Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
10:08, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Արգելված մտություններ կամ ցավեր բռնողը /

Կենտրոնի աստիճաններին գործընկերս հավասարվում է ինձ և մեքենան մոտեցնելու նշան անում: Ճանապարհին նրանից վերցնում եմ օպերատիվ հիշողությամբ էկրանիկն ու միացնում հասցեների գծագիրը: 21/4 բարձրահարկ շենքի 78-րդ հարկում բնակարանի դուռը աղջիկ է բացում, գլուխը կախ, թափթփված տնային զգեստով, երիտասարդ, բայց հասցրել է դաստակները թարմ սպիներով նախշել, գուցե ամբողջ մարմինն է պատժվածքների ճարակ դարձրել: Գործընկերս ներան հրում է աթոռին և ասում` պատմե՛ք: Սպասում ենք, ես բացում եմ արկղը, ընկերս վերցնում է գոգավոր մասով փորիչն ու խրում ներա սպիների մեջ: Աղջիկն ասես սպասում էր ցավի, որ հանդարտությամբ խոսեր.
     …նրանից հեռվանալիս անընդհատ գունդուկծիկ եմ լինում, քայլում, տեսնում եմ կողքերիցս ճոճվող հարթ ափերս ու կարոտում եմ… առաջին անգամ զարդարվեցի, երբ ճանապարհը կտրել-անցնելիս մեքենաները չզիջեցին, հետո եռացող ձուն էր խփվում պատեպատ, ճուտը չէր ուզում խաշվել և կոտրելով կլեպը` փորձում էր թասից դուրս ցատկեր…
     Նե դադարել էր, գործընկերս կռացավ, միլիմետրի հեռավորությամբ վիրահատական մանրադիտակով ներա աչքերին հառվեց` (1234567) հենց ափի վայրկենաչափը ծլնգաց` վե՛րջ, ասաց: Թիկունքն ուղղում է, անջատում պարանոցից կախված ձայնագրիչը և ինձ փոխանցում ձեռքի վայրկենաչափը: Շեմին չհասած` լսում եմ ներա խեղդված փսխոցը, որը սովորաբար զզվելի տեսարան է, իսկ հնչյունները հիշեցնում են Մանկասենյակի գործարանը:
     Վերելակում գործընկերս ասում է` եթե բոլորը սրա նման առաջին գործիքի ճնշմամբ խոսեն, աշխատանքային ժամերը կթեթևանան, և չենք ծանրաբեռնի մեզ:
     – Միայն Ընկալիչի չհանդիպենք, - պատասխանում եմ նրան, միացնում էկրանը, ու սլանում ենք նոր հասցեի ուղղությամբ:
     Ընկալիչ համարվողները հազվադեպ են պատահում, սրանք, բացի իրենց պաշարից, նաև ուրիշների անսովոր պատմություններն են լսում և ամուր թաքցնում: Մարդիկ իրենք են փնտրում Ընկալիչի և հոժար կամքով խոսում, որպեսզի ինչ-որ կերպ մտությունները Կենտրոնից փրկվեն:
     Արվարձանի հետին փողոցում անջատում եմ մեքենան, քայլում ենք դեպի 32/1 կառույցը, տան մոտ հավաքվածներ կան, նրանցից ընդառաջ եկողը շտապում է ասել, որ ինքն է տեղեկացրել պատմություն թաքցնողի մասին: Մեզ տեսնելով` բակում խռնվածներից մեկը ծլկում է, գործընկերս ասում է` հիշի՛ր դրան…
     Ես կրտսեր օգնական էի, դեռ չէր հաջողվել Ընկալիչի խոսեցնել, գործընկերս լեգենդներ էր պատմում նրանց մասին, փաստն այն էր, որ նրանք մինչև վերջին շունչը դիմանում են, նրանց տեղափոխում են Կենտրոնի գլխավոր սենյակ, որտեղ հավաքվում է բարձրաշխարհիկ հասարակությունը: Այստեղ Ընկալիչները հանձնվում են, պահելն այլևս անմտություն է, նրանցում տարածված է, իբր հետները տարած մտությունների պատճառով մյուս աշխարհում անասելի դժվարությունների են հանդիպելու:
     Մտնում ենք տուն, ընտանիքի անդամները ուղեկցում են դեպի հյուրասենյակ, որտեղ տղամարդու թիկունքին սեղան են հարմարեցրել ու տգեղաբար կապկպել: Հետաքրքրասերներին դուրս ենք հրավիրում, միացնում ձայնագրիչն ու ասում` պատմե՛ք: Տղամարդը լուռ է, գործընկերս մատներով նշան է անում, ես բացում եմ գործիքներիս արկղն ու նրան տալիս վիրաբուժական դանակը, սա դանդաղ մտցնում է ականջի կռճիկը, տղամարդը ճչում է, բայց շարունակում է լռել, գործընկերս ասում է` գուցե տեղափոխե՞նք Կենտրոն: Մարդը գլխով հրաժարվում է` քթից հոսող փսլինքները անձրևորդերի պես երկարում-կծկվում են, որովհետև նա սկսել է խոսել.
     …շենքերի կտուրներին գորշ թավշյա կապույտ էր փռվել, նայում էի այդ խոնավ գույնին, որը սոսնձվում էր ներսումս ահագնացող մտքին, այդ օրը իմ թախիծն ու երկինքը միագույն էին… կին կա, ում հետ քո երկրում` եղածդ վայրում պետք է ապրես, որպես տնային` որդեծնման սեր, կա նաև հեռանալու` իր հետ փախչելու սեր…
     Մարդն ավարտում է, գործընկերս միացնում է սարքն ու մինչ ազդանշանը կրկնում վայրկենաչափի ֆունկցիաները, կանչում է տնեցիներին և ցուցում` մինչև հիվանդի փսխելը կապերը չարձակել: Ես հիշեցնում եմ ծլկածի մասին, նա ասում է.
     – Եթե մտություն ուներ, ուրեմն կոկորդին չի հասել, թող կուտակի, տնեցիները կամ ծանոթներից որևէ մեկը դեռ կհասցնեն ահազանգել: Որովհետև մտությունը քորի նման է, երբ ծոծրակիդ կենտրոնում է բռնում, եզի նման թիկունքդ դեմ ես տալիս պնդին, այնքան ես քորում, կաշիդ պլոկվում է, իսկ տակից կարմիր միսն է մղկտում. այնուամենայնիվ, քեզ անհասկանալի է մնում, որ քորն ես քորում կամ քորի քորը…
     Նա վախվորած հպվում է փորին, որտեղ հին սպին էր պահ տվել:
     Մեզնից հետո գալիս է տեխնիկական խումբը, սրանք միացնում են հիվանդի տան էլեկտրական սարքերը, հեռախոսները, պլանշետ-թաբլետները, սիսեռահատիկի մեծության էկրանիկները, հեռուստացույցները, բոլոր հեռակառավարվող ապարատները: Կարգավորում` համակարգիչները, սրանցով հիվանդի ջնջած սոցիալական ցանցերի էջերն են վերականգնում ու նրա նկարներն են թարմացնում և այլ կոսմետիկ գործողություններ: Պոկում են պատերին սոսնձված կտավներն ու փակցնում նոր մոդելավորվող ռոբոտների գովազդային վահանակները, եթե հիվանդը հին գրքեր է ձեռք բերել` վերցնում, փոխարինում են կրճատված շարժանկարներով, օրինակ` Աննա Կարենինան առաջին էջում խորհրդավոր ժպտում է, հետո սենյակում իր տղայի հետ թռվռում է, ու մի երիտասարդ պարոն դռան արանքից ներանց է դիտում, այնուհետև մազերն է գզգզում` ի նշան հուսահատության, 4-րդ էջում կայարանն է, գնացքի գծերը և արվեստորեն նկարված Կարենինայի պղպջակավոր արյունը դրանց վրա:
     Աշխատանքային օրը վերջանալուն պես գնում եմ տուն, բեզարած փռվում անկողնուն: Ականջիս խշշոցից արթնանում եմ` նե ընկրկում է, վախվորած ժպտում, իսկ ափերով կրծած շրթունքներն է թաքցնում, նե «հիվանդ» է: Ներա փսփսոցից ականջս չի խաղաղվել ու տառային հնչյուններ է բովվում. շրշյունից վեր թռած գազան եմ ու նայում եմ վտանգի կողմը` ներան:
     Հազար անգամ էի ասել. կզգաս հիվանդացել ես, քո կամքով պատվիրիր մեր ծառայությունը, այդ ժամանակ քեզ հնարավորություն կտան ձայնալսողին ընտրել, կարող ես կին կանչել, լավ կլինի երեխայի նախընտրես` տանջանքներդ քիչ կլինեն:
     Նե ասում է` մի՛ անհանգստացիր, եթե հիվանդանամ, ինձ լսող եմ գտնելու…
     Նե Ընկալիչի նկատի ուներ, զայրանում էի. դա թիկունքիս հարված կլիներ, միգուցե դրան հետևեր հիվանդանալս: Մենք երիտասարդ էինք, հաճույքների, զգացմունքների մեջ սառնասիրտ, հետևաբար երկուսիս մարմինները մաքուր էին` առանց սպիների ու հանգած վերքերի:
     Ես տեսել էի բզկտված կրծքերով կանանց, այլանդակված երեսներով պարմանուհիների և ներանց սպիները մտովի քարշ էի տվել ներա մարմնին, ինձ գցել լոգարան, որ փսխանքի վարժություններ անեմ ու անհարկի մտությունը չաշխուժանա մոտս:
     Թիկնում եմ բարձին. ներան ինձ քաշելով սիրում մարմինը, ներա աչքերն անհաղորդ են, շրթունքները կիսաբաց ու թրթռացող, սրանք այն նշաններից են, որոնց ամեն օր հանդիպում եմ. նե հիվանդ է: Աչքերը հեռանում են, այսինքն` նրանք բներում են, սակայն տեսնում եմ` ոնց է տեսողությունը մշուշվում, որովհետև միտքը վարարող գետաքարերի պես եռում է: Մի ձեռքով շղթայում եմ դաստակները, նե չի դիմադրում, մյուսով բռնում եմ պարանոցը` բացում կոպերը, դրանց ետևում խոնավ է ու կարմիր, այլևս կասկած չկա, եթե կոպերի ետևում արցունք է կուտակվում, ուրեմն մտությունը գործի է անցել: Աչքերիս մի՛ նայիր, - ասաց նե, - չեմ ուզում հիվանդանաս:
     Ներան թողնում եմ կիսամերկ ու հագնվում եմ, դուրս գալուց առաջ շրջվում եմ` նույն դիրքով պառկած է, ինձ նման փորձառուից չի վրիպի արցունքի հասունանալը, որոնք մոլեկուլների պես աննշան չափերով առաջանում ու կպչում են միմյանց, ներա թարթիչները սեղմվում են զսպելու, սակայն գետի հունը ավազահատիկներով չես փակի:
     Տհաճ տեսարան. ինքս ինձ վերագտնելու համար ուղևորվում եմ գիշերային ակումբ:
     Թռչնի պես երկու փշուր կտցելու համար փողոցում ներանից որքան ջանք է պահանջվում. ուշադրության լարում, անդադար գլուխը դեսուդեն անելու ճիգ, որ հանկարծ քարով չխփեն: Ինքս չեմ զգուշացնի ներա մասին, մեկ է, հարևաններից կամ իր ընկերուհիներից մեկնումեկը կահազանգի: Հետո կիմացվի իմ թերությունը, երևի պաշտոնազրկեն ու տեղափոխեն Մանկասենյակ, որտեղ առավոտից երեկո հարկավոր է գրի առնել ծննդկանների մայուն-վայնասունը, իսկ մանկահասակներին` տանջել, որպեսզի ամեն օր դատարկվեն, և վարժանքներով սովորեցնել երբեք չպահել, չխորհել տարօրինակ հարցամտություններ:
     Ականջս շարունակում է մղկտալ, այսօր փսխանքի վարժանքներ չկատարեցի, եթե թուլանում է ուշադրությունը` տառահնչյունները ներծծվելով բառերի են վերածվում. դու Ընկալիչ ես… հստակ լսում եմ ներա ձայնը:
     Նորահայտ Ընկալիչները մինչև կռահում են իրենց անհատականությունը` կա՛մ Կենտրոնից են գլխներին կանգնած լինում, կա՛մ այդպես էլ ամբողջությամբ չեն ըմբռնում ընտրյալի իրենց հոգեվիճակը: Մինչդեռ փորձառուներն ընտրում են տանջվելով արյունաքամվելու ճանապարհը: Սովորական մարդկանցից դուրս քաշած պատմությունները ավագ մասնագետները տանում են Կենտրոնի Գերագույն Սենյակ, իսկ Ընկալիչների դեպքում նրանց են քարշ տալիս այնտեղ, որպեսզի էլիտան վայելի թարմ արյամբ ու հեծկլտոցից խոնավացած բառերը անմիջապես Ընկալիչի բերանից:
     Մեքենայում դիրքերս փոփոխում եմ, որ արտաքին աշխարհը ծռմռված տեսնեմ, իսկ ներա խոսքերը սրտիցս մեկ այլ օրգան ընկնեն: Հնար լիներ` բռնատեղերից գլխի- վայր կկախվեի:
     Երբ ինչ-որ բան մտածելով ես աչքերիս նայում` գլուխս պտտվում է, չնայե՛ս, ես փախչող տեսակն եմ, - թոքերիցս խզում է նե:
     «Ընկալիչ ես…»` ներա բառերը էջք են ապրում ներսս ու շաղախվելով ցանկանում են հիվանդացնել, որովհետև կրկին հիշում եմ աշխատանքային պրակտիկայի օրերի այցս հայրական տուն: Զգոնությունս ստուգելու համար ավագ գործընկերս հետևել ու ծնողներիս հասցեով պատվերը մեզ համար էր վերցրել:
     Մտանք տուն, մորս այտերի սպիները դեռ չէին սպիացել, իսկ նե արդեն հիվանդանալու ախտանշաններ ուներ. կոպերը թեթևակի փքվել էին: Մեզ ուղեկցեց հորս աշխատասենյակ, այստեղ եղբայրներս նրան կապկպել ու մեզ էին սպասում, հորս բերանը փրփրակալած էր, գործընկերս կռացավ նրա վրա և ասաց` պատմե՛ք: Ես հատակին շրջեցի աշխատանքային ճամպրուկն ու անցա մեկը մյուսի ետևից փոխելու գործիքներս, երբ նշտարով կտրել էի նրա փորն ու աղիները քսվում էին ծնկներիս, հայրս տնքալով խոսեց.
     …բացել էի անկողինն ու պառկել, բայց ամբողջ գիշեր շեկ մազեր էի պոկում ականջներիցս, ոտքիցս, մատներիցս. նե հանել էր իր մազերից ու ինձնից թաքուն ցանել անկողնուն, որպեսզի հրապուրի ու գրգռի երիտասարդ մարմինս… փակ ծորակի բերանին կիտվող և ընկնել պատրաստվող կաթիլը և ուղեղում առաջացող բախյունը դեռ չընկած կաթիլի հավաքվող դադարներում…
     Հենց որ լռեց, դրեցի մանրադիտակը, որպեսզի համոզվենք` այլևս ոչինչ չի թաքցրել, սեղմեցի վայրկենաչափն ու նայեցի նրա աչքերին. նրա աչքերը նման էին անձրևի կաթիլներից տրորվող պատուհանի:
     Շտապ օգնության բժիշկները սպասում էին դռան ետևում, մեր գործն ավարտելուն պես, ներս անցան: Մի պահ հարմարեցրի ու մորս ասացի` փսխուքներ կատարիր, արևի տակ երկար կանգնիր, որ գլուխդ թմրի` մտություններդ ջլատվեն, սատկեն: Նե ուժեղ կին էր, իր դիմակայությամբ հորս կանցներ ու նոր միայն կպատմեր մտքինը. վերջնականապես կորբանայի: Ճանապարհին իմացա` հորս չեն կարողացել փրկել, գործընկերս ինձ մխիթարեց.
     – Խոսք չկա, դիմացավ, ասես նրանում ընկալիչի կամք էր նստել:
     Միգուցե, բայց ինձ համար պարզ էր` հայրս երկար խոսեց, դիմացավ իմ հպարտության համար, որ աշխատավայրում չասեն` սրա հոր երակը չկտրված` պատմեց:
     Երբ առողջական խնդիրներ էի ունենում, ծնողներս իրենց մեջտեղն էին ինձ վերցնում. հորս շնչառությունից հյուսիսային լեռնոտ քամի էր փչում, բքի խուլ հնչյուններով գայլերի ոռնոց, երբեմն հեռվից ճչացող բու կար, ճյուղերի ճքճքոց, վտանգից ծառ բարձրացող կամ հողի տակ մտնող գազանների ակնթարթային թաթաձայն: Մայրս օդապարիկ էր փչում, սլանում վերուվեր, մերթընդմերթ շունչը հավաքելով` թռչունների կռինչ էր բերում և հետզհետե հեռվանում. մեկնվում էի ծովերի, անտառների, երկնքի բնազդային որովայններում: Նրանք օրերով որս չարած առյուծների կամ չորային եղանակից ծարավող կենդանիների պես գիշերները ինձ փաթաթված դարդոտ տնքում էին մինչև կազդուրվելս:
     Եթե հորս մտությունը քիչ լիներ:
     Կենտրոնն ամենուր իր լրտեսներն ունի, սրանց «ականջակիրներ» են կոչում. բանկերում վարկառուին տնից, աշխատավայրից հարցեր տալով` հանգույցները քանդում ու որևէ տարօրինակ մտության դրսևորում բռնացնելով` կապնվում են մեզ հետ: Հիվանդանոցների բուժանձնակազմում ականջակիրներ կան, որոնք մտնում են առողջապես նվազների մոտ ու տափակ կատակներով նետում են թակարդը: Հատկապես կրոնական համայնքներն են առաջադիմություն ցուցաբերում, այստեղի հովիվները սրտաճմլիկ խոսքուզրույցով կարդում են սուրբ գրքերն ու մտասերմեր են գցում հոգիներում, կարծես քիչ է, նույնիսկ մեր ծառայության բեռը թեթևացնելով` դեռ սաղմնային վիճակում գտնվող մտությունները քաշում են վեր: Չձևավորված մտությունները հոտային են, զգայական, այսինքն` հստակված միտք չունեն, ընդամենը երազներին սնուցող սարսափներ են կամ հետաքրքիր բնապատկերներ, մինչդեռ հենց սրանք են հետագայում աճում ու մտություն դառնում, հետևաբար, հովիվները խավարաջրում սուզված վիճակում արդեն նրանց սատկացնում են, ինչպես աբորտի ժամանակ պտուղն են մասնատում:
     Կենտրոնի նոր ծրագրով աշխատավայրերում կաբինետներ են բացվելու, որպեսզի ծախսերը կրճատվեն և տեղում հարցը լուծվի: Կաբինետին հատկացվող սարքավորումների և գործիքների աղյուսակը արտատպել էին հիվանդանոցի վիրաբուժարանի գույքակազմից, որն ամենից հարմարն է: Որպես մասնագետների` մեզ կարգադրել էին ուսումնասիրել և պակասությունների մասին իրենց հայտնել: Դրանք էին` փոքր վիրաբուժական վիրահատությունների գործիքների հավաքածու (թեփուներ, մկրատներ, լանցետներ, ունելիներ, վիրաբուժական ասեղնաբռնիչ, կարելու նյութ), արյունահոսությունը դադարեցնող սեղմիչներ, վիրաբուժական մուրճեր, գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ, բեկակալների հավաքածու, ռետինե ձգալարան, անհետաձգելի բուժօգնության պահարան, ունիվերսալ վիրահատական սեղան, գործիքների պահարան, սեղան, աթոռներ` մասնագետի և հիվանդների համար, պատգարակ:
     Ցանկը ներա հետ էի քննարկել. ցանկանում էի ավելացնել նախընտրածս գործիքներից սկալպել կոչվածը, իսկ նե պաշտպանում էր նշտարի օգտագործումը: Վերջապես, երկուսն էլ նշեցինք ու փոստով ուղարկեցի Կենտրոնի գրասենյակ:
     Վերադառնում եմ, նե տանը չի: Ինքս ինձ ասում եմ` ավելի լավ, որոշ ժամանակ թող հեռու մնա` չնայած վաղն ևեթ կամ գիշերով մահճակալից գլորվելու եմ ներան փնտրելու, որովհետև նե չի լսում ինձ: Հարկավոր է արթնանալուն պես Կենտրոնի կողմից մշակված վարժանքներ կատարել. առաջին հերթին փսխանքի, շունչը պահած վաննայի ջրում սուզվելու և աչքերը ջրի տակ բացուխուփ անելու, որպեսզի արցունքամանրէները լվացվեն: Ո՛չ, նե չի լսում ինձ:
     Արթնանում եմ, նե ճոճաթոռին է, կատվին գրկած, դաստակի վիրակապից արյունը քսվել է կենդանու մորթուն: Նե երեսի մոտ է պահում կատվի մռութն ու միմյանց լիզում են, իսկ դաստակից կարմիրը ծորում է արմնկափոսիկն ու մեծանալով փայլում: Մինչ ես փոխում եմ ներա վիրակապը` ինքն ու կատուն լիզում են ինձ: Լոգարանում վարժանքներս չեն ստացվում, ներա արյան հոտը մեկ մատներիցս թևում է դեպի քիթս, մեկ ճկվելով գլխավերևս` փռվում է մարմնիս: Ինձ հետաքրքրում է, թե Կենտրոնի աշխատակիցներն ինչ գործիք են ընտրել ներա դաստակը ճեղքելու համար, երևի ածելու սայր կամ… ներա առաջին վերքը…
     Չի ստացվում մարզանքս:
     Մեկնում եմ աշխատանքի, սլանում ենք հեռավոր գյուղ: Այգեպանին ամրացրել են ծառին, համագյուղացիները քիթմռութը ջարդել են: Մենք դժվարությամբ քշում ենք նրանց, բոլորը գոռգոռում են, որ անտեր շունը միտք էր պահում: Մոտենում ենք նրան, անցնում մեր աշխատանքին, քանի որ ավագության թեկնածու եմ, այս անգամ գործընկերս է փոխանցում գործիքները: Ծերունուն ասում եմ` պատմե՛ք: Նա սսկված է (կոպերիս տակ մրմուռ է անցնում, աննշան, բայց ինձ անհանգստացնում է): Ծերունին լռում է: Հողոտ մատը աքցանով ճզմում եմ եղունգին, պետքն էլ չի: Գործընկերս աչքով է անում, որովհետև գիտի միամիտների թույլ կողմերը, արկղից սղոցը հանում ու դեմ է տալիս ծառին, իսկ մյուսներին կարգադրում հետևելու իր օրինակին: Այգու ծառաբների մոտ մարդիկ են կանգնում` կացնով, ուրագով, սղոցներով, նույնիսկ երկու-երեք փոքրահասակ տղաներ քարերով ծառ են շրջապատում:
     – Կտրել, - գոռում է գործընկերս: Ծերունին արտասվում է, ես դադարի նշան եմ տալիս, միացնում ձայնագրիչը, որովհետև մարդը խոսում է.
     …ձյան վրա մարդիկ ինչ-որ բաներ են կորցնում, մանավանդ առաջին տեղումների ժամանակ, կան որ ինչ-որ բաներ են գտնում սպիտակ մակերևույթին, տարի կա` երբ ձյունը կորցնողի դեր է քեզ հատկացնում, տարի էլ` գտնողի, այդ ժամանակ ձյունը ուրիշների կորցրածը երես է հանում, ես ծերացել եմ, բայց այդպես էլ գտնողի դերը չընկավ ինձ…
     Գործընկերոջս հետ ծխում ու նայում ենք, թե ինչպես է տեխնիկական խումբը ծերունու ջերմոցում միացնում էկրանները և վերանորոգում այգու ծառաբների գովազդային վահանիկները: Գործընկերս ասում է, որ կենդանաորսի ժամանակ մարաղ են մտնում և անակնկալ կրակում, թաքստոցից ելնում ու քայլում են հետքերով, սկզբում թվում է` վրիպել ես, որովհետև արյուն չկա, բայց որոշակի տարածություն անցնելով նկատում ես արյան կաթիլներն ու վազում մինչև կենդանու ընկնելը, հարկ է շտապել դեպի այն սրտատրոփը, որից վիրավոր մարմինը վերջնականապես թպրտում է, երբ արյունը մոլեգնում է, հասնում ես, որ աչքերին նայես: Այդպես էլ մենք, եթե հրաժարվում է պատմելու հրամանից, տանջում ենք, և արդյունքն առավել գոհացնող է, քանի որ հոսող արյունը մինչև բաց վերքին հասնելը մոլեգնում է, իսկ մարդը պատմում է, կարծելով իր մահվանն է հասել, սրտին ինչ ունի` ասում է, մեզ դրանից ավելին պետք չէ: Իհարկե, ախտահանելուց հետո փակում ենք վերքը, եթե մտությունները շատ են ու չենք հասցնում, մեռնում է, կախված նրանից, թե որ տեսակն է, եթե հիվանդությունը կրկնվել է, վերքերը բազմաթիվ են, մեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու` սովորաբար երակ ենք բացում և րոպեական կորցնում հիվանդին: Վերջին տարբերակը Սենյակի էլիտան չի խրախուսում, որովհետև հիվանդի մտությունը կիսատ է մնում կամ վերածվում է խռխռոցի:
     – Սենյակում չեն սիրում ձգվել դեպի ձայնագրիչն ու ջոկջկել բառերը, - ասում եմ ես: Գործընկերս չի արձագանքում և գրպանից հանելով էկրանիկը` սեղմում է հաջորդ հասցեի վրա:
     Սենյակին ուղղված քննադատական բառերը մտքերով ընկած էի շպրտել, մտածեցի` արդյո՞ք ես ասացի, այս երկատման միջակայքում միայնակ եմ ու երրորդված մեկ ուրիշ` գուցե ներա արտադրած հիվանդագին մտության մեջ, որտեղից անգամ ինքս ինձ չեմ լսում:
     91-րդ հարկում մարդկային շարասյուն է, համար 6-րդ բնակարանի դուռը բաց է, շեմին սգադեմ երիտասարդ ամուսիններ են: Մեզ տանում են մանկասենյակ, ուր քաոսային թափթփվածություն է, կոտրված էկրանից բացվել են խաղալիքների փշրված D-11 պատկերները, աջուձախ ընկած ջնջխված ռոբոտներ են: Երեխայի ձեռքերը կրծքին սեղմած կապել են, իսկ նա վախից միզել է տակը: Գործընկերս, կաղնու չորս արմատավոր քայլ գցում ու զգաստ կանգնելով, ասում է` պատմե՛ք: Երեխան նվվում է, բայց չի խոսում, բացում եմ գործիքներիս արկղը: Վերցնում եմ… երեխան շնչակտուր սկսում է.
     ….ես գետնամկան սատկացրի ու հարցեր տվեցի նրան. մաշված փողը ամենավերջում ո՞ւմ ձեռքերում է փշրվում, դու շնչել սիրո՞ւմ ես, ես էլ, ուրեմն ընդhանուր բան ունենք, օրվա ընթացքում արևը քանի՞ տակ է ժպտում, որ ճառագայթը կարողանա մեզ հասցնել, վհուկը հեքիաթից ընկնելով մեր մեգապոլիսի փողոցներն ի՞նչ է անելու, մինչև երեկո քանի՞ նայող աչք եմ հաշվում և ի՞նչ ուղղությամբ են նայում, հետույքիս բերանն ի՞նչ է խոսում…
     Գործս վերջացնելով մտնում եմ նրանց լոգարանը, բթամատս ածելիով ծակում, որ արյան գնդիկ դուրս տա: Քթիցս կամ ուրիշ տեղից երկար ժամանակ արյուն չի գալիս` վախենում եմ, կարծելով, թե ինչ-որ մտություն ներսիցս արդեն **** է դրսի արյունը:
     Նե թափառական դերվիշների սերնդից է, ներա երկար եղունգների տակ փոքր բներ են, դրսից ինչ գտել, եղունգը հավաքել է իր մեջ, նե քչփորում, քանդում է գեղեցիկ կեղտաբները. տերևափշուրները, տապկած հողը, սիրում եմ ներա պորտի փոսիկը, որտեղից փշրանքներ եմ հանում ու մանրադիտակով ուսումնասիրում: Ներա պորտը մարմնի կեղտը բոլոր անկյուններից ձգում է իրեն, ես հետազոտում եմ ներա եղունգների ու պորտի հանածոները, և ստացվում է գուշակել իր առօրյան:
     – Քո մտքում տեղ կբացեմ մեզ համար ու կսպասեմ քեզ, հեշտ չի մտաորսի զբաղված միտքը հերկել, ճեղքել ու տիտիկ տալ մինչև ինձ նկատես…- ասում է նե:
     Ներան տանում եմ քաղաքից դուրս լիցքաթափման առողջարան, որպեսզի գլխի արևայրուքներ ստանա և ներսը ամայության ողողումներ ունենա: Հինգ օր չանցած, նե զանգում է ինձ ու տարօրինակություններ ասում` հիշո՞ւմ ես մանկության իմ շանը, որ դուռս էր, շոյելով փակում էի և իբր նրա գռմռոցից վազում-թաքնվում էի վերմակի տակ:
     Ասում եմ` պատմել ես, շարունակիր բուժվել, հերի՛ք եղավ: Էկրանն անջատում եմ: Ներա թուլություններից էր. մինչև հիմա նե հին դռներ հանդիպելիս ջուր է դնում դրանց մոտ, - ասում է, - կզմստում է` ծարավ կլինի…
     Գրեթե մեկ ամիս ներանից լուր չեմ ունենում: Գիշերվա կեսին կանչում են Կենտրոն և տալով ներա անունը` ցուցում ուղևորվել առողջարան:
     Հասնում եմ այն պահին, երբ ներա մարմինը արյունաշաղախ փռված է հատակին` Կենտրոնի գործընկերներս հոգնած են թվում: Խուլ հնչյունները կորզելու համար բզերով ներա մարմինը ծակոտում են: Ներա գլուխը կիսաթեք ընկած է հատակին, բայց ես անսովոր պատկերացմամբ տեսնում եմ հատակին սեղմված ներա կապտած այտը: Շուրթերը թրթռում են, ինչպես այն օրը, երբ չցանկացա լսել, ու սպի հայտնվեց ներա դաստակին: Աշխատակիցները ձայնագրիչը պահում են բերանին մոտ, նե ասում է` սիրում եմ ընկալ… Մեքենաբար վերցնում եմ դանակը, որպեսզի չավարտի, բայց նե լռում է: Անցնում եմ լոգարան, հայելու մեջ տեսնում եմ ինձ` դանակը ձեռքիս, որը վախից խրելու էի ներա սիրտը, թուլամորթի պես սարսռալով ապագա իմ տանջանքներից: Դեն եմ գցում գործիքը, արագ-արագ շրջում կոպերս ու բամբակով մաքրում, կարգավորում սրտիս աշխատանքը և հետևում, որ խորը շունչ չքաշեմ ու հեծկլտոցը չնետվի կոկորդս:
     Ներա հարազատները վաղուց հեռացել են սահմանից այն կողմ, ուր հարաբերական հանգիստ է, միայն երազաորսի կենտրոնն է գործում: Այդ պատճառով Կենտրոնից առողջարանի հրահանգն ինձ տվեցին, որպեսզի մահվան հայտը լրացնեմ ու ներկայանամ ձայնալսման արարողությանը, այսինքն` ներա բացթողմանը:
     Կենտրոնի գրասենյակում սեղանի մի կողմում ես եմ, դիմացս երեք հոգի նստած` աչքերիս են նայում: Մատներիս թմբիկներին հոսանքալարեր են, սրանք միանում են ստուգիչ ապարատին, գլխիս` ուղեղս կարդալու ասեղիկները: Այս ամենը հիվանդածին սարսափները ժամանակին կանխելու համար են, որոնք կարող են հարազատի մտաձայնից վարակվել: Երեքի դիմացում օրգանիզմիս ցուցիչներով էկրանիկներ են, միացնում են ձայնագրությունը, նե խոսում է.
     …ես շնչառության կարիք ունեմ, ընդամենը կողքից եկող շնչառաձայնի, որ խառնվի քթիս տակից լսվող սեփական շնչիս ու տարբեր, դեռ անծանոթ շնչախազեր ստեղծվեն ու ինձ մենակ չզգամ… խոսքերով հապճեպ դասավորում եմ երեկվա հագեցած օրս, նույնիսկ կառուցում վաղվանը. ես գրություն եմ` հիմնավորապես բառերի կույտ…
     Նե երկար է պատմում, ես դիմանում եմ, բայց նե արդեն կռացել, որպես ջրհորի բերան ճչացել է մեջս, դրա արձագանքը վերադառնում է կոկորդս ու խառնում էկրանների ցուցիչները: Աշխատակիցները բացում են արկղերը, իսկ ես չեմ սպասում գործիքներին, խոսում եմ, որովհետև ներա ցավաձայնից առավել լեզուս բացելու գործիք չի գտնվի.
     …ինձ այն կինն է հարազատ, որ կողքդ հեռվանալու հատկություն ունի, հեռվում է մնում. նե այդպիսին էր` նե մշուշ ուներ աչքերում, ցուրտը մարդկանց միավորում է, սաստիկ ցրտին կանգառում ոտից ոտ էի հենվում, ներանից հինգ քայլի վրա էի, չէի կողմնորոշվում ինչպես վարվել, որտև ցանկանում էի զրուցել հետը. սիգարետ վառեցի, հովը բերանիս կապույտը տարավ դեպի ներա կրծքերը, երեսին, երբ մազերին էր շուլալվել` նե աչքերը հառեց ցեխաջրին, որտեղ իր արտացոլանքն էր, այդ մեղմ ցնցումից ներա գլուխը ծխի քուլայից դուրս մնաց. ընդամենը մի թոք ծուխ հասավ ներան, բայց ես շահեցի վայրկյանի դանդաղկոտությամբ ներան սիրելու արվեստը… մի ոտքս հետևելով մյուսին կամաց մոտեցա ներան, թևքս հպվեց ու ջերմացա. այդ օրը նե փրկեց ինձ ցրտահարվելուց…
     Այժմ գյուղական խարխուլ տնակում եմ. աշխատանքից հեռացրել են, ի տարբերություն ընկալիչ համախոհների, մտաորսների հետ առաջին հանդիպմանը արյունաքամ չեմ լինում: Երբ կուտակվող պատմությունները ակնհայտ մարմնական նշաններով դուրս են տալիս և գիտակցում եմ, որ շրջապատիցս մեկնումեկը ահազանգելու է, ինքս առաջ անցնելով կապվում եմ Կենտրոնի գրասենյակ, կատալոգով ընտրում որևէ կնոջ, նե գալիս, մարմնիս թարմ վերքեր է ճեղքում, ես էլ պատմում եմ գլխովս եկածները: Այսպիսով, ինձ քարշ չեն տալիս Սենյակ, ու դրանով խուսափում եմ հանդիսական էլիտայի ուրախ ճռվողյուններից:
     Ինչքան սպիներ ստանամ մարմնիս, միևնույն է, մեկ-երկու օր բթացման հանգիստն ապրելուց հետո, նե կրկին ներսում ուժեր է կուտակում, հիշեցնում Ընկալիչ լինելուս մասին, և շարունակում ենք մեր դիմադրությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4662 | 0 | 0
Facebook