Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
21:42, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Լիտվուհին
     ________________

Նորից տան տղա չեմ.
     գիշերվա բարակ ճանապարհով տնից փախել`
     ու չգիտեմ, թե որ քարի տակ կորած կարոտիս ոտնահետքն եմ փնտրում:

Իմ ձեռքերը սպասում են քեզ` կատվի ճանկերով կին,
     ոչինչ մի կորցրու քեզնից, կարևոր չէ խավարում, թե լույսի մեջ.
     վերադարձիր օձի կանաչ աչքերով` ինչպես կայիր:
     Մատներս անգիր գիտեն և մանրամասն
     վայրի մարմնիդ գիծն ու կորը, աղվամազն անգամ…

Քո տեսիլքն է հոշոտում գույնը աչքերիս,
     ավերված է դեմքս ու փուլ է եկել այն օրից,
     երբ գնացիր` խեղճ ու կրակ ասելով.
     - Միշտ սպասիր ինձ. ես ամեն վայրկյան կարող եմ գալ:
     - Աստծու պես խոսեցիր, - ասացի
     և քո երկրորդ գալստյանն եմ սպասում:

Հիմա, սպասողիս ու պատի և կարոտի փշոտ արանքում
     լիտվուհին է սեղմվել` լպստած թերմացք,
     անտեր ու դուրս, թափառական մի կին`
     մարտի 2-ին այգու նստարանից վերցրած:
     - Անուն չունեմ. ինձ լիտվուհի ասա, - հենց այդպես էլ ասաց:

Գիշերվա կեսը, գրեթե երկու կեսն էլ,
     խմեց ու ծխեց փշերի մեջ կարոտիս,
     որ իսկը դու ես` խնձորը մեջտեղից կիսած,
     կատվի ճանկերով ու օձի կանաչ աչքերով կին:

Կարոտից չփշաքաղվելու համար`
     ես ուզում էի դառնամ դու.
     մի հին գերան կար`
     փռված ճանապարհի ու անտառի արանքում,
     ամեն օր եղունգներս կանոնավոր սրում էի`
     ընդոստ ցատկերով ճանկռոտելով գերանը,
     հայացքով նմանակում էի օձերին,
     անում էի ամեն բան` ինչ հիշում էի քեզնից:

- Ես ամեն վայրկյան կարող եմ գալ:
     Աստծու պես տված խոստումիդ սպասելու եմ
     երևի մինչև Հարություն` Երկրորդ գալստյան օրը`
     անքուն ու միշտ արթուն:

Իսկ մինչ այդ քո ոտնահետքը կփնտրեմ.
     գարնան, ամռան ու աշնան, հավանաբար ձմռան այգում էլ
     մի լիտվուհի, գնչուհի կամ քրդուհի կգտնեմ
     ու չգիտեմ, թե էլ ինչուհի,
     և կսեղմեմ քո եղունգներով ու ատամներով
     ու իմ կարոտի փշերով, որ ճիշտ քո տեսքով է:
     Այնպես որ, միշտ օրհնվի ոտնահետքը քո նման աստծու:

Հուսիկ Արա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3857 | 0 | 0
Facebook