Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության քրեական ժամանակագրություն. բոլշևիկներն առանց գոնե ձևական դատի գնդակահարում են ցարին ու նրա ընտանիքի բոլոր անդամներին

11:16, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Մարդկության քրեական ժամանակագրություն. բոլշևիկներն առանց գոնե ձևական դատի գնդակահարում են ցարին ու նրա ընտանիքի բոլոր անդամներին

1918 թվականի հուլիսի 17-ին Եկատերինբուրգում գնդակահարվում են Նիկոլայ 2-րդը և նրա ընտանիքի անդամները՝ կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան, Օլգա, Տատյանա, Մարիա, Անաստասիա դուստրերը և որդին՝ 14-ամյա գահաժառանգ Ալեքսեյը:

Մահապատիժը ղեկավարել է «Հատուկ նշանակության տուն» կոչեցյալի պարետ Յակով Յարովսկին:


     Հուլիսի 16-ի կեսգիշերին մոտ Յարովսկին բժիշկ Բոտկինին հանձնարարում է մտնել ցարական ընտանիքի արդեն քնած անդամների սենյակ, բոլորին արթնացնել ու խնդրել, որ հագնվեն: Երբ այս հանձնարարության պահին միջանցքում հայտնվում է Նիկոլայ 2-րդը, պարետը բացատրում է, թե Եկատերինբուրգի վրա սկսվել է սպիտակգվարդիական բանակների հարձակումը և, որպեսզի հրետակոծությունից ցարի ու նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովվի, բոլորին տեղափոխում են թաքստոց: Պահակախմնբի հսկողությամբ նրանց տանում են շենքի անկյունային հատվածում գտնվող կիսանկուղային սենյակ, որը նախապես ազատել էին կահույքից: Կայսրուհին խնդրում է թույլ տալ, որ իր և գահաժառանգի համար երկու աթոռ տանի: Հիվանդ որդուն Նիկոլայը գրկած է տանում:

Ժամը 1.15-ին, Յուրովսկու կարգադրությամբ, սենյակ են մտնում նագաններով ու մաուզերներով զինված դահիճները: Աջ ձեռքը գրպանում գտնվող նագանին պահած՝ Յուրովսկին կարդում է դատավճռի՝ ձախ ձեռքով բռնած թուղթը: Զարմացած ցարն արձագանքում է. «Ինչպե՞ս, ես չհասկացա: Նորի՛ց կարդացեք»: Յուրովսկին երկրորդ անգամ է բարձրաձայնում դատավճիռը և գրպանից հանում է զենքը…

Թագուհին ու դուստր Օլգան փորձեցին խաչակնքվել, - հիշել է պահակներից մեկը, - բայց չհասցրեցին: Կրակոցները տեղացին…Ցարը նագանից արձակված միակ գնդակի հարվածին չդիմացավ ու թափով գետնին տապալվեց: Տապալվեցին նաև մնացած տասը անձինք: Ընկածների վրա էլի մի քանի կրակոց արձակեցին: Ծուխը ծածկեց էլեկտրական լույսը, և շնչելը դժվարացավ: Այն բանից հետո, երբ կրակոցները դադարեցին, սենյակի դռները կրնկի վրա բացվեցին, որպեսզի ծուխը ցրվի: Պատգարակներ բերեցին ու սկսեցին դիակները հավաքել: Երբ դուստրերից մեկին բարձրացրին, նա ճչաց ու դեմքը ձեռքով ծածկեց: Կենդանի էին մնացել նաև ուրիշները: Քանի որ դռները բաց էին, չէր կարելի կրակել, որովհետև դրսում կրակոցի ձայնը կլսվեր: Երմակովը ձեռքիցս առավ սվինավոր հրացանս ու բոլոր կենդանի մնացածներին սվինահարեց»:

Հենց նույն գիշերը գնդակահարվածների դիակները տարվում են Կոպյատկովյան անտառ, նետվում են փոսը և հողով ծածկվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8224 | 0 | 0
Facebook