Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
12:55, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՆՍՏԱՐԱՆԸ
    
    
     (12 տարի առաջ այս օրերին դադարեց բաբախել մեծ մտավորականի սիրտը..)
     Այս լուսանկարը հրապարակվում է առաջին անգամ:
    
     2002 թվականի թեժ ամառն էր:
     Ես ամեն օր իմ արվեստանոցի պարապմունքներից հետո շտապում էի Վարպետի տուն միասին ընթրելու:
     Հաճախ դուրս էինք գալիս երկուսով զբոսնելու: Բարձրանում էինք Լա Քրեսենթայի սարերը, կամ գնում էինք օվկիանոսի ափին քայլելու:
     երբեմն, երբ անտրամադիր էր լինում` երկու ձեռքը դնում էր ծծրակին իրար ագուցած ու քայլում էր գլուխը կախ ու լուռ:
     Մեր զրույցները երկար էին տևում:
     Նրանից սովորեցի դիմացինին լսելու արվեստը:
     Պատասխանելիս երկար էր մտածում: Խոսում էր պատկերավոր ու նրան լսելուց չէիր կշտանում:
     Մի քանի անգամ գաղտնի ձայնագրել եմ, հատկապես երբ պատմում էր անցած-գնացած օրերի մասին:
     Ավելի հաճախ երեկոյան ժամերին նստում էինք նրա տան բակում տեղադրված հնամաշ, բայց բավական օրիգինալ նստարանին:
     Վարպետի բակում դա միակ նստարանն էր` ուռենու ստվերում գետնի մեջ թաղված ոտքերով:
     Ամեն երեկո դիմացի ծառին նստում էր հսկայամարմին մի բու: Վարպետն ասում էր, - Էս բուն իմ ընկերն է, մեկ-մեկ գիշերները խոսում ենք իրար հետ:
     Երբեմն էլ սարերից եղնիկներ էին իջնում նրա բակում արածելու:
     Ինքը երանելի ժպիտը դիմքին վայելում էր եղնիկների, կաքավների ու իր սիրելու բուի ներկայությունը:
     Օգոստոսի վերջին տիկին Վերժիկի հետ արդեն պատրաստվում էին մեկնելու Հայրենիք:
     Ես ճանապարհեցի նրանց ու շատ տխուր էի:
     Ինքն էլ ահավոր տխուր էր:
     Օդանավակայանում լուռ ողջագուրվեցինք:
     Ասաց, - Կգաս Հայաստան:
     ......................
     Նրա գնալուց հետո բավական երկար ժամանակ կատարյալ դատարկություն էր:
     Մեկ-մեկ գնում էի այն վարձով տունը, որտեղ մի քանի ամիս ապրել էին Վարպետն ու իր կինը:
     Մոլորված շրջում էի բակում, նստում մեր նստարանին ու վերադառնում:
     ........................
     Դեկտեմբերի 18-ին հեռուստացույցով լսեցի Վարպետի մահվան լուրը:
     Գնացի ծաղիկներ դնելու այն նստարանին, որի վրա սիրում էր նստել Հրանտը:
     Տունը հիմնովին վերանորոգման տակ էր: Լիքը բանվորներ ու վարպետներ էին աշխատում:
     Ծաղիկները ձեռքիս լուռ նստեցի նստարանին ու հետևում էի նրանց աշխատանքին:
     Ինձ մոտեցավ աշխղեկը, որը պարսկահայ մարդ էր:
     Մի քիչ զրուցեցինք, ես հարցրեցի վերանորոգման ժամանակ արդյոք փոխելու են այս նստարանը:
     Ասաց, - Իհարկե, շատ հին նստարան է: Նոր տերը, որ պարսկահայ մեծահարուստ է, արդեն հանձնարարել է հանել ու փոխել նստարանը:
     -Իսկ կարող եմ ես վերցնել:
     - Օֆքորս, -ասաց, - կարող ես, մեկ է հանելու ենք գցենք:
     ...ՈՒ էդտեղ ճակատագրական սխալ թույլ տվեցի....
     Ասացի, - Գիտեք, Էս նստարանին ամիսներ շարունակ նստել է բոլոր ժամանակների հայ մեծ արձակագիրը...
     ՈՒզում եմ տանեմ էս նստարանը դնեմ իմ արվեստանոցի բակում, որ մեր զրույցները շարունակվեն...
     ........ Լռություն:
     - Մէ հատ պարոնին ասեմ, տըսնամ ինչ կասի:
     Զգացի որ բացբերան ապուշի մեկն եմ:
     Բայց ուշ էր արդեն:
     Մյուս օրն եկա` տեսա նստարանը չկա:
     Փնտրեցի աշխղեկին, գտա.. երեսիս չէր նայում:
     Ասաց, - պարոնը չտվեց...!
     Մտքումս ասացի, - Պարոնիդ հերը շուն դառնա...
     Դառնացած ու գլխիկոր հեռացա:
     ...........
     Որ Աստված հաջողի, դեկտեմբերի վերջին գնալու եմ Լոս Անջելես:
     Մի բուռ հող կտանեմ Վարպետի շիրիմից, որ շաղ տամ Լա Քրեսենթայի սարերում, այն ծառերի տակ, որտեղ սիրում էր զբոսնել մեծ Վարպետը, ում կարիքը շատ եմ զգում, ումից մտածել սովորեցի ..!
     Հոգիդ լույսերի մեջ մնա Հրանտ !
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3428 | 0 | 0
Facebook