Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը /7.Հրաժեշտ Ուտրեխտին 8.Ռոտերդամը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:19, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը /7.Հրաժեշտ Ուտրեխտին 8.Ռոտերդամը
    

    
  • 17 авг, 2017 в 12: 06

    
Սրանով եզրափակում ենք Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդների մասին հուշագրությունների Երկրորդ մասը:
     2-րդ մաս-7, 8
     2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
     1/ 2/ 3/ 4
    
     7.Հրաժեշտ Ուտրեխտին
    
     Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել: Պետք է գայի այստեղ՝ Հեմինգուեյի անունը կրող սրճարանը, պայուսակիս մեջ՝ հենց նոր գնածս «Կիլիմանջարոյի ձյուները»: Պիտի արհամարհեի սրճարանի բարձր գները. վերջին անգամն է:
    
     Շուրթերս ընկղմվում են կապուչինոյի փրփուրի մեջ, ու ես ճաշակում եմ մի սուրճ, որը կարծես տաք փայտի համ ունի, բայց ավելի քաղցր է, որովհետև շաքարավազ եմ ավելացրել:
    
     Հետո գդալս խրում եմ տրիֆլի ափսեի մեջ: Հատապտուղները ճրթճրթում են ատամիս տակ, իսկ սերուցքը փափկացնում է այն: Վրայից նորից կապուչինո, ու հատապտուղների համը խառնվում է փայտին:
    
     Իմ առաջ Ուտրեխտն է. հեծանիվներով մարդիկ, Յանի եկեղեցին, մեքենաներ, շտապող հետիոտն ու չափից դուրս գորշ երկինք, որը եկել է ապացուցելու, որ Հոլանդիայում իսկապես եղանակն անկանխատեսելի է, որ արևոտ ու շոգ օրվա վերջում կարող է անձրև գալ:
    
     Ամպերի գոռոց ու կայծակ: Կապուչինոյի համը, վրայից՝ հատապտուղներ: Անձրևի առաջին կաթիլները, քամի: Ուտրեխտը հիանալի է:
    
     Իսկ ցերեկը նստել էի ջրանցնքերից մեկի ափի իսպանական ռեստորանում:
    
     Սերուցքի համը՝ գումարած մորի:
    
     Անձրևն ուժեղանում է: Տեղափոխվեցի մյուս սեղանի մոտ: Ուտրեխտը մթնում է, Ուտրեխտը ոռնում է:
    
     Իսպանական ռեստորանում մատուցողի հետ փորձեցի իսպաներեն խոսել: Չհասկացավ:
    
     Անձրևն է´լ ավելի ուժեղացավ:
    
     Դարչինի համ. սերուցքի մեջ դարչին կա:
    
     Քամին ուժեղանում է, անձրևը բլոկնոտիս է հասնում:
    
     Դարչինի հոտը Ուտրեխտում: Ամեն առավոտ շնչում եմ: Դարչինով պիտի Ուտրեխտը հիշեմ:
    
     Իսպանական ռեստորանում տապակած կալմար պատվիրեցի:
    
     Կապուչինոյի վերջին կումը, բայց բաժակի հատակում փրփուր մնաց:
    
     Անձրևը հասնում է դեմքիս, մի կեսս լվացել է: Ամպերն ավելի ուժեղ են գոռում:
    
     Տապակած կալմարն իմ սիրած տապան է: Հիշում եմ Կարմոնան, որտեղ ես ու Մարուշան միասին տապակած կալմար կերանք:
    
     Տրիֆլի ափսեի հատակում թաց խմոր կա, բայց իմ անձրևոտ կեսից թաց չէ:
    
     Մյուս կեսս չոր է. հովանոցի տակ է մնում: Ամպերը խլացնում են:
    
     Իսպանական ռեստորանում café con leche ուզեցի, բայց մատուցողը կապուչինո հասկացավ. այսօր երկրորդ կապուչինոն եմ խմում:
    
     Անձրևը կամաց-կամաց փոքրանում է: Մարդիկ փողոցներում չեն քչացել, բայց անձրևանոցներով են: Տրիֆլի վերջին կտորները:
    
     Իսպանական ռեստորանում մատուցողին ասացի gracias և հեռացա:
    
     Ուտրեխտում անձրևն Ամստերդամի նման չէ. կոշտ ու աղմկոտ է, ինչպես Երևանում:
    
    
     8.Ռոտերդամը
    
     Ռոտերդամի Հյուսիսային կայարանում կանգնած էր Պոլը՝ շորտերով և հերթական լաքայոտ մայկայով: Երևում է՝ չէր հասցրել քրտնել: Շոգից բողոքում էր, ու ինձ պարտադրել էր չուշանալ:
    
     Վերցրեց ինձ, միասին գնացինք իր տուն, որ ճամպրուկս շպրտենք, դուրս գանք, ուղղվենք դեպի գազանանոց: Դեռ անցյալ անգամ, երբ Միչի ու Աննիի հետ գնացինք Ամստերդամի կենդանաբանական այգի, Պոլը պնդում էր, որ Ռոտերդամինն ավելի լավն է: Բնականաբար, ես չէի կարող այն տեսնելու առիթը բաց թողնել: Իմ մեկնելուց առաջ արդեն որոշել էինք, որ Ռոտերդամում գտնվելուս մեկ օրը գազանների հետ ենք անցկացնելու, ու Պոլն արդեն տոմսերը պատվիրել էր:
    
     ...Եվ իրոք... Նախկինում, երբ հարցնում էին, թե որտեղի գազանանոցն է ամենից շատ դուրս եկել, առանց երկար-բարակ մտածելու պատասխանում էի՝ Լայպցիգի: Հենց այնտեղից ինձ մնացել է "Leipzig Zoo" գրությունով անձրևանոցը, որը մի ժամանակ Երևանում էլ էի հագնում ու վազվզում՝ Լայպցիգի գազազանոցից փախածի տպավորություն ստեղծելով:
    
     Բայց Ռոտերդամի գազանանոցում լինելուց հետո արդեն դժվարանում էի ասել, թե որն է ավելի լավը: Վերջիվերջո, այստեղ կար ինձ համար այդքան սիրելի թիթեռների տունը, ինչը տեսել եմ միայն Ամստերդամում ու մեկ էլ Վիեննայում:
    
     Ես ու Պոլը հասցրինք բոլոր կարևոր կենդանիներին տեսնել, թեև ավելորդ քաշն ու հիվանդությունը թույլ չտվեցին, որ մի պտույտի էլ ձգի, որպեսզի կարողանանք ակվարիում էլ գնալ: Ասենք, ես էլ էի հոգնած, ու ծովային հարստությունը տեսնելու մեծ ցանկություն չունեի:
    
     Տուն գնալու ճանապարհին որոշում ենք, թե ինչպես ընթրենք: Պոլը երկու տարբերակ ուներ. կա´մ ինքը կպատրաստի (ի դեպ, շատ համեղ է ստացվում. նախորդ անգամ հասցրել էի համոզվել), կա´մ կգնանք կենտրոն՝ որևէ ռեստորան:
    
     Չգիտեմ ոնց կանգնեցինք ռեստորանի վրա:
    
     Իսկ Ռոտերդամի կենտրոնը քամոտ էր, բարձրահարկ շենքերով: Լրիվ ժամանակակից քաղաքի տպավորություն էր թողնում: Մի պահ ուզում էիր մոռանալ, որ նման թիթիզության պատճառն ընդամենը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռմբակոծվելն էր:
    
     Ու գնացինք իտալական ռեստորան: Հիշում եմ՝ մոտ երկու ժամի չափ տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք:
     - Բլոգի իմաստը չեմ հասկանում, - ասաց, - մարդուն հարցնում ես՝ ո՞նց ես, պատասխանում է՝ բլոգս կարդա: Բայց ախր ես իրեն եմ հարցնում: Եթե ուզենայի բլոգը կարդալ, ոչինչ չէի ասի: Էսպես մարդկային շփումը նվազում է...
    
     Քնեցի նույն սենյակում, նույն մատրասի վրա... Մի տեսակ կարոտել էի:
    
     Առավոտյան միասին գնացք նստեցինք: Պոլն ինձ ուղեկցեց մինչև Ամստերդամի օդանավակայան, ու այդպիսով ավարտվեց երկրորդ ճանապարհորդությունս դեպի Նիդեռլանդներ։
    
     ______________________________________________

    
     __Շարունակելի...
     _____________________
    
     Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
     Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
3513 | 0 | 0
Facebook