Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եղջյուրավոր (կոտոշավոր) ամուսին», «եղջյուրակիր», «կոտոշ դնել» արտահայտությունների մասին

23:24, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Եղջյուրավոր (կոտոշավոր) ամուսին», «եղջյուրակիր», «կոտոշ դնել» արտահայտությունների մասին

Կարելի է ասել` բոլորն էլ գիտեն, որ «եղջյուրավոր ամուսին» անվանում են այն ամուսնուն, որի կինը նրան դավաճանում է:

Գործածվում է նաև «եղջյուրակիր» ձևը, որը նույնպես վերաբերում է այն տղամարդուն, որի կինը դավաճանում է:

Իսկ «կոտոշ դնել» -ը գործածվում է և՛ կնոջը, և՛ ամուսնուն դավաճանելու դեպքում:

Կնոջ դավաճանության դեպքում ամուսնուն «եղջյուր» բառի գործածմամբ ծաղրելը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում: Արտահայտության առավել արժանահավատ ծագումը հայտնի չէ: Կա մի քանի վարկած:

1.Արտահայտությունը կապում են Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս Կոմնինոսի (1180 – 1185թթ.) հետ, որը սովորություն է ունեցել սիրուհի ընտրել իր արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաների կանանցից: Նրա սիրուհիների ամուսինները, որպես փոխհատուցում, կայսրից նվեր էին ստանում որսորդական մեծ հանդակներ և ի հաստատումն այդ հանդակի տերը լինելու նրանց իրավունքի՝ հանդակի դարպասին եղնիկի եղջյուր էր ամրացվում:

2.Հին Գերմանիայում ամուսնուն պատերազմի ճանապարհող կինը նրա գլխին եղջյուրներով զարդարուն սաղավարտ է դրել: Կանանց միջավայրում «ամուսնու գլխին կոտոշներ դնել» արտահայտությունը նշանակել է ամուսնուն արշավանքի համար պատշաճ հանդերձավորել ու ազատություն ստանալ:

3.Հնարավոր է նաև, որ այս արտահայտությունը հունական առասպելից է ծնունդ առել: Հունական դիցաբանության հերոսներից մեկը՝ Ակտեոնը, որսորդության ժամանակ պատահաբար մոտենում է այն տեղին, որտեղ Արտեմիսը գետում լողանում էր: Հեռանալու փոխարեն` նա հմայված նայում է, և զայրացած աստվածուհին նրան եղնիկի է վերածում, որին էլ հոշոտում են սեփական շները:

4.Գերման ազգի հռոմեական սրբազան կայսրության կայսրը 1427 թվականին հատուկ հրաման է, արձակում, որով զինվորականին արգելվում է կնոջն իր հետ բանակ տանել: Հրամանը զանց առնողը պարտավոր էր գլխին եղջյուր կրել:

5.Կնոջ կողմից դավաճանված ամուսնուն մատնանշելու համար անգլերենում գործածվում է «Cuckold» բառը, որը գոյացել է «cuckoo» («կկու») բառից և կապված է այն իրողության հետ, որ կկուն ուրիշ թռչունների բներում է ձվադրում: Այս նմանեցումը միջնադարյան գրականության մեջ ու սրբագրությունում լայն կիրառություն է գտել: Սկզբնապես «կկու» եզրը վերաբերել է միայն կանանց:

Հին անգլերենի «kukewold» բառը փոխառված է հին ֆրանսերենի «cuccault» -ից, որն էլ իր հերթին գոյացել է «cuccu» -ից ու նսեմասնող, փոքրացնող «ault» վերջածանցից:

Այս նույն նշանակությամբ է գործածվում նաև «wearing the horns of a cuckold» («խաբված ամուսնու եղջյուրներ կրել»), ինչպես նաև «wearing the horns» («եղջյուրներ կրել») առավել կարճ արտահայտությունը: Հավանաբար, «եղջյուրներ կրել» -ը անգլերենում հայտնվել է այն բանի հետևանքով, որ կնոջից խաբված ամուսինը հաճախ ամենավերջինն է իմացել իր կնոջ դավաճանության մասին և, այս առումով, նա նմանվել է կոտոշավորի, այսինքն բոլորը տեսնում են նրա կնոջ դավաճանությունը, բացի իրենից:

«Cuckold» բառն առաջին անգամ գործածվել է մոտավորապես 1250 թվականից, և դրա ի հայտ գալը կապում են «Բուն և սոխակը» երգիծական պոեմի հետ:

Պոեմին բանաստեղծական բանավճի ձև է տրված: Բանավիճային պոեզիան բանաստեղծական այն ժանրն է, որը շատ է տարածված եղել միջնադարյան Ֆրանսիայում և Անգլիայում: Բանավիճային բանաստեղծություններում տեղի է ունում բանավեճ երկու բնական հակադրությունների միջև, օրինակ, Արևը փաստարկներ է բերում, որ ինքը Լուսնից առավել է կամ Ձմեռը փորձում է ապացուցել, որ ինքն Ամառից կարևոր է:

«Բուն և սոխակը» պոեմի հեղինակ է համարվում անգլիացի բանաստեղծ Նիկոլաս Գոլդֆորդը, որին դատավոր են կարգում, որպեսզի որոշի, թե այս երկու թռչուններից որն է ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնում իր գերազանցության մասին:

Բանավեճի ընթացքում Բուն ծանրակշիռ փաստարկ է բերում առ այն, որ սոխակի ուրախ ծլվլոցը կարող է գայթակղել կնոջը և նրան մղել դավաճանության: Ընդ որում այս գայթակղիչը համեմատվում է Կկվի՝ այն թռչնի հետ, որին մեծացնում ու դաստիարակում են ուրիշ թռչուններ:

Ավելի ուշ շրջանի գործ է «Կկուն և Սոխակը» բանաստեղծությունը, որի հեղինակն է անգլիացի բանաստեղծ Ջոն Քլենվոուն (1341 – 1391 թթ.): Այս ստեղծագործությունը զարգացնում է բարոյական բանավեճի թեման, և Կկուն բնութագրվում է որպես կանացի անհավատարմության խորհրդանիշ: Ընդ որում Կկուն ամեն կերպ վատաբանում է սերը, իսկ Սոխակն այն գովերգում է:

Էլ ավելի ուշ անգլիացի բանաստեղծ Ջոն Լիդգրեյթը մոտավորապես 1440 թվականին գրած «Իշխանների անկումը» ստեղծագործությունում գործածում է «Cuckold» («կոտոշակիր», «եղջյուրավոր») եզրը: «Քենթրբերիական պատմվածքներ» -ի հեղինակ Ջեֆրի Չոսերը «Ջրաղացպանի պատմածը» ստեղծագործությունում կատակաբանությամբ ներկայացնում է «եղջյուրավոր» -ի կյանքը:

Վիլյամ Շեքսպիրը նույնպես գործածում է եղջյուրակիր ամուսնու խորհրդանիշը: «Վինձորյան կատակներ» -ում սըր Ջոն Ֆալթաֆը Ֆորդին ասում է. «Հապա՛ մի բոլոր սատանաների մոտ ուղարկիր այդ խղճուկ եղջյուրակրին: Ես նրան ծանոթ չեմ: Իմիջիայլոց, ես սխալվեցի՝ նրան «խեղճ» անվանելով. այդ խանդոտ եղջյուրակիր սրիկան շատ փող ունի: Այ հե'նց դրանց համար էլ նրա կինն ինձ այդքան դուր եկավ»:

Ֆրանսիացի աշխարհահռչակ դրամատուրգ Մոլիերի «Կանանց դպրոց» -ը (1662թ.) ծաղրում է դավաճանված ամուսիններին: Բացի այդ, այս ստեղծագործության վերջում ծաղրի է ենթարկվում նաև խաբված ամուսիններին գրգռողը:

Խաբված ամուսինների ու կանանց խորհրդանիշ «եղջյուր» -ը գործածվում է աշխարհի բազմաթիվ լեզուներում՝ չեխերենում, սլովակերենում, վիետնամերենում, հունգարերենում, հունարենում, իտալերենում, լեհերենում, պորտուգալերենում, ռուսերենում: Այն գործածվում է նաև արաբական մի քանի երկրում; Կոտոշավոր ձեռքի շարժումը «կոտոշավոր» -ին վիրավորելու համար է գործածվում:

Չեխերենում և սլովակերենում գործածվում է «parohac» («կոտոշ ունեցող») եզրը:

Բուլղարերենում գործածվում է «եղջյուրակիր» (տղամարդու դեպքում) ձևը կամ դրա իգականը կնոջ դեպքում:

Չինաստանում խաբված ամուսիններին անվանում են «կանաչ գլխարկավոր»: 13 – 18-րդ դարերում օրենքը պարտադրել է թեթևաբարո կնոջ հետ նույն հարկի տակ ապրող տղամարդուն գլուխը կանաչ փաթաթանով ծածկել: Ավելի ուշ կանաչ փաթաթանի փոխարեն պարտադրվում է կանաչ գլխարկ կրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9840 | 0 | 0
Facebook