Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:27, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Հարճը /հատված/


    

Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռոյթ,
     Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մէջ հորձանուտ
     Կարծես վայրկեան մը այլևըս աչքերե կ'անհետի`
     Ինչպես երկնի մէջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:
     Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,
     Գեղեցկութէան այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
     Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
     Որոնց մէջ կաթն իսկ կ'եռա հուզումներէն սաստկագին.
     Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
     Կարծես երկար կրթըւած կախարդ սրինգով ներդաշնակ.
     Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբոյշ.
     Եվ բոլորին իբր առանցք մէջքն ուռիին պես քընքոյշ`
     Որուն շուրջ մարդ պիտ' ուզեր բազեղի նման փաթթըվիլ,
     Եվ վերջապես հիւթասպառ բաղեղի նման թառամիլ:
     Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մէջ սաստկօրէն
     Իբրև օրենք մարմինին բիւր ձևերուն հոյաշեն.
     Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բիւրեղ
     Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.
     Եղունգներով հինայւած մատերէն վար աղածրի`
     Դաշնակութիւն մ'հրաշալից մազերուն մէջ կը ծորի:
     Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես
     Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
     Սըրտին մէջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր
     Կը զեղու սրահն` ուր շատօնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:
     Կոհակներուն մէջ լոգցող աղկիոնին հանգունակ
     Ան կը լողա մատերուն երգերուն մէջ ներդաշնակ`
     Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
     Ցանցին մէջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`
     Որոնք, ալիք առ ալիք, կ'երթան սըփռիլ ման ի ման
     Ասպետներուն գըլխուն վրայ արշալոյսի մը նըման:
     Կոչնականները գինվո մէջ թաթախւած, տըռփագին,
     Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին
     Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:
     Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղօրէն կը ճախրե՜:
     Երբոր ետև կը թէքի` կուրծքին վըրա հոյաշեն
     Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.
     Եվ վարսէրն իր վիժանուտ, ուսէրն ի վար հոսելով,
     Կ'երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.
     Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…
     Հոգվոյն մէջ` ծով, շուրջը` լոյս, ան Կիպերեան Աստղիկն է`
     Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ
     Փորձեր կ'ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
     Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,
     Վերջին թափով կը սուզի կապոյտին մէջ վերասլաց
     Թողլով որ քողն ամպերէն հորձանապտոյտ իյնա վար
     Տիոնիսեան բագնին վրայ, գինիին մէջ հըրավառ:
     Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին
     Հոն թաթախեց դիրտին մէջ ամեն մարդու բաժակին:
     Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ'ուռեր ծոցն իր լուսեղեն,
     Երբոր վերջին ճախրին մէջ Տրդատ բըռնեց բազուկեն
     Եվ ծունկին վրայ նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր:
     Վարսէրն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.

Ձեռքերուն մէջ դեռ տենդոտ, Բագրատունվոյն ճոշին վրայ
     Կը դողային բամբիռներն իր մարմնոյն պես դիւրազգա:
     Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի
     Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի.
     – «Նահապե՛տ, ո՞վ է, – ըսավ, – վարձակը այս լուսաստինք:
     Եթէ Աստղիկ երկնի մէջ Վահագնի մ'օր հանձներ զինք,
     Ու կաթիլները սէրմին ըլլային նոյնիսկ աստղեր`
     Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր:
     Այս կինն ինձ տուր, եթէ չէ օրեն` որ մենք ընենք վեճ.
     Արշալոյսին թող մեկնիմ արշալոյսն այս գրկիս մէջ»:
     Բազմականներն ըսկըսան նախանձահոյզ քըրքըջալ.
     Բակուր ծածուկ մախանքե մ'ակռաներն իր ձիւնափայլ
     Սեղմեց. և նուռ մ'որ ձեռքին մէջ բըռնած էր այն ատեն,
     Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.– «Իշխա՛ն քաջազեն,
     Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,
     Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդէմ վես
     Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ`
     Թէ իմ հարճս է, և չ'ըլլար քեզ աղախին մը նըսեմ:
     Եթէ կ'ուզես` որ մեր զոյգ բաժակներն այս մըտերիմ
     Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ`
     Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած
     Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած
     Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին`
     Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ'հեշտագին:
     Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով`
     Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով`
     Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մէջ անհայտ:
     Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ
     Զանոնք առած բերանին մէջ համբուրեց կըտղանքով`
     Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով:
     Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին
     Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մէջն ագուռին:
     Ամեն մարդ հոն թափվելիք արեան մը հոտը կը զգար…
     Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար.
     Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին`
     Որ կինն իր տան մէջ կը լլկեր` իբր իր ողկոյզն իր տաշտին:
     Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց.
     Հրեղեն սիւնի մ'էր նըման, դահլիճին մէջ` վերամբարձ.
     Կոպիճներուն մէջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ
     Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ:
     Ձախ թևով հարճը գըրկեց, հետո– «Հա՜, հա՜, – քըրքըջաց, –
     Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրւած»:
     Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերէն,
     Հուժկու ձեռքով սեղանին վրայյե խըլեց, իբրև զեն,
     Մեծաքանդակ ըսկուտեղ մ'ամբողջ պղնձով կուռ ձուլւած,
     Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց.
     Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին…
     Վերնատան մէջ ահեղ ճիչ մ'արձակեց տան տիրուհին,
     Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.
     Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած:
     Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,
     Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արիւնառուշտ խլելով`
     Գընաց բաղխիլ դիմացի մարմար սիւնին մեծադղորդ
     Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ:
     Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր`
     Որուն խըլւած ականջեն, ճըմլւած քունքեն կը հոսէր
     Հոն գինիի սափորին մէջ արիւնն իր թըխագոյն,
     Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, յանկարծոյն,
     Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց.
     – «Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ.
     Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափոյթ,
     Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրոյդ`
     Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թոյնն ոխութէան.
     Դուն հոս արիւն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն:
     Զիս հեռացուր այս երկրեն, եթէ չէ գործ մ'արքենի
     Որ ասպետի մը վրիպած հարւածը կին մ'ընդունի»:
     Ու ավելի ցած ձայնով հարեց.– «Ես քեզ կը սպասեմ
     Արշալոյսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդէմ
     Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմէջե
     Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն:
     Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,
     Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրայ տիտան»:
     – «Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ,
     Դեռ ճրագդ արփվոյն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»:
     Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մէջ շողարծարծ,
     Տալով կամա երևոյթը մեկնումի մը անդարձ,
     Գընաց թամբեց երիվարն ու խավարին մէջ, անտես,
     Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես:
     Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,
     Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.
     Լոկ կոյր գուսան մ'երգին մէջ անվերադարձ տեսլացած`
     Դեռ լռութէան մէջ կը նվագեր սիւնի մը հաղթ կռթընած:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4661 | 0 | 0
Facebook