Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«Կոռուպցիա» հորջորջմամբ հայտնի այն քայքայիչ ախտի մասին, որի հայերեն անունը «ապականություն» է

16:45, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
«Կոռուպցիա» հորջորջմամբ հայտնի այն քայքայիչ ախտի մասին, որի հայերեն անունը «ապականություն» է

«Կոռուպցիա» եզրն առաջին անգամ գործածել է հույն իմաստասեր Արիստոտելը, որը բռնապետությունը բնորոշել է որպես միապետության ապականված (կոռումպացված) ձև: Հռոմեական իրավունքն այս եզրով բնորոշել է մի քանի անձանց այն գործունեությունը, որը նպատակաուղղված է դատական բնականոն գործընթացի կամ հասարակության կառավարման խաթարմանը: Մեր օրերում շատ մասնագետներ կոռուպցիան բնորոշում են որպես մասնավոր շահի համար հանրային իշխանության չարաշահում:


     Հետազոտողների մեծ մասը կոռուպցիայի (ապականություն) բնորոշումը հանգեցնում է կաշառակերության ու ծառայողական դիրքի չարաշահման: Երևույթն այս նույն կերպ են բնութագրում նաև միջազգային կազմակերպությունները: Օրինակ՝ «Իրավակարգը պաշտպանելու գործում պաշտոնատար անձի վարքի կոդեքս» -ում, որը 1979 թվականի դեկտեմբերին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, կոռուպցիան բնութագրվել է որպես «անձնական կամ խմբակային շահի ապահովման համար ծառայողական դիրքի չարաշահում, ինչպես նաև պետական ծառայողների կողմից անօրինական եկամուտի ստացում՝ պայմանավորված զբաղեցրած ծառայողական դիրքով»:

Իրավունքի մասնագետներից շատերի կարծիքով կոռուպցիայի կարևոր ցուցիչ է գործողությունների գաղտնի բնույթը: Այն, ինչը չի թաքցվում հասարակության աչքից ու հասարակության կարծիքով թույլատրելի է համարվում, կոռուպցիա չէ:

Կոռուպցիոն գործողությունները (վարքը) կարող են ստորաբաժանվել բյուրոկրատականի ու քաղաքականի, հարկադրականի ու համաձայնեցվածի, կենտրոնացվածի ու ապակենտրոնացվածի, զուտ քրեականի (հիմնական տնտեսական բնույթի) ու քաղաքականի:

Արդի Ռուսաստանի միջուկը կազմող Մոսկովյան իշխանությունում կոռուպցիայի դեմ փորձել են պայքարել Իվան 3-րդի գահակալության ժամանակներից սկսած: Չնայած կաշառակերությունը հարուցել է բնակչության դժգոհությունը, բայց դրա առնչությամբ զանգվածային բողոքներ ու ելույթներ չեն եղել: Հայտնի է միայն մի դրվագ, որը վերաբերում է Ալեքսեյ Միխայիլովիչ ցարի կառավարման ժամանակներին (1648 թվականի բունտը Մոսկվայում), երբ ամբոխի դատաստանին են հանձնվել առավել արգահատելի մի քանի կաշառակերի: Հետագայում կոռուպցիայի առկայությունը բազմիցս արձանագրվել է, շարունակ փորձ է արվել գոնե նվազեցնել այն: Այդ մասին են վկայում Պետրոս 1-ինի, Ելիզավետա Պետրովնայի, Եկատերինա 2-րդի, Ալեքսանդր 1-ինի, Ալեքսանդր 2-րդի բազում հրամանները ու նաև կաշառակերության պատճառները պարզելուն կոչված տարբեր հանձնախմբերի ստեղծումը:

Իշխանությունները տարբեր ժամանակներում տարբեր պատիժներ են սահմանել կաշառակերների նկատմամբ (թեթև տուգանք, պաշտոնից ազատելում, ցմահ աքսոր, քիթը պոկել, ամբողջ ունեցվածքի բռնագրավում, մահապատիժ կախաղան հանելով կամ քառատելով): Բայց և այնպես 20-րդ դարի սկզբին կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ տեսակներն այս երկրում առաջվա պես ծաղկում էին:

Ի՞նչն է կաշառակերության կենսունակության պատճառը: Նախորդ դարասկզբի հետազոտող Պ. Բեռլինն այս արատավոր երևույթը բացատրում է նրանով, որ Ռուսաստանում «կաշառակերությունն անխզելիորեն սերտաճել ու միաձուլվել է ամբողջ հասարակարգի ու քաղաքական կյանքի հետ»: Հնազանդներին առատորեն վարձատրելու ճանապարհով չինովնիկության վերին խավերում խորացող այլասերումը նպաստել է կաշառակերության ու գանձարանագողության հոգեբանական հիմքերի ստեղծմանը: Վերևների կողմից ընծաների արժանանալու հնարավորություն չունեցող չինովնիկության ստորին շերտերն սկսել են շորթումներ կատարել իրենց ենթականերից: Կաշառակերությունն ու գանձարանագողությունը սերտորեն կապված է եղել ու այժմ էլ կապված են քաղաքական բարեհուսության հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը, ի հատուցումն ենթակաների ծառայամտության, այս հանցագործություններին, ինչպես ասում են, մատների արանքով է նայում: Արձանագրվել է նաև հետևյալ կարևոր հանգամանքը. կաշառքը դարձել է մի յուրօրինակ գործիք, որի օգնությամբ սովորական քաղքենին կարող է հասնել նրան, որ օրենքն իր կատարած հանցանքը եթե չների, ապա գոնե մեղմ պատիժ սահմանի: Այսպիսով, կաշառքը «լցրել է» օրենքի անկատարության հետևանքով գոյացած «ճեղքը»:

Կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը յուրօրինակ բնույթ է կրել: Հաճախ այն պայմանավորված է եղել այնպիսի պատճառներով և մոտիվացված է եղել այնպիսի հանգամանքներով, որոնք ուղղակիորեն կապված չեն եղել կոնկրետ հանցագործությունների հետ: Բնորոշ օրինակներից մեկը 1917 թվականի նախօրեին ցարական կառավարության անդամների հասցեին հնչեցված բազմաթիվ մեղադրանքներն են, որոնք հետագայում բավարար ապացույցներով չեն հաստատվել, թեև Ժամանակավոր կառավարությունը շատ ջանք է գործադրել ապացույցներ գտնելու համար:

Կայսրության մայրամուտին կոռուպցիա ահռելի չափերի էր հասել: Բոլշևիկներն այս երևույթը համարել են ցարական նեխած վարչակարգի այլանդակ դրսևորումներից մեկը, որը նրանք ժառանգություն են թողել պրոլետարական պետությանը: Խորհրդային իշխանությունն իր գոյության տառացիորեն առաջին իսկ օրերից պայքար է սկսում կոռուպցիոն դրսևորումների դեմ՝ մեղավորներին ենթարկելով խստագույն պատիժների, նույնիսկ՝ գնդակահարության:

Գորբաչովյան վերակառուցմանը հաջորդած տարիներին իշխանություններն էականորեն մեղմացնում են կաշառակերության համար սահմանված պատիժները: 1991-ին ԽՍՀՄ տարածքում վերացվում է կաշառակերության համար մահապատիժը, սակայն կոռուպցիա ու կաշառակերություն ծնող պատճառների վերացման տնտեսական ու քաղաքական ռեֆորմները ավելին էին պահանջում: Արդեն 90-ական թվականներին ընդունվում են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին կոռուպցիային, բայց դրանցով նախատեսված գործառույթներն իրավիճակն ամենևին չեն փոխում, և Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը:

Կոռուպցիան բազմադեմ է, այդ իսկ պատճառով այն հանդիսանում է տարբեր գիտական համակարգերի ուսումնասիրության առարկա: Կոռուպցիայի դիտարկման ասպեկտով է պայմանավորված դրա պատճառների ու էության վերաբերյալ տեսակետը, որոնք կարող են բացահայտվել միայն համակողմանի հետազոտությամբ:

Կոռուպցիան առաջին անգամ ուսումնասիրվել է ԱՄՆ-ում, 20-րդ դարի առաջին կեսին: Դա հիմնականում կապված է եղել երկրի խոշոր քաղաքներում ամերիկյան քաղաքական մեքենայի գործունեության վերլուծության ու նաև մունիցիպալ կառավարման բարեփոխումների հետ: Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ կոռուպցիան հանդիսացել է պետական կառավարման ինստիտուտների յուրօրինակ լրացում: Ընդ որում այդ հետազոտությունների «կողմնակի» արդյունք է հանդիսացել այն համակրանքը, որ առկա է ամերիկյան խոշոր քաղաքների առասպելական «բոսսերի» գործունեությունը նկարագրելիս: Այդ «բոսսերի» բնութագրականներում որոշակի դրական գնահատական կա: Ժամանակի խոշոր մասնագետներից մեկը՝ Ռ. Մարտոնը, գրում է, որ ԱՄՆ խոշոր քաղաքներում այդ ժամանակ ձևավորվել էին պատասխանատվության կենտրոններ՝ «բոսսերի» ՝ ոչ պաշտոնական գործադիր կառույցների ղեկավարների իշխանություն: Մեկ այլ մասնագետ՝ Մ. Վեբերը, տալիս է այս դերակատարների գունեղ պատկերը: Նա բոսսին ու նրա կազմակերպությանը բնութագրում է որպես դեմոկրատիայի աճող քաղաքական մշակույթում բյուրոկրատիայի ենթակառույց: ԱՄՆ-ի պետական քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետ միասին չինովնիկների «դիլետանտական կառավարումը», որն ուղեկցվում էր բոսսերի իշխանությամբ, փոխարինվում է պրոֆեսիոնալ բյուրոկրատական կառավարումով, որի ժամանակ պաշտոններն զբաղեցնում են համալսարանական կրթություն ունեցող, անկաշառ ու իրենց գործն իմացող չինովնիկները:

Մերտոնի նկարագրած մոդելին վերադադառնալով՝ նշենք, որ նա հանգամանորեն քննության է առել ոչ ֆորմալ առաջնորդ-բոսսերի գործառույթները՝ առանձնացնելով մի քանի հիմնականները.

-տարատեսակ ծառայությունների տրամադրում առավել ընչազուրկ քաղաքացիներին (սնունդ, աշխատանք, կենցաղային դժվարին իրավիճակներում օգնություն), որոնց վարձը, երախատագիտությունը լինում էր ընտրությունների ժամանակ ձայն տալը,

-ձեռներեցների մեծ ու փոքր խնդիրների լուծումը: Երկու դեպքում էլ ձեռներեցները կարիք ունեին հակասական օրենքներից, կանոնադրություններից ու կոդեքսներից պաշտպանության: Այս ծառայությունների համար շնորհակալությունը լինում էր դրամական նվիրատվությունը՝ «Մեքենայի համար յուղ» -ը,

-սոցիալական մոբիլության խողովակների տրամադրումը սոցիալական այն խմբերի ներկայացուցիչներին (օրինակ՝ էթնիկ փոքրամասնություններին), որոնց համար փակ են կամ չափազանց դժվարացված են ուղղաձիգ մոբիլության այլ, օրինական եղանակները. այս դեպքում մատուցված ծառայության վարձը լինում է անվերապահ նվիրվածությունը,

-բիզնեսի անօրինական տեսակների պաշտոնական օրինականացմանը փոխարինելը. ընդ որում վերահսկողության ապահովումը իրականացվում էր գործունեության ստանդարտների ու մասշտաբների սահմանմամբ: Այս դեպքում վարձը լինում էր դրամական զոհաբերությունը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6302 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ