Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
14:52, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
    
    
    

«Մինչև մեռնելն ապրելէ պետք» (վիպակ)
     /Հատված)
     :

Պարզաբանեմ, որ «խմբակ» բնորոշումը տալիս եմ հետահայաց, զուտ շարադասական նկատառումներով: Այլապես այն պարզապես մեր դասարանն էր, որ որևէ արհեստական պիտակի կամ մակդիրի կարիք չուներ: Եթե չուներ անուն, չի նշանակում, թե չեմ կարող հիմա, երբ շատ ջրեր են հոսել, այն խմբակ անվանել. և՛ բարեհունչ է, և՛ հուշում է մեր միասնական ոգու մասին: Ժամանակ առ ժամանակ խմբակը կանվանեմ Կոլիբրի: Նախ՝ ուզում եմ, որ խմբակը կարողանա թռչել յոթերորդ երկնքում, ուզում եմ, որ այն մնա այնպես փոքր ու մաքուր, ինչպես աշխարհի ամենափոքր թռչնակը, և վերջապես՝ ուզում եմ, որ խմբակի սիրտը բաբախի այնպես արագ և ուժգին, ինչպես կոլիբրիի սիրտը, որ, եթե հավատանք գրքերին, իսկ չհավատալու պատճառ չունենք, րոպեում խփում է հազար երկու հարյուր անգամ:
     Ուրեմն, ձևակերպեմ ավելի հստակ. Կոլիբրի խմբակի խմորման գործընթացը, որը ծիլ էր տվել դեռևս «Շաքարաման» տապալված գործողության օրերից, նոր շունչ էր առնում: Ճիշտ է, նպատակը դեռ մշուշոտ էր, բայց մի բան պարզ էր. այն առնչվում էր սահմանի հետ:
     – Պետք է սկսել սահմանների ուսումնասիրությունից, – ասում է Խորոզը։– Ես ճարել եմ երեսուներկու թվականի տպագրության ռուսերեն–քրդերեն բառարան: Եթե հաջողվի սահմանի երկայնքով բնակվող քրդերի հետ կապ հաստատել, այն մեզ պետք կգա և կօգնի արժեքավոր տեղեկատվություն ձեռք բերել:
     – Կարելի էր Քիշմոյին վերցնել մեզ հետ, – ասում է Մյոդը, – եզդիերենն ու քրդերենը նույն լեզուն են:
     Քիշմոն մեր աշխարհագրության դասատուն էր, որ, համընդհանուր ընկալմամբ, պատկանում էր եզիդի ազգությանը. ընկալում, որը մի փոքր սասանվեց, երբ մեղադրեց մեր ընկերներից մեկին ուրվագծային քարտեզը «եզդու գույներով» ներկելու համար:
     – Հատուկ է անում, ուշադրությունը շեղելու համար, – այն ժամանակ ասել էր Սագը:
     – Հանգիստ թողեք Քիշմոյին, ես մի քիչ քրդերեն գիտեմ, սասունցի պապս քնած ժամանակ այդ լեզվով է խոսում, որ ոչ ոք ոչինչ չհասկանա, ես էլ ծնողներիս՝ Եգիպտոսից բերած ձայնագրիչով ձայնագրել և ուսումնասիրել եմ, – պարծենում եմ ես:
     – Եվ ի՞նչ էր ասում պապդ, – հետաքրքրվում է Պարթևը:
     – Դե, Իսրո պապս ասում էր՝ «Ես սովետի մերը…», հետո ավելացնում՝ «Հըտը մրինը, ճվրու կրինը», հայերեն՝ մինչև մեռնելն ապրել է պետք:
     – Դա էլ կլինի մեր նշանաբանը. «Մինչև մեռնելն ապրել է պետք», – ասում է Պարթևը, – Մհերի դուռը բացելիս հենց այդ միտքն էլ պետք է առաջինը հասցնել նրան: Իսկ պապիդ ո՞վ է հուշել այդ մասին:
     – Առաջին մասը՝ մի լեհ, իսկ շարունակությունը՝ մի քուրդ, – փորձում եմ բավարարել Պարթևի հետաքրքրասիրությունը:
     Ստիպված եմ մի փոքր հետ գնալ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պապս հայտնվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքի ծովափնյա կառամատույցի վրա, որտեղ մի գծի վրա շարված սովետական գերիներին առաջարկում են ընտրություն. գցել մեկ քայլ և վերադառնալ մեծ երկիր կամ էլ պարզապես մնալ շարքում ու վայելել եվրոպական քաղցր ու խոստումնալից ապագայի բարիքները:
     – Ոտքս տարա, բերեցի, տարա, բերեցի, տարա…– հետագայում պատմում էր պապս:
     Արդեն գլխի ընկաք, որ եվրոպական քաղցր ու խոստումնալից ապագան սասունցի Իսրոյի բանը չէր, և որ դեպի անհայտություն տանող քայլը գցվել էր, ու գցվել էր ոչ հենց այնպես, պահի կամ զգացմունքի ազդեցությամբ, այլ գցվել էր գիտակցաբար, մարտահրավերն ընդունողի, կարելի է ասել՝ սասունցու հաստատակամությամբ: Այլապես ես կամ հայրս հիմա թերևս Սորբոնի համալսարանում «Ֆրանսիայի դերը Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմում» թեմայով դասախոսություն կարդալիս կլինեինք: Մի խոսքով՝ գնացք, թե նավ նստելիս մի լեհ վերջին պահին նետում է. «Ես սովետի մերը…»: Թե սովետն ի՞նչ կապ ուներ: Պարզվեց՝ լավ էլ ուներ: Մի քանի տարի հետո պապս աքսորվել էր Սիբիր և ածխահանքերի վթարից ու ածխափոշուց կուրանալուց երկու տարի անց, երբ աչքը մթագնած փառը նահանջել էր, ու սկսել էր աղոտ նշմարել մի մարդու կերպարանք, վերջինս ասել էր՝ «Հըտը մրինը, ճվրու կրինը» ՝ մինչև մեռնելն ապրել է պետք: Պարզվել էր՝ քուրդ է: Ու այդպես էլ պապս արեց, ապրեց ու հիմա սահմանամերձ գյուղում կառուցած տանը առոք–փառոք ապրում է Աղավնի տատիս, Ռեքս գերմանական հովվաշան ու Նազիկի՝ ոսկեմազիկ կատվի հետ:
     – Այդ քայլից կախված էր ոչ միայն ձեր ընտանիքի, այլև Հայաստանի ճակատագիրը: Ռազմավարական մտածողություն: Իրականում քայլը գցվել էր ոչ թե մեծ երկիր, այլ մեծ երկրի միջոցով փոքր երկիր վերադառնալու համար, – մտմտում է Խորոզը. լո՞ւրջ, թե՞ հեգնախառը, դժվար է գլուխ հանել:
     – Մի քանի շիշ բան կվերցնենք և կգնանք տեղանքի նախնական ուսումնասիրության: Տատիկիս դարակից էլ կողմնացույց եմ գտել. հիսունչորս թվականի արտադրության: Կգնանք ձեր գյուղ. սահմանին մոտ ավելի լավ կացարան, որտեղ կարելի է երեկոյան մի բաժակ բան խմել, դժվար էլ գտնենք, – առաջարկում է Մյոդը:
     Նախնական դիտարկման համար որոշվում է գնալ գյուղ, հունի մեջ մտնելու համար՝ ոտքով:
     Գյուղ հասնելուն պես մենք արդեն քնած էինք, իսկ յոթերորդ երազը մեզ տարել էր գյուղի տան պատշգամբից նշմարվող սարերից այն կողմ, որտեղ պետք է որ սահմանը լիներ: Առավոտյան արթնանում ենք կացնի հարվածների ձայնից. թըխկ–թըխկ–թըխկ: Պարթևը, որն այն ժամանակ տասներկու–տասներեք տարեկան էր, բակում բարձած գերանների մի այնպիսի կոտորած է սարքել ու դիզել ձմեռվա ամբողջ վառելիքը, որ պապս, հիացմունքը չթաքցնելով, ասում է.
     – Պարթև՛, կարող ես մատանի պատվիրել. դու պատրաստ ես պսակվելու համար:
     Նման շրջադարձի չէինք սպասում: Սկսվում է բանավեճ, թե արդյոք ընտանիք կազմելու շեմին կանգնած մարդուն արժե ներգրավել նման վտանգավոր արկածախնդրության մեջ, որ մենք էինք սանձազերծել:
     – Ավելի օգտակար չի՞ լինի արդյոք, եթե նա մնա տանը ու զբաղվի հայ ժողովրդի բազմացման սուրբ գործով, ինչպես մեզ շրջապատող մահմեդական ազգերն են անում: Գոնե մի բան պիտի սովորե՞նք նրանցից, – ասում է Մյոդը:
     Բայց քանի որ պարզվում է, որ Մհերի դռան ճանապարհի նրբություններին լիարժեք տիրապետում է միայն Պարթևը, և եթե ինչ–որ հրաշքով հաջողվի անցնել այն կողմ, առանց Պարթևի գործը գլուխ չի գա, որոշվում է հայ ժողովրդի բազմացման սուրբ գործը հետաձգել անորոշ ժամանակով:
     Պապս, իհարկե, քմծիծաղ է տալիս. քանի՜–քանի նման խմբակներ են անցել ու գնացել, անհետ կորել են սարերի արանքում ու անէացել մշուշի մեջ: Ամեն դեպքում, սատանան գիտի, հոգու մի հեռավոր անկյունում առկայծում է նորին գերազանցության հույսը և առաջարկում է Ռեքսի ընկերակցությունը, եթե դեռ ի վիճակի է շարժվելու…
     Կոլիբրին ուզում է լաց լինել, ցավը խեղդում է նրա փխրուն կոկորդը: Դեռ չծնված՝ խմբակը բախվում է առաջին կորստի հետ: Ավա՜ղ, Ռեքսը մահամերձ է, հետևի թաթերով այնքան է փորել հողը, որ փտախտ է ստացել, ու հիմա դանդաղ մեռնում է պապիս ու խմբակի ճարահատյալ ներկայությամբ: Երբ երեք ամսականում բերեցին այստեղ, նախկին տերն ասաց, որ գերմանական ազնվացեղ այս հովվաշունը պահանջկոտ չէ, մեկ բադը, արգանակ եփելու դեպքում, չորս օր կբավականացնի նրա ցեղական առաքինությունը պահպանելու համար. առաքինություն, որ արտացոլված էր դեմքին դաջված յոթ սև խալերով: Այդ համեստ պահանջը, իհարկե, չկատարվեց, բայց ավելի ցավալին այն էր, որ բնազդաբար առաջին պատահած գառանը խեղդելուց հետո, որն արել էր ոչ թե քաղցից, այլ լոկ գայլային անցյալին ինքնաբերաբար տուրք տալով, վիզն էին անցկացրել կաշվե շղթան, որ թույլ չէր տալիս մոտենալ հարևանի գամփռին՝ Չալոյին, ու կատաղությունից հետևի թաթերով փորել էր հողը, փորել, փորել ու այս օրն էր ընկել: Չալոն ու Ռեքսը դարձել էին երդվյալ թշնամիներ, հայ ու թուրք, և առանց մեկմեկու կյանք չունեին: Երբ մեկ ամիս առաջ Չալոն սատկեց, Ռեքսի կյանքը դարձավ անիմաստ, ու բռնեց նույն ճանապարհը: Եթե մինչ այդ Ռեքսի մոտ տալիս էին Չալոյի անունը, նա մի այնպիսի հոգեկան խռովքի մեջ էր ընկնում, որ հազիվ էինք կարողանում հանգստացնել, ապա հիմա բացարձակ անտարբեր էր այդ անվան նկատմամբ, քանզի գիտեր, որ Չալոն գտնվում է հեռու հեռվում, երևի թե երկնակամարում նշմարվող սարերից էլ այն կողմ:
     Գլխիկոր, մի կերպ կոկորդներիս կանգնած հեղձուկը կուլ տալով, Ռեքսի անշնչացած մարմինը դնում ենք պատգարակի վրա և պապիս գլխավորությամբ ու Նազիկի ուղեկցությամբ գնում դեպի մոտակա ձորակը՝ նրան թաղելու: Եվ երբ առաջին պատահած վայրում փորում ենք փոսը, հողի տակից նշմարվում է սև ու սպիտակ մազածածկույթը, որի տիրոջը դեռ մեկ ամիս առաջ Չալո էին կանչում: Չալոյին էիր ուզում, դե փաթաթվի: Հենց այդպես էլ դնում ենք իրար վրա ու գրկախառնված թաղում՝ Չալոյի սև ու սպիտակ գեղջկական երանգները շաղախելով Ռեքսի յոթ ազնվական խալերով:
     – Եթե մեզ էլ այդպես պարտադրեն վզկապ կապել, մի օր մենք էլ փտախտ կստանանք, – արցունքների միջից գոռում եմ ես:
     Այս կորուստը ծանր տարանք: Ստիպված եղանք հետաձգել սահմանի նախնական դիտարկումը: Այդ երեկո դիտեցինք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը՝ Գերմանիայի և Արգենտինայի ազգային թիմերի մասնակցությամբ: Հիսուն հոգի հավաքվել էին հորեղբորս տանը, և քառասունինը մարդ երկրպագում էր Արգենտինային, որովհետև այնտեղ խաղում էր Դիեգո Արմանդո Մարադոնան, որ ականջին օղակ էր կրում, Աստծո ձեռքով գոլ էր խփել ու պատրաստ էր մեզ տանել ամենաաներևակայելի ճանապարհներով: Միայն մի մարդ երկրպագում էր Գերմանիային, որովհետև նա ծուռ ֆիդայի Շառոյի թոռն էր, որովհետև Գերմանիան մի երկիր էր, որ կռվել էր սովետի դեմ, իսկ նա՝ մի մարդ, որ սահմանն անցնելու քառասունինը փորձ էր ձախողել: Արգենտինան, բարեբախտաբար, հաղթեց, իսկ Շառոյի թոռանը խմբակում ներգրավելու իմ կայծակնային ու խելահեղ գաղափարը խանդավառություն չառաջացրեց Կոլիբրիի սրտում:
     – Ավելի լավ է Շառոյից ու ամեն տեսակ շառ ու շուռից հեռու մնանք, – միաձայն որոշեց խմբակը: Փոխարենը որոշվեց տանել ոսկեմազիկ Նազիկին, որ գոնե օձ ու կարիճից կպաշտպաներ մեր հեռագնա երազները:
     Իհարկե, երեսուներկու թվականի ռուս–քրդական բառարանով, Մյոդի տատիկի ժանգոտած կողմնացույցով ու Նազիկի ալարկոտ ներկայությամբ հեռուն չես գնա, բայց մինչև մեծ երկրի սահմանապահ ուղեկալի մատույցները մի կերպ հասանք: Հետո դժվարությամբ փորձում էինք բառարանի միջոցով քրդերեն թարգմանել սահմանապահ զինվորի ռուսերեն հայհոյանքները՝ հայոց լեզվի հետ որոշ զուգադիպություններ գտնելու աղոտ հույսով: Երեկոյան էլ դիտում էինք, թե ինչպես է Նազիկը, որին գայթակղել էինք Վանա տառեխ հյուրասիրելու ցնորական հեռանկարով, ինքն էլ միամտաբար կուլ էր տվել խայծը, մեզանից նեղացած ու մի կողմ քաշված՝ մրափում Իսրո պապիս ոտքերի տակ:
     Սահմանի նախնական դիտարկումը խմբակի միաձայն որոշմամբ համարվեց հաջողված: Հաջորդ առավոտյան դպրոցի տնօրինությունը հավաքվել էր շքամուտքի ցուցատախտակի մոտ, որտեղ անգլերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցի անունը, չգիտես ինչու, գրված էր ռուսերենով: Ցուցատախտակը հազար կտոր եղած թափված էր գետնին, իսկ պատին փակցված էր մի նոր ցուցանակ, որի վրա ի՞մ, թե՞ Պարթևի ձեռագրով գրված էր.
     «Մինչև մեռնելն ապրել է պետք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4346 | 0 | 0
Facebook