Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության քրեական ժամանակագրություն. «Ես սպանել եմ մեկ ոճրագործի, որպեսզի հարյուր հազարավոր անմեղ հոգիներ փրկեմ»

17:27, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Մարդկության քրեական ժամանակագրություն. «Ես սպանել եմ մեկ ոճրագործի, որպեսզի հարյուր հազարավոր անմեղ հոգիներ փրկեմ»

1793 թվականի հուլիսի 17-ին սկսվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության ականավոր տրիբուն, «Ժողովրդի բարեկամ» պատվանունին արժանացած Ժան-Պոլ Մարատին դաշունահարած 25-ամյա Մարի-Ան Շարլոտ դը Կորդե դ՛Արմոնի դատավարությունը: Հակահեղափոխական դավադրության մասին շատ կարևոր տեղեկություններ փոխանցելու պատրվակով՝ հեղափոխության ու նրա առաջնորդներից մեկի՝ Մարատի նկատմամբ ատելությամբ համակված այս խիզախ աղջիկը հուլիսի 13-ին մուտք է գործում հիվանդ Մարատի բնակարան ու լոգարանում դաշույնը մխրճում է նրա սիրտը: Սպանությունից հետո Կորդեն փախուստի չի դիմում ու կամավոր հանձնվում է իշխանություններին:


     Դատավարության ամբողջ ընթացքում Շարլոտը չի կորցնում ինքնատիրապետումն ու իրեն շատ արժանապատվորեն է պահում:

«Ես սպանել եմ մեկ ոճրագործի, - հայտարարում է նա, - որպեսզի հարյուր հազարավոր անմեղ հոգիներ փրկեմ»:

Երբ դատավորը նրան հարցնում է, թե ով է իր մեջ այդքան ատելություն ներարկել, խիզախ աղջիկը պատասխանում է.

«Ինձ հարկավոր չէր ուրիշի ատելությունը, սեփական ատելությունս լիովին բավարար էր»:

Մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո, թույլատրվում է ընթերցել Կորդեի նամակը, որն հասցեագրված էր հորը: Այստեղ մասնավորապես ասված էր.

«Ներեցե՛ք ինձ, թանկագի՛ն հայրիկ, որ իմ գոյությունն առանց քո կամքն հաշվի առնելու եմ տնօրինել: Ես բազմաթիվ անմեղ զոհերի վրեժն եմ լուծել: Ժողովուրդը մի օր կազատագրվի ու կտոնանշի բռնակալության լուծը թոթափելը: Երբ ես ձեզ համոզում էի, որ Անգլիա գնամ, ուզում էի, որ կատարելիք գործողությունս գաղտնի մնար, բայց հետո տեսա, որ դա անհնարին է: Հույս ունեմ, որ դուք շատ չեք վշտանա: Մնա՛ս բարով, սիրելի՛ հայրիկ, խնդրում եմ ինձ մոռանալ, ավելի ճիշտ՝ ուրախանալ իմ այս ճակատագրի համար: Գրկում ու համբուրում եմ քրոջս, որին ամբողջ սրտով սիրում եմ: Գրկում ու համբուրում եմ նաև հարազատներիս: Մի՛ մոռացեք Կորնելի այս բանաստեղծությունը.

«Ոչ թե կառափնարանն է ամոթալին, այլ՝ ոճրագործությունը» »:

Հեղափոխական դատարանը «չզղջացող մոլեռանդուհուն» մահապատժի է դատապարտում, և նույն օրվա, այսինքն հուլիսի 17-ի երեկոյան նրան գլխատում են:

Երբ իր համոզմունքներում մինչև վերջ անհողդողդ մնացած երիտասարդ աղջկան բարձրացնում են կառափնարան, մահապատիժը դիտելու հավաքված ամբոխի միջից մեկը բղավում է. «Տեսե՛ք, նա իր վեհությամբ նույնիսկ Բրուտոսի՛ն է գերազանցում» (հիշեցնեմ, որ Բրուտոսը բռնակալ Հուլիոս Կեսարին դաշունահարողներից մեկն էր): Երկու օր անց, երբ Փարիզի թերթերից մեկը Կորդեին նվիրված մանիֆեստ է հրապարակում, պարզվում է, թե, ով էր այդ հանդուգն համեմատությունն անողը: Դա Մայնց քաղաքից ընտրված պատգամավոր, փիլիսոփայության դոկտոր Ադամ Լյուքսն էր, որը, ավա՛ղ, այս խոսքերի համար ստիպված է լինում սեփական պարանոցը դնել Կորդեին գլխատած գիլիոտինի կացնի տակ: Մանիֆեստում նա հետևյալն էր գրել. «Երբ իշխանությանն անարխիան է բռնատիրել, չի՛ կարելի սպանություն թույլ տալ, քանի որ անարխիան հեքիաթային հիդրայի նման է, որի կտրված մեկ գլխի փոխարեն անմիջապես երեք գլուխ է արագ աճում: Ահա թե ինչու ես հավանություն չեմ տալիս Մարատի սպանությանը: Եվ թեպետ ժողովրդի այդ ներկայացուցիչը՝ Մարատը, իսկական հրեշ էր դարձել, այնուամենայնիվ ես չեմ կարող հավանություն տալ նրա սպանությանը: Եվ ես հայտարարում եմ, որ ատում եմ սպանությունը և երբեք սպանությամբ չեմ արատավորի ձեռքերս: Բայց ես արժանին եմ մատուցում այդ վեհաշուք խիզախությանը, քանի որ այն ամեն տեսակ հաշվենկատություններից բարձր եղավ: Եվ կոչ եմ անում, նախապաշարմունքներից ձերբազատվելով, նրա արարքը գնահատել այն իրականացնողի մտադրություններով: Հետագա սերունդները կարողանալու են ըստ արժանվույն գնահատել Շարլոտ Կորդեի արարքը»:

Մահապատժից առաջ
Մահապատժից առաջ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9181 | 0 | 0
Facebook