Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն. Մաս 2

17:30, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն. Մաս 2

Սկիզբը՝ http://my.mamul.am/am/post/72359
    
    
Դու չունենալով տարրական կրթություն, տառաճանանչ անգամ չլինելով, որ՞տեղից գիտեիր դու այդքան բան Տատ, հիմա եմ հասկանում որ դու այն ժամանակ քո խրատներով, քո գիտեցածով, քո իմաստությամբ ինձ հենց դա էիր ուսուցանում, դա էիր ինձ բացատրում, որ երբ գա այդ չար և դաժան ժամանակները, ես կարողանամ մնալ մարդ, չկորցնեմ խառնամբոխի մեջ իմ մարդկային դեմքը, որպեսզի հետո հանդիպեմ քեզ հավիտենական կյանքում Տատ ջան....
     Հիշում եմ թե քանի քանի անգամ էիր ինձ ստիպում ու համոզում, որ կարդամ քեզ համար հայրենասիրական, խրատական դրվագներ տարբեր գրվածքներից և գրքերից, դեռ երեխա ժամանակ քո շնորհիվ ես անգիր էի արել Հովհ. Շիրազից "Սիամանթո Խաջեզարե", "Հայոց դանթեականը", "Հուշարձան մայրիկիս"" և "Հուշարձան հայրիկիս", Սերո Խանզադյանից "Մխիթար սպարապետը", Խաչիկ Դաշտենցից "Ռանչպարների կանչը", Րաֆֆուց "Դավիթ բեկը", "Կայծերը" և "Խաչագողի հիշատակարանը" գրվածքների բազմաթիվ պատառիկներ ու բանաստեղծություններ: Հիում ե՞ս թէ քանի -քանի անգամներ էիր ինձ կարդալ տալիս "Մխիթար սպարապետից" Մարաղայի ճակատամարտի այն հատվածը որտեղ Դավիթ բեկը և իր Սարգիս հարյուրապետը տեսնելով իրենց օգնության շտապող Մխիթար սպարապետի այրուձին և նրանց, այդ պահին հեռվից չճանաչելով ու թուրքական այրուձիի տեղ ընդունելով սգում էին հայի բախտը և հայոց ճակատագիրը _Վա՜յ մեզ, Վա՜յ մեր աշխարհին:
     Ինքդ տառաճանաչ չլինելով, քանի քանի անգամներ էիր ինձ հորդորում, որ կարդայի Շիրազի "Հուշարձան մայրիկիս" գրքից "Գտա" բանաստեղծությունը, նաև մայրիկի ու կնոջ անհամեմատելի համեմատության մասին գրված նրա բանաստեղծությունները, "Սիամանթո խաջեզարեից" այն հատվածները որտեղ Շիրազը մեծագույն վարպետությամբ ու վառ գույներով նկարագրում էր հայոց սքանչելի լեռնաշխարհը իր բազմաթիվ ու բազմագույն հրաշքներով, գետերով, լճերով և աղբյուրներով: Բազմաթիվ անգամներ կարդալ էիր տալիս խավերով տարբեր ու անհամատեղելի էակների Սիամանթոյի և Խաջեզարեյի ողբալի ավարտ ունեցած անմեղ սիրո պատմությունը, Խաջեզարեի ողբը Սիամանթոյի վրա: Տատ որքան խորհրդավոր լռությամբ էիր լսում Րաֆֆու "Կայծերի" և Խաչիկ Դաշտենցի "Ռանչպարների կանչը" վեպերի հերոսների հայրենանվեր քաջագործությունների մասին, հայրենիքի մասին տվյալ հերոսների՝ ֆիդայինների զրույցները և մտորումները: Այնուհետ՝ հեղինակներից ոչ պակաս խելամիտ դատողություններով սկսում էիր ինձ հետ զրուցելով քննարկել մեր ազգի ճակատագրի մասին, ազգիս ոգու, ուժի և թուլությունների մասին, առավելությունների և թերությունների մասին, հայ ազգիս նվաճումների, ձեռքբերումների, այնուհետ կորուստների մասին: Հիմա եմ հասկանում թե որքան խելամիտ ու կշռադատված էիր մտածում դու այն ժամանակ, հիմա եմ տեսնում, որ մեր տանջված ազգի մասին քո ենթադրություններից ու կանխատեսումներից շատ բաներ արդեն իրականություն են դարձել:
     Տատ ուզում եմ հասկանալ թե այդքան իմաստություն և անսխալ կանխազգացումներ որտեղից ու ինչպես էր հավաքվել մի անուս և տանջված, կյանքի հիմնական մասը բարեգործություններով ապրած կնոջ մեջ: Սիրով ու թաքցված ցավով էիր լսում հատկապես քո պապերի երկրի, բնակավայրի, գյուղի մասին պատմող Րաֆֆու "Խաչագողի հիշատակարանը" վեպից Րաֆֆու նկարագրությունը Սալմաստ գավառի Սավրա գյուղի և այդ գյուղի բնակիչների մասին, մեր պապերի ապրելակերպի մասին լավ ու վատ նկարագրությունները, քանի -քանի անգամ եմ և ուրախության և տխրության արցունքի կաթիլներ նկատել քո աչքերում այդ բոլոր ստեղծագործությունները կարդալիս Տատ ջան:
     Հիշում եմ, թե իմ հորաքույր և քո դուստր Սվետայի հետ ինչպես էիր վիճում թե ո՞վ է ավելի վարժ կարողանում կարդալ, ես, թ՞ե հորաքրոջս որդի Ռոբերտը, այնուհետ երկուստ էլ մեզ հորդորում էիք ընթերցել որևէ մի գրվածք ցանկացած գրքից, հիմա եմ հասկանում, որ ես այն ժամանակ քո հպարտությունն էի, որը կամաց- կամաց դառնում էր քո աշակերտը:
     Որքան շատ էիր սիրում խոսել քո լեզվով ասած Էփրեմվերտու գրքի մասին և բազմաթիվ օրինակներ բերել նրա կանխագուշակումներից, մեծանալուց հետո ման եկա ու գտա տեղեկություններ քո Էփրեմվերտու մասին: Տատ նախ դա մարդ չէ, դա հեղինակային գրվածքի անուն է, այդ գրվածքի հեղինակը եղել է հայազգի կաթոլիկ հոգևորական Սարգիս Արքեպիսկոպոս Սաֆարյանը: Նա ծնվել է 1709 թվականին, եղել է կրոնական առաջնորդ, ապրել ու ստեղծագործել է տարբեր երկրներում, այնուհետև Վենետիկում կարողացել է սեփական տպարան հիմնել (1742-1752 թ.թ.) և տասը տարում հրատարակել 15 անուն գիրք, որոնցից մեկն էլ եղել է հենց Էֆիմերտեն: Վախճանվել է 1773թվ. Լիվոռնոյում: «Եփրեմվերդին» հունարեն «Էֆեմերիտե» բառից է, որ նշանակում է աստղագուշակություն: Տատ ջան ինքդ լինելով բարեպաշտ հավատացյալ քրիստոնյա, սակայն լինելով անուս, չես իմացել որ դա սնոտիապաշտ գրվածք է, աստղագուշակություն է, ինչքան էիր կրկնում այդ գրքից կամ քո երիտասարդ տարիներին այլ սնոտիապաշտ մարդկանցից լսած գուշակումները:
     Սակայն այսպեսի մի մեծական ու խրատական խոսք կա, ասում են որ, սուտը եթե անընդհատ կրկնվում է, ապա իրականություն է դառնում, կամ էլ ընդունվում է իրականության տեղ, դրա համար սրտի ցավով պետք է ասեմ, որ քո լսածներից ու ասածներից շատ բաներ այսօր իրականություն են դարձել իմ իմաստուն ջան, իրականություն են դարձել թեկուզև որոշակիորեն:
     Ասում էիր որ. _Բալա ջան Էփրեմվերտին ասելի ի որ կիգա ժամանակ որ կնիկ ու տղամարդ չեն տարբերվի, մեկ կըլնեն, կնիկը մազերը կկտրի կխագնի տղամարդի շոր, տղամարդն էլ երգան մազեր կունենա ու լաչակ կկապի..... _ Բալա ջան Էփրեմվերտին ասելի որ կնիկ ու տղամարդ, մեծ ու պուճուր, հարազատ ու բարեկամ հմեն մի յորղանի տակ կմտնեն..... _Բալա ջան կիգա աճուճ -պաճուճների (գաճաճների) ժամանակը... _ Բալա ջան մեր խայ ազգը հլա շատ կտանջվի ու շատ կուրախանա, շատ կպակասի ու էլի կհավելանա, մենք չենք տըսնի, համա մեր ազգը կմեծանա ու կդառնա սորվցնող շատ ազգերին:
     Այդպիսի շատ ու շատ կանխագուշակումներ էիր անում և խորհուրդներ էիր տալիս որ նման դեպքերում ոնց պետք է իսկական հավատացյալ մարդը ու իսկական հայը իրեն պահի և դրսևորի, չկորցնի իր մարդկային ու ազգային իրական դեմքը:
     Իմ հրաշք Տատ ջան..... Այո, ասածներիցդ ոմանք արդեն իրականություն են դարձել, ոմանք ոչ ուղիղ իմաստով, այլ փոխաբերական իմաստով, ոմանք հենց ուղիղ իմաստով, ոմանք էլ մասամբ, տատ շատ բաներ էլ կան դեռ չեն իրականացել, սակայն հասկանում եմ, որ աշխարհի այսպեսի ցավալի փոփոխությունը և օր օրի մարդկության դեպի անդունդը գլորվող արարքները տանելու են դեպի մնացած բացասական քո կանխագուշակումները:
     Իմ երկնային այժմյան հրեշտակ ջան, դու ինձ սովորեցնում էիր Աստծո տասը պատվիրանները, _Մի շնացիր, _Մի ստիր, _Մի սպանիր... Տատ ես այդ ժամանակ փոքր էի ու չեի հասկանում դրանց իրական իմաստը և խորհուրդը, շատ ափսոս, որ մեծանալուց հետո շատ ուշ հասկացա, շատ դեպքերում զգալով իմ սեփական մաշկի վրա, սակայն հասկացա:
     Իմաստուն իմ պահապան, քո խելամիտ խորհուրդներով դու ինձ սովորեցնում էիր, որ ինչ էլ լինի, ինչպես էլ ապրեմ, որտեղ էլ լինեմ, ցանկացած դեպքում, ցանկացած ժամանակ ու ցանկացած իրադրության մեջ մնամ մարդ, մնամ անկաշառ, լինեմ սիրող բոլորին, անգամ անծանոթ, բայց սխալ ապրող, մեղսավոր մարդկանց հանդեպ լինեմ զիջող և արդարացի, չտրվեմ նյութականին, չգնվեմ ու չվաճառվեմ ոչ մի արժեքով, ոչ մի դեպքում չընկճվեմ դժվարություններից ու ձախորդություններից: Խորհուրդ էիր տալիս քո գյուղական, բարի ու անուս բառապաշարով Տատ ջան, սակայն խորհուրդներտ շատ խելամիտ էին հնչում ու շատ հեշտ ըմբռնելի իմ պատանեկան ուղեղիս համար:
     Իմ կյանքի, իմ հոգևոր իրական և առաջին ուսուցիչ, մնում է, որ կատարվի ազգիս վերաբերյալ քո լավագույն կանխագուշակումները, վատագույները կատարվել են արդեն և դեռ շարունակում են կատարվել, վստահ եմ, որ դու հիմա Աստծուն ավելի մոտ ես իմ հրեշտակ ջան, հուշիր նրա ականջին, որ հերիք է, այսուհետ թող շարունակի բարի աչքով նայել իմ բազմաչարչար ու ստեղծագործ ազգին, չէ որ ինչպես ինքն է սիրում երկնքից կատարել իր զարմանահրաշ ստեղծագործությունները երկրի վրա, այդպես էլ իմ հայ ազգն է կատարում բազմահրաշ ստեղծագործություններ երկրագնդի տարբեր ծայրամասերում, ապրելով հենց այդ երկրագնդի վրա: Մեր տանջված ու խելամիտ Տատ, երանի կարողանայիր բարձրացնեիր գլուխդ և տեսնեիր ինչ է կատարվում այս մեղսագործ աշխարհում, ինչպես են մարդիկ տրվել և նյութականին և անմարդկային ցանկասիրություններին, անհագուրդ անասնական բնազդով ինչպես են տրվում սատանային, ուրանալով թե հարազատ, թե որդի, թե ծնող և թե հայրենիք, իսկ որ ամենակարևորն է՝ ուրանալով անգամ ամենակարող Աստծուն...
    
     Սամվել Ստեփանյան
    
«Արահետ» պրոդյուսերական կենտրոն
ի հիմնադիր
    
    
     Շարունակելի.....

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6881 | 0 | 0
Facebook