Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:34, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

Ստորև ներկայացնում եմ մի կտոր մեծ պապիս` իշխան Շառոյի նահատակությունից.
     Ռ. ՇԱՌՈՅԱՆ
    
    

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՐՁ

Ավոն հարյուր տարեկան էր, հիշողությունը կորցրել էր և ընկել անկողին: Տղամարդիկ գալիս էին նրան տեսության, հարցմունքի, կանայք էին գալիս, թևատակերին դրած` որը մի կիլո շաքար, որը մի փաթեթ ջեմով քաղցրանուշ: Ոչ մեկին չէր ճանաչում քեռի Ավոն, ոչ հարցմունքի եկածներին, ոչ տնեցի-ներին, թեև պատահում էր` միմիայն մեկ ակնթարթ պայծառանում էր հիշողությունը, բայց չէր հասցնում որևէ բան շշնջալ:
     Քեռի Ավոն հարյուր տարեկան էր և հիշողությունը կորցրել էր, իսկ դրսում մանր անձրև էր մաղում: Քսան տարի շարունակ նա նույն երազն էր տեսնում, սակայն արթնանում էր մոռացած: Ամեն անգամ ադամամութին, պատահում էր նաև լուսաբացին, երբ ուռած ու ծանր կոպերը թրթռացնելով աչքերը բացում էր, կարծես գիշերը կտտանքի էին ենթարկել, ու ինքը աշխարհից խռոված էր: Զգում էր, որ գիշեր-ները, քնած, այս էլ քսան տարի իր հետ արտառոց բան էր կատարվում, մտքին զոռ էր տալիս, փորձում էր հիշողության բարակ մի շող վառել ուղեղում: Իզուր: Հոգին ցավում էր քեռի Ավոյի, ու մեկնիմյուս ջղարա էր կպցնում` ոչ մի փարատանք: Ճիշտ է, ինքն իր հետ շատ հաճախ ցածրախոսում էր, թեև խոսացածը չէր լսվում, բառերը խզված ձայն էին դառնում և ունկնամտում: Ծանրականջ էր քեռի Ավոն: Տղաները, հարսներն ու թոռներն էլ էին ասածները դժվարությամբ հասկանում, որովհետև ուտելուց հրաժարվել էր, դեն շպրտել արհեստական ատամնաշարերը ու դարձել լրիվ ակռապլիկ ծերունի: Օդով, ջրով ու ջղարայով էր ապրում: Վերջերս, երբ արթնանում էր, առաջին ցանկությունն էն էր, որ Աստված իրեն մի բուռ հող տար, ու չէր տալիս անաստվածը:
     – Էս գիշեր գոնե մի բուռ հողի արժանացրու, – ասում էր ու նորից հիշողությանը զոռ տալիս` ապարդյուն, մոռանում էր ասածը, մոռանում ամեն ինչ:
     – Ջուր կուզե՞ս, պապ, – անկողնուն մոտենալով` գրեթե ականջի մեջ գոռաց վիժանուտ մազերով թոռնուհին` Ծովինարը:
     – Կավե փողրակների միջով հոսող ջուրը թունավորել էին ասկյարները: Դու ո՞ւմ սիրուն աղջիկն ես, վա՞յ, չճանաչեցի, գոմքցի Հովհաննեսի աղջիկն ե՞ս: Ծարավին չդիմացար ու խմեցիր: Քիչ էլ համբերեիր, սիրուն աղջիկ: Քո խմելուց հետո, հաջորդ օրը, դիմանլուսին ուժեղ անձրև եկավ` խոշոր կաթիլներով, ամեն մեկը բիբերիդ չափ: Եկեղեցուց թափվանք դուրս, պղինձները շարվեշար դրինք վանքի բակը, բերաններս բաց կանգնեցինք անձրևի տակ: Քո հերն ի՞նչ եղավ:
     Թոռնուհին հակճիռս կանգնել էր պապի դիմաց ու կցկտուր բառեր էր որսում: Վերջին հարցական նախադասությունը ամբողջությամբ լսեց և ուրախացավ, թվաց, թե պապի հիշողությունը տեղն ընկավ:
     – Գնաց դարբնոց, ասաց` կեսօրին կգամ հաց ուտելու, – բարձրախոսեց Ծովինարը:
     «Վազգենը կուրծքն ի վար մինչև ծնկները հասնող բրեզենտե սփածանին կապել էր պարանոցին ու մեջքին, կանգնել քուրայի դիմաց, ուշադիր նայում էր շիկացող խոփին: Պահն էր` երկար ունելիով դուրս բերեց խոփը քուրայի միջից, դրեց երկաթասալին, ծանր մուրճն առավ, ամեն հարված հասցնելիս հը° ձայնակցելով` կռեց քիթը, կրկին ունելիով բռնած տարավ, գցեց ջրմրուրով լիքը գռան մեջ ու ջրդեղեց` թրշշշ»:
     – Համզեն գնաց դարբնոց` «չախմախլի» շինելու` անձրև կտրվավ, խոշոր էր` շուտ կտրվավ, քո հո-գու թելն էլ անձրևի հետ կտրվավ, Հովհաննեսի աղջիկ: Քեզ շաքարաջուր չհասավ, – Ավոն անորոշ ժամանակով դադար տվեց, և երեխային գրավեց շաքարաջրի մասին պատմությունը:
     – Ի՞նչ շաքարաջուր, պապ, – հասցրեց հարցնել, թեև Ավոն արդեն շարունակել էր խոսել:
     – Իշխան Շառոն հրամայեց օջախ վառել, անձրևաջուրը եռացնել` նոր խմել, վերջին կտոր շաքարով էլ երեխեքին ու ծծմեր կանանց տաք շաքարաջուր տալ: Քոռնան իմ աչքեր, քեզ չհասավ:
     – Ոչինչ, պապիկ, – ակամա դուրս թռավ երեխայի բերանից:
     Հետո արևը դուրս եկավ, մի ժամվա չափ ծիածան կապեց ու կորավ:
     Սաստիկ շոգեց` խեղդոց էր: Գաղջ օդը կանգնել էր վանքի բակում: Մեկ էլ վանքի պարսպի դետքա-րանի մոտ կանգնած Տեր-Ստեփանը կանչեց: Հանկարծ քեռի Ավոյի կոկորդում մի հազ բռնկվեց, ջղա-րայի թունդ ծո՞ւխն էր մեղավորը, թե՞ ծերունական սովորություն էր` դժվար էր ասել: Հազը հազ բերեց` խորքից խարխուլ մի հազ, ներսը քանդուքարափ անող երկարատև մի հազ: Տարբերություն չկա, ի՞նչ տարբերություն: Եկեք էստեղից ես շարադրեմ քեռի Ավոյի պատմածը առանց թոռնուհու միջամտության:
     Ու մեկ էլ վանքի պարսպի դետքարանի մոտից կանչեց Տեր-Ստեփանը:
     – Իշխան Շառո, – ասաց, – երկու ասկյար մասուրի քոլի հետևին կանգնած ճերմակ դրոշ են պարզել ու ծածանում են:
     Ֆիդայի Աղջեն չհամբերեց` մագլցեց վեր, նրան հետևեց ֆիդայի Արթենը` Շառոյի տղան:
     – Թող առաջ գան, խոսեն, – կարգադրեց Շառոն:
     Տեր-Ստեփանը ձեռքով նշան արեց: Ասկյարները մոտեցան: Արթենը կրճտացնում էր ատամները այնքան լսելի, որ Աղջեն ձեռնափով մի քանի անգամ թփթփացրեց նրա ուսին:
     – Շանսատակ կանեմ, – պոռթկաց Արթենը:
     – Զսպիր քեզ, տեսնենք ի՞նչ են հաչում, – հանգստացրեց Աղջեն:
     Հասան պարսպին թե չէ, դրոշակ բռնողը խոսեց.
     – Ձեր Աստված սիրեք, ձեր Աստծո անունից ենք խնդրում, թողեք մեր երեք սպանվածների դիակները տանենք թաղենք: Էսօր արդեն քանիերորդ օրն է, էս կիզիչ արևի տակ խաշվել են, հոտել: Աստված սիրեք, թողեք տանենք: «Միմյանց հետ խոսակցությունը թուրքերենով էր»:
     Էդ երեքին Աղջեն ու Արթենն էին սպանել օրեր առաջ, գիշերը, այն պահին, երբ նրանք փորձել էին վառոդի տակառով պայթեցնել պարսպամուտը: Տեր-Ստեփանի դեմքին ժպիտ խաղաց, և էդ ժպիտը պատասխան խոսքերի վրա էլ խաղաց
     – Աստծու անունի՞ց եք խոսում, Աստված սիրելո՞ւց եք խոսում, դա՞ է ձեր միակ իրավունքը, իսկ ձեր անունից խոսելու ո°չ մի իրավունք չունեք, ո¯չ մի բառ ասելու տեղ չունեք: Դուք մեզ անհավատ եք կոչում, բայց երկրորդ ամիսն է պաշարման մեջ ենք, և դուք, որ հազարապատիկ շատ եք մեզանից, բոլոր նենգ ու ստոր միջոցներին դիմելուց հետո անգամ չկարողացաք և էլի չեք կարողանա կոտրել մեր հա-վատը, որովհետև մենք մեր հողի վրա ենք, մեր ծնկները երբեք չեն կքվի: Աստծու անունից են խնդրում: Աստծու անունից, մեր անունից, մեր հայրենիքի անունից պահանջում ենք` կենդանություն տվեք միլիոնավոր անմեղ մարդկանց, որոնց սրախողխող եք արել և թալանել ունեցվածքը, կորեք ձեր դիակների հետ միասին, քանի դեռ կենդանի եք:
     Տեր-Ստեփանը հեռացավ դետքարանից` մի հանգստացնող հայացք նետելով Արթենի վրա: Չլիներ էդ հայացքը, Արթենը հաստատ կրակելու էր: Տեր-Ատեփանը այն պահին հայացքով բռնեց Արթենի դեմ-քը, երբ նա կրակելու պատրաստ դիրք էր ընդունել և սպասում էր խոսքավարտին: Շառոն մտքերի մեջ էր: Վանքի բակում ծխելով դանդաղ ետ ու առաջ էր անում: Մեկ-երկու օրից թնդանոթաբերները տեղ կհասնեին: Հենց դրան էլ սպասում են թուրքերը, չեն ուզում զոհեր տալ: Տեր-Ստեփանը «չախմախլին» ուսն առավ ու Շառոյին նայելով` մեկ-մեկ կարդաց նրա մտքերը.
     – Տեր-Ստեփան, – վերջապես խոսեց Շառոն, – դրանց թաղելուց հետո, կարծում եմ, մեկ անգամ էլ կհարձակվեն, երկու օր թնդանոթների չեն սպասի: Եվ էլի եմ կարծում, որ այդ հարձակումը երկարատև չի լինի, կխուսանավեն զոհեր տալուց: Ուրեմն, կանայք, երեխաները և ծերերը պատրաստ լինեն, որ-պեսզի հարձակման ամենաթեժ պահին վանքի գետնանց գաղտնուղիով դուրս բերվեն և հասցվեն լեռ-ները: Նրանց կուղեկցես դու, Տեր-Ստեփան, և քեզ հետ կվերցնես Ավոյին` քեռի Ավոյին` նրա հազը կտր-վել էր և հիշողության թելն էլ: Թոռնուհին բացել էր աշխարհագրության գիրքն ու «Հայաստանի գետերն ու լճերն» էր սերտում»:
     – Ե՞ս, – շփոթվեց Տեր-Ստեփանը, – չնեղանաս, Շառո, բայց ես էստեղից չեմ գնա: Ես էս վանքում եմ կնքվել, էստեղ էլ թող իմ մահկանացուն կնքվի: Ավոյի հետ թող Արթենը գնա, – Տեր-Ստեփանը նայեց ուղիղ Շառոյի աչքերի մեջ` հայցող հայացք էր:
     Շառոն գլուխը թեքեց, աչքը դիպավ Արթենին, թավշի մի կտորով մոսինն էր փայլեցնում` Աղջեի հետ ինչ-որ բան փոխանակելով:
     – Բարի, Տեր-Ստեփան, կամքը քոնն է, բայց Ավոյի հետ կգնա՞ Աղջեն:
     Որոշումը հաստատ է:
     Շառոն նորից նայեց որդու կողմը և, չգիտես ինչու, նրան տեսավ դագաղի մեջ պառկած:
     – Աղջե°, – կանչեց Շառոն:
     Աղջեն խոսքը կիսատ թողեց, դետքարանից թռավ ցած, մոտեցավ ու ասաց.
     – Թաղումն սկսել են:
     – Էդ լավ է, Աղջե: Հիմա տես ինչ եմ ասում, մի արկղ ես պատրաստում, վանքի գանձերը լցնում ես մեջն ու գամում: Որոշում և գտնում ես մի տեղ, այնպիսի մի տեղ, որ ոչ մի հարամզադա չգտնի, տանում էնտեղ էլ հորում ես: Թղթի վրա գծագրում ես տեղն ու գրում տեղանունը: Թե անցար Ռուսահայաստան` կտանես և կհանձնես Էջմիածնի մայր աթոռին, եթե ոչ` կայրես: Տեր-Ստեփան, մնացածը դու կասես, – Շառոն երկինք նայեց, արտասովոր արև էր:
     – Շառո, – խոսեց Աղջեն, – ես քեզ միշտ ախպերություն եմ արել, մեր լավ ու վատ օրերն իրար հետ են անցել, Աստծու սիրուն, արի ուրիշ մարդ ուղարկենք, իմ տեղը քո կողքին է, իմ մահն էլ:
     Տեր-Ստեփանը միջամտեց.
     – Թուրքերի հարձակման պահին դու և Ավոն պիտի կանանց, երեխաներին և ծերերին տեղափոխեք գաղտնուղիով` հասցնեք լեռները: Սա ավելի դժվար գործ է, քան էստեղ զոհվելը: Ի գործ: Աստված քեզ հետ:
     Աղջեն նայեց Շառոյի աչքերի մեջ, մարմնով ձգվեց առաջ, սակայն Շառոն գլուխը կախ գցեց:
     – Շտապեք, Տեր-Ստեփան, բայց առանց խառնաշփոթի և աղմուկի, որ հավքն անգամ չտեսնի: Մնա-ցած ամբողջ սննդամթերքը բաժանեք ժողովրդին: Աղջե, ի՞նչ ես ասում, Տեր-Ստեփանի հոգին խո՞րն է, թե չէ:
     – Խորն է, Շառո, – ժպտաց Աղջեն:
     Բա±ն են թողել, Ավոյից թաքցնել կլինի՞: Վաղորդայնին գալիս է, թե` Տեր-Ստեփան, Աստված սիրես, բոքոնս կուլ չի գնում, կեսօրին` նույնը, իրիկունը` նույն բանը:
     Ավոն ուղղակի ծլեց Տեր-Ստեփանի թիկունքից, ՙչախմախլին՚ ձեռքին` փողն ի վար գավազան ա-րած:
     – Ճիշտ ես ասում, Տեր-Ստեփան, բոքոնս կլլել չի լինում: Մի քիչ մնացել է, չէ՞, Աղջե:
     – Սակայն ոչ հիմա, – ջղայնանալը ցույց տվեց Տեր-Ստեփանը:
     – Ո՞վ ասաց հիմա, – նախահարձակ եղավ Ավոն, – թող քո ասածով լինի` կռվից հետո:
     Տեր-Ստեփանը լայն թևերը բացեց, Աղջեին և Ավոյին առավ թևերի մեջ ու տարավ:
     Վանքի բակում ոչ ոք չկար, դաժան լռություն էր միայն: Քար ծակող արևը կախվել էր վանքի գմբեթի վրա և դաժանորեն այրում էր: Շառոն քաշվեց զանգակատան շուքի տակ: Չորս դետքարանների մոտ կանգնած մարդիկ քարացել էին: Արթենը ուշադիր հետևում էր թաղման արարողությանը: Շառոն նստեց զանգակատան սյուներից մեկի պատվանդանին ու նայեց Արթենի կողմը: Չգիտես ինչու, կանգնած որ-դու փոխարեն աչքին դագաղ երևաց` Արթենը հսկա հասակով այնտեղ պառկած:
     «Իսկ եթե հարձակվե՞ն, ուրեմն ժողովրդին փրկություն չի՞ լինի: Հարկավոր է էլի ինչ-որ բան մտածել: Նրանք չգիտեն գաղտնամուտքի մասին, այլապես պայթեցրած կլինեին, չէ՞ որ ելքը երեք հարյուր ոտնաչափ հեռու է վանքից: Չգիտեն, բայց հաստատ լրտեսում են բոլոր կողմերից»: Շառոն ծխախոտ վառեց ու ծխելով անցավ վանքի ետևը:
     Հիմա էլ միտքը իր ծառայի անհայտանալու վրա էր սևեռել: Անցած գիշեր Շառոն դուրս էր եկել հետքերը ստուգելու: Դառնալիս, վանքի դռների մեջ, հանդիպել էր ծառա Զիպըկին:
     – Ո՞ւր ես գնում, – հարցրել էր:
     – Հեչ, ասել էր, – Ռես, գնում եմ ջուր թափելու, – ու ծլկել էր: Ինչպե±ս էր փախել, ո±ր ճանապարհով, ոչ մեկը չէր նկատել: Շառոն երկար մտածեց, հարցաքննեց դետքերին ու այդպես էլ չկարողացավ կողմ-նորոշվել` ո՞ր կողմից էր փախել ծառան, իսկ թե ինչու էր փախել, նրա համար պարզ էր. լսել էր Տեր-Ստեփանի հետ թնդանոթներ բերելու մասին խոսակցությունն ու որոշել էր գլուխը պրծացնել:
     «Եվ շատ հավանական է, որ էդ անաղուհաց շունը գնացել է թուրքերի մոտ: Իսկ եթե գաղտնուղու հոտն առած լինի՞: Հնարավոր չէ: Մինչև մուտքը գրապահոցն է` Տեր-Ստեփանը էնտեղ է քնում: Ուրեմն Զիպըկը գնացել է` թուրքերին ծախվել: Նրանք գիտեն, որ մենք հիսուն կռվող ուժ ունենք, տասնմեկ մոսին, երեսունինը «չախմախլի»: Իսկ եթե չհարձակվե՞ն, բայց միակ հույսը գետնանց գաղտնուղին է»:
     Շառոն ծխախոտը դեն գցեց ու մոտեցավ դետքարանին:
     – Լռություն է, Շառո, – նրա հարցական հայացքն զգալով` ասաց Հակոբը:
     – Հագո, – ասաց Շառոն, – աչքերդ չորս արա, դու պիտի անպայման տեսնես, թե որտեղից են մեզ լր-տեսում և քանի հոգի են: Չոլերի մեջ մի նայի, այլ ջրաղացի կողմը, քթքարի կողմը, Մազե կամրջի կողմը, Լանջոյի իջվրուկի կողմը նայի: Հավքն էլ աչքիցդ չփախչի:
     Շառոն ետ դարձավ զանգակատուն, և կրկին մտքերի հեղեղը պատեց նրան:
     «Իսկ եթե նրանք գիտե՞ն գաղտնուղու մասին: Չեն պայթեցրել, այլ ծուղակ են պատրաստել: Հարամ լինի քո կերած հացը, Զիպըկ: Իսկ եթե իմ բարեկամ քրդերի անուններն էլ տված լինի՞: Քո դինը, – մտքում հայհոյեց»:
     Տեր-Ստեփանը դուրս եկավ վանքից:
     Նրան տեսնելն ու Շառոյի հարց տալը մեկ եղավ.
     – Տեր-Ստեփան, դավաճանությո՞ւնն էլ Աստված է ստեղծել:
     Տեր-Ստեփանը շփոթվեց հանկարծահաս հարցից, թեև պահ անց վերագտավ իրեն:
     – Աստված, Շառո, դավաճանությունը չի ստեղծել, այլ սատանան, նա է գաղտագողի բնակվում մարդու մեջ և դարձնում նրան դավաճան:
     – Է¯, – սրտնեղեց Շառոն, – ուզում ես ասել` դավաճան դառնում են, Տեր-Ստեփան: Հակառակը, ես կարծում եմ, դավաճան ծնվում են` դավաճանի ժառանգն էլ է դավաճան ծնվում և այսպես շարունակ: Տեր-Ստեփան, – խոսքն ընդմիջեց Շառոն:
     – Իսկ եթե չհարձակվե՞ն: Ես էլ եմ մտածել, Շառո՜: Ժողովուրդը կկոտորվի:
     Ճիշտ ես, Տեր-Ստեփան, շատ ճիշտ ես, ելք, ելք պետք է գտնել, էս մատղաշ երեխաներին, հարսներին պետք է փրկել` թեկուզ մեռնելով: Փրկության համար մենք ունենք կես օր ու գիշեր:
     Շառոն նորից կրկնեց վերջին նախադասությունը.
     – Ուրեմն, փրկության համար մենք ունենք կես օր ու գիշեր, եթե չհարձակվեն, եթե հաստատապես ո-րոշեն սպասել թնդանոթաբերներին և, կարծում եմ, արդեն որոշել են: Մի ելք կա, Տեր-Ստեփան, Աղջե°, տեսեք ձեր խելքն ինչ է կտրում: Բաժանվում ենք հինգ տասնյակի և այնպես ենք անում, որպեսզի հարձակվեն: Դա էլ կասեմ, թե ինչպես ենք անում: Հարձակվեցի՞ն, էնպես կատաղի ենք կռվում, որ մյուս թևերից օգնության հասնեն: Հենց այդ պահին առաջին տասնյակդ գաղտնուղիով դուրս է գալիս, մեռնելով էլ լինի` անցնում է թուրքերի թիկունքն ու հարվածում: Նրանք կկարծեն, թե մեզ օգնության են եկել: Մերոնց զարկերը լսեցինք թե չէ, երկրորդ տասնյակն է շարժվում նրանց ետևից ու էլի անցնում թիկուն-քը: Աղջե և Ավո, այդ ժամ կանանց, ծերերին ու երեխաներին դուրս եք բերում: Ձեր ետևից անմիջապես երրորդ տասնյակն է շարժվում և ելքի մոտ դիրքավորվում` փակելով լեռներ տանող ճանապարհը էն-քան ժամանակ, մինչև դուք հասնեք Անդոկ: Գաղտնուղու ելքը կպատրաստեք պայթեցման: Չորրորդ տասնյակը իր ետևից կպայթեցնի ելքը:
     – Իսկ դո±ւ, Շառո, – չհամբերեց Աղջեն:
     – Հինգերորդ տասնյակը դարպասից կելնի: Հանդիպման վայրը կլինի Շողկանքի անտառները` Թորո-յի քարի մոտ: Աղջե, ոչ ոք իրավունք չունի մեռնելու, ես էս դարպասից դուրս կգամ ու կանցնեմ Մազե կամուրջը: Ինձ հետ կմնան Տեր-Ստեփանը, Արթենը, մյուսներին, Տեր-Ստեփան, փուչ ու սերտով կորոշես, Աղջեին ու Ավոյին մեր տասնյակի մեջ կհաշվես:
     – Իսկ ի՞նչ պիտի անենք, որ հարձակվեն, – մտահոգ ասաց Տեր-Ստեփանը:
     – Քեֆ, ուրախություն, Տեր-Ստեփան, վերջին օրն է, պահել ես որ ի±նչ, – խնդմնդաց Ավոն:
     – Ես եթե մեռնեմ, Ավո, – լրջմտեց Տեր-Ստեփանը, – քո երեսից եմ մեռնելու, ոչ թե թուրքի գնդակից:
     – Ճիշտ է, Ավո, – հանկարծ պայծառացավ Շառոն, – իսկ ես մտածում էի` դարպասները բացենք և ա-ռաջինը մենք հարձակվենք, կռիվ բորբոքենք ու նահանջելով քաշենք մեր կողմը: Սա ավելի անվտանգ միջոց է: Ավո, քեզ Աստված ուղարկեց:
     – Տեր-Ստեփանին ասա, – վրա տվեց Ավոն:
     – Հա՞, Տեր-Ստեփան, Աստված ուղարկեց: Հոգապահուստ օղու կեսը Ավոյին բաժին կհանես: Ավո, գետնի տակից էլ լինի, դհոլ զուռնա ճարես, նվագածուներն էլ հետը:
     – Հը՞, – խնդմնդաց Ավոն, – Համբարձումից ու Սիմոնից լավ աշխարհում չես գտնի:
     Տեր-Ստեփանն էլի շփոթվեց, թեև դեմքին հավանության ժպիտ խաղաց:
     – Կանանց, երեխաներին ու ծերերին պահել պատրաստ վիճակում:
     * * *
     Չգիտես ինչու, Շառոն ոգևորվել էր, թեև նրա անհանգիստ սիրտը զգում էր, որ սա իր վերջին կռիվն էր լինելու:
     – Արբե՞ն, – կանչեց Շառոն, – հենց թաղումը պրծնեն, ձեն կտաս, որ սկսենք մեր ուրախությունը:
     Ավոն գնաց նվագածուների հետևից, Աղջեն ու Տեր-Ստեփանը գնացին խմբեր կազմելու:
     Շառոն մոտեցավ դետքարանին, ուր Արթենն էր: Մի պահ լռելուց հետո ասաց.
     – Արթե՞ն, տղաս, անպայման կենդանի մնաս ու գտնես քո ախպերներին:
     Արթենը ձայն չհանեց, ու Շառոն նրա լռությունից մռայլված հեռացավ զանգակատան շուքի տակ: Քիչ անց Ավոն հայտնվեց Համբարձումի ու Սիմոնի թևերն ընկած: Սիմոնը մի ուսին դհոլի կախթելն էր անցկացրել, մյուսին` զենքը: Համբարձումը թվանքը վիզնուս հագել էր ու, շփոթմունքը երեսին, զուռնայի ղամիշն էր ծվում: Տեր-Ստեփանը կորեկհացի հիսուն կտոր դրեց վանքի բակի հանգչեքարին, գավաթ-ներ շարեց և օղի լցրեց` հերթով:
     Շառոն առաջինը մոտեցավ ու վերցրեց լիքը գավաթը:
     – Ժողովուրդ, – ասաց, – մեզանից յուրաքանչյուրը երբեք էնքան շատ հարկավոր չի եղել հայրենիքին, որքան հիմա: Մա՞հ, կնշանակե հայրենիքի կորուստ, էլ զոհվելու տեղ չունենք, մենք վերջին սերունդներն ենք, ուրեմն պահպանեք ձեզ: Մեզանից առաջ շա¯տ-շատերն են փառավոր մահով, դավաճանությամբ, նենգ գնդակից ընկել` կյանքը ձեզ, – Շառոն գավաթը տարավ շուրթերին ու մի ումպ առավ:
     – Հայրի՜կ, – վերից ձայնեց Արթենը, – վերջացնում են:
     – Դե, ժամն է, Համբարձում, Սիմոն, ելեք դետքարանի մոտ ու ՙյարխուշտայով՚ սկսեք: Ավո±, քեզ տեսնեմ, քեֆ արա:
     Ծղրտաց զուռնան, ու թնդաց դհոլը: Համբարձումը զուռնայի շրթունքն ուղղել էր թուրքերի կողմն ու ինքնամոռաց նվագում էր, ինքն էլ էր կարոտել զուռնային և իր կարոտի վրեժն առնելու չափ թոքերն ուռցրած` փչում էր, Սիմոնը դհոլի զարկին համաչափ խաղացնում էր մարմինը: Ի՞նչ շոգ, ի՞նչ թուրք, ի՞նչ մահ: Վանքի բակը թնդում էր պարողների ոտքերի տակ: Հը՜, հը՜, – ռիթմը պահելով, մերթընդմերթ գոռում էր Ավոն, ծնկածալիկ պարում, չոքերը գրեթե գետնին քսելով: Ավոն պարքաշն էր: Տեր-Ստեփանը մոտեցավ Շառոյին: Դեմքն անորոշ էր: Կանգնեց, ուզում էր բան ասել, բայց դադար տվեց: Դեմքի անորոշությունը կորավ: Հարցրեց.
     – Շառո¯, իսկ եթե չհարձակվե՞ն:
     – Մեզ կմնա մեր ուրախությունը, Տեր-Ստեփան, բայց եթե թուրք են` կհարձակվեն, – ասաց Շառոն ու վերցրեց զանգակատան սյունին հենած մոսինը:
     Հանկարծ Արթենը մագլցեց ցած, առաջացավ հոր մոտ ու ցածրաձայն ասաց.
     – Հարձակվում են:
     – Ասա թող նվագեն այնքան ժամանակ, մինչև փոխադարձ կրակոցները բորբոքվեն: Դադարեցնել պարը, պատրաստվել մարտի:
     Առաջինը Ավոն թողեց պարը, թևքով սրբեց քրտնաթոր դեմքը: Պարաշարը ցրվեց: Հովհաննեսը մոտեցավ դստեր շիրմաթմբին ու ինչ-որ բան մրմնջաց` երդում էր ուտում: Ոմանք արդեն դիրքավորվել էին, բայց նվագը շարունակվում էր: Վերջապես ճայթեց առաջին հրացանը: Արթենն էր.
     – Ի մա¯րտ, – Տեր-Ստեփանի ձայնն էր, ոչ մի անգամ այդքան երգեցիկ չէր հնչել նրա ձայնը, ինչպես հիմա, վանքի բակի բաց տարածության մեջ: Տեր-Ստեփանը դիրքավորվեց Աղջեի կողքին, ուր մջգեղցի Սմբատն էր և գելիեգուզանցի Մակարը: Գոմքցի ձիապան Սարգիսը, ջղարան շուրթերին` կրակում էր: Արթենը դետքարանից էր կրակում: Սիմոնը դհոլի կախթելից բռնած մի քանի անգամ տարավ-բերեց ու շպրտեց դհոլը Մազե կամրջի ուղղությամբ: Համբարձումը ուզեց հետևել Սիմոնի արածին, բայց չկարո-ղացավ բաժանվել հարազատ գործիքից և խրեց գոտկատեղը: Իշխան Շառոն միացել էր Հովհաննեսի տասնյակին: Հակոբի տասնյակը գաղտնուղու կողմում էր կռվում: Մազե կամրջի կողմից հինգ հարյուրի չափ ասկյար փորձում էր առաջանալ և ավելի մոտ դիրքավորվել:
     – Աղջե°, – կանչեց Շառոն, – թողեք մի պահ առաջանան:
     Շառոյի կողքին ճայթեց Հակոբի հրացանը:
     – Շառո, – ասաց Հակոբը` աչքը Մազե կամրջից չկտրելով, – գաղտնուղու մոտերքը ասկյար չմնաց, բոլորը եկան էս կողմը:
     – Ոնց որ Աստված էս անգամ մեզ չի լքում, – ինքն իրեն, բայց լսելի ասաց Շառոն:
     Տեր-Ստեփանը մոտեցավ Արթենին.
     – Կողքիցս չհեռանաս, – ասաց միջահասակ վանականը` փորձված ֆիդային:
     Քիչ առաջանալը ոգևորել էր ասկյարներին, թեև սպանվածների թիվը սկսեց ավելանալ: Մարտը թե-ժանում էր: Շառոն նայեց Մարաթուկին: Սարի գլխին ամպեր էին կուտակվել ու դանդաղ սահում էին դեպի արևը:
     «Յա՛, Մարաթուկ», – մտքում կանչեց Շառոն ու պոռթկաց.
     – Համազարկ: Առաջին տասնյակ, շարժվիր: Աղջե, էլի թողեք առաջ գան:
     Գոմքցի ձիապան Սարգսի ջղարան հանգել էր շուրթերին: Ավոն անխոս պոկեց շուրթերից ու կպցրեց: Սարգիսը խեթ նայեց, ախր առանց ջղարայի, աշխարհն էլ գիտեր, ինքը կնկա ծոցն էլ չէր մտնում: Ավոն մի մուխ առավ, ու երբ ասկյարները մոտեցան, ջղարան մտցրեց Սարգսի շուրթերի արանքն ու կրակեց: Տեր-Ստեփանը հակճիռս կանգնել էր` վստահ, որ թիկունքից ուր որ է կրակոցներ կլսվեն: Եվ լսվեցին:
     – Երկրորդ տասնյակ, – էս անգամ Տեր-Ստեփանը կարգադրեց, ինչ անուշ էր կանչում Տեր-Ստեփա-նը, ոնց որ «տեր ողորմեա» կանչեր:
     Շառոն խառնաշփոթություն նկատեց ասկյարների մեջ, թեև տեսավ, որ դիրքերը չլքեցին:
     Նա մոտեցավ Աղջեին: Պահ էր բաժանումի: Քաջ ֆիդայի էր Աղջեն, բազում փորձությունների միջով անցած: Ո՞վ գիտե, կհաջողվի՞ նորից հանդիպել: Թիկունքից լսվող կրակոցները սաստկացան:
     – Ժամն է, Աղջե, Մարաթուկը ձեզ օգնական:
     Մի պահ նրանց հայացքները փարվեցին իրար, և հենց այդ պահին Մարաթուկի ամպերն արևը փա-թաթեցին իրենցով:
     Աղջեն բոթեց Ավոյի կողատակը, ու նրանք հեռացան:
     Օդը թեթև պաղեց: Կրակոցներից պարզ էր, որ թիկունքի կողմից էլ կենաց մահու կռիվ էր բռնկվել: Ասկյարներն ամեն կերպ փորձում էին առաջանալ: Արթենը սկսել էր դիրքից դիրք անցնելով կրակել:
     – Երրորդ տասնյակ, – հրահանգեց Շառոն:
     Արթենը մոտեցավ նախկին դիրքին: Տեր-Ստեփանը բռնեց նրա թևից.
     – Չե±մ ասել` կողքիցս չհեռանաս:
     – Եղավ, Տեր-Ստեփան, հնազանդվեց Արթենն ու, երբ Տեր-Ստեփանը նշանառում էր, կրկին փոխեց դիրքը:
     – Չորրորդ տասնյակ, արագ դուրս եկեք, – Շառոյի դեմքին մի փունջ ժպիտ էր քարացել:
     Հանկարծ Մարաթուկի ամպերը փակեցին արևաչերը, և օրը խավարեց: Ամպերը թեթև որոտացին: Մերթընդմերթ լույսի շողեր էին առկայծում: Գաղտնուղու կողմից էլ հատուկենտ կրակոցներ լսվեցին: Մջգեղցի Սմբատը գլուխը վեր հանեց.
     – Արի էլի, քանդվի արի, մեր սիրտը հովռի:
     Ուժեղ պայթյուն լսվեց: Լույսի մի շող ցոլցլաց երկնքում, ու Մազե կամուրջը պարզ երևաց: Շառոն նկատեց, որ մասրենու քոլի մոտի ցիցքարի ետևը կանգնած երկու ասկյար ցնցվեցին: Եվ ճիշտ նույն պահին Արթենի մոսինի ձայնը լսվեց: Ձախակողմյան ասկյարը տապալվեց գետնին: Մյուսը փախավ: Ար-թենը պարսպի վրա կանգնած էր կրակել, թռավ ցած: Մի գնդակ սուրալով անցավ պարսպի վրայով: Տեր-Ստեփանը հասավ ու կրկին քաշեց Արթենի թևից.
     – Քե¯զ չեմ ասե±լ` կողքիցս չհեռանաս:
     – Դրոշակակիրն էր, Տեր-Ստեփան, – արդարացավ Արթենը:
     Ասկյարների թիկունքից լսվող կրակոցները մարեցին: Մազե կամրջի կողմից էլ կրակոցներ չլսվեցին: Վերջին գնդակը Արթենի գլխի վրայով սուրալով անցավ: Պաղ լռություն էր, և օրը խավար, թեև արևա-մուտն սկսվել էր, բայց երկնքում արևի փոխարեն Մարաթուկի ամպերն էին խոժոռվել և պահ առ պահ գռմռում էին:
     – Փրկվեցին, Տեր-Ստեփան, – Շառոյի դեմքի քարացած ժպիտը արթնացավ:
     – Շառո, – հարցրեց Տեր-Ստեփանը, – հիմա պիտի դո±ւրս գանք դարպասով, – լռեց և շարունակեց, – գիտեմ, դուրս գալը մահ է, դու Աղջեին հանգստացնելու համար հնարեցիր մեր դարպասով դուրս գալու ծրագիրը: Թե չէ Աղջեն կողքիցդ չէր հեռանա:
     Ամպրոպն ավելի էր սաստկանում, թեև կաթ անձրև չէր իջվարում: Վերահաս անձրևից պատսպար-վելու համար ասկյարները վրան էին փռում Մազե կամրջի մոտ:
     – Ո±ւր դուրս գաս, Տեր-Ստեփան, ութ հոգով հինգ հարյուրի դեմ, փառք տուր Աստծուն, որ չգիտեն` ութն ենք մնացել:
     Ձիապան Սարգիսը մոտեցավ, ինչպես միշտ ջղարան բերանում ցցած:
     – Տեր-Ստեփան, իմ բաժին արաղն ի՞նչ արիր:
     – Ճիշտ է ասում, Տեր-Ստեփան, բեր խմենք մի-մի կում, – միջամտեց Շառոն, – Սարգիս, Սմբատ, Համբարձում, Մակար, Սիմոն, դուք էլ եկեք: Արթեն, դու մնա դետքարանի մոտ: Եկեք, նրանք վախեցած են և հիմա գլխներին են տալիս, որ առանց թնդանոթի եկել ու էս էլ երկրորդ ամիսն է` չոլերում են քնում:
     Բոլորը հավաքվեցին: Տեր-Ստեփանն էլ եկավ` կուլայով արաղ ու մի լրիվ բոքոն ձեռքին:
     – Ժողովուրդ, – խոսեց Շառոն, – հուսանք, որ մեր ընկերները բոլորը ողջ են մնացել, փառք Աստծու` մենք էլ: Բայց պաշարման մեջ ենք: Խելահեղություն է ութ հոգով պաշարումից ազատվել կռվով: Միակ ելքը փախուստն է` առանձին-առանձին: Քթքարի մոտով, Լանջոյի իջվրուկով փախչելն անհնար կլինի, նրանց լավ խրատ տվինք, մնում է հենց նրանց աչքերի առաջով, անսպասելի իջնել պարսպի վրայով ու փախչել, ադամամութից առաջ: Կհագնեք սև փարաջա, կնգուղն էլ կքաշեք գլուխներդ: Դե, խմենք, Մարաթուկը մեզ օգնական:
     Ձիապան Սարգիսը մի պստիկ ծխամպիկ էլ քաշեց ներս, նոր ջղարան պոկեց շուրթերից ու փոխա-րենը օղու գավաթը մոտեցրեց: Նրա ծուխը գնում խառնվում էր Մարաթուկի ամպերին: Երկինքը որո-տում էր, որոտում, ամպրոպ էր, բայց անձրև չկար:
     – Մի-մի նինջ առեք: Հերթով, – ասաց Շառոն ու մտավ վանք:
     * * *
     Կեսգիշերին Շառոն թռավ տեղաշորից ու շապկանց նստեց: Աչքերը խուփ պառկել էր երկու ժամվա չափ, թեև ոչ մի րոպե չէր քնել: Անկողին մտնելուց առաջ նա մտավ գրապահոց` Տեր-Ստեփանն արդեն ննջում էր, կարելի էր կարծել` երազ էլ էր տեսնում: Կեսգիշերվանից սկսված կայծակի ճայթյունը, սար-սափազդու որոտը հանգիստ չտվին նրան: Նոր բռնկված սաստիկ քամու ոռնոցն էլ մի կողմից էր թրատում նրա խառնիճաղանջ մտքերը: Ի զարմանս Շառոյի, Տեր-Ստեփանն էլ արթուն էր, թեև դա այնքան էլ զարմանալի չէր, ինչքան այն, որ, նստած թախտի ծերին, շշուկով, բայց գրեթե լսելի «Նարեկ» էր կարդում.
     Իսկ ոմանք, որ խակ, տհաս հասակում
     Երկար ժամանակ անձնատուր էին եղել չարության,
     Չափահասության հասնելով` ոչ թե
     Բարձրություններից գահավիժեցին,
     Այլ այս ստորին կյանքի դժնդակ
     Թշվառությունից` ամբարձան երկինք:

– Շառո, – գիրքը ծալելով` խոսեց Տեր-Ստեփանը, – սրանից հարմար առիթ չկա, երկինքը փուլ է եկել ու թափվում է ներքև:
     – Ձայն տուր մարդկանց, Տեր-Ստեփան, փարաջաները բաժանիր, – ասաց Շառոն ու շապկանց քայ-լեց դեպի վանքի ելքը:
     Դուռը բացելն ու թաց, վայրագ քամու փաթաթվելն իրեն մեկ եղավ: Նա առաջացավ մինչև զանգա-տան շենը, խուզարկող հայացքով զննեց շրջակայքն ու շրջվեց: Հանկարծ դարպասը բռունցքներով հարվածեցին: Շառոն անձայն մոտեցավ: Բռունցքի հարվածները նորից կրկնվեցին:
     – Ո՞վ է, – հարցրեց Շառոն ազդեցիկ ձայնով:
     – Ռես, ես եմ, ռես, քո ծառա Զիպըկը, – պատասխանեցին դարպասի ետևից:
     – Ո՞ւր էիր փախել, անաղուհաց շուն, թուրքերի±ն էիր ծախվել, – ասաց Շառոն:
     – Ռես, բաց արա դարպասը, կարևոր բան ունեմ հայտնելու, նրանցից եմ փախել:
     Շառոն դարպասի երեք սողնակները հերթով ետ տարավ, բայց կորաձև կախված երկաթյա շղթայի օղափակը չանջատեց, և դուռը կիսաբաց արավ:
     – Դու գել շան նման գողունի փախել ես էստեղից և այլևս ներս մտնելու իրավունք չունես: Խոսիր, ես քեզ լսում եմ, – ասաց Շառոն դռան ճեղքից:
     Եվ հրացանի կրակոց լսվեց և որոտ, և մի տաք գնդակ մխրճվեց Շառոյի կուրծքը:
     – Ի¯նչ ծանր է, երբ կյանքն անցյալ է դառնում, – ձեռքը կրծքին դրած` շշնջաց Շառոն:
     Եվ արյունը հոսում էր դաստակն ի վար, և կայծակը մի տեղ խփեց:
     Եվ առաջինը Տեր-Ստեփանը հասավ և ուսնանութ գրկեց նրան:
     Եվ թաց, վայրագ քամին դարպասի ճեղքից խուժում էր բակ:
     – Ո՞վ կրակեց, ո՞վ, Շառո, – և աղերսաձայն հարցրեց Տեր-Ստեփանը:
     – Ոչ տեր մնաց, ոչ ծառա, Տեր-Ստեփան, – և Շառոն ավանդեց հոգին:
     Եվ կրակոցը վանքի մեջ չէր լսվել, և որոտն էր լսվել, և կայծակը:
     Եվ արցունքախեղդ Տեր-Ստեփանը Շառոյի մարմինը գրկած մտավ վանք: Եվ Արթենը խփեց ծնկնե-րին և չոքեց, և ձիապան Սարգսի ջղարան ընկավ շուրթերի արանքից:
     – Ծառան, – ասաց Տեր-Ստեփանը` Արթենի թաց ու մուժոտ աչքերին նայելով, և Շառոյի մարմինը դանդաղ իջեցրեց թախտին:
     Արթենը չանթեց զենքն ու թռավ տեղից:
     – Ո՞ւր, – Տեր-Ստեփանը բռնեց նրա թևից, – գնացեք և Հովհաննեսի աղջկա կողքին շիրմափոս փորեք, աճապարեք, – նայեց թևերը խաչվորկած տղամարդկանց: Համբարձումը կնգուղը քաշեց գլխին և շարժվեց: Նրան հետևեցին մյուսները: Արթենը լռելյայն չոքեց հոր դիակի մոտ: Տեր-Ստեփանը ձեռքը դրեց Արթենի ուսին և անխոս կանգնեց:
     Ծանր լռություն տիրեց, որոտն էլ չէր լսվում: Քիչ անց մջգեղցի Սմբատը եկավ: Արթենի փոխարեն ոնց որ գետնին քար դրված լիներ: Տեր-Ստեփանը ուշքի բերեց նրան, հետո կռացավ, հուշիկ գրկեց Շառոյի մարմինը և համրաքայլ առաջացավ:
     Շիրմափոսի մոտ գլխահակ, սև փարաջայով, կնգուղները գլխներին քաշած կանգնեցին մջգեղցի Սմ-բատը, զուռնաչի Համբարձումը, գելիեգուզանցի Մակարը, ձիապան Սարգիսը` հանգած ու լրիվ թաց ջղարան շուրթերի արանքը, ձեռքին սպիտակ սավան, դհոլչի Սիմոնը: Արթենը կանգնեց նրանց դիմաց: Տեր-Ստեփանը գլխով նշան արեց: Սմբատն ու Մակարը իջան փոսի մեջ: Արթենն էլ իջավ: Նրանք զգույշ մարմինն առան Տեր-Ստեփանից և պառկեցրին` գլուխը դեպի աղոթարան:
     Ձիապան Սարգիսը մեկնեց սավանը: Արթենը կռացավ, համբուրեց հոր ճակատը և կանգնեց:
     – Տեր-Ստեփան, տվեք նրա հրացանը:
     Սիմոնը բերեց:
     Արթենը վերցրեց զենքը, համբուրեց, ձգանը քաշեց-հանեց, դրեց հոր կրծքին լերդացած արյան վրա ու ելավ կանգնեց շիրմափոսի եզրին:
     Սմբատն ու Մակարը պատանքով ծածկեցին` չորս անկյուններին մի-մի քարակտոր դնելով:
     – Կոտրվեն էն ձեռքերը, որ քեզ իջեցրին գերեզման: Ինչքան պիտի թափառի քո հոգին, իշխան Շառո, որ գտնի քեզ նման քաջասիրտ մարդ ու բնակվի այնտեղ, – ասաց Տեր-Ստեփանը և մի բուռ թաց հող լցրեց:
     – Վրեժ, – փղձկաց Արթենը, թեև էլի ինչ-որ բան ուզում էր ասել: Նա էլ բռով հող լցրեց: Հինգ զույգ ձեռք հողով ծածկում էին Շառոյի մարմինը: Տեր-Ստեփանը մոտեցավ զանգակատանը, արձակեց սյուներից մեկին փաթ արած հսկա զանգի լեզվակն ի կախ պարանը և թափով ձգեց: Աշխարհը լցվեց զանգի ղողանջով: Մի քանի անգամ ձգեց զանգապարանը: Նորից եկավ շիրմաթմբի մոտ. վերցրեց Շառոյի մոսինն ու փողն ի կախ խրեց խոնավ հողի մեջ: Շլացուցիչ մի լույս փայլատակեց երկնակամարում, կայծակը ճայթեց, և սաստիկ անձրև տեղաց:
     – Առա¯ջ, վրեժի ետևից, – խելագար ձայնով գոչեց Տեր-Ստեփանը և բացեց դարպասը:
     Մի գնդակ սուրաց Տեր-Ստեփանի գլխի վրայով: Գրեթե միաժամանակ փոխկրակեցին, և Տեր-Ստեփանն արագ փակեց դարպասն ու բարձրացավ դետքարանի մոտ: Արթենը դիրքավորվեց նրա կողքին: Հանկարծահաս սաստիկ անձրևը հանգցնում էր վառվող ջահերը:
     – Արթե¯ն, – ձայնեց Տեր-Ստեփանը, – եթե Շառոն կենդանի լիներ, ինքն էլ նույնը կասեր, ետնամուտքի պարսպից կախվեք և գնացեք դեպի Ցից քար:
     – Ես կմնամ, Տեր-Ստեփան, – պնդեց Արթենը:
     – Արթե՛ն, մեռնելով վրեժ չեն լուծի, դու պիտի ապրես: Իմ վրեժն էլ Աստծուց կառնես: Սարգիս, – գոռաց, – գնացեք Արթենի ետևից:
     Արթենը մի հատ էլ կրակեց.
     – Մնաս բարով, Տեր-Ստեփան:
     – Գնաս բարով, որդյակ, մնաք բարով, զավակներս, – վաղուց Տեր-Ստեփանը տերունական լեզվով ու առոգանությամբ չէր խոսել:
     Արթենը կրկին կրակեց:
     – Դեպի ետնամուտք, – գոռաց ու ձեռքը Տեր-Ստեփանի փարաջային քսելով` հեռացավ:
     Նրա զենքի ձայնը Գոմքի եկեղեցու կռվում չլսվեց, այլ տեղափոխվեց ուրիշ տեղեր` մեկ Հարկոռում, մեկ Շողկանքի անտառներում, մեկ Տալվորիկ:
     Թաց փարաջան ծանրացել էր Տեր-Ստեփանի մարմնին: Կարծես առաջին անգամ էր հագել ու անհանգիստ էր: Սկզբից կնգուղը ետ գցեց: Հետո փարաջան հանեց ու շպրտեց մի կողմ, ճեփ-ճերմակ վեր-նաշապիկը մթան մեջ պարզ ընդգծվում էր: Փարաջան թոթափելուց հետո մարմինը թեթևացավ: Գնդակ-ներ էին, որ սուրալով թռչում էին նրա վրայով: Նա փոխեց դիրքը: «Պետք է մի քիչ էլ դիմանալ», – մտածեց ու շարունակեց կռվել: Նորից դիրքը փոխեց: Վազքի պահին պարսպի ձախակողմյան դետքարանից արձակած մի գնդակ խոցեց ձախ ուսը: Տեր-Ստեփանը օրորվեց, բայց չընկավ, այլ ծնկեց, ուժ առավ և անվրեպ կրակեց: Ջահակիր ասկյարը ընկավ պարսպից այն կողմ: Տեր-Ստեփանը կանգնելու փորձ ա-րեց, սակայն ուժասպառ ընկավ: Անձրևն ավելի էր սաստկացել: Մի ասկյար պարանով կախվեց և իջավ բակ: Սարսափազդու մի որոտ էլ լսվեց: Ասկյարը երկաթյա օղափակը հանեց, սողնակները ետ հրեց և բացեց դարպասը, որ մոտ երկու ամիս անձեռնմխելի էր: Այդպես էլ բացվեց Բսանքի գավառի Գոմքի ե-կեղեցու դարպասը, սակայն ոչ Տեր-Ստեփանի ձեռքով: Տեր-Ստեփանը մահացու վիրավոր, անուշք ըն-կած էր: Ասկյարներից մեկի խելքին փչեց բարձրանալ եկեղեցու գմբեթն ու ոսկեձույլ խաչը ժամ առաջ պոկել: Այն պահին, երբ հինգ հարյուրի չափ ասկյար կանգնել էին եկեղեցու բակում և ուշադիր հետևում էին, Տեր-Ստեփանը ուշքի եկավ: Անտանելի ցավը զսպելով` նա բացեց աչքերը և տեսավ դեպի խաչը մագլցող ջահակիր ասկյարին: Կռահելով նրա միտքը` Տեր-Ստեփանը, վերջին ճիգերը գործադրելով, ա-նաղմուկ վերցրեց զենքը և նշանառեց ասկյարին: Երկնակամարում շլացուցիչ մի լույս փայլատակեց, և պահ անց կայծակը խփեց: Մոխրագունդ դարձած ասկյարը գլորվեց ներքև: Սարսափ տիրեց թուրքերի մեջ: Նրանք ալլահաբաղձ խոսքեր բարբաջելով` հեծան ձիերն ու հեռացան:
     Արյունաքամ Տեր-Ստեփանը սողալով հասավ Շառոյի շիրմաթմբին ու փարվեց հավետ:
     * * *
     Վաղորդայնին օրը պարզվել էր, երկինքը` ճերմակել: Արևը ոնց որ երեկվանը չլիներ, գունատ էր ու ցամքած երեսով: Երեկվանն, ըստ երևույթին, Մարաթուկի ամպերը տարել ու տարել էին: Սա համեստ էր երևում, մյուսի պես ուժի զորու չէր ջերմացնում: Մեղու ուտող թռչունները ցածր թևում էին: Եկեղեցու բակի դռնից ներս մտավ մի մարդ` ձեռքին փարաջա, որ վերցրել էր պարսպի տակից: Հոգնած տեսք ու-ներ, զգացվում էր` գիշերը չէր քնել: Տրեխները` ցեխակոլոլ, հագուստը` թաց ջուր: Նա մոտեցավ շիրմաթմբին ու մեջքանց ճանաչեց Տեր-Ստեփանին: Հետո երկար, հազար խոսք ասող հայացքով նայեց փողն ի վար հողի մեջ խրված զենքին և մտախոսեց մի բառ. Շառո:
     Զենքը հենեց շիրմաթմբին: Գրկեց Տեր-Ստեփանին, պառկեցրեց հանգչեքարին: Հետո փոս փորեց, Տեր-Ստեփանի մարմինը ծածկեց փարաջայով, ծոցից հանեց թղթի մի կտոր, գցեց գերեզմանափոսի մեջ և թղթիկը նրա հետ թաղեց: Դա ֆիդայի Աղջեն էր:
     – Երկնքից անձրև կտրա՞վ, – երկարատև հազից ազատագրված` նորից խոսեց քեռի Ավոն:
     Թոռնուհուն թվաց` պապն իրեն է հարցնում.
     – Առավոտը մի քիչ մաղեց ու կտրվեց:
     – Երկնքից անձրև կտրավ, իմ սիրտը` աշխարհից էլ, կյանքից էլ, – էլի հիշողությունը կորավ:
     Աշխարհագրությունն արդեն սերտած թոռնուհին փակ գիրքը ձեռքին մոտեցավ լուսամուտին: Դպրոցի բակին էր նայում լուսամուտը: Մի կաղ կին, եզացու ցուլը առաջը գցած, ճոճճեմելով գնում էր: Ցուլը մնում-մնում` կանգնում ու մնչում էր: Այնտեղ մի ջահել վարժուհի ֆիզկուլտուրայի դաս էր անցկացնում: Ոչ մեկի մարզաշորը մյուսին նման չէր: Խայտաբղետ երեխաների շարք էր: Վարժուհուն ոչ մի կերպ չէր հաջողվում երեխաներին քայլելու ընթացքում ետդարձ անել սովորեցնել: Կանգնեցնում էր, բացատրում ու նորից փորձում, սակայն ոչ մի արդյունք:
     – Կա¯նգ ա՛ռ, – ջղայնացավ, – այդ ինչ ձևով եք ետ դառնում, այդպես չի կարելի: Ով ինչպես ուզում է, երբ ուզում է, ե°տ է դառնում: Հարկավոր է սպասել հրամանի, այնուհետև միասին, միաժամանակ, բոլո-րով, դա շատ կարևոր է, ձախ կողմով ետդարձ ենք անում: Հիմա պատկերացրեք ձեր առջև պարիսպ է, և քայլում եք: Պատրաստ, քայլո¯վ մա°րշ, գնացի°նք, համաչա՛փ, մե՜կ-երկո՜ւ, մե՜կ-երկո՜ւ, քայլում ենք: Մե՜կ-երկու, մե՜կ-երկու, պարիսպը փակեց ճանապարհը: Ե¯տ դա՜րձ: Դեպի քեռի Ավոյի աունը քայլեք, – վարժուհին նայեց ժամացույցին, – հենց հասաք` հանգստացեք...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4444 | 0 | 0
Facebook