Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքական ինքնության և այն մասին, թե երբ է ձևավորվել թրքությունը

23:16, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Թուրքական ինքնության և այն մասին, թե երբ է ձևավորվել թրքությունը

«Մեր դժբախտությունը ոչ թե նրանում է, որ թուրքեր գոյություն ունեն, այլ նրանում, որ գոյություն ունեն թուրքանման հայեր»:

Գարեգին Նժդեհ

20-րդ դարի սկզբում «Սորբոն» համալսարանում դասավանդող պրոֆեսոր Ալբերտ Սորելն ասել է.
     «Պատմության երկու առեղծված կա. մեկն աշխարհագրական է՝ բևեռները, մյուսը պատմական է՝ թուրքերը»:


     Հիրավի, թուրքական ինքնությունը դժվար է որոշել: Անատոլիայում և ավելի մեծ առումով՝ Օսմանյան կայսրությունում է աստիճանաբար ձևավորվել թուրքական ինքնությունը, և Թուրքիա պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալն է «թուրք» ազգի «հայրը»:

Թուրքական ինքնությունը

Թուրքական ինքնությունը բարդ է: «Թուրք» անվանյալները ծագումով Կենտրոնական Ասիայի այն երևակայական տարածաշրջանից են, որը Թուրան են անվանել, և որտեղ խմբավորվել են նույն լեզուն ու մշակույթն ունեցող ցեղախմբերը: Նրանք հայտնի են եղել չինացիներին ու պարսիկներին: Վերջինները նրանց ավանդաբար «թշնամի եղբայր» են համարել: Դա հատկապես արտահայտված է «Շահնամե» դյուցազներգությունում: Սակայն այս բնորոշումն ամենևին էլ չի խոչընդոտել, որ շատ տևական ժամանակահատվածում պարսիկներն ու թուրքերը շատ լավ հարաբերություններ ունենան: Պարսիները թուրքերին բավականին հաճախ նաև «չինացի» են անվանել, ինչպես, օրինակ, Նիզամու որոշ պոեմներում: Թուրքերին չինացի անվանելը վկայում է, որ նրանք ապրելիս են եղել Չինաստանին շատ մոտ տարածաշրջանում:

Թուրքական ցեղերի մի մասը (բուլղարները, սելջուկները, օսմաններն ու թաթարները) հաստատվել է Միջին Արևելքում ու Եվրոպայում, իսկ այլ ցեղախմբեր (թուրքմենները, ուզբեկները, ույգուրները, ղազախները, կիրգիզները, յակուտները և այլն) մնացել են Կենտրոնական Ասիայում և Սիբիրում:

Կան նաև այլ ժողովուրդներ (մոնղոլներ, հոներ, մանջուրներ, մաջարներ), որոնք ազգակից են թուրքերին:

Եվրոպացիները «թուրք» են անվանում հիմնականում սելջուկներին և օսմաններին: Ժամանակին «թուրք» են անվանել նաև թուրքմեններին, որոնց չի կարելի շփոթել Կենտրոնական Ասիայի թուրքմենների հետ:

Անատոլիան նվաճել է թուրքական օրղուզ ցեղը, որն հետագայում սելջուկ անունն է ստացել: Նրանք հիմնել են Ռումի սուլթանությունը: «Ռում» նշանակում է Հռոմ: Լատին բյուզանդացիներին կամ ուղղակի հույներին «ռում» են անվանել: 13-րդ դարում մոնղոլները նվաճում են Անատոլիան: Ռումի սուլթանությունը որոշ ժամանակ հարկատու է դառնում մոնղոլների Մեծ խաքանին, բայց հետագայում մանր թագավորությունների է բաժանվում: Այդ թագավորություններից մեկը, որի գլուխ կանգնած էր Օսմանների ընտանիքը, կարողանում է միավորել մասնատված թագավորություններն ու ստեղծել Օսմանյան կայսրությունը: Հետաքրքիր է նշել, որ այդ ժամանակաշրջանում թուրքերը մեծամասնություն չէին կազմում այդ տարածաշրջանում, և Օսմաններն իրենք նվաճած տարածքը «Հոռոմների երկիր» էին անվանում, քանի որ Անատոլիան նախկինում Բյուզանդական կայսրության մաս էր կազմում, և, որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիա անունը եվրոպացիներն են ներմուծել: Պատմաբան Էդհեմ Ելդեմը նշում է, որ «թուրք» եզրը եվրոպացիները գործածել են օսմանների առումով, մինչդեռ լրագրող Այշե Հյուրն ասում է, թե «թուրք» եզրը եվրոպացիները մինչև 19-րդ դարը հաճախ գործածել են նսեմացնող իմաստով:

Օսմանյան կայսրություն. մահմեդականների՞, թե թուրքերի կայսրություն

Փոփոխություններն սկսվում են տեղի ունենալ 19-րդ դարում: Մինչ այդ կայսրության բնակչությունը բաժանված էր «միլեթ» -ի (եզրը հետագայում «ազգ» եզրով է փոխարինվում): «Միլեթ» -ը կրոնական հանրության իմաստ է ունեցել ու ամենևին էթնոս չի նշանակել: Միլեթի արտոնյալ հատվածը «միլեթ ի հաքիմ» է անվանվել, իսկ իրավազուրկը՝ «զիմմի» (արաբերեն՝ պարտապան): Զիմմի են համարվել հայերը, հրեաները և հույները: Բայց 19-րդ դարում ազգային խնդիրն սկսում է աստիճանաբար գերակշռել: Որքան էլ տարօրինակ թվա, ազգային պատկանելության հարցն ամենասկզբում օրակարգային է դառնում ոչ թե կայսրության քրիստոնեական, այլ՝ մահմեդական միջավայրում: Նապոլեոնի եգիպտական արշավանքից հետո եգիպտացիները պայքար են սկսում ինքնորոշման համար, և 1839 թվականին թուրք-եգիպտական պատերազմ է տեղի ունենում: Այնուհետև Բալկանների հույներն ազատագրական պայքարի ու եվրոպացիների օգնության արդյունքում անկախություն են ձեռք բերում: Այս անկախությունը դառնում է ազգային փոքրամասնությունների ազգային ինքնագիտակացության արթնացման հզոր ազդակ: Օրինակ՝ հույների նման ուղղափառություն դավանող բուլղարները ցանկանում են ունենալ իրենց սեփական՝ Բարձր դռան կողմից ճանաչվող եկեղեցի: Ահա այսպես Բալկանների տարբեր ժողովուրդներ աստիճանաբար վերագտնում են իրենց ինքնությունը մինչև անկախություն ստանալը (քրիստոնյա երկրներից՝ Բուլղարիան, Սերբիան, Մոնտենեգրոն, մուսուլմաններից՝ Ալբանիան, որոնք մինչև Առաջին աշխարհամարտը անկախության պատերազմ են մղում):

Հիշեցնեմ, որ Եգիպտոսն արդեն դուրս էր եկել օսմանյան ուղեծրից:

Ֆրանսիայից Լուսավորության գաղափարների ներթափանցման հետ ազգային ինքնությունը, , կրոնի համեմատ, առավել կարևորություն է ստանում, և կայսրության ժողովուրդների ազգային ինքնության գլխավոր հենասյունն է դառնում լեզուն: Այս գործընթացի արդյունքում կայսությունն արդեն ղեկավարում էին ոչ թե սունի դավանանքի մահմեդականները, այլ՝ թուրք սունիները: Թուրքականության գաղափարը ծնունդ է առել ոչ թե էթնիկ առումով թուրքական միջավայրում, այլ թրքախոս էթնոսների միջավայրում: Ասվածի ապացույցն է ծայրահեղ ազգայնական «Երիտասարդ թուրքեր» շարժումը, որի հիմնադիրներն են ալբանացի, քուրդ և կովկասցի մուսուլմանները:

Հետագայում Բալկաններից, մասնավորապես Մակեդոնիայից և Կովկասից փախած շատ մահմեդականներ դառնալու են այդ կազմակերպության անդամ: Ահա այս ճանապարհով ձևավորվում է մի նոր հանրություն՝ թուրք ազգը, որն իր ինքնության գլխավոր բաղադրիչներ է դարձնում լեզուն և սունի մահմեդականությունը: Հենց Աբդուլ Համիդ 2-րդի իշխանության տարիներից սկսվում են հալածանքները նաև Իրաքի եզդիների, ալավիտների, շիա մահմեդականների, Եմենի եզդիների նկատմամբ: Սունի դավանանքի արաբներն ու քրդերը, եթե թուրքախոս չէին, զրկված էին իրենց երկրամասերի իշխանական բարձր ոլորտ մտնելու հնարավորությունից:

Ինչ էլ ասեն առավել ազգայնականները, թուրքերի մշակույթը խառնածին է: Եթե նրանց ռազմական ոգին անժխտելի է՝ պարսկերեն լեզվի վրա այս ոլորտում ազդեցության առումով, ապա օսմանյան ճարտարապետությունը մեծապես ազդվել է բյուզանդականից. իմիջիայլոց, կայսրության շատ մզկիթներ բյուզանդական եկեղեցիներ են եղել, ինչպես, օրինակ, Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, կամ Նիկոսիայի Սելիմիան: Օսմանյան շատ հանրահայտ գործիչներ ազգությամ թուրք չեն՝ սկսած սուլթան Սուլեյման Առաջինի ճարտարապետ Սինանից, որը հայ է եղել, մինչև իմաստասեր Սայիդ Նուրսին, որն ազգությամբ քուրդ է եղել:

Առաջին աշխարհամարտի վերջում Բալկանյան թերակղզուց և Կովկասից Փոքր Ասիա գաղթածները կազմել են Թուրքիայի բնակչության 40-50 տոկոսը:

Թուրքական ազգայնականությունը 1923 թվականից ի վեր

Թուրքիայի Հանրապետության հռչակումից ի վեր Մուստաֆա Քեմալն իր ժողովրդին բոլորովին նոր ինքնություն է կերտել, կամ, ավելի ճիշտ, նա համախմբել է այն, ինչն արդեն գոյություն ուներ: Նա թրքության վերջնական սահմանումն է տվել, և Երկրորդ աշխարհամարտից հետո արդեն համարվում էր, որ թուրք ազգը եվրոպական ազգ է: Նրանք արդեն իրենց համարում են խեթերի ժառանգորդներ: Նրանց նպատակն է մոռացության մատնել Կենտրոնական Ասիայից իրենց եկվոր լինելը:

Թուրք ցեղը երկար ժամանակ, մինչև ֆաշիստական Գերմանիայի պարտությունը, վեր է դասվել քեմալական Թուրքիայում ապրող այլ ազգություններից: 1945-ից հետո երկրի իշխանությունները ստիպված են լինում չափավորել ազգայնականությունը: Այնուամենայնիվ, «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» -ի տիպի կարգախոսները շարունակվում են հնչեցվել: Այս համատեքստում ազգային փոքրամասնություններ գոյություն չունեն, նրանք դիտարկվում են որպես օտարականներ, եթե նույնիսկ նրանք այս երկրում թուրքերից էլ առաջ են ապրել (հույներ, հայեր, քրդեր, ասորիներ, հրեաներ և այլն): Եվ թեպետ թուրք մարդն արդեն ժամանակակից մարդ է ու նույնիսկ աթեիստ, այնուամենայնիվ կրոնը նրա կյանքում դեռ կարևոր դեր է խաղում: Իրեն մինչև վերջերս աթեիստական համարող երկրում այնուամենայնիվ թուրքականության հիմքը համարվում է սունի դավանանքը:

Մուստաֆա Քեմալի մահից հետո այլ շարժումներ են ի հայտ գալիս: Դրանցից մեկը ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունն է: Սրանք իրենց գործունեությունն ուղղել էին բոլոր ազգային փոքրամասնությունների դեմ: 1970-ականները Թուրքիայի համար խառնակ ժամանակներ էին, երբ պարտիզանական պայքար էին ծավալել ծայրահեղ ձախերն ու արթնացել էր քրդական շարժումը: Ի լրումն թվարկածի՝ սառը պատերազմ էր սկսվել Հունաստանի հետ Կիպրոսի խնդրով ու միջազգային ասպարեզում ակտիվացել էին հայ ահաբեկիչները:

Հիմնականում քեմալական սպաներով համալրված բանակը գրավում է իշխանությունն ու երկրում կարգ ու կանոն հաստատելու համար իր հենարանն է դարձնում ծայրահեղ աջ ազգայնականներին: «Գորշ գայլեր» -ը այս շրջանում բավականին ուժեղանում ու ազդեցություն է ձեռք բերում, որպիսին նախկինում չուներ: Իսկ «Ազգային շարժում» կուսակցությունը երկրի Ազգային ժողովում երրորդ ծանրակշիռ ուժն էր:

«Գորշ գայլեր» -ը, ինչպես երևում է, նորից վերածվելու է նախորդ դարասկզբի կարգավիճակն ունեցող լուսանցքային կուսակցության՝ որոշ ազդեցություն ունենալով պանթուրքիզմի կամ համաթուրքականության գաղափարաբանության քարոզչության ոլորտում: Համաթուրքականության գաղափարակիրները նպատակ ունեն վերամիավորել բոլոր թրքախոսներին՝ Կիպրոսից մինչև Կենտրոնական Ասիա: Եթե այս շարժումը Առաջին աշխարհամարտի տարիներին որոշակի ազդեցություն էր ունեցել երիտթուրքերի վրա, ապա նրանց ազդեցությունը Քեմալի վրա շատ քիչ է եղել, որովհետև վերջինս չէր ուզում ընդգծել, որ իր ազգի նախնիները Կենտրոնական Ասիայից են եկել ու նաև չէր ուզում կոնֆլիկտ ունենալ թուրքալեզու Կենտրոնական Ասիան վերահսկող ԽՍՀՄ-ի հետ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան փորձեց պատվաստվել Կենտրոնական Ասիայի հանրապետություններում, բայց պարտություն կրեց: Ռուսաստանը մտադիր չէր թույլ տալ, որ իր նախկին գաղութները դուրս գան իր ուղեծրից, բացի այդ այդ երկրներն ու նաև Ադրբեջանը մի նոր զավթիչ կամ ավագ եղբայր չեն ուզում ունենալ: Ո՛չ, ղազախները, ո՛չ ուզբեկները, ո՛չ թուքմենները, ո՛չ էլ կիրգիզներն իրենց թուրք չեն համարում: Այնուամենայնիվ, թուրքական ազդեցությունն իրական է. Ֆեթուլա Գյուլի հիմնած դպրոցների ցանցի, կամ «Թուրքվիզիոն» հեռուստաընկերության քարոզչական գործունեության շնորհիվ, թուրքական ազդեցությունն այս երկրներում մեծանում է:

Էրդողանի իշխանության գալուց ի վեր թուրքական ինքնության մեջ որոշակի խզում է տեղի ունենում, որովհետև պայքար է մղվում քեմալականության ու նաև «Գորշ գայլեր» -ի դեմ: Դեռ նախորդ դարի 90-ականններին այս կազմակերպությունը իսլամիստների ոխերիմ թշնամի էր համարվում: Էրդողանը փորձում է լավ հարաբերություն հաստատել քրդերի հետ, որոնց մի զգալի հատվածը նրան կողմնակից է: Դրա հետ զուգահեռ Էրդողանն ընդլայնում է գործակցությունն աշխարհի սունի մահմեդականության հետ:

Նկարում՝ Մուստաֆա Քեմալը և երիտթուրքերը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11506 | 0 | 0
Facebook