Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
14:13, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

ՕՏԱՐՎԱԾԸ /

Պատրիկյանական մի վերջին հայացք նետելով քթերը վեր ցցած, ծռմռված, հաստ ռետինե ներբաններով անդրշիրիմյան ոտնամաններին, թեթևակի քմծիծաղ տվեց, քթի տակ մրմնջաց` «Լա՜վ հաջողվեց, ձմեռը կհանի…», ու Գետառի եզրով շարժվեց դեպի մոտակա շինությունները: Երկու օր բերանը համարյա բան չէր դրել: Նրբակերտ դեմքը մազակալած էր, նիհար ու դալկությունից ասես թոշնած: Արտևանունքների տակ կապտավուն ստվերները հիվանդագին-մուգ գույնով էին առանձնանում: Էս ի՜նչ երկիր դարձավ, - խորհում էր, - ո՜նց ամեն ինչ փլվեց, վերացավ, մարդիկ չարացան… Խորհրդային հզոր պետության փլուզումն էր երևի պատճառը, ի՜նչ իմանաս… Երկու պայման կա` յա հա, յա չէ: Էն տաշտունեցու պատմության նման: Մեկը պատերազմում հաշմանդամ դարձած գյուղ է վերադառնում, հարևանի կինը ափալ- թափալ իրեն գցում է նրանց տուն, հարցնելու` գուցե տեսել է ամուսնուն. «Չէ, չեմ տեսել», - ասում է զորացրվածը;
     – Եղո, բա ի՞նչ կարծիքի ես, մեր մարդը հետ կգա՞:
     – Կարա՜լ չիմ ասի, - ծոր է տալիս Եղո կոչվածը, մտախոհ հայացքը հառելով առաստաղին` մի պահ լռում, ապա ծանր- ծանր թե` էրկու պայման կա, յա` կգա, յա` հըը… Պետության յոթանասուն տարվա ստեղծածը քամուն տվեցին. խլեցին, ունեզրկեցին, բաժանեցին… Վիթխարի խելացնորությո՜ւն, ահավոր մղձավա՜նջ… Հայտնությա՜ն մղձավանջ` անհասկանալի, աներևակայելի, անըմբռնելի: Հիմնահատակ քանդեցին, ավիրեցին, ի՞նչ ստացվեց, ավելի լա՞վ եղավ. Ո՞վ պատասխան տվեց: Ինչ կլինի վաղը, վաղը չէ մյուս օրը: Տարիներով կուտակածը, կառուցածը քամուն, սուտն ու կեղծիքն` իրենց: Հիմա էլ հա՜ տոկոսներ, տնտեսական աճ, սոցիալական պետություն: Տնտեսական աճը ես` անկախ Հայաստանի անկախ բոմժս, կաշվիս վրա պիտի զգա՞մ, թե՞` չէ: Վերջին երեք օրերի ընթացքում ընդամենը մի քանի բողկ եմ կերել ու աղբակույտից այս հիասքանչ կոշիկները գտել: Աղբարկղերի գործը դժվարացել է: Մի կարգին, անտեր, աղբարկղ եմ որոնում: Դժվար է, գիտեմ: Ինձ նմանները շատ են: Փորձիր տեր ունեցող աղբարկղի մոտենալ` գլուխդ կջարդեն: Հե՜յ գիտի, ինչ լավ էր Մարգոյի բուդկան: Մեկ-մեկ գործ-մործ էր լինում, օգնում էի, փոխարենը սնունդն անպակաս էր: Հեչ չլիներ, գիշերային գինովցած հաճախորդների` ուտելիք-խմելիքի մնացորդի պակաս չէր զգացվում: Մարգոն էլ երբեմն նաև գումար էր տալիս: Բայց դա էլ իրենից խլեցին: Որտեղից որտեղ մի գյումրեցի էր հայտնվել` Մգոն ու իրեն փոխարինել Մարգոյի մոտ: Կարճահասակ, իրենից երիտասարդ ու ամրակազմ մեկը, որը հենց «աշխատավայրում» էլ գիշերում էր: Մարգոյի բուդկան կանգառի մոտ էր, ուր ուղևորների համար նստարան կար: Քնում էր հենց այդ նստարանին: Սակայն մի անգամ Մգոն հոխորտաց` «Մի անգամ էլ էրևնաս, ոդդ միացման տեղից կպոգիմ», ու դեմքը մի տեսակ ձգվեց, ականջները, ինչպես գիշատչի ականջները ցատկից առաջ, սեղմվեցին… Անմիտ չարության դրսևորումը զարմանալի էր, բայց և միանգամայն իրական: Ինքն էլ իրականության զգացումն այնքան չէր կորցրել, որ դա չգիտակցեր: Գոյության համար պայքարում բոլոր միջոցներն էլ լավ են: Սակայն Աստծո օրհնված այդ լավ տեղը անդարձ կորցրեց: Հետո դեգերում էր փողոցներում, պատահած աղբարկղերի մոտենում, սակայն անտեր շան պես քշում էին «տերերը» . իր նման փրչոտ, ցնցոտիների մեջ խղճուկ, մշտապես ուտելիք հայթայթելու տենդից մարդկային դեմքը կորցրած արարածները: Ստամոքսում գարշելի կծկում զգաց. «Չէ, վտանգավոր բան չկա, չպիտի լինի»: Ձեռքերով որովայնը գրկած, կուչ գալով ծնկի եկավ: Ցավը գնալով սաստկանում էր: Մի բաժակ ջուր լիներ. ջո՞ւր… Մոտեցող չկար: Շքեղ մի մեքենա կանգնեց մոտակա մարկետի մոտ: Կինը իջնելիս հպանցիկ հայացք նետելով նրա վրա, արագ շարժվեց դեպի խանութը: Ներս մտնելիս սակայն, ոչ այն է զարմանքի, ոչ այն է խղճահարության ակնթարթային մի բռնկումով` նորից նայեց: Ինչ-որ ծանոթ բան որսաց կնոջ հայացքում ու հիշե՜ց… Գնալ, շուտ հեռանալ այստեղից… Ցավը մոռացած` արագ շրջվեց ու շարժվեց դեպի Գետառի երկայնքով ձգվող երկաթուղու մոտի թմբերը: Ցավն ինչպես հանկարծակի հայտնվել էր, նույնքան հանկարծակի էլ չքացավ, և ասես չէր էլ եղել: Հեռվում փարթամորեն կանաչին էր տալիս ինչ-որ մեկի մինչև ջրի բերանը տարածվող այգին. «Ուտելու բան լիներ…»: Աստված իմ, ե՜րբ էր… Ամառային աստղոտ երեկոն, խաղաղ մի սենյակում, աչքից հեռու մի տեղ…
     Դավադիր-չարաճճի ժպիտը դեմքին, խաղում էր բազկաթոռի արմնկակալի հետ: Օծանելիքի մեղմ բույրը, խառնված ծաղիկների անուշ բուրմունքին` գլխապտույտ առաջացնող թմբիր էր բերում: Նստել էր շատ մոտ ու ծունկը, որ ըմբոստ իր ճերմակությամբ անպատեհ դուրս էր պրծել փեշի տակից, բնավ չքաշվելով իր ծնկանն էր հպվում: Աչքերի ճառագայթող քնքշությունը դիվային զորությամբ այնպես էր համակել էությունը, որ թվում էր` խոսելու կարողությունը կորցրել է: Աղջկա արտառոց, ոչ սովորական ազատությունը ինչ-որ անհասկանալի կաշկանդվածություն էր բերում: Ամառային թեթև զգեստը հազիվ էր զսպում կաթնահունց մարմնի ըմբոստ ձգտումը` ազատվելու կապանքներից: Ու ձգո՜ւմ էր, ու ինչ-որ արբեցնող, խելացնոր տանջանք կար դրանում, որ համակում էր համբուրելու, ատամներով ձգել-հանելու, պատառոտելու մի վայրենի ցանկությամբ: Խենթացնող մշուշում, քնքշանքից թալկացած, ակամա մղվում էր դեպի երանելի, թաքուն ու գայթակղիչ-արատավոր անհայտությունը…
     Իսկ աղջիկն իր բալե, հյութեղ շուրթերով ժպտում էր ու այդ արբեցնող ժպիտի մեջ` մեղապարտ հնազանդության առկայծում կար` թաքուն խոստման ու ահաբեկված թռչնի վախվորած կանչով: Խոնարհ ժպիտով կլորացած շուրթերը հարցականորեն, մոտ ու սարսափի սպասման դողով էին շնչում… Անդիմադրելի ինչ-որ ուժի մղումով, խեղդելով ներսում խշրտացող անփորձության վախն ու ետ պահելու անզոր ճիգերը, չգիտես որտեղից վրա հասած վճռականությամբ, կարծես միշտ էր այդպես, խելահեղ մի պոռթկումով կրքոտ գրկեց նրա բարակ մեջքը` դեպի իրեն ձգեց ու շուրթերին այնպիսի մի երկար համբույր դրոշմեց, որ աղջիկն ակամա ընկրկեց: Տոչորված պոկվելով նրանից, մնա՜ց սակայն, մնաց նրա մշուշոտ հայացքի խորության մեջ` անկամ սուզվելով հրացոլք աչքերի բիբերում: Սրտի հատվածում թմբկահարող խելագար զարկերի ու գլխի մեջ մեկեն ուժգնացած արյան բուռն հոսքի միջով հակվելով դեպի նա, ըմբոշխնեց կրծքի թեթևակի բացվածքից եկող բույրը, երկու թրթռուն, պիրկ կլորությունների վախլուկ դողն ու տապ շնչող կիսաբաց շուրթերի փափուկ խոնավությունը… Հետո՜…
     Մտքերով տարված` չհասկացավ ինչպես հասավ այգուն: Ծիրանի ճյուղը կանաչ, խակ պտուղներով, մետաղական ցանցից դուրս էր և ընդամենը պետք էր ձգվել ու ձեռքը մեկնել… Չհասցրեց: Ճիպոտը սուլոցով իջավ մեջքին ու սարսափելի ցավով ծնկի բերեց:
     – Հայվան, տնկել-մշակե՞լ ես, որ ըտենց արքով…
     – Ներող եղիր, - ցավից կուչ գալով, հազիվ կարողացավ արտաբերել:
     – Ի՞նչ ներել, կեղտոտ անասուն: Մեկ էլ ստերանք էրևաս…
     Ոտքերը մի կերպ քարշ տալով շարժվեց դեպի մոտակա բարձրահարկ շենքերը: …Ժամանակին, ինքն էլ էր նրանց նման: Նրանցից մեկն էր. կոկիկ, մաքուր հագնված, ու ամենակարևորը` կուշտ… Ի՜նչ աներ, ուրիշների նման գնա՞ր երկրից… Ուրի՞շ տեղ, ուրիշ երկրո՞ւմ ապրեր: Ուրիշ տեղինը ուրիշինն է միշտ: Մարդը` որ չի սիրում սեփական երկիրը, հազիվ թե ընդունակ լինի ուրիշինը սիրելու:
     Իսկ այն աղջիկը սիրո՜ւմ էր իրեն, սիրում էր. սիրո՞ւմ էր որ… Իրեն սիրելով ուրիշին գնաց, երկիրը սիրելով` ուրիշ երկիր… Ճանաչե՜ց երևի, ու գուցե հեգնանքով մտածում է. «Տեսա՞ր ուր հասաք` դու էլ, երկիրդ էլ…»: Դո՞ւ ուր հասար` հետաքրքիր է. ճոխ ապրուստ, շքեղ մեքենա, բարեկեցիկ կյանք: Դրան էիր ձգտում ու ստացա՜ր. ստացար օտարալեզու, օտարակենցաղ հավելումով ու բավարարված հրճվում ես երևի: Թոռ ու ծոռներդ ապահովված, փորդ կուշտ, տեղդ տաք. որտեղ հաց` էնտեղ կա՞ց:
     Մեջքի դաղոցը մզզում էր դեռ: Քայլելիս աշխատում էր շրջանցել մարդկանց: Աշխարհի որ հորիզոնականն էլ վերցնես, հասարակությունը մերժում է իրենց: Թեև մերժում, բայց և խղճում են… Ի՜նչ մխիթարանք… Երբ քեզ վիճակված է լինել կյանքի ստվերոտ կողմում, ու երբեմն տեսնում ես արևով ողողված մյուս ափը, գալիս է ժամանակ, երբ այդ ամենն արդեն պատրանքի պես անիրական ու խաբուսիկ է թվում… Քնձռոտ մի շնիկ մոտեցավ ու բախտակից ընկերոջ իրավունքով քսմսվեց ոտքերին: Առանց ակնկալիքի: Սպասելիք չուներ: Կռացավ, կեղտոտ բուրդը շոյեց: Շնիկը նրա ուշադրությունից շոյված, նորից քսմսվեց ոտքերին… «Նման ենք իրար», - մտմտաց, ապա գիրկն առնելով. «Խելոքս, ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Դժբախտս, ճակատագիրը քեզ էլ է մտրակահարել, բայց ինձ ապավինելու հույսերդ ապարդյուն են: Վիճակս չե՞ս տեսնում: Անոթի, անօթևան, մի անտեր շուն էլ ես եմ: Լավ հիշեցի, բողկ սիրո՞ւմ ես…»: Շնիկը մեկեն ցած թռավ նրա գրկից, պոչը աշխույժ խաղացնելով վազեց ու շուտով անհետացավ: Այ թե ինչքան էր հավատարմությանդ չափը. մարդուց շատ չես տարբերվում: Մի կին էր անցնում, փոքրիկ տղայի ձեռքից բռնած: Տղան շրջվեց, ժպտաց, մայրը ձեռքից քաշեց. «Մամ, էլ չեմ ուզում», - քրթմնջաց փոքրիկը, մյուս ձեռքում բռնած կարկանդակը մեկնելով մորը: Մայրը ձեռքը մի կողմ հրեց. «Պահիր, աղբարկղը կգցես»: Աղբա՜րկղը… Ուրեմն մոտիկ աղբարկղ կա, մտմտաց, աշխատելով նրանց կողմը չնայել, բայց հայացքը համառորեն ձգվում էր դեպի կարկանդակը: Տեսնես մսո՞վ է. ո՜ւր էր` երեխան ձեռքից գցեր… Դանդաղ քայլում էր նրանց ետևից, երբ անսպասելիորեն հայտնվեց շնիկը` ատամների արանքում ոսկորի մի մեծ կտոր: Վազում էր մորն ու մանկանը ընդառաջ: Երբ պոչն աշխուժորեն շարժելով ցանկանում էր անցնել, աչքն ընկավ երեխայի ձեռքի կարկանդակին, կանգ առավ: Երեխան կարկանդակը մոտեցրեց շնիկի մռութին: «Մամ, կլինի՞ տամ շունիկին»: Մայրը ձեռքից քաշեց. «Դեն գըցիր, եթե ուզում ես»: Երեխան, որ մեկ-երկու քայլ հեռացել էր, շրջվեց ու կարկանդակը նետեց շան ուղղությամբ: Հեռվում կանգնած տղամարդու ոտքերը ծալվեցին: Շունը բերանի ոսկորը գցելով, ճարպիկ ցատկով հասցրեց օդում կարկանդակը որսալ, այնուհետև նստելով, դրեց ոտքերին ու շուռումուռ տալով սկսեց հոտոտել: Քիչ անց կատարվեց անսպասելին: Կարկանդակը նորից առնելով ատամներին, շունը նետվեց դեպի մարդն ու դունչը մեկնեց նրան: Վերջինս ապշահար, հափշտակեց կարկանդակը, ինքն էլ հոտոտեց, ապա կիսելով` մի կտորը վայրկյանապես կուլ տվեց: Երբ ուզում էր անցնել երկրորդին, տեսավ շան հայացքն ու անմիջապես երկրորդ կտորը մեկնեց նրան: Շունը ուտելիքը մի կողմ հրելով, դունչը բարձրացրեց, ասես հասկացնելով, որ իր բաժինը զիջում է: Մարդն արագորեն մյուս կտորն էլ կերավ ու շանը գետնից վերցնելով սեղմեց կրծքին: Սակայն շունը նրա գրկից պոկվելով վազեց դեպի իր առաջվա տեղն ու վերադարձավ` ոսկորը բերանին: Ոսկորը դնելով «ընկերոջ» ոտքերի մոտ, էլի վեր նայեց: «Ուրեմն ինձ համար էիր բերել, խելոքս», - ասաց ու ոսկորը գետնից վերցնելով մեկնեց շանը: Վերջինս ախորժակով սկսեց այն կրծկրծել: Կարկանդակը, այն էլ մսով, իսկական շքեղություն էր, սակայն դրանով քաղցը չմեղմվեց: Ստամոքսը զարմանքից միայն գրգռվեց` ավելի սաստկացնելով շուտափույթ սնունդ ընդունելու անհրաժեշտությունը: Ոտքերը մի կերպ քարշ տալով թափառում էր` հուսալով կնոջ հիշատակած աղբարկղը գտնել: Շնիկը աշխուժորեն վազվզում էր շուրջը: Վերջապես թափառիկ հայացքը փնտրածը գտավ: Աղբարկղի չափերը հուսադրող էին: Մեծ էր ու խորը: «Հասանք, փոքրիկս, այստեղ ինչ-որ բան կգտնվի»: Շտապելուց քիչ մնաց շնիկը ոտքի տակ ընկներ: Կոշկաքթով մի կողմ հրեց, սակայն վերջինս շրջանցելով նրան, ետևից սկսեց կախվել անդրավարտիքի մեկ այս, մեկ այն փողքից: Կանգ առավ: «Քեզ ի՞նչ եղավ, հիմարիկ, չե՞ս կարող հանգիստ մնալ», - ասաց ու ոտքով քնքշորեն շոյելով ուղեկցին, նորից քայլ գցեց: Շնիկը նորից առաջ ընկավ, շրջվեց ու կանգնելով ետևի թաթերին` սկսեց գռմռալ: «Այ քեզ բան», - զայրացած քրթմնջաց մարդն ու այս անգամ ոտքով կոպտորեն հրելով առաջ գնաց: Շնիկն անցավ արկղի ետևը, իսկ մարդը աճապարանքով սկսեց աղբը փորփրել: Հացի չորացած մի կտոր գտնվեց, լոլիկ ու, ո՜վ զարմանք` երշիկ. գույնը թեև ինչ-որ չափով փոխած, սակայն հաստ, յուղո՜տ… Աչքերը փայլատակեցին: Ձեռքը դեռ օդում, մեկը ետևից ծանրորեն ընկավ մեջքին: Շրջվեց: Հսկայական երախը բաց, ահռելի չափերի գամփռ էր: Սարսափահար ընկրկելով` տեղում քարացավ: Գամփռը կարծես խաղաղված, տիրական նստեց արկղի մոտ: Շնիկը, թեթևակի գլուխը դուրս հանած, հաչում էր: Մարդը հիշեց, որ ողջ ընթացքում, շարունակ հաչում էր, բայց ինքն ուշադրություն չէր դարձնում: Հիշեց նաև, թե ինչպես էր գալիս ոտնատակ ընկնում, հագուստից քաշքշում, գռմռում: Մի՞թե վտանգից էր ուզում ետ պահել: Անհավատալի է… Հայացքը շնից չկտրելով, փորձեց նորից աղբարկղին մոտենալ. սակայն կատաղի գռմռոցը նրան ետ պահեց: Հակառակորդը զգոն սպասում էր: Լարված, անելանելի դրություն էր: Արկղին մոտենալն անհնար էր, թողնել հեռանալը` ուժից վեր: Իսկ օրգանիզմում ստամոքսահյութի արտադրություն էր սկսվել, որ անդիմադրելի ուժով մղում էր դեպի աղբարկղը… Վախվխելով` մոտենալու մի նոր փորձ արեց: Շունն ահռելի երախը բացելով, տեղից կտրուկ բարձրացավ: Շնիկի հաչոցներն ավելի սաստկացան, ինչը գամփռին ակնհայտորեն դուր չեկավ: Ահարկու գռմռոցով թեքվեց նրա կողմը` ասես ցանկանալով հասկացնել, որ չի հանդուրժի: Փոքրիկը թեև մի պահ ընկրկեց, սակայն անսպասելի բացառիկ խիզախություն դրսևորելով, բավական ագրեսիվ հաչոցով սպառնալի ընդառաջ գնաց, ցուցադրելով մարտն ընդունելու իր հանդուգն պատրաստակամությունը: Արարքն, ըստ ամենայնի, հերոսական էր, առանձնահատուկ, հարգանքի արժանի: Սակայն գամփռը, որ մի սովորական, փողոցային անկիրթ շուն էր և տարրական պատկերացում չուներ ասպետական վեհ գաղափարներից, այդ փսլնքոտին բռնելու, պատառոտելու ցանկությունից գազազած` նետվեց նրա կողմը: Ճստիկը, սակայն, հասցրեց արագ շրջվել ու պուկ` սլանալ… Ու անցնելով մոտակա մարզադաշտը սահմանազատող մետաղական ցանցի տակով, հայտնվեց դաշտում: Գամփռը հիմնական ախոյանին մոռացած, հսկա քայլերով հասավ մարզադաշտի դարպասին, սակայն չէր հասցրել ներս մտնել, փոքրիկը մյուս ծայրից դուրս փախավ: Վերջինս ընկավ նրա ետևից… Ընթացքում վտանգի զգացումը վայրկյանապես չքացավ, և մարդն ակնթարթորեն հայտնվեց արկղի մոտ:
     Աճապարանքով նորից սկսեց փորփրել, երբեմն-երբեմն վախեցած հայացքն ուղղելով մարզադաշտի կողմը: Երշիկի կտորն ասես անհետացել էր` չկար ու չկար: Իսկ այդ պահին նրան կարծես հենց միայն դա էր հետաքրքրում: Երկու ձեռքերով արագ-արագ աղբն այսուայն կողմ էր տալիս` քիթը համարյա մտցրած արկղի մեջ` ու… զգոնությունը կորցրեց: Վտանգը զգաց միայն, երբ թշնամին արդեն շատ մոտ էր: Ահռելի, մարմինը ձգած, առջևի թաթերն առաջ պարզած` գամփռը մի հիասքանչ ցատկով մարդուն վայր գցեց` իր ծանր թաթերը դնելով վերջինիս սմքած կրծքին ու հսկայական երախը բաց, լեզուն դուրս գցած` ծանր շնչում էր, հայացքը չկտրելով ընկածից: Մարդը չհամարձակվելով շարժվել, շունչը պահած սպասում էր, հացի կտորը սեղմած ձեռքում: Թվում էր այդպես մի ամբողջ հավիտենություն անցավ… Հացը փորձեց մեկնել դահճին. վերջինս նրա շարժումից գռմռաց, սակայն հացի վրա ուշք չդարձրեց: Չգիտես որտեղից, շնիկի հաչոցները նորից լսվեցին, որից խլշտրած, գամփռը գլուխը մի պահ թեքեց ձայնի կողմը: Ընձեռված հնարավորությունից կառչելով, զոհին հաջողվեց մի կողմ շրջվելով` դուրս պրծնել, սակայն քայլ անել չհաջողվեց… Գամփռը վայրկյանապես հափռելով աջ ոտքի ազդրը, ատամները խրեց մսի մեջ: Վերջին պահին սակայն, չգիտես շնիկի չդադարող հաչոցների պատճառով, թե մեկեն արթնացած խղճմտանքից ազդված, ծնոտներն իրար չբերեց: Մարդն ազատվեց թեթև վնասվածքով, քանի որ գամփռը նորից նետվեց շնիկի ետևից:
     …Աղբարկղին կրկին մոտենալու մտքից անգամ ահաբեկված, կաղին տալով, կրկին շարժվեց դեպի Գետառի թմբերը…
     Ճանապարհին խառնիխուռն մտքերն անկախ իրենից սլացան մինչև յոթանասունականները, երբ փափուկ նյութից տնայնագործական եղանակով ձայնասկավառակներ էին արտադրվում: Հիշեց «Հոր խրատը» անվանումով ասմունքի սկավառակը, որում ասվում էր. «Շան կծածը փույթ չէ, ոչինչ, կանցնի, իսկ մարդունը…»: Շարունակությունը հիշեց բառացի. «…Իսկ երբ մարդն է մարդուն կծում, ո՛չ կծողին ես տեսնում, ո՛չ վերքն է բուժվում, որդիս»: Մարդու կծածը չէ՞ր, որ իրեն… – Լավ է, երբ շունը ընկեր է մարդուն, - մրմնջաց, ո՜ւ… – Իսկ երբ մարդուս ընկերն է շո՞ւն… Գնում էր դեպի Գետառի թմբերը… Կամ ո՜վ գիտե, գուցե դեպի մի նոր արկածախնդրություն` վստահ, որ մեջքին սարի պես շնիկ ունի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4585 | 0 | 0
Facebook