Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

12:06, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

365 օր և ահա նորից այն լուսաբացը, որը քեզ հավերժ հեռացրեց ինձնից: Լուսաբաց, որ դարձավ ամենաերկար և ամենամութը:


    

Երբ երեկոյան քեզ տեսա, կարծես կանխազգում էի, որ դա մեր վերջին հանդիպումն էր, կարծես գիտեի, որ լուսաբացը մեզ հավերժ բաժանելու է իրարից, քեզ տանելու է դեպի հավերժություն՝ իր ետևից թողնելով միայն դատարկություն և մեզ բաժանող անսահման տարածություն, որը հիմա փորձում եմ ծածկել միայն կարմիր կամ սպիտակ վարդերով: Երբ քեզ տեսա, հասկացա, որ հեռանում ես: Դու այքան հոգնած էիր, բայց և այնպես հավաքել էիր քո ամբողջ ուժը և կատաղի կռիվ էիր տալիս կյանքի համար: Չէի ուզում հավատալ: Ուզում էի փախչել, բայց միևնույն ժամանակ ուզում էի մնալ քո կողքին, ամուր բռնել այդ պահը, կանգնեցնել այդ անիծյալ ժամանակը, որ անխնա կերպով հեռացնում էր քեզ ինձնից: Ուզում էի փախչել ինքս էլ չհասկանալով ուր կամ ինչից, որ չզգայի, ինչպես են պատից կախված ժամացույցի սլաքները ավելի ու ավելի մոտեցնում քո մոտալուտ կորուստը: Ուզում էի փախչել, որ չտեսնեի քո պարտությունը: Արդեն գիտեի, որ քեզ շուտով կորցնելու եմ, բայց չէի հավատում:


    

Հիշում եմ, ինչպես լուսաբացին ակամայից վեր թռա: Նա էր՝ Մահն էր, որ ինձ այդ պահին արթնացրեց: Նա կարծես եկել էր զգուշացնելու, որ քո պայքարն արդեն մոտենում է իր ավարտին: Նա հուշում էր ինձ, որ սա քո վերջին լուսաբացն է, որ դու պարտվում ես ձեր վերջին մենամարտում: Նա արդեն մի քանի օր է թաքնվել էր հիվանդանոցի պատերի արանքում, մի մութ անկյունում և կամաց-կամաց մոտենում էր քեզ: Իսկ լուսաբացին՝ իր անկյունում կանգնած, ասես հաղթանակած ծիծաղում էր քթի տակ: Այդ օրը վճռել էր, որ պիտի տանի քեզ իր հետ և արդեն գիտեր, որ հաղթելու է քեզ չարի ու բարու այդ պայքարում:


    

Երբ գալիս էի քեզ մոտ, արդեն ամեն ինչ գիտեի: Ոչ ոք չէր ասել, բայց ես ամեն ինչ հասկացել էի: Հասկացել էի, որ քո պայքարն արդեն ավարտվել է, հասկացել էի, որ դու արդեն հեռացել ես: Գիտակցում էի, բայց չեի ուզում և չէի էլ կարողանում հավատալ: Ասես աշխարհը խառնվել էր իրար, իսկ հողը ոտքերիս տակ չէի զգում:


    

Իսկ գուցե տեղ հասնեմ և նորից տեսնեմ քեզ, միամտաբար մտածում էի ողջ ճանապարհին, գուցե դու դեռ այնտեղ լինես, գուցե դեռ չես հեռացել կամ գուցե հասցնեմ?: Իսկ գուցե չհասցնեմ?: Գուցե-ները ողջ ճանապարհին տանջում էին ինձ: Չէ որ լինել քո կողքին, հասկանալով, որ շուտով հեռանալու ես, նայել քեզ և գիտակցել, որ ժամանակը հաշված է և ես անզոր եմ այն կանգնեցնել, ամուր բռնել ձեռքդ և զգալ, որ ժամացույցի մեծ սլաքը, որ այդքան շտապում է հասնել փոքր սլաքին և ամեն վայրկյան քեզ ավելի է հեռացնում ինձնից, նշանակում է կորցնել քեզ դեռ չկորցրած:


    

Մահը քեզ լուսաբացին լուռ իր գիրկն առավ և անվերադարձ տարավ իր հետ: Նա տարավ քեզ դեպի հավերժություն՝ թողնելով միայն անավարտ Մի Կյանքի Պատմություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4781 | 0 | 0
Facebook