Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
19:00, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

ԱՐՋԱՅԻՆ ՎԵՆԴԵՏԱ
    
     /պատմվածք/
    
    

Արփիալույսը թեք ընկել, ծիածանել էր փոքրիկ ջրվեժը, որը փրփրակալած գահվիժում էր յոթներանգ շողարձակելով: Կամարն ասես կինոսրահի ճերմակ կտավի վրա քարացած կադր լիներ, որ թրթռում էր, բայց տեղից չէր շարժվում:
     Գորշագլուխ, դեղնամորթ արու արջը, որ նոր-նոր էր զգում իր ջահել, կենսառատ մարմնի ուժն ու եռացող արյան հոսքը պրկվող, հուժկու մկաններում, ջրվեժի տակ ձուկ էր որսում՝ բրդոտ պարանոցից կախված զանգի ձայնով խրտնեցնելով, իսկ հուժկու թաթի չլմփոցով խլացնելով պտավոր, արծաթվուն թեփուկներով կարմրախայտի քոչվոր վտառը, որ գետակը բերում էր հեռավոր լճից: Իսկ զանգը կախել էր նախրապան տերը, երբ ինքը դեռ չորս ամսական էր: Սահմանամերձ գյուղի մեծերը, մի երեկո հավաքվել էին սպանված գայլի գլխավերևում, իսկ որսորդ Ավետն ասել էր.
     – Լա՜վ, թող մնա, ձեռնասուն կենդանի է, բայց վզից զանգ պիտի կախես, Հայկո՜, որ գյուղի կնկտիքն ու երեխեքը հեռվից հեռու մոտենալը իմանան, որ հանկարծակիությունից լեղաճաք չլինեն, իսկ բակապահ շներն էլ վախից դիվոտելով չկտրեն կապերն ու անտառ փախչելով՝ գիլու բաժին չդառնան...
     – Էդ, Ավի, հո արջի գլխին պատիժ կդառնա՝ ո՞նց է խեղճը որս անելու...– ընդվզել էր գյուղի ամենատարեցը՝ Զարզանդ դային:
     – Տնաշեն, – քահ-քահ ծիծաղել էր Ավետը՝ իր որսորդական բարակի գլուխը շոյելով: – Նապաստակի բախտը վաղ թե ուշ դեմ է առնում աղվեսի ժանիքների՝ արջը ճագա՞ր է, ի՛նչ է: Հասած տանձ ու մոշ կուտի, երբեմն էլ վայրի մեղր՝ ումի՞ց պիտի վախենա: Հա՜, էդպես համ մենք հանգիստ կլինենք, համ ինքը ապահով...
     – Հա՜, – համաձայնվեց Զարզանդը, – ճագարն ապրում է աղվեսի մշտարթուն պատկերն աչքերում ու արջն էլ ճագար չէ....
     Որոշեցին, և տերը հաջորդ օրն իսկ վզից կախ տվեց նիկելապատ զանգը:
     Կերուկուշտ արջի որովայնը տռզեց-կլորացավ, հոգնեց որս անելուց և հերթական կարմրախայտը երախում՝ դուրս եկավ գետափ, փլվեց կաղնու ստվերում, ապա բերանից ցած գցելով ձկանը՝ սկսեց հետևել, թե ինչպես է թպրտում խոտերին՝ պոչը դես ու դեն զարկելով: Արևը հաճելիորեն տաքացնում էր կիսափակ կոպերը և կենդանին աննկատ մրափեց՝ նիրհի մեջ ականջները ստեպ-ստեպ շարժելով: Իր կարճ կյանքի սկզբում աշխարհին նայում էր ծաղկի առէջին անշարժացած մեղվի հիացումով, մինչ այն օրը, երբ գլխին չփլվեց չարաղետ դիպվածը՝ ապրվելիք կյանքը տակնուվրա անելով. մայրը առավոտ ծեգին դուրս եկավ անձավից ու այլևս չվերադարձավ: Հիշեց սարսափազդու հրացանի տրաքոցը, թե ոնց էր ինքը վախվորած ծիկրակում, և թե ինչպես էր սպիադեմ երկոտանին ձեռքի փայլուն ժանիքով քերթում մոր դեռ տաք մարմինը: Եվ ռունգերում հավետ մնաց այդ օտար գազանի ու քիթ կծկծացնող վառոդի հոտը:
     Հաջորդ օրը, երբ պատահածն իմաստավորելու ճիգերից թևաթափ, վնգստում էր մաշկահան դիակի վրա, հայտնվեց ապագա տերը: Ինքը սովորոկան, չարաճճի քոթոթ էր, անհանգիստ սնդիկ ու անգիտակից վերուվարում էր դիակի վրայով: Մարդն իրեն պարկը նետելուց առաջ՝ թախծաշունչ փնթփնթաց.
     – Իմ խեղճ Չարուկ, հիմա ի՞նչ պիտի անես...
     Չհասկացավ, բայց կլորիկ, շականագագույն աչքերը մարդուն հառելով՝ հանկարծ զգաց, որ իրեն կարեկցում են և երբ վզատակից բռնելով՝ նա իրեն գցեց պարկը, չփորձեց դիմադրել:
     Մարդը բերեց, իրեն տեղավորեց անտանիք, կիսաքանդ փարախում: Ինքն էլ երբեմն տաք գիշերներով գալիս, մեջք արած պառկում էր: Որոշ Ժմանակ անց վարժվեց նրան, իսկ երբ անցյալի հուշը սկսեց խամրել-աղոտանալ, աստիճանաբար մոռացավ չարաբաստիկ առավոտը, բայց զզվելի հոտերը մնացին հիշողության ծալքերում:
     Ծուլորեն արևկող արած կեսօրն արդեն կորցրել էր ժամանակի զգացողությունը, երբ տերևների մեջ ծվարած ցողը կաթիլակաթ սահեց, չլմփած մռութին. արջը անսպասելիությունից կնճռոտեց քիթը: Եվ հետո միայն լսեց պայթյունի ձայնը, որին հաջորդեց տիրոջ մահասարսուռ ճիչը. պարանոցի բուրդը բիզ-բիզ կանգնեց, աչքերը լցվեցին արյունով, բայց վախը, որ արդեն թափանցել էր ներս, փայտացրել, անզգայացրել էր մարմինը: Հետո դանդաղ կանգնեց ետևի թաթերին, իսկ երկրորդ կրակոցից հետո ահարկու մռնչաց, ապա սևեռվեց վայրի տանձենուն, որի տակ սովորաբար նստում էր տերը, բայց Հայկոն դեմքն ի վայր փռված էր գետնին: Տագնապի դող անցավ մարմնով, և երբ ռունգերը զգացին անծանոթի տհաճ, զզվելի գարշահոտը, ներսում ննջող ցասումը թափ առավ, ահագնացավ: Դեռ չէր տեսնում երկոտանի գազանին, բայց զգում էր նրա ժանտ ներկայությունը: Ու տեղից պոկվելով՝ մի քանի ոստյունով կտրեց գետակն ու զանգուլակը զրնգացնելով՝ քառատրոփ սլացավ տիրոջ ուղղությամբ: Մի պահ մոռացավ մորից ժառանգած զգուշավորության մասին (նախիրն անխռով արածում էր մարգագետնի հյութեղ խոտը, ծանրացնում գետնահաս կրծքերը, որոնք ալիքվում էին ոտքերի արանքում. ախր, իրենց պահապան արջը գետափին էր, կռվազան ցուլը՝ կողքներին) և երակներում խայտաց հոր մարտական արյունը:
     Սակայն զանգուլակի դավաճան ձայնը գրավել էր հրոսակների ուշադրությունը և նրա ուղղությամբ կրակեցին. որսաց գլխի վերևով սլացող փամփուշտների նյարդամաշ սվսվոցը և տեղում մեխվելով՝ շրջվեց, սլացավ ետ, գնդիգլոր իջավ զառիվերից: Հանգստացավ միայն, երբ թաքնվեց փրկարար թավուտում: Փորձանքից անվնաս դուրս գալու բերկրանքը խառնվեց սրտակեր մաղձին և անզոր կատաղությունը խորշոմներ խզմզեց մռութին. մարդու պես տնքաց: Գիտեր, որ պետք է վերադառնա, բայց բնազդին հլու, անշարժ տապել էր, հետո մեջքի վրա պառկելով՝ թաթը մտցրեց պարանի տակ, պոկեց զանգուլակը, որը խոտերին ընկնելով՝ որբացած ծլնգաց:
     Մինչև մթնշաղ պառկեց, ապա անտառից դուրս գալով՝ զգուշորեն առաջացավ գետի եզերքով: Թաթերի նուրբ նեբաններն արդեն պնդացել էին և չէր զգում խճաքարերի ծակող ցավը: Վերջապես ծանծաղուտում անցավ գետակը, մտավ մարգագետին: Նախիրը չկար, ոչ էլ տանձենու տակ պառկած տերը: Քիթը կնճռոտելով՝ հոտոտեց, առավ որսորդ Ավետի ՙՎիլիսի՚ բենզինի և քսայուղերի հոտը, ապա՝ նախրի, որ ձգվում էր դեպի գետը. լնգլնգալեն քայլեց այդ ուղղությամբ: Եվ երբ արդեն խորացել է անտառում, կրկին զգաց նախրի հոտը:
     Հալվող օրը վիրավոր թռչնի պես արնաքամվում էր՝ շուրջը ներկելով բոսոր կարմիրով. լեռներում խմորվող մարաթոնյան լռությունը թափանցեց նիրհող անտառ, որը լցված էր գիշերաորս կենդանիների տենդոտ շնչառությամբ: Քիչ անց արևը կորավ լեռնապարի ետևում և երկնքում հայտնվեց դժգույն լուսինը, հետո մթնորակ մի ամպը քող կապեց, շղարշեց նորալուսնի երեսն ու ամեն ինչ թաղվեց անթափանց խավարում:
     Ողջ գիշեր գլխահակ քայլում էր, մինչ գտավ ծեռտահոտ անձավը և չլսելու տալով չղջիկների արնատենչ ծղրտոցը, կոլոլվեց ու գլուխը թաթերին դնելով՝ փորձեց քնել: Նրա արջային ուղեղը մտածումի շավիղներ փնտրելով՝ վերջնականապես խճճվեց հարահոս պատկերներից. մե՜րթ մայրն էր, արջերի աստծու հսկա կերպարնքով, մե՜րթ տերը՝ տանձով լի կողովը ձեռքին: Ցավը ջղաձգվում էր աչքերում, խոնավանում ու ճաք տված հիշության ճեղքերից երկատված պատկերներ էին հայտնվում, ծալ-ծալ, չամբողջացող, լղոզված: Իսկ հետո, կարոտի անճանաչ զգացումը հանկարծ միտքը կալանելով՝ խառնվեց արյանը, լցվեց ուղեղը, ուր հուշապատկերները լռելյայն սահում էին հայացքի առջևով, բայց չէին կերպավորվում: Անկանոն հերթագայությամբ շարունակում էին գլխից ներսուդուրս անել` մ՜երթ մեկը, մե՜րթ մյուսը, մինչև չտեսավ անծանոթի ատելի, սպիադեմ կերպարանքը...
     Արջը վեր թռավ տեղից, քինաշունչ մռնչաց ու վաղ լուսաբացին քարանձավը լքելով՝ սկսեց կերակուր փնտրել: Քանդեց-անցավ արևլույսով քողարկված սարդոստայնի միջով ու փտած կոճղի տակ մրջնաբույն գտնվելով՝ փռվեց շեմին ու սկսեց անուշ անել թթվաշ միջատներին: Հետո զիլ հաչոցներ որսաց և բարձրանալով՝ գնաց ձայների կողմը. դարավանդի բարձրունքից երևաց անտառի թխակապտավուն շերտը, որի ստորոտում ծվարել էր անծանոթ գյուղը: Նախրի հոտը տանում էր գյուղամեջ, իսկ երկոտանի գազանը գնացել էր հակառակ ուղղությամբ. գնաց վերջինիս հետքով:
     Միհարկանի տուն էր, որի բաց, փայտաշեն պատշգամբում բուրումնավետ կախաներ կային. գիտեր, ախոյանը ներսում է ու տանից ոչ հեռու պառկելով՝ բևեռվեց դռանը: Չէր տեսել երկար շղթայով կապված առյուծաբաշ գամփռին, որն անսպասելի թիկունքում հայտնվելով՝ սկսեց լորձոտ հաչել: Անծանոթ շան հանդեպ ոխ չուներ՝ թաթով թեթև տվեց դնչին, շպրտեց մի կողմ. գամփռը սրտաճմլիկ կաղկանձեց: Պատշգամբի լույսը վառվեց ու քիչ անց շեմին հայտնվեց սպիադեմը՝ ինքնաձիգը ձեռքին: Շունը ընկնավորի պես թավալվում էր, շնչահեղձ ոռնում և խաղաղ, հունիսյան լուսաբաց լցվեց մահվան սարսուռով:
     Մարդը զենքն առաջ պարզած քայլեց շան կողմը:
     Արջի աչքերում չարագույժ կրակներ ցոլացին. ներսի ցավը չի սպեղանվում, եթե ժամանակն անգամ մոռացման թմբիր է բերում: Ու անաղմուկ, փորսող առաջացավ և երբ հաշված տարածք էր մնացել՝ մոլեգին նետվեց առաջ, ու մերկ զարմանքի մեջ քարացած երկոտանուն տապալելով՝ համփռեց կոկորդը: Անարյուն ճիչը սառեց, մնաց անծանոթի շուրթերին: Արջը գռմռալով խեղդում էր զոհին ու չզգաց արյան բերկրալից համը. երկոտանի ախոյանի բուկն աքցանել, ետևի թաթերով բզկտում էր արնաշաղախ մարմինը և ետ քաշվեց, երբ գյուղամիջում կատաղի փոխհրաձգություն սկսվեց...
     ... Մի քանի օր անց Չարուկը պառկել էր տիրոջ թարմ գերեզմանին, որի վրա դեռ չէին մահացել սգո պսակները և փշփշոտ լեզվով լիզում էր կավահողը: Ոչ ոք չէր քշում նրան՝ գյուղն արդեն գիտեր վրիժառու արջի պատմությունը, և թե ինչպես է հոշոտել գթատյաց Ահմեդին:
     Իսկ կենդանին լուռ պառկել, հողի խորքերից առնում էր տիրոջ, մարգագետնի կողմից՝ նախրի հոտր և նեղացած երեխայի պես կիսաձայն թնկթնկում էր...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4641 | 0 | 0
Facebook