Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որտեղ է ձեր հավատքը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
02:13, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Որտեղ է ձեր հավատքը
     Բաց նամակ
    
     Յարգելի Պարոն Պալեան,
     Անշուշտ վաղուց պատասխանած պիտի լինեի, բայց նկատի ունենալով Ձեր նամակում արծարծվածի կարևորությունը, ստիպված ուշացրի պատասխանս՝ առավել մտածված գրելու համար...
     Չէ՛, չեղավ: Սրտո՛վս պիտի գրեմ:
     Սիրելի՛ Յակոբ,
     Ներողամի՛տ եղիր պատասխանիս ուշացման համար: Ճիշտն ասած, օրական մեծաթիվ էլ-նամակներ եմ ստանում. կարևորներին՝ նույն, առավելագույնը հաջորդ օրն եմ պատասխանում: Խոսքս անգլերեն կամ ֆրանսերեն նամակներին է վերաբերում, իսկ հայերեն նամակները մնո՜ւմ են, մնո՜ւմ, աստիճանաբար իջնում էլ-նամակացանկի հորիզոնականով՝ տեղի տալով իրենց վրա հանդիսավոր բազմող անգլերեն ու ֆրանսերեն արդեն անկարևոր նամակներին... Այսպես հարյուրավոր անկարևոր նամակների շարքում հայտնված կարևոր նամակդ աչքիցս հեռու, բայց մտքիցս դուրս չէր եկել:
     Հիշում եմ իննսունական թվականներին, երբ այսպէս ասած «spell check» տեխնոլոգիան եկել էր լրացնելու ուղղագրութեան պահանջները թվային տիրույթում, դու շեշտում էիր այդ նույն հնարավորության կարևորությունը նաև արևմտահայերենի համար: Իսկ ես ի՞նչ մեղքս թաքցնեմ, դպրոցական տարիներիս, ուղղագրությունը քննություններիս միջի սև կատուն էր, այնպես որ՝ առաջադրանքդ գրավել էր ուշադրությունս: Ահա այդ սև կատվի պատճառով էլ՝ ստացած հայերեն նամակներս իջնու՜մ, նստում են էլ-նամակատուփիս հատակին: Յուրաքանչյուր բառի համար բառարան բացելու ստիպվածությունը պատճառ է դառնում, որ մայրենի՝ հարազատ լեզվովս գրելը, տաժանակիր տանջանքի վերածվի:
     Եթե մոռանայինք քերականությունն ու հոլովումները և կենտրոնանայինք պարզապես ուղղագրության վրա, հարցն ինքնին շատ հեշտությամբ կլուծվեր: Բավական կլիներ հայերեն բառերի ցանկ կազմել և ներարկել «Word» -ի մեջ: Մի ժամանակ համակարգչիս մեջ արձանագրում էի յուրաքանչյուր սրբագրածս բառը, սակայն օրերից մի օր համակարգիչը խնդիր ունեցավ ու տարիների ընթացքում կուտակածս բառերը, աշխատանքիս հետ միասին, անվերադարձ կորան: Մենք կարիք ունենք, որ մեկը բառապաշարի ամբողջական ցանկը վերցնի և բանակցի «Մայքրոսոֆթ» -ի և «Գուգլ» -ի հետ, որպեսզի վերջիններս պարզապես ներառեն արևմտահայերենը իրենց հարյուրավոր լեզուների ցանկի մեջ: Սակայն ո՞վ. ո՞վ է մեր տերն ու տիրականը՝ մեր պահապանը: Բասկերեն, բրետոներեն, հոներեն, Տյուհերեն, Օրիերեն և այլ լսված ու չլսված լեզուներն ունեն իրենց ուղղագրական սրբագրիչները, սակայն մենք՝ մեր գլխի ճարը չկարողացանք տեսնել:
     ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
     Մի քանի տարի առաջ, նախարար տիկին Հակոբյանի հետ հանդիպման շրջանակում համեստորեն մատնանշեցի, որ արևմտահայերին ուղղված եռամսյա նամակը ավելի հասանելի կլիներ, եթե գրված լիներ արևմտահայերեն՝ մեսրոպյան ուղղագրությամբ, և որ վստահաբար, Երևանում գտնվող սիրիահայերից շատերը սիրահոժար օգտակար կլինեին այդ հարցում: Խոսքիս վրա, տիկին Հակոբյանը կանչեց պարոն Ասլանյանին և ասաց. «Խնդրում եմ գրանցես Պարոն Շնորհօքեանի առաջարկն ու գործադրես»: Դժբախտաբար, պարոն Ասլանյանը մեր տեսակցությունից քիչ ժամանակ անց տեղափոխվեց այլ պաշտոնի, և առաջարկս ջուրն ընկավ:
     Երկու տարի առաջ, Վեհափառ Հոր հետ հանդիպման ժամանակ հարց տվի, թե ո՞վ էր մեր արևմտահայերենի հարցով պատասխանատուն, թե ո՞վ կարող է ի պաշտոնե բանակցել «Միքրոսոֆթ» -ի և «Գուգլ» -ի հետ, թե բասկերեն, բրետոներեն, հոներեն, Տյուհերեն, Օրիերեն և այլ ուրիշ լսված ու չլսված լեզուներդ ունեն իրենց ուղղագրական սրբագրիչը . . .: Վեհափառ Հայրը, ուշադրություն արժանացնելով ակնարկիս բացատրեց, որ նոր են կորցրել կաթոկիկոսարանի հայագիտության պատասխանատուին՝ ավելացնելով, թե նոր անձի նշանակելուց հետո, կքննարկեն առաջարկս:
     Նախորդ ամսին, Երևանում, հանդիպեցի պարոն Փանոսեանին, որն ի վերջո ինձ Ավետեց, թե՝ Կյուլպէնկեան հաստատությունը ձեռնարկել է արևմտահայերենի էլեկտրոնային ուղղագրական սրբագրիչի ծրագրի իրականացումը՝ ներառելով քերականությունն ու հոլովումները։
     ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
     Անցյալ շաբաթ Պատրիսիայի քեռորդին ՝ Ժոնասն էր գրել, հայտնելով, թե օգոսոտոս 13- 21-ին Հայաստան պիտի գնա ընկերոջ՝ Գասպարի հետ: Երկուսն էլ հորով-մորով ֆրանսիացի են. ինչո՞ւ Հայաստան: Հայաստանի մասին Ժոնասի ամբողջ գիտելիքը իր զարմիկներն են՝ երեք զավակներս:
     Հա՛, չմոռանամ, որդուդ՝ Աքսելին, բարևներս փոխանցիր. իր հետ կապս կորցրել եմ: Տղայիս, Յովանի վրա, ինքն էլ «ամակ» ունի, թե՛ որպես իր պրոֆեսոր և թե՛ որպես հայ: Յովանը երակների մասնագետ վիրաբույժ դարձավ: Իր խումբը Ֆրանսիայի 43 հիվանդանոցների մեջ լավագույն արդյունքներն է գրանցել: Անցյալ ամիս Բեյրութ էր հրավիրված: Մենակ չթողեցի: Հետը գնացի: Ինքն էլ ինձ ընկերակցեց Բեյրութի հանդիպումներիս: Շահանը շատ տպավորված էր Յովանի մաքուր հայերենով ու փայլուն մտքերով: .
    
Սևակը դեղագործ դարձավ: Ամեն օր աշխատանքից հետո մինչև կեսգիշեր կամավոր ծառայում է թմրամոլների մի հատուկ կենտրոնում: Պատրիսիան մտահոգ է, որ մոտոցիկլով է գնում գալիս: Նշանավոր «Moto Guzzi» -ով, որի վրա փակցրել է ներքևում տեղադրածս իր գծագրած հետաքրքիր «սթիքերը»: Է՜հ, ներենք իրեն ուղղագրական սխալի համար. պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Գայանեն արդեն քսանչորս տարեկան է. չինագիտություն է ուսանում: Վեց տարի անդադար պնդում էր, որ իրեն ընկերակցեմ Երուսաղեմ՝ ուխտագնացության: Անցյալ տարի, Զատիկին, գնացինք: Մեկ շաբաթում, Բեթղեհեմից Գողգոթա և Գողգոթայից Համբարձման լեռ, եկեղեցի չթողեց, որ ինձ չտաներ։ Գլխածածկ, բոլոր Ս. Պատարագներին ներկա եղավ՝ ամեն անգամ մինչև վերջ մնալով: Ես էլ հայրական պարտականությունից անդին, համարեցի, որ բողոքականիս հարգանքի տուրքից մաս տվի մեր Մայր՝ Սուրբ եկեղեցւոյն: Ուխտագնացության ավարտին, Գայանեն մի խաչ դաջել տվեց իր թևին:
    
     Պատրիսիան շարունակում է դասավանդել: Եթե մեկը հարց տար, թե ո՞վ է մեր տան հայը, անտարակույս կմատնանշեի Պատրիսիային. և այդ հակառակ այն բանի, որ հայկական արյուն չունի: Ինքն էր, որ մեր զավակներին հայկական դպրոց արձանագրեց, պայքարում էր, որ դպրոցը՝ Սամուէլ Մուրատը, չփակվեր . . . Զավակներիս, Դպրոցասեր վարժարանն ավարտելուց հետո, ինքն էր, որ խնդրեց պարոն Ադամեանին, այս անգամ անձնական պարապմունքներով շարունակելու հայերեն լեզվի ու գրականության դասերը՝ մինչև նրանք բակալավրիատ կհասնեին: Ի՞նչն է բնորոշում հայ լինելը: Արյո՞ւնը, թե հոգին: Հայկական գեներով արևմտյան Թուրքիայի ոմն թո՞ւրքն է հայը, թե՞ աղվանական ծագումով ոմն հայը:
˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
     Պատմական Հայաստանը, լինելով լեռնային երկիր, պայմանավորել է մեր իշխանների իրարից հեռու և մեկուսացած լինելը: Մեր այսօրվա իշխաններն էլ, թեև ապրում են Լոս Անջելեսի ու Փարիզի նման տափարակ քաղաքներում և հաղորդակցության դարում՝ բայց և այնպես, իբրև արժանավոր ժառանգորդներ իրենց հայրերի, տերն են նույն կեցվածքի:
     Մեր սիրելի կուսակցության ներկայացուցիչը համահայկական, համախմբող, համակարգող նախաձեռնության ուղղությամբ իր քաջալերանքն ու զորակցումը հայտարարելուց հետո, ասաց. «...սակայն մրցակցությունն էլ մրցունակություն է ստեղծում»:
     Խորագետ հերթապահն իրավունքն ունի այդ կարծիքի, բայց ժամանակները փոխվում են. այսօր «Macy՛s» -ը ահավոր ընթացքով շուկայի բաժին է կորցնում, իսկ «Amazon» -ը շուկայի առյուծի բաժնին է տիրանում: Kodak հիմնարկը քսան տարի առաջ 175 հազար աշխատավոր ուներ, իսկ այսօր պարզապես գոյություն չունի: Թվայնացումը հիմնովին փոխեց տնտեսության ու տնտեսավարման կանոնները։ Նույնկերպ փոխվում է նաև ընկերային կազմակերպությունների հանդեպ մարդկանց վերաբերմունքը:
     Այսօր Արևմուտքի ժողովուրդները ձեռք են քաշում մրցակցային, պայքարող կառույցներից: Չե՛ն ուզում: Նրանք ձգտում են նպաստել ընկերային և մարդասիրական նպատակներ հետապնդող ու կառուցողական ոգով օժտված կազմակերպություններին: Այս ո՛չ կուսակցության մեղքն է, ո՛չ էլ հատուկ է հայությանը: Տե՛ս, ինչ եղավ Ֆրանսիայի ընկերավարական և հանրապետական կուսակցություններին. փուլ եկան:
    
     Երուսաղեմ այցելությանս իսկապես տպավորված էի հրեա բնակչության մշակութային բազմազանությամբ, նրանց հագուկապի տեսակների ճոխությամբ: Տղամարդիկ՝ մեծ մորթե գլխարկներով, հագած լայն, սև վերարկուներ, ուրիշները՝ տափակ գլխարկներով, սև համազգեստով, գոտիներից կախված փուլունքներով, այլերը քաղաքացիական հագուստներով՝ կիպայով կամ առանց կիպայի: Գլխածածկ կանայք՝ կեղծամով, կամ առանց, որոշները շպարով և կարճ շրջազգեստով: Այս ողջ բազմազանությամբ հանդերձ, նրանք ունեն մեկ համակարգ՝ AIPAC, Ամերիկայի հրեական հանրային գործերի հանձնաժողովը։ Իսկ մենք ունենք երկու հանձնաժողով՝ երկու մրցակցող և հակասող հաստատություններ:
     Բազմազանությունը հարստություն է, բայց համակարգումը՝ էական արժեք:
     ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
     Ժոնասը Հայաստան պիտի գնա ընկերոջ՝ Գասպարի հետ. ինչո՞ւ չգնա: Գնում է այցելելու այս բարձր մշակույթի տեր երկիրը, իր պատկերացումով մի հրաշք երկիր, այնպես, ինչպես Ճապոնիա կայցելեր: Որպես հայ իր ճանաչած երեք զարմիկները, երեք հրաշք երիտասարդներ, բարոյական և մարդկային արժեքների տեր հպարտ հայեր են:
     Մի՞թե Հայաստանը հրաշք երկիր չէ:
     «Մենք» որքանո՞վ ենք հպարտ մեր ժառանգությամբ և մեր հայրենիքով:
     «Մենք» կարո՞ղ ենք տեսլական ու տենչ փոխանցել նոր սերունդներին, որ նրանք ձգտեն հայ լինել, լինեն հպա՛րտ հայեր:
     «Մենք» եմ ասում՝ ակնարկելով ինձնից, քեզնից, մեր զավակներից անդին, ամեն ոք-ին ու ամենքին:
    
     Այսօր մեր կրթական հիմնարկները տեսլականը չկարևորելով, նախևառաջ առօրյա նյութական հարցերը լուծելու ետևից են ընկած: Հասկանում եմ. եթե տանիքից ջուրը տունդ է լցվում կամ ամսավճար չունես, ինչպե՛ս մտածես տեսլականի մասին:
     Դիմացներս պատերազմն է սակայն պարզված: Քառօրյա պատերազմից ավելի ահավոր, ավելի դաժան մի պատերազմ:
     Ահա արևի տակ դրված ձյան պես հալչում ենք: Բավական է նայեմ զավակներիս դասընկերներին, որ մեծամասնությամբ դասալիք հայեր են: Նրանք Ֆրանսիայի նոր սերնդի հայերի մեկուկես տոկոսն են կազմում և դեռ բարեբախտություն են ունեցել հայկական դպրոց հաճախելու: .
     Այս պատերազմը պիտի դիմագրավենք խա՞ռն, անկա՞րգ թե՞ համախմբված: Իբրև մե՛կ ազգ՝ երկու լեզվաճյուղերով, պիտի ունենա՞նք սակայն մե՛կ ուղղագրություն: Ո՞վ պիտի որոշի: Ճիշտ չէ՞ր լինի հաստատել արմատականը՝ Մեսրոպեան ուղղագրութիւնը՝ այսպիսով ապահովելով նաև արևմտահայերենի անվտանգությունը: Ո՞վ պիտի որոշի. քաղաքական գործիչնե՞րը, թե՞ տեսիլքի տեր մտավորականները:
     Թեոդոր Հերցլլի «Հրեական պետությունը» (The Jewish State - 1896) աշխատության մէջ անգլերենը նախատեսված էր որպես ապագա պետության պաշտոնական լեզու: Այդ նույն ժամանակաշրջանում իդիշը ամենաշատ գործածվող խոսակցական լեզուն էր, իսկ եբրայերենը մեռած լեզու էր հրեաների համար: Եվ ահա Էլիեզար Բեն-Եհուդա անունով մեկը, որ եբրայերենը վերակենդանացնելու տեսլականով էր ապրում, գրեց արդի եբրայերեն լեզվի օրենքներն ու քերականությունը, այն սովորեցրեց որդուն. նրանք եղան վերածնվող նոր եբրայերենի առաջին կենդանի կրողները: Հարյուրամյակներ շարունակ չլինելով կենդանի հաղորդակցման լեզու, եբրայերենը մեկ մարդու հավատի ու հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ կենդանի ու վերելք ապրող լեզու։
     Գիտեմ, այս օրինակը հաճելի չի թվա շատերին: Թէոդոր Հերցլից և նույնիսկ ֆրանսիական հեղափոխությունից առաջ, մենք ունեցել ենք Շահամիր Շահամիրյան, որ 1772 թվին հրատարակեց «Որոգայթ Փառաց» գիրքը՝ ժողովրդավարական պետության սահմանադրության մի հրաշալի օրինակ: Մենք ունեցել ենք Մխիթար Սեբաստացի, որի տված կայծը երեք դար շարունակ ճառագեց ազգի մեջ:
     Ցեղասպանությունը մեկուկես միլիոն հայերի կյանքեր խլելուց անդին, խլեց և զրկեց մեզ մեր առաջնորդներից: Այսօր սակայն մենք ունենք արժեքավոր տաղանդների մի սերունդ, և մեր միակ խնդիրը պիտի լինի համախմբել նրանց, ովքեր տեսլական ունեն և կարող են մշակել համապատասխան ռազմավարություն:
     Թող մեր իշխանները իջնեն իրենց լեռներից, հանդես բերեն համագործակցելու իմաստություն:
     Թող մեր «Յեղափոխական» և «Բարեգործական» կոչումներով պահանջատեր Սփյուռքի երկու բևեռները, հատուածականից ավելի բարձր դասեն ազգային շահերն ու համագործակցեն։
     Թող նրանք ունենան մեկը մյուսի դաշտի նորատունկ բույսը գեթ փոքր սուրճի գավաթի ջրով ոռոգելու մեծությունը:
     Թող «Համահայկականը» գեղեցիկ բառ լինելուց անդին, թափանցի նրանց հոգիների խորքը:
     Վերմակն իրար վրայից քաշելու ժամանակ չունենք այլևս: Մեր տակից անկողինն է սահում, ուր որ է կջարդվի:
     Այսօր մեր կրթական ու այլ ազգային հիմնարկները առանց տեսլականի ու գաղափարի փորձում են միայն նյութական հարցեր լուծել: Այնինչ առաջնորդություն ունենալն է նյութական հարցերը լուծելու բանալին:
     «Մի՛ այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի՝ զի վաղիւն վասն ի՛ւր հոգասցի. Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի՛ ձեզ» (Մատթեոս 6։34):
     Պատերազմը պիտի դիմագրավենք` խա՞ռն, անկա՞րգ, թե՞ համախմբված:
     Պիտի ունենա՞նք առաջնորդություն, որ համախմբի, որ տեսիլք ու տենչ փոխանցի նոր սերունդներին, որ նրանք ձգտեն լինե՛լ հայ, լինեն հպա՛րտ հայեր:
     Հերցլը մի տեղում նշել է, թե տեսլական ունեցողը հաճախ ուտոպիստ է ընկալվում: Իրականում այդ ընկալումը կախված է արժևորող անձի տեսիլքի կամ հավատի մակարդակից:
     Ունե՞ս հավատ:
     Պատրա՞ստ ես կառուցողական պատասխանատվություն ստանձնել:
     Պատրա՞ստ ես պայքարել անհաղթահարելի թվացող քարացած «ջրաղացների» դեմ:
     Երկար գրեցի: Ժամանակն էլ ուշ է:
     Առայժմ:
     Դեռ էլի՛ կգրեմ:
     Հավատդ մի՛ կորցրու: Հավա՛տդ չկորցնես:
    
     Յովէլ Շնորհօքեան
     Փարիզ
     Օգոստոս 2017
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4318 | 0 | 0
Facebook