Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
10:26, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ
    
     ________ _______
    
     ………ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ………
    
     / Վերջին մաս /
    
     Բոլորն էլ գիտեն, որ համայն աշխարհի Ձմեռ պապն ապրում է Լապլանդիայում: Նա այնտեղ ունի իր
     տիրույթները, քաղցրավենիքի և խաղալիքների իր ֆաբրիկաները, երեք հարյուր վաթսունհինգ օր պատրաստություն է տեսնում, որ ամանորին շնորհավորի աշխարհի բոլոր երեխաներին:
     - Դուք որտեղի՞ց գիտեք այդ ամենը։
     - Ես մի շաբաթ եղել եմ այնտեղ: Իր նամակների առաքումը լավ կազմակերպելու
     համար Ձմեռ պապն ինձ հրավիրել էր իր մոտ: Վերադարձիս էլ նվիրեց հյուսիսային
     եղջերուի սաթե խորաքանդակ, որը հիմա էլ դրված է գրասեղանիս:
     – Հոյակա՜պ է: Կարո՞ղ ենք մենք էլ հյուր գնալ իրեն:
     – Այո, եթե հրավիրի: Առանց հրավերի չի կարելի: Եթե ամբողջ աշխարհն ինքնակամ
     հավաքվի այնտեղ, ինքներդ մտածեք, ի՞նչ կստացվի` Բաբելոնյան խառնաշփոթ: Հետո էլ…Ձմեռ պապի ներկայացուցիչն ինքն է գալիս և ուղեկցում Լապլանդիա:
     – Հըմմ… հասկանալի է: Դրոշմանիշ կպցնե՞նք նամակին:
     – Պետք չէ: Ձմեռ պապի փոստային ծառայությունն ամբողջ աշխարհում անվճար է, – ասաց Ազատուհին և կնքելով ծրարը, դրեց առաքվող նամակների կապոցի մեջ:
     Ես մի պահ մտածեցի` կարո՞ղ է կատակում է: Բայց նրա դեմքի կատարյալ լրջությունն անմիջապես փարատեց կասկածս:
     – Նոր տարուն ես կստանա՞մ պոնի, – երբ արդեն դուրս էինք եկել փոստային
     բաժանմունքից, հարցրեց թոռնիկս:
     – Անրի, – ասացի ես նրան, – դու նամակն ի՞նձ ես ուղարկել, թե՞ Ձմեռ պապին:
     – Ձմեռ պապին:
     – Ըհը… ուրեմն Ձմեռ պապից էլ պետք է ստանաս պատասխանը:
     Անրիի հետ մենք հպարտ-հպարտ վերադարձանք տուն:
     – ՈՒղարկեցի՞ք, – գրեթե միաժամանակ հարցրին Անրիի հայրիկն ու մայրիկը:
     – Իհարկե, այլապես ինչո՞ւ էինք գնացել փոստ:
     Նրանք խորհրդավոր ժպտացին միմյանց: Բայց դժվար թե այդպես ժպտային, եթե իրենք
     էլ տեսած լինեին Ազատուհուն:
    
     ***
     Ձյան հատուկենտ փաթիլները նրբանկատորեն հուշում էին, որ դեկտեմբերը մոտենում է Արգին: Մենք արդեն մոռացել էինք ամառային հանգստի, պոնիի և նրա հետ կապված մյուս բաների մասին, երբ փոստատարը բերեց Ձմեռ պապի նամակը:
     – Նամակ Ձմեռ պապի՞ց, – զարմացավ Անրիի հայրիկը, – հապա տվեք, տեսնեմ… Ամեն ինչ տեղը տեղին էր` փոստային կնիքով, հետհասցեն` Լապլանդիա: Այդուհանդերձ`
     նա կասկածամտությամբ բացեց ծրարը: Մենք նույնպես զարմացած նայում էինք միմյանց, քանզի մինչ այդ չէինք լսել Ձմեռ պապի նամակագրական պրակտիկայի մասին: Միայն
     թոռնիկս էր ուրախությունից ցատկոտում դահլիճով մեկ` պահանջելով արագ կարդալ նամակը: Անրիի հայրիկը, ևս մեկ անգամ վերից-վար հետազոտելով նամակը, սկսեց
     բարձրաձայն կարդալ.
     «Բարև՛ սիրելիԱնրի, – գրում էր Ձմեռ պապին, – ես նոր էի վերադարձել
     Էլֆերի երկրից, ուր հյուրընկալվում էի իրենց հրավերով, երբ ստացա նամակդ: Տպավորությունս Էլֆերի երկրից այնքան մեծ է, որ քո նամակին անդրադառնալուց առաջ ուզում եմ մի փոքր կիսվել քեզ հետ: Հեռո՜ւ, հեռո՜ւ, մով ամպերից այն կողմ, երփներանգ ծիածանների ծոցում Էլֆերի չքնաղ երկիրն է` անձեռակերտ պալատներով, տաք և սառը ջրվեժներով, քչքչան գետերով ու գլգլան աղբյուրներով: Այդ երկրի խոտն ավելի թավիշ է, ծաղիկն` ավելի բուրավետ, անտառներում ու խոր կիրճերում կան դրիադներ ու դիցանուշներ,
     գետերի հոսող ջրերում` նայադներ: Էլֆերն ինձ ասացին, որ իրենց երկրից այն կողմ Նիմբերի ու Սիլֆերի երկիրն է` նույնպես շատ գեղեցիկ: Էլֆերը դյութական էակներ են, ունեն մաքուր
     բանականություն և ապրում են կատարյալ սիրո և բարության մեջ: Նրանք չգիտեն, թե ի՞նչ
     բան է չարությունը, նախանձը, ատելությունը: Եվ շատ կարևոր եմ համարում հայտնել քեզ, որ էլֆերն անմահ են: Երբ մոտենում է ծերությունը, նրանք մտնում են ժամանակի ոլորքների մեջ և տեղափոխվում մի այլ մոլորակ, որտեղ ժամանակն ունի հետընթաց շարժում, և կյանքը ծերությունից գնում է դեպի ջահելություն: Վերադառնալով մանկություն` էլֆերը ժամանակի
     հավերժական պտույտի միջով իրենց այն երկրից կրկին տեղափոխվում են իրենց այս
     երկիրը: Եվ այսպես շարունակ` մանկությունից-ծերություն, ծերությունից-մանկություն: Սիրելի Անրի, մեր երկրի ժամանակն էլ ունի խորհուրդ, որին, ցավոք, մենք չենք տիրապետում: Էլֆերի հետ զրուցելիս, ես այնպես հասկացա, որ եթե մենք էլ սովորենք ապրել նրանց պես գեղեցիկ, ապա մեր կյանքն էլ էապես կդառնա շատ տարբեր, քան՝ հիմա:
     Սիրելի թոռնիկ, ես ասացի, որ սքանչելի երկիր ունեն էլֆերը, բայց խոստովանեմ քեզ, որ հյուրընկալությանս օրերին ես կարոտում էի իմ սիրելի Լապլանդիային, որտեղ ձմռանն սկսվում է հեքիաթային ձյունաթափ, երբեմն ձյունն այնքան է բարձրանում, որ ծածկում է տների տանիքները: Ծառերն անընդհատ բարձրանում են վեր, որ կատարները չմնան ձյունի տակ: Մենք էլ ունենք ընդարձակ դաշտեր, թավ անտառներ, կապույտ լճեր ու խոր
     գետեր…Անկրկնելի գեղեցիկ է նաև մեր երկիրը և արժանի, որ մենք էլ շատ սիրենք այն:
     Սիրելի Անրի, այժմ դառնամ քո նամակին. ես հաճույքով կարդացի այն: Գովելի է,
     որ դու սիրում ես մայրիկիդ ու հայրիկիդ, չես նեղացնում քույրիկներիդ, դպրոցում էլ լավ ես սովորում: Ես դեռ չեմ նայել ուշիմ և աշխատասեր երեխաների իմ ցուցակները, բայց վստահ եմ, որ այնտեղ կգտնեմ քո անունը:
     Թանկագին Անրի, ես կուզեի ամանորին քեզ նվիրել իսկական պոնի: Բայց ինչպես հասկացա` դու ապրում ես բնակարանում, իսկ պոնին սիրում է ապրել կանաչ դաշտում, առվի ափին, և հնարավոր չէ պոնիին պահել բնակարանում: Եթե դուք դեռևս չունեք ագարակ, գուցե՞ հարմար է` առայժմ քեզ նվիրել պոնիի գեղեցիկ արձան: Այդ մասին գրիր ինձ, սպասում եմ նամակիդ: Միշտ քեզ սիրող` քո Ձմեռ պապի»:
     – Այ… քեզ հրաշք, – բացականչեց Անրիի մայրիկը:
     – Ահա տեսեք, թե ինչպիսի՜ բաներ կան մեր հարևան աշխարհներում, – ասաց Անրիի զուսպ և չափավոր հայրիկը, - իսկ ինչ վերաբերվում է պոնիին՝ միանգամայն ճիշտ է Ձմեռ Պապը. ո՞նց չէինք մտածել, թե ինչպե՞ս ենք պահելուբնակարանում: Տղաս, շնորհակալություն հայտնիր Ձմեռ պապին և ասա, որ ուրախ ես ստանալու պոնիի արձանը, մինչև որ մենք կունենանք մեր սեփական ագարակը Լոռիում:
    
     ***
     Դարձյալ շաբաթ օրը, նախաճաշից հետո Անրիի հետ շտապեցինք փոստային բաժանմունք:
     – Պա՛պ, - ճանապարհի ասաց Անրին, - մենք կկարողանա՞նք երբևիցե
     ճանապարհորդել ժամանակի միջով, ինչպես Էլֆերը:
     – Որոշ հիմքեր կան ասելու` այո: Ոչ միայն երկիր մոլորակը, Տիեզերքն էլ մեր տունն է, մեր մեծ տունը: Եթե մենք սովորենք կառավարել մեր բանականությունը, ապա կարող ենք հեծնել ժամանակի նժույգին և ճանապարհորդել անցյալի ու ապագայի միջով, լինել
     Տիեզերքի հեռավոր խորքերում և տեսնել կյանքի անսպառ ձևեր:
     – Պապ, – Անրին կանգ առավ և անվստահությամբ նայեց ինձ, – հենց էնպես
     բաներ ես ասում, հա՞…
     – Ինչո՞ւ, թոռնիկս, ես կարող եմ խոսել նաև փաստացի. աշխարհի տարբեր տեղերում, և հատկապես Զատիկի կղզում կան առեղծվածային լուծումներ ունեցող արտասովոր չափերի քարե հուշարձաններ, որոնք, ենթադրվում է, որ այլ քաղաքակրթություններից եկածների քարե ծանուցումներն են երկրաբնակների սերունդներին:
     Սահարայի անապատում կա հնագույն մի հուշակոթող` տեղադրված կենդանակերպի նշանների գծապատկերի կենտրոնում, որը նման է ցուցամատի և ցույց է տալիս այդ համաստեղությունների տեղը երկնքում:
     Հուշակոթողի կառուցողները հավանաբար ունեցել են մշտական գործող կապ երկրի և կենդանակերպի աստղակապերի միջև և իմացել նրանց տեղակայությունը երկնքում: Հնարավոր է նաև, որ դա կառուցել են բարձր զարգացման հասած երկրաբնակները, որոնք կարողացել են ճանապարհորդել Տիեզերքում, բայց հիմա չկան, նրանց տեղը մենք չգիտենք: Դրանցից մեկն էլ Ատլանտիդներն են, որոնք տեղափոխվել են այլ ժամանակի մեջ, այլ աստղի վրա, բայց, ցավոք, տեղեկություն չեն թողել, թե ե՞րբ են վերադառնալու: Սակայն մենք չենք կորցնում հույսը, որ մի օր կհանդիպենք նրանց: Տիեզերքի որ անկյունում, որ աստղի վրա
     էլ, որ լինեն, սկզբնահայրենիքի չընդհատվող հիշողությունը նրանց հետդարձի ճանապարհը պահում է բաց, և երկրի հավերժական կանչը մի օր նրանց կբերի տուն:
     – Պապ, – ասաց Անրին, – դա շատ հետաքրքիր է: Խնդրում եմ ինձ հաճախ պատմիր այդ մասին:
     – Սիրով, թոռնիկս, հատկապես, որ իմ գլուխը լի է միայն այդպիսի բաներով:
    
     ***
     Զրուցելիս ճանապարհը թվում է կարճ: Մենք չզգացինք, թե ինչպես աննկատ հայտնվեցինք փոստային բաժանմունքում: Շատ զարմացանք` տեսնելով, որ Ազատուհու տեղում նստած է Ազատուհուն բոլորովին ոչ նման մի ուրիշ աղջիկ, դեմքը գունատ և նյարդային, շուրթերն ստվարաթղթի պես բարակ, խոշոր և դեպի դուրս աչքերը սառնոտ և անհրապույր։ Նկատելով մեր շփոթվածությունը` նա բարակ հոնքերի տակից, կասկածամիտ հայացքով ոտից-գլուխ չափեց մեզ:
     – Պա՛պ, սա ի՞նչ բան է, – կամացուկ հարցրեց Անրին:
     – Չգիտեմ, – նույնպես կամացուկ ասացի ես։
     – Երևի դուք էլ նրանցից եք, այո՞, - քողարկված հեգնանքով հարցրեց
     աշխատակցուհին:
     – Ինչպե՞ս, – չհասկանալով նրան` նույնպես հարցրեցի ես:
     – Ասում եմ` նրանցի՞ց եք, – քմծիծաղեց նա:
     – Նրանցից, ումի՞ց, – զարմացա ես:
     – Չեք հասկանում, հա՞, – փայլատ աչքերը հառեց վրաս:
     – Խնդրում եմ այս նամակը ուղարկեք Ձմեռ պապին, – չցանկանալով գլուխ դնել իր հետ` ասացի ես:
     - Հա, էլի՞, էդպես էլ կա: Ասացիք` ում ուղարկե՞մ, – իբր լավ չլսելով և մի փոքր էլ
     բորբոքվելով` հարցրեց նա:
     – Ձմեռ պապին, – կրկնեցի ես:
     Թռուցիկ մի հայացք նետելով ծրարին` երկար և ուշադիր նայեց երեսիս.
     – Կատակ ե՞ք անում:
     – Ոչ մի կատակ: Ես անծանոթ մարդկանց հետ ինձ թույլ չեմ տալիս կատակ անել:
     – Հա…ա՞…Կարո՞ղ եք ասել` ո՞նց ուղարկեմ Լապլանդիա: Հանձնել Ձմեռ պապին:
     Այսինքն, դեպի գյուղ, պապիկին, Վանկա Ժուկով: Նման չի՞ դրան: Ձեզ եմ հարցնում` կհասնի՞ այդպես:
     – Բայց ձեզնից առաջ աշխատող աղջիկն ուղարկեց և հասավ:
     – Այսինքն` ուղարկեցիք, ստացավ, – մտրուկի պես խրխնջաց նա, – Ձմեռ պապն էլ ուղարկեց, դուք ստացաք, այո՞:
     – Այո, - գլխով հաստատեցի ես:
     Աշխատակցուհին ջղագրգիռ շարժումով ցուցամատը դրեց ճակատի վրա և դիմելով ինձ, ասաց.
     – Ձեզ մոտ այդտեղ ամեն ինչ կարգի՞ն է:
     – Այո:
     Նրա կոկորդից կրկին դուրս հորդեց մտրուկի ընդհատված խրխինջը.
     – Այ քեզ հումորիստ, հետն էլ հանգիստ ասում է` այո: Էդպես բռնեց, ուղարկեց, Ձմեռ պապն էլ ստացավ: Ամեն ինչ լավ է. ծափ, ծիծաղ ուրախություն: Իսկ չասա՞ց, որ ինքն էլ մի շաբաթով եղել է Ձմեռ պապի մոտ:
     – Ասաց:
     – Հավատացի՞ք:
     – Ինչո՞ւ պիտի չհավատայինք, եթե ասաց, որ եղել է:
     – Իսկ ինչո՞ւ չհարցրիք, թե ամբողջ մի շաբաթ ո՞վ աշխատեց իր փոխարեն:
     – Միթե՞ հնարավոր չէ փոխարինող ճարել` ընկերուհի, քույրիկ, ի վերջո արձակուրդ
     գնալիս ո՞վ է փոխարինում: Դրա համա՞ր են ազատել աշխատանքից, – կռահելով, թե ինչ է
     եղել` հարցրեցի ես:
     – Ոչ միայն դրա, – չարախնդաց նա, – ինչպիսի նամակ էլ բերեին` ուղարկում էր, աշխարհը ողողել էր նամակներով: Նրա պատճառով անբողջ ազգն զբաղված էր նամակագրությամբ: Նամակագրության ծավալներով դարձել էինք գերտերություն: Ասում էր`
     եթե գրել են, ուրեմն կարիք են ունեցել գրելու, ինչո՞ւ բարություն չանել մարդկանց և չուղարկել: Բանը հասել էր այնտեղ, որ սիրային նամակներ էին գրում Անգլիայի թագուհուն` հանգիստ ուղարկում էր: Չէր հասկանում, որ թագուհին թագավոր ունի, որ խորամանկ Անգլիան է կանգնած թագուհու թիկունքին…
     – Բայց ի՞նչ արտասովոր բան կա այդտեղ, ի վերջո բոլորն էլ կարող են սիրել թագուհուն, դա իրենց գործն է, թագուհին հո չթողեց իր թագը և գնաց սիրաբանելու բոլորի հետ: Կամ Անգլիան ի՞նչ իրավունք ունի խառնվելու թագուհու և նրա երկրպագուների
     գործին:
     – Ո՞նց, – գրեթե ճչաց աշխատակցուհին, – մեր սիրելի նախագահն ասում է` պետք է խորհրդավոր լռություն պահպանել պետությունների ղեկավարների շուրջ։
     – Աստված իմ, հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ եք ասում: Թագուհին էլ կին է, հոգնում է գահից, թագուհի լինելուց: Ինչո՞ւ եք կարծում, թե թագուհուն հաճելի չէ նամակներ ստանալ և նույնիսկ` պատասխանել: Ինչո՞ւ եք թագուհուն զրկում այդպիսի բավականությունից…իսկ մեր խեղճ ու մոռացված հայրենակիցներին` թագուհու ստորագրությամբ նամակ ստանալու երջանկությունից…
     Աշխատակցուհին անթարթ նայում էր ինձ, կարծես ինքը մի կարճատև ակնթարթ ինքը
     չլիներ…
     – Կարծո՞ւմ եք, – հարցրեց նա:
     – Ինչո՞ւ չէ, և դա շատ հավանական է, – վստահեցրի ես:
     – Լավ, էդ մեկը հեչ: Բայց նամակ էին գրում վաղուց մահացած ծնողների ոգուն` ուղարկում էր: Մի քանի օրից գալիս էին հարցնում` ստացա՞ն: Ասում էր, ճշտել եմ, ստացել
     են: Եվ ամենավատն այն էր, որ բոլորն էլ սիրում էին այդ ցնդածին և անբողջ օրը ծաղիկներ
     էին նվիրում: Այնքան էր լկտիացել, որ նամակ էին գրում Աստծուն… վերցնում և ուղարկում էր: Մի քանի օրից գալիս էին` ստացա՞վ: Ասում էր` ճշտել եմ, ստացել է:
     – Բայց ի՞նչ կա այդտեղ զարմանալի. Աստված և՛ անցյալում, և՛ հիմա, և՛ ընդմիշտ գիտի,
     թե ինչ կա ամեն մեկի մտքում և սրտում, թե ով ի՞նչ է խնդրում իրենից: Միայն շնորհակալ պիտի լինել այդ աղջկան, որ կարեկցում է մարդկանց: Չէ որ հիմա կյանքը շատ դժվար է մեր
     երկրում: Նա իր բարությամբ օգնում, սփոփում է մարդկանց, ուզում է ասել, որ դուք մոռացված չեք, Աստված հիշում է ձեզ: Ասացեք, խնդրեմ, մի՞թե դա վատ է, ինչո՞ւ չեք ուզում դուք էլ լինել այդպիսին:
     – Այդ ցնդածի նմա՞ն… Ոչ մի դեպքում:
     – Այդ ի՞նչ է այդքան երկար ասում, պապ, – ձգելով կոստյումիս փեշից` հարցրեց թոռս:
     – Ոչ մի խելոք բան, Անրի, ամբողջն անհեթեթություն է, չեմ ուզում ընդհատել իրեն, որ չբարկանա մեզ վրա: Ես ինչ-որ տեղ կարդացել և մոռացել էի, որ «Երեսը հոգու հայելին է» - այդ աղջկա դեմքն ինձ հիշեցրեց այն, – գնանք, – ասացի թոռանս, – մեզ պետք չէ այդ ծուռ հայելին:
     – Իսկ նամա՞կը…Նամակը չե՞նք ուղարկում:
     – Այդ աղջիկը չգիտի, թե ինչպես են ուղարկում նամակը:
     – Պապ, ոնց որ թե լավ չստացվեց…
     – Անրի, դու ուժեղ տղա ես, ինչո՞ւ ես այդպես ընկճվում… Ի՞նչ է պատահել` աշխարհն այդ վերվերիկով հո չվերջացա՞վ: Իհարկե, տխուր բան է, որ քիչ է` չգիտի իր գործը, հետն էլ առանց ամաչելու ծաղրում է տարեց մարդուն: Ցավոք, այդպիսիք շատ են. ամենուրեք և, ամեն տեղ խոթելով իրենց քիթը, խանգարում են մեզ` հավատալու հրաշքին, կյանքը հեղեղելով անհաղթահարելի գորշությամբ: Նրանց անսահման տգիտությունից ենք անժամանակ ծերանում` այդպես էլ չգտնելով դեպի մանկություն վերադառնալու գաղտնիքը: Բայց դու մի վշտացիր, Անրի, նշան չունի, որ այդ վերվերիկները շատ են, դրանց հազարը մի մարդ չարժե, իսկ ահա, Ազատուհին հազարն արժե: Մի նշանավոր գրող ասել է` կյանքը կարճ է, շտապեք բարություն անել, բայց որքան էլ ցավալի է, մինչև հիմա ոչ– ոք չի շտապում: Ավելին ասեմ՝ անհիշելի ժամանակներից մինչև այսօր մենք գիտենք միայն մեկ մարդու, որի բոլոր օրերը նշված են բարության հրաշքով: Այդ մարդը Աստծու որդի Հիսուսն է, որին երկրպագում են բոլոր ճշմարիտ մարդիկ: Բայց ինչքա՜ն-ինչքա՜ն մարդիկ են եկել ու անցել, որոնց օրերի մեջ իսպառ բացակայում է բարության հետքը: Դա շատ տխուր բան է Անրի, դա նույնիսկ սարսափելի է: Բայց միևնույնն է` ես ոչ մի կասկած չունեմ, որ չարությունն ու նախանձը ժամանակավոր բան են և մի օր կվերանան երկրի վրայից, որովհետև իրականում բոլոր մարդիկ երազում են են լինել բարի և ազնիվ, բայց միշտ չէ, որ կարողանում են․ինչո՞ւ, որովհետև չեն ուզում մի փոքր մոռանալ իրենց և հիշել ուրիշներին, Ինչո՞ւ, որովհետև միայնակ են։ Աշխարհը լիքը մարդիկ են, բայց բոլորն էլ միայնակ են` քանի դեռ հեռու են
     բարության հրաշքից: Ա՛յ, Ազատուհին ուրիշ է. նա ապրում է հրաշքներ արարելու համար: Եվ նա դա անում է որպես ամենօրյա սովորական աշխատանք: Մտածենք, որ նա միակը չէ…
     Վրդովված մարդիկ երբեմն դառնում են մի քիչ շատախոս: Ո՞վ գիտի, թե դեռ ինչքան պիտի խոսեի, եթե Անրին իր քնքո՜ւյշ թևերով ամուր չգրկեր ինձ, ասելով.
     – Պապ ջան, ճիշտ է, սկզբում ես մի քիչ վատ զգացի, բայց դա շատ արագ անցավ: Դու ինչո՞ւ ես այդ չար աղջկա պատճառով այդպես հուզվել: Չի՞ ուզում ուղարկել, թող չուղարկի: Ավելի լավ. ես ինքս կգնամ Ձմեռ Պապի մոտ…
     – Դու ինքդ կգնա՞ս Ձմեռ Պապի մոտ, ինչպե՞ս…
     – Դա գաղտնիք է, – խորհրդավոր ժպտաց Անրին, – որպեսզի դու այլևս չտխրես, ես այն կբացեմ քեզ համար, միայն թե խոստացիր, որ մայրիկին և հայրիկին չես ասի:
     – Դու գաղտնիք ունե՞ս…իհարկե` չեմ ասի, վստահ եղիր, որ ոչ մեկի չեմ ասի:
     – Պապ, – ականջիս շշնջաց Անրին, – ագարակատիրոջ պոնին ասաց, որ թռիչքը Կապույտ կիրճի վրա – դա սկիզբն է միայն, որ եկող ամռանը մենք միասին կկատարենք մեր առաջին մեծ թռիչքը` դեպի անհայտ աշխարհներ: Պոնին ասաց. «Անրի, դու այնտեղից քեզ հետ կբերես մի այնպիսի գաղտնիք, որին ամբողջ կյանքում սպասել է քո պապիկը»:
     – Օ՜, Անրի, սիրելի թոռնիկս, – խոր հուզմունքի մեջ ասացի ես, – դու ունես առաքելություն, դա նշան է վերևից: Ես վստահ եմ, որ դու ծնվել ես մեծ թռիչքների համար: Ո՞վ գիտի, գուցեև հենց քե՞զ է վիճակված` հեռավոր աստղերին հասցնելու մեր երկրային կյանքն ու երազները և Ծիր կաթինի անհուն հեռուներում հանդիպելու Աստղային ճամփորդ Հայկ Աղեղնավորին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2080 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ