Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզ հետ չէ Մանուկ Մկրտչյանը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
05:05, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Մեզ հետ չէ Մանուկ Մկրտչյանը
     Նիդերլանդների հայ համայնքը ծանր կորուստ կրեց: Այս անգամ մահվան գույժը՝ Ալմելոյից էր:
     Գիտեինք, որ Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը պայքարում է ծանր հիվանդության դեմ, բայց ապաքինման հույս՝ փայփայում էինք: Հրաշքը սակայն տեղի չունեցավ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու կայքը գուժում է. «Այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչ, Ալմելո քաղաքի հայոց դպրոցի տնօրեն՝ պարոն Մանուկ Մկրտչյանը...»
     Լուրն անսպասելի է բոլոր նրանց՝ ովքեր գիտեն, ճանաչում են Մանուկ Մկրտչյանին:
     Նրան շատերն էին սիրում՝ ոչ միայն որպես հմուտ և խելացի մանկավարժի, նաև՝ լավագույն, ընկերոջ ու բարեկամի: Նա սիրով ու մեծ նվիրումով էր իր գիտելիքներն ու փորձը փոխանցում դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ու իր սաներին: Ալմելոյի Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» Եկեղեցու և «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հիմնադրումից մի քանի տարի անց՝ 2008 թվականին, Եկեղեցու վարչության առաջարկով՝ մինչ այդ, որպես ուսուցիչ աշխատած Մանուկ Մկրտչյանը նշանակվում է Ալմելոյի 6-7 հազար ամենամեծ հայ համայնք ունեցող կիրակնօրյա դպրոցի տնօրեն: Այդ ընթացքում Մանուկ Մկրտչյանին հաջողվում է կրթական նոր մակարդակի հասցնել դասավանդումը, կտրուկ ավելանում է սաների թիվը: Տարեց-տարի՝ 100-ից ավելի սաների, հասու է եղել հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայ ժողովրդի պատմություն առարկաները, հմտացել են պարի, նկարչության, ասմունքի և այլ ասպարեզներում: Մանուկ Մկրտչյանի տնօրինությամբ դպրոցը սերտորեն համագործակցել է Նիդերլանդներում գործող այլ դպրոցների հետ, ընդգրկված է մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: Մանուկ Մկրտչյանի ջանքերով հիմնվել էր «Զանգակ» անունով թերթը, որտեղ սաներից զատ հոդվածներ են գրել մանկավարժները:
    
     Մանուկ Մկրտչյանը, ով կրթությամբ բանասեր էր և ուներ 28 տարիներից ավելի մանկավարժական ստաժ, աշխատել էր նաև Հոլանդական կրթական համակարգում, մաթեմատիկա և համաշխարհային պատմություն էր դասավանդել հոլանդական դպրոցում: Նա մեծ նվիրումով էր հոլանդացիներին մատուցում հայ ժողովրդի պատմությանը: Մանուկ Մկրտչյանը Նիդերլանդների ակտիվ հայ անդամներից էր: Նա «Նիդերլանդական օրագրի» ակտիվ թղթակիցն էր և համայնքային կյանքի մասին հոդվածներ էր գրում մեր էջերում (նաև «Հայերն այսօր» պարբերականին և «Օրեր» Եվրոպական հանդեսին): Հաճախ լինում էր Մայր Հայրենիքում:
    
     Մանուկ Մկրտչյանը արժանացել է Նիդերլանդների կրթական համակարգի և ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ պատվոգրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան», Համահայկական մրցանակաբաշխությունում իր ղեկավարած դպրոցը ճանաչվել է, որպես լավագույն կրթօջախ:
     Դժվար է համակերպվել անդառնալի կորստին, սակայն իրավմամբ՝ Կորստից ավելի ուժեղ հիշողությունն է, որը մնայուն է։
     Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու պայծառ ու ջերմ հիշատակը միշտ վառ կմնան բոլոր նրան ճանաչողների սրտերում:
    
     Ինչպես նշում է Ալմելոյի եկեղեցու կայք էջը' Մանուկ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-ին,
որից հետո հնարավորություն կտրվի ցավակցել ընտանիքին և հարազատներին եկեղեցուն կից սրահի մեջ։
    
     Կիսելով այս ծանր վիշտը' ցավակցություն ենք հայտնում Մանուկ Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, աշխատանքային կոլեկտիվին:

    
     «Նիդերլանդական օրագիր»
    
    
    
Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքը այսպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.
     Խորին ցավով տեղեկացանք Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և տնօրեն պարոն Մանուկ Մկրտչյանի վաղաժամ մահվան լուրի մասին և անսպառ ափսոսանքով հոգիներս պարուրեց։ Մաստրիխտի «Անի» հայ համայնքը և «Սուրբ Կարապետ» եկեղեցին իր բոլոր անդամների անունից իր խորին ցավակցություններն է հայտնում պարոն Մանուկ Մկրտչյանի բոլոր հարազատներին և մտերիմներին ՝ սգալով մեր բոլորիս կողմից սիրված այդ հրաշալի մարդու և մեծ հայրենասերի անդառնալի կորուստը։ Իրոք աննկարագրելի է այն կորուստը, որը զգում է հիմա հոլանդահայ ողջ հասարակությունը և միայն ինքներս մեզ կարող ենք մխիթարել, որ մեր Մեծ հայն ու Մեծ մարդը Աստծո մոտ գտավ հանգրվան, իսկ նրա հոգու անմահության համար դեռ բազում տարիներ Նիեդրլանդների հայկական եկեղեցիներում զանգեր կղողանջեն՝ ի նշան նրա կենդանության և անմահ գործերի՝ ի նպաստ հայեցի կրթման և դաստիարակության ու հայապահպանման։
     Աստված հոգիդ լուսավորի Մանուկ ջան և ինչպես քո անունն է կնքվել քեզ ի վերուստ՝ մանկան պես պարզ ու մաքուր ապրելու և մանուկներին կրթելու, այդպես էլ երկնքում կգտնես քո պարզությամբ և մաքրությամբ այն զարդարելու քո առաքելությունը
     Հանգչիր խաղաղությամբ Ամենահայ եղբայր։
Հարգանքներով Մաստրիխտի «Անի» հայ համայնք
    
    
Лусине Барсегян Հազար ափսոս... հրաշք մարդ, իմաստուն ուսուցիչ, նվիրված ընկեր...Աստված հոգին լուսավորի։ Դու ընդմիշտ մեր սրտերում կմնաս քո լուսավոր ժպիտով, քո ՄԱՐԴ տեսակով։ Հպարտ եմ, որ ճանաչել եմ քեզ հարգարժան Մանուկ։

    
DirHov MG Շատ ցաւալի լուր մըն է ու անհաւատալի.Աստուած հոգին լուսաւորէ եւ ընտանիքին համբերութիւն տայ...մահուան պատճառը
     Ի°նչ էր...
    
     Massis Abrahamian Ազնիվ և առաքինի մարդ՝ օրինակելի հայ ուսուցիչ։ Ավաղ կորցրեցինք ամենաբարձր արժանիքներով նվիրյալի։ Հանգչի՛ր խաղաղությամբ սիրելի Մանուկ, քո գործով դու դեռ շատ երկար կապրես։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4110 | 0 | 0
Facebook