Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուշացած նամակ

10:11, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Ուշացած նամակ
    
    

Հասցեատերը ես էի, էլեկտրոնային հասցեն իմն էր, հասցեի «շնիկն» էլ ասես անհանգիստ վնգստում էր:
     Հասցեն իմն էր, բայց ինչո՞ւ կարմիր: Հա, երևի մոդա է: Հիմա ոչ միայն մարդիկ, այլ գույներն էլ են խառնվել, ամեն ինչ խառնվել է` հասցե, հասցեատեր, ծրար:
     -Պա´պ, հասցեի վրա այս կոճակը սեղմում ես, ու դառնում է կապույտ, կամ սև կամ բորդո ու կարդում ես:

Աղջիկս է:
     Նա իրեն համարում է համակարգիչների մեծ գիտակ, թեև ընդամենը առաջին դասարանում է:
     -Այսինքն, ինչպե՞ս թե կապույտ: Իմ երազանքների՞ նման:
     -Դե, լա´վ էլի, ուղղակի կապույտ, ու կկարդանք, սեղմի´ր:
     -Այսինքն, ինչպե՞ս թե սև: Իմ ապրած տարիների՞ նման:
     -Լա´վ էլի, պա´պ: Սեղմի´ր, չէ՞ որ շատ ենք սպասում, սա մեր առաջին նամակն է: Ես երբեք համակարգչով չեմ կարդացել նամակ:
     Ու աղջիկս թաքուն նայում է խոհանոցի կողմը, որտեղ աշխարհում եղած ու չեղած բոլոր ափսեներն ամեն անգամ համերաշխ ձայնակցում են մոր տեդադրած մեկ ափսեին:
     -Իմ փոքրի´կ իշխանուհի, իսկ Բորդոն դա գույն չէ, Բորդոն քաղաք է Ֆրանսիայում:
     -Պա´պ, միգուցե Բարդո՞: Ա´յ, սա հաստա´տ քո գործիքների արկղին փակցված բազմաթիվ նկարների` քո նախնադարյան դերասանուհու ազգանունն է, անունն էլ` կարծեմ Բրիջ... չգիտեմ ինչ:
     Չէ´, հաստա´տ իմ աղջիկն է` ինձ նման կծան:
     -Բրիջը, աղջի´կ ջան, թղթախաղ է, - ժպտում եմ, բայց զգում եմ, որ կամաց-կամաց մեջս է լցվում հիշողությանս բոլոր մասնիկները լափող սև դևը:

* * *
     Ո՞վ էի ես, ի՞նչ իրավունքով, ո՞ր օրենքով, և մի՞թե բավարար պայման էր երիտասարդ լինելը, որ քեզ` ինձ այդքան նվիրվածին, ինձ անչափ սիրողին տարվեցի թղթախաղում:
     Հիմա քո կողմից գրված նամակը երևի իր մեղադրական տեսքով հառնել է աչքիս և մի անմեղի ներկայությամբ պետք է պայթի: Ու ինչպես այն ժամանակ, երբ ասացի թե իմը չես, արդեն պատկանում ես Գևորին, ինքս ինձ պետք է ատեմ, հիմա էլ` աղջկաս մոտ:
     Հեռախոսը զանգեց:
     Զոքանչս էր: Երևի զանգել է իր հազարամյա պատմության շարունակությունն աղջկա ականջին թարմացնելու:
     Նրա ամեն զանգից հետո մեր տան միջանցքի պատին մի նոր դեղի անուն է ավելանում:
     Կնոջս ցանկությունն է, որ իր մորը բուժող ամեն բան լինի աչքի առաջ:
     Մեր ամուսնության տասը տարիների ընթացքում փորձեցի բացատրել, որ ամբողջ աշխարհում չկա զոքանչներին բուժող դեղ, չկա և վերջ, որ զոքանչները չեն հիվանդանում, նրանք հենց իրենք են հիվանդացնում:
     Պատերին պետք է գրել փեսաներին բուժող դեղերի անունները:
     Զոքանչիս խոսքերով` իր սիրած փեսան եմ: Շատ խելացի կին է, ունի մեկ աղջիկ, մեկ փեսա, այն էլ` ամենասիրած:
     -Պա´պ, տատիկն էր, ասաց, որ ինձ սիրում է, բայց ես չեմ հավատում:
     -Ինչու՞, - անկեղծ զարմանում եմ ես:
     -Պա´պ, մեծ մարդ ես ու չգիտես, որ երբ սիրում են ասում են` «Բարև, սիրելիս» , բա~:

* * *
    
     Ընդամենը երեք օր է անցել, երբ պատահմամբ հանդիպեցինք: Համարյա չէիր փոխվել, մի քիչ հասունացած, մի քիչ լցված, իսկ երեսիդ մանր կնճիռները չէին կարող փոխել քո առաջվա գեղեցկության փաստը: Քո` կնոջ թաքնված գեղեցկությունը կարծես ուզում էր պոռթկալ շորերիդ
     միջից ու ճչալ. «Այո´, ես եմ, քո կողմից անարգվածն ու ծախվածը: Դե´, փորձիր ունենալ ինչ ունեիր, և ինչը չուներ քո տարիքի ոչ մի տղա»:
     Նայեցինք իրար, տեղն անպատեհ էր: Ես քեզ լուռ մեկնեցի իմ այցեքարտը (իհարկե միայն աշխատանքային հեռախոսահամարներով), և մեղավոր հոգիս կրկին արթնացավ քո լռությունից:
     Թախծոտ աչքերդ Տիրոջը խաչող մեխերի նման մեխվել էին մատիս փայլփլող ոսկե օղակին:
     Մատս էլ էր ամաչում:
     Արյուն էր կաթում քո աչքերից:
     -Երեխաներ ունե՞ս, - սա քո բարևն էր` 15 տարի ուշացած:
     -Այո´, մի դուստր` քո անունով, - սա իմ զղջումն էր

-Ո՞ւմ է նման, նրա՞ն, - իսկ սա արդեն ձեռնոց էր իմ հպարտությանը:
     -Ո´չ, ինձ, ինձ է նման:
     -Չես փոխվել: Դե լա´վ, իմ կանգառն է:
     Իջար: Այո´, չեմ փոխվել երևի, և համոզված եմ, որ չես զանգելու ոչ մի հեռախոսահամարով, չես գալու աշխատանքիս վայր ոչ մի պայմանով: Բայց վստահ էի, որ իմ էլեկտրոնային փոստը չի մնա դատարկ, քանի որ քո անունով է, աղջկաս անունով, իմ հիշողությունն է` ani_jan@freenet.am:

* * *
     -Պա´պ, պապիկը ասում է, որ ես տիկնիկ եմ: Իսկ դու ի՞նչ ես եղել փոքր ժամանակ:
     -Ես եղել եմ Առաջինը, միշտ առաջինը, Անի´ ջան:
     -Բա քո առաջին նամակը իմ հասցեում չե՞նք բացելու:

* * *
     Ես սիրում էի լինել միշտ առաջինը, և առաջինն էի: Երբ խաղ էինք խաղում թե ով, ո՞ր մուլտֆիլմի ի՞նչ հերոս է, ես միշտ լինում էի «Բրեմենյան Երաժիշտերը» -ի նվագող տղան, աղջիկը` Բեյրութից եկած Անժելի աղջիկ Մարիամիկը, աքլորը Ավետիքն էր` միշտ լպրծուն քթով,
     շունը` արևածաղկի սերմեր վաճառող Արևհատի թոռ Գուրգենը, ավանակը` կարի մեքենաներ վերանորոգող Երվանդի տղա Արտոն, իսկ կատուն` ապակի գցող Գառնիկի տղա Գևորը, որին էլ թղթախաղում քեզ տարվեցի, քեզ` ինձ այնքան նվիրված ու սիրող (ես հետո հասկացա) իմ լա´վ Անի:
     Ես միշտ առաջինն էի:
     Մեր թաղի տղաներից ես առաջինը վայելեցի կնոջ հաճույքը:
     Ճիշտ է, կարգին բան չհասկացա, բայց առաջինն էր, հաճելի էր: Թաղի ամենագեղեցիկ աղջիկն էր` 26-ամյա Քնարիկը, որին այդ օրը մեզանից մեծ տղաները չգիտեմ որտեղից ավտոմեքենայով բերել ու հարբած թողել էին տան հարևանությամբ գտնվող մարզադաշտի պատի տակ:
     Առաջինը ես մոտեցա նրան: Շրջազգեստը բարձրացել էր, երևում էր կապույտ, փոքրիկ ծաղիկներով ներքնազգեստը: Կրծկալ չուներ կամ երևի կորցրել էր:
     Դա ինձ վստահություն ներշնչեց, քանի որ այդ ժամանակ ես կրծկալ քանդելու ձևը չգիտեի:
     Բաց կրծքերը թղթախաղի մեկանոցների նման հպարտ ու ձիգ նայում էին ուղիղ ինձ:
     Վերցրեցի:
     Դա էր առաջին թպրտոցը մարմնի բոլոր մասերում: Դա էր այն սիրո ջերմությունը, որը ոտքերից բարձրանում է վերև` մինչև մազերը, հետո իջնում ու ավարտվում հպարտություն ու մաքրություն կոչվող ուղիներում:
     Քնարիկի վրայից օղու անտանելի հոտ էր գալիս, բայց հաճելի էր նրան ձեռք տալը:
     Անփայլ աչքերը բարձրացրեց ու ասաց.
     -Ինչ ուզում ես արա, միա´յն դու, տղաներին չթողնե´ս մոտենան:
     Այդ վիճակում էլ նա վստահ էր, որ ինձ կենթարկվեն արդեն կրքից կարմրած ու տաբատների նշանավոր տեղերը ուռեցրած տղաները:
     Նրա չենթարկվող ձեռքերն սկսեցին քանդել տաբատիս կոճակները....

* * *
     -Պա´պ, այս կոճակը սեղմում ես, որ բացվի նամակը...

* * *
     Առավոտյան ամբողջ թաղը գիտեր:
     Ես ման էի գալիս հպարտ:
     Իսկ դու՞ ինչպիսի ատելությամբ էիր նայում ինձ: Հիմա արդեն պատկերացնում եմ, թե ինչպես էր սիրտդ ավերվել, Անի´:
     Գևորին հազիվ էի զսպել, որ Քնարիկին չմոտենար` կռվով: Իսկ մյուս օրը սիրտը շահելու նպատակով թղթախաղով դիտմամբ տարվեցի 12 ռուբլի: Մեծ փող էր:
     Հետո արդեն` էլի ու էլի, բայց ո´չ դիտմամբ: Չէի կարողանում խաղալ: Մտքումս Քնարիկի կրծքերն էին ու փոքրիկ կապույտ ծաղիկներով սպիտակ փերթիկի այդքան հեշտ տեղի տալը:
     Երեք ժամում պարտքս հասավ մոտ 80 ռուբլու և այդ ժամանակ էր, որ Գևորը առաջարկեց.
     -Պարտքի տեղը Անիից ձե´ռք քաշիր, փակվենք:
     Ու շրխկացին երկու աջ ձեռքեր` այնքան միամիտ, այնքան անհասկացող..
     Ես հետո իմացա, որ Գևորն էր Քնարիկի պատմությունը տարածել` քո ականջին հասցնելու նպատակով, :
     Ես հետո իմացա, որ Գևորը քեզ խենթի պես սիրում էր ու ակամա դարձել էր իմ ախոյանը` լուռ ու դավադիր:
     Իսկ երբ կատարվածի մասին քեզ հայտնեցի ու ասացի, որ տարվել եմ ՔԵԶ թղթախաղում, սպասում էի, որ քո աջը կշրխկա իմ այտին...
     Բայց դո՞ւ:
     Դու լաց էիր լինում, լուռ:
     Շուրջդ դաժանություն էր կարմիր:
     Ես` դավաճանություն սև:

* * *
     Համակարգչի աչքը թրթռաց` մի պահ ինձ կտրելով հուշերից:
     Զոքանչս դեռ խոսում էր:
     Չգիտեմ ինչու, երբ վերևի հարևանը ջուր է թափում նրանց վրա, զոքանչս իր պատմությունը սկսում է Մեծ Ջրհեղեղից, ու հիմա էլ երևի դեռ չի հասել տապանի` Արարատ սարի վրա իջնելու տեղը, որովհետև կինս անընդհատ ասում է.
     -Վա~յ, մա´մ ջան, մարդ չկա՞ր, հա՞:
     Չրխկ:
     -Այդ ի՞նչ արեցիր, Անի´, ինչո՞ւ բացեցիր նամակն առանց հարցնելու:
     -Պա´պ, այստեղ նամակ չկա, մի տող է, այն էլ` անգլերեն տառերով: Կարդա´, հա՞:
     Իրոք մի տող էր` «Barev sirelis.»


     Ս.Ումառ-Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5865 | 0 | 0
Facebook