Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՍ ՄՈՐՍ ԱԶԳԱՆՈՒՆՆ ԵՄ ԿՐՈՒՄ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
11:20, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
ԵՍ ՄՈՐՍ ԱԶԳԱՆՈՒՆՆ ԵՄ ԿՐՈՒՄ /պատմվածք/

Գոհար Ներսիսյանի հիշատակին

- Ուրիշ սպասող կա՞:

- Մի երիտասարդ, - քարտուղարուհին մոխրամանի պարունակությունը դատարկեց մոմլաթե փոքրիկ տոպրակի մեջ:

- Ի՞նչ հարցով է:

- Ասում է` անձնական:

- Թող գա, - տնօրենն աչքը գցեց ժամացույցին: - Դու կարող ես տուն գնալ, վարորդն էլ. ես դեռ աշխատելու եմ: Առայժմ...

Լևոնը հայացքը կտրեց թղթերից: Երկշերտ դռների մեջ հայտնվածն առաջացավ և, հասնելով խորհրդակցական երկարուկ սեղանին, սպասեց նստելու հրավերի, որն ուշացավ:

- Բարև ձեզ:

- Լսում եմ, - փոխադարձաբար չողջունելով` ակնարկում էր, որ տրամադիր չէ մտերմիկ զրույցի:

- Մեր խոսակցությունը, հնարավոր է, երկարի:

- Տևողությունը որոշողը ես եմ:

- Գիտեմ, - երիտասարդը շուտ ընկճվողներից չէր:

- Նստեք, - հարկադրված` առաջարկեց: - Ընդունելության ժամը, ի դեպ, ավարտվել է, սակայն` ոչինչ: Աշխատանքի՞ հարցով եք:

- Ամենևին:

- Այդ դեպքում...

- Տիգրան է անունս:

- Ուրախ եմ: Վատ անուն չէ:

- Այսօր իմ ծննդյան օրն է:

- Շնորհավորում եմ, - Լևոնը երկարեց ձեռքը. կյանքի փորձն ասում էր, որ դիմացինը խնդրարկու չէ: - Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

- Շնորհակալություն: Ես դարձա քսանհինգ տարեկան:

- Հրաշալի տարիք է:

- Գիտե՞ք ամսի քանիսն է:

- Իհարկե, - ասաց, հետո գրգռված` հավելեց, - ինչո՞ւ եք հարցնում:

- Այն ձեզ ոչինչ չի՞ հուշում:

- Ի՞նձ, - Լևոնը աթոռի թիկնակով ետ գնաց:

- Երրորդ ծննդատանը մի տղա ծնվեց` ես էի:

- Այդ ամենն ինձ հետ կապ ունի՞, - մտաբերելով, որ զեկույցը կիսատ է, նա սթափվեց: - Տիգրան, ես զբաղված մարդ եմ, եթե կոնկրետ խնդիրք ունեք...

- Գոհար էր մոր անունը;

- Պարզ խոսեք, - Լևոնը ձեռքը ծխատուփին մեկնեց: - Ես այդ տարիներին «Երեկոյան Երևանին» էի թղթակցում, հնարավո՞ր է ռեպորտաժի գնացած լինեմ, - իսկ մտքում` մի՞թե...

- Ոչ:

- Սպանեք չեմ հիշի, - իսկ մտքում` նա է...

- Խոսքը ձեր տղայի մասին է:

- Բայց ես արու զավակ չունեմ, - կտրուկ առարկեց, իսկ մտքում` այո, նա է...

- Հապա ե՞ս:

- Դուք իմ որդի՞ն, - ծիծաղեց, սակայն դա այն` խորքից ելնող խինդը չէր:

- Սա մեր առաջին հանդիպումն է, չստացվի` վերջինը դառնա:

Խոսքն ազդեց: Լևոնը դեռ չէր որոշել բռնելիք հետագա դիրքը, այդուհանդերձ հասկանում էր` այլևս հնարավոր չէ խուսանավել:

- Ինչո՞ւ ավելի վաղ չէիք գալիս:

- Ես վերջերս եմ իմացել ով է իմ հայրը:

- Ու` ումի՞ց:

- Մայրս չի ասել:

- Բոլոր դեպքերում... հետաքրքիր է:

- Ընկերուհուս հայրը` Վազգենը ձեր կուրսից է. խնամախոսության ժամանակ պարզվեց: Ավարտելուց հետո չէին հանդիպել: Օրեր անց աղջկան է պատմել, Արևիկը` ինձ:

- Նշանածի՞դ անունն է:

- Այո, վաղը մեր հարսանիքն է: Եկել եմ հրավիրելու:

- Չեմ կարողանա. հոգեբանորեն պատրաստ չեմ:

- Ես հատուկ եմ օրն ընտրել: Աշխատանքային չլիներ, անգամ շաբաթ չէի տեղափոխի:

- Իսկ նա գիտի՞:

- Մայրս` չէ: Որոշեցի սկզբում ձեզ հետ խոսել. ձեր համաձայնելու պարագայում նոր կասեմ:

- Գոհարը, համոզված եմ, դեմ կարտահայտվի, նա չի ների, մոռացած չի լինի վիրավորանքը:

- Նա ձեզ սիրում է, շարունակում է սիրել:

- Առավել ևս: Իսկ դու քույր, եղբայր ունե՞ս:

- Նա աշխարհաթող եղածի պես է ապրել` միայն ինձ համար: Ես նրա ազգանունն եմ կրում:

- Շա՞տ մարդ է լինելու:

- Երկու կողմից միասին` հիսուն:

- Ծախսն ո՞վ է հոգալու: Դրամի կարիք...

- Դրա համար չեմ այստեղ:

- Եթե վիրավորեցի, ներողություն, - Լևոնը ոտքի ելավ: - Տեղափոխվենք հանգստի սենյակ: Ժամանակ ունե՞ս:

- Մի ժամի չափ կարող եմ: Զանգել կարելի՞ է:

- Անշուշտ:

Մինչ որդին կխոսեր, հայրը սառնարանից հանքային ջուր հանեց, կոնյակ, գավաթներ:

- Մեկական բաժակ խմենք, գուցե խելքի գամ: Բարով տեսանք...

Ըմպեցին:

- Գոհարն էլի նույն տա՞նն է ապրում:

- Որի՞ մասին է խոսքը. մենք մի քանի անգամ ենք բնակարան փոխել: Հիմա Նորքի զանգվածում ենք` մեկ սենյականոցում:

- Եղբայրը մնո՞ւմ է:

- Քեռիս` չէ: Նրա մահից հետո մայրս կայարանի տունը ծախեց: Կոմիտասի վրա էր մեր երկսենյականոցը, հետո հերթը դրան հասավ:

- Կարիքն է պարտադրել, իսկ աշխատա՞նք...

- Սկզբում` եղբոր կենդանության օրոք, տնից անգամ դուրս չի եկել, խանութ չի գնացել, բայց կյանքն ստիպեց: Երկար տարիներ գործ չէր գտնում, հիմա խմբագրությունում սրբագրուհի է:

- Նա լավ գրիչ ուներ: Հոդվածներս հաճախ էր խմբագրում, - Լևոնը վերստին լցրեց գավաթները: - Կենացդ, Տիգրան: Ուզում եմ սրտառուչ խոսք ասել, սակայն մեղքի զգացումը կաշկանդում է... Մեր սերը հարսանեկան արարողությամբ, եկեղեցական ծեսով չամրակայվեց, երևի դրա համար սխալ ընթացքով գնաց: Երջանկություն եմ մաղթում:

- Զգացված եմ:

- Գոհարն էլի գեղեցի՞կ է:

- Տարիներն իրենցն արել են, սակայն, կարծում եմ, նախկին հմայքից մնացել է: Վաղն ինքներդ կտեսնեք:

- Ասիր` շարունակում է սիրել: Որտեղի՞ց այդ համոզմունքը:

- Լռությունից. ձեր մասին ինձ հետ նա երբևէ չի խոսել:

- Գուցե ատում է, դրա՞ պատճառով... Նա հպարտ կին էր` անթեղել է ողջը, որպեսզի պահպանի գլխավորը` չհասարականա:

- Դուք նրան չեք մոռացել:

- Այդպես չի լինում, եթե... սիրել ես: Ես մի բաժակ ևս խմեմ, կարելի՞ է:

- Գործատեղը ձերն է, տնօրենը` դուք, - Տիգրանը ժպտաց:

- Չկարծես խմիչքի հակում ունեմ. հյուրերի համար եմ պահում, իսկ այսօր...- նա մի ումպով դատարկեց գավաթը: - Դու գիտե՞ս մանրամասները:

- Ոչ ամբողջությամբ:

- Իսկ կկամենայի՞ր տեղեկանալ: Եթե այստեղ ենք հասել, բանը դրան հասավ...

- Գուցե պետք չէ՞:

- Վախենում ես պատկերացումներումդ ինչ-որ բան փշրվի՞: Մորդ համար անհոգ մնա. եթե կա մեղավոր, ես եմ, - Լևոնը ծխախոտ վառեց: - Ծխո՞ւմ ես:

- Ոչ:

- Իսկ Գոհա՞րը: Նա դեռ այն տարիներին թունդ ծխող էր, բայց հղիության շրջանում շրթունքին ծխախոտ չառավ:

- Քիչ` միայն սուրճի հետ:

- Ես դեմ էի քո ծնվելուն, համոզված էի` վաղ է: Գոհարը համառեց: Այն օրերին կարծում էի այդ քայլին է գնում ինձ չկորցնելու համար, սակայն... Մենք ավարտական կուրսում էինք, բնակարանի, աշխատանքի խնդիրներ կային: «Դու վախկոտ մարդ ես, հարմարվող», - մի օր ասաց: Խարազանի հարվածը ճորտի թիկունքին ի՞նչ հետք կթողնի, այդպես էլ «հարմարվող» բառը` իմ սրտին: Այդ հողի վրա գժտվեցինք: Հետո ժամանակը հաստատեց, որ նա էր ճիշտ: Ինքն աղջիկ տեղով չերկյուղեց դժվարություններից, իսկ իմ համարձակությունը չբավեց: Մինչևիսկ հիվանդանոց չգնացի: Սա է ամբողջը...

Տիգրանը լռում էր:

- Հարցեր տուր, նախատիր` գոնե մորդ փոխարեն... Խնայո՞ւմ ես, - Լևոնը ձեռքը դարձյալ շշին մեկնեց:

- Ոչ, - Տիգրանն ափը դրեց ըմպանակին: - Դուք ևս, խնդրում եմ...

- Տպավորությունն այնպիսին է, թե մեծը դու ես: Չեմ խմի, որպեսզի չմտածես` խմիչքի ազդեցության տակ եմ:

- Ցավը մոռանալու համա՞ր շուտ ամուսնացաք:

- Մաղձից ազատվելու: Եվ ում հետ` գիտե՞ս:

- Ոչ:

- Նրա ընկերուհու: Ամենաքստմնելի արարքը, որ երբևէ կարելի էր մտածել: Ունակ գտնվեցի: Հետո վերլուծելով կատարվածը` ըմբռնեցի, որ նա միջնորդ չէր ուզում` սպասելով իմ կողմից բոլորովին այլ քայլի` նույնքան անսպասելի, սակայն վեհանձն... Պետք է նոր բնակարան վարձած լինեի, մեծ ծաղկեփնջով ծննդատուն գնայի ու որդուս, կնոջս մեր տուն տարած... Գոհարը դարձյա՞լ շատ է կարդում:

- Այո, նա ամեն բանում արվեստ է փնտրում, թեև գրքային չես ասի: Ես երկար խորհելուց հետո վճռեցի ձեզ հաշտեցնել: Համոզված եմ` ճիշտ լուծում եմ գտել` գեղարվեստական լուծում: Կարող եք ձեր դստեր հետ գալ: Կծանոթանանք, ի՞նչ է անունը:

- Գոհար:

- Տանը դեմ չեղա՞ն:

- Կնո՞ջս նկատի ունես: Ոչ: Հավանաբար վերքի թարմությունը դեր խաղաց, սակայն հետո քթիցս բերեց. խանդում էր` տեսնելով աղջկաս հանդեպ տածածս սերը: «Դու նրա անունը տալով` մյուս Գոհարին ես հիշում», - շարունակ, մինչև հիմա կրկնում է: Գուցե ճշմարտություն կա ասածում, վստահ չեմ:

- Իմ գնալու ժամանակն է, - Տիգրանը ոտքի ելավ: - Վաղը չորսին լինելու ենք սուրբ Զորավորում, հինգին` «Ձորագյուղ» ռեստորանում: Կսպասեմ:

- Եկեղեցի կգամ: Արիությունս այս անգամ կհերիքի: Քրոջդ` Գոհարին ևս կառաջարկեմ. մոր հետ է ապրում, բայց հաճախակի հանդիպում ենք, զանգում իրար: Նա, գիտե՞ս, քեզ բավական նման է` նույն շեկին տվող վարսերն են, նույն հայացքը, հասակը` բարձր...

- Գուցե բնավորությամբ ևս մոտ դուրս գանք. այդ դեպքում հեշտ կլինի: Դե, գնամ: Առջևում որոշիչ օր է:

- Շրջադարձայն օր, ճիշտ ես:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13876 | 0 | 0
Facebook