր, — պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ: — Գիշերները շատ անգամ գալիս է ինձ մոտ տանտիկին գերմանուհի պառավը, նստում է և ամբողջ ժամերով սկսում է շատախոսել. նա պատմում է յուր մանկությունից, յուր հանգուցյալ ամուսնուց, իրանց հայրենիքից, նա պատմում է ինձ և այլ զանազան դատարկ բաներ: Եվ ամեն առավոտ վիզիտով մտնում է ինձ մոտ տանտիրոջ կատուն, նա մռռալով պտտվում է իմ չորս կողմը, որպես թե կամենում է ինձ հետ պարել, պոչը կամարաձև բոլորում է մեջքի վրա, մի քանի անգամ քսմսվում է իմ ոտներին և հեռանում: Բայց նորահաս գերմանուհի աղջիկը, որ ծառայում է ինձ, մի քանի րոպե է միայն ինձ մոտ մնու. մայրը վախենում է նրան երկար ինձ մոտ թողնել:

Երկու ընկերների մեջ այդպես կես ժամ ևս տևեց խոսակցությունը, մինչև Արամյանը վեր կացավ և ասաց.

— Այսօր ես մի քանի տեղ ունիմ գնալու. դու պատրաստվիր, Սմբատ, երեկոյան հովին ճանապարհ կընկնենք:

— Ես կգամ, միայն մի քանի օրով:

— Այդ ոչինչ, միայն պատրաստ եղիր երեկոյան:

Արամյանը հեռացավ:

ԻԵ

Ինչ որ Ճանճուր Իվանիչի ընտանիքը գնացել էր Կոջոր, նա գոնե մի անգամ չէր եղել նրանց մոտ: Բայց քաղաքում խորովվելով հուլիսյան արևի տաքությունից, փոշի կուլ տալով, յուր հաստ փափախը գլխին, քարշ էր գալիս յուր գործերի ետևից: Սպասավորնեից նրա մոտ մնացել էր միայն իմերել Քիտեսը: Նա Ճանճուր Իվանիչի համար և՛ թեյ էր պատրաստում, և՛ խորոված էր խորովում, և՛ նրա չաքմեքն էր մաքրում, հարկավոր ժամանակ նաև փոստը նամակ էր տանում:

Մի օր երեկոյան պահուն, Ճանճուր Իվանիչը, փողոցից տուն վսրդառնալով, միայնակ նստած էր պատշգամբի վրա, նրա առջև հենարանի վրա դրած էր մի բաժակ թեյ, նրա մոտ մի կտոր շաքար: Բայց տաք ըմպելին վաղուց սառել էր, և ճանձուր Իվանիչը, պաշարված խառն մտածություններով, մոռացել էր խմել:

Հանկարծ երևան եկավ Սամիլ Պետրովիչը:

Տեսնելով մոցիքուլին, Ճանճուր Իվանիչի թխպամած դեմքը մի փոքր պարզվեցավ, ինչպես մինը, որ հեռվից նշմարում է յուր ավետաբերը:

— Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ, — գոչեց Ճանճուր Իվանիչը: — Հե՛ր օրհնած, ո՞ւր իս, էսքան վուխտ չիս էրևում, աչքիրս տրաքեցան քու ճամփեն մտիկ տալով:

— Բարով, — կրկնեց Սամիլ Պետրովիչը` ձեռք տալով Ճանճուր Իվանիչին, ապա կարտուզը վեր առավ գլխիծ և նստեց:

— Ո՞ւր իս, էսքան վուխտ է չիս էրևում, — դարձյալ հարցրեց Ճանճուր Իվանիչը:

— Ո՞ւր պտիմ ըլի, քիզ համա չալիշ իմ գալի, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը: — Դուն քու գուրծերի էտնեն իս, իսկի խաբար չունիս, էլ չիս ասում, վուր Սամիլ Պետրովիչի հոգին դուս էկավ դես ու դեն ման գալով, վուր քիզ համա փեսա ճարե:

— Դե՛ լավ, մունաթ մի՛ դնի. մաշ վո՞ւնց, դանա իմ աղբեր չի՞ս դուն, վուր իմ փիքրը չքաշիս, մաշ ո՞վ պիտի քաշե, — պատասխանեց Ճանճուր Ւվանիչը կեղծավորելով: — Ա՜յ, տղա, Քիտես, չա՛յ:

Քիտեսը շուտով մատուցարանի վրա բերավ թեյ: Սամիլ Պետրովիչը մի քանի կում ընդունելով ասաց.

— Ի՛նչ լավ չայ է, ի՛նչ լավ համ ու հուտ ունե:

— Հա, խիստ լավն է, — պատասխանեց Ճանճուր Ւվանիչը. — Խալաթովի քարվանսարի թուրքի ղազազներեմեն գրվանքեն վեց աբասով իմ առի:

Բայց թեյը ամենաանպիտան թեյ էր, ո՛չ համ ուներ և ո՛չ հոտ, մանավանդ որ պատրաստված էր իմերել Քիտեսի ձեռքով:

Բայց, ինչպես մեր ընթերցողին հայտնի է, Ճանճուր Իվանիչը գիտեր կեղծավորվել, նա, ինչպես ասում են, սատանային կնալեր:

Այգում մանուկ տղամարդու անհաջող առաջարկության օրից սկսած Սամիլ Պետրովիչն անդադար այս կողմ այն կողմն էր ընկնում, գուցե Ճանճուր Իվանիչի համար մի փեսա գտնե, և իբրև մի դալալ մարդ, նրա ապրանքի սովդան բարիշացներ մի անբախտի հետ, որպեսզի յուր համար մի քանի մանեթ մեջտեղից որսա: Բայց Սամիլ Պետրովիչի ջանքերը բոլորն իզուր անցան մի քանի պատճառներով. մին որ՝ Ճանճուր Իվանիչը այնքան փող չէր տալիս, որ գոնյա փեսաները, փողի առավելությանը նայելով, իրանց ամուսնացվի բարոյական արատները հաշվի չառնեին, մին էլ` Ճանճուր Իվանիչը կամք չուներ օտարազգի չինովնիկի տալ, որի վրա դյուրությամբ կարելի էր մսխել մի այնպիսի օրիորդ, որպիսին Սոֆին էր: Բայց Ճանճուր Իվանիչը կամք ուներ, ինչպես մտածում էր, երկու բարիք միասին վայելել, մին՝ հինգ հարյուր թումանով աղջիկը յուր գլխից ռադ անել, մին էլ՝ վաճառական և հարուստ փեսա ունենալ:

Այղ հանգամանքներն ավելի ճշտությամբ հայտնի լինելով Սամիլ Պետրովիչին, նա գիտեր, որ չէր կարող կատարել Ճանճուր Իվանիչի պահանջմունքները: Այդ պատճառով նա խիստ տհաճությամբ պատասխանեց, երբ Ճանճուր Իվանիչը հարցրեց, թե ի՞նչ շինեցիր:

— Քու բանը, Ճանճուր Իվանիչ, դժար գլուխ գալու բան է, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը՝ գործագետ մարդու եղանակով: — Առաջին վուր, քու արշինը կարճ է, քու սովդան չի ըլի շինիլ. դուն ուզում իս, մե հինգ հարուր թումնով լավ փեսա ճարիս, էտ մեր քաղքում վո՞ւնց կուլի: Հենց ասում իս, թե ուսում առած աղջիկ է, պտի առանց փուղի մարդու տամ. մագրամ չիս իմանում, էս անիծած ուսումը աղջկերանց մազանդան վունց կոտրից: Սրամեն առաջ եփոր ըշկոլեմեն դուս էկած մե աղջկա սովդեն էի շինում, ու եփ վուր տղին թամահ քցելու համա ասում էի, աղջիկը էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էսպես սիրուն է, ու եփոր ավելացնում էի, թե ուսում էլ ունե, ըշկոլոլմը օխտը տարի կարթացիլ է, ռսնակ, փրանցուզնակ ջրի նման խոսում է, ու` ի՞նչ միղքս պահիմ, եփոր մե քանի սուտ էլ պոչին էի կպցնում, էտունք տղեն լսելիս ուրախութենից խիլքը գնում էր: Ամա հիմի եփոր տղին ասում իս, թե աղջիկը էսքան փուղ ունե, էսպես է, էնպես է, գովում իս, ու իժում ասում իս, թե ըշկոլեմեն դուս է էկի, կուրսը պրծիլ է, տղեն էն նմուտին ժնգիրթը կախում է, ու քիզ ասում է, թե էտ փուղը նրա մե տարվա թեատրի, վեչերի, դուխի ու պոմադի միսխը չի դուս բերի: Հիմի իմացա՞ր, Ճանճուր Իվանիչ, ուսումն էլ մոդից ննգավ:

Ճանճուր Իվանիչը դրանից ավելի լավ էր հասկացել. նա վաղուց էր ասել՝ "էդ զահրումար ուսումը աղջկաս ղալբ փուղ շինից. ում վուր տալիս իմ, չին առնում": Բայց նա միտք չուներ յուր սիրտը միանգամայն բաց անել Սամիլ Պետրովիչի առջև: Այդ պատճառով յուր ապրանքի արժանավորությունը չկոտրելով, նա ասավ թուրքի առածը.

— Փիքր չկա, Սամիլ Պետրովիչ "զառ ղադրի զարգյալ բիլար" — (ոսկու կշիռը, հարգը, ոսկերիչը կիմանա), Իմ Սոֆին էնպես ապրանք չէ, վուր նրան մուշտարի չճարվի: Ի՞նչ իմ հոգում ջեր նրա ի՞նչ մարդու տալու վուխտն է, թող մե քանի տարի էլ մնա, մինչև բախտը բաց կուլի:

Սամիլ Պետրովիչը, նկատելով, որ յուր անկեղծությամբ խոսելը լավ հետևանք չունեցավ, միառժամանակ ևս Ճանճուր Իվանիչի սեղանից ձրի ճաշ կամ ընթրիք որսալու համար մտածեց նրա գլուխը փչել մի քանի դատարկ հույսերով:

— Գիդի՞ս ինչ կա, — ասաց նա, — թե ղարիբ օմքնու կուտաս, մե լավ մուշտարի կա:

— Վո՞ւրղանցի է, — հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ մի փոքր հանգստանալով:

— Ստամբոլեմեն է, — պատասխանեց մոցիքուլը:

— Անունը ինչպե՞ս է:

— Նրա անունը Անուշիկ — աղա Թութունջյան է:

— Էստեղ ի՞նչ է շինում, — կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ բոլորովին չհավատալով յուր ականջներին: — Ո՞վ գիտե ի՛նչ թոկից փախած կռո կուլի:

— Ի՞նչ իս խոսում, հերը միլիոնչիկ է, ինքն էլ էկիլ է միր քաղքում միտք ունի մահուդի ֆաբրիկա բաց անի: Մե ջահել, սիրուն տղա է, ուսում առած, տասներկու լիզու խոսել է իմանում:

Միլիոնի և մահուդի ֆաբրիկայի անունը խիստ հաճելի եկավ Ճանճուր Իվանիչի ականջներին, և նա հարցրեց.

— Ուզում է պսակվի ու էստի մնա՞, թե կու գնա իրա երկիրը:

— Ո՞ւր կու գնա, մարդն ուզում է էստեղ ֆաբրիկա բաց անէ:

— Կարա՞ս միր տուն բերի:

— Ջեր տուն բերել դժվար է, նրա համա վուր աղջիկը տան չէ, — պատասխանեց մոցիքուլը: — Բայց թե գուզիս, աոուտեհան գնանք. նա կենում է Արծրունու քարվանսարումը, բուլվարի վրա, էնտեղ քիզ նշանց կուտամ:

— Շատ լավ, ամա ասա՝ տեհնիմ, փուղ խոմ շատ չե ուզում:

— Նա մե կապեկ փուղ չէ ուզում. ասում է փուղն ի՞նչ կոնիմ, ասում է, աղջիկը սիրուն ըլի, կոսե, խելոք ըլի, ուսում ունենա, հերիք է, ասում է:

— Իմ հոգին գիդենա, մարդավարի օքմին է էլի էտ տղեն, — խոսեց Ճանճուր Իվանիչը ուրախությամբ, — ես իմ աղջիկը կուտամ դրան:

— Օրինավուր մարդ իմ ասում. հատը սաղ քաղքումը չկա:

— Մագրամ, ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, նա միր Սոֆիին տեհի՞լ է:

— Մե օր բաղումը տեհիլ է ու հավնիլ է. մե խոսքով Սոֆիի համա գժված է:

Ճանճուր Իվանիչը նկատելի կերպով հրճվեցավ:

— Քիտես, — ձայն տվավ ծառային, — արաղ բե:

— Արաղն ի՞նչ կոնինք, — հարցրեց Սամիլ Պետրովիչը:

— Պունշ կու շինինք. գիդի՞ս, Սամիլ Պետրովիչ, առանց պունշի չայը էնենց է, վունց վուր խաշը առանց սխտուրի:

Սամիլ Պետրովիչը ծիծաղեցավ:

Քիտեսն արաղը բերավ, նրանք մի — մի բաժակ խմեցին թեյի հետ խառնած:

Այդ հանկարծահաս լուրը մինչև այն աստիճան ուրախացրեց Ճանճուր Իվանիչին, որ նա չկարողացավ պահել յուր սրտի հրճվանքը. նա խնդրեց Սամիլ Պետրովիչին՝ մնալ այն գիշեր յուր մոտ՝ մի լավ քեֆ անելու համար: Սամիլ Պետրովիչը հոժարությամբ ընդունեց: Ճանճուր Իվանիչը հրամայեց ծառային, որ գնա բազարից խորովածացու միս առնե: Նրանք այն գիշեր մի փառավոր ուրախություն արին:

— Հիմի ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, առուտեհան մինք էն մարդուն վո՞ւրդի կանանք տեհնի, — հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ գիշերվա երկու ժամին մոցիքուլին ճանապարհ գցելու ժամանակ:

— Առուտեհան ես կանգնած կուլիմ Թամամշովի քարվանսարի առաջ, դուն կուգաս էնտեղ, ինձ կու գտնիս. իժում մինք միասին կեհանք Արծրունու քարվանսարա, ես էն տղին կու գտնիմ, դուն հեռվից մտիկ կոնիս, ի՛նչ տղի հիդ վուր խոսացի, ու իրեք անգամ հազացի, իմացի վուր նա է. հիմի իմացա՞ր:

— Իմացա, մագրամ մե քիչ ղայիմ հազա, վուր կանենամ լսի:

— Շատ լավ, ղայիմ կու հազամ, հիմի բարի գիշեր, — ասաց Սամիլ Պետրովիչը և գլորվելով սկսավ հեռանալ Հացի-Գելենց տնից:

"Լավ էրազ է... թե աստուծ բարին կատարե... " — ասաց յուր մտքում Ճանճուր Իվանիչը՝ մոցիքուլին ճանապարհ գցելուց հետո:

ԻԶ

Նույն երեկո, երբ Ճանճուր Իվանիչը, ոգևորված ապագա հույսերով, Սամիլ Պետրովիչի հետ խոսում էին Թութունջյանի վրա, Կոջորում, Հացի-Գելենց կացարանի մոտից գռռալով անցավ ճանապարհորդական մի կառք, որ շուտով կանգնեց ոչ այնքան հեռու նրանց բնակարանից. կառքից դուրս եկան երկու մանուկ տղամարդ: Դրանցից մինը Քաջբերունին էր, մյուսը Արամյանը:

Մյուս օրվա առավոտյան Արամյանը վաղ վեր կենալով մահճից` պատրաստվում էր հոգալ յուր հյուրի համար նախաճաշիկ, մինչև նա կզարթեր քնից, բայց նա զարմացավ՝ տեսնելով Քաջբերունուն բոլորովին հագնված, դրսից ներս մտնելիս: նա նայեց նրա կոշիկներին, տեսավ, որ նրանք թրջված էին առավոտյան ցողով:

— Բարի լույս, — ասաց Արամյանը ժպտալով, — ես կարծում էի, թե դու քնած կլինիս. լավ շուտ ես զարթե՜լ:

— Այո՛, ես այժմ սովորել եմ առավոտները վաղ զարթել, — պատասխանեց Քաջբերունին:

— Բայց դու դրսից ես գալիս:

— Ես գնացել էի պտտելու և դիտելու ձեր ամառանոցի շրջակայքը, — պատասխանեց Քաջբերունին և նստեց լուսամուտի հանդեպ, իսկ Արամյանը դուրս գնաց սենյակից:

Երկար այնպես նայում էր Քաջբերունին դեպի կանաչազարդ հեռուն և հրճվում էր գեղեցիկ տեսարաններով: Եվ մեկ էլ մի գաղտնի ոգևորությամբ բացականչեց հազիվ լսելի ձայնով. "հրաշալի՜ Կովկաս, հայրենի՜ք գեղեցկության, բայց ափսո՜ս...", և նրա երեսի գույնը փոխվեցավ ներքին վրդովմունքից:

Ներս մտավ Արամյանը՝ արդեն հագնված և լվացված:

— Դու թեյը կաթնո՞վ ես սիրում, — հարցրեց նա:

— Այո՛, — պատասխանեց Քաջբերունին, — միայն ասա՛ շուտ տան, մի քիչ կարագի և հացի հետ. ես այժմ գայլի պես սոված եմ:

— Երևի առավոտյան զբոսանքը և լեռնային օդը գրգռել են քո ախորժակը. ահա ամառանոցի զանազանությունը քաղաքի ապականված մթնոլորտից, — կրկնեց Արամյանը՝ ձայն տալով ծա ռային, որ շուտ բերե:

Ծառան ներս բերավ հեշտաեռը, և մի քանի րոպեից հետո նրանց առջև պատրաստվեցավ թեև չափավոր, բայց ախորժելի նախաճաշիկը:

Նախաճաշիկից հետո նրանք սկսեցին ծխել:

Քաջբերունին յուր սովորության համեմատ նստեց լուսամուտի առջև, Արամյանը նույնպես նստեց նրա հանդեպ:

— Ինչո՞վ ես պարապում այժմ, Վահե, — հարցրեց Քաջբերունին;

— Համարյա թե ոչնչով, — պատասխանեց Արամյանը:

— Մի՞ թե ծուլացել ես:

— Ո՛չ, միայն այն, ինչ որ ես ցանկանում եմ, ժամանակի է կարոտ և պահանջում է շատ գործել, բայց այժմ ես դեռ ոչինչ չեմ կարող անել:

— Ինչո՞ւ:

— Որովհետև որպեսզի կարելի լինի արվեստականապես բացատրել հայոց լեզվի ծագումը և նրա պատմական և գործնական ձևակերպությունը, պետք է հիմնավորապես ծանոթ լինել այն լեզուներին, որոնցից մեր լեզուն ծագումն է առել, այդ պատճառով ես հարկավոր եմ համարում հիմնովին ուսանել պարսից և սանսկրիտ լեզուները:

Քաջբերունի ժպտաց:

— Ո՞րտեղ պիտի սովորես այդ լեզուները, — հարցրեց նա:

— Ես միտք ունիմ գնալ հնդկաստան, — պատասխանեց Արամյանը:

— Լավ, մինչև գնալդ անգործ պիտի մնա՞ս:

— Ես այժմ բոլորովին անգործ չեմ, այլ քերականություն եմ պատրաստում մեր նոր աշխարհաբար լեզվի, այլև պատրաստում եմ մի համառոտ բառարան եվրոպական ուսումնական և աևվեստական բառերի, որպեսզի մեր գրողները ստիպված չլինեն հունական, լատինական կամ այլ ազգի բառեր մուրալ:

— Մի այդպիսի աշխատություն անօգուտ չի լինիլ մեր այժմյան գրականության համար, — պատասխանեց Քաջբերունին: — Թեև առաջին անգամից այդ հայերեն թարգմանված տերմինները խորթ կթվան, բայց, հետզհետե գործածության մեջ մտնելով, քաղաքացիություն և իրենց բուն նշանակությունը կստանան:

— Բայց մեզ մի ուրիշ բառարան ևս պետք է, — խոսեց Արամյանը, — այսինքն մի բառարան մեր նոր և կենդանի լեզվի: Մեր գրաբար բառարանները պարունակում են իրանց մեջ ըստ մեծի մասին Աստվածաշունչ գրքի և մեր հին գրականության բառերը. այդ պատճառով նրանք խիստ աղքատ են նոր լեզվի կենդանի բառերով: Այդպիսի բառեր մենք նորից հնարելու կարոտություն չունինք, որովհետև կյանքն ինքն ստեղծում է բառերը: Այդ պատճառով մեր այժմյան կենդանի լեզուն ունի յուր մեջ այնպիսի բառեր, որոնք չկան մեր հին լեզվի մեջ, որ մնացել է մեզ թղթի կամ մագաղաթի վրա: Օրինակի համար՝ մի հայ, որ բնակվում է անտառի մոտ, նա գիտե այդ անտառի բոլոր ծառերի, տունկերի, պտուղների, խոտերի և ծաղիկների անունները, որոնք չկան մեր գրքերում կամ բառարաններում: Այդպես էլ հայ երկրագործը գիտե յուր արհեստին վերաբերյալ բոլոր գործիքների և պարագաների անունները, որոնք ըստ մեծի մասին մեզ անծանոթ են. մի խոսքով` հայ մարդը յուր գյուղական և հովվական կյանքում հնարել է իրան համար շատ բառեր, որոնք նույնպես պետք են մեր նոր լեզվի ճոխության համար: Առհասարակ մենք՝ քաղաքացիներս, չգիտենք այնքան տնտեսական բառեր, որքան գիտեն գյուղացիք: Նրանք առավել, քան անշունչ մագաղաթը՝ հավատարմությամբ կարողացել են պահպանել իրանց հայրենական բարբառը: Բայց եթե այդպիսի բառեր չհավաքվեն, նրանք անտարակույս կկորչեն, երբ գյուղացիների կյանքը այլ կերպարանք ու ձև ստանա:

— Այո՛, պետք է հավաքել, — պատասխանեց Քաջբերունին, — բայց ո՞վ պիտի հավաքե:

— Ես մտադիր եմ այդ նպատակով մի ճանապարհորդություն անել, — պատասխանեց Արամյանը:

— Դուք շատ դատարկ բաներ եք մտադիր անելու, — նրանց խոսքը կտրեց մի երրորդ ձայն, և նույն րոպեին երևեցավ մի կարճլիկ, մանուկ տղամարդ, երեսը շան ռեխի նման, դեղին երկգույն մորուքով և փոքրիկ աչքերով:

"Անուն հոր և որդու ", — երեսը խաչակնքելով ասաց Արամյանը, — Թաթոս, այս ո՞րտեղից հայտնվեցար:

Բայց նորեկ պարոնի անունը Թաթոս չէր, նա կոչվում էր Քրիստափոր Դիաչկով. միայն այդ անունով նորահաս ուսանողները կատակի համար կոչում էին հիմար ուսանողներին՝ իրանց համալսարանական կյանքում:

Նորեկ պարոնին թեև հայտնի էր մի այդպիսի կոչման նշանակությունը, բայց նա ամենևին չվշտացավ և շատ սիրալիր կերպով մոտեցավ, ողջունեց նրանց և նստեց նրանց մոտ:

— Դե՛, Հոմերոս, այժմ շարունակի՛ր քո ճառը, — խոսեց Դիաչկովը ռուսաց լեզվով` ուղղակի Արամյանի երեսին նայելով:

— Ի՞նչ հարկավոր է, քանի որ իմ ճառը չի կարող քեզ գրավել, — պատասխանեց Արամյանը:

— Այդ իրավ է, որովհետև ես վաղուց արդեն վճռել եմ չհավատալ հրաշքներին, այդ պատճառով գիտեմ, որ մեռելին կրկին կյանք տալ անկարելի է, ահա այդ դրության մեջ են հայոց ազգը և լեզուն: Այդպես չէ՞, Պղատոն, — նա դարձավ դեպի Քաջբերունին:

Բայց Քաջբերունին ոչինչ չպատասխանեց, միայն ծիծաղեցավ նրա թեթևամտության վրա:

— Վահե, սակայն ներողություն, պետք է ասել՝ արքա հայոց, չէ՞ որ Վահեն հայոց թագավոր էր: — Գիտե՞ք ես ի՛նչ պատճառով եմ եկել ձեզ մոտ. դու էլ լսիր, Սմբատ, ես եկել եմ հայտնելու ձեզ` կամ համաձայնեցեք որոշել ինձ մի անկյուն ձեր կացարանում և կամ ես վարձը բարձրացնելով ձեզ կարտաքսեմ այստեղից:

— Ի՞նչն է ստիպում քեզ այդ անել, — հարցրեց Արամյանը:

— Ներեցե ք, ի՞նչպես կարելի է դուք միայն բնակվիք այստեղ և հրճվիք մի այնպիսի հրաշագեղ դրացուհիով, իսկ ես հեռվից սառն աչքերով նայեմ ձեր բախտավորության վրա: Ճշմարիտն ասած, նախանձը խեղդում է ինձ:

Արամյանը ծիծաղեցավ:

— Սմբատ, դու տեսե՞լ ես նրան, — հարցրեց Դիաչկովը Քաջբերունուց:

— Ո՛չ, ես երեկոյան եմ եկել այստեղ, — պատասխանեց Քաջբերունին:

— Լավ է, որ չես տեսել, եթե ոչ՝ քո խելքն էլ նույնպես կտաներ գեղեցկուհին, ինչպես տարել է իմը, — խոսեց Դիաչկովը:

— Մի՞թե քո գլխում գոնե քիչ խելք կար, որ տաներ, — հարցրեց Քաջբերունին ծիծաղելով:

— Ինչպես չէ, ինձ արդեն կոչում են մեր քաղաքի Ռոշֆորը:

Կարճլիկ տղամարդը փաստաբան էր:

Երկու ընկերները ծիծաղեցին Դիաչկովի պարծենկոտության վրա:

— Գիտես, Սմբատ, հրաշագեղ օրիորդը, ասում են, խելքից գնացած է Վահեի համար:

— Չեմ կարծում, — պատասխանեց Քաջբերունին:

— Վերջապես, այդ հարցը ինքնըստինքյան կլուծվի ապագայում, միայն դուք այս րոպեիս վճռեցեք` տալի՞ս եք ինձ մի անկյուն ձեր կացարանում, — կրկնեց Դիաչկովը:

Մանուկ տղամարդիկը նշմարելով, որ Դիաչկովի առաջարկությունը կատակ չէ, այդ պատճառով Արամյանը պատասխանեց.

— Մենք չենք կարող համաձայնել քեզ հետ, մին` որ մեր կացարանում ավելորդ տեղ չկա, երկրորդ եթե տեղ ևս լիներ, քեզ չենք կարող ընդունել մեզ մոտ, որովհետև դու կարգելես մեզ պարապել:

— Այսինքն ես կարգելեի ձեզ դատարկ պարապմունքներից, որպիսիք են քո հայկական քերականությունը, աշխարհաբար բառարանը և Սմբատի՝ "Հայկական կյանքը", հը՛, այնպե՞ս է — կրկնեց Դիաչկովը երգիծաբանելով:

Արամյանը բարկությամբ նայեց նրա երեսին:

— Դու շատ անխիղճ ես, Վահե, գոնյա թույլ տուր երբեմն գալ այստեղ և լուսամուտից նայել դեպի նվիրական բնակարանը, — խոսեց Դիաչկովը և մոտեցավ լուսամուտին, որտեղից ուղղակի երևում էր Հացի-Գելենց կացարանը:

— Չի կարելի, — դարձյալ պատասխանեց Արամյանը:

— Պարոններ, նայեցե՛ք, ահա՛ երևեցավ գեղեցկության դիցուհին, — գոչեց Դիաչկովը ուրախությամբ:

Մանուկ տղամարդիկը վազեցին լուսամուտի հանդեպ, ուր կանգնած էր Դիաչկովը:

Եվ, արդարև, երևեցավ օրիորդ Սոֆին ամառային թեթև և սպիտակ հագուստով. նա յուր եղբոր հետ գնում էր առավոտյան զբոսանքի: Օրիորդն անցավ նրանց լուսամուտի առջևից, մի կողմնակի հայացք ձգելով դեպի մանուկ տղամարդիկը: Բայց Դիաչկովը չկարողացավ համբերել և, առանց մնաք բարյավ ասելու, առավ գլխարկը, դուրս վազեց և սկսավ հեռվից հետևել գնացողներին:

— Հիմար, — ասաց նրա գնալուց հետո Արամյանը, — այս ևս մեր նոր սերունդը...

— Նա առավել բախտավոր է, քան թե մենք, — պատասխանեց Քաջբերունին:

— Ինչո՞վ:

— Նրանով, որ նա թեև թերուսի մեկն է, բայց ուղիղ ասաց նա, թե այժմ կոչվում է Ռոշֆորը յուր քաղաքի և դրանով շահել է իրան համար ավելի քան քսան, երեսուն հազար մանեթ. բայց ես ու դու, մեր մագիստրի ու դոկտորի դիպլոմներով, ծախսի փող էլ չունինք:

— Այդ ինչի՞ց է:

— Պատճառը խիստ պարզ է. նա տիրացու Սաքոյի որդի Խաչատուրն է, բայց այժմ կոչվում է Խրիստաֆոր Դիաչկով, կին բերեց յուր հետ մայրաքաղաքից և պարտավոր է կուռքի նման նրան պաշտե... բայց մեր ճակատին կարդացվում է ուրիշ բառ, և մենք պարապում ենք, որպես նա ճշտությամբ արտասանեց, դատարկ բաներով` դու քո հայոց քերականությամբ և բառարանով, իսկ ես իմ՝ "Հայկական կյանքով"...:

— Մի այդպիսի բախտ, որ ժառանգել է նա, ամենևին նախանձելի չէ, — պատասխանեց Արամյանը, — որովհետև Վասակները միշտ շահում են ոսկի:

— Իրավ նախանձելի չէ, բայց մի...

— Մի՞թե... այլապես չէր կարելի ապրել:

— Այո՛, մենք կարող էինք ապրել, եթե ուսած լինեինք կոշկակարություն կամ դերձակություն, բայց մենք սպառեցինք մեր առողջությունը և լցրինք մեր գլուխը չոր ու ցամաք ուսմամբ...

— Բայց մենք երբեք չենք ցանկանալ վասակություն գործել` մեծաքանակ ռոճիկ ստանալու համար. մենք կմնանք ճշմարիտ հայ, որպես ենք, կսիրենք մեր ազգը և կկերակրվենք նրա սեղանից, — պատասխանեց Արամյանը դրականապես:

— Այդ կլիներ, եթեն հայ ազգը կատարեր յուր փրկչի խոսքը, թե "պետք չէ յուր մանուկների հացը ձգել օտարներին": Բայց դժբախտաբար մենք մեր ազգի սեղանի փշրանքներից էլ զուրկ ենք մնում:

— Ի՞նչ ենք գործում մենք ազգի համար, որ նա պարտավորվի մեզ հաց տալ:

— Իրավ, մենք դեռ ոչինչ չենք գործել, և իմ ցանկությունս այդ չէ, որ մենք Կոջորում, մեր սենյակում սիգար ծխենք և ազգից ձրի հաց պահանջենք. այո՛, հարկավոր է նախ և առաջ գործել: Բայց գլխավոր հարցն այստեղ այն է, որ մեր ազգը այնպիսի սարսափելի կերպով մոլորված է դեպի օտարազգիք, որ յուր օգուտը տալիս է օտարներին: Օրինակի համար՝ դու բաց արա ուսումնարան օրիորաց համար, որի մասին շատ անգամ հայտնել ես քո ցանկությունը. հավատացնում եմ քեզ, որ ոչ ոք չի հոժարիլ քեզ աշակերտուհի հանձնել, թեկուզ հոգին սուրբ էլ լինիս և մի րոպեում նրանց գլուխը ուսմամբ լցնես: Բայց մի մադամ Ջիվարոզին հարյուրներով աղջիկ կհանձնեն, թեև նրա ուսումնարանում աղջիկները մտնում և դուրս են գալիս դատարկ գլխով: Բայց գլխավոր բանն այն է, որ այս դեպքում ևս ծնողները իրանց ծուռը հաշվի մեջ դարձյալ չեն սխալվում. նրանց ցանկությունը իրանց աղջկերանց բան սովորեցնելը չէ, այլ նրանք միայն մի քանի հաշիվներ աչքի առջև ունին. մին` որ մադամի անունը նրանց ականջներին դյուր է գալիս, մին էլ` որ իրանց աղջիկը մարդու տալու միջոցին մոցիքուլը փեսին գրավելու համար յուր բոլոր ճարպկությունը գործ դնելուց հետո, թե "էհենց սիրուն է աղջիկը, էհենց խելոք է աղջիկը, էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե" — հետո կավելացնե — "մադամ Ջիվարոզի մոտ ուսում է առի, տանցովատ, պիանո, ռսնակ ջրի պես սերտած ունե...":

— Ուրեմն ի՞նչ պետք է արած, — հարցրեց մի փոքր համոզվելով Արամյանը:

— Պետք է ազգի աչքերը բաց անել, նա դեռ կույր է, մինչև որ նա ճանաչե, թե ո՛վ է յուր արժանավոր մշակը, որի աշխատությունները պարտավոր է վարձատրել:

ԻԷ

Նույն օրվա երեկոյան պահուն Արամյանը միայնակ գնաց Հացի-Գելենց մոտ. նրան ընդունեցին խիստ քաղցրությամբ, մանավանդ օրիորդ Սոֆին մի քանի նոր ցույցով հայտնեց յուր բարեկամական անկեղծությունը դեպի նա: Բայց Արամյանը երկար չմնաց նրանց մոտ և հայտնելով, թե յուր ընկերը միայնակ է, շուտով հեռացավ: Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին նրանից խնդրեցին, որ մյուս օրվա առավոտը յուր ընկերոջը բերե իրանց հետ ծանոթացնելու: Արամյանը խոստացավ:

Մյուս օրվան առավոտյան պահուն Քաջբերունին և Արամյանը հասարակ ամառային հագուստով գնացին Հացի-Գելենց տուն: Նոր հյուրի ներկայանալու և ծանոթանալու ծեսը մի քանի սովորական բառերով, աջ ու ահյակ գլուխ տալը վերջանալուց հետո, նրանք նստեցին:

Օրիորդ Սոֆին այդ օրը հագնված էր պարզ, բայց շատ ճաշակով և վայելուչ: Նա համեստությամբ նստած էր յուր մոր մոտ:

Տեսնելով Քաջբերունուն օրիորդ Սոֆին զգաց յուր սխալը: Արամյանից լսելով փիլիսոփայության և իրավաբանության մագիստրոսի անունը, նա հույս ուներ տեսնել մի որևէ գերբնական էակ: Բայց Քաջբերունու դեմքի կոշտ գծագրությունը, նրա սառն և անփույթ վարվեցողությունը, որոնք մանուկ կուսի աչքում հասնում էին մինչև անքաղաքավարության, հաճելի տպավորություն չգործեցին նրա սրտին: Այնուամենայնիվ, նա չէր կարողանում հասկանալ, թե ի՛նչ կարող էր գտնվել մի այդպիսի տարապայման գոյության մեջ այնպես հրաշալի, որ պատճառ էր տվել Արամյանին, ինչպես հայտնի էր, պաշտել նրան, որպես մի գերբնական էակի:

Նրանց աոաջին խոսակցությունը եղավ, ինչպես սովորաբար լինում է, ոչ այնքան նշանավոր: Տիկին Բարբարեն հարցրեց Քաջբերունուց քաղաքի տոթի և զովության մասին և ժողովուրդի զվարճություններից և նոր ու հին լուրերից: Քաջբերունին տաղտկությամբ մի քանի հատ ու կտոր պատասխաններ տվավ:

Օրիորդ Սոֆին թեյի սեղանի մոտ յուր հյուրերին թեյ էր մատակարարում:

Արամյանը, որպես այս տան նախածանոթը, ավելի ընտանեբար էր վարվում. նա մյուսներից ծածուկ մի քանի նկատողություններ արավ օրիորդին, որով կամենում էր ուղղել նրա սխալը: Երևում էր, որ նա ցանկանում էր Հացի-Գելենց գերդաստանական շրջանը ներկայացնել յուր ընկերին ավելի գեղահարմար կերպարանքով:

Թեյ խմելը վերջացավ: Տիկին Բարբարեն մտածեց յուր աղջկան հանդես դուրս բերել, երբ նկատեց, որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում: Նա խնդրեց աղջկան, որ մի փոքր նվագե դաշնամուրի վրա: Օրիորդը կատարեց մոր խնդիրը:

Քաջբերունին սկսավ ուշադրություն չդարձնել նրա նվագելուն, երբ հենց առաջին անգամից նշմարեց, որ լավ չէ նվագում: Օրիորդը վերջացրեց նվագելը, իսկ Քաջբերունին հայտնեց յուր նկատողությունները նրա նվագելու մասին, որոնք բոլորովին վշտացրին օրիորդի ինքնասիրությունը: Այսուամենայնիվ մայրը նրան ծածուկ նշանացի արավ զբաղեցնելու հյուրերին:

Օրիորդը նախ սկսավ հարցնել Պետերբուրգից. օրինակ՝ քանի՞ թատրոն կա այնտեղ, կայսրը ո՞ր թատրոնն է գնում. Նևսկի պրոսպեկտը քանի՞ վերստ երկարություն ունի. այնտեղի այգիքը և զբոսարանները գեղեցի՞կ են: Այնուհետև նա խոսքը դարձրեց համալսարանի վրա և հարցրեց ուսանողների կյանքից, հարցրեց, թե կա՞ն այնտեղ աղջիկ ուսանողներ և այդ աղջիկ ուսանողների մեջ կա՞ն նշանավոր և տաղանդավոր օրիորդներ: Այս հարցմունքներից հետո նա խոսակցության մեջ ներս բերավ "կանանց ազատության հարցը": Լսելով Քաջբերունու գալու մասին, մի քանի օր նա եռանդով կարդում էր Ստուարդ Միլլը և, զինավորելով յուր միտքը մի քանի փաստերով, նա սկսավ տաքությամբ պաշտպանել կանանց լիակատար ազատությունն ու հավասարությունը տղամարդկանց հետ:

Քաջբերունին առաջ չուզեց այդ խնդրի վրա խոսել օրիորդի հետ, մտածելով, որ այդ հարցը բարձր է նրա հասկացողությունից, բայց կամենալով նրան դուրս բերել այդ տեսակ մտավոր մոլորությունից՝ ասաց.

— Ավելի լավ է, որ դուք ձեր միտքը գաղափարական երազներով չհրապուրեք, այլ ուսումնասիրեցեք կյանքի իրական կողմերը:

— Ներեցեք, պարոն, — պատասխանեց օրիորդը, — մի՞թե գաղափարական երազ կարող է համարվիլ այն, որ ես ասում եմ, թե կանանց դրությունը ստրուկի դրություն է, և նրանց պետք է հավասար իրավունք տալ մարդկային ընկերության մեջ:

— Այդ դարձյալ երազ է, — խոսեց Քաջբերունին սառնությամբ, — որովհետև քանի կինը բարոյապես և իմացականապես լավ չի կրթված իբրև մարդ, նա չունի իրավունք պահանջելու ձեր ասածազատությանը կամ հավասաաւթյունը:

— Կրթությունը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նրա համար, երբ նա ճնշված է տղամարդու բռնակալության ներքո:

— Կրթությունը կտա նրան իրավունք ներս մտնել հասարակական կյանքը որպես մարդ, յուր կատարյալ ազատությամբ. բայց կանացի սեռը, մանավանդ արևելյան ազգերի մեջ, դեռ շատ անկիրթ է: Պետք է աշխատել կրթել դրանց:

Օրիորդ Սոֆին վշտացավ և կարմրեցավ:

Քաջբերունին նշմարելով նրա վրդովմունքը` խոսեց.

— Արդարև, կանանց սեռի հարեմների մեջ փակված դրությունը վաղուց ցույց տվավ լուսավոր աշխարհին դրա վատ հետևանքները: Այսուամենայնիվ ես չեմ կարող համաձայնել, որ կանայք, մանավանդ մեր ազգի մեջ, բոլորովին արձակ և ազատ հանդես դուրս գան իբրև հասարակական ընկերության անդամներ, երբ նրանք այդ մասին ամենևին պատրաստված չեն. նրանք դեռևս շատպետք է ուսանեն:

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց: Քաջբերունին նշմարեց, որ յուր նկարողությունները վատ տպավորություն գործեցին օրիորդի վրա, նա խոսքը կտրեց և դարձավ դեպի տիկին Բարբարեն:

Նույն միջոցին օրիորդ Սոֆին, հազիվ լսելի ձաչնով, ասաց Արամյանին.

— Ձեր ընկերը խիստ անխիղճ է դեպի կանացի սեռը. բայց ցանկալի էր ինձ գիտենալ, թե ի՞նչպես է նայում նա մանուկ օրիորդների վրա:

— Դուք արդեն նկատում եք նրա սառնասրտությունը, — պատասխանեց Արամյանը:

Տիկին Բարբարեն, իբրև անուս և հասարակ գերդաստանի աղջիկ, զուրկ էր այն հնարներից, որով մի բարեկիրթ տանտիկին կարող էր զբաղեցնել յուր հյուրերին: Այդ պատճառով նա առավելապես աշխատում էր յուր հյուրերին հքապուրել քաղցրավենիքով, դրա համար նա հրամայեց թեյից հետո մատուցանել թարմ միրգ և զանազան տեսակ մուրաբաներ: Բայց նրանք երկար չնստեցին, այլ մի քանի րոպեից հետո հեռացան: Նրանց ճանապարհ դնելու ժամանակ օրիորդ Սոֆին բռնեց Քաջբերունու ձեռքը և խնդրեց նրանից պատվել իրանց յուր հաճախակի այցելությամբ, ավելացնելով, թե նրա կարծիքներին բոլորովին համակրեց ինքը:

— Ի՞նչպես թվեցավ քեզ այդ օրիորդը, — հարցրեց Արամյանը Քաջբերունուց, երբ նրանք հասան իրանց կացարանը:

— Մի պաճուճյալ խրծիկ, ուրիշ ոչինչ, — պատասխանեց Քաջբերունին՝ դեմքը խոժոռելով:

— Բայց տեսա՞ր ինչքան օժտված է նա բնությունից:

— Ուրեմն դու ևս Դիաչկովի նման կոչիր նրան գեղեցկության դիցուհի:

— Չի կարելի ուրանալ, թե նա գեղեցիկ է:

— Դիցուք գեղեցիկ է, բայց ի՞նչ կարելի է հուսալ նրանից:

— Շատ բան, — պատասխանեց Արամյանը:

— Այո՛, կարելի է հաստատ հույս ունենալ, թե նա կարող է լինել հրապուրիչ սիրուհի յուր տարփածուի համար, բայց ոչ երբեք ժրագլուխ տանտիկին և հավատարիմ ամուսին:

— Նա ի՞նչ մեղավոր է, — կրկնեց Արամյանը:

— Ես գիտեմ, որ մեղավոր չէ այդ աստծո գառնուկը, այլ մեղավոր են նրա հիմար ծնողները և յուր կրթությունը, որ այնպես կեղծել են նրան:

— Նայելով այդ հանգամանքներին, — ասաց Արամյանը, — դարձյալ թող շատ ապրին մեր Հայաստանի պարզ և չքնաղագեղ օրիորդները. նրանք թեև մի գունդ միս են, նրանք թեև կրթությունից զուրկ են իսպառ, բայց նրանց բարոյականությունը մնացել է անկեղծ և անխարդախ, այդ պատճառով և նրանք լինում են հավատարիմ ամուսիններ և աշխատասեր տանտիկիններ:

Եվ այնուհետև նրանք երկար ու երկար սկսան խոսել կանացի սեռի դաստիարակության վրա:

Բայց բոլորովին այլ խորհրդածության մեջ էր օրիորդ Սոֆին: Նա ոչինչ պակասություն չէր նկատում յուր թե՛ ուսման և թե կրթության մեջ. նա յուր գեղեցկությամբ այնքան հպարտացած էր, որ կարծում էր, թե կիշխե բոլոր տղամարդկանց վրա: Եվ միտ բերելով Քաջբերունու սառնասրտությունը դեպի ինքը և նրա հերքողական պատասխանները յուր կարծիքների դեմ, չէր կարողանում ոչինչ կերպով համոզվել, թե այդպիսի վարմունքը և այդպիսի վեճը կարող էին առողջ դատողության ծնունդ լինել:

Բայց Արամյանի փափուկ բնավորությունը, նրա քաղցր խոսակցությունը և շնորհալի վարմունքը խելագարության չափ հիացրել էին ախտաբորբոք օրիորդին, և նա սպասում էր նրա մեջ գտնել յուր սրտի ցանկալին:

Բոլորովին այլ էր տիկին Բարբարեի մտածությունները. նա շատ ուրախ էր մանուկ տղամարդկանց այցելությամբ, նա շատ գոհ էր յուր դստեր խոսակցությունից նրանց հետ, թեև նրան բոլորովին անհասկանալի էր այդ: Միևնույն ժամանակ նրա գլխի մեջ պտտվում էր մի այսպիսի խորհուրդ՝ պսակել յուր դուստրը մայրաքաղաքի այդ բարեկիրթ ուսանողներից մինի հետ:

ԺԸ

Կոջորի սառն, հովասուն օդը և խոնավ կլիման, փոխանակ ուղղելու Քաջբերունու առողջությունը, խիստ վատ ներգործություն արեցին նրա վրա: Նրա ավերված թոքերը դարձյալ ցավագարվեցան, և նա սկսավ ծանր կերպով հազալ: Նա փակված էր յուր կացարանում և ամենևին դուրս չէր գնում տանից:

Արամյանը խիստ տխուր էր սիրելի ընկերոջ տկարության համար և ամբողջ օրը չէր հեռանում նրա մոտից: Այդ պատճառով մի շաբաթից ավելի էր նա չէր եղած Հացի-Գելենց մոտ:

Մի գիշեր նա երկար նստած Քաջբերունու մահճակալի մոտ, դառն մտածության մեջ էր. հիվանդն անդադար հազում էր և հոգվոց հանում: Արամյանը նշմարելով, որ նա քնեց, հուշիկ, ոտքի մատների վրա հեռացավ նրա քնարանից: Նա դուրս եկավ բակը` մի փոքր թարմ օդ շնչելու:

Հիանալի լուսնկա գիշեր էր: Բոլոր շրջակայքում թրթռում էր ամառային եղանակը տաք, մանկական, ախտաբորբոք կյանքով: Անցնելով Հացի-Գելենց կացարանի մոտից, հանկարծ լսեց նա քնքուշ ձայն.

— Պարոն Վահե:

Մին էլ երևան ելավ օրիորդ Սոֆիի վայելչահասակ կերպարանքը, որ նույն րոպեին նմանում էր գիշերային հավերժահարսի:

— Օրիորդ Սոֆի, այդ դո՞ւք եք, — մոտեցավ նրան Արամյանը:

— Այո՛, — պատասխանեց նա:

— Այս խորին գիշերային պահո՞ւն:

— Այնպես, դուրս եկա...ես ինքս չգիտենալով, թե ինչո՞ւ համար...

Արամյանը տեսավ, որ նրա դեմքն այնպես գունատված էր, ինչպես սառն մարմարիոն և նրա գիսակները խառնված էին և աչքերը վառվում էին կատաղի կրակով:

— Դուք այլևս չեք երևում, պարոն Վահե, — հարցրեց օրիորդը:

— Ընկերիս հիվանդությունը չէ թողնում ինձ տանից հեռանալ, — պատասխանեց Արամյանը:

— Այժմ ի՞նչպես է նա:

— Լավ չէ՛:

— Վա՜յ, ափսոս: Ի՞նչ է նրա հիվանդությունը:

— Բարակացավ:

— Վաղո՞ւց է:

— Այո՛, վաղուց, համալսարանում ևս ուներ:

Օրիորդը մտածմունքի մեջ ընկավ: Կարծես այդ լուրը տխրեցրեց նրան:

— Տեսնո՞ւմ եք, պարոն Վահե, ի՜նչ հիանալի գիշեր է, — խոսեց նա րոպեական լռությունից հետո:

— Այո՛, հիանալի է, — պատասխանեց Արամյանը:

— Պարոն Վահե, բարի եղեք, գնանք մի փոքր շրջելու. չէ՞ որ դուք ևս սիրում եք լուսնկա գիշերը:

— Ես սիրում եմ, միայն այժմ խիստ ուշ է. գիտե՞ք, ժամը երկուսն է:

— Խնդրում եմ... գնանք. ձեզ ասելու բաներ ունիմ, այստեղից մի քիչ հեռանանք...:

Արամյանը ակամայից համաձայնեցավ:

— Դեպի ո՞ւր, — հարցրեց նա:

— Դեպի անտառ, — պատասխանեց օրիորդը, — տվե՛ք ինձ թևդ:

Արամյանը տվավ նրան յուր թևը, և նրանք սկսան դիմել դեպի անտառ:

— Ամբողջ շաբաթ է, որ դուք չեք եղել մեզ մոտ, — ասաց օրիորդը:

— Այո՛, բայց ինձ անկարելի էր գալ, — պատասխանեց Արամյանը:

— Ես շատ ցանկանում էի ձեզ տեսնել:

— Դուք ինքներդ կարող էիք գալ մեզ մոտ, երբ ցանկանում էիք:

— Քանի անգամ ես կամեցա գալ, միայն մտածեցի գուցե կբարկացնեի ընկերոջդ, չէ՞ որ նա այնպես խստասիրտ է:

— Ո՛չ, ընդհակառակն` նա խիստ բարի տղա է, նա ուրախ կլիներ, եթե դուք նրա մոտ գայիք:

— Ուրեմն առավոտյան ես կգամ նրան տեսնելու: Քաջբերունու հիվանդությունը ինչի՞ց առաջացավ:

— Անհանգիստ պարապմունքից և մի քանի դժբախտություններից... նրա կյանքը միշտ կապակից է եղել թշվառությունների հետ:

— Ափսո՜ս..., — կրկնեց օրիորդը:

Այդպես տաքացած խոսակցությամբ նրանք բավական հեռացան իրանց բնակությունից, և օրիորդը նկատեց, որ իրանք անտառումն են:

— Ես հոգնեցա, Վահե, մի փոքր հանգստանանք այստեղ, — ասաց նա:

Նրանք նստեցին մետաքսանման փափուկ խոտերի վրա: Արամյանը պառկեցավ, իսկ Սոֆին խիստ մոտ նստեց նրա մոտ և յուր թևով կռթնեց նրա կրծքին:

Այս դրության մեջ, անշարժ և լուռ մնացին նրանք մի քանի րոպե, մինչև օրիորդն ասաց.

— Վահե, տուր ինձ ձեռքդ:

Արամյանը տվավ նրան յուր ձեռքը:

Օրիորդը բռնեց նրան յուր ափերի մեջ:

— Որքա՜ն սառն է քո ձեռքը, — ասաց նա:

— Այո՛, սառն է, — պատասխանեց Արամյանը:

— Թու՛յլ տուր ես նրան տաքացնեմ ծոցից մեջ:

— Կարող ես:

Եվ օրիորդը նրա ձեռքը սեղմեց յուր փափուկ կրծքի վրա, որ նույն րոպեին սաստիկ կերպով զարկում էր ինչպես ալեկոծյալ ծովը:

— Այժմ տաքացա՞վ, — հարցրեց օրիորդը:

— Ես ոչինչ չեմ զգում, — պատասխանեց նրան Արամյանը:

— Այո՛, դու անզգա ես, — պատասխանեց օրիորդը, — բայց շոշափի՛ր կուրծքս:

Արամյանը ձեռքը դրեց նրա սրտի վրա:

— Քո սիրտը սաստիկ կերպով զարկում է, — պատասխանեց նա:

— Այդտեղ անհանգստություն կա, այնպես չէ՞, — հարցրեց օրիորդը:

— Այո՛, դու վրդովված ես:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց. երկու կողմից ևս տիրեց րոպեական լռություն:

— Վահե՛, այնպես չէ՞, ես խիստ անհամեստ եմ, — հարցրեց օրիորդը՝ նրա ձեռքը հանելով յուր ծոցից:

— Ես այդպիսի կարծիք չունիմ քո մասին, — պատասխանեց Արամյանը:

— Դու այդպես ասելով միայն չես կամենում վշտացնել ինձ, բայց ես զգում եմ, որ ոչ միայն անհամեստ եմ, այլև հիմար, ցնորված...:

Արամյանը ոչինչ չպատասխանեց նրան, միայն լսեց նրա դառն հեկեկանքը:

— Ինչո՞ւ այդպես, Սոֆի, — նրա ձեռքը բռնելով հարցրեց Արամյանը և նույն րոպեին նստեց պառկած տեղից:

— Վահե՛ — խոսեց նա, — ներիր իմ անհամեստությանը, պատճառը որ դու այնքան բարի ես... իսկ ես` թշվառականս, ամենաչնչին էակ եմ... ես զգում եմ իմ բոլոր ոչնչությունը քո առջև... արդարև, ես արժանի չեմ քեզ... միայն դու ների՛ր ինձ, որ ասեմ, թե "սիրում եմ քեզ":

— Դու ինձ սիրո՞ւմ ես, — հարցրեց նույնպես վրդովմունքով Արամյանը:

— Այո՛, — պատասխանեց օրիորդը, չդադարելով լաց լինելուց:

Սրբազան խռովությունը տիրեց Արամյանին, և նա հափշտակվեցավ սքանչելի հոգեզմայլությամբ, երբ նրա ականջներին զարկեցին մոգական խոսքի վերջին հնչյունը` այո՛:

— Դու սիրո՞ւմ ես ինձ... ուրեմն թույլ տուր համբուրեմ քեզ, — ասաց նա ուրախությամբ:

Օրիորդը փարվեց նրա պարանոցով:

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն...:

— Այժմ գնանք, — ասաց օրիորդը, որպես թե սթափվելով յուր մտավոր արբեցությունից:

— Գնանք, — կրկնեց Արամյանը և վեր կացավ:

Օրիորդը նրա թևն առավ. նա իրան բավական հոգնած էր զգում. նա գնում էր Արամյանի կողքից թույլ և անհավասար քայլերով:

Ճանապարհին ասաց օրիորդը.

— Այժմ կասե՞ս, թե դու ևս սիրում ես ինձ:

— Սիրում եմ, — պատասխանեց Արամյանը:

— Այժմ ես կարող եմ կոչվել քո կինը, այնպես չէ՞, — կրկնեց օրիորդը:

— Խնդրում եմ, Սոֆի, չհիշել ինձ այդ...:

— Այդ բոլոր...

— Խնդրում եմ, չվրդովել ինձ:

— Եվ դու չես խղճալու ինձ:

— Ես արդեն ասացի, թե սիրում եմ քեզ. այդ բավական է:

— Այդ բավական չէ՛...:

— Առայժմ այլ խոսք չեմ կարող քեզ ասել, — պատասխանեց Արամյանը և լռեց:

Դարձյալ արտասուք երևեցավ օրիորդի աչքերում:

Երկար նրանք գնում էին. երկու կողմից ևս տիրում էր խորին լռություն, մինչև նրանք հասան իրանց կացարանին: Երբ կամենում էին բաժանվել, Արամյանը գրկեց նրան և կրկին համբուրելով ասաց.

— Իմ կյանքումս ոչ մի օրիորդ չէր լսած իմ բերանից՝ "սիրում եմ քեզ" խոսքը, բայց ես զոհեցի դրան քեզ, այդքան ով մենք երկուքս կարող ենք լինել բախտավոր...:

Օրիորդը նույնպես գրկեց և համբուրեց նրան. նրանք բաժանվեցան:

Առավոտյան աստղը վաղուց շողշողում էր արևելքում, և թռչունները երգում էին իրանց վաղորդյան երգը:

Մտնելով յուր անկողինը, օրիորդը այլևս չկարողացավ քնել: Հազարավոր մտածմունքներ խռովում էին նրան: Նա զգում էր Արամյանի ձեռքի առաջին շոշափումը յուր ծոցի մեջ. նա զգում էր նրա ջերմ համբույրները յուր թշերի վրա և այլևս ուրիշ բան չէր զգում նա...: Մի քանի ժամ այսպես նրա երևակայությունը վառված էր հրապուրիչ երևույթներով, և նա անքուն մնաց, մինչև լուսաբացին տիրեց նրա հոգնած անդամներին քաղցրիկ քունը:

Արամյանը վերադառնալով յուր կացարանը` նախ առանց ձայն հանելու մտավ Քաջբերունու մոտ և նկատեց, որ նա հանգիստ քնած է, հետո դարձավ յուր քնարանը: Նա մտավ անկողին, բայց քունը մոտ չեկավ նրա աչքերին: Մի կիրք, որ ավելի նման էր ամոթանքի և զղջման, չարաչար տանջում էր նրան. "Այս ի՞նչ գործեցի"...ասաց նա, և միևնույն րոպեին զգաց յուր խղճի խայթը:

ԻԹ

Առավոտյան Արամյանը ծուլանում էր վեր կենալ յուր անկողնից, բայց երբ լսեց մյուս սենյակից Քաջբերունու ծանր հազը, իսկույն վեր թռավ անկողնից և գիշերազգեստով մտավ ընկերոջ քնարանը: Նա գտավ նրան վատ դրության մեջ:

Քաջբերունին տեսնելով նրան՝ ասաց.

— Վահե, այսօր ինձ համար մի սայլակ վարձիր, ես պիտի քաղաք գնամ. այնտեղ գոնյա երկու բան մոտ կլինի ինձ — բժիշկ և գերեզմանատուն. բայց այստեղ երկուսից ևս զրկված եմ:

Արամյանը շատ աշխատեց համոզել նրան և հետաձգել նրա գնալը, բայց հնար չեղավ:

— Դու արդեն կատարել ես քո հյուրասիրական պարտքը, մեղնիմն է, որ երկար չկարողացա վայելել նրան, — ասաց Քաջբերունին:

Տասը ժամին ճանապարհորդական սայլակը կանգնած էր Արամյանի կացարանի դռանը:

Արամյանը իրանց գնալու պատրաստության հոգացողության մեջ էր: Նա դուրս եկավ, որ մի քանի կարգադրություններ անե և մեկ էլ հանկարծ դռան շեմքի վրա հանդիպեց օրիորդ Սոֆիին: Նա գունաթափված էր որպես մահ:

— Ես ուղիղ քեզ մոտ էի գալիս, Վահե, — ասաց նա:

— Ինձ մո՞տ, — կրկնեց Արամյանը զարմանալով:

— Այո՛:

— Հրամեցե՛ք:

Նրանք ներս մտան Արամյանի սենյակը:

— Դուք գնում ե՞ք — հարցրեց օրիորդը նստելով փոքրիկ գահավորակի ծայրին:

— Գնում ենք, — պատասխանեց Արամյանը:

— Ե՞րբ:

— Կարելի է մի ժամից հետո:

— Եվ դու գնում էիր առանց ինձ հետ տեսնվելո՞ւ:

— Ես առանց քեզ տեսնելու չէի գնա:

Օրիորդը հեզիկ նայեց Արամյանի երեսին:

— Ի՞նչ պատճառով եք գնում, — հարցրեց նա:

— Սմբատի հիվանդությունը օրըստօրե վատանում է, հարկավոր է քաղաքում լինել:

— Մի՞թե առանց քեզ չէ կարող գնալ:

— Կարող է, միայն ես չեմ կամենում նրան միայնակ թողնել:

— Եվ դու պիտի մնա՞ս նրա մոտ քաղաքում:

— Այո՛, պիտի մնամ հոգ տանելու նրա առոզջությանը:

Վերջին խոսքը ծանր ներգործություն ունեցավ օրիորդի վրա:

— Եվ դու պիտի թողնես ինձ այստեղ միայնա՞կ, — հարցրեց նա ողորմելի կերպով նայելով Արամյանի երեսին:

— Ի՞նչ արած, այդպես պատահեցավ, — պատասխանեց Արամյանը:

— Չէ՞ որ դու ասացիր, թե սիրում ես ինձ, և այժմ կամենում ես միայնակ թողնել ինձ... բոլորովին չմտածելով, թե ես տխուր էի առանց քեզ...:

— Ես շատ ափսոսում եմ, որ այսպես շուտ բաժանվում եմ քեզանից, միայն համաձայնիր, որ Սմբատն այժմ առավել կարոտ է իմ կարեկցությանը, քան թե դու: Ես նրան նույնպես սիրում եմ, ինչպես իմ գաղափարակից ընկեր, ես չեմ կարող նրանից բաժանվել:

Արամյանի վերջին խոսքերը խիստ զգալի եղան օրիորդին, նա մի քանի րոպե մտածման մեջ ընկավ և ապա պատասխանեց.

— Այո՛, Սմբատն այժմ առավելապես կարոտ է քո կարեկցությանը, քան թե ես. Վահե՛, գնա՛, տեր ընդ քեզ, և հո՛գ տար այդ պատվելի տղամարդու առողջության մասին. ես չեմ կամենում բաժանել քեզ քո սիրելի ընկերից:

Արամյանին խիստ ազդեց օրիորդի քնքուշ զգացողությունը և նա մոտեցավ նրան, գրկեց և սեղմեց յուր կրծքի վրա:

— Հիմա կարելի՞ է պարոն Սմբատին տեսնել, — հարցրեց օրիորդը:

— Ինչո՞ւ չէ կարելի, — պատասխանեց Արամյանը:

— Ես կկամենայի նրան տեսնել:

— Ուրեմն սպասիր, իմացում տամ:

Արամյանը մտավ Քաջբերունու սենյակը: Քաջբերունին, փաթաթված յուր թանձր մուշտակի մեջ, պառկած էր մահճակալի վրա: — Օրիորդ Սոֆին կամենում է քեզ տեսնել, — ասաց նրան Արամյանը:

— Ինձ անախորժ է իմ այժմյան զզվելի կերպարանքով տխրեցնել քնքուշ օրիորդի սիրտը, — պատասխանեց նա, — ասա թե չեմ կարող ընդունել:

— Նա խնդրում է, նա քեզ տեսնելու է եկել:

— Լա՛վ, թո՛ղ գա:

Արամյանը դուրս գնաց և մի քանի վայրկյանից հետո օրիորդի հետ ներս մտավ հիվանդի սենյակը:

Սոֆին գնաց բռնեց Քաջբերունու ձեռքը և խիստ մոտ նստեց հիվանդի մահճակալին:

— Հեռու նստեցեք, օրիորդ Սոֆի, այժմ անախորժ է ինձ մոտենալ:

Բայց Սոֆին ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ասաց.

— Դուք այժմ ևս այնպես բարի և սիրելի եք, որպես առաջ:

— Ո՛չ սիրելիս, հիվանդության հետ կատակ չի կարելի անել, — պատասխանեց Քաջբերունին:

Օրիորդը սկսավ հարցնել նրան հիվանդության մասին, այնուհետև հայտնեց, թե ինքը շատ տխրում է, որ նրանք այնպես շուտ թողնում են ամառանոցը, որովհետև նրանց դրացությունը ախորժելի էր իրանց գերդաստանին: Եվ ավելացրեց մի քանի բարեկամական խոսքեր:

Քաջբերունի կարճ պատասխանեց, թե՝

— Մենք շատ հեռու չենք գնում, եթե այս հազը շուտով չիջենե ինձ սառը հողի տակ, մենք դարձյալ կարող ենք միմյանց տեսնել:

Օրիորդը սկսավ նրան մխիթարել, թե չպետք է այդպես շուտ հուսահատվել կյանքից և խորհուրդ տվավ նրան գնալ Նիցցա:

— Այո՛, եթե ես փող ունենայի, շատ տեղեր կերթայի, — պատասխանեց նա:

Ապա օրիորդը ասաց, որ ինքը ևս միտք չունի ամառանոցում երկար մնալու, այլ շուտով քաղաք կդառնա, և այնտեղ շուտ — շուտ կայցելե նրան:

Քաջբերունի հայտնեց յուր շնորհակալությունը:

Օրիորդը, քնքշությամբ սեղմելով հիվանդի ձեռքը, հեռացավ:

Արամյանը նույնպես դուրս եկավ նրան ճանապարհ ձգելու: Օրիորդ Սոֆին հայտնեց, թե նրան մի քանի ասելիք ունի. նրանք մտան դարձյալ Արամյանի սենյակը: Սոֆիի դեմքն արտահայտում էր ներքին վրդովմունք:

Արամյանը նստեց գահավորակի վրա, իսկ օրիորդը, աթոռի վրա նրա առջև նստելով, բռնեց նրա ձեռքը և ասաց.

— Իմ այս գիշերվա վերջին հարցը մնաց առանց պատասխանի, այնպես չէ՞, — հարցրեց նա՝ ուղղակի Արամյանի երեսին նայելով:

— Այո՛, — պատասխանեց Արամյանը, — բայց ես խնդրեցի, որ դու այդ մասին ոչինչ չհարցնես:

— Ինչո՞ւ:

— Որովհետև զանազան հանգամանքներ ստիպում են այդ մասին լռել:

— Բայց իմ կարծիքով, ուր կա ճշմարիտ սեր, այնտեղ ոչինչ հանգամանքներ տեղ չպետք է ունենան:

Արամյանը դժվար դրության մեջ էր:

— Մի՞թե սիրելու համար դու կարծում ես, թե անպատճառ պետք է կոչվել ամուսին, — հարցրեց Արամյանը:

— Ես այդպես չեմ կարծում, — պատասխանեց օրիորդը պինդ ձայնով, — ես մինչև անգամ հերքում եմ ամուսնությունը, ես կբավականանամ միմիայն քո սիրով, եթե դու իսկապես խոստովանես, թե սիրում ես ինձ:

— Դու կարող ես բոլորովին հավատալ, թե ես սիրում եմ քեզ:

— Ուրեմն թո՛ւյլ տուր համբուրեմ քեզ, — ասաց օրիորդը:

Նրանք գրկախառնվեցան... և մի քանի րոպե նրանք չէին բաժանվում միմյանցից...:

Օրիորդը բոլորովին շառագունած դուրս եկավ Արամյանի սենյակից:

Ճանապարհին նրան հանդիպեց Մայիլովը, պատանին գլուխ տվավ նրան, բայց օրիորդը ամենևին չնշմարեց և անցավ:

Գնալով իրանց տուն, օրիորդն ուղղակի ներս մտավ յուր սենյակը. նա բոլորովին գոհ էր յուր վիճակից, նրա դեմքն արտահայտում էր անսպառ ուրախություն, և նա թռչնակի նման հանգիստ չէր կարողանում նստել, այլ երգելով թռչկոտում էր այս կողմը, այն կողմը:

Դիաչկովը լսելով, թե Արամյանն ու Քաջբերունին գնացել են քաղաք, իսկույն վարձեց նրանց կացարանը, և այդպիսով մերձավոր դրացի դարձավ Հացի-Գելենց: Այնուհետև սկսավ հնարքներ բանացնել այդ գերդաստանի հետ ծանոթանալու, և շուտով նա հասավ յուր նպատակին, երբ մի օր տիկին Բարրարեն ինքը հրավիրեց նրան իրանց մոտ ճաշելու:

Դիաչկովը հայտնվեցավ ճիշտ պայմանյալ ժամին: Նա հագնված էր այնպես պճնված, կարծես երևելի տոն էր, և նա նոր էր վերադառնում Նևսկի պրոսպեկտից:

Դիաչկովը՝ հայրական ահագին ժառանգությունը մայրաքաղաքում զոհելով թատրոնների, բալերի, կրուժոկների և այլ շռայլության ու զեխության կուռքերին, ոչինչ բան չէր շահել, այլ միայն ճշմարտությամբ ուսել էր, թե ինչպես պետք է վարվել հասարակական կյանքում, այսինքն՝ ինչպես պետք է հանդիպել մանուկ օրիորդներին կամ մանկահասակ տիկիններին, ինչպես նրանց գլուխ տալ, խոսք կցել, զվաբճախոսել, սեթևեթել. մի խոսքով` նա գիտեր յուր դերը խիստ հմուտ կերպով խաղալ կյանքի ամեն մի հանգամանքում:

Նա խիստ քաղաքավարի կերպով ներկայացավ Հացի-Գելենց գերդաստանին նախ և առաջ մոտեցավ տիկին Բարբարեին և համբուրեց նրա ձեռքը, հետո շնորհալի կերպով դարձավ դեպի օրիորդ Սոֆին "բոն ժուռ, մադմուազել Սոֆի" ասելով, ապա ձեռք տվավ Լիզային և Ելենային, որոնց վրա նրանց առաջին հյուրերը ամենևին ուշադրություն չէին դարձնում:

Դիաչկովի քաղաքավարի վարվեցողությունը առաջին օրից տպավորություն գործեց տիկին Բարբարեի վրա:

Դիաչկովը յուր ընդունելության առաջին խոսքերը սերտած գեղեցկախոսությամբ արտահայտելուց հետո ասաց.

— Այժմ ես ձեր դրացությամբ կարող եմ բոլորովին երջանիկ համարվել, մտածելով, թե ես կարող էի այնքան բախտավոր լինել, շահելով ձեր բարի համարումը...: Ա՜խ, ի՞նչ էր իմ առաջին կացարանը. կատարյալ դժոխք. ո՛չ ոք չկար ժամանակ անցկացնելու, թեև ինձ մերձակա էին կենում գեներալ Կ...ի և կնյազ Ն...ի գերդաստանները, բայց ի՞նչ ախորժանք նրանցից... ճշմարիտն ասած, ես սաստիկ ատում եմ այդ ազնվականներին, չնայած որ նրանք ինձ հարգում էին և ո՛չ մի օր առանց ինձ ճաշ և ընթրիք չէին անում: Բայց ի՞նչ նպատակով հաճախել այդպիսի գերդաստանների մոտ. գնում ես, այո՛, քեզ ընդունում են շատ սիրով. նստում ես, և ահա ծերունի գեներալն սկսում է շաղակրատել իր պատերազմական գործունեությունից՝ սկսյալ Պասկևիչից, Աբաս Միրզայից հասնում է Վորոնցովը, առանց ժամանակ տալու յուր աղջիկներին մի բան խոսելու: Նրանք՝ խղճալիքը տհաճությունից տոչորվում են, իրանց մտքի մեջ անիծելով իրանց դատարկաբան հորը: Իսկ կնյազը ավելի հին ժամանակից է սկսում՝ Ախտա Շահից, Հերակլից և գալիս մինչև Շամիլը: Այժմ երևակայեցեք, կարելի՞ է այդպիսի փտած կոճղերի հետ ժամանակ անցկացնել:

Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին ծիծաղեցին, պատասխանելով, թե բոլորովին ուղիղ է նրա նկատողությունը:

— Առհասարակ, — շարունակեց Դիաչկովը, — այստեղ սակավ են կատարյալ քաղաքակրթված ընտանիքներ, ուր կարելի լիներ զգալ ճշմարիտ հյուրասիրության համն ու հոտը. — խնդրեմ իմ նկատմունքը ձեզ վրա չառնեք, որովհետև ձեր ընտանիքը այդ բանում կատարյալ բացառություն է կազմում: Բայց Պետերբուրգում հիանալի գերդաստաններ կան, արժե նրանց հետ ժամանակ անցկացնել:

Եվ մայր ու աղջիկ սկսան հարցնել Դիաչկովից Պետերբուրգի կյանքից:

Դիաչկովը պատմեց երկար ու երկար, առանց լռելու. բառերը, որոնց կամավ տալիս էր նա մի առանձին մուզիկական արտահընչություն, կարծես թե առնելու էին նրա բերանից: Եվ ամեն խոսքի վերջավորությունը բերում էր յուր վրա՝ ցույց տալով, թե ինքը ժամանակով մայրաքաղաքում եղած է հասարակական խոսակցության առարկա:

Բայց երբ նրանից հարցրին, թե այժմ ինչով է պարապո՞ւմ, պատասխանեց.

— Ավարտելուց հետո ինձ նշանակեցին Պետերբուրգում մի մեծ թաղի միրովոյ սուդյա, ես ատեցի այդ ստոր պաշտոնը և եկա Կավկազ, գուցե բարձր տեղեր գտնելու: Այստեղ օկրուժնոյ սուդում անդամի տեղ են առաջարկում ինձ, բայց ես դարձյալ չեմ կամենում ստորացնել ինձ... նախագահի պաշտոնը... այն ևս ակամայից, կարելի է համաձայնել... կամ պալատում անդամ... պրոկուրոր և կամ մի այդպիսի բան... թեև ծառայությունն առհասարակ ինձ անտանելի է, որովհետև ես սիրում եմ ազատ կյանք: Այլև իմ գլխավոր նպատակն այն է, որ գնամ Փարիզ, մի քանի տարի մնամ այնտեղ, հետո գնամ Պետերբուրգ իրավաբանական պրոֆեսորի քննություն տամ: Ինձ առավել սիրելի է համալսարանում պրոֆեսորի ամբիոնը, քան պալատում նախագահի աթոռը: Այդ արդեն հիանալի է, երբ մարդ կանգնած ամբիոնի վրա ոգևորված պատմում է, զորօրինակ՝ քաղաքական իրավունքների մասին, և Թեմիդեսի հազարավոր աշակերտներ լուռ, հոգիացած լսում են նրան:

Այդ խոսքերը Դիաչկովն արտասանեց բավական կրքով և խորը հոգվոց հանելով:

— Բայց այժմ բոլորովին անգո՞րծ եք, — հարցրին նրանից:

— Այժմ ես պարապում եմ խիստ ազատ վաստակով, — պատասխանեց Դիաչկովը: — Արդարև ես մինչև այն աստիճան չեմ կարող ստորացնել ինձ, որ գնամ օկրուժնոյ սուդ կամ պալատ, ատյանում կանգնեմ և պաշտպանեմ որևիցե գործ, որպես անում են այստեղի փաստաբանները. բայց արհեստում չծուլանալու համար, երբեմն մեծ գործերում, երբ լինում են դժվար իրավաբանական հարցեր, ես գրում եմ միմիայն խնդիրներ, թեև խիստ չնչին վարձով, զորօրինակ՝ մի քանի հազար մանեթով:

Բոլորովին սուտ էր խոսում Դիաչկովը. նա ոչ միայն օկրուժնոյ սուդն ու պալատը չէր դնում գործեր պաշտպանելու, ինչպես հավատացնում էր յուր թեթևամիտ ունկնդիրներին, այլ հարյուր մանեթ գործի համար նա միրովոյ սուդերումն էր քարշ գալիս: Միով բանիվ, նա քաղաքիս ամենաստոր փաստաբաններից մեկն էր, որին հանձնում են այն ամենակեղտոտ գործերը, որ յուր պատիվը պահպանող ոչ մի փաստաբան հանձնառու չէ լինում ընդունելու:

Հանկարծ նա նշմարեց անկյունում դրած դաշնամուրը:

— Ա՜, այդ ո՞վ է ածում, — հարցրեց նա զարմացք ձևացնելով յուր դեմքի վրա:

— Սոֆին, — պատասխանեց տիկին Բարբարեն:

— Մադմուազել Սոֆի՞ն, — կրկնեց Դիաչկովը ուրախությամբ: — Ա՜խ, ես Պետերբուրգից դուրս գալուց հետո Կովկասում ոչ մի գերդաստանում չեմ լսած պիանոյի ձայն. ես հուսով եմ, որ օրիորդ Սոֆին այնքան ողորմած կլինի, որ այդ մեծ զվարճությունը կպատճաոի ինձ:

Տիկին Բարբարեն սկսավ թախանձել յուր դստերը, որ նա նվագե:

Օրիորդ Սոֆին մեծ հոժարությամբ մոտեցավ պիանոյին և սկսավ նվագել շատ վատ: Բայց Դիաչկովն անդադար ծափահարելով, դառնում էր դեպի տիկին Բարբարեն՝ ասելով.

— Այս արդեն հրաշք է... ա՜խ, որքան հիանալի նվագում է մադըմուազել Սոֆին, Պետերբուրգում սակավ աղջիկներ միայն կարող են այդպես նվագել:

Օրիորդը ոգևորված այդ գովասանքով` նվագեց ամբողջ կես ժամ, նա երգեց և մի ռոմանս, նույն միջոցին Դիաչկովը զմայլմունքից ինքը նույնպես յուր խռպոտ ձայնը խառնեց նրա ձայնի հետ:

Օրիորդը վերջացնելուց հետո, Դիաչկովը մոտեցավ նրան և մինչև գետին խոնարհվելով շնորհակալություն արավ, ավելացնելով, թե այնուհետև չէր ցանկանա լսել Մոցարտին և Բեթհովենին՝ նրա նվագը լսելուց հետո:

Ապա ինքը Դիաչկովը նստավ պիանոյի մոտ և նվագեց երգելով մի սոնետ. նրա անախորժ ձայնը այնպես նման էր կատվի մլավյունի հնչյուններին, որ Գրիգոլի ծիծաղը շարժեց, որ լուռ նստած լսում էր: Բայց Դիաչկովը յուր երգը կիսատ թողնելով հեռացավ պիանոյից՝ հավատացնելով, թե համալսարանում շատ պարապմունքի պատճառով կրծքի հիվանդությունը զրկեց նրան յուր անուշ ձայնից, եթե ոչ, նա մի անգամ Պետերբուրգում գրաֆ Տամբալովսկու տանը մրցության մեջ մտավ իտալացի առաջին երգիչ Կասոնի հետ և ինքը տարավ մրցանակը:

ԼԱ

Քաջբերունին քաղաք գնալուց հետո ամբողջ մի ամիս հիվանդ պառկեցավ, մինչև նրա առողջությունը փոքր — ինչ ուղղվեցավ. բայց այնուհետև երկու ընկերները չկամեցան ամառանոց գնալ, որովհետև քաղաքում ևս բավական հով էր եղանակը:

Մի օր նրանք նստած էին. Արամյանի դեմքը չէր ցույց տալիս բոլորովին ուրախ արտահայտություն. կարծես թե ներքին թախիծներ վրդովում էին նրա սիրտը, մինչև նա ընդհատեց լռությունը՝ խոսելով.

— Սմբատ, մի՞թե միշտ այսպես անպաշտոն և անգործ պիտի մնանք մենք:

— Այո՛, — պատասխանեց սառնությամբ Քաջբերունին, — որովհետև նա, ով որ պիտի մեզ պաշտոն տա, ռոճիկ տա, մենք նրա համար անպիտան կարասիներ ենք, այլ խոսքով` մենք նրա գործին անհարմար ենք:

— Ի՞նչ պետք է արած, — տհաճությամբ հարցրեց Արամյանը:

— Ի՞նչ պետք է արած, — կրկնեց Քաջբերունին, և նրա երեսի վրա երևեցավ թթու արտահայտություն: — Կամենո՞ւմ ես պաշտոն...պրծավ գնաց...

— Մի՞թե այդ կարելի է անել:

— Ուրեմն գո՛հ եղիր աղքատությամբ:

— Բայց ա՞զգը, — հարցրեց Արամյանը:

— Ազգը ի՞նչ, — կրկնեց Քաջբերունին:

— Նա մեզ հաց չի՞ տա:

— Կտա, եթե նրա ոտքերը լիզես և նրա քմացը համար խունկ ծխես:

Նրանց խոսակցությունն ընդհատեցավ, երբ ներս մտավ Դիաչկովը՝ ուրախության ծիծաղը երեսին:

Նա առանց ողջունելու և առանց նրանց ձեռք տալու, գլխարկը վերցրեց և կանգնելով նրանց առչև՝ ասաց.

— Շնորհավորեցեք, պարոններ, իմ քաջագործությունը, այսօր ես տարա սուդում մի այնպիսի փառավոր գործ, որ կատարյալ հրաշք է. վասն որո, եղբարք, երեք հազար մանեթ գրպանեցի...

— Տո՛, Թաթոս, դու ի՞նչ օրենք գիտես, որ քո տարած գործն ի՛նչ լինի, — ասաց նրան Արամյանը:

— Եղբայր, օրենք գիտենալն այս քաղաքում ոչինչ նշանակություն չունի, — պատասխանեց Դիաչկովր կծու կերպով: — Ահա քո ընկերը ևս մագիստրոսի դիպլոմը ծոցում պարապ տանը նստած է. միայն այստեղ գլխավորապես պետք է լինել սիրենա և կարողանալ գրավել օրենքը, դատաստանը և դատավորները:

Քաջբերունի լուռ լսում էր նրանց:

— Ինչո՞վ, — հարցրեց Արամյանը:

— Ինչո՞վ, — կրկնեց Դիաչկովը. — ծիծաղելի հարց. "տու՛ր կայսերն կայսեր, և աստծույն աստուծո" — ահա՛ թե ինչով:

— Մի՞թե կարելի է այդ աստիճան ստորանալ, կեղտոտ գործիք դառնալով անպիտան մարդկանց լումայասիրության, — հարցրեց Արամյանը:

— Արդարը միշտ սովից մեռնում է, եղբայր, — պատասխանեց նրան Դիաչկովը:

Արամյանը կամենում էր մի խոսք ևս ասել, բայց նրան ընդհատեց Քաջբերունի՝ ասելով.

— Ես բոլորովին համաձայն եմ քեզ հետ, պարոն Դիաչկով. այսօրվա օրում ով չգիտե ստախոսել, հաճոյամոլությամբ կեզծավորել և ուրիշի կամքին ու նպատակներին զոհել յուր ամենաազնիվ և ամենասուրբ զգացմունքները, չէ կարող արծաթ շահել: Որովհետև մեր քաղաքական կյանքը, դժբախտաբար, այնպիսի հանգամանքների մեջ է դրված, որ դրանք անհրաժեշտ պիտույքներ են եղած: Եվ մենք մի քանի րոպե առաջ սույն նյութերի վրա էինք խոսում, դու ընդհատեցիր մեզ: Քաջալերվելով Քաջբերունու խոսքերից, որ նա խոսեց կծու արհամարհանքով, Դիաչկովն ասաց.

— Եղբայրք, ճշմարիտն ասած, դուք խիստ հիմար գաղափարների եք ծառայում, մի խոսքով՝ դուք լոկ օդ եք կուլ տալի, իսկ այդ ձեր փորին սնունդ չի տալ, պետք է ժամանակի հանգամանքների հետ ընտելանալ և արևահայաց ծաղկի նման արևը ո՛ր կողմից ծագե, դեպի այն կողմը պետք է շրջել յուր դեմքը:

— Դեպի ամեն կողմ թեքվել, դեպի ամեն կողմ խոնարհվիր. այդ կատարյալ կապկություն է, — խոսեց Արամյանը: — Մինչդեռ պատիվը պահպանելը միշտ եղել է և պիտի լինի սուրբ:

— Աղքատը ոչինչ պատիվ չունի, — պատասխանեց Դիաչկովը. — պատիվը արծաթի մեջ է և առանց ձեր ասած կապկության չէ կարելի արծաթ վաստակել:

— Ուրեմն ամենայն սուրբ բան պիտի զոհել արծաթին:

— Այո՛, որովհետև նա միակ գերագույն սրբազան էակն է տիեզերքում, — վճռական կերպով պատասխանեց Դիաչկովը:

— Ահա՛ քեզ լոգիկա, — ծիծաղելով խոսեց Արամյանը:

— Եղբայր, դու ուղիղ ես, — դարձավ դեպի Դիաչկովը Քաջբերունին, — կյանքի մեջ դու քո դասը ավելի լավ ես սերտել, քան թե մենք. դու գնում ես մի ճանապարհով, որտեղից խուժանը ստեպ ընթանալով դարձել է հարթ և հավասար, բայց մեր ճանապարհը փշոտ է և շատ էլ բանուկ չէ...: Դու պաշտիր արծաթը, քո աստվածը, մենք էլ ունինք մեր հպարտությունը և գոհ ենք մեր աղքատությամբ:

— Դրանք թող մնան, դատարկ խոսքեր են, չարժե խոսել դրանց վրա, — նրա խոսքը կտրեց Դիաչկովը: — Բայց ես, պարոն Քաջբերունի, հատկապես եկա ձեզ մոտ, շնորհակալ լինել քո հիվանդության համար: Բոլորովին ճշմարիտ է առակը, թե "մեկի դժբախտությունը մյուսին բախտավորում է": Այո՛, քո փառավոր հիվանդությունը պատճառ տվավ քեզ և նախանձավոր ընկերիդ՝ հեռանալ Կոջորից և թողնել այնտեղ ձեր նվիրական կացարանը բոլորովին իմ տիրապետության ներքո, որի մեջ մի անկյուն ինձ տալու դուք զլացաք:

— Այդ խոսքերով ի՞նչ ես կամենում ասել, — շտապով հարցրեց Արամյանը:

— Այն, — պատասխանեց Դիաչկովը՝ ուղիղ նայելով Արամյանի երեսին, — ինչ որ ես ցանկանում էի, այսինքն՝ իմ դրացությունս առիթ տվավ ինձ ծանոթանալ Հացի-Գելենց, հետևապես նաև օրիորդ Սոֆիի հետ:

— Այդ մի մեծ բախտ չէր, Թաթոս Իվանիչ, — պատասխանեց Արամյանը արհամարհական ծիծաղը երեսին, — որի մասին հարկավոր լիներ այդպես հրճվանքով խոսել:

— Ի՞նչ բախտ կարող է լինել դրանից մեծ, — պատասխանեց Դիաչկովը ջերմեռանդությամբ: — Օրիորդ Սոֆիի ամեն մի խոսքը, նրա ամեն մի ժպիտը, վերջապես նրա ամեն մի համբույրը... այդ արդեն կյանք է և անմահություն...:

— Բոլորովին սուտ ես խոսում, — պատասխանեց Արամյանը, և նրա դեմքը գունատվեցավ ներքին վրդովմունքից:

— Երդվում եմ աստուծով:

— Չեմ հավատում:

— Երդվում եմ պատվովս:

— Չեմ հավատում:

— Ի՞նչ տեսակ մարդ ես դու:

— Ի՞նչ եք վիճում, — նրա խոսքը կտրեց Քաջբերունին: — Ի՞նչ մի զարմանալի բան կա այստեղ դժվար հավատալու:

Արամյանը լռեց: Նրա երեսի գույնը ստեպ — ստեպ փոխվում էր: Դիաչկովը սկսավ պատմել, թե ի՛նչ հնարքով նա ծանոթացավ Հացի-Գելենց հետ, և այնուհետև ի՛նչպես նա տիրեց օրիորդ Սոֆիի սրտին, և նա պատմեց յուր բոլոր սիրաբանությունները օրիորդի հետ:

— Թեև քո պատմության մեծ մասը զարդարված է ստախոսութան ներկերով, բայց դարձյալ նրա մեջ կան մի քանի հավատալիքներ, — պատասխանեց Քաջբերունին: — Զարմանալի չէ, որ օրիորդ Սոֆին ունեցել է քեզ հետ սիրաբանություններ, այդ արդեն ինստիտուտական օրիորդի իսկական հատկությունն է: Այդպես են այդ աղջկերքը. դրանցից յուրաքանչյուրը նախ և առաջ կսիրահարվի մի գիմնազիստի վրա, հետո իրան սիրական կընտրե մի որևիցե դերասան, իսկ այնուհետև երբ նա յուր ճաշակը փոքր — ինչ կրթված համարի, կփաթաթվի ամեն մի ուսանողի շլինքով, որոնք հաճախում եմ նրանց տուն իբրև հյուր. այնուհետև սատանան գիտե, թե ին՛չ է դառնում այդ տեսակ թեթևսոլիկ աղջկերանց վերջը:

Արամյանը տհաճությամբ լսում էր:

Դիաչկովը նույնպես տխրեց, երբ յուր սիրո առարկայի վրա այդպիսի նկատողություններ արին:

— Նրանք եկե՞լ են Կոջորից, — հարցրեց Արամյանը Դիաչկովից:

— Հապա այս ցրտում ո՞վ կմնա ամառանոցում, — պատասխանեց Դիաչկովը: — Երրորդ օրն է, որ նրանք եկած են. այսօր ես շնորհ ունիմ նրանց մոտ ճաշելու:

— Ուրեմն այդպե՞ս... — ուղիղ Դիաչկովի երեսին նայելով խոսեց Արամյանը:

— Ի՞նչ կա որ. քո սրտին ինչո՞ւ է դիպչում, — հարցրեց նրան Դիաչկովը:

— Ոչինչ..., — պատասխանեց Արամյանը:

Այդ խոսակցությունը տևեց մի քանի րոպե ևս, մինչև Քաջբերունին տաղտկացավ:

— Չարժե դրա վրա այդքան խոսել, — ասաց նա: — Պատմի՛ր, ին՞չ նոր լուր գիտես, պարոն Դիաչկով:

— Ահա՛ ձեզ նոր լուր. ինձ առաջարկում են միրովոյ սուդիայի պաշտոն նահանգում, բայց ես չեմ ընդունում:

— Ինչո՞ւ, Թաթոս:

— Նահանգում միրովոյ սուդիա լինելու համար չարժե հեռանալ քաղաքի զվարճություններից. առանց դրան էլ իմ դրությունս այստեղ բոլորովին ապահովված է:

— Քանի՞ հազար ես որսացել մինչև հիմա:

— Ո՛չ ավելի, քան տասն հազար...

Եվ Դիաչկովը նայեց ժամացույցին, իսկույն կանգնեց, առավ գլխարկը և հեռացավ՝ ասելով.

— Ինձ ներեցեք, արդեն ճաշին քառորդ ժամ է մնում, ինձ կսպասեն Հացի-Գելենց տանը:

— Ահա՛ այդպիսի հիմարները կարողանում են փառավորապես ապրել այս աշխարհում, որովհետև նրանք տալիս են "կայսերն կայսեր, և աստծույն աստուծո": Զզվելի՜ կեղծավորություն..., — ասաց Քաջբերունին՝ ներքին վրդովմունքով:

Բայց Արամյանը համարյա չլսեց այգ խոսքերը. նա սաստիկ կերպով խռոված էր: Դիաչկովի խոսքերը Հացի-Գելենց մասին հարուցին նրա սրտում անախորժ զգացմունքներ:

ԼԱ

Օգոստոսը ևս անցավ, յուր հետ տանելով նաև տոթը: Եղանակը օրըստօրե դառնում էր հովասուն: Հասարակաց զբոսարաններում որոշյալ ժամերին զվարճասեր բազմությունը ավելի և ավելի համախմբվում էր. գիշերները թատրոնում սկսեց հնչել իտալական օպերան:

Ամառանոցներից ամենքն էլ վերադարձել էին քաղաք: Օրիորդ Սոֆին յուր մոր հետ նույնպես ամբողջ շաբաթ կլիներ, որ եկել էին Կոշորից:

Օրիորդը քանի օր էր անձկանոք սպասում էր Արամյանին, բայց տակավին նա չէր երևում Հացի-Գելենց մոտ: Վերջին օրերում նա հրամայեց չընդունել Դիաչկովին, երբ քաղաք գնալուց հետո նա իմացավ, որ խաբեբա ստուդենտը ամուրի մարդ չէ եղած, ինչպես նա հավատացրել էր, այլ ունեցել է կին: Բայց վերադառնալով ամառանոցից, նա իրանց տան ներքին հարկի կեցողների թվում գտավ մի նոր մարդ, ազգով ռուս, նորահաս օֆիցեր, բարակ, բարձր հասակով և բավական ախորժելի դեմքով: Մանուկ օֆիցերն առաջին օրից գրավեց օրիորդի ուշադրությունը:

Օրիորդը երկար սպասելով Արամյանին, վերջապես նրա համբերությունը հատավ և ստուգելով, որ նա կենում է գերմանացոց գաղթարանում, մի օր վաղ առավոտյան կառք նստեց և գնաց դեպի այն կողմը: Ճանապարհին նա երևակայում էր այն բոլոր հիացումները, հրճվանքները և սիրախոսական զգացմունքները, որոնցով կարծում էր, թե Արամյանը կհանդիպեր իրան: Նա մտածում էր, թե ինքը կերթա նրա մոտ, նախ և առաջ իրան կձևացնե խռոված, թե ինչո՞ւ Արամյանը այսքան ժամանակ իրան այցելության չեկավ: Այնուհետև Արամյանը կչոքե յուր առջև, ներողություն կխնդրե, ինքը կժպտա և կհամբուրե նրան. էլ ի՜նչ ասես, որ չէր մտածում օրիորդ Սոֆին...

Այդպիսի խորհրդածությունների մեջ նա աննկատելի կերպով անցավ Գոլովինսկի պրոսպեկտը, Աղեքսանդրյան այգին, Վորոնցովի արձանը, գերմանացոց գաղթարանը և հասավ Մուշտայիդ: Այստեղ կառավարը սթափեցրեց նրան յուր մտավոր խռովությունից` հարցնելով.

— Ո՞ր կողմ կհրամայեք գնալ:

Օրիորդը նկատելով, որ բավական անցել է Արամյանի կացարանից, հրամայեց ուղղել կառքը դեպի մեր ընթերցողին նախածանոթ գերմանացու տուն, ուր բնակվում էր Քաջբերունին, որ առաջին անգամ ծանոթացանք Արամյանի հետ, երբ նա եկել էր այցելության յուր ընկերոջը:

Օրիորդ Սոֆին ամենևին չհրամայեց իմացում տալ յուր մասին, այլ համարձակ ներս մտավ և գտավ Արամյանին միայնակ նստած գրելիս:

— Բարով, Վահե, — ասաց օրիորդը ներս մտնելով՝ ուրախության ծիծաղը երեսին:

— Ա՜, օրիորդ Սոֆի, դո՞ւք եք, — կրկնեց Արամյանը թեթև շարժվելով յուր տեղից: — Հրամմեցեք, խնդրեմ:

Արամյանի առոգանությունը, նրա պատկառելի ընդունելության ձևը, որ արտասանեց նա նոր, իրանց մեջ դեռևս անսովոր, հոգնակի ձևով, նրան իսկույն զգալի եղան: Այնինչ նա մտածում էր, թե յուր սիրեկանն իսկույն գրկախառնվելու էր յուր հետ:

Օրիորդը ակամայից նստեց աթոռի վրա, որ ցույց տվավ նրան Արամյանը:

— Դու վերջապես ստիպեցիր ինձ գալ քեզ մոտ, այսքան երկար սպասել տալուց հետո, — ասաց նրան օրիորդը: — Երևի լսած չես եղել մեր դարձը:

— Ես լսած էի... Միայն Սմբատի առողջությունը այս վերջին օրերում մի փոքր ևս վատացավ, այդ պատճառով չէի կարողանում տանից հեռանալ:

— Այժմ ի՞նչպես է նրա առողջությունը:

— Վատ չէ՛:

— Ո՞ւր է նա:

— Գնացել է զբոսնելու. նա ամեն առավոտ սովորություն ունի քաղաքից հեռանալ մաքուր օդ ****ու:

— Ուրեմն ես կարող եմ հուսալ, թե դու այսուհետև ժամանակ կունենաս մեզ մոտ գալու, այնպես չէ՞:

— Չգիտեմ..., — սառնությամբ պատասխանեց Արամյանր:

Օրիորդը զարհուրելով նայեց նրա երեսին:

— Ի՞նչ է, դու հիվա՞նդ ես, Վահե, քո դեմքն այնպես գունատվեցավ, — հարցրեց նա:

— Այո՛, ես ինձ բոլորովին առողջ չեմ զգում, — պատասխանեց Արամյանը տաղտկանոք, որպես մի մարդ, որ ձանձրանում է յուր խոսակցից:

Օրիորդը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը:

— Ա՜խ ի՜նչ սառն է քո ձեռքը, — գոչեց նա, — կարծես սառույց լինի:

— Այո՛, օրիորդ Սոֆի, ջերմության հուրը մարեցավ ինձնում... և իմ սիրտը ևս այնպես սառն է այժմ, ինչպես իմ ձեռքերը...

— Ինչո՞ւ, — հարցրեց օրիորդր ողորմելի կերպով:

— Զարմանալի բան է այդ սիրտ կոչվածը, նա շուտով կոտրվում է, նա շուտով սառչում է, նա շուտով մեռնում է...:

— Այլևս չէ՞ ողջանում:

— Ո՛չ, որպես ապակիի փշրանք չէ կարելի կրկին կցել և ողջացնել, նույնպես է և սիրտը:

Եվ Արամյանի դեմքը մռայլվեցավ: Օրիորդը գրկեց նրան և խորին զգացողությամբ նայելով նրա երեսին` ասաց.

— Վահե՛, երբ քո սիրտը այդպես կոտրված լինի, մի այլ սիրտ, որ այնքան ամուր կերպով կապված է քոնի հետ, նույն դրության չէ՞ ենթարկվիլ:

— Այո՛, կենթարկվի, եթե՛ կապված լինի, բայց իմ կարծիքով՝ իմ ու ձեր սրտի մեջ եղած հեռագրական թելը վաղուց կտրված է...

— Ուրեմն այդպե՞ս է քո կարծիքը, — պատասխանեց օրիորդը և թողեց նրան յուր գրկից և նստավ նրան ավելի մոտ: — Այժմ հասկացա քո տհաճության պատճառը, միայն ուղիղ չէ քո կարծիքն այդ մասին:

— Կարծիքը ոչինչ նշանակություն չունի այնտեղ, ուր կան հայտնի փաստեր, — պատասխանեց Արամյանը:

— Ի՞նչպիսի փաստեր:

— Զորօրինակ Դիաչկովը:

— Դիաչկո՞վը, — կրկնեց արհամարհանքով օրիորդը, — ես հրամայեցի անցյալ օրը արտաքսել մեր տանից այն հիմարին:

— Այդ արդեն ուշ է...և ձեր կորուստը նրա պատճառով կմնա անդարձ...

— Ուղիղն ասած, Վահե, ես չեմ հասկանում քեզ. ի՞նչ կորուստ:

— Դրանից ավելի ի՞նչ կորուստ կարող է լինել, որ այժմ այդ փողոցի շառլատանը բոլոր քաղաքում տարածում է մի ամբողջ ռոման յուր և ձեր սիրահարության մասին Կոջորում:

— Այն խաբեբան կարող է շատ ստեր խոսել, բայց դրանով ես պիտի կորցնե՞մ իմ համարումը, — պատասխանեց օրիորդը:

— Շատ ստերը միշտ հիմնվում են մասնավոր ճշմարտության վրա:

Վերջին խոսքերից բոլորովին հայտնի եղավ օրիորդին, ինչ որ նույն րոպեին աղմկում էր Արամյանի սիրտը: Նա հանկարծ չոքեց մանուկ տղամարդու առջև և գրկեց նրա ծնկները. ասելով.

— Վահե՛, դու բարկացել ես ինձ վրա, ներիր, ես մեղավոր եմ քո առջև:

Արամյանը ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ նա բարձրանա գետնից, բայց օրիորդը վեր չկացավ տեղից և անդադար կրկնում էր.

— Ների՛ր, ների՛ր ինձ...

Եվ նա սկսեց դառնապես լաց լինել:

Արամյանր դարձյալ աշխատեց բարձրացնել նրան:

— Ես չեմ կանգնելու, մինչև չասես, թե ներում ես ինձ:

Արամյանը ասաց, թե ներում է:

Օրիորդը նստեց յուր առաջվա տեղում:

— Ես ներում եմ ձեզ, — դարձյալ կրկնեց Արամյանը հոգվոց հանելով, — բայց ես այսուհետե չեմ կարող սիրել ձեզ, որովհետև մեր մեջ ամենայն ինչ վերջացած է արդեն...

Օրիորդը դարձյալ սկսավ լաց լինել:

— Սերը, օրիորդ Սոֆի, շատ քնքուշ և շատ մաքուր բան է, մի չնչին բիծ ևս արատավորում է նրան. մինչդեռ նա է և պիտի լինի միշտ սուրբ, որպես եղել է սկզբից:

— Ուրեմն ես արատավորեցի՞ մեր սերը, — հարցրեց օրիորդը:

— Այդ ձեզ հայտնի է արդեն:

— Բայց դու եղիր դարձյալ բարի և խղճա իմ վրա. ես, Վահե, կմեռնեմ հուսահատությունից, երբ դու թողնես ինձ. իմ կորստյան պատճառ մի՛ լինիր, Վահե՛:

— Մեր մեջ ամենայն ինչ վերջացած է այսուհետև, օրիորդ Սոֆի, — սառնությամբ պատասխանեց Արամյանը: — Դուք այլևս ոչինչ մի՛ հուսացեք ինձնից, օրիորդ Սոֆի. այս իմ վերջին խոսքերն են ձեզ հետ. լսեցեք իմ բարեկամական խրատներս, ուղղեցեք ձեր վարքը, եթե չեք կամենում բոլորովին ոչնչացնել ձեզ, քանի որ դուք դեռևս մանկահասակ եք, և դեռևս կյանք կա ձեր առջև: Ես չեմ մոռանա այն մի քանի ժամերը, որոնք Կոջորում անցուցել եմ ձեզ հետ, ես մինչև մահ պիտի հիշեմ... և դուք հետո պիտի հասկանաք, թե ես ճշմարիտ սիրում էի ձեզ... Այո՛, իմ սիրտը կոտրվեցավ, սառավ, ինչպես ասացի ձեզ:

Օրիորդ Սոֆին կամեցավ մի քանի խոսք ասել նրան, բայց հանկարծ նախասենյակում լսելի եղավ Քաջբերունու ծանր քայլերի ոտնաձայնը, երբ նա սուլելով անցավ դեպի յուր սենյակը:

— Եկավ Սմբատը, — ասաց Արամյանը, — մենք այստեղ ինչ — որ խոսենք, կարող է լսել նա. գնացե՛ք, խնդրեմ, օրիորդ Սոֆի, թող մեր գաղտնիքը մնա նույնպես ծածուկ, ինչպես եղել է մինչև այսօր:

— Դու արտաքսո՞ւմ ես ինձ, Վահե՛, — ասաց ողորմելի ձայնով օրիորդը, — բայց խնդրեմ օգնիր ինձ մինչև դուռը գնալու, իմ մեջ այլևս ուժ չկա...

Արամյանը բռնեց նրա թևից, բարձրացրեց և սկսավ նրան դուրս տանել:

Կանգնելով դռանը՝ օրիորդը բռնեց Արամյանի ձեռքը և խոսեց.

— Վահ՛, դու մերժեցիր ինձ, դու բաժանվեցար ինձնից, բայց ես դարձյալ պիտի սիրեմ քեզ. մնաս բարով, իմ բարեկամ, տո՛ւր գոնյա վերջին անգամ համբուրեմ քո ձեռքը:

Եվ նախքան Արամյանը կարգելեր՝ նա նրա ձեռքը սեղմեց յուր երեսի վրա. արտասուքի կաթիլները թրջեցին նրա ձեռքը. Արամյանը օգնեց նրան նստել կառքը: Օրիորդը երեսի շղարշը վայր քաշեց: Կառքը սահեցավ:

ԼԳ

Ժողովուրդը, ամառվա տաք ամիսներում զրկված թատրոնից, խուռն բազմությամբ դիմում էր այնտեղ: Օթյակները, բազկաթոռները և աթոռները, պատշգամբը, բոլորր բռնված էին: Մուզիկան հնչում էր: Բազմությունից ոմանք իրանց դիտակներով նայում էին գեղեցիկ աղջիկներին, և ոմանք իրանց աթոռների վրա նստած՝ անհամբեր սպասում էին, թե ե՛րբ պիտի բարձրանա վարագույրը:

Բազկաթոռների երրորդ կարգի մի անկյունում նստած էր Քաջբերունին և նրա մոտ՝ Արամյանը:

Արամյանը նույն րոպեին խոսում էր յուր ընկերոջ հետ թատերական բեմի վրա, թե հայկական լեզվով ներկայացումները կարող էին բավական օգուտ բերել հայ հասարակությանը:

— Ի՞նչ օգուտ պետք է բերեին, երբ այս հիմարները հայերեն չգիտեն, — պատասխանեց Քաջբերունին՝ ակնարկելով թատրոն եկած հայերին:

— Մի՞թե սրանք իտալերեն հասկանում են, որ այսպես թափվել են այստեղ, — ասաց Արամյանը:

— Դու կարծում ես, թե դրանք եկել են այստեղ բան հասկանալո՞ւ, ո՛չ, նրանք եկել են միևնույն նպատակով, ինչ նպատակով մարդ կերթա բազար: Մայրերը իրանց աղջիկներին զարդարած բերել են վաճառելու, երիտասարդները եկել են գնելու...: Նայիր այն հարուստ հայ երիտասարդներին, որոնք նստած են առաջին կարգում. նրանք շատ անգամ թանկագին ընծաներ են նվիրում երգչուհուն, սակայն նրանք չեն զգում ո՛չ մուզիկայի անուշությունը, ո՛չ բեմական ներկայացումների վսեմությունը:

— Ի՛նչ նպատակով ուզում է լինի, զանազանություն չկա. խնդիրն այն է, որ բազմությունը չի հեռանա թատրոնից, երբ այստեղ ներկայացումներ տան և՛ հայերեն լեզվով:

— Այո՛, եթե դու ցանկանում ես միմիայն քո նյութական շահի համար, ավելի զանազանություն չկա, բայց դու ի նկատի ունիս հասարակության իրական օգուտը, որ կարող էր բարոյապես կամ իմացականապես շահվել յուր ազգային բարբառով ներկայացումներ տեսնելով:

— Իհարկե, բուն նպատակը կլինի այն, ինչ որ ազգության ճշմարիտ բարեկամի ցանկությունն է. իսկ եթե ժողովուրդը այլ հայացքով կնայի դրա վրա, այդ փույթ չէ, մինչև նա ընտելանա գործի էությանը, որովհետև ի՛նչ նպատակով ուզում է լինի, բայց և այնպես մեկը նպաստում է մյուսին:

Քաջբերունին ոչինչ պատասխան չտվավ և համարյա չլսեց էլ թե ի՛նչ խոսեց նա. նա նայում էր դեպի օթյակները:

— Ահա՛ Սոֆին, Վահե, — կոչեց նա:

Արամյանը տեսավ Սոֆիին, որ յուր երկու քույրերի և եղբոր հետ ներս մտավ մի օթյակ: Նա յուր անհամեմատ գեղեցկությամբ և պատշաճավոր հագուստով գերազանցում էր բոլորից: Նա նստեց և սկսավ յուր գրավիչ նայվածքը անդադար ձգել դեպի յուր չորս կողմը:

— Փարթամ բնավորություն է, — կրկնեց Քաջբերունին:

Արամյանը ոչինչ չպատասխանեց, երեսը շրջեց դեպի մյուս կողմը, բայց նա նկատեց, որ ստվար դիտակներ ուղղվեցան դեպի նրա օթյակը:

Քաջբերունին նշմարեց ներքի կարգում մի օթյակ, որ բոլորովին դատարկ էր մնացել: "Այդ ո՞ր բախտավորին է սպասում", — ասաց նա յուր մտքում և տեսավ, որ մի րոպեից հետո դռնակը բացվեցավ և այնտեղ ներս մտավ մի աղջիկ միջակ հասակով, և նրա հետ մի նորահաս պատանի, որ երևում էր, թե աղջկա եղբայրն է:

Մանկահասակ օրիորդի արտաքին կերպարանքը բոլորովին գրավեցին Քաջբերունու ուշադրությունը: Նրա հագուստը ոտքից ցգլոլխ աչքի էր ընկնում, չնայելով, որ ոչ միայն պատրաստված չէր թատրոնի համար, այլ այնպիսի պարզ հագուստով մինչև անգամ անհարմար էր երևիլ որևիցե հասարակական ժողովում: Նրա սև ձեռնոցները, սպիտակ չթյա հանդերձը, նրա սև թավշյա վերարկուն, որ թեք ձգած էր յուր ուսին, արտահայտում էին նրա անփութությունը դեպի հասարակական ծեսերն ու սովորությունները: Նրա գիսակը ամենևին հարթարած չէր, որպես վայել է թատրոն երթալու համար, այլ նրանք այնպես խառնված էին, կարծես թե նա դեռ նոր էր հեռացել յուր աշխատության գրասեղանի մոտից:

Այդ օրիորդի օթյակը մոտ էր Քաջբերունու բազկաթոռին, և նորահաս երիտասարդը, գրավված նրանով, կարողանում էր որսալ նրա դեմքի ամեն մի արտահայտությունը և նրա ամեն մի շարժմունքը:

Օրիորդը մտնելով յուր օթյակը, մի կողմնակի հայացք ձգեց բազմության վրա և նստեց խորին սառնասրտությամբ: Նրա դեմքը գունատ էր, ինչպես մարմարիոն, բայց երեսի գծագրությունը կանոնավոր էր և ախորժելի: Սև սաթի նման գիսակները, սև հոնքերը և սև, վառվռուն աչքերը ցուցանում էին նրա արևելյան ծագումը: Իսկ մի քանի րսպեից հետո, քանի մի բառեր, որոնք զանգակի հնչյունով հասան Քաջբերունու լսելիքին, ստուգեցին օրիորդի հայազգի լինելը:

Վարագույրը բարձրացավ: Բեմի վրա ներկայացնում էին "Ռիգոլետտո":

Օրիորդը առանց ուշադրություն դարձնելու յուր չորս կողմը, նայում էր միայն բեմին, որպես թե ինքը միայնակ լիներ թատրոնում: Ռիգոլետտոյի միմոսական ծաղրածությունները չշարժեցին և ոչ մի ժպիտ նրա սառն դեմքի վրա:

"Այդ օրիորդի մեջ մի բան կա", ասաց յուր մտքում Քաջրերունին, չդադարելով հետազոտել նրա ամեն մի շարժողությունը: Քաջբերունին շատ էր ցանկանում իմանալ օրիորդի ով լինելը, բայց չգիտեր ո՛ւմից հարցնե: Նա չուզեց այդ մասին հարցնել նաև Արամյանից, որ նույն ժամուն համարյա ձանձրացրել էր իրան յուր խոսակցությամբ հայկական թատրոնի մասին:

Վարագույրը վայր իջավ: Առաջին գործողությունը վերջացավ:

Հանդիսականներից ոմանք դուրս գնացին ծխելու և ոմանք մնացին օրիորդներին մտիկ անելու: Քաջբերունին տեսավ, որ յուր ուշադրության առարկան նույնպես դուրս գնաց օթյակից: Նա առանց մի բան ասելու յուր ընկերոջը, ինքը նույնպես դուրս գնաց: Նա տեսավ, որ օրիորդը միայնակ ճեմում է նախասենյակում: Վայեյչահասակ օրիորդը ոտքի վրա ավելի գեղեցիկ էր, քան թե օթյակում նստած ժամանակ:

Քաջբերունին սկսավ հետազոտել նրա ընթացքը: Մի քանի պատվավոր մարդիկ բարևեցին նրան, նա թեթև կերպով շարժեց գլխով և ոչ մինի հետ չխոսեց:

Ներսից լսելի եղավ մուզիկայի ձայնը: Օրիորդը վերադարձավ յուր օթյակը:

Քաջբերունին համարյա չէր նկատում, թե ինչ էր ներկայացվում բեմի վրա, նրա բոլոր ուշքն ու միտքը դարձած էր դեպի խորհրդավոր օրիորդը:

Ներկայացման այդ տեսարանում, երբ սպանող Х.... — ը դրեց բեմի վրա անբախտ N... — ի դիակը, Քաջբերունին նշմարեց հայտնի փոփոխություն օրիորդի դեմքի վրա. նրա աչքերը վառվեցան, և նրա երեսի վրա խաղաց թեթև կարմրություն: Կարծես նրա անբարբառ դեմքն ասում էր. "արժանավոր հատուցումն հիմար սերին":

Երբ վարագույրը վայր իջավ, Քաջբերունին շուտով դուրս գնաց, մտածելով հետևել այն օրիորդին, ուր և գնա նա, և տեսնել, թե ո՛րտեղ է բնակվում: Օրիորդը դուրս եկավ և իսկույն կառք նստեց: Ինքը նույնպես շտապեց կառքով հետևել նրան: Հանկարծ հիշեց, որ մոռացել է վերարկուն վեր առնել: Մինչև դառնալն ու վերարկուն վեր առնելը, օրիորդի կառքն անհետացել էր:

Նա հանդիպեց Արամյանին, որ նրան որոնում էր:

— Ո՞ւր մնացիր, — հարցրեց Արամյանը:

Քաջբերունին ոչինչ չպատասխանեց և կրկին նստավ կառք, ակնարկելով յուր ընկերին՝ նույնպես նստել:

Նրանք բոլորովին լուռ և անխոս հասան տուն: Արամյանը նորոգեց յուր խոսակցությունը հայկական թատրոնի մասին:

— Դու ավելի լավ կանես առժամանակ թողնես թատրոնի հարցը և հոգաս մի բան ուտելու. քաղցած փորով չի կարելի քնել, — ասաց նրան Քաջբերունին:

— Տանտերն այժմ քնած կլինի:

— Ինչպես և լինի մի բան գտիր:

Արամյանը գնաց մյուս սենյակը և դարձավ մատուցարանը ձեռքին:

— Ճաշից մնացել է կես շիշ գինի, մի փոքր պանիր և մի քանի կտոր հաց, — ասաց նա:

— Այդ էլ բավական է:

Նրանք սկսեցին վայելել իրանց աղքատիկ ընթրիքը:

— Ճշմարիտ, Սմբատ, այս գիշեր իմ զգացմունքներս մինչ այն աստիճան գրգռված էին, որ ամենևին չեմ քնել. այսօրվանից պիտի սկսեմ մի լավ դրամա գրել հայոց լեզվով, և եթե կարելի չլինի ներկայացնել մեծ թատրոնում, սակայն կարելի կլինի առանձին մասնավոր տներում ներկայացնել:

— Գրի՛ր, եթե թույլ կտան ներկայացնել, — ասաց Քաջբերունին:

Եվ Արամյանը երկար մնաց արթուն. նա եռանդով գրում էր...

ԼԴ

Ամբողջ մի ամիս Քաջբերունին որոնում էր, որ մյուս անգամ ես տեսնե այն օրիորդին, բայց նրա բաղձանքն իզուր անցավ: Նա շուտ — շուտ թատրոն էր գնում և ամեն օր դուրս էր գալիս բուլվարի վրա կամ գնում էր Աղեքսանդրյան այգին, բայց ոչ մի տեղ չհանդիպեց նրան:

Քաջբերունին սիրահարված չէր նրա վրա, որովհետև, որքան մեզ հայտնի է, այդ կիրքը վաղուց սառած էր նրանում: Բայց նրա հետաքրքրությունը շարժում էր այն բանը, որ նա ցանկանում էր գիտենալ, թե ո՛րպիսի գոյություն ուներ այն խորհրդավոր օրիորդը, որի առաջին իսկ երևույթը թողեց յուր վրա այնպես խոր տպավորություն:

Մի օր բուլվարի վրա երկար զբոսանքից հետո նա մտավ մի հայ գրավաճառի խանութ փոքր — ինչ հանգստանալու: Նա նստած ծխում էր. հանկարծ տեսավ ներս մտավ նույն օրիորդը ոտքից ցգլուխ պատշաճավոր հագնված մթագույն հագուստ: Նա քաղաքավարությամբ մոտեցավ գրավաճառին և բավական մաքուր հայերենով խնդրեց Մ. Միանսարյանցի "Քնար Հայկականը": Գրավաճառը պատասխանեց, թե այդ գիրքը իրանց մոտ էլ չի մնացել: Օրիորդը հարցրեց, թե ո՞րտեղից կարելի է գտնել: Քաջբերունին պատասխանեց նրան.

— Պատվելի օրիորդ, ես ունիմ ձեր խնդրած գիրքը, թե կամենաք` ես կտամ ձեզ կարդալու:

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, — պատասխանեց օրիորդը` գլուխ տալով նրան:

— Ո՞րտեղ կարող եմ ձեզ հասցնել:

— Իմ կացարանը շատ հեռու չէ, — պատասխանեց օրիորդը, — ահա՛ իմ հասցեն:

Եվ օրիորդը մոտեցավ գրասեղանին և շատ սիրուն հայերեն գրեց յուր հասցեն և հանձնեց Քաջբերունուն, գլուխ տվավ և շտապ դուրս գնաց:

Նույն օրվա երեկոյան պահուն, Քաջբերունին վեր առնելով բախտավոր գիրքը, որ առիթ տվավ իրան ծանոթանալ յուր խնդրած օրիորդի հետ, սկսավ դիմել դեպի այն նվիրական տունը, ուր բնակվում էր նա:

Նա առանց երկար որոնելու գտավ օրիորդի բնակարանը, զանգը քաշեց և խնդրեց յուր մասին իմացում տալ:

Քաջբերունուն առաջնորդելով մի քանի մաքուր և բավական ճաշակով կահավորված սենյակներով, տարան օրիորդ Աննայի (այդպես էր օրիորդի անունը) առանձնասենյակը: Երիտասարդի ներս մտնելիս օրիորդը նստած կարում էր: Տեսնելով յուր հյուրին, նա կարը մի կողմ դրեց, կանգնեց և խիստ քաղաքավարությամբ ողջունեց նրան՝ ավելացնելով.

— Ձեր ազնվասրտությունը, հիրավի, ինձ խիստ զգալի է, ես համարձակվեցա ձեզ նեղություն պատճառել:

— Ընդհակառակն, ինձ համար մեծ ուրախություն է, — պատասխանեց Քաջբերունին և տվավ նրան "Քնար Հայկականը":

Օրիորդն ուրախությամբ առավ գիրքը՝ ասելով.

— Ա՜խ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից. դուք չափազանց պարտավորեցրիք ինձ:

— Տեսնելով ձեր այդպիսի սերը դեպի հայոց գրականությունը, ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ միշտ բերել ձեզ համար ամեն տեսակ հայերեն գրքեր:

Նրանք նստեցան: Օրիորդն սկսեց ուրախ — ուրախ թերթել "Քնար Հայկականը":

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, — ասաց նա, — ես բավական հայերեն գրքեր ունիմ, միայն նրանք ըստ մեծի մասին գրաբար լինելով, լավ չեմ հասկանում. իսկ մի քանիսն էլ թեև աշխարհաբար, բայց զանազան բարբառով լինելով, դարձյալ դժվար հասկանալի են. բայց այս գիրքը կարելի է հասկանալ: Ինձ ասացին, թե դրանում հավաքված են մեր նոր և հին գրողների համարյա բոլոր ընտիր երգերը:

— Այո՛, — պատասխանեց Քաջբերունին, — մենք մինչ այսօր չենք ունեցել այդպիսի հարուստ երգարան: Առաջին անգա՞մն է, որ տեսնում եք այդ գիրքը:

— Առաջին անգամն է, — պատասխանեց օրիորդը, — միայն այս երգերից շատերն ինձ ծանոթ են, որոնք ես կարդացել եմ "Հյուսիսափայլ" — ի, "Գամառ — Քաթիպա" — ի և մեր այլ պարբերական հրատարակությունների մեջ, ինչպես են՝ "Արաքսի արտասուքը", "Իտալացի աղջկա երգը" և այլն:

— Դուք ստանո՞ւմ էիք "Հյուսիսափայլ", — հարցրեց Քաջբերունին:

— Ես շարունակ ստանում էի այդ պատվական ամսագիրը, — պատասխանեց օրիորդը, — ափսոս որ նա դադարեցավ: Ռուսաստանում մենք մինչև ցայժմ չենք ունեցել այնպիսի ազատ և խորհրդավոր հրատարակություն:

Քաջբերունին հիացած էր օրիորդի առողջ դատողության և նրա ազգասիրական եռանդի վրա: Եվ կամենալով ավելի լավ ծանոթանալ նրան, հարցրեց.

— Դուք ուրիշ ի՞նչպիսի հրատարակություններ էիք ստանում կամ ի՞նչ գրքեր ունիք:

— Ես ստանում էի "Կռունկ", "Ճռաքաղ", թեև նրանցից և ոչ մինը "Հյուսիսափայլ" — ի հետ չէ կարող դասվել: Մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկած մի պոլսեցի երիտասարդ. նա պատմում էր, թե Տաճկաստանում լրագիրներն ու ամսագրերը ավելի մեծ կատարելության են հասած: Ես խնդրեցի նրանից, նա բերավ ինձ համար մի քանի համար "Մասիս", "Մամուլ", "Մեղու", "Փունջ": Ես կարդացի, արդարև տաճկահայերի գործերը ավելի բարձր պիտի դասել գրականության մեջ, քան Ռուսաստանի մերայիններինը:

— Ի՞նչն է պատճառ տալիս ձեզ այդպես մտածել, — հարցրեց Քաջբերունին:

— Իհարկե, իմ նկատողությունները չեն եղել այնքան կրիտիկաբար, ո՛ւր մնաց որ մի քանի թերթերից չէ կարելի ամբողջ Տաճկաստանի հայոց այժմյան գրականության մասին որոշ կարծիք հայտնե, միայն որքան ես նկատեցի, նրանց մեջ առավել տեսանելի է մտքերի ազատություն և իրական ու բարոյական կյանքի ուսումն:

— Ո՞վ էր այն երիտասարդը:

— Ուղիղը չգիտեմ, որովհետև նա յուր անձի համար ոչինչ չասաց, միայն որքան երևում էր, ուսյալ ոմն պիտի լիներ:

Քաջբերունին մտածման մեջ ընկավ:

— Նա այստե՞ղ է այժմ, — հարցրեց նա:

— Ո՛չ չգիտեմ նա ուր գնաց. նա ճանապարհորդում էր զանազան տեղեր:

— Ի՞նչպես եղավ, որ դուք ծանոթացաք նրա հետ:

— Մի օր Աղեքսանդրյան այգում նստած էի մի անկյունում իմ մի բարեկամ երիտասարդի հետ. խոսում էինք մի կատակերգության մասին, որ այն օրերում ներկայացրին պատանի N — ինի տանը: Ես նկատեցի մի օտարական, որ նստած էր նստարանի մյուս ծայրին և ուշադրությամբ լսում էր մեզ. երբ մեր վեճը վերջացավ, մենք սկսանք զբոսնել այգիում, նա դարձյալ չէր հեռանում մեզանից: Խոսակիցս ամենևին ուշադրություն չէր դարձնում, բայց ես գաղտնի հետազոտում էի նրա ընթացքը: Օտարականի խորհրդավոր կերպարանքը շարժեց իմ հետաքրքրությունը: Ինձ ցանկալի էր գիտենալ, թե ինչո՞ւ չէր հեռանում նա մեզանից: Ընկերիս հարկավոր եղավ վառել յուր ծխախոտը նրա ցիգարից, որ նա ծխում էր. այդ փոքրիկ հարաբերությունը առիթ տվավ նրան հաղորդ լինել մեր խոսակցությանը, և ես այդպիսով ծանոթացա այն պարոնի հետ:

— Նա ակնոց ունե՞ր, բարձրահասա՞կ էր, գանգուր մազերով, շագանակագույն, մոխրագույն լայնեզրյա եվրոպական գլխարկ, այնպես չէ՞. պայծառ, գրավիչ դեմքով... փոքրիկ շիկավուն մորուքով... այո՞. խոսելու միջոցին սովորություն ունի խաղալ մորուքի մազերի հետ... ուղի՞ղ է:

— Իսկ և իսկ, — կրկնեց օրիորդ Աննան, — նույն անձն է: Բայց դուք մի բան մոռացաք. ավելի նշանավոր են նրա աչքերը` մեծ — մեծ, լիքը, փայլուն և խաժակն...:

— Այո՛, — պատասխանեց Քաջբերունին:

— Ասացեք խնդրեմ, ո՞վ էր նա:

— Ես ևս այնքան գիտեմ, թե ո՛վ է նա, որքան և դուք. միայն այսքանն ինձ հայտնի է, որ նա, ինչպես ասացիք, ուսյալ ոմն է...

Մի քանի րոպե ևս տևեց նրանց մեջ այդ խոսակցությունը անծանոթ անձի մասին, մինչև նրանք դարձյալ սկսեցին խոսել հայոց գրականության մասին:

— Հրամմեցեք գնանք իմ մատենադարանը, ուր դուք կտեսնեք, թե ի՛նչ գրքեր ունիմ, — ասաց օրիորդը կանգնելով:

Քաջբերունին նույնպես վեր կացավ: Օրիորդը յուր կարը և կարելու պարագաները դնելով մի զամբյուղում, սկսավ առաջնորդել յուր հյուրին դեպի յուր մատենադարանը, ամենևին ուշադրություն չդարձնելով թափ տալու յուր հագուստին կպած բամբակի և թելի պատառները:

— Մեր Սաթենիկը՝ փոքր քույրս, չի բարկանա, որ այսօր ևս չի կարող հագնել յուր շապիկը, — ասաց օրիորդը:

— Ուրեմն ես զրկեցի խեղճ երեխային յուր ուրախությունից, — ասաց Քաջբերունին, — արգելք լինելով ձեզ կտրելու:

— Ոչ՛, նա այնքան բարի երեխա է, որ չի նեղանա:

Նրանք մտան մատենադարան:

Քաջբերունուն այնպես էր թվում, թե հարյուր անգամ եղել է այդ տանը, և օրիորդի պարզ վարվեցողության մեջ չէր նշմարվում որևիցե մեծարական ցույցեր. նրա բոլոր ընթացքը արտահայտում էր անկեղծություն և բարեսրտություն:

Օրիորդի մատենադարանը մի փոքրիկ սենյակ էր, բավական մաքուր, առանց արտաքին շքեղության, նրա բոլոր զարդարանքն էին մի քանի պատկերներ, որոնց մեջ տեսանելի էր Վարդան Մամիկոնյանի, Ոգի Հայաստանիի, Հայկի պատկերները և մի քանի այլ պատկերներ հայ քաջազունների:

Օրիորդր սկսավ ցույց տալ յուր գրքերը:

— Ահա՛ Եղիշե, ահա՛ Խորենացի, Նարեկ, Ագաթանգեղոս, "Վերք Հայաստանի"...:

— Բավական գրքեր ուլնիք, — ասաց Քաջբերունին:

— Գրքեր ունիմ, միայն ցավում եմ, որ գրաբար են, իսկ ես լավ չեմ հասկանում:

— Դուք կարող եք պարապել հին լեզվով, առանց լավ ծանոթանալու հին լեզվի հետ, չէ՛ կարելի խորին տեղեկության ունենալ մեր լեզվին և մեր գրականությանը: — Բոլորովին ուղիղ է ձեր ասածը, — պատասխանեց օրիորդը. — քանի եղբայրս կենդանի էր, նա ուսուցանում էր, բայց նրա մահից հետո թերի մնաց իմ հայերեն լեզվի գիտությունը. այժմ թեև մի սարկավագ երբեմն գալիս է դաս պարապելու հետս, բայց այդ խղճալին ինքը ևս լավ չէ իմանում:

— Եթե դուք համաձայնեք, ես պատրաստ եմ շաբաթը երկու անգամ գալ ձեզ հետ հայերեն պարապելու:

— Եթե ձեր ժամանակը կներե, ես չափազանց շնորհակալ կլինիմ, — պատասխանեց օոիորդը:

— Ես այժմ համարյա բոլորովին ազատ եմ, — պատասխանեց Քաջբերունին, — բայց եթե գործ ևս ունենայի, դարձյալ ես մեծ հաճությամբ իմ ժամանակից մի քանի ժամ կզոհեի մի հայ օրիորդի, որ կամենում է յուր ազգային — մայրենի լեզուն լավ սովորել: Ափսո՜ս, որ այդպիսի ցանկացողներ խիստ հազվագյուտ են այս քաղաքում: Այստեղի աղջիկները ո՛չ միայն չեն սիրում իրանց ազգային լեզուն ու գրականությունը, այլև ատում են և նախատինք են համարում խոսել հայերեն:

— Ի՞նչ մեղ ունին այն խեղճերը, — պատասխանեց օրիորդ Աննան. — նրանք ի՞նչ ճաշակ ունին իրանց ազգային գրականությունից և լեզվից, որ սիրեն նրան. իրանց ընտանեկան կյանքում դեռ երեխա, երբ նրանց լեզուները բացվում են, ծնողները սկսում են նրանց հետ խոսել օտարազգի բառերով. այնուհետև, երբ ուսումնարան են մտնում, այնտեղ ևս օտարազգի լեզուներ են սովորում` բոլորովին զուրկ մնալով ազգային լեզվից:

Քաջբերունու դեմքը մռայլվեցավ՝ լսելով վերջին խոսքերը: Նա ոչինչ չպատասխանեց:

— Եթե մեր ծնողները լինեին խելացի մարդիկ, — առաջ տարավ յուր խոսքը օրիորդ Աննան, — և իրանց աղջկերանց ազգային հիմնավոր կրթություն տային, այլևս ուրիշ ո՞ր ազգի լեզուն կամ գրականությունը կարող էր գրավել հայ օրիորդի սիրտն ու հոգին, որպես յուր հայկականը: Օրինակի համար վեր առնենք մեր "Վերք Հայաստանի" — ն. ես տասն անգամ կարդացել եմ նրան, բայց դարձյալ ախորժանքով նորից ցանկանում եմ կարդալ. բայց մի օտար ազգի վեպ մի անգամ, երբ մարդ կարդում է, մյուս անգամ այլևս չէ ցանկանում նայել նրա վրա:

Քաջբերունին ուշադրությամբ լսում էր նրան և զարմանում նրա դատողության վրա. նա Ռուսաստանում այս առաջին անգամն էր հանդիպում մի այդպիսի օրիորդի, որ այդ տեսակ կրթություն և հասկացողություն ունենար:

— Եթե ես փոքրիշատե գիտեմ հայերեն, — խոսեց օրիորդը, — այդ իմ հանգուցյալ հոր և եղբոր շնորհիվն է. քանի եղբայրս չէր վերադարձել համալսարանից, հայրս էր պարապում իմ կրթությամբ. իսկ եղբորս գալուց հետո, երբ հայրս վախճանվեցավ, եղբայրս նրա փոխարեն սկսավ կառավարել մեր տնտեսությունը և հոգաբարձու լինել իմ կրթության. սակայն թոքախտը նրան չթողեց երկար ապրել, նա մեռավ երկու տարի առաջ:

Այդ փոքրիկ պատմությունը օրիորդը արտասանեց այնպիսի զգալի կերպով, որ բավական ներգործեց Քաջբեբունու սրտին:

— Ես ուրախ եմ, որ "Քնար Հայկականի" միջոցով կարողացա ծանոթանալ ձեզ հետ և հույս ունիմ փոխարինել ձեր հանգուցյալ եղբորը` հայերենում ունեցած ձեր թերությունները լրացնելու:

Օրիորդը յուր շնորհակալությունը հայտնեց գլխի շարժումով, ապա հարցրեց.

— Դուք կարծում եք, թե "Քնար Հայկականը" առիթ չտար մեզ միմյանց հանդիպելու, մենք բոլորովին անծանո՞թ պիտի մնայինք միմյանց:

— Այո՛:

— Բայց վաղուց է, որ ես ճանաչում եմ ձեզ, — պատասխանեց օրիորդը:

Քաջբերունին չկամենալով հայտնել, թե մի անգամ ինքը տեսել էր նրան թատրոնում, ցանկացավ գիտենալ այդ անակնկալ խոսքի իսկությունը:

— Դո՞ւք, ի՞նձ, — հարցրեց նա:

— Այո՛, ձեզ:

— Ինչպե՞ս:

— Լսեցեք, ես պատմեմ ձեզ, — խոսեց օրիորդը. — մի կյուրակե ես վերադառնում էի հիվանդանոցից, որ գտնվում էր գերմանացոց թաղում, ուր գնացել էի մի քանի խեղճ հիվանդների այցելություն գործելու. ինձ հանդիպեց մի գերմանուհի պառավ, որին վաղուց ես ճանաչում էի. նա ասաց, թե յուր տանը կենում է մի հայ երիտասարդ, որ խիստ հիվանդ է, և ավելացրեց, թե երիտասարդը ուսանողներից է: Ես իսկույն հասկացա, որ հիվանդը մեր քաղաքացի չպիտի լինի, որ կենում է գերմանացու տանը, և խընդրեցի պառավին, եթե կարելի է՝ ինձ ցույց տալ հիվանդին: Նա հոժարացավ: Մենք միասին եկանք նույն գերմանուհու տուն: Այնտեղի հիվանդը դուք էիք. ես ձեր քնարանի լուսամատից ներս նայեցի, դուք պառկած էիք. բայց չհամարձակվեցա ներս մտնել` տեսնելով մի այլ տղամարդի, որ նստած էր ձեր մահճակալի մոտ: Իսկ այնուհետև ես ամեն կյուրակե գալիս էի նույն պառավի մոտ և հարցնում ձեր առողջության մասին: Պառավն ինձ ուրախացնում էր միշտ` հաղորդելով ձեր առողջության օրըստօրե ուղղվելու մասին. այլև նա հաղորդեց ինձ մի քանի տեղեկություններ ձեր բնավորությունից, որոնք խիստ հետաքրքրեցին ինձ, և այնուհետև ես ցանկանում էի ձեզ հետ ծանոթանալ: Այդ էր պատճառը իմ այն վերին աստիճանի անքաղաքավարության, որ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք գրավաճառանոցում, ես խնդրեցի ձեզնից՝ անձամբ բերել "Քնար Հայկական" — ը մեր տուն:

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, ազնիվ օրիորդ, — ասաց Քաջբերունի և բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը:

— Բայց այն մանուկ տղամարդը ո՞վ է, որ ձեզ հետ կենում է, — հարցրեց օրիորդը:

— Նա իմ ընկերն է՝ համալսարանից սկսած:

— Պետք է այն պարոնը ազնիվ տղամարդ լինի. գերմանուհի պառավը պատմում էր, նա շատ խնամք էր տանում ձեր առողջության մասին:

— Այո՛, նա բարի տղա է:

— Նա ևս մեր քաղաքացի չէ՞:

— Այո՛, նա էլ ինձ պես պանդուխտ է այստեղ:

— Խնդրեմ, մյուս անգամ մեր տուն գալուց նրան ևս ձեզ հետ բերեք. ինչպե՞ս է նրա անունը:

— Վահե Արամյան:

— Վահե Արամյան, — կրկնեց օրիորդը, — ա՜խ, ես ո՛րքան սիրում եմ մեր պատմական անունները, ի՜նչ քաղցր հիշատակներ են նրանք ծնում մեր մտքի մեջ...: Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ է ուսել պարոն Արամյանը համալսարանում:

— Նա ավարտել է բանասիրական մասը, այլև ուսել է արևելյան լեզուները:

— Ուրեմն հայերեն ևս լավ պիտի գիտենա:

— Նա երևելի հայկաբան է, այլև հեղինակ. ունի մի քանի արհեստական և մի քանի բանաստեղծական աշխատություններ. այս օրերում նա ավարտեց մի եղերերգություն՝ "Վարդան Մամիկոնյանի մահը" անունով. հիանալի բան է:

Արևը վաղուց մայր էր մտել, և սենյակը, ուր նրանք նստած էին, բավական մթնել էր: Օրիորդը նկատեց այդ, իսկույն վառեց ղամբարը՝ ասելով.

— Ինչո՞ւ ճրագ չենք վառում, ա՜խ, ո՛րքան մոռացկոտ եմ ես:

Մի քանի րոպե նս նրանք խոսեցին այս և այն առարկայի վրա, մինչև աղախինը եկավ հայտնեց օրիորդին, թե ո՛րտեղ կկամենային վայելել թեյը:

— Պարոն Քաջբերունի, — ասաց օրիորդը, — հրամմեցեք գնանք դահլիճ. այնտեղ դուք կտեսնեք իմ պառավ մորը և կծանոթանաք նրա հետ:

Նրանք դուրս եկան մատենադարանից և մտան դահլիճ: Այնտեղ նստած էր օրիորդի մայրը, մի հասակն առած կինարմատ, բարի և խելացի դեմքով: Նա ոտքից ցգլուխ հագնված էր սև: Օրիորդը յուր հյուրին ներկայացրեց մորը՝ ասելով.

— Ահա՛, մայրիկ, պարոն Քաջբերունին, այն երիտասարդը, որ հիվանդ պառկած էր գերմանացոց թաղում և որի մասին շատ անգամ պատմել եմ քեզ:

— Իմ մայրը, տիկին Եղիսաբեթ, — կրկնեց օրիորդը:

Քաջբերունին գլուխ տվավ. նրանք նստեցին:

Ներս մտան՝ օրիորդի քույրը՝ Սաթենիկը, մի սևլիկ աղջիկ, թավ գիսակներով և փոքրիկ դեմքով, և նրա եղբայրը՝ Արշակը, փոքր քրոջ նման մանուկ, գորշ դեմքով: Երկուսն էլ քաղաքավարությամբ մոտեցան, ձեռք տվին Քաջբերունուն և նստեցին իրանց մոր մոտ: Օրիորդը ցույց տվավ նրանց վրա՝ ասելով.

— Արշակը եղբայրս է, Սաթենիկը փոքր քույրս, դրանց երկուսի անունն էլ մեծ եղբորս դրածն է:

Մեծ եղբոր անունը հիշելուս՝ տիկին Եղիսաբեթի աչքերը լցվեցան արտասուքով, օրիորդը նկատեց այդ և շուտով խոսքը փոխեց:

Մատուցին թեյ: Քաջբերունին մի փոքր ևս խոսեց այս ու այն բանի վրա, հետո գդակն առավ ու հեռացավ:

ԼԵ

Գալով իրանց կացարանը՝ Քաջբերունին բոլորը պատմեց Արամյանին, թե ի՛նչպես առաջին անգամ տեսել էր օրիորդ Աննային թատրոնում, այնուհետև ի՛նչպես հանդիպեցավ գրավաճառանոցում և թե հետո ի՛նչպես ծանոթացավ նրա հետ:

Քաջբերունին բոլորովին պերճաբան չէր, բայց խոսելով օրիորդ Աննայի վրա, նրա խոսակցության անփույթ և անզարդ ոճն ընդունում էր բավական գեղեցիկ ձև:

— Նրա բոլոր գոյության մեջ, — շարունակեց նա, — չէ երևում ոչինչ բան կեղծյալ, նա պատկերանում է քո առջև որպես մարմնացած առաքինություն` յուր պարզ և հրեշտակային սրբությամբ: Նրա խելացի դեմքն արտահայտում է հեզություն և բարեսրտություն: Նրա աչքերի մեջ վառվում է երկնային հուր, մինչ այն աստիճան գրավիչ և բազմախորհուրդ, որով իսկույն հրապուրվում ես, և դու մեծավ հաճությամբ ասում ես, թե արժե սիրել դրան...:

— Ասա՛, խնդրեմ, — հարցրեց Արամյանը, — ի՞նչպիսի ուսում և կրթություն ունի նա:

— Նա չէ եղել ոչ մի վարժարանում, այլ ուսել է յուր հոր և եղբոր մոտ. նա բավական մաքուր խոսում է յուր մայրենի լեզվով և բավական հասկանում է մեր հին լեզուն. ունի բավական զարգացած խելք, նա խոսում է քեզ հետ ամեն առարկայի վրա՝ ուսումնական, արհեստական, քաղաքական, կրոնական և այլն, և բոլորի մեջ հայտնում է յուր առողջ դատողությունը և յուր խելացի կարծիքը:

— Այդպիսի աղջիկներ այս քաղաքում հազվագյուտ երևույթներ են, ես շատ կցանկանայի նրա հետ ծանոթանալ:

— Նա արդեն խնդրել է, որ ես քեզ տանեմ իրանց հետ ծանոթացնելու:

— Նա ո՞րտեղից է ճանաչում ինձ:

Քաջբերունին սկսեց պատմել, թե ի՛նչպես օրիորդը տեսել էր նրան հիվանդության ժամանակ:

Նույն միջոցին դռները ճռռացին, և հանկարծ ներս մտավ Գիաչկովը:

— Պատմության քաղցր տեղում մլթոնին ասաց՝ "սալլամ ալեյքում", — ասաց Արամյանը թուրքերեն առածը:

— Ինձ մի՛ ջղրացնեք, ես այնքան բարկացած եմ, որ կռիվ կսարքեմ, — ասաց նա հայերեն լեզվով, դեմքը խոժոռելով:

Նա դրավ գլխարկը լուսամատում և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ, գլուխը շարժելով, ինքն իրան ասելով "Այո, դժբախտություն... դժբախտություն...":

— Ի՞նչ է պատահել, Թաթոս, — հարցրին նրանից:

— Էլ ի՞նչ պիտի լինի. դո՛ւք, պարոններ, չար աչքով զարկեցիք իմ բախտավորությանը, — պատասխանեց Դիաչկովը բարկությամբ և շարունակելով անցուդարձ անելը:

— Մեր աչքերը Արտավազդա աչքերը չեն, — ասաց նրան Արամյանը:

— Արտավազդը չգիտեմ ով էր և ինչպիսի աչքեր ուներ, երեի նա էլ ձեզ պես հայոց թագավոր կլիներ, — ծիծաղելով պատասխանեց Դիաչկովը, — միայն ճշմարիտն ասած ես դժբախտ եմ այժմ:

Քաջբերունին և Արամյանը կարծեցին, թե կարելի է նրան որևիցե դժբախտություն հանդիպած լինի, այդ պատճառով ցավակցաբար հարցրին նրանից, թե ի՞նչ դժբախտություն է պատահել նրան:

Դիաչկովը նստեց և յուր տխրամած աչքերը խորհրդավոր կերպով ձգեց նրանց երեսին և խոսեց.

— Եղբարք, ես ցավալի կերպով արտաքսված եմ Հացի-Գելենց տնից. ինքը օրիորդ Սոֆին հրամայած է այլևս չընդունել ինձ:

— Իրավ այդ մեծ դժբախտություն է, — կրկնեց Քաջբերունին. — ի՞նչ պատճառով:

— Պատճառը խիստ բնական է, — պատասխանեց Դիաչկովը. — վերջին օրերում նրանց տան ներքին հարկում բնակվում է մի ռուս, մանկահասակ աստիճանավոր, որ ծառայում է կովկասյան ինժեներնոյե ուպրավլենիում: Նա մի տղամքարդ է բավական գեղեցիկ դեմքով, բարձրահասակ և վայելուչ հագնված. ես՝ խղճալիս, օրիորդի այդ նոր տարփածուի առջև կորցրի իմ բոլոր արժանավորությունս:

— Ի՞նչպես կապվեցավ օրիորդը այդ աստիճանավորի հետ, — հարցրեց Արամյանը հետաքրքրությամբ:

— Չէ՞ որ ես ասացի, թե նա ծառայում է ինժեներնոյե ուպրավլենիում, և Ճանճուր Իվանիչը իբրև մի փոդրաթչիկ (կապալռու) մարդ, իհարկե, միշտ գործ ունի այնտեղ, և փոդրաթչիկները միշտ կաշառքով գրավում են այնպիսի աստիճանավորներից մեկին, որ ծառայում է իրանց շահերին այդ պատճառով հիշյալ պարոնը ծանոթ է լինում Ճանճուր Իվանիչի հետ, և գիտենալով, որ նա սիրուն աղջիկ ունի, սկսում է յուր բարեկամությունը ավելի պնդացնել, մինչև անգամ երթևեկել Հացի-Գելենց տուն. հետո էլ յուր բնակությունը փոխում է այնտեղ, և ի՞նչ մի դժվար բան է տիրել Սոֆիի նման թեթևամիտ աղջկա սրտին. վերջապես նա հասնաւմ է յուր նպատակին:

— Ճանճուր Իվանիչը չէ՞ կասկածում նրանից, — հարցրեց Քաջբերունին:

— Կասկածանքը այնտեղ նշանակություն չունի, երբ Ճանճուր Իվանիչը աչքի առջև ունի յուր նյութական շահերը. նա առավել ուրախ կլիներ մի այդպիսի` նրա համար բարեբախտ հանգամանքներում, եթե յուր դստեր սիրով, նույնիսկ նրա պատվի գնով, կարողանար որսալ ինժեների սերտ բարեկամությունը, որ ամեն տարի կարող էր նրան հազարներով օգուտ տալ:

— Ուրեմն դու հաղթվեցա՞ր ինժեներից, — հարցրեց Քաջբերունին:

— Այո՛, իմ բոլոր հնարագիտություններս փշրվեցան: Բայց եթե այդ անիծյալ Ճանճուր Իվանիչը սուդերում դատ ունենար, ես էլ միևնույն դերը կխաղայի, ինչ որ ինժեները. դժբախտաբար նա ոչ ոքի հետ վեճ չունի:

— Ուրեմն աշխատի՛ր նրան քարշ տալ դեպի սուդ, — ասաց ծիծաղելով Արամյանը:

— Եվ ես դրա վրա եմ մտածում, — պատասխանեց Դիաչկովը, — առանց այդ չէ կարելի:

— Այո՛, մտածի՛ր, — կրկնեց Քաջբերունին կատակով, — և հարկավոր է մտածել...:

— Որպես ստուգել եմ՝ ինժեները կամենում է պսակվել Սոֆիի վրա, և Սոֆին էլ բոլորովին խելքից ելած է նրա համար:

— Ուրիշ ի՞նչ կա, — հարցրեց Քաջբերունին, — այդ մեզ շատ չէ գրավում, որովհետև մենք վաղուց գիտեինք, թե նրանից ի՛նչ էր դուրս գալու:

— Բայց ես մահու չափ վշտացած եմ. այն Պանտալոնովսկու (այդպես էր ինժեների անունը) հերը կանիծեմ... թող մի փոքր անցնի... նա չգիտե, թե ո՛ւմ հետ է կատակ անում...:

Այդ խոսքերն այնքան կրքով արտասանեց Դիաչքովը, որ հիրավի նրա աչքերը վառվեցան բարկությունից, և նա դարձյալ վեր կացավ և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ:

Բոլոր այդ խոսակցության միջոցին Արամյանը լուռ էր. նրա վրա խիստ անախորժ ներգործություն ունեցավ Դիաչկովի լուրը: Թեև նա վաղուց յուր սիրո կապը կտրել էր օրիորդ Սոֆիի հետ, բայց տակավին մի գաղտնի կիրք նրա սիրտը ցավեցնում էր, երբ լսում էր նրա մասին, թե նա օրըստօրե դիմում է դեպի կործանումը:

Բայց Դիաչկովը մոտեցավ, նրան և բռնեց նրա ձեռքը՝ ասելով.

— Եղբայր, դու միայն կարող ես կարեկցել ինձ, որովհետև մենք երկուքս համավիճակ ենք. բայց իմ խոսքերը ընկերոջդ չեն գրավում. նա թող պարապի յուր հայոց թագավորությունը օդի վրա հիմնելու ծրագրով...:

Մանուկ տղամարդիկը ոչինչ չպատասխանեցին նրա խոսքին, և Դիաչկովը առավ գլխարկն ու, առանց մնաք բարյավ ասելու, դուրս գնաց:

— Ո՞ւր, ո՞ւր, Թաթոս, կանգնի՛ր, բան ենք ասում, — ձայներին նրան, բայց Թաթոսը առանց ետ նայելու գնաց:

— Այդ հիմարը մեզ ընդհատեց, — ասաց Քաջբերունին՝ կցելով ընդհատված խոսակցությունը օրիորդ Աննայի մասին: — Երկու հակառակ ծայրեր են օրիորդ Սոֆին և օրիորդ Աննան, մինը որքան անբարոյական և լկտի, մյուսը այնքան առաքինի և բարեկիրթ:

Եվ նրանք երկար խոսեցին կանանց կրթության մասին:

Դիաչկովը նրանց մոտից դուրս գալով ճանապարհին հանդիպեց մի աստիճանավորի, որ կառքով գնում էր. նա տեսնելով Դիաչկովին, կառքը կանգնեցրեց և հրավիրեց նրան յուր մոտ նստել: Դիաչկովն ուրախությամբ ընդունեց նրա հրավերը:

— Ո՞ւր էիք, — հարցրեց աստիճանավորը:

— Այստեղ մի քանի րոպե ներս մտա, — պատասխանեք Դիաչկովը:

— Ո՞ւմ մոտ:

— Այդտեղ երկու հոգի հայ — իկներ կան...:

— Դուք ի՞նչ գործ ունիք նրանց մոտ:

— Ինձ պատվիրված է լրտեսել նրանց գործունեությունը:

— Ի՞նչպիսի անձինք են:

— Նախանձավոր պատրիոտ — իկնեք (հայրենասերներ)

— Ի՞նչ մտքերի են ծառայում:

— Մինը աշխատում է մշակել հայոց լեզուն և գրականությունը, խելամուտ առնել ազգին յուր պատմական ավանդություններին, իսկ մյուսը կատարյալ ծով է. նրա հատակը դեռ չէ երևում, բայց խիստ վտանգավոր մարդ է:

Երևում էր, որ այդ ծանոթությունները հետաքրքրեցին աստիճանավորին. նա շարունակեց յուր հարցուփորձը.

— Այստեղ ի՞նչ են շինում:

— Այս քաղաքում բույն դնելու միտք ունին:

— Ծառայո՞ւմ են, ապրուստ ունի՞ն:

— Նրանք մերկ են որպես թեփռած հավ, բայց իրանց աղքատության մեջ դարձյալ հպարտ են և անընկճելի:

— Վաղո՞ւց է, որ ճանաչում եք դրանց:

— Ես համալսարանից ընկեր եմ եղել դրանց հետ:

Այսպես նրանք խոսում էին, և կառքը սահում էր ողորկ փողցի վրայով, մինչև Դիաչկովը հրամայեց կանգնել և, ներողություն խնդրելով աստիճանավորից, վայր իջավ:

— Առայժմ մնաք բարյավ, ես պիտի մտնեմ իշխանի մոտ, — ասաց նա:

— Մե՞ր իշխանի, — հարցրեց աստիճանավորը:

— Այո՛, — պատասխանեց Դիաչկովը և սկսավ դիմել դեպի մի հոյակապ տուն: Պահապան կազակից, որ կանգնում էր դռանը, ստուգելով, որ իշխանը տանն է, նա քաշեց զանգը:

Աստիճանավորը հեռացավ:

Դուրս եկավ մի ծառա հագնված լիվրեյ և առաջնորդեց նրան: Դիաչկովն սկսավ բարձրանալ նեղ գորգի վրայով, որ բևեռած էր սանդուղքներին, և լիմոնի, նարնջի ծառերի և պես — պես ծաղիկների միջով նա մտավ մի մեծ դահլիճ՝ փառավոր կերպով զարդարած:

Այնտեղ մի քանի րոպե սպասեց նա, մինչև նրա մասին իմացում տվին, հետո ընդունվեցավ այն սենյակում, որ զարդարված էր աշխարհի հազվագյուտ բաներով: Այդ իշխանի առանձնասենյակն էր:

Եվ արդարև, Դիաչկովը խորին մեծարանքով գլուխ տվավ մի ծերուկի, ալևոր գլխով, ակնոցներով և խորամանկ դեմքով, որ գրասեղանի հանդեպ նստած գրում էր: Տեսնեքով Դիաչկովին, նա գրիչը վայր դրեց և յուր հարցական հայացքը ձգելով Դիաչկովի երեսին, ասաց.

— Բարով, Ալեքսանդր Սիմոնովիչ, հը՛, ի՞նչ կա:

— Մի քանի րոպե առաջ նրանց մոտ էի, տեր, — պատասխանեց Դիաչկովը. — բոլորը ստույգ է, ինչ որ ասել են ձեզ:

— Ի՞նչպես:

Դիաչկովը յուր չորս կողմը նայեց, կարծես պատերը լսում էին նրան, և մոտեցավ իշխանին և կանգնելով ծերուկի առջև, նա երկար պատմեց նրան մի գաղտնիք: Ծերուկը խորին ուշադրությամբ լսում էր նրան, և հետզհետե կատաղի բարկությունը բոցավառվում էր նրա նախանձահույզ աչքերում:

Երբ վերջացրեց Դիաչկովը յուր խոսքը, դարձյալ հեռացավ և կանգնեց յուր առաջվան տեղը:

— Ես այդ բոլորը իմացում կտամ ուր պետք է, — վերջապես խոսեց իշխանը, — և մենք կկարգադրենք նրանց մասին:

— Բայց, ձերդ մեծափայլությունը մի խոստմունք ուներ ծառայիդ, — ասաց Դիաչկովը:

— Այո՛, ես չեմ մոռացել, ես խոսացել եմ նախագահի հետ, դուք անպատճառ մի քանի օրից հետո դատարանում անդամ կընտրվիք:

Դիաչկովր գլուխ տվավ և հեռացավ:

— "Դատարանի անդա՜մ... ի՜նչ հրաշալի խոսք է դա...", — խոսում էր յուր մեջ ճանապարհին Դիաչկովը. "Այո՛, մեծ փառք է այդ՝ նստել ոսկյա վորոտնիկով գահի վրա և դատ լսել... Այն հիմարները (Քաջբերունին և Արամյանը) ինձ վրա ծիծաղում են, բայց ես կգլորեմ դրանց դեպի մշտնջենավոր կորուստ, և նրանց դամբարանի վրա կբարձրացնեմ իմ փառքի աթոռը...":

Այդ խորհրդածության մեջ էր նա, որ հանկարծ մի կառք սլացավ յուր մոտից. նա տեսավ օրիորդ Սոֆիին և Պանտալոնովսկուն միասին նստած կառքում: Կայծակի հարված ունեցավ այդ երևույթը նրա վրա, և նրա ուրախ դեմքը մի ակնթարթում մռայլվեցավ:

ԼԶ

Մյուս օրը կյուրակն էր: Արամյանն ու Քաջբերունին առավոտից պատրաստվել էին գնալ օրիորդ Սեպուհյանցի մոտ (այդպես էր օրիորդ Աննայի ազգանունը):

Տասն ժամին նրանք երկուսն էլ դուրս գնացին, նստեցին կառք և դիմեցին դեպի քաղաք:

Մտնելով Սեպուհյանցների մոտ, նրանք գտան միմիայն տիկին Եղիսաբեթին, որ ուրախությամբ ընդունեց մանուկ տղամարդկանց. Քաջբերունին ծանոթացրեց տիկնոջ հետ Արամյանին, և նրանք նստեցին:

— Ո՞ւր են օրիորդ Աննան և երեխերքը, դուք մենակ եք, — հարցրեց Քաջբերունին:

— Աննան երեխանց հետ գնացել է ժամ, միայն ես մի փոքր տկար լինելով՝ զրկվեցա այսօր պատարագ տեսնելուց, — պատասխանեց տիկինը:

— Աննան ամե՞ն կյուրակե ժամ է գնում, — հարցրեց Արամյանը:

— Ո՛չ մի կյուրակե նա ետ չէ մնում պատարագից. նա սիրում է աղոթել:

— Այդ մի բարի ձգտումն է մանուկ աղջիկների մեջ, — ավելացրեց Արամյանը, — այդպիսով նրանք ավելի մոտ կլինին աստծուն:

— Թե՛ աղջիկը և թե տղան, թե՛ ծերը և թե երիտասարդը, մի խոսքով՝ բոլոր մարդիկ միշտ կարոտ են աստծո ողորմությանը, — պատասխանեց ջերմեռանդությամբ տիկինը, — որովհետև մեղքն ու մահը մեր ամենքիցը շատ հեռու չեն:

Նախասենյակում լսելի եղան ոտնաձայներ:

— Ահա՛ նրանք եկան, — ասաց տիկին Եղիսաբեթը:

Ներս մտավ օրիորդ Աննան յուր փոքրիկ քրոջ և եղբոր հետ, բոլորովին սպիտակ հագնված. նրա հագուստը` փրփուրի պես թեթև, խիստ վայելուչ կերպով նստած էր նրա վրա: Կարծես նա աստծո տունը դիմելու ժամանակ միայն սովորություն ուներ պատշաճավոր կերպով հագնվիր: Նա, "ողորմի աստվածս ասելով յուր մորը և յուր հյուրերին, մոտեցավ, բարեկամաբար սեղմեց Քաջբերունու ձեռքը, և Արամյանի հետ ծանոթանալուց հետո, խիստ քնքուշ բարեսրտությամբ հայտնեց յուր ուրախությունը Արամյանի հետ ծանոթանալու համար: Ապա նա դարձավ դեպի մայրը՝ ասելով.

— Մայրիկ, դու այսօր չկարողացար պատարագ տեսնել, բայց ես քեզ համար նշխարք եմ բերել ժամից:

— Աստված օրհնե քեզ, հոգյակս, — ասաց տիկին Եղիսաբեթը և առավ նշխարքը և երեսը խաչակնքելով դրեց բերանը:

— Դուք ևս, պարոններ, կարծեմ այսօր ժամում չեք եղած, — դարձավ նա դեպի մանկահասակ տղամարդիկը, — ձեզ ևս պետք է հաղորդ կացուցանել տիրոջ սեղանի փշրանքին:

Նրանք չկամենալով վշտացնել օրիորդի ջերմեռանդությունը, ընդունեցին նրա ձեռքից մի — մի պատառ նշխարք և բերանները դրին:

Մայրն սկսավ հարցնել աղջկանից, թե եկեղեցում ո՞վ կար, ժողովուրդը շա՞տ էր թե քիչ, և թե ո՞վ էր պատարագիչը:

— Պատարագիչը տեր — Հարությունն էր. ժողովուրդը խիստ սակավ էր, համարյա մի քանի պառավ կանայք և ծերունիք էին միայն եկել: Ժողովուրդը, ինչպես երևում էր, գնացել էր մեծ դքսի գալըստյան հանդեսը տեսնելու: Չգիտեմ ինչո՞ւ այսօր ժամասացությունն էլ շատ անկանոն էր: Պատարագիչ քահանան անգամ հովհաննու ավետարանը մինչև վերջը չկարդաց:

Տիկին Եղիսաբեթը շարժեց գլուխը:

— Ա՜խ, քահանաներ..., — գոչեց նա խորհրդական ձայնով:

— Այդպիսի օրերում նրանք առհասարակ պոչից — գլխից կտրում են, — ասաց Քաջրերունին և միևնույն րոպեին ստրջացավ, թե ինչո՞ւ մի այդպիսի պատկառելի իրողության վրա այնպես տգեղ խոսեցավ:

Տիկին Եղիսաբեթը ոչինչ չպատասխանեց, միայն օրիորդն ասաց.

— Դժբախտաբար այդպես են մեր եկեղեցականները. կարծես թե նրանք աստծու համար չեն կարդում կամ մի գերագույն ունկն չէ լսում նրանց, այլ իրանց ժամասացությամբ միայն ժողովրդին են կամենում հրապուրել...:

— Այդ բոլորը մեր քահանաների վատ կրթությունիցն է, — պատասխանեց Արամյանը, — մինչև այսօր մենք չունինք կարգին ուսումնարաններ` օրինավոր քահանա յացոք պատրաստելու համար, և մեր քահանաներն ընտրվում են ժողովրդի անպիտան մասից: Այդ է պատճառը, որ ժողովուրդը շատ է սառել եկեղեցուց:

— Երբեք մարդ չի հրաժարվում յուր բարեկամի տանից, եթե նրա ծառաներն անկիրթ և անկարգ մարդիկ են, — խոսեց տիկին Եղիսաբեթը, — ուրեմն ի՞նչպես կարելի է հեռանալ աստծո տանից, եթե նրա սպասավորներն անկիրթ մարդիկ են:

— Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը, — պատասխանեց Արամյանը, — բայց և այնպես հարկավոր է աստծո տան տպավորության համար արժանավոր ծառայողներ պատրաստել:

— Առհասարակ մեր եկեղեցու մեջ ժամասացությունը վերին աստիճանի անկանոն է. ցանկալի է, որ այդբանի վրա ամենալուրջ ուշադրություն դարձվեր: Լավ և ներդաշնակ երգեցողության միջոցով կարելի էր մեր ժողովրդի նախկին կրոնական ջերմեռանդությունը վառել և այդպիսով ժողովրդին դեպի բարին առաջնորդել:

— Այո՛, ձայների ներդաշնակությունն ահագին նշանակություն ունի. և մեր շարականների մեջ ի սկզրանե անտի գոյություն են ունեցել երաժշտական նշաններ. միայն ցավալին այն է, որ առհասարակ մենք չենք մտածում մեր ունեցած ընտիր — ընտիր բաները կարգ ու կանոնի տակ ձգելու, որով առիթ ենք տալիս հայկական կյանքին անծանոթ մեր օտարամոլ ազգայիններին մտածելու, թե մենք ոչինչ լավ բան չունինք:

— Ձեր խոսակցությունը կարող է ավելի երկարել, — ասաց տիկին Եղիսաբեթը՝ դառնալով դեպի դուստրը, — հապա մենք թեյ չպիտի՞ խմենք, և դու քո հյուրերին չպիտի՞ պատվասիրես. ա՜խ, որքան անքաղաքավարի ես:

Օրիորդը վեր կացավ և հրամայեց աղախնին՝ սարքել թեյի սեղանը:

— Այդպես է Աննան, — դարձավ դեպի հյուրերը տիկին Եղիսաբեթը, — երբ նա ընկնում է խոսակցության ետևից, արդեն ամեն ինչ մոռանում է:

— Մի՞թե դեռ թեյ չեք վայելած, — հարցրեց Քաջբերունին:

— Մենք միշտ սովորություն ունինք բոլորովին ժամ գնալ եկեղեցի:

Օրիորդն ամեն օր սովորություն ուներ ինքը մատակարարել թեյը, բայց այսօր նա յուր պաշտոնը թողեց աղախնուն և ինքը նստեց հյուրերի մոտ՝ նրանց զբաղեցնելու յուր խոսակցությամբ: Նա մի օր առաջ լսելով Քաջբերունուց, թե Արամյանը հեղինակ է և ունի մի եղերերգություն գրած, այդ հարցը նրան հետաքրքրում էր, և կամենալով լիովին տեղեկություն ստանալ նրա աշխատության մասին` հարցրեց.

— Պարոն Արամյան, դուք վերջացրի՞ք ձեր եղերերգությունը:

— Այո՛, — պատասխանեց Արամյանը, — բայց դուք ո՞րտեղից գիտեք, թե ես եղերերգություն եմ գրում:

— Անցյալ օրն ինձ ասաց պարոն Քաջբերունին. ինձ շատ ցանկալի է տեսնել այդ:

— Մի քանի օր առաջ մենք մի պարոնի տանը գրականական երեկույթ ունեինք, ուր կարդացինք իմ եղերերգությունը. այժմ մի քանի երիտասարդներ մտադիր են բեմի վրա ևս ներկայացնել, իհարկե, դուք նույնպես ներկա կլինիք:

— Ես մեծ ուրախությամբ ներկա կլինիմ, միայն եթե կարելի է՝ մինչև ներկայացնելը մի անգամ բերեինք մեզ մոտ կարդալու. ես շատ կցանկանայի հառաջագույն տեղեկանալ ձեր աշխատության պարունակությանը և հետո տեսնել բեմի վրա:

Արամյանը խոստացավ:

— Շատ ցավալի է, — կրկնեց օրիորդը, — որ այսքան հայ ժողովուրդ ունինք այս քաղաքում, բայց չունինք մի ազգային թատրոն. գերմանացիք այստեղ մեր քսաներորդ մասի չափ ևս չկան, բայց առանձին թատրոն և առանձին ակումբ ունին:

— Դեռ այդ բանի համար շատ ժամանակ պետք է, մինչև հայը գերմանացու պես հառաջադեմ դառնա..., — գլուխը շարժելով կրկնեց Արամյանը:

— Բայց ես լսել եմ, որ պոլսեցիք ունին ազգային թատրոն, — խոսեց օրիորդը: — Այդ ուրախալի բան է, որ Տաճկաստանի հայերն այնքան առաջ են գնացել, բայց ցավալի, որ Ռուսաստանի հայերս այսքան ետ ենք մնացել:

— Բայց պոլսեցիք ունին և սահմանադրություն..., — պատասխանեց Արամյանը զգալի եղանակով:

Օրիորդը խնդրեց Արամյանին՝ պատմել իրան պոլսեցոց սահմանադրության մասին մանրամասն, թե ո՛վ եղավ նրա սկզբնապատճառը, ի՛նչպես սկսվեցավ, խոստովանելով, թե ինքը շատ քիչ գիտե այդ մասին: Արամյանը, թեև համառոտաբար, բայց ճշտությամբ պատմեց նրան սահմանադրության ամբողջ պատմությունը: Օրիորդը հայտնեց յուր շնորհակալությունը, երբ նա ավարտեց խոսքը:

Մանուկ տդամարդիկը նշմարելով, որ երկար նստեցին, վեր կացան, մնաք բարյավ ասելով հեռացան. տիկին Եղիսաբեթը շատ խնդրեց, բայց նրանք չմնացին ճաշի: Օրիորդ Աննան նրանց ճանապարհ դնելու ժամանակ կրկին անգամ խնդրեց Արամյանին՝ եղերերգության մասին:

— Ես իմ կյանքումս չեմ տեսած մի այդպիսի օրիորդ մեր հայերի մեջ, — ճանապարհին ասաց Արամյանը:

— Այո՛, տե՛ս, թե ի՛նչ ներգործություն ունի ուղիղ կրթությունը մանուկ սեռի վրա:

— Բայց ափսո՛ս, որ նրա կրոնասիրությունն ու բարեպաշտությունը հասնում է մոլեռանդության:

— Ի՞նչ մեծ կորուստ է, որ նա ծանոթ չէ Վոլտերի և Ռուսսոյի հետ, — պատասխանեց Քաջբերունին, — ավելի լավ է՝ կանանց լինե բարի քրիստոնյա, քան թե ազատ փիլիսոփաներ: Նիհիլիստուհիների անբարոյական օրինակը քեզ բավական է իմ ասածս ապացուցանելու:

— Այո՛, աշխատելու է Աննայի նման օրիորդներ պատրաստել, — խոսեց Արամյանը ոգևորությամբ, — դրանք և միայն դրանք կարող են ծնել ազգի համար պիտանի որդիք և ոչ թե նիհիլիստական ուղղությամբ տոգորված ու փչացած ազջկերքը:

— Ո՞րտեղ պատրաստել, — պատասխանեց Քաջբերունին:

— Պետք է աշխատել հիմնել ազգային օրիորդական դպրոցներ և նրանց կրթությանը օրինավոր ուղղություն տալ:

— Նախ՝ որ այդ հնարավոր չէ, բացի դրանից, մեր հիմար քաղաքացիք — այդ հաստափոր գոմշի ռումբիքը, այդ անզգա, հոգով և մտքով մարմնացած մսե բլուրները ի՞նչ հնար են տալիս իրանց ուսյալ երիտասարդներին՝ ազգին ծառայելու: Երևակայիր, այստեղ մի քանի իգական դպրոցներ կան, ուր պարապում են մեր հայ երիտասարդները. խեղճերը ո՛չ միայն արժանավոր վարձատրություն չեն կարողանում ստանալ, այլ շատ անգամ ձրի աշակերտուհիներ ևս չեն գտնում: Այս կամ այն մադամին ուրախությամբ հարյուրներով մանեթներ են տալիս ամեն տարի, բայց ուսուցչին, որ դոկտորի դիպլոմը ծոցն է, հոգիները դուրս է գալիս մինչև ամսական երեք մանեթ են տալիս:

— Այդ ունի յուր հատուկ պատճառները, որ մերայինք այստեղ այդպես օտարամոլ են, — պատասխանեց Արամյանը: — Աղջկանց ուսումը և նրանց կրթությունը այստեղի ժողովրդի համար բոլորովին այլ նշանակություն ունի, քան ինչ որ կարծում ենք: Ուսման վրա նրանք նայում են որպես մի նյութի վրա, ինչպես են այն կարասիքը, որ ծնողները պատրաստում են իրանց աղջկանց օժիտի համար: Ծնողները վաղուց հասկացել են, որ ինստիտուտի, պանսիոնի լոկ անունը մեծ նշանակություն ունի իրանց աղջկերանց մարդու տալու ժամանակ, երբ նրանց մոցիքուլը, փեսին հրապուրելու համար, թե "էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էհենց սիրուն է, էհենց հունարով է"... և ավելացնում է — "ինստիտուտումը կուրսը վերջացրիլ է..., ռսնակ խոսիլ գիտե... փորտոպյան ածել, տանցովատ խաղալ... ":

Այդպես խոսելով երկու երիտասարդները գնում էին: Ճանապարհին հանդիպեց նրանց Դիաչկովը:

— Ո՞ւր, — հարցրին նրանից:

— Եա ուղղակի ձեզ մոտ էի գալիս, — պատասխանեց բավական ուրախ դեմքով Դիաչկովը:

— Ներս գնանք:

Նրանք արդեն հասել էին իրանց կացարանին: Երեքը միասին ներս մտան:

— Ի՞նչ նոր համբավ ունիս, — հարցրին նրանից:

— Ես մի լավ համբավ ունիմ, թեև այդ չէր կարող ձեզ այնքան ուրախություն պատճառել, որպես ինձ, այնուամենայնիվ հարկավոր է ասել. երևում է բախտը առժամանակ ևս կամենում է ժպտալ ինձ. դուք կարելի է դեռ չեք մոռացել, որ անցյալ անգամ ձեզ պատմեցի իմ դժբախտության մասին, ես վերջում ավելացրի, թե Հացի-Գելենց մոտ մյուս անգամ պատիվ գտնելու համար պետք է աշխատել Ճանճուր Իվանիչին դեպի սուդ քարշ տալ, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից:

— Դեռևս երկա՞ր պիտի ձգվի այդ պատմությունը, — նրա խոսքը ընդմիջեց Քաջբերունին, — իսկ ես կարծում էի, թե մի այլ բան պիտի պատմես:

— Խնդրեմ լսեք, վերջը շատ հետաքրքրական է, — ասաց Դիաչկովը: — Այո՛, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից...: Մինչ ես այս խորհրդածության մեջ էի և որոնում էի որոգայթ լարել Ճանճուր Իվանիչին, հանկարծ աստված ինքը կատարում է իմ խորհուրդը. ասեք ի՞նչպես: Ճանճուր Իվանիչը բավական մեծ գումար վնասված է արքունի կապալներում, և տերության գանձարանը նրա բոլոր շարժական և անշարժ կայքը պիտի ծախել տա. նրանք ինձանից խնդրեցին պաշտպանել նրան սուդումը, թեև համոզված եմ, որ ոչինչ չեմ կարող օգնել, բայց ինձ ի՞նչ փույթ, ինձ համար այսքանը միայն բավական է, որ այդ անցքը առիթ տվավ ինձ մյուս անգամ ներս սողալ Հացի-Գելենց ընտանեկան շրջանի մեջ:

— Ո՜րքան չարախնդաց մարդ ես դու, — ասաց նրան Քաջբերունին՝ ուշադրությամբ նայելով նրա երեսին:

— Ի՞նչ չարախնդացություն, աշխարհիս կարգն այդպես է. ըստ մեծի մասին մինի դժբախտությունը մյուսի համար բախտավորություն է բերում:

— Ո՜րքան փոքրոգություն է այդպես օձանման սողալ մինի խաղաղ գերդաստանի մեջ և նենգություններ գործ դնել:

— Ի՞նչ փոքրոգություն, — կրկնեց Դիաչկովը յուր առաջվա եռանդավ:

— Ո՛չ միայն փոքրոգություն, այլև վերին աստիճանի ցածություն է, որ դու քո ազգակցի դժբախտության վրա ես հիմնում քո մոլեկան հրապույրները: Եվ չնայելով, որ մի ամբողջ հայ գերդաստան զրկվում է օրական հացից, դու ուրախ ես, որ խեղճ քաղաքացու դառն վաստակը պետք է զոհ դառնա քո ագահությանն ու անխղճությանը: — Ի՞նչ հայ, — արհամարհանքով կրկնեց Դիաչկովը, — մենք վաղուց կարդացել ենք քո հայի "հոգվոցն ու հանգուցելոցը ":

— Ուրացո՛ղ, — գոչեց Քաջբերունին կատաղությամբ. — չե՞ս սարսափում, որ այդպես անարգությամբ բերան ես առնում դու իմ ազգի անունը: Ահա՛ ես կլռեցնեմ քեզ:

Եվ նույն րոպեին Քաջբերունին մի ծանր ապտակ տվեց ուրացողի երեսին, որի գլխարկը թռավ գլխից և ինքը թավալվեցավ նրա ոտքերի տակ:

Եթե Արամյանը շուտով վրա չհասներ, ուրացողի մարմինը ջարդուփշուր կլիներ Քաջբերունու ոտքերի տակ, այնքան սաստիկ նա բարկացած էր: Գլխի մազերը խճճված, շորերը փոշոտված, առանց գլխարկի դուրս գնաց Դիաչկովը՝ ասելով.

— Այս իրավո՞ւնք է, որ դուք այսպես վարվեցաք ինձ հետ:

— Այդ թող քեզ դաս լինի, մինչև. որ դու չափ դնես լեզվիդ:

— Շա՛տ լավ..., — ասաց Դիաչկովը և հեռացավ:

Արամյանը նրա գլխարկը դուրս ձգեց լուսամուտից: Մի քանի րոպե Արամյանն ու Քաջբերունին լուռ նստած էին միասին. վերջինի դեմքն արտահայտում էր սարսափելի բարկություն: Արամյանը լուռ նայում էր յուր ընկերի վրա, չհամարձակվելով նրան խոսեցնել, որովհետև նրան ծանոթ էր յուր ընկերի բնավորությունը:

ԼԵ

Մի քանի օր էր Արամյանը սրբագրում էր յուր ողբերգությունը մաքուր թղթի վրա, վերջացնելուց հետո նա մոտեցավ Քաջբերունուն` ասելով.

— Իմ ողբերգությունը բոլորովին պատրաստ է, կամենո՞ւմ ես այս գիշեր գնանք օրիորդ Աննայի մոտ կարդալու:

— Գնա՛նք, — պատասխանեց Քաջբերունին:

Երեկոյան զանգակները հնչում էին, երբ նրանք դուրս եկան իրանց կացարանից և սկսան դիմել դեպի Սեպուհյանցի տուն:

Նրանք գտան օրիորդ Աննային յուր առանձնասենյակում պարապելիս յուր փոքրիկ քրոջ հետ հայոց լեզվի դասով: Տեսնելով մանուկ տղամարդկանց, նա քաղաքավարությամբ բարևեց նրանց՝ ավելացնելով.

— Կարծեմ դուք կներեք ինձ, մինչև վերջացնեմ Սաթենիկի դասը:

— Խնդրեմ, շարունակեցեք, արգելք չենք լինիլ, — ասաց Քաջբերունին:

— Ահա՛ ձեզ առժամանակ զբաղմունք, — ասաց օրիորդը և տվեց նայելու յուր ասեղնագործությունները, — թեև սրանք այնքան էլ գեղեցիկ չեն:

Եվ օրիորդը դրեց սեղանի վրա նրանց առջև մի թղթե արկղիկ, որի մեջ դրած էին նրա ասեղնագործությունները: Մանուկ տղամարդիկն սկսան մի առ մի նայել: Օրիորդը անփույթ կերպով շարունակում էր քրոջ դասը:

Ասեղնագործությունները նկարված էին գեղեցիկ ճարտարությամբ. նրանց մեջ կային ճակատի կապոցներ, փոքրիկ բարձի երեսներ, սենյակում հագնելու հողաթափների երեսներ, բոլորակ գրասեղանի ծածկոցներ և այլ զանազան կանացի զարդարանքներ: Մանուկ տղամարդկանց ուշադրությունն առավելապես գրավեցին մի քանի ասեղնագործ պատկերներ բնությունից, որ ներկայացնում էին ծով, երկինք, լեռներ, անտառներ, որոնց մեջ օրիորդր ցույց էր տվել յուր նկարչական տաղանդը: Դրանց մեջ առավել հետաքրքրական էր մի գործ, որի նկարագիրր վերցրել էր նա "Ոգի Հայաստանի" պատկերից. այդտեղ հիանալի կերպով պատկերանում էին Արարատը, Հայաստանի ավերակները, տխուր ու տրտում ոգի Հայաստանին:

Մանուկ տղամարդիկը վեր առան վերջին ասեղնագործած պատկերը և երկար նայում էին նրա վրա: Օրիորդը թելերի հարմար գունավորությամբ և ճարտար ստվերագրությամբ համարյա շունչ էր տվել անշունչ կտավին:

Օրիորդը վերջացրեց դասը:

— Նայի՛ր, Սաթենիկ, — ասաց նա յուր քրոջը, — եթե դարձյալ այսպես վատ սերտես դասդ, ես ստիպված կլինիմ մայրիկին հայտնել այդ մասին:

Սաթենիկը երկյուղածությամբ դուրս գնաց:

— Ի՞նչպես է, — դարձավ նա դեպի յուր հյուրերը: — Չլինի՞ թե ծիծաղում եք իմ լաթերի վրա:

— Ընդհակառակն, ձեր ասեղնագործությունները շատ գեղեցիկ են, — պատասխանեցին նրանք:

— Այդ գովասանքը խիստ չափազանց է, — կրկնեց օրիորդը:

— Ո՛չ, անկեղծ եմ ասում, շատ հիանալի են, — պատասխանեց Քաջբերունին, — մանավանդ այս պատկերը, որ ներկայացնում է "Ոգի Հայաստանին": Ասացե՛ք, խնդրեմ, ո՞րտեղից եք առել սրա նախագաղափարը:

— Մի պատկերից, որ նկարել է հանգուցյալ եղբայրս. նա հիանալի նկարում էր, — պատասխանեց օրիորդը, — այս րոպեիս ես ցույց կտամ ձեզ:

Եվ օրիորդը բաց արավ յուր թղթերի պահարանը, այնտեղից հանեց մի պատկեր, մատիտով նկարած: Մանուկ տղամարդիկը երկար նայեցին նրա վրա, նրանք սքանչացան նկարչի ճարտարության վրա:

— Ձեր եղբայրը նկարչությա՞մբ էր պարապում, — հարցրին օրիորդից:

— Ո՛չ, միայն նա զվարճության համար սիրում էր յուր պարապ ժամերը նվիրել նկարչության: Բայց նա ոչ մի տեղ չէր սովորել այդ արհեստը:

— Զարմանալի ձիրք պիտի ունեցած լինի ձեր եղբայրը:

— Այո՛, նա շատ շնորհալի երիտասարդ էր. սակայն ափսո՜ս, որ նա երկար չապրեցավ:

Եվ օրիորդի դեմքը տխուր կերպով մռայլվեցավ՝ մտաբերելով եղբոր հիշատակը: Արամյանը, տեսնելով այդ, խոսքը փոխեց՝ ասելով.

— Ասեղնագործությունը ամենահարկավոր բանն է, որ պիտի սովորի ամեն մի աղջիկ, բայց ցավալի է, որ այստեղի օրիորդար վարժարաններից ոչ մեկում հարկավոր ուշադրություն չեն դարձնում այդ առարկայի վրա:

— Բացի այդ, — խոսեց Քաջբերունին, — աղջիկները՝ իբրև գերդաստանի ապագա մայրեր, ոչ միայն պիտի գիտենան ասեղնագործություն, այլև անպայման հարկավոր է նրանց սովորել և մի քանի թեթև արհեստներ, որպիսիք են ձեռնոցներ կարել, հարդե գլխարկներ հյուսել կամ կարել նույնը զանազան ճոթերից, կանացի կիսակոշիկներ կարել, մի խոսքով այնպիսի արհեստներ, որոնց ձեռագործը կարողանար վաճառքի նյութ դառնալ և դրանով իրանց ապրուստը թեթևացնել: Այդ բաները հարկավոր է մանավանդ աղքատ աղջիկների համար, որով նրանք կազատվեին իրանց ծնողների վրա ծանր բեռ լինելուց, այլև եթե օժիտ չունենալու համար հոր տանը մնային, նրանք գիտենալով որևիցե արհեստ, շատ աղքատ տղերք կցանկանային այնպիսի կին ունենալ, որ յուր գործունեությամբ կարողանար մասնակցել տղամարդու հոգսերին:

— Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, — խոսեց օրիորդ Աննան. — մեր քաղաքում աղջիկները ոչինչ չգիտեն, նրանք` աղքատ թե հարուստ, համարյա բոլորովին անգործ են և իրանց տան լուսամուտների առջև նստած, դեպի փողոց են նայում առավոտից մինչև իրիկուն և այդպես աննպատակ անցկացնում իրանց ժամանակը: Ես նախանձում եմ այս քաղաքի եվրոպական աղջկերանց, որոնք զանազան թեթև արհեստների մեջ օգնում են իրանց տղամարդոց և առևտրական խանութներում մեծ գործ են կատարում:

— Իգական սեռը այս՝ թեև եվրոպական քաղաքում՝ տակավին կրում է յուր ճակատի վրա ասիականության սև կնիքը, — պատասխանեց Քաջբերունին. — թեև նրանք հեռացան տների խորշերից, բայց նրանք այդ եվրոպական ազատությունը հանդիսացնում են միայն իրանց արձակ համարձակ զբոսանքներով և փողոցները չափչփելով և ոչ թե հրապարակ դուրս գալով իբրև մարդ, որ գործեր յուր մտավոր ու նյութական բարօրության համար:

Աղախինը ներս մտավ և հայտնեց, թե տիկին Եղիսաբեթը խնդրում է հյուրերին՝ գալ յուր մոտ թեյ խմելու:

Նրանք գնացին դահլիճ:

Տիկինը խիստ բարեսրտությամբ բարևեց նրանց և գանգատվեցավ, թե ինչո՞ւ այնպես ուշ էին գալիս իրանց մոտ. մանուկ տղամարդիկը հայտնեցին մի քանի պատճառներ, թե զբաղված էին, գործ ունեին և այլն, բայց տիկինը ոչ մինը չընդունեց և դարձյալ խնդրեց՝ որքան կարելի է հաճախ գային:

— Մայրիկ, — ասաց օրիորդ Աննան, — պարոն Արամյանը մի աշխատություն ունի. մի քանի օր առաջ ես խնդրեցի, որ բերեր մեզ մոտ կարդալու, շնորհակալ եմ, որ նա կատարեց իմ խնդիրքը. մենք այսօր կունենանք գրականական երեկո. պարոն Արամյանը կկարդա յուր եղերերգությունը:

— Իմ կողմից ևս շնորհակալություն պարոն Արամյանին, որ կատարել է քո խնդիրքը, — խոսեց տիկինը, — նա այնքան բարեսիրտ է, որ հանձն է առնում այդպիսի նեղություն:

— Այդ ինձ համար նեղություն չէ, — պատասխանեց Արամյանը, — ես ուրախ կլինեի, եթե իմ գիրքը գրավեր ձեր ուշադրությունը:

Օրիորդ Աննան ինքն սկսավ թեյ մատակարարել:

Տիկին Եղիսաբեթը հարցրեց Արամյանից, թե ի՞նչ է նրա գրքի բովանդակությունը: Արամյանը համառոտ պատմեց սուրբ Վարդանանց քաջագործությունները և նրա նահատակությունը: Տիկին Եղիսաբեթը թեև գովեց նրա աշխատությունը, բայց այսպես վերջացրեց.

— Մեղք է մի այդպիսի սուրբ գործ ներկայացնել թատրոնական բեմի վրա:

Արամյանը չկամեցավ դիմադրել նրա ջերմեռանդությանը, այդ պատճառով ոչինչ չպատասխանեց:

Թեյից հետո Արամյանից խնդրեցին, որ կարդա: Օրիորդ Աննան յուր քրոջն ու եղբորը նույնպես պատվիրեց, որ նստեն և լսեն: Արամյանը կամեցավ մի քանի նշանավոր տեղեր որոշել կարդալու համար:

— Ո՛չ, — ասաց օրիորդ Աննան, — դուք սկսեցեք սկզբից, ես ցանկանում եմ ծանոթանալ ձեր գրքի ամբողջ պարունակությանը. եթե այս գիշեր չվերջացնենք, կնշանակենք մի այլ գիշեր ևս:

Արամյանը հաճեցավ և ընթերցանությունն սկսեց. բոլորն էլ ուշադրությամբ լսում էին:

Քաջբերունուն բավական հայտնի լինելով յուր ընկերի աշխատությունը և պարունակությունը, նա ականջ չէր դնում, միայն նստած մի մեծբազկաթոռի վրա՝ ուշադրությամբ նայում էր օրիորդ Աննայի երեսին և զննում նրա դեմքի ամեն մի փոփոխությունը, ամեն մի արտահայտությունը բոլոր ընթերցանության ժամանակ: Քաջբերունին նկատում էր, որ այն տեղերը, ուր բանաստեղծը նկարագրում էր պատերազմական քաջագործությունները հայ հերոսների, կռվի աղմուկը, թշնամու կոտորածր և քաջ Վարդանի խրախուսական ձայները օրիորդի դեմքը բացատրում էր խորին քաջազնական ոգևորություն, և նրա սիրուն աչքերը բոցավառվում էին սարսափելի փայլողությամբ: Կարծես ինքը սուրը ձեռքին կռվի դաշտում պաշտպանում է հայրենիքը: Իսկ այն տեղերը, ուր նկարագրվում էին ուրացողների թուլասրտությունները, Վասակի մատնությունները և կամ հայոց քաջերի ընկնիլը պատերազմի դաշտում, օրիորդի դեմքը մռայլվում էր, և մի քանի անգամ Քաջբերունին տեսավ, որ նա գաղտնի երեսը շրջեց դեպի մյուս կողմ և սրբեց արտասուքը աչքերից:

Արամյանը հոգնելու չափ կարդաց:

Քաջբերունին նկատելով, որ ընթերցանությունը հետզհետե ճնշող տպավորություն է գործում օրիորդի վրա, խնդրեց Արամյանից` դադարել կարդալուց:

— Շա՛տ ապրիս, շատ լավ ես գրել, — խոսեց տիկին Եղիսաբեթը, — աստված ավելի շնորհք տա:

— Անկեղծությամբ եմ ասում, — խոսեց օրիորդը, — ես մինչև այսօր քանի — քանի գրվածքներ, թե՛ ոտանավոր և թե՛ արձակ շարադրություններ եմ կարդացեք Վարդանանց քաջերի վրա, բայց մինչև այսօր նրանց ո՛չ մինը այն ազդեցությունը չէ գործել ինձ վրա, ինչպես ձեր գրածը:

— Այդ ձեր ազնիվ զգացողությունից է, — պատասխանեց Արամյանը:

— Ինչո՞վ պիտի վարձատրես դու Արամյանի աշխատությունը, — ասաց տիկին Եղիսաբեթը. — նա բավական հոգնեցավ, քաղցրավենիք կամ ինչ որ ունինք, գնա բեր:

Օրիորդը վեր կացավ և մի քանի րոպեից հետո մատուցարանի վրա բերավ զանազան տեսակի խիստ վարպետությամբ պատրաստած մուրաբեք:

— Այդ մուրաբեքը Աննայի եփածն է, — ասաց տիկին Եղիսաբեթը՝ հրավիրելով հյուրերին ճաշակել:

— Այդպիսի չնչին բաներով միայն կարող ենք պարծենալ մենք՝ հայ օրիորդներս, — խոսեց օրիորդ Աննան: — Մեր ընտիր ձեռագործն է խոհանոցի պտուղ կամ դերձակի գործունեություն. մենք չունինք կրթություն և ոչինչ չենք ուսած. և մի լավ բան մեզնից չէ կարելի հուսալ. մի մադամ X... միայն կարող է հառաջանալ գաղղիացու պես ուսյալ ժողովրդից և ո՛չ անկիրթ հայ աղջիկներից:

— Ցավալի է ասել, — խոսեց Արամյանը, — որ այս քաղաքի աղջիկներն ըստ մեծի մասին զուրկ են և դրանցից. շատերը տակավին չգիտեն՝ հացը փռնումն են, թխում թե՞ բուսնում է որպես գետնախնձոր, և նույնիսկ թել ու ասեղ բանացնել ևս չգիտեն:

— Այո՛, վերին աստիճանի ստոր դրության մեջ է մեր վիճակը այս քաղաքում, — պատասխանեց օրիորդ Աննան, — մենք չունինք ո՛չ բարոյական և ո՛չ գիտական կրթություն, մենք չգիտենք ո՛չ տնտեսություն և ո՛չ կառավարություն, մի խոսքով` մենք աստծո ձեռքի ամենաանպետք արարածն ենք:

— Ձեր կարծիքը չափազանց խիստ է իգական սեռի մասին, — պատասխանեցին օրիորդին:

— Անձնախաբեությունը ոչինչ նշանակություն չունի, բացի վնասակար հետևանքներից, — պատասխանեց օրիորդը: — Ո՛վ չէ նկատում յուր թերությունները, նա կզրկվի ամենայն հառաջադիմությունից:

Նրանք դեռևս երկար խոսեցին այդ նյութի վրա, և օրիորդն առավել խելացի կերպով ապացուցեց, որ իրանց քաղաքում աղջիկները ոչ այլ ինչ են, բայց միայն "դատարկ խրծիկներ" կամ "երեխայի խաղալիքներ": Մանուկ տղամարդիկը բոլորովին համոզվեցան նրա ասածներից:

— Ե՞րբ եք մտադիր բեմի վրա ներկայացնել ձեր ողբերգությունը, — հարցրեց օրիորդ Աննան:

— Միտք ունիմ, որքան կարելի է, շուտով ներկայացնել, — ասաց Արամյանը:

— Ովքե՞ր են խաղալու:

— Մի քանի ուսանողներ մեր ընկերներից:

— Եթե մայրս թույլ տար, ես ևս մի դեր կվերցնեի, — ասաց օրիորդը:

— Այդ շատ լավ կլիներ. կամենո՞ւմ եք, մենք կխնդրենք նրանից:

— Ո՜չ, դուք միք խնդրիլ. ես ինքս կասեմ և կհամոզեմ նրան:

— Շա՛տ լավ:

Նրանք տաքացած խոսում էին. գիշերն աննկատելի կերպով անցնում էր: Քաջբերունին նայեց ժամացույցին և տեսավ, որ տասներկուսից անց է:

— Ժամանակ է տուն գնալու, — ասաց նա և վեր կացավ:

Արամյանը նույնպես վեր կացավ. նրանք պատրաստվեցան գնալու:

— Դուք կարծեմ, — ասաց օրիորդը՝ դառնալով դեպի Քաջբերունին, — մի քանի օր առաջ ինձ մի բան խոստացաք:

Քաջբերունի մտածման մեջ ընկավ:

— Մտքիցս գնացել է ամենևին, — ասաց նա:

— Որքան մոռացկոտ եք դուք, — խոսեց օրիորդն անկեղծաբար ժպտալով: — Դուք չխոստացա՞ք հայերեն պարապել ինձ հետ:

— Ա՛խ, այո՛, — ասաց Քաջբերունին, — ես սիրով կկատարեմ իմ խոստումս. առավոտվանից սկսենք:

— Շատ շնորհակալ կլինեմ, — ասաց գլուխ տալով օրիորդը: — Բայց դուք, պարոն Արամյան, եթե կարելի է՝ ձեր գիրքը թողեք ինձ մոտ, ես այս գիշեր կկարդամ մնացածը:

— Մեծավ ուրախությամբ, — պատասխանեց Արամյանը:

Նրանք հեռացան:

ԺԸ

Բավական ժամանակ հեռանալով Ճանճուր Իվանիչից, մեր ընթերցողը մի անգամ գոնե չմտաբերեց, թե ո՛ւր մնաց այդ մարդը, չնայելով, որ խղճալին այժմ ընկած է դժբախտության դառն հարվածի տակ:

Մենք մյուս անգամ կտանենք մեր ընթերցողին Ճանճուր Իվանիչի մոտ. նա այժմ հիվանդ պառկած է յուր մահճակալի վրա:

Այժմ մեր հինավուրց բարեկամին դու չես գտնիլ այնպես, ինչպես էր նա առաջ, ազնիվ ընթերցող. նա այժմ բոլորովին փոխված է, նրա բոլոր մարմինը փքված տիկի է նմանում և մսուտ դեմքը այժմ մաշված, դալկացած, սարսափելի է ինչպես մահ, և նրա աչքերը, դուրս ընկած իրանց բույներից, վառվում են էլեկտրական կրակով, որպես սոված գայլի աչքերը մթին գիշերային ժամուն:

Նա անտեր, անխնամ պառկած է մի փոքրիկ խոնավ սենյակում՝ յուր գործակատարի` Սիմոն Յագորիչի տանը. նրա մոտ նստած է և Սամիլ Պետրովիչը, որ եկել է մխիթարելու յուր անբախտ բարեկամին:

Առածն ասում է. "դժբախտությունը միայնակ չէ գալիս ", նույնը և հանդիպեցավ մեր խղճալի Ճանճուր Իվանիչին: Սկսած այն օրից, երբ բաժանվեցանք մենք նրանից, անբախտությունները միմյանց ետևից սկսան պաշարել նրան. մի կողմից տիկին Բաբբարեի և օրիորդ Սոֆիի շռայլ ծախսերը օրըստօրե ավելանալով՝ բոլորովին մաշեցին նրա հարստությունը, մյուս կողմից` նա վնասվելով յուր կապալների մեջ, նրա տունը և շարժական կայքերը աճուրդի դրվեցան արքունի փողի փոխարեն: Վերջին անցքը մինչ այն աստիճան զարհուրելի հարված էր խղճալի Ճանճուր Իվանիչի համար, որ նա կաթվածահարվելով` անդամալույծ դարձավ և կիսակենդան ընկավ անկողին` ողբալի կերպով սպասելով մահվան, որ հանգիստ առնի:

— Փիքր մի՛ անի, Ճանճուր Իվանիչ, — ասում էր Սամիլ Պետրովիչը, — էս աշխրքի բանը էդպես է. սանդուղքների պես մինը դվեր է գնում, մեկէլը ցած է գալի. էդ ամենը աստծու ձեռքին է. միր ձեռքին վուչինչ չկա. մարդի ճակատին ինչ վուր գրած է, էն պտի ըլի. Հոբ երանելին միտդ բի՛, քանի քամբախտութինների մեջ ընկավ, վուրթկերանցից, աղջկերանցից, տանից, տեղից, մի խոսքով՝ իր ամեն հարստութենից զրկվեցավ, մարմինը քրքրվեցավ, օրթունքն ուտում էր նրա ջանը, մագրամ ինքը էլի չէր նիղանում, էլի իր աստծուն փառք էր տալիս:

Խղճալի Ճանճուր Իվանիչը խորին անզգայությամբ դրված լինելով յուր մահվան խանձարուրի մեջ, ամենևին չէր լսում Սամիլ Պետրովիչի մխիթարանքները: Նա ընկղմված էր երևակայական ցնորքների մեջ:

"Տեհեր, Սիմոն Յագորիչ, վո՞ւնց խաբեցի քու Կուզմինին... չէ, դուն չիս գիդի իմ ուստութինը. ես սատանին կու նալիմ... հիմի գնա ղո՛չաղ կաց. ինչպես գուզիս՝ շինե կազոննի տնիրը, էդ շանվոլրթի ինժիները էլ չի ասի՝ լամա՛յ... Ես նրա ռեխը մե բան քցեցի՝ նա է` լ չի հալի քիզ վրա...":

Խղճալի Ճանճուր Իվանիչը, յուր մահվան զառանցանքի մեջ, երևակայությամբ դարձյալ գնացել էր Կավկա. նա խոսում էր յուր գործակատարի հետ և պարծենում էր յուր գործունեության վարպետություններով:

Սիմոն Յագորիչը լսելով յուր տիրոջ ծանոթ խոսքերը, անցյալը մի ակնթարթում նրա աչքի առաջ հանդիսացավ, նա հիշեց յուր Կավկայի կյանքի ոսկեդարը, երբ այնքան առատ հունձ էր անում. նա հիշեց վերջին դժբախտությունները, և նրա սիրտը փղձկեցավ:

"Է՜յ, կուչեր, ո՞ւմն ին էտ ձիանիրր... ո՞ւմն է էտ կառեթը... (շարունակեց հիվանդը յուր զառանցանքը) նա ինձ գլուխ է տալիս... կոսիս թե ես դրա աղան ըլիմ... Հա՜... հա՜... հա՜... իմն ի՞ն... կնիկս առնել էրի՜տ... ա՜խ, անիծյալ լինիք դուք, Բարբարե, Սոֆի... Դուք իմ տունը քանդեցիք...":

— Խե՜ղճ մարդ, — կրկնեց արտասուքը սրբելով Սիմոն Յագորիչը, — յուր տան անկարգությունները մահվան դեմ էլ նեղացնում են իրան...

Մի քանի րոպե լռեց Ճանճուր Իվանիչը և շարունակեց վրացերեն լեզվով.

"Վաթսուն տարի չարչարվեցա, հոգի, մարմին, հույս, հավատ և ամեն ինչ մաշեցի... հարստություն ժողովեցի, տուն ու տեղ ունեցա, բոլորը մի քանի րոպեում ջնջվեցավ... Անիծյա՛լ աշխարհ, այս է քո էհտիբարը... ի՞նչու չես գալիս, սիրելի մահ. գնանք քեզ հետ մյուս աշխարհը, տեսնենք այնտեղ ի՞նչ կա... բայց նա այս աշխարհի նման ի՞նչպես կլինի... այնտեղ ձուկը, Կախեթու գինի, փոդրաթներ չկան... այնտեղ փող չկա... այնտեղ բոլորն աղքատ են... այնտեղ հրեշտակներն էլ մերկ են ման գալիս... ":

Նա փոխեց յուր խոսքը.

"Ա՜խ, Սոֆի, Սոֆի... անիծվի՛ս դու, անզգամ աղջիկ... դու իմ տունը իստակ քանդեցիր... քեզ վրա որքան մսխեցի իմ սիրելի կոպեկները... նրանք էին այնքան դառն հոգսերի... այնքան սև օրերի... նրանք իմ արյան, իմ կյանքի, իմ դառն քրտինքների գինն էին... Ա՜խ, ուսո՜ւմ, ուսո՜ւմ... թքեմ քո մոգոնողի երեսին... դու փչացրիր իմ աղջիկը... նա թողեց մոր տունը, ձգեց յուր ծնողները և փախավ մի շառլատանի հետ... Ա՜խ, ուսո՜ւմ, ուսո՜ւմ, անիծվի՛ քո մոգոնողը... Չէ՛, այդ ուսում չէր... այդ զա՛հրումար էր...":

էլ չխոսեց խղճալի հիվանդը, վերջին խոսքերով նա կնքեց յուր մահկանացուն:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8147 | 0 | 0
Facebook