Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հայրը մահացավ` տեսնելով որդու հարսնացուին

17:48, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Հայրը մահացավ` տեսնելով որդու հարսնացուին

90-ական թվականների մութ ու ցուրտ տարիներին, հայ երիտասարդը իր շատ ու շատ հասակակիցների ու բախտակիցների նման մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Աշխատում էր շինարարության վրա: Ամեն ամիս աշխատավարձի մի մասը հավաքում էր՝ նպատակ ուներ Հայաստան վերադառնալուց հետո մի լավ աղջիկ գտնել, ամուսնանալ: Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Մի գեղեցիկ օր, խանութում հացի հերթի մեջ սպասելիս, հանդիպեց մի աղջկա և հասկացավ, որ գտել է նրան՝ իր միակին: Իրենց գյուղի փոքրիկ լճակի նման ջինջ ու կապույտ աչքերով, արևի շողեր հիշեցնող երկար, գեղեցիկ վարսերով, սպիտակ, շա՜տ սպիտակ մաշկով…

Շուտով սկսեցին հանդիպել, աշխատանքից ազատ ամեն րոպեն միասին էին անցկացնում, ապագայի հետ կապված ծրագրեր կազմում: Աղջիկը միշտ իր մոտ թուղթ ու գրիչ ուներ: Տղային տարբեր բառեր ու նախադասություններ էր ռուսերեն ասում՝ խնդրելով դրանք հայերեն թարգմանել: Այն հարցին, թե ինչի՞ն է պետք, որ հայերեն է սովորում անմիջապես պատասխանում էր, որ երբ միասին Հայաստան վերադառնան, ցանկանում է տղայի ծնողների ու բարեկամների հետ հայերեն խոսել: Ինքն իրեն լավ կզգա, եթե իր սիրելիի մայրենի լեզվին տիրապետի: Տղան, իմանալով իր ծնողների խիստ և պահպանողական հայացքները, ամեն անգամ իրար էր խառնվում, երբ աղջիկը հարցնում էր, թե ե՞րբ են ամուսնանալու:

Մի օր էլ, իր ողջ համարձակությունը հավաքելով, ծնողներին նամակ գրեց, որ մի ռուս աղջկա է սիրահարվել, ցանկանում է իր հետ Հայաստան բերել, որպեսզի ամուսնանա: Նամակը մի քանի օր շարունակ վերընթերցելուց և շտկումներ անելուց հետո դրեց ծրարը, բայց չէր համարձակվում Հայաստան ուղարկել: Իսկ եթե ծնողները չհասկանա՞ն իրեն, իսկ եթե չթողնե՞ն, որ իրենք միասին լինեն, իսկ եթե՞… Ամեն անգամ հուզմունքից դողում էր, երբ սկսում էր այդ մասին մտածել: Նամակը 10 օր շարունակ տանում էր քաղաքի փոքրիկ փոստային բաժանմունք, բայց վայրկյաններ անց ծրարը ձեռքին դուրս էր վազում …

Նամակն ուղարկելուց հետո գրեթե երկու ամիս էր անցել, բայց պատասխանը չկար: Տղան սրտատրոփ պատասխան նամակին էր սպասում ու հոգու խորքում հույս փայփայում, որ լինելով իր ծնողների միակ զավակը, նրանց կողմից մերժում չի ստանա: Երբ մի օր էլ փոստատարը հայտնվեց տան շեմին, որտեղ մի քանի այլ տղաների հետ նա ապրում էր, տղան դուրս վազեց: Սրտի զարկերը արագացան, երբ փոստատարը նրան մեկնեց այդքան սպասված նամակը, ու հենց փողոցում բացեց ծրարը, ու մի քանի տող կարդալուց հետո աշխարհը փլվեց նրա գլխին: Երկու խոշոր արցունքի կաթիլներ գլորվեցին նրա աչքերից, ու ինքն էլ չհասկացավ, թե ինչպես դողացող ձեռքերի մեջից քամին խլեց նամակն ու տարավ: Երբ վերջապես կարողացավ հավաքել իրեն, տեսավ, որ նամակը չկա: Նա նամակի միայն նախաբանն էր հասցրել կարդալ, բայց դա էլ բավական էր… ծնողներն արգելել էին այդ մասին նույնիսկ մտածել՝ իրենց հարսը պետք է հայ լինի և վե՛րջ:

Մի քանի օր իր տեղը չէր գտնում: Ինչպե՞ս ասել խեղճ աղջկան, որ էլ իր մոտ չգա, հարսանիքի մասին այլևս չխոսի, և որ իրեն մոռանա, քանի որ ինքը շուտով պետք է իր հայրենիք վերադառնա՝ մենակ…

Նամակը ստանալուց 6 օր հետո արդեն հետադարձի տոմսը գնել էր, բայց աղջկան չէր համարձակվում ասել այդ մասին: Ինչքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի օր էլ աշխատանքից վերադառնալուց հետո աղջկան իր սենյակում գտավ՝ ճամպրուկը ձեռքին: Աղջիկը, նրան տեսնելով, վազեց, փարվեց վզին և ականջին մի բան շշնջաց, հետո ամուր-ամուր գրկեց նրան ու երկուսով սկսեցին լաց լինել՝ աղջիկը՝ երջանկությունից, տղան՝ իր անզորությունից: Երբ հանգստացան, աղջկան ասեց, որ ինքը մի քանի օրով Հայաստան կգնա, ամեն ինչ կկազմակերպի իրենց հարսանիքի հետ կապված, հետո կվերադառնա իր սիրելի կնոջ ու իրենց ապագա երեխայի հետևից: Աղջկա երջանկությանը չափ չկար: Իսկ տղան այդ պահին չգիտեր, թե վաղը հայրենիք վերադառնալուց հետո ինչպես է ծնողներին ասելու, որ նրանք շուտով տատիկ-պապիկ են դառնալու…

Ծնողների հետ հանդիպումը շատ սառը ստացվեց: Նրանք լսել անգամ չցանկացան, որ ինչ-որ ռուս կարող է իրենց հարսը դառնալ: Իսկ այդ երեխան ի՞նչ ապացույց կա, որ իրենց թոռն է…

Մի քանի օր սենյակում փակվելուց, հացից ու ջրից հրաժարվելուց հետո տղան քիչ-քիչ համակերպվեց ստեղծված իրավիճակի հետ: Մեկ ամիս էլ չէր անցել, երբ ընկերոջ հարսանիքի ժամանակ ծնողները նրան մի աղջիկ ցույց տվեցին, իսկ 10 օր հետո արդեն իրենց հարսանիքն էր: Մեկ տարի անց էլ ծնվեց նրանց միակ որդին, ում կոչեցին պապիկի ոչ այդքան բարեհունչ անունով՝ Վառլեն: Չնայած այն բանին, որ կինը սիրում, ու ամեն ինչ անում էր ամուսնու սերը շահելու համար, նա այդպես էլ չկարողացավ սիրել իր կնոջը, ամեն օր իր կապուտաչյա գեղեցկուհու մասին էր մտածում, ում հրաժեշտ տալուց հետո այլևս չէր տեսել: Երեխայի մասին վախենում էր մտածել: «Արդյո՞ք աղջիկ է, թե՞ տղա, գիտի՞ արդյոք ո՞վ է իր հայրը, ու թե ինչպե՞ս տարիներ առաջ վախկոտի նման լքեց իրեն ու մորը: Իսկ եթե նա չի ծնվել» … վերջին մտքից հետո նա միշտ գունատվում էր ու էլ ավելի ինքնանփոփ դառնում:

Տարիները անցնում էին, Վառլենը մեծանում էր՝ դպրոց, բանակ, համալսարան: Ամեն ինչ փոխվում էր շուրջը, բայց նա չէր դադարում հեռավոր Սիբիրում ապրող իր Լենայի մասին մտածելուց: Ուսումը ավարտելուց հետո տղան հայտարարեց, որ ուսումը պետք է Ռուսաստանում շարունակի: Ծնողները դեմ չէին: Չնայած 25 տարիների ընթացքում Վառլենի հայրը այդպես էլ չկարողացավ կնոջը սիրել, բայց որդու համար ամեն ինչի պատրաստ էր: Իրեն մեղավոր զգալով չտեսած երեխայի առաջ, գուցե, իր մեղքերը քավելու համար էր, որ այս որդուն ոչինչ չէր արգելում, ու անում էր անհնարինը, որ իր տղան կյանքում ոչ-մի բանի կարիք չզգա:

Ռուսաստան տեղափոխվելուց հետո տղան հաճախակի էր զանգահարում ծնողներին: Պատմում դասերի, ընկերների, տեղացիների, սննդի, եղանակի… ամեն-ամեն ինչի մասին: Մի օր էլ հերթական տեսազանգի ժամանակ ծնողները զարմացան, երբ իրենց տղայի հետ մի կապուտաչյա գեղեցկուհու տեսան համակարգչի էկրանից այն կողմ: Աղջիկը, ժպտալով, հայերեն բարևեց և ծնողների որպիսությունը հարցրեց: Մայրը, հուզմունքը թաքցնելով, կոտրտված ռուսերենով սկսեց շփվել աղջկա հետ, իսկ հայրը մտքերի մեջ ընկավ՝ ճակատագիրը կրկնվում էր …

Հաջորդ օրը ծնողները խիստ տոնով ասեցին, որ այդ աղջկա հետ այլևս գործ չունենա, ինչին ի պատասխան տղան հուզված ու վճռական ձայնով պատասխանեց, որ իր սիրուց երբեք չի հրաժարվի. որ արձակուրդների ժամանակ որոշել են ամուսնանալ, ու որ նրանք շուտով թոռնիկ են ունենալու:

-Ճակատագիրը կրկնվում է, ամեն ինչ նույն սցենարով կրկնվում է, - անընդհատ մտքում կրկնում էր խեղճ մարդը ու միևնույն ժամանակ նախանձում իր որդուն՝ համարձակության համար: -Նա համարձակվում է դեմ գնալ ծնողների կամքին, նա սիրում է ու պատրաստ է պայքարել իր սիրո համար, իսկ ես ի՞նչ արեցի, վախկոտի նման խաբեցի ու փախա…

Երկու ամիս անց արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ մատանին, ծաղիկներն ու նվերները գնել էին, ու ըստ պայմանավորվածության ծնողների և հորեղբոր ընտանիքի հետ միասին գնացին աղջկա տուն: Բոլորը զուգված-զարդարված սպասում էին իրենց հյուրերին: Տղայի ծնողները հուզված էին, այս ամենը այնքան էլ իրենց սրտով չէր, բայց տղան ոչինչ լսել չցանկացավ.

-Իմ երեխայի երակներում հայի արյուն է հոսում, իսկ հայի արյունից հրաժարվողը մեղք է գործում: Կցանկանաք, թե՝ ոչ, կօրհնեք մեր միությունը, թե՝ոչ, մեկ է, ես իմ սիրած կնոջից ու դեռ չծնված երեխայից չեմ հրաժարվի…

Բոլորն արդեն ներս էին մտել, ողջագուրվում, շնորհավորում էին մեկ մեկու: Տղայի հայրը բակում ծխում էր, ու մտքով զուգահեռներ անցկացնում իր և իր որդու կյանքերի նմանության, նմանատիպ ստեղծված իրավիճակից գլուխ հանելու, սեփական սկզբմունքները ամեն գնով պահելու և մի շարք այլ հարցերի շուրջ: Արդեն երրորդ ծխախոտն էր վառում, երբ տղան դուրս եկավ և ասեց, որ բոլորը իրեն են սպասում: Ծխախոտը գցեց, ներս մտավ ու քարացավ…

-Պա՛պ, մա՛մ, ծանոթացե՛ք, սա Մաշայի մայրիկն է, տիկին…, -տղան չհասցրեց խոսքը ավարտել, հայրը ամբողջ մարմնով սկսեց ցնցվել, դեմքն ամբողջությամբ կարմրեց, աջ ձեռքը տարավ դեպի սիրտն ու փռվեց գետնին…

Հոր մահից 1 ամիս անց փոքրիկ խնջույք կազմակերպեցին, մատանիներ ու հավերժական սիրո խոստումներ փոխանակեցին: Վեց ամիս անց էլ ծնվեց նրանց սիրո ամենավառ ապացույցը՝ նրանց առաջնեկը…

Հ.Գ. Տղայի հայրը մահացավ, այդպես էլ չիմանալով, որ Մաշան իր աղջիկը չէր, այլ իր սիրած կնոջ քրոջ աղջիկը, ում քրոջ մահից հետո որդեգրել և մեծացրել էր իրենց երկվորյակ տղաների՝ Հայկի ու Արմենի հետ միասին…


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
6572 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ