Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
07:16, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ
    

    
     Անսանձ գրաքանդակներ շարքից
    
     Աստծո դեմքը
    
     Ով չի հավատացել – ձաղկել է,
     Ով պատկերացրել է – ծաղկել է,
     Ով տեսել է – հազարապատիկ նկարագրել է,
     Ով տառապել է – հույս է փնտրել,
     Ով զգացել է – պատկերել է իրեն:
    
     Հայկական ջազ
    
     Ուջանի դրախտից Սապեի Միսակին բերեմ՝
     Իր երկար զուռնայով,
     Կաքավաձորի դրախտից Մգրոյին բերեմ՝
     Իր պուկիով,
     Աշնակի դրախտից Վարազդատին բերեմ՝
     Իր կարճ զուռնայով,
     Շղարշիկից՝ Մամիկոնին՝
     Իր պարկապզուկով,
     Աշնակի դրախտից քիչ էր
     Մնում Կարոյին մոռանայի՝
     Խոզի կաշվից իր դհոլով,
     Ծիրանի փայտից կոպալներով:
     Աշոցքի դրախտից՝ խելառ Ջրի
     Ձորի թավջութակահար քամուն բերեմ,
     Կարսից Եղիշե Չարենցին բերեմ՝
     «Ես իմ անուշ Հայաստանի» -ն երգի:
    
    
     Անսիրտ պատկեր
    
     Խելքս թռցրել եմ ես այս տարիքում,
     Հեռանում եմ սեղաններից անգլիական ձևով:
     Կնոջս անգամ սկսել եմ սիրել իրենից թաքուն,
     Որպես ապաշխարանք քնելուց առաջ մի շիշ
     Գարեջուր եմ կոնծում:
     Ժամանակն ինձ անընդհատ
     Հավասարակշռությունից է հանում,
     Եվ ես 20-րդ դարն առանց կոմունիստների եմ հիշում-
     Ուր Մոսկվան երբեք իմ մայրաքաղաքը չի եղել:
     Երևանում չեմ ուզում մնալ, չգիտեմ թե ինչու-
     Չէ, խելքս թռցրել եմ ես այս տարիքում:
     Աշնակ չեմ ուզում գնալ, բայց Ջաղցի ձորը
     Հորս ձայնի արձագանքով ինձ է կանչում:
     Ելնեմ գնամ, երևի, քանի դեռ ձմռան մութը չի ընկել…
    
    
     Կոնյակով գրված միտք
    
     Տարին կրկին պտտվում է,
     Աստծո շունչը՝ մտքիս վրա,
     Որձ աղավնին գեղգեղում է-
     Ցող է նստել կոպիս վրա՝
     Տարին նորից պտտվում է,
     Շաղ է իջել գլխիս վրա…
    
    
     Գենետիկա
    
     Երկու ճանճ «Օրբիտ» ծամոնի տուփի վրա բեղմնավորվեցին՝
     Ազատության գերագույն մակարդակ.
     Բայց ես հո գիտեմ, որ ծնված էակը
     Էլի ճանճ է լինելու:
     Իրե՛նք չգիտեն…
     Ամպրոպ ու կայծակ,
     Ես լռում եմ, դուք խոսե՛ք,
     Ես իմ ձայնը ձեզ եմ տալիս…
    
    
     Կենսական աղոթք
    
     Արշալույսի ձայներ, ի՞նչ եք ուզում ինձանից,
     Տարիքս ինձ սնոտիապաշտ է դարձրել-
     Զորավոր եկեղեցու զանգեր.
     Մի՛ ուշացեք, թոռնիկիս ձայնով ավետեք
     Այսօրվա լուսաբացը…
    
    
     Չպատմվող երազ
    
     Ծամում ենք, ծամում եմ, ծամում
     Ինչ-որ բան, որ անհամ է ու անգույն,
     Եվ չգիտեմ կամ թե չկամ:
     Դուրս քաշեք իմ բերանից այս լկամը,
     Որ մի քիչ խոսեմ անձև, թե
     Դրսում անձրևը բարակ է մաղում:
     Խոնավ է մեջս ու մգլոտ.
     Ոսկորներս կտամ օգոստոսի արևին,
     Իսկ մազերս՝ պատահած հարավի քամուն:
     Եվ կամ դուրս քաշեք այս լկամը,
     Թեկուզ մի քիչ էլ խոսեմ տձև:
    
    
     Կտակ
    
     Պահիր քո մեջ արյան գնի զգացումը խայթող մեղվի նման
     Եվ քո միջից հանիր քեն ու ոխի ցանկացած
     զգացում՝ ջրի հայելու մեջ ինքնությունդ փնտրելով:
     Պահիր քո մեջ նորածնի ճիչն ավետող արշալույսի մեղեդին
     Եվ քո միջից հանիր առյուծի բաժին հասկացությունը:
     Պահիր քո մեջ լեռների վրայով սուրացող քամու երգը:
     Եվ քո միջից հանիր այն տարածքը, որ երեխան չի տեսնում:
     Պահիր քո մեջ հորդ լուսապատկերն ու մորդ լեզուն
     Եվ քո միջից հանիր մեռնող ձիու խրխինջը, որ
     ընկուզենիներն արձագանքեն:
     Պահիր քո մեջ Ջաղցի ձորի արձագանքը՝
     միայնակ գայլի ոռնոցի:
     Եվ քո միջից հանիր, եթե ադամամութի գույժ է այն:
     Պահիր քո մեջ, եթե ցկնող գայլի լուսնահաչը
     ավետիսն է առավոտի…
    
    
     Մարդու ժամանակը
    
     Ամենադանդաղ մահով մեռնում է ժամանակը:
     Մարդն ապրում է՝ կառչելով իր գոյությունից,
     Իսկ ժամանակը նրա կյանքի մարտադաշտն է-
     Պարզ ու հասարակ մի բան – և ուրիշ ոչինչ:
    
    
     Արտագաղթ
    
     Մութի միջով սուրաց լույսը,
     Մի շող թառեց թաց կոպերին,
     Բառի վտառն է ճամփեքին
     Անվերջ մուրում – նոր հայրենիք:
    
    
     Երկխոսություն սարդի հետ
    
     Սարդը, փոքրի՜կ, եկել էր ինձ այցի: Երկաթե դռան արանքով ներս էր մտել, մշտապես ներս փչող քամու միջնորդությամբ:
     -Համբերություն եմ ցանկանում քեզ, Ռոլանդ, - ասավ, - դու դիմացիր քիչ էլ, ես քեզ հաջողություն եմ բերելու:
     Ասացի.- Մի գնա, սարդ ջան, մնա և սարդոստայններ հյուսիր իմ շուրջ, որ մարդկանց «հյուսվածները» չհասնեն ինձ:
     Ասաց.- Մի՛ վհատվիր, Աստվածն արդեն հյուսել է քո շուրջ: Նրանք հեռանալու են քեզանից, շա՜տ են հեռանալու, որ միշտ քեզ հիշեն…
     Ես նրան բնակեցրի մենախցիս աջ անկյունում, աղ ու հացի հարևանությամբ:
    
     1995 թ. հունվար, ԱԱ մեկուսարան
    
    
    
     ԵՎ, Օ, Ֆ
    
     Ես էտեցի ծիրանի ծառերս՝
     Իսպառ չքվեց ձմռան շունչը,
     Մտածեցի՝ ամռանը տղաներիս նշանեմ,
     Իսկ աշնան վերջին, տա Աստված,
     Սովք չլինի
     Եվ Սարդարապատի հորաքրոջս որդու հնձանը
     Մուսկատ խաղողով լեցուն լինի-
     Գարնան գլուխ, հերն անիծած,
     Ներկա-բացակա հորս «Մշո ղըռը» զարկենք և վերջ…
    
    
     Հասկացություն
    
     Ես մի թուրք ծանոթ ունեմ՝ Օրհան Փամուկ:
     Ես մի քուրդ եղբայր ունեմ՝ Թոռուն:
     Ես մի ռուս ընկեր ունեմ ծագումով հրեա՝ Միխայիլ Շվեդկոյ:
     Ես մի վրացի ընկեր ունեմ՝ չգիտեմ որ դիրքերում է հիմա՝ Զաուր Գալանտիա:
     Ես մի գերմանացի ընկեր ունեմ՝ Քլաուս Դիտեր Վագներ - հեռախոսն այս օրերին միայն պատգամներ է ձայնագրում:
     Ես մի արաբ բարեկամ ունեմ՝ Աբու Ալիխան, ով ինձ տեսնելիս ասում է. «Ռոլանդ, ե՞ս էլ եմ մուսուլման»:
     Ես մի հայր ունեմ... Երբ նրա քֆուրները վերջանում էին
     Եվ ջղարան մատների արանքում հանգչում էր
     Եվ սուրճի բաժակը դառնում էր օղի, ասում էր.
     «Երբ հայի միջի թուրքը և թուրքի միջի հայը դառնան բարեկամ...
     էն ժամանակ երևի, երևի-երևի...»
     Ես մի հայր ունեմ հավերժ 77 տարեկան...
    
     Անդին 10, 2013
Ռոլանդ Շառոյան հետ:
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3562 | 0 | 0
Facebook