Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնոստիկական տիեզերաբանության մեծ գաղտնանուն «Աբրաքսաս»-ը

21:20, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Գնոստիկական տիեզերաբանության մեծ գաղտնանուն «Աբրաքսաս»-ը

Նախ՝ երկու խոսք գնոստիկների մասին: Սրանք եղել են կրոնափիլիսոփայական այն հոսանքի ներկայացուցիչները, որոնք քրիստոնեական աստվածաբանությունը բաղդատել են Հին Արևելքի կրոնների, ինչպես նաև նեոպլատոնականության և պյութագորականության հետ: Գնոստիկների կարծիքով կա հոգևոր անճանաչելի մի նախասկիզբ, բացարձակ էակ, որը դրսևորվում է արտազեղվելիս (էմանացիա) և հակադրվում է «չարի աղբյուր» -ին` մատերիային, և այդ այդ բացարձակ էակի, անճանաչելի նախասկզբի անունը «Աբրաքսաս» կամ «Աբրասաքս» է:


     Գնոստիակական մոգությունում գործածվող այս հատուկ անվան ծագումնաբանությունն առ այսօր պարզաբանված չէ:

Ըստ երկրորդ դարում ապրած հույն քրիստոնյա գրող, եպիսկոպոս, աստվածաբան Հիրենեոս Լիոնցու (թեպետ ծնվել է Զմյուռնիայում, բայց քանի որ ապրել է Լիոնում ու եղել է քաղաքի քրիստոնեական համայնքի եպիսկոպոսը, այդ իսկ պատճառով նրան լիոնցի են համարել)` իր ժամանակակից գնոստիկ վարդապետ Բասիլիդեսն «Աբրաքսաս» անունն է տվել այն բարձրագույն էակին, որը գլխավորում է ոգիների 364 թագավորությունները (52 x 7= 364), քանի որ այդ անվան տառերի քանակական նշանակությունը հավասար է 365-ի (a = 1, b = 2, r = 100, a = 1, x (քս) = 60, a = 1, c = 200), այսինքն 364 ոգի + Բարձրագույն էակ: Մի մոգական պապիրուսում ուղղակի ասված է, թե «աբրաքսաս» -ը ուղիղ հավասար է 365-ի՝ տարվա օրերի թվին: 19-րդ դարում ապրած գերմանացի երաժշտագետ, բանասեր ու պատմաբան Իոհան Բելերմանն այս անունը բխեցնում է ղպտերենից՝ հավատացնելով, թե այն բաղկացած է «abrak» և «sax» բառերից, որոնցից առաջինը նշանակում է «սուրբ խոսք», իսկ երկրորդը՝ «օրհնյալ անուն»: Ուրիշ ծագումնաբանական տեսություններ, ինչպես նաև այս եզրի վերաբերյալ հետազոտությունների ամփոփ տեսությունը շարադրել է ֆրանսիացի պատմաբան, կրոնի փիլիսոփայության և գնոստիկության խորագետ հետազոտող Ժակ Մատերը (1791 - 1864): 19-րդ դարի հրեա աստվածաբան Աբրահամ Հեյգերն «աբրաքսաս» եզրը բխեցնում է եբրայերեն «ha-berakah» («օրհնանք, օրհնություն») եզրից, բայց այս կարծիքը լիովին հերքում է նրա ժամանակակից մեկ այլ հրեա աստավածաբան՝ Քրաուսը:

«Աբրաքսաս» -ը օրգանական կապի մեջ չի եղել Բասիլիդեսի համակարգի հետ, ու նրա 365 աշխարհները համապատասխանում են տվյալ բառի հունարեն տառերի թվային նշանակությանը: «Բարբելո» -ին և այլ նմանօրինակ բառերի նման, որ հիշատակում է 4-րդ դարում ապրած իսպանացի եպիսկոպոս Պրիսցիլիանոսը, «Աբրաքսաս» -ը ներկայացնում է Դեմուրգին (անտիկ փիլիսոփայությունը, հիմնականում պլատոնականությունը, Դեմուրգին համարում է տիեզերքի բոլոր մասնիկների արարիչը, քրիստոնեական աստվածաբանության մեջ Դեմուրգը ամեն գոյն ստեղծողի անուններից մեկն է, իսկ գնոստիկները Դեմուրգին համարում են օժտված ու արդար արարիչ) ՝ այն աստվածային ուժին, որին որոշ աղանդավորական հոսանքներ նույնիսկ Աստվածության աստիճանի են հասցրել: Պապիրուսներից ու մոգական հիմներից նկատելի է, որ այս եզրը կապի մեջ է «Անարտասանելի Անվան» հետ՝ որպես գլխավոր բանալի, որի օգնությամբ երկրային և ստորերկրյա աշխարհների բոլոր ուժերը կարող են բացահայտվել կամ փակվել, կապվել կամ արձակվել մեծ Մանդա դա Հայեի (Կյանքի իմաստություն) կողմից: Այնուհետև միստիկական ստեղծագործություններում հանդիպում է «Ռազա Ռաբա» (Մեծ գաղտնիք) նմանատիպ անունը, իսկ Կաբալայում այն «Ռազա Ռազին» (գաղտնիքների գաղտնիք) է անվանվում: Սա «աբրաքսաս» -ը ծագումնաբանական կապի է հանգեցնում «Աբ Ռազա» -ի («գաղտնիքի հայր») հետ, որ համարժեք է «գլխավոր գաղտնիք» -ին: «Աբրաքսաս» նշանով քանդակաքարերն իրենցից ներկայացնում են փորագրված տարաձև քարեր. դրանց վրա փորագրվել է այդ անունը՝ Աստծո այլ անունների հետ միասին, կամ էլ առանձին, ինչպես նաև միստիկակական ֆիգուրների հետ կապված, կամ էլ տառային ամբողջական խմբերով: Ամենահաճախ հանդիպող «աբրաքսաս» ֆիգուրն իրենից ներկայացնում է թռչնի գլխով և օձանման ոտքերով մարդ՝ մի ձեռքում վահան, մյուս ձեռքում` խարազան: «Աբրաքսաս» -ի պատկերով նմանօրինակ քանդակաքարերը, հատկապես այն քանդակաքարերը, որոնք մոգական նշանակություն ունեն, հրեական տեսանկյունից հետաքրքրական են համարվում, քանի որ դրանց վրա փորագրված են Աստծո հրեական անունները (Յահո, Սաբաովտ, Ադոնայ, էլոին): Բացի «աբրաքսաս» պարունակող ֆիգուրներից, գտնվել է նաև հետևյալ գրությունը՝ «Յահո Աբրաքսաս, դու ես տերը»: «Աբրաքսաս» պարունակող վահաններին հանդիպում են նաև «Սաբաովթ Յահո», «Յահո Աբրասաքս», «Ադոնայի Աբրասաքս» և այլ գրություններ: Այս բոլոր քարերը որպես հմայիլ են գործածվել ու համոզիչ կերպով վկայում են հեթանոս ժողովուրդների աշխարհայեցողության վրա հրեական ազդեցության մասին: Մոգական պապիրուսներն արտացոլում են այն նույն գաղափարները, ինչ` «Աբրաքսաս» պարունակող քանդակաքարերը: Բավական է հենց հետևյալ օրինակը. «Jao Sabaoth, Adonai…Abrasax»: «Jakoubia, Jaosabaoth Adonai Abrasax» բառախմբում առաջին բառը, ինչպես նկատելի է, բաղկացած է «Յակով» և «Իա» բառերից: «Ablanathanalba» -ն, որ հունարենով բառասկզբից ու բառավերջից նույն կերպ է կարդացվում, հանդիպում է նաև «աբրաքսաս» պարունակող քանդակաքարերում ու մոգական պապիրուսներում: Ըստ համընդհանուր կարծիքի՝ այս եզրը ծագել է եբրայերեն (արամեերեն) լեզվից և նշանակում է «դու մեզ հայր», և, այսպիսով, այն ևս կապ ունի «աբրաքսաս» -ի հետ: Հաջորդ գրությունը Կարլսռուե քաղաքի թանգարանում պահվող մետաղական սկավառակի վրա է:

Բերված օրինակներից նկատելի է, որ «Աբրաքսաս» -ը, հավանաբար, նշանակել է «սրբազան անուն», առավել ևս, որ այն հաճախ կապված է եղել Աստվածության անունների հետ: Այն, ըստ երևույթին, հրեական ծագում չունի: Այն չի պահպանվել նաև հրեական հավատալիքներում, բայց պահպանվել է հրեական-գնոստիկական մոգությունում, որի գլխավոր հուշարձանները մոգական պապիրուսներն են:


     Նկարներում Աբրաքսաս աստծո պատկերով քանդակաքարեր են («Gnostics» գրքից):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12221 | 0 | 0
Facebook