Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
08:34, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ


     Բանաստեղծություններ___________
    
     ______________

Աշխարհի Ցաւով
     Սիրտս կ՛արիւնի՛ աշխարհի ցաւով,
     Որքա՜ն տառապանք, Աստուած իմ, չորս դիս
     Կեանքի դաշտերէն փչող ամէն հով
     Հառաչ ու կսկիծ կը զարնէ դէմքիս:
     Անմեղ զոհերու արիւնով եռուն
     Հողը ոտքիս տակ կը մնայ միշտ թաց
     Եւ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
     Կը ծնին մարդիկ՝ արիւնով հարբած:
     Գլուխս ինչպէ՞ս ես դնեմ բարձիս
     Եւ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
     Երբ անգին անքուն մօտիկ դրացիս
     Կը հսկէ զաւկին հոգեվարքին քով:
     Սռւրի ու սովի կր դառնան աւար
     Լոյսի պէս պայծառ մանուկներ սիրուն
     Եւ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
     Աշխատաւորի քրտինքով օծուն:
     Ես ինչպէ՞ս նստիմ խնճոյքի սեղան
     Եւ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
     Երբ որ կը խլեն մարդիկ անվարան
     Որբի մը բերնէն պատառը հացին:
     Աստուա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ.
     - Ես ինչպէ՞ս կրնամ քար դնել խղճիս…
     Կեանքեր թեւաբեկ եւ շղթայակիր.
     - Աշխարհի ցաւով հիւա՜նդ է հոգիս…
     ————————————————
     Տառապանք
     Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան,
     Աչքերը մարդուն՝ խաբկանքի պաստառ,
     Անցքերն աշխարհի՝ լոկ շարժանկար,
     Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան:
     Կսկիծն է կեանքին միայն իրական,
     Տառապանքը խոր ու բազմախորհուրդ,
     Ամէն սրտի մէջ եռացող սնունդ,
     Կսկիծն է կեանքին միայն իրական:
     Յուշ է երազի՝ պահը խնդութեան,
     Յոյսի արձագանք՝ ծափ ու ցնծութիւն,
     Լուսնկայի ցոլք՝ ժպիտը մարդուն,
     Յուշ է երազի՝ պահը խնդութեան:
     Արցունքն է կեանքին միայն իրական,
     Ամէն ժամ քամուող հիւթը այս հողին,
     Մեր արբեցութեան հրաշէկ գինին,
     Արցունքն է կեանքին միայն իրական:
     ———————————————————
     Կտակ
     Դեռ չհասած իմ վաստակիս վախճանին,
     Կտակս ահա քեզի ընծայ գերագոյն
     Կը ծրարեմ անցեալս ամբողջ այս պահուն
     Եւ գալիքին ոսկեղէն յոյսն ալ անգին…
     Երբ զայն քակես օր մը ձեռքով դողահար,
     Հոն չգտնես գուցէ ինչ որ յուսացիր,
     Բայց ես կ՛ուզեմ որ դուն ըլլաս ջահակիր
     Հօրենական մեծ աւանդի մը պայծառ:
     Ո՛չ գանձ ունիմ, ոչ պարտէզներ ու պալատ,
     Ո՛չ իսկ խրճիթ եւ կամ խոպան ափ մը հող,
     Այլ կը յանձնեմ քեզի երազ մ՛այգաշող
     Եւ փառքն անբիծ Հայ անունին հարազատ…
     Կտակս ահա… շա՛տ աւելին դուն ունիս
     Քան աշխարհի բոլոր գանձերն անցաւոր.
     Հայ դարերու փոթորիկէն ահաւոր
     Կը ժառանգես դուն ալեկոծ իմ հոգիս…
     Քուկդ է, մանչուկ, շքեղ տեսիլքը մեր մեծ,
     Որ ծովերուն դէմ արցունքի եւ արեան
     Շողաց իբրեւ նորոգ կեանքի ծիածան,
     Որուն յառած՝ հայրս աչքերն իր փակեց:
     Աւարտ մարտի խոնջ պսակին փոխարէն՝
     Ոգեծփուն ու վառ դրօշ մը քեզի,
     Որ զայն պարզես քո՛ւ բազուկով քաջարի
     Յաղթանակիդ լերան ազատ կատարէն:
     Մեր տառերուն աստղերն ըրած ճակտիդ թագ
     Եւ շրթներուդ՝ աղօթքն անմահ Հայ երգին,
     Եղի՛ր միշտ տէր իմ սրբաշունչ կտակին-
     Հաւատքի սիւն եւ նոր Ուխտի Տապանակ…
     ———————————————————’

Հինն Ու Նոր
     Մեր գրկին մէջ, մեր աչքին դէմ մեղմօրէն
     Կը մահանայ վաստակաբեկ Հին Տարին.
     Կէս-գիշերուան զարկերն ահա կը թաղեն
     Ժամանակի փակեալ դագաղ Հին Տարին:
     Մա՞հ թէ ծնունդ՝ խորհրդաւոր այս պահուն…
     Նոյն յարկերէն կը մտնէ ներս Նոր Տարին.
     Սրտերն ամէն կ՛ըլլան յանկարծ հարսնետուն
     Եւ կը գրկեն կեանքով յորդուն Նոր Տարին:
     Մերն էր երէկ, մեր կուրծքերուն հեւքին պէս,
     Մեզ բախտակից, մեզ ուղեկից Հին Տարին.
     Յուշ է այսօր, մէգ ու մշուշ մահամերձ
     Յաւերժութեան անդարձ ժառանգ Հին Տարին:
     Կու գայ փառքով, զէն ու զարդով յաղթական
     Աստեղաշող, մեծահանդէ՜ս Նոր Տարին.
     Երգ է պայծառ եւ ցնծութիւն տօնական
     Զանգերու ձայն, փողերու կանչ Նոր Տարին:
     Որքա՜ն սէրեր ու երազներ լուսալիր,
     Տարաւ իր հետ անդունդն ի վար Հին Տարին.
     Ժպիտն՝ արցունք եւ կրակներն ալ մոխիր
     Ըրաւ, աւա՜ղ, սա անողոք Հին Տարին:
     Թող գայ բարի՜ եւ բարբառի ամէնուն
     Նոր յոյսերու աւետաբեր Նոր Տարին:
     Երկնի բոցէն վառէ մոմեր գոյնզգոյն
     Շողշողուն ծառ ու լուսարա՜ր Նոր Տարին:
     ———————————————————
     Համերգ Ողբագին
     Հիմա կեանքի եղերական համերգին
     Ես կը մնամ սրտամորմոք ունկնդիր,
     Որքա՜ն հառաչ, կոծ ու կական ողբագին՝
     Ժամանակի թաւալումին մէջ անծիր…
     Մի՜ երկնչիր եւ լսէ հեծքը գազանի
     Պուտ մը ջուրի կարօտ հողին ճաթռտած,
     Ողբերն անհուն բարտիներուն գեղանի,
     Որ տապարի հարուածին տակ կ՛իյնա՛ն ցած:
     Թռչունի բեկ ու վիրախոց թեւերով
     Միջոցին մէջ կ՛անցնին ճիչեր ոգեվար
     Եւ սպանդի արիւնաներկ դրան քով
     Հորթ ու գառնուկ կը բառաչեն խելագար:
     Ւնչպէ՞ս կրնաս փակել փեղկերը սրտիդ
     Հեծկլտանքին դէմ մարդկային արցունքին.
     Եթէ ծաղկի երբեմն վառ մէկ ժպիտ՝
     Տուն ու երդիկ հազար ցաւով կր յորդին:
     Լսէ ինչպէ՜ս մահամերձներ կը տքան
     Իրենց ցաւի մահիճներուն մէջ տամուկ
     Ու սեւ բախտի ծանր թաթին տակ դաժան
     Կր գալարին սովահար ծեր ու մանուկ:
     Լսէ զգոյշ խեղդուած ողբը թաքուն
     Յոյսի անձէթ ճրագներուն փշրուող.
     Լսէ՜ լեզուն սիրոյ վերջին բոցերուն,
     Ուր կ՛ըլլան հող խինդ ու երազ լուսաշող:
     Բայց համերգին մրճահարող շեշտը գոռ
     Սուգն է ահեղ որդեկորոյս մայրերու
     Եւ որբ տղոց կարօտի կանչը մոլոր՝
     Կեանքի անհաշտ պայքարին մէջ ահարկու:
     Կր բարձրանա՜յ, կր բարձրանայ օրն ի բուն
     Տառապանքի նուագն ալիք առ ալիք
     Եւ ճիպոտի մը չափին տակ գերագոյն
     Մերթ կ՛ըլլայ ողբ, մերթ մռնչող փոթորիկ…
     ————————————————–
     Մեծ Ընծան
     Հայրս կ՛ըսէ՝ Մասիսն է լոկ մեծ ընծան,
     Որ դուն կրնաս օր մը բերել հայ տղոց.
     Որուն մէջ կայ ամէն բան-
     Աստղ ու լուսին ոսկեզօծ,
     Կրակ ու բոց.
     Հսկայ շուներ պահապան,
     Շղթայակապ հին քաջեր
     Ու հրեղէն նժոյգներ…
     Կաղանդ պապա, ես այդ Մասիսը կ՛ուզե՛մ
     Դի՛ր անիւներ ոտքիդ տակ
     Ու համարձակ քշէ՛ մեր տունը շիտակ,
     Բեր ինձ նուէրն այդ վսեմ:
     ——————————————-

Մեր Տունը
     Ամէն իրիկուն, պտոյտէն դարձին
     Երբ կը մօտենանք մեր տան փողոցին,
     Գառնուկի մը պէս որ կ՛երթայ փարախ՝
     Դուն թեւըդ պարզած կ՛աւետե՛ս ուրախ
     Հոն է, տե՛ս, հայրիկ, մեր տունը սիրուն:
     Սիրտըս կ՛արիւնի թախիծով անհուն,
     Բայց մունջ է լեզուս, իմ անտուն իշխան.
     Անտեղեակ հայու քու բախտիդ դաժան՝
     Չես գիտէր դեռ դուն որ խրճիթ մ՛անգա՛մ
     Չունիս շէնքերու շարքին մէջ փարթամ:
     Այն դռան սեմին, ուր կ՛երգես անհոգ,
     Այսօր իսկ յանկարծ կրնայ գալ իրօք
     Մարդ մը մեծազօր եւ իբրեւ տանտէր՝
     Կրնայ մեր գլխուն արձակել շանթեր
     Ու խլել ձեռքէդ բոյնըդ սիրասուն:
     Ժպիտով օծուն ո՜վ ողբերգութիւն,
     Ինչպէ՜ս պատմել քեզ որ չունինք մենք տուն,
     Որ մեր հայրենի երդիքը զուարթ
     Մարդիկ բարբարոս ըրին քար ու քանդ
     Գիւղի մը դալար բարտիներուն տակ…
     Դու, տղա՛ս, մեր տան ճրագը միակ,
     Ես կը հաւատա՛մ որ պիտի կանգնես,
     Սասունցի անյաղթ նոր Դաւիթ մ՛ինչպէս,
     Օճախըդ աւեր մեր հողին վրան,
     Եւ թեւըդ պարզած ըսես յաղթական.
     Հո՜ն է, տե՛ս, հայրիկ, մեր տունը սիրուն…
     —————————–
     Հայրենակից Ուր Կ՛երթա՛ս
     Ծովուն վրայ եւ հողին,
     Օդերուն մէջ հեռահաս
     Հայը կ՛երթայ, կը սուրայ
     Խենթ հովերուն հետ բախտին…
     Հայրենակից, ո՞ւր կ՛երթաս.
     Ամէն երթի ու կայքի
     Տե՛ս, վրայէդ կը թափի
     Հայու հոգիդ մաս առ մաս…
     Հայը կ՛երթայ, կը սուրայ
     Հորիզոններ հեռակայ
     Եւ արծաթի մը համար
     Կը զոհէ գանձ ու գոհար…
     Երկրէ երկիր, ափէ ափ,
     Այսպէս մոլոր, վազնէ վազ,
     Քիչ մ՛աւելի գունաթափ,
     Հայրենակից, ո՞ւր կ՛երթաս…
     ————————————————
     Հայ Մայրիկին Աղօթքը

Ալ կը բաւէ՛, Տէ՜ր Աստուած, մեր տունն ու տեղ դարձուր մեզ,
     Թշնամիս իսկ մեզ նման ուրիշի դուռ չձգես:
     Անասունին կու տաս որջ եւ թռչունին՝ տաքուկ բոյն,
     Իսկ մարդոց ալ մեղաւոր՝ տո՛ւր ապաւէն մէկ անկիւն:
     Թող պալատներ վայելեն մեծահարուստն ու արքան,
     Մեզ արժանի ըրէ, Տէ՛ր, մեր խրճիթին աննշան:
     Ո՛չ հանգիստ կայ, ոչ ալ քուն ցուրտ յարկին տակ օտարին,
     Ա՜խ, եօթն օրէն աւելի հիւր չպահես ո՛չ ոքին:
     Քու օրհնութիւնդ իջնէ, Տէ՛ր, ամբարներուն մեր նորէն,
     Եւ օտարներ կշտանան մեր լիառատ սեղանէն:
     Մեր սրտերուն հետ կարօտ, հին աղօթքներն ալ չորցան,
     Առանց տոհմիկ այն խունկին, որ կը ծխար քու անուան:
     Ծիծաղն է լաց, երբ մարդուն չի տար իր տունն արձագանգ,
     Եւ արցունքն ալ՝ դառն հեգնանք, երբ չկան երդ ու փականք:
     Տո՛ւր որ, Աստուա՛ծ, ամէն սիրտ վառի իր սուրբ օճախէն,
     Որ չմարի մոմի պէս կեանքի դաժան հովուն դէմ:
     Տո՛ւր որ ամէն ուռճացող մատղաշ հասակ իր կարգին
     Զգայ յանկարծ ուսերուն բեռն իր անուշ երդիքին:
     Ծնող մանուկն առջի յեղ տեսնէ տնակն հայրական
     Եւ ծերունին իր տան մէջ փակէ աչքերն յաւիտեան:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2841 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ