Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարույր Սևակ - Սիրում եմ քեզ / Կարդում է Ազատ Մալխասյանը

Azat Malkhasyan
Հեղինակ`
Azat Malkhasyan
15:23, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Պարույր Սևակ - Սիրում եմ քեզ / Կարդում է Ազատ Մալխասյանը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

Դու մի’ հարցրու."Սիրո՞ւմ ես ինձ"

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
     Դու էլ հիշի’ր,
     Որ երբ իզուր հարց չեն տալիս`
     Սուտ պատասխան չեն ստանում:
     Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,
     Այլ մտածիր,
     Թե ջրհորի մութ խորության չափման համար
     Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ
     Քո ուզածից շատ ավելին:

Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,
     Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի:
     Պաշտամունքի մի ծես պիտի արվի այսօր,
     Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու` անծանոթ մի նոր աշխարհ,
     Ես` մի հմուտ աշխարհագետ,
     Որ վա՛տ գիտեմ, շատ վատ գիտեմ
     Բազմախոստում տեղանքը քո:
     Ու խոսում է մեջս կրկին
     Մոլի ոգին հետազոտման.
     Ուզում եմ քեզ անգիր անել,
     Մտքով գծել քարտեզը քո, _
     Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
     Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
     Որ մարդու ո՜տքը սայթաքի,
     Քան թե լեզո՛ւն:
     Ուրեմն արի ոչ թե խոսենք,
     Այլ մտովին քայլենք առաջ
     Այս անծանոթ ճանապարհով,
     Մինչեւ հասնենք հանգրվանի`
     Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
     Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,
     Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման,
     Եվ լինենք կույր` կրակի՛ պես,
     Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
     Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
     Այլ կծկըվո՜ւմ,
     Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,
     Դառնալով համ մեր բերանում,
     Մեր լարաթափ ջղերի մեջ,
     Շփոթահար մեր դեմքերին…

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
     "Սիրո՞ւմ ես ինձ":
     Ե՛ս քեզ հարցնեմ`
     Պտասխանիդ չսպասելով,
     Այլ օգնելով, որ ստանաս
     Նախկին տեսքդ աստվածուհու,
     Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,
     Որ դեռ չուներ գծված քարտեզ:
     Եվ իմ հարցին ի պատասխան
     Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.

"Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
     Իսկ դու օգնում ես հագնվել:
     Դու ուրի՛շ ես:

Սիրո՜ւմ եմ քեզ"…

Պարույր Սևակ - Սիրում եմ քեզ / Կարդում է Ազատ Մալխասյանը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
41092 | 0 | 0
Facebook