Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրանտ Մաթևոսյան

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
07:45, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Հրանտ Մաթևոսյան
    
    

| Ալխո


    

Պատմվածք


    
    

    

– Ախար սարն էի գնալու, սարում ես էլ գործ ունեի, է…

– Սարն էիր գնալո՞ւ, – իբր թե մոլորվեց Գիքորը: – Բա ո՞նց անենք: – Այդպես մոլոր մնաց, մնաց ու հանկարծ աշխուժացավ, իբր թե գտավ ելքը.– Իմը վերցրու, իմով գնա: Փայտի ես, չէ՞, տանում. ուժեղ է, բարձիր ինչքան ուզում ես: Բայց, ախար, խրտնում է, վախենում եմ, – կասկածեց Գիքորը:

– Յոթ-ութ տարվա ձի է, ինչո՞ւ պիտի խրտներ, հո երեկվա քուռա՞կը չի, – սրտնեղելով ծիծաղեց Անդրոն:

– Որձությունից մեջը մնացել է, մեկ-մեկ գլխին է խփում, ուշ կռտեցի, – բացատրեց աղվես Գիքորը: Եվ որովհետև նա այդպես լուրջ բացատրեց, Անդրոն էլ հետաքրքրվեց լրջորեն.

– Տարբերություն է տալի՞ս:

– Ասում են չէ, բայց իմը տվել է: Էն օրն էլ, պառավը սարից գալիս, խրտնել, ջարդուխուրդ է արել:

– Թամբը գոմի սրահում է, – նեղացավ Անդրոն, – ինքը ձորում սալերի մոտ է: Շատ չբարձես, Գիքոր, քո փութը ես լավ գիտեմ:

Գիքորը ծերունավարի դանդաղ ու թեթև գնաց դեպի գոմի դուռը: Եվ որպես իսկական ձիատեր՝ հայհոյեց Անդրոյին. «Երեսթո՛ւյլ շան տղա, թե որ իմ փութը լավ գիտես, ինչո՞ւ ես տալիս: Հլա սրա թամբին նայիր, ախար ձին քո ի՜նչ բանն է»:

Իսկ Անդրոն կարծում էր ծերունուն նեղացրել է, և որովհետև սա մի տեսակ վրդովված ելավ գոմի սրահից, ուզեց մեղմել իր անվայելուչ խոսքը.

– Կատակ եմ անում, կատակ, այտա: Գիքո՜ր, – ծիծաղեց Անդրոն, – որ ձորը մտնես՝ չվախենաս, ջրում սպիտակ գոմեշ կա:

– Չէ, չէ, – աշխուժորեն չհավատաց Գիքորը: – Տեսել ե՞ս:

– Իջել էի տեղփոխ անեմ…

– Ջահել ես, կտեսնես: – Նա սրա մեղուների դիրքը չհավանեց, ամառ օրով տանն էր՝ չհավանեց, տանձը փչանում էր՝ այդտեղ արդեն բոլորովին բարկացավ.– Այտա՜… դու գոմեշ տես, իսկ տանձդ հրես ձեռից գնում է: – Եվ տանձենու տակից հեգնելով ու խնդրելով վիզը ծուռ՝ ասաց նախագահ ժամանակվա պես արագ-արագ.– Էսօր տակառ թրջիր, առուն հրեդ, էգուց էս տանձից մի հատ չլինի վրան: Քո տո՜ւնը շինվի, ձեռիցդ հազար է թռչում, դու օրը ցերեկով քուն ես մտնում:

Երբ նա ձորի պռնկին էր, Անդրոն ձայն տվեց.

– Գիքոր քեռի՜… Սարով ե՞ս գնում:

– Տեսնենք:

– Եթե սարով գնաս, Աշխենին ասա էս երկու օրը կգա փետ բերելու, փետ բերելու:

– Անդրանի՜կ…

– Ի՞նչ է, այ մեր:

– Ձին էդ ո՞ւմ ես տալիս:

– Գիքորին:

– Ի՞նչ է անում:

– «Թե, ասա, ինչի՞դ է պետք»:

– Հա ջա՞ն:

– Տանում է Ղա՜զախ:

– Բա էդ անասունը մեղք չի՞:

– Մեջքը կկոտրի՞:

– Հա՜, քեզ մատաղ:

Ձորում, քարերի մեջ, գետը մրմնջում էր, աղջիկների մայրը գլուխը ծնկներին ոչ այն է նիրհում էր, ոչ այն է տխրում ջրերի վրա ու իր սպիտակ ոտքերի վրա, աղջիկներից մեկը խռովել էր ու նիհար մեջքը կեռած գրկել ծնկները, մյուսը խոտը մտցնում էր նրա ականջը և խուլ ու խզված ծիծաղում, և քույրը, շրթունքներն ուռցրած, շուռումուռ էր գալիս նստած տեղը, վիթխարի մարդաթողը անում էր իր փափուկ պտույտները արևի տակ, իսկ Ալխոն կանգնել էր ու թախծում էր: Եվ այդ ամենը հանգած ու իզուր էր, ինչպես չաշխատող ջրաղացի ջուրը, ոտքի վրա փտող ծառը, տակին փռված արտ չունեցող արևը: Գետակը պիտի բաժանված լիներ մարգերի մեջ, աղջիկների մոր դիրքը իսկական բուրդ լվացողի էր, աղջիկները պիտի մոռ հավաքեին, հանդի տանձ հավաքեին, խոտ հավաքեին, հնձվորի համար պիտի ջուր տանեին, վիթխարին պիտի կանգներ դեզի տակ ու խոտ տար դիզողին, կամ թե չէ… Գիքորը կանգնեց, նայեց-նայեց և ժպտալով ու գլուխը թափահարելով գնաց դեպի Ալխոն:

– Պարապությունից սատկում ես, – ասաց Գիքորն Ալխոյին, – Ղազախի ճամփան միտդ է՞:

Ալխոն, նիրհի մեջ, վերցրեց թամբը, պոչատակն առավ ոռբանդը, հագավ կրծբանդը, փորքաշները, սանձը, մի քիչ նեղացած՝ բերանն առավ լկամները, անզգա՝ շալակեց թամբողին ու ծեր-ծեր ճոճվեց քարերի միջով: Ոտքի տակ, ավազի վրա, քարը փախավ և Ալխոն փորը գետնին խփեց:

– Հաըըը…– և այդտեղ լկամները ճոթռեցին հին կոշտուկները, փափուկ շիվն անսպի տեղ գտավ փորատակին, և Ալխոն ճանաչեց աղվես Գիքորին: Դա կողերը ճնշող բեռ էր, թոքերի նեղվածք և քաղցր լեզվի սուտ հորդոր:

Ալխոն թառանչեց և ուզեց գնալ վարգով, բայց լկամները ջարդեցին բերանը՝ պահանջելով ձգվածություն և դանդաղ ընթացք: – Հիշեցի՞ր…– Լկամները ճիշտ պահանջեցին, որովհետև ահա միանգամից վեր նետվեց յառը. եթե վարգով գար՝ առջևի ոտքերը կծալվեին, ետևի ոտքերը տակից դուրս կպրծնեին և շրթունքները կջարդվեին ատամների ու չոր գետնի արանքում:

Իսկ Գիքորը, թամբի վրա շրջվելով, այնուամենայնիվ, ասաց աղջիկներին.

– Հասած աղջիկ եք, մոռը հոտում է, մոռն ի՞նչ է՝ խաղ է, գնացեք քաղեցեք, ձմեռը մուրաբա կունենաք: Ձեր հերը կուրախանա, – ավելացրեց Գիքորը:

Վիթխարին հառաչեց ու պորտը դեմ արեց արևին, իսկ աղջիկները ծիծաղեցին տաք ու խուլ:

– Քույրիկ, քեզ եմ ասում, – Գիքորը կզակ արեց տարիքոտ կնոջը:

Աղջիկների մայրը ծնկների վրայից նայեց ամառվա ալարկոտ թախիծով, իսկ վիթխարին տեղում հարմարվեց: Վիթխարին տեղում հարմարվեց, և այդ ժամանակ Գիքորը հասկացավ որ՝ չէ… որ՝ չէ, նա ափսոս է, խոտ դիզելու համար չէ:

– Էս՝ լիրբ ե՞ն, – քրթմնջաց Գիքորը, նայեց, բան չհասկացավ, ինքն իրեն ասաց, որ աշխարհը փչացել ու բարդացել է, ու կրընկեց Ալխոյին:

Զառիվերը ելան, մտան ճանապարհ՝ ճանապարհից ջոկվեց Անդրոյի տան արահետը: Ալխոն միամիտ-միամիտ ուզեց խաբել աղվես Գիքորին, ուզեց ցույց տալ, թե դա սովորական օր է, և ինքը ձորից զառիվերով բարձրացել է, ճանապարհով ու արահետով ահա գնում է իրենց դուռը. Ալխոն ոտը կախ գցեց, ապա միանգամից թեքվեց դեպի արահետ, բայց այդտեղ սանձի մյուս ճյուղը ձգվեց, թեքեց գլուխը և ասպանդակները կոշտացան հին սպիների վրա:

– Աղվեսի՛ն տես, աղվեսին, – ասաց Գիքորը և տարավ գյուղամիջյան ճանապարհով:

Լոբուտից դուրս նետվեց սուրդունչ կարմիր քածը, Ալխոն հոգնած ու զզված քացի գցեց ու հասկացավ, որ ճանապարհն այն է, ճնշող բեռի և թոքերի նեղվածքի շոգ անվերջանալին, և զզվանքով ու հոգնած շպպացրեց քացին: Եվ զգաց, որ սմբակը մտավ շան մեջ ու ելավ:

– Չի լինի՞, որ քո ձին քո տան ճանապարհով տանես, – պատշգամբում կապտեց վարիչ Ռուբենը:

– Իմ տան ճանապարհը սա է, քածդ կապած պահիր:

– Ուրիշի ձին նստել է՝ ուրիշի շուն է սպանում:

– Վազ տուր գյուղխորհուրդ, – ասաց Գիքորը Ռուբենին, բայց ճիպոտով վառեց Ալխոյի՛ փորատակը:

Սուրդունչ քածը հավիտյան չար է՝ պիտի վրա պրծներ, և որ քացուց հետո նրա շունչը մի րոպե պիտի կտրվեր ու կաղկանձից հետո խոսխսեին՝ հասկանալի էր, բայց այդ ճիպտելուն Ալխոն բոլորովին չէր սպասում: Դրա համար էլ մարդկանց աշխարհը նրան թվում էր անվերջ անըմբռնելի: Քսան տարի եղավ ահա կրում է մարդկանց ու նրանց բեռը, քսան տարի նրանց ցենտների տակ խորհում է նրանց մասին, բայց բան չի հասկանում ոչ թե այն պատճառով, որ ձի է, այլ որ նրանք կայուն չեն:

Տարավ դարբնոցի դուռը: Վառվող երկաթի սուր հոտը Ալխոյին ծանոթ էր հին օրերի ուժեղ ու փաղաքուշ պայտառի հետ, որ հիմա ընդառաջ չելավ ու չշոյեց ձիու աչքերը: Ածխոտ գոգնոց կապած, ծխախոտը բերանին երիտասարդը մոտեցավ, ոտքը ծալեց, շը՛խկ, շը՛խկ, ու էլի մտավ դարբնոց: Այդ մարդկանց բացած ճանապարհներին շատ թե քիչ դիմանում է նրանց պայտը, պայտվելու համար Ալխոն շնորհակալ էր, ճանապարհները կոշտ են, բայց, ախար, մեխը ծուռ գնաց, մտավ նյարդերի մեջ, մյուս ոտքի էլ պայտն էր սեղմում. Ալխոն սաստիկ վիրավորվեց:

– Այտա, վայ թե ծուռ ես խփել, – ասաց Գիքորը՝ ականջ դնելով դարբնոցի ձայներին:

– Շոգ է, շո՜գ, – ասացին ներսից ու ծիծաղեցին: – Աշխօր է, աշխօ՜ր: Տվածդ ոսկի չի:

Ալխոն գնաց զույգ ոտքից կաղալով և հիվանդի պես զգույշ, նյարդերը ցավում էին:

– Դե լավ, մի՛ սատկիր, – ասաց հեծվորը, – կգնաս՝ կբացվի:

Ալխոն ցավից մոռացավ հեծվորի ովությունը և ճիպոտը, և տհաճ կարմիր շանը, և որ՝ ճանապարհ էր, թամբած էր՝ պիտի գնար. Ալխոն կանգնեց, բայց սանձերը ցնցռտեցին գլուխը ու ճիպոտը դարձյալ փաթաթվեց փորին.– Հա՜, – և Ալխոն դարձյալ հասկացավ, որ այդքան անխիղճ, այդպես ջղային ու այդքան փնթի՝ հեծվորն աղվես Գիքորն է: «Տեսնես ո՞ւր է տանելու»:

Ճաղավոր ցանկապատը նրանց առջև բացվեց ու ետևից փակվեց, թուխսը ճտերի հետ կտրեց արահետը, «տեսնես ո՞ւր է տանելու», և Ալխոն շղթայի զնգզնգոց լսեց ու տեսավ սև մազաթափ շանը: Դա մի քոսոտ ու քոսից ջղային շուն էր, միշտ կապած, որ լարի տակով վազում էր գոմի դռնից տան դուռը, տան դռնից գոմի դուռը, գոմի դռնից տան դուռը, տան դռնից… Նա կանգ առավ ու թուքը շաղ տալով հաչեց, հաչեց, հաչեց… Եվ այդտեղ Ալխոն բոլորովին հասկացավ, որ ընկել է աղվես Գիքորի ձեռքը, հիշեց շոգ ճանապարհը, բոռերին, զզվելի ջուրը, կարճ ու ջլուտ շատ նենգ օձին, որ մի ժամ անընդհատ սողում ու թաքնվում էր նրա շուրջը, մինչև որ մի պահ մոռացնել տվեց իր ներկայությունն ու հարվածվեց-խայթեց. ոտքը սուր ծակվեց, հետո կարծես ոչինչ էլ չէր եղել, իսկ հետո ոտքը տաքացավ ու թմրեց, սիրտը քաղցր խառնում էր և գլուխն էլ տաքացավ ու թմրեց: Ու իրեն՝ թմբիրի մեջ կիսախուլ, բարձում ու բարձում էին: Ինքը ոչինչ էլ չէր ուզում. տաք քաղցրի մեջ հիշողություններն ու ցանկությունները հալվում էին, և դա հաճելի էր. բոռերը չկային, բեռը չկար, Գիքորը չկար և լավ կլիներ, որ նրանք ընդհանրապես չլինեին, օձը կծեր մի կորած հանդում, ինքը հանգիստ ապրեր իր մահը: Բայց նրանք հասկացան նրան:

– Օձը կծել է, Գիքոր: Ձիդ ուզում է սատկի:

– Կսատկի՞: Կսատկի, խայտառակ կլինենք Անդրոյի առաջ:

– Չէ, – ասացին, – քրտնեցրու, չթողնես կանգնի:

Հյուսկեն չոր ու ճապուկ մտրակով իրեն տեր արեցին իր փորի նրբությանը, բեռանը, ճանապարհին: Սարի խոտին ու սառն աղբյուրին: Սկսելու ծանրությանն ու վերջացնելու թեթևությանը: Կայարան գնալու զզվանքին ու վերադարձի ուրախությանը: Պայտվելու սարսուռին և պայտվածի միամիտ գոռոզությանը։ Զամբիկի կարոտին ու հովատակի վախին: Զամբիկի ամենազոր ցանկությանն ու հովատակի դիվային կատաղությանը: Զամբիկի հիվանդությանը և անտարբերությանը բեռին, ջրին, կայարան գնալուն, Գիքորին ու սեղմող պայտին: Տեր կանգնեցրին իր ոստակալած ոսկորներին և գիշեր-ցերեկներին ու ճանապարհներին, որ վե՜րջ չունեն, վերջ չունեն, սկսում են լայն, նեղանում են, բարակում են, կեռվում են ու դարձյալ լայնանում են, վերջ չունեն: Կանչեց ինքնագոհ աստված Ալխոյի հոր հոր հոր հորը, ասաց. «Ահա՛, Ալխոյի պապ, ես արարեցի քեզ կառուցիկ ու խելոք, փռեցի կանաչ մարգագետինը քեզ համար, հնարեցի գայլը, որ դու վազես ու մնաս կառուցիկ, և մարդը քեզ պահապան, ահա ձի՛, քանի՞ տարվա կյանք ես ուզում»: Եվ մտածեց Ալխոյի պապի պապը, և որովհետև աստված նրան խելացի էր համարում՝ դարձյալ մտածեց և պատասխանեց մտածված. «Քսան տարվա կյանք, տեր»: Եվ աստված նրա պատասխանը հավանեց և տվեց քսան տարվա կյանք: Ախար ինչի՞ համար, այ պա՜պ, քսան տարի, ախար քո ինչի՞ն էր պետք քսան տարին, իմ ինչի՞ն է պետք…

– Էս ձին ինչո՞ւ է տխուր, Գիքոր:

– Դու պարկերի տեղն ասա, այ մեր, պարկերն ո՞ւր են:

– Հիվանդ ձիով Ղազախ ես գնում, Գիքոր:

– Չի սատկի, դո՛ւ լավ լինես:

– Էս ձին մեխով է, Գիքոր:

– Օ՜ֆ… դե որ էդքանը հասկանում ես, աքցանը գոմի սրահից բեր:

Հանված մեխի անցքով ցավը նյարդերից դուրս ծորաց մեղրի պես դանդաղ, և հաճելի էր մանր ցոլցլացող ցավը, բեռի ծանրանալը փութ առ փութ, ասպանդակի հպումը, սանձի կոշտությունը, քոսոտ շան թաց հաչհաչը:

Ճանապարհը սար հանողն էր… զով հովի շվշվոցն ականջներում և անվերջ համով խոտը… և Ալխոն գնաց աշխուժով: Զառիվերը մի ժամվա, մի շնչի բան է… հետո անվերջ համով խոտը:

– Կարծում ե՞ս…– ասաց Գիքորը, ճանապարհից թեքեց, տարավ այգիների արահետով: – Տանտե՜ր, – կանչեց:

Պահակը, շապիկով, ծառերի տակ խոտ էր հնձում: Ընդառաջ եկավ, շունը կապեց, ձին քաշելով Գիքորը գնաց, խոսեցին, պահակը կարծես դժգոհ էր, բայց բեռը ծանրացավ տանձուխնձորով:

– Վարունգ չունե՞ս… Դե լավ, որ դժվարանում ես, պետք չի… Ղազախից քեզ համար ի՞նչ բերեմ:

Պահակը Ղազախի ոչինչ էլ չուզեց, իսկ վարունգը ծանր էր ավելի, քան տանձուխնձորը:

– Հաա՜, անտերի սատկած, բեռ չես տեսե՞լ… Գեներալի ձի է… Անդրոյի ձին ես, էլի:

Արահետով ետ հանեց ճանապարհ, տարավ՝ մինչև որ էլ չէր լսվում պահակ շան հաչոցը, հետո անսպասելի ձիգ տվեց սանձի աջ ճյուղը: Ալխոն շուռ եկավ՝ այո, իհա՛րկե, աջ կողմը հասած շոգ արտն էր: Ասպանդակները պահանջում էին գնալ, ձայնը, ցածր, հրամայում էր գնալ, բայց ախար դեմն արտ էր: Ալխոն ետ-ետ էր անում, և ասպանդակները, ձայնը, ճիպոտը միանգամից նրանց մղեցին արտ, տարան արտով: Մարդիկ զարմանալի են, մտածեց Ալխոն, մի բան մի ժամանակ չի կարելի, նույն բանը մի ուրիշ ժամանակ, ահա, կարելի է: Ինքը, մենակ, արտ չի մտնում, որովհետև միթևանի հանդապահը գոռգոռում է, տանում օրերով փակում են ցեխ գոմում, ինքը չի ուզում փակվել ցեխ գոմում, իսկ ահա ծեծեցին դրա համար: Մտնում ես՝ ծեծում են, չես մտնում՝ ծեծում են: Բայց երբ Գիքորը, առանց ձայնի ասպանդակելով, նրան անցըրեց առուն, մտավ անտառ, հնձած բացատը շրջանցեց, Ալխոն հասկացավ, որ իրեն տանում է գողության: Անտառը դուրս եկան՝ կարտոֆիլի ցանքսերն էին: Կարտոլ է գողանալու, որոշեց Ալխոն և կանգ առավ:

– Կեցցես, Անդրո՛, – զարմացավ աղվես Գիքորը: – Արածիր, – ցածր շողոքորթեց Գիքորը, – արածելն էլ քեզ կմնա:

Արածելու բան չկար, բեռն էլ թեթև չէր՝ Ալխոն կանգնեց ու սպասեց: Ծառերը չէին ճոճվում, ցողունները չէին շարժվում, ծաղիկները բացվել պրծել էին, արևի տակ ամեն ինչ սպասում էր իր լուռ սպասումը ձիու պես անքեն, հանգիստ ու անորոշ թախիծով: Հետո իրենց մեջ, արևի տակ, մեկը շարժվեց, և այդ տեսան բոլորն ու Ալխոն: Ձին ականջները ցից սպասեց, թե ինչ է լինելու: Ցանքսերի ամենագլխին շան պես կքած էր քողտիկը և կանգնած էր պահակը՝ բահը ծնոտի տակ: Ապա քողտիկը այդպես անշարժ էլ մնաց, իսկ պահակը, բահի կիսից բռնած, փափուկ-փափուկ վազեց անտառ: Գիքորը, հողին կպած, կարտոլ էր հանում: Ալխոն նայեց անտառին, նայեց Գիքորին, սպասեց թե էլ ինչ է լինելու:

– Հը՛, մարդ ես տեսե՞լ, – հողին կպած՝ շուռ եկավ Գիքորը: – Հանգիստ չես կարո՞ղ մնալ:

Մեկ էլ, հենց ուղիղ Ալխոյի աչքի անկյունում, ծառից անջատվեց պահակը՝ բահի մեջտեղից բռնած: Ալխոն նրան ճանաչում էր, նրա աշխօրի կարտոլը նրա տուն էր տարել, նա մի հանգիստ բիձուկ էր, չէր խփում, չէր խոսում, թողնում էր իր ոտքով իր ճամփան գնալ: Ալխոն հայտնեց նրան տեսնելու իր ուրախությունը և այդ ժամանակ նա մատը դրեց բերանին, – սուսս, – ու կանգնեց: Հետո Գիքորը հողին կպած կարտոլ էր դուրս տալիս, աղվեսը մկնաբուն էր քանդում, և բիձուկն ու Ալխոն չըմբռնելով նայում էին այդ լուռ աշխարհում միակ շարժվող նրա թիկունքին, որ ընդարմացել էր ու չէր զգում ձիու և բիձուկի հայացքը: Նա հողից կտրվեց, երբ պարկը բերնեբերան լիքն էր. նա կանգնեց, շտկեց մեջքը և այդ ժամանակ տեսավ բիձուկին: – Հա՜, հա-հա-հա-հա, – և նրա ծիծաղը շատ էր նման ձիու ծիծաղի:

– Էդ ի՞նչ ես անում, – հարցրեց բիձուկը:

– Հա-հա-հա-հա, ասի տեսնեմ կնկատի՞…

– Բա գործիս անունն ի՞նչ էր, որ չնկատեի:

– Օգոստոս է, ասի Ադամը բացատներում խոտ կտրելիս կլինի: Ձմեռս քո խոտը շուտ վերջացավ, չէ՞:

– Մեղքն իմը չէր, գնա Սանասարին ասա:

– Սանասարի գործը չթողնելն է, քոնը հնձելը:

– Լեզու չունեմ շան հետ գլուխ դնելու:

– Էդ էլ է ճիշտ: Մենակ դժվար էր լինելու, – ասաց Գիքորը, – օգնիր վրան գցենք:

– Բա էդ անասունը մեղք չի՞:

– Ձի է, էլի, գործի անո՞ւնն ինչ է:

– Գնացի՞ր, – նրանց ետևից տխուր նայեց բիձուկը: – Մնայիր՝ մի քիչ զրուցեինք:

– Գիշերս Ղազախ եմ գնալու, լուսով հասնեմ սարը: Ղազախից քեզ համար ի՞նչ բերեմ:

– Ողջությունդ:

Հետո սարերը շնչեցին թեթևությամբ ու սառնությամբ: Սարի քամին սվսվաց ականջների մեջ, խտուտ տվեց շեքերը, մտավ բեռան ու թամբի տակ, քրտինքը չորացրեց, խաղաց ռունգներում ու ծփաց արևախանձ բաշի հետ: Վերջալույսի մեջ, լեռների ուսագծերին, նարնջագույն երամակները բոցեր էին փախցնում, զեփյուռը խաղ էր անում նրանց վրինջի հետ և նրանք թվում էին մերթ շատ մոտիկ, մերթ հեռո՜ւ, հեռու: Ալխոն բարձրագլուխ խրխնջաց՝ իմաց տալու, որ ինքն այդտեղ է, չի մոռացել նրանց ու նրանց ազատ սլացքը և իր սլացքը նրանց հետ, և այդ բեռը կապ չունի իր հետ, դա Գիքորի բեռն է… Ալխոն գնաց արագ՝ բեռից շուտ ազատվելու, և այդ ժամանակ այդ Գիքորը քմծիծաղեց, – Կեցցե՛ս, – և քարի տակ քաշեց ու իր համար տեղ գտավ բեռների արանքում: – Դե հիմա գնա…

Հեռվի փոքրիկ սարահարթին ծխում էր ուրթը: Ճանապարհը մի քանի անգամ փաթ տվեց բլուրները՝ աչքից կորցնելով ուրթը, ելա՜վ իջավ, ելա՜վ իջավ, և երբ դարձյալ ելավ՝ ուրթը դեմներն էր: Անաղմուկ ու սառը օրորվում էին հովվակրակները, հոտերը փարախավորվել էին, շները գտել էին իրենց տեղը հոտերի շուրջը, պառկած կովերը կշտությունից նեղվում էին, երամակի մեջ մի ջահել քուռակ խրխնջաց անառիթ ու անհոգս, – և խռպոտ ու ոստակալած Ալխոն ուզեց հայտնել իր մուտքը թափառող մառախուղների թաց սարեր, բայց Գիքորը ձգձգատեց սանձը, և խրխինջը մնաց կիսատ:

– Անդրո՞: – Մթի մեջ մեկը ծխում էր:

– Մեսրո՞պ:

– Գիքոր, դու ե՞ս: Ձենն Անդրոյի ձիունն էր:

– Ալխոն է, հա:

– Ի՜նչ էլ բարձել ես:

Արահետի վրա, ձեռքերը գոգնոցի տակ ու վիզը ծուռ, կանգնել էր Անդրոյի Աշխենը: Խելո՜ք, մո՜ւնջ, հնազա՜նդ…

– Գիքոր քեռի՞…– ասաց:

– Բարև, Աշխեն:

– Էդ մեր ձին է՞:

– Հա, Ալխոն է, Աշխեն:

– Գիքոր քեռի, բա Անդրոն պիտի գար, ինչո՞ւ չեկավ:

– Ասաց էս երկու օրը կգա, Աշխեն:

– Էս կարագն էստեղ հոտում է, Գիքոր քեռի, ինչո՞ւ էսօր չէր գալիս:

– Դե էդ ինքը կիմանա, Աշխեն, եսի՞մ ինչու չէր գալիս:

– Հա՜, – համաձայնեց Աշխենը: – Ի՜նչ էլ բարձել ես:

– Ի՞նչ եմ բարձել, Աշխեն, երկու կիլո կարտոլ է, մի քանի հատ խնձոր-մնձոր:

– Ոչինչ…

Աշխենը միայն արձանագրում է: Աշխենը թեքեց իր ճանապարհը դեպի իր վրանը: Աշխենը կին է, տան տղամարդն Անդրոն է: Աշխենը չի խառնվում տղամարդկանց գործերին: Իրենց հաշիվներն իրենք գիտեն: Աշխենը կին է, կով է կթում, ոչխար է կթում, սպասում է Անդրոն փայտ բերի… ձին վերաբերում է Անդրոյին: Անդրոն փայտ չի բերում՝ Աշխենը վիզը ծուռ կսպասի, կարագն այստեղ հոտում է, իսկ ձին ուղարկում են Ղազախ՝ Աշխենը կհամբերի, համբերատար է:

– Մի պարկ կարտոլն ինչքա՞ն է լինում:

Գիքորը թեթևակի ետ նայեց՝ Աշխենը կանգնել էր կռները կանթած: Գիքորը լուռ արհամարհեց. հաչողը կապած շուն էր:

– Տո աղվե՛ս… Մի գյուղով չբավարարվեցիր, խանութով չբավարարվեցիր, հիմա էլ ժողովրդի տներն ես քանդո՞ւմ… Մկնաբուն ես գտե՞լ… տո անամո՛թ, ձին տակիդ՝ ուրիշի ձի ես բանեցնո՞ւմ… Խոսիր, է՛, ծակը մի մտիր:

– Գլուխ մի տար, – բեռները քանդելով ասաց Գիքորը, – կնիկ ես՝ քո կնիկությանը կաց:

– Դու իմ տունը քանդես, բերան էլ չբացե՞մ:

– Օ՜ֆ…– ժպտաց Գիքորը, – քո տունը ուրիշի կնանիքն են քանդում:

Գիքորը բեռներն իջեցրեց, իր պառավին մի բան ասաց, բեռները ներս տարավ, իսկ Աշխենը դեռ խոսում էր, և այդ ժամանակ Գիքորը բարկացավ.

– Հիմար-հիմար քի՛չ դուրս տուր:

– Իմ մասին մի քիչ մտածում եմ՝ հիմար դարձա՞:

Այդ ժամանակ Գիքորը ասաց ոչ թե Աշխենին, ոչ թե ուրթին, ոչ թե իր պառավին, այլ ինքն իրեն, բայց որովհետև ուրթը հավաք է, գիշերվա լռություն էր և թաղիքները բարակ են, ասաց բոլորին.

– Սրա լեզվի ձեռից է խեղճ Անդրոն էնտեղ կնիկ առել, ես էլ ասում եմ ինչո՞ւ կլինի առած:

Նրա պառավը ձեռքը բերանին մնաց, մնաց, հետո հարցրեց սուտ-վախենալով, սուտ-զարմացած և հին օրերի հետաքրքրությամբ.

– Ի՞նչ կնիկ, այ Գիքոր:

– Ղազախ եմ գնում, բեռները սարքե՞լ ե՜ս, – գոռաց Գիքորը: – Մարիամ է ինչ զահրումար է: Հավերը կապիր:

Հետո դարձյալ լռություն էր, մթի մեջ ծխում էր ձիապանը, տնքում էին կովերը, մարմրում էին հովվակրակները, հովիվները հիշում էին Մարիամին և հիշում էին, որ նրա վրա իսկի բան չկար, կամ, ով գիտի աշխարհը, երևի կար, – և Ալխոն հանգստանում էր մի ոտքը ծալած, և վրանում լուռ եփվում էր Աշխենը:

Աստղալույսի մեջ, փարախում, անրջում էին տաք զամբիկները, իրար սեղմված գավակների վրա խլշվել էր հովատակի բարձր գլուխը, մթի մեջ հավեր ճչացին, հետո հավեր կապվեցին Ալխոյի թամբից, թաց մածնատոպրակներ կախվեցին Ալխոյի թամբից, «Մի շաբաթ է գիտի Ղազախ եմ գնալու, մածունը դեռ չի քամել: – Մինչև տեղ հասնես՝ կքամվի, էլի, այ մարդ, ինչի՞ ես դիվոտում», ապա թաց պանրատոպրակներ կախվեցին Ալխոյի թամբից, շիճուկն առուներ տվեց կողերն ի վար, հավերը ծրտեցին Ալխոյի վրա և, քնատ, թափահարվեցին, հետո բրեզենտ փռվեց հավերի, մածնի, պանրի ու ծերտի վրա ու բրեզենտին նստեց Գիքորը:

Եվ կիսանիրհի մեջ դեմն օրորվեց գիշերը, և կյանքը լավ էր սարքված, որովհետև Ղազախ նրան սպասում էր նրա կարմիր ցորենը, և հավերը ճանկռտում ու կեղտոտում էին, մածունը քամվում էր, պանիրն աղաջուր էր կաթում բրեզենտի տակ, Ալխոյի վրա, իսկ իր ծերունական նստուկը մնալու էր չոր:

«Ձեզ համար սարի պանիր եմ բերել»: «Ձեզ համար սարի մածուն եմ բերել»: «Ձեզ համար սարի հավ եմ բերել»: Հովտում շոգ է, հովտեցիները կարծում են սարի հավը լեռների սառնությունն է: Ասա՝ ձեզ համար հավ եմ բերել – իրենց դռներին քջջում ու խռնվում են հիսունը: Սարի՛ հավ: Այդ բաները Գիքորը լավ գիտի: Գյուղում ասում են, թե նա թոշակի հանձնաժողովին կաշառել է ով գիտի քանի հազար ռուբլով: Պառավն էլ այդպես գիտի: Հիմար են հարևաններն էլ, պառավն էլ: Հանձնաժողովի նախագահը հին ծաղկուտեցի էր, ինքը տոպրակով մածուն տարավ, ասաց՝ «քեզ համար Ծաղկուտի մածուն եմ բերել, Ծաղկուտի սարերն ու մեր սարերը մեկ են», իսկ քաղաքի վրա նստել էր տոթը, փողոցներում, ծառերի մեջ, շքամուտքերում, տների բոլոր ծակերում տոթը մանրամասն խտացել էր, օդափոխիչները խառնում էին այրվող օդը: «Ծաղկուտի ու մեր սարերը մեկ են, վերև, ամպերի տակ: Քեզ համար սարի մածուն եմ բերել»:

Կեչուտի աղբյուրը խոխոջաց աստղալույսի մեջ, բլուրն անցան, հետո արահետը ճղվելու էր: Մի հավք ծղրտաց մոտիկ թփուտներում, հետո ձիու քայլերն էին, հետո թպրտաց ու խաղաղվեց: Արահետը կտրեց-անցավ ոչ այն է գայլ, ոչ այն է նապաստակ, ոչ այն է սատանա: Հազա՜ր… ինն հարյուր… տասնո՞ւթ… տասնինը թվին, աշնանը, Նեսոյի Արշակին էստեղից գտան: Նեսոյի Արշակի մուգ կարմիր զամբիկը հինգ տարի հետո Կիրովական տեսնող էր եղել: Կիրովականը էն ժամանակ Ղարաքիլիսա էր: Ձիու նոր տերն ասել էր. «Ղազախի շուկայից եմ առել»: Իսկ սա երբ նորից էր հետաքրքրվել, ձիու նոր տերն ասել էր՝ ձե՛նդ:

Հասան ճյուղավորմանը: Այն, որ ձախ էր թեքվում, սարերի արահետն էր, պտտվում էր ամբողջ սարահարթով մեկ, իրար էր կապում աղբյուրներ ու աղբյուրներ, ուրթեր և ուրթեր, երամակներ ու երամակներ, ամպոտ գագաթներ ու անքամի թաքստոցներ: Ալխոն ոտը մի րոպե կախ գցեց ու, իրենից արագ, նետվեց ձախ:

– Հա՜…

Լկամը պատռեց բերանը, վիզը ոլորեց ու գլուխը թեքեց, և Ալխոն հիմա այդպես էր ձգվում սարերի արահետով: Լկամները գլուխը տնկեցին մեջքի վրա, Ալխոն առջևը չէր տեսնում, բայց ոտքերը տանում էին սարերի արահետով:

– Ռռռռ… Գժվե՞ց անտերը:

Գլուխը սեղմել էր հեծվորին, շունչը խփվում էր դեպի երկինք, Ալխոն թռչում էր աստղերի տակ, իսկ ոտքերը չռատվում էին անշավիղ երկրի վրա: Ոտքերը գետնի վրա անդունդ էին փնտրում՝ ջարդուխուրդ անելու այդ ոստակալած ոսկորները, որ չգիտես ինչի համար դիմանում ու դիմանում են: Այդ ժամանակ հեծվորը մի պահ նրա գլուխը տվեց նրան, հետո քաշեց սանձի միայն մի ճյուղը: Վիզը կեռած՝ պտտեց, պտտեց, պտտեց ձին իր տակ, հետո մտրակեց ու բաց թողեց սանձերը: Ձին գնաց անարահետ լանջերի թեքությամբ՝ կտրտվելով այդ կրծբանդներից ու փորքաշներից, դուրս լողալով բեռնաձիու կոշտակալած կաշվից դեպի թոքերի անկաշկանդ հևք և ետ թողնելով այդ կոպտացած թոքերն էլ:

– Օր ծերության քուռակ է դարձել հիմարը:

Հիմա կանգնել էին զառիթափի գլխին և կարծր կողերն իրենց նեղվածքում բռնել էին թոքերը, հավերը խաղաղվում էին բրեզենտի տակ, մածունը շիճուկ, պանիրն աղաջուր էր տալիս նոր ուռուցքներին ու հին վերքատեղերին, և դեմը, ձորի քաղաքի վրա, լուռ օրորվում էր լույսամշուշը: Հին Ալխոն էր, հին ոռբանդը, ծանոթ զառիթափը և նոր ցավը պոչի տակ:

– Ապրես:

Ու երբ առաջին բեռան մի քուռակ ձի, քաղաքի դռանը, կամրջի ծայրին դողում ու չորս ոտքով դեմ էր ընկնում, – Արի՛, ասաց Ալխոն, անտեղի հիմարություն մի արա:

Ոտքերի տակ թխկթխկում էր փուչ և սուտ-կարծր ասֆալտը, ահագնանալով հռնդում ու չքվում էին ավտոմեքենաները, երբեմն վշշում էր գետը՝ որ հարազատ էր, բայց քուռակին չէին իջեցնում գետ, անցընում գետով, քուռակին քաշում ու հրում էին դեպի անդունդ. նրանք չէին հասկանում, որ դա անդունդ է, իսկ քուռակը, որ տրոփել էր փափուկ ու տռուզ սարերում, տեսնում էր անդունդը, դեպի ուր աղաչում, ծեծում, գնալ էին խաբում մարդիկ:

Ալխոն մոտ գնաց, կանգնեց, ճանաչեցրեց իր ձիությունը և ասաց առաջին բեռան ձիուն.

– Անդունդ չի, կամուրջ է, այնպես չեն սարքել, որ կարողանաս սատկել, արի՛… Փուչ է, բայց պինդ է, չես սատկի, արի՛… Եթե սատկես էլ, մեծ բան չես կորցնի, արի՛…

Առաջին բեռան ձին սեղմվեց նրան, մտավ նրա մեջ ու կամուրջն անցավ նրա մեջ մտած: Իսկ նա անհաղորդ էր տակի դատարկությանը, մեքենաներին, աղմուկին, որովհետև կիսով չափ կույր էր ու կիսով չափ խուլ և իր սեփական կաշվի վրա ուրիշ յոթ կաշի էր դաբաղված: Շուկայի դռանը նրան բաժանեցին Ալխոյից, որ գնալու էր գետն ի վար, և կապեցին շուկայի դռանը իր զզվանքի ու սարսափի դեմ մենակ, աղմուկի և փոշու մեջ, արևի տակ, մինչև կարագը կծախեին գրամ-գրամ և չիթ կառնեին, հաց կառնեին, շաքար կառնեին, թեյի խոտ կառնեին, կմոլորվեին կոշիկի գնի վրա:

Մեքե

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4020 | 0 | 0
Facebook