Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Յուրաքանչյուրից` ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահանջմունքների» կարգախոսի մասին

23:30, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Յուրաքանչյուրից` ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահանջմունքների» կարգախոսի մասին

Ի սկզբանե սա կարգախոս էր, բայց հետագայում դարձավ սկզբունք, որը վերաբերում էր ապրանքներ ու ծառայություններ ազատ ստանալու հնարավորությանը: Ըստ մարքսիստական պատկերացման դա հնարավոր կլինի ապրանքների ու ծառայությունների լիառատության, ավելցուկի պայմաններում, որն արտադրելու է զարգացած կոմունիստական համակարգը: Գաղափարն այն էր, թե զարգացած կոմունիստական հասարակության պայմաններում արտադրական ռեսուրսները, ապրանքներն ու ծառայություններն այնքան շատ կլինեն, որ կբավարարեն յուրաքանչյուրի պահանջմունքները:

Քրիստոնյա աստվածաբաններից ոմանք այս կարգախոս-սկզբունքի արմատները տեսնում են Հիսուսի պատմած հետևյալ առակում.

«Նույնպես, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին` երկու և մի ուրիշին` մեկ. յուրաքանչյուրին ըստ իր կարողության. և գնաց: Ով հինգն առավ, իսկույն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց: Նույնպես նա էլ, որ երկուսն առավ, երկու ևս շահեց: Իսկ ով մեկն առավ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց: Շատ ժամանակ անց, այն ծառաների տերը եկավ և նրանց հետ հաշիվ տեսավ: Ով հինգ քանքար էր առել, մոտենալով` հինգ քանքար ևս տվեց և ասաց. «Տե'ր, հինգ քանքար տվիր ինձ, արդ, ահավասիկ վրան ևս հինգ քանքար շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե'ս, բարի' և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի'ր քո տիրոջ ուրախության մեջ»: Ով երկու քանքարն էր առել, նա էլ մոտեցավ ու ասաց. «Տե'ր, ինձ երկու քանքար տվիր, ահավասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»: Եվ տերը նրան ասաց. «Ապրե'ս, բարի' և հավատարի'մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի'ր քո տիրոջ ուրախության մեջ»: Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր առել ու ասաց. «Տե'ր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցա. գնացի և թաքցրի քո այդ քանքարը հողի մեջ: Արդ, ահա'վասիկ, քոնը` քեզ»: Տերը պատասխան տվեց և ասաց նրան. «Չա'ր և ծո'ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, ուր չեմ ցանել. դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր, և ես, գալով, տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առե'ք այդ քանքարը և տվե'ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի: Իսկ այդ անպիտան ծառային հանեցե'ք դուրս, արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» » (Մատթեոս 25: 14 - 30):


     Իսկ որոշ գիտնականներ էլ կարգախոսի ծագման ակունքը համարում են Նոր կտակարանի «Գործք առաքելոց» -ը: Այստեղ Երուսաղեմի հավատացյալների ապրելակերպը նկարագրվում է որպես համայնքային: Ահա' երկու հատված հիշյալ գրքից.


     «Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր: Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերը իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար հասարակաց էր: Եվ առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին: Ու նրանց բոլորի վրա մեծամեծ շնորհներ կային: Եվ նրանց մեջ ոչ ոք ոչ մի բանի կարոտ չէր, որովհետև ովքեր գյուղերի կամ ապարանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում ու դնում էին առաքյալների ոտքերի առաջ, և նրանք բաշխում էին յուրաքանչյուրին` ում ինչքան պետք էր լինում» (Գործք առաքելոց 4: 32 -35):

«Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր. նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու ինչքերը և բաժանում էին բոլորին` ում ինչ որ պետք լիներ: Ամեն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հաց կտրում և ուրախությամբ ու սրտի պարզությամբ էին կերակուր ուտում» (Գործք առաքելոց 2 44 - 46):

Մոռացության մատնված ֆրանսիացի ուտոպիստ փիլիսոփա Էթիեն-Գաբրիել Մորելին աստվածաշնչական համայնքի գաղափարը զարգացնում է 1755 թվականին գրված «Բնության օրենսգիրք» աշխատությունում: Նա այս սկզբունքը համարել է «Այն հիմնական ու սրբազան օրենքներից մեկը, որոնք արմատից կոչնչացնեն հասարակության արատները»:

Ըստ Մորելիի՝

1.Հասարակության մեջ ոչինչ չպիտի պատկանի որևէ մեկին՝ բացի այն իրերից, որոնք յուրաքանչյուրն օգտագործում է իր կարիքները բավարարելու, հաճույքների կամ իր ամենօրյա աշխատանքի համար:

2.Յուրաքանչյուր քաղաքացի աշխատանքով ապահովված պաշտոնատար անձ է, որին հանրությունը ապրուստ է տրամադրում:

3.Յուրաքանչյուր քաղաքացի, համապատասխան իր ուժերի, շնորհների ու տարիքի, պիտի մասնակցի հանրային բարիքների ստեղծմանը: Դրանով պայմանավորված՝ սահմանվելու են նրա պարտականությունները՝ համաձայն բաշխիչ օրենքների:


     Բայց «Յուրաքանչյուրից` ըստ իր հնարավորությունների, յուրաքանչյուրին` ըստ իր կարիքների» -ն առաջին անգամ գործածել է ֆրանսիացի անարխիստ Լուի Բլանը (1811 – 1882 թթ.) ՝ 1839 թվականին հրատարակած «Աշխատանքի կազմակերպումը» աշխատությունում: Այստեղ նա քննության է առնում Սեն Սիմոնի (1760 – 1825 թթ.) ՝ «Յուրաքանչյուրից՝ ըստ իր ունակությունների, յուրաքանչյուր ունակության՝ ըստ իր գործերի» թեզը: «Քրիստոնեական կոմունիզմ» -ի տեսաբան
Էթիեն Կաբեն (1788 – 1856թթ.) իր «Ճանապարհորդություն Իկարում» աշխատության մեջ, որը լույս է տեսել 1840-ին, իդեալական երկրի մասին, որպես գլխավոր սկզբունք, հետևյալն է բանաձևել. «Յուրաքանչյուրից՝ իր կարողությունների չափով: Յուրաքանչյուրին՝ իր պահանջմունքների չափով»: Ըստ հեղինակի՝ սա է եղել իր հայտնաբերած կղզու բնակիչների հիմնական սկզբունքներից մեկը: Այս գաղափարը 1848 թվականի հեղափոխության գլխավոր կարգախոսներից մեկն է դառնում:

Այս գաղափարը, Գերմանիայի բանվորների խնդրանքով, Կարլ Մարքսն ընդգրկում է «Գոթայի ծրագրի քննադատությունը» հոդվածում, որը գրվել է 1875-ին: Այստեղ հետևյալն է ասվում.

«Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, այն բանից հետո, երբ կանհետանա մարդուն ստրկացնող ենթարկումը աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա ֆիզիկական ու մտավոր աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքն այլևս կյանքի միջոց չի լինի, այլ ինքը կդառնա կյանքի առաջնային պահանջ, երբ անհատականությունների համակողմանի զարգացման հետ մեկտեղ կաճեն նաև արտադրողական ուժերն ու հասարակական հարստության բոլոր աղբյուրները` լիարժեք հոսքով, միայն այդ ժամանակ կարելի կլինի լիովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշին գրել. «Յուրաքանչյուրից` ըստ իր ունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր պահանջմունքների»:

Բանաձևը շուտով ծրագիր է դառնում, և 1912 թվականին Ֆրանսիայի «Աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիա» -ն՝ Ֆրանսիայի ամենախոշոր արհմիութենական կազմակերպությունը, «Յուրաքանչյուրից՝ ըստ իր ունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր կարիքների» կարգախոսը ներառում է «Ամյենի խարտիա» -ում: Այն պետք է դառնար կոմունիստական հասարակության բարձրագույն փուլի նշանաբանը: Եվ, ըստ Լենինի` «Պետությունը և 1917 թ. հեղափոխությունը» աշխատության, «Երբ հասարակությունը կկարողանա կյանքի կոչել այս սկզբունքը, պետությունը մահացած կլինի»:

Լենինը միաժամանակ ընդգծում է. «Թե որ փուլում և ինչ գործնական միջոցներով մարդկությունը կհասնի այդ բարձրագույն նպատակին, մենք չգիտենք և չենք կարող իմանալ»:

Մարքսն ուրվագծել է այն կոնկրետ պայմանները, որոնց դեպքում այս սկզբունքը գործադրելի կլիներ այն հասարակությունում, որտեղ տեխնոլոգիան և սոցիալական կազմակերպվածությունը, ըստ էության, վերացրել են իրերի, առարկաների արտադրության համար ֆիզիկական ուժի գործադրման անհրաժեշտությունը, որտեղ «աշխատանքը ոչ միայն կյանքի համար միջոց, այլև կենսական պահանջմունք է դառնում»: Մարքսն իր համոզմունքները բացատրել է նրանով, որ այդպիսի հասարակությունում յուրաքանչյուր մարդ հանրային բարիքի ստեղծման համար աշխատելու դրդապատճատ կունենա՝ չնայած աշխատանքի հարկադրման սոցիալական մեխանիզմի բացակայությանը, քանի որ աշխատանքը դառնալու է հաճելի ու ստեղծագործական գործունեություն: Իր հռչակած կարգախոսի առաջին մասի («յուրաքանչյուրից՝ ըստ ունակությունների») ներքո Մարքսն հասկանում էր ոչ այնքան այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է այնքան ժրաջանորեն աշխատի, որքան կարող է, այլ այն, որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է առավելագույնս զարգացնել իր առանձնահատուկ ունակությունները:

Իրեն երևակայելով որպես մի երկիր, «որը գտնվում է կոմունիզմի առաջին փուլում», Խորհրդային Միությունը, 1930-ականների վերջերին, երբ արդեն մեծ պատերազմի շունչն էր զգացվում, ստալինյան ցուցումով այս կարգախոսից «կարված հագուստը» հարմարեցրեց իր տձև մարմնին, ու կարգախոսն հետևյալ տեսքն ստացավ. «Յուրաքանչյուրից` ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի»:

Ըստ Տրոցկու` այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում Խորհրդային Միությունն ավելի շատ մոտենում էր կապիտալիզմին, քան կոմունիզմին:

Խորհրդային Միությունում (որտեղ բոլորը պետության ծառայողներ էին, պետությունն էլ բոլորի գործատուն էր) կոմունիզմը չհաղթանակեց, որովհետև գործատուն տպավորություն էր ստեղծում, թե վճարում է, ծառայողներն էլ տպավորություն էին ստեղծում, թե աշխատում են:


     Նկարում` լեհ նկարիչ ու քանդակագործ Յացեկ Տիլիցկու ստեղծագործությունը. «Տո'ւր, եթե կարող ես, վերցրո'ւ, եթե հարկ է, որ վերցնես»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9917 | 0 | 0
Facebook