Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:56, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանն ուղղված քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանը, Եվրամիության փորձագետներ, նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին` աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են: Այս համատեքստում սերտ համագործակցություն է ձևավորված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչը, Սամվել Մերթարջյանի հավաստմամբ, մեծապես նպաստում է իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու դրանց ընդլայնմանը: Նա նաև ներկայացրել է վերջին տարիներիներին Երևան քաղաքում մատչելիության ապահովման ուղղությամբ աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանցում իրենց կարևոր մասնակցությունն ունեն նաև շահագրգիռ հկ-ները, որոնք իրականացնում են հասարակական վերահսկողություն:
     Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանն էլ ներկայացրել է Եվրամիության ֆիանանսական աջակցությամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն` հայկական հկ-ների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագիրը: Նշվել է, որ այս ծրագրի շրջանակում իրականացվում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը գնահատելու համապարփակ վերլուծություններ, ՀՀ օրենսդրության, Եվրոպական սոցիալական խարտիայի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի» դրույթների միջև հակասությունները բացահայտելու նպատակով: Եվ այս հանդիպում-քննարկումը ևս կազմակերպվել է ծրագրի շրջանակում: Ռուզաննա Սարգսյանը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է դրսևորում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն աջակցելու հարցում, ինչի արդյունքում իրականացվող ծրագրերն իսկապես օրինակելի են և գնահատվում են հենց շահառուների կողմից:
     Եվրամիության փորձագետներն էլ, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի պատրաստակամության համար, իրենց հերթին վստահեցրել են, որ կքննարկեն փոխադարձ փորձի ուսումնասիրման հնարավորությունները և ծրագրի ավարտին ամբողջական կներկայացնեն վերլուծական հաշվետվությունը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1879 | 0 | 0
Facebook