Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվ նայելով քո դիմանկարին...

07:13, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Եվ նայելով քո դիմանկարին...
    
    

Հայելին ձվաձև էր, նուրբ զարդանախշերով` հատ-հատ պատրաստված գիպսից ու խնամքով սոսնձված:
     Վահանի աշխատանքն է:
     Սրանք էլ իր նվիրած ականջօղերը, որոնք ես կրում եմ, երբ ցանկանում եմ, որ Վահանն ինձ առանձնահատուկ ուշադրություն դարձնի:
     Շրթներկիս գույնն էլ Վահանի սիրած գույնն է` բաց շագանակագույն:
     Շրրջազգեստս` սպիտակ փոքրիկ ծաղիկներով, Վահանի բերածն է` Մոսկվա կատարած գործուղումից:
     Վահան, Վահան:
     Միայն թե չարթնանա, մինչև մտնեմ կողքի դուռը ու մորս երկար-բարակ համոզեմ, որ գոնե երկու-երեք ժամ մնա Վահանի մոտ, մինչև աշխատանքից վերադառնամ:
     Ամեն անգամ մորս տուն մտնելիս սկսվում է...
     Մի անգամ էլ նայեմ: Ամբողջ գիշեր աչք չփակեց: Առավոտյան կողմ քնեց և մինչև հիմա հանգիստ քնած է:
     Դռան զգույշ ու գողունի թակոց: Մայրս է` տիկին Արփինեն, ինչպես Վահանն էր կոչում նրան: Բայց ինչու եմ անցյալով խոսում: Դե, արդեն ութ ամիս կլինի, Վահանը գրեթե չի խոսում ու չի գիտակցում լսածը:
     Ամեն ինչ սկսվեց … Աշխարհում հազարավոր վիժումներ են լինում ու ոչինչ, բայց իմ վիժումը, իմ սիրելի ամուսնու համար եղավ ճակատագրական:
     -Գնում ես, Գայա´ն ջան, իսկ սրան էլի թողնո´ւմ ես ինձ, - չար կին է մայրս:
     -Մա´մ, այդպես մի´ խոսիր, քո փեսան է և իմ ամուսինը: Քեզ համար էլ քիչ բան չի արել:
     -Ի՞նչ է արել քո այսպես կոչված ամուսինը: Քանդեց տունդ, աղջի´կ ջան: Ինքը` ճարտարապետ, փոխանակ սարքելու, քանդեց:
     -Մա´մ, խի´ղճ ունեցիր: Այն, որ ծայրամասում գտնվող տունդ փոխանակեց, բերեց կենտրոն` իմ դռան հարևանությամբ, հերիք չէ՞: Գիտե՞ս ինչ չարչարանք քաշեց ու ինչքան ծախս արեց:
     -Պա´հ, պա´հ, մի սրա´ն նայեք: Իսկ, որ ամբողջ գիշեր առանց տղամարդու ախ ես քաշում, կարծում ես պատի այն կողմում չի՞ լսվում: Ես էլ մայր եմ, սիրտս ցավում է քեզ համար: Գա´յ ջան, մեկին ճարի´, էլի, մեկ է` սրանից է´լ տղամարդ չի լինի, բա, ես թոռ չպե՞տք է ունենամ:
     Կատաղությունից ինձ ուտում եմ, բայց դե...
     -Մա´մ, կենդանի ամուսնուս օրոք, այդ ինչե՞ր ես խոսում:
     -Բժիշկները ձեռք են քաշել, հարազատ-բարեկամները` նույնպես, միայն քո նման հիմարն է, որ…
     -Մա´մ, վերջացրո´ւ, ուշանում եմ, ու մի´ մոռացիր, որ սրանից երկու տարի առաջ քեզ վիրահատելու համար ո´չ քույրդ, ո´չ էլ եղբայրդ արյուն չտվեցին: Էլի Վահանն էր, որ կանգնեց կողքիդ, ու իր արյունը տվեց: Մոռացե՞լ ես:
     -Շատ պետքս է էդ ապուշի արյունը: Արյուն տալուց հետո գլխումս անընդհատ ճարտարապետական հաշվարկներ են, թե քանի ժամ է գիշերվա մեջ սեփական աղջիկս տանջվում: Քոռանամ ես, էդ ճարտարապետի արյունն էր ինձ պակասում: Հիմա էլ մտածում եմ դրա պատճառով ես էլ հանկարծ չգժվեմ:
     Իմ լա´վ Վահան, ի՞նչ եղավ քեզ: Մի՞գուցե երեխա ունենալու քո անսահման ցանկության ու աչքերիդ առաջ փշրված երազանքիդ պատճառո՞վ, թե՞ իմ ցավից էր, որ այդպես... Տղամարդու սիրտդ նուրբ է: Գոնե աչքերիդ առաջ չլիներ, է~խ:
     -Լա´վ, վերջացրո´ւ մամ:
     -Աղջի´կ ջան, բայց չէ՞ որ ես փոքրիկի համար արդեն բարձ, վերմակ ու ներքնակ եմ կարել, վերմակն էլ` տղայի հմար է` կապույտ գույնի: Գա´յ ջան, եղբայրդ պատերազմում զոհվեց, ուզում էի ամուսին կոչվածիդ համոզել Աշոտիս անունով կոչեիք երեխային, բայց...
     -Մա´մ, առաջինը` աղջիկ էր, ու վերջացրու, մի՞գուցե դեռ ամեն բան վերջացած չէ՞: Երկրորդը` Աշոտը պատերազմում չի զոհվել, այլ ավտովթարից: Ինչե՞ր ես հորինում բոլորի մոտ: Ի՞նչ Արցախ, ի՞նչ ազատամարտիկ: Ինձ էլ ես խաբում:
     -Յա~, բա, Գայա´ն ջան, Ղարաբաղ գնալուց չզոհվե՞ց, բա դու չգիտե՞ս:
     -Տիկի´ն Արփինե, էլ ո´չ մի խոսք: Մնո՞ւմ ես, թե՞ ոչ: Եթե ոչ, հարևանի աղջկան կանչեմ:
     - Մնում եմ, գնա´, բայց վերջին անգամ, երեսը չեմ ուզում տեսնել:
     Կամաց դուրս եկա սենյակից:
     Վահանը գիշերները չի քնում, փոքրիկ երեխայի նման բռնում է կուրծքս, կծկվում ու աչքերը փակում է:
     Պրոֆեսոր Բարսեղյանն ասաց, որ դա կարող է անցնել, բավական է մի պատահական սթրես, և ամեն բան կկարգավորվի:
     Ներքևի հարկում թակում եմ հարևան Անահիտի դուռը:
     - Բարև´, Ա´ն ջան, Նվարդիկին կուղարկե՞ս մեր տուն: Դե, գիտես, էլի, մայրս կարող է թողնի գնա, իսկ Նվարդիկը թող Վահանի սեղանի մոտ հանգիստ պարապի:
     - Գնա´, գնա´, հանգի´ստ եղիր, մի հինգ րոպեից կուղարկեմ:
     ...Երեկոյան ամբողջ մուտքը Վահանենց տանն էր:
     Վահանն այդպես էլ առանց աչքերը բացելու մահացել էր (տիկին Արփինեի խոսքերով):
     Տիկին Արփինեն այդ օրն իր բնակարանից դուրս չեկավ:
     Բժիշկներն արձանագրեցին թթվածնի անբավարարություն:
     Վահանի մահը ոչ մեկի համար անսպասելի չէր:
     Թաղումից չորս օր հետո Գայանեն ու տիկին Արփինեն Վահանի սենյակը հավաքելիս չգտան Վահանի օրագիրը: Գայանեն հաստատ գիտեր, որ Վահանը գրում էր:
     Երեկոյան մոր հետ հերթական վիճաբանությունից հետո Գայանեն մնաց մենակ և երբ պատրաստվում էր քնելու, դուռը թակեցին: Հարևանուհի Անահիտն էր:
     - Գա´յ, մենա՞կ ես, - ձեռքին ինչ- որ տետր էր, որից Գայանեն աչքը չէր կարողանում հեռացնել: Վահանի օրագիրն էր:
     - Մի բան պետք է ասեմ, Գա´յ ջան, բայց...
     - Ասա´, հիմա ինձ ոչինչ անակնկալի չի կարող բերել:
     - Չնեղանաս էլի, հիշու՞մ ես Վահանի մահվան օրը` առավոտյան, երբ Նվարդիկին ուղարկեցի ձեր տուն: Նա շատ արագ վերադարձավ ու առանց ոչինչ ասելու, գույնը գցաց` լալիս էր: Հոր` շատ ստիպելուց հետո ասաց, որ երբ մտել է տուն տեսել է, թե ինչպես է մայրդ ձեռքով փակել
     Վահանի բերանն ու սեղմած պահել: Անձայն վերցրել է սեղանից այս տետրն ու դուրս փախել:
     Դե գիտես, Նվարդիկը Վահանի աշակերտուհին է, նրա նման վառ երևակայությամբ, մի հավատա բայց…
     Կներես էլի, չէի կարող չասել, ամուսինս ստիպեց պատմել:
     Սա էլ` տետրը:
     Գայանեն կորցրեց գիտակցությունը:
     ... Ուշքի եկած Գայանեն խնդրեց Անահիտին բարձրաձայն կարդալ տետրը` համոզված, որ պատի այն կողմում մայրն անպայման լսում է:
     Առաջին էջում ճարտարապետի նուրբ ձեռքով նկարված էր մի փոքրիկ աղջկա դիմանկար` ժպտուն աչքերով, երկու կողմից փոքրիկ պոչիկներ կապած մազերով, այնքան նման Գայանեին:
     Նկարի տակ Վահանի գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Սիրելի դստերս` Արփենիկին»:
     ...Երբ Գայանեն նորից աչքերը բացեց, անսահման ցանկություն զգաց այդ աշխարհ չեկած կամ տիեզերական արգությամբ աշխարհը լքած աղջնակին սեղմելու կրծքին, համբուրելու, համբուրելու...
     Պատից Գայանեին էր նայում սև ժապավենով երիզված Վահանի դիմանկարը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6824 | 0 | 0
Facebook