Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:11, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԳՈՐՇԱՎԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ


    

Անունն իրականում Կարապետ էր, բայց ո՞ր գյուղացին իրեն նեղություն կտար, որ ասի այդքան երկար բառ: «Կարո՛» .- այսքանն էլ որ ասում են, պիտի շնորհակալ լինես: Բայց ամեն անուն, քերականական լեզվով ասած, պիտի ունենա նաև իր լրացումը, առանց որի կարծես դատարկ է, հնչյունների անիմաստ խումբ: Իսկ, ա՛յ, լրացումը անվանը տալիս է իմա՛ստ, բովանդակությո՜ւն… Լրացում կա, որ մի ամբողջ բնութագիր է, մի բառ-կերպար: Այս առումով մի բառը հաճախ կարող է մրցել մի ամբողջ պատմվածքի, վեպի հետ: Այդպես էր նաև այս դեպքում: Նրան ասում էին Կաչաղակենց Կարո: Եվ այս լրացումը բնութագրում էր ոչ թե ընդամենը մի անձի, այլ մի ամբողջ գերդաստանի: Մի ժամանակ նրանց ծառերի վրա եղել էին կաչաղակների բներ, և գյուղացիներն էլ մականուն ընտրելու համար չէին չարչարվել, դես ու դեն չէի ընկել: Երկնքից ընկած անուն: Էլ ինչո՞ւ չարչարվել… Եվ անունը սոսնձվել, կպել էր նրանց: Ճշմարիտն ասած՝ լավ էլ սազում էր, որովհետև, չգիտեմ՝ անունի թելադրանքով, թե ինչի, ինչպես այդ գերդաստանից շատերի, այնպես էլ Կարապետի… Կարոյի ձայնի մեջ կային կաչաղակի ձայնի երանգներ:

Քանի որ ընդունված է, որ գեղարվեստական գործերն ունենան անսպասելի շրջադարձեր, ուստի թող տարօրինակ չթվա, եթե ես էլ այս նախաբանից հետո իմ հերոսի պատմությունն սկսեմ ոչ թե Գորշավանից, որտեղ ծնվել ու ապրել էր նրա ամբողջ գերդաստանը, այլ… Փարիզից:

Փարի՜զ, Փարի՜զ…

Օրերից մի օր իմ այս անսպասելի շրջադարձի պես անսպասելի կերպով Փարիզ ընկավ նաև գորշավանցի Կարոն: Որ ամբողջ պատմվածքի ընթացքում ընթերցողը չհարցնի՝ ինչպե՞ս, փակագծերը բացեմ սկզբից. ինքս էլ չգիտեմ… Ասում են՝ ինչ-որ ժամանակ նրանց ինչ-որ ազգական բնակություն է հաստատել Փարիզում, ու երբ բացվել են խորհրդային դարպասները, նա (դարձյալ չգիտեմ՝ ինչպես) «դասավորել» ու Փարիզ է տարել նաև Կարոյի որդուն: Կարծում եմ՝ ընթերցողն արդեն ինձանից շուտ կռահեց, թե մնացածն ինչպես է եղել, և ինչ պիտի գրեմ, ուստի, ժամանակ չկորցնելով, անցնենք առաջ:

Փարի՜զ, Փարի՜զ…

-Դա ո՛չ ասելու բան է, ո՛չ՝ լսելու: Տեսնե՛լ է պետք: Մնացածը բառեր են: - Վերադառնալուց հետո ասում էր Կարոն, և նրա կաչաղակային ձայնի մեջ ցավ կար, ափսոսանք, որ իրենց Գորշավանն էլ Փարիզ չէ:

Բայց Փարիզ տեսած մարդու պատմությամբ հիմա ընթերցողի հետաքրքրությունը չես շարժի: Եվ քանի որ այդ հանգամանքը գիտեմ նաև ես, ուստի կատարեմ ևս մի անսպասելի քայլ…

Ո՛չ, Փարիզը տեսնելուց հետո Կարոն ոչ թե աչքաբացվեց, լրջացավ, իմաստնացավ, այլ… գժվեց: Սակայն սա իմ կարծիքը չէ: Պարզապես այնտեղից վերադառնալուց հետո այս մարդն ինչ խոսեր, գյուղացիներն ասում էին.

-Հո գիժ չե՞ս…

Օրինակ՝ նա, ոչ ավել, ոչ պակաս, ասում էր.

-Մեր գյուղն էլ դարձնենք Փարիզ:

Իսկ գյուղացիները՝

-Դու հո…

Այստեղ ավելի էր բորբոքվում Կարոյի ինքնասիրությունը.

-Հա՛: Իսկ ի՞նչ է. Փարիզը երկինքի՞ց է ընկել:

Գյուղացիները՝ նորից.

-Էս մարդը լրիվ…

Հետո իրենք էին բորբոքվում.

-Էդ ինչպե՞ս, է, ինչպե՞ս…

Եվ Կարոն դարձյալ, մի քիչ հուզված՝ փորձում էր համոզել, որ Փարիզ կառուցելը ամենևին էլ դժվար չէ: Որ դա հրաշք չէ…

-Ընդամենը որոշել է պետք, ճիշտ նախագծել, որակով, գեղեցիկ կառուցել:

-Էդ ինչպե՞ս, է, ինչպե՞ս: - Նորից համառում էին գյուղացիները: - Էս մարդը լրիվ…

-Ինչու մենք աշխատե՞լ չգիտենք, լավ ճարտարապետնե՞ր չունենք, թե մեր խելքն է ֆրանսիացու խելքից պակաս: - Չէր նահանջում Կարոն:

-Չէ՛, դու լրիվ…: - Նորից իրենցն էին ասում գյուղացիները:

-Փարիզը տեսել, խելքը գցել է: - Ասում էր Նախրապանենց Համոն:

Եվ այստեղ պարզվեց, որ երբեմն մարդն ունենում է հատկանիշներ, որոնք չի տեսնում մի ամբողջ գյուղ նրա ամբողջ կյանքում… Կարոն ոչ մի կերպ չէր նահանջում, և գյուղը միայն նոր իմացավ, թե որքան համառ է նա:

-Մեր գյուղն էլ դարձնենք Փարիզ: - Շարունակ կրկնում էր նա: - Ընդամենը որոշել է պետք, ճիշտ նախագծել, գեղեցիկ կառուցել:

-Հա՛, մի հատ էլ Էյֆելյան աշտարակ տնկենք, որ կաչաղակները վրան բույն դնեն: - Ձեռ էր առնում Համոն:

-Մանավանդ որ մեզ միայն դա է պակաս: - Շարունակում էր մեկ ուրիշը:

-Մեզ շատ բան է պակասում, բայց մի բանից պիտի սկսել: Էս գյուղի ճակատին հո գրվա՞ծ չէ, որ գորշ ծնվի, գորշ մնա: Հազար տարի է, այստեղ ոչինչ չի փոխվել: Ամո՛թ մեզ: - Բարկանում էր Կարոն: - Դա դժվար չէ: - Նորից կրկնում էր նույնը, և արյան մեջ խոսում էր արժանապատվությունը: - Ընդամենը որոշել է պետք: Մենք ֆրանսիացուց ինչո՞վ ենք պակաս:

Եվ նրա համռությունը հասավ այնտեղ, որ իր մտահղացումը դրեց պաշտոնական հիմքերի վրա: Գորշավանում «Փարիզ» կառուցելու, «Փարիզում» ապրելու երազանքը նրան հասցրին… Չէ՛, շատ հեռու չհասցրին: Ընդամենը տարան գյուղապետի աշխատասենյան: Արդեն որոշել էր. պետք էր սկսել ամենահեշտ բանից՝ լույսերից: Առայժմ թեկուզ միայն գյուղի կենտրոնում պետք է տնկել մի քանի սյուն: Շատ ծախս հարկավոր չէ. մի քանի էլեկտրասյուն, մի քանի հարյուր մետր հաղորդալար: «Բայց անպայման՝ որակով, ինչպես Փարիզում է: - Մտածում էր նա: - Տղայիս էլ կասեմ, որ լամպերն այնտեղից ուղարկի»:

-Թող տեսնեն, համոզվեն, որ դժվար չէ: Մի բանից պիտի սկսե՞լ, թե չէ: - Մինչև գյուղապետարան հասնելը մտքում շարունակ կրկնում էր Կարոն:

Գյուղապետի մոտ նա մտավ այն պահին, երբ Համոն գոմի տանիքի համար տախտակներ էր ուզում: Վերջինիս ճանապարհելուց հետո գյուղապետը լսեց Կարոյին: Թե այդ ընթացքում ինչ էր մտածում նա, համոզված եմ, որ գիտի ոչ միայն Աստված, այլ նաև՝ ես ու ընթերցողը, ուստի պարզապես ներկայացնեմ երկխոսության սղագրությունը:

Կարոն ասաց.

-Լույս…

Գյուղապետը՝

-Փող…

Կարոն՝

-Սյուն…

Գյուղապետը՝

-Չէ՛:

Կարոն՝

-Սալիկ…

Գյուղապետը՝

-Ո՛չ:

Կարոն՝

-Փարիզ…

Գյուղապետը՝

-……………..

Այո՛, գյուղապետը էլ ոչինչ չասաց, և Կարոն նրա սենյակից դուրս եկավ վրդովված: Վրդովված, բայց ոչ կոտրված: Համառությունը չէր նահանջում:

-Ախր դժվար չէ: Ընդամենը որոշել է պետք: Ընդամենը՝ ցանկանալ: Պատկերացրեք հապա՝ փարիզյան լույսեր…: - Եվ աչքերի մեջ վառվում էին փարիզյան լույսերը: Գորշավանի մթնում վառվում էր փարիզյան լույսերի երազանքը…

Այդ լույսերը, սակայն, Գորշավանում ոչ միայն չէին ձգում որևէ մեկին, այլև, հակառակը, առաջացնելով հեգնական ժպիտ, վանում էին: Եվ Փարիզը տեսնելուց հետո խելքը գցած Կարոն մնաց մենակ: Մնաց մենակ, բայց չնահանջեց: «Մենա՛կ կսկսեմ, մենա՛կ կանեմ: Թող տեսնեն, որ դժվար չէ: Ձեռնարկել է պետք: Ընդամենը՝ ձեռնարկել»:

Գյուղապետը չառարկեց, որ Կարոն իր միջոցներով գնի էլեկտրասյուներ, հաղորդալար. որ նրա որդին ուղարկի փարիզյան լամպեր: Չառարկեց, բայց նաև ոգևորված չէր. ո՞վ էր մուծելու ծախսած էլեկտրաէներգիայի վարձը… Իսկ Կարոն որոշել էր. ինչ գնով էլ լինի, անելու է: Որդին Փարիզում լավ վաստակում էր: Մի քանի էլեկտրասյունն առանձնապես մեծ ծախս չէր պահանջի: Եվ Կարոյի երազանքը մի քիչ էլ ձգվեց, գնաց հեռու. գյուղի կենտրոնը բարձրորակ, գեղեցիկ սալիկներով կսալապատի, ինչպես Փարիզում է: Սալապատ մայթերին ծառեր կտնկի, կդարձնի ճեմուղի: Ու նրա երազանքն արդեն ամեն օր զբոսնում էր այդ ճեմուղում՝ փարիզյան լույսերի տակ…

Հակառակ նրան խելքի բերելու հարազատների ջանքերին՝ աշխատանքներն սկսեց բավական արագ: Արդեն բերել էր էլեկտրասյուները, սալիկները: Որդուն խնդրել էր, որ ուղարկի մի արկղ փարիզյան լամպեր: Մի խոսքով՝ աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով՝ ի զարմանս գյուղի: Շատերն ուրախացել էին, որ վերջապես իրենց գյուղն էլ մի քիչ ժամանակակից տեսք կունենա: Ոմանք թերահավատ էին ու ձեռքները թափ էին տալիս. «Մեկ է, բան դուրս չի գա»: Ոման էլ անտարբեր էին. կարծես այդ ամենն իրենց համար չէր: Իսկ Կարոն, ավելի քան երբևէ, իրենից գոհ էր. «Դե հիմա կտեսնեք… Ֆրանսիացին ինչո՞վ է մեզանից ավել»:

Գյուղի կենտրոնում մի քանի էլեկտրասյուն արդեն տնկել էին, լարերը միացրել, և ընդամենն այդ մի քանի սյունը Գորշավանին տվել էր քաղաքակիրթ տեսք: Կարոն քթի տակ ժպտում էր. «Դե հիմա կտեսնեք»: Սկզբում ամեն ինչ ընթանում էր լավ, բայց հաջորդ օրն արդեն խնդիրներ ծագեցին: Կարոն նկատեց, որ սյուները չեն տնկվում այնպես ներդաշնակ, ուղիղ, ինչպես Փարիզում: Դրանցից մեկը ծուռ էր այն աստիճանի, որ անմիջապես աչքի էր զարնում: Կարոն վրդովվեց, բարկացավ.

-Փարիզում այդպես չէ՛:

-Փարի՜զ, Փարի՜զ… Զահլա՛ տարար: - Բարկացան նաև շինարարները: - Գնա՛, Փարիզից մարդ բեր, թող տնկի: Շատ խոսես, ընդհանրապես չենք անի:

Եվ Կարոն չիմացավ ինչ ասի, որովհետև ուրիշ կռունկավար, ուրիշ վարպետներ չկային: Թեև նա գնել էր լավագույն սալիկները, բայց սալապատող վարպետները նույնպես դժգոհեցին. դրանք չունեին այն որակը, որն սպասվում էր: Գույնը այն չէր, շուտ կոտրվում էին: Կարոն դարձյալ վրդովվեց: Իսկ այն, ինչ կատարվեց հաջորդ օրը, նրան ուղղակի հանեց ափերից: Մի արկղ սալիկ չկար: Չկար նաև երկրորդ կարծիք. գողացել են: Կարոն այլևս չդիմացավ.

-Դե արի ու սրանց համար…: - Բայց լեզուն չպտտվեց, որ շարունակի: Մտքի մեջ՝ հեռվում, վառվում էին փարիզյան լույսերը…

Սալիկները գտնվեցին: Տարել էր Համոն, որ սալապատի գոմը: Մյուս օրը ևս անախորժություններից զերծ չէր: Մի բեռնատար բախվեց էլեկտրասյանն ու ծռեց: Կարոն նկատեց, որ սալապատող վարպետները նույնպես գործը որակով չեն անում. քայլելիս սալիկները շարժվում էին, ճեմուղին այնպես հարթ ու գեղեցիկ չէր, ինչպես Փարիզում:

-Դե գյուղ է, էլի: Գյուղի ճանապարհ: - Արդարացան վարպետները, բայց ծռված էլեկտրասյան նման արդեն ծռվել էր նաև Կարոյի հույսը:

Փարիզյան լամպերը հասան տեղ, սակայն շինարարական աշխատանքները դեռևս չէին ավարտվել: Ճիշտ է, գյուղի կենտրոնը հիմա ուներ մի քիչ այլ տեսք, բայց դա շատ հեռու էր Կարոյի պատկերացրածից: Փարիզում այդ ամենը մի տեսակ ուրիշ էր: Այստեղ աչքին անմիջապես զարնվում էին ծռված էլեկտրասյունը, որն այդպես էլ չուղղեցին, անհարթ շարած սալիկները: Եվ Կարոյի սիրտը կոտրվեց: Ծախսը արվեց, աշխատանքն արվեց, այստեղ նույն աշխատանքի համար գուցե և ավելի չարչարվեցին, քան Փարիզում, բայց արդյունքը… Ո՛չ այն է՝ պահանջեր, որ ամբողջ աշխատանքը արվի նորից, ո՛չ այն է՝ գործը թողներ անավարտ: Այստեղ արդեն Կարոյի համառությունը կոտրվեց: Ոչ միայն կոտրվեց համառությունը, այլև փոխվեց կարծիքը: Այլևս չէր կրկնում բազմիցս ասած խոսքերը և հասկացել էր, որ միայն որոշելը, նախաձեռնելը քիչ է, շատ քիչ… Եվ աշխատանքները թողեց ինքնահոսի: Շինարարներն էլ, օգտվելով առիթից, մի քանի էլեկտրասյուն պակաս տնկեցին: Սալապատող վարպետները ավելի քիչ տարածք սալապատեցին, քան նախատեսված էր: Հետո պակասեց էլի մի քանի արկղ սալիկ: Կարոն այլևս չէր խոսում: Արդեն համոզվել էր. Գորշավանը Փարիզ չի դառնա…

Շինարարությունը թերակատորումով ավարտվեց: Երբ էլեկտրասյուներին տեղադրեցին փարիզյան լամպերը, և հոսանքը միացվեց, պարզվեց, որ այստեղ նույնպես գործը արված է թերի. լամպերից մի քանիսը չէին վառվում: Վառվող լամպերն էլ գիշերվա մթնում ընդամենը ցույց էին տալիս Գորշավանի գորշությունը: Ու երևի արդեն կարիք էլ չկա ասելու, թե ինչու էր գյուղի անունը Գորշավան…

-Կարոն կաչաղակների համար սյուներ է տնկել: - Ձեռ էին առնում գյուղի սրամիտները, և նրանք կարծես ճիշտ էին, որովհետև հաղորդալարերին ամբողջ օրը նստում էին կաչաղակներ ու ծրտում գորշավանցների վրա:

Եկավ աշուն: Անձրևներից հետո սալապատ մայթը հիմա միակ ճանապարհն էր, որով հնարավոր էր քայլել: Մայթից այն կողմ ջրափոսեր էին, ցեխ: Իհարկե, ցեխով էր պատված նաև ամբողջ մայթը, և նույնիսկ չէր նկատվում, որ ցեխի տակ թանկարժեք սալիկներ են: Լույս վառվում էր միայն մեկ էլեկտրասյան վրա, որովհետև գյուղի պարսատիկավոր տղաները հանել էին մյուս բոլոր փարիզյան լամպերի աչքերը:

Երբ մի օր՝ երեկոյան, այդ փողոցով անցնում էր Կաչաղակենց Կարոն, լսեց էշի երկարատև զռոց: Նայեց ձայնի կողմը. լույս ունեցող միակ էլեկտրասյանը կապած էր Համոյի էշը…

Չգիտես՝ ինչ զուգադիպությամբ նույն պահին կայծեր արձակեց, վառվեց նաև վերջին լամպը: Եվ մարեցին Գորշավանի փարիզյան լույսերը…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1255 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ