Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՍՐՏԱԽՈՐՈՎԸ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
12:00, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
ՍՐՏԱԽՈՐՈՎԸ /պատմվածք/

- Էդ ի՞նչ բանի ես:

Ամուսինը շրջվեց ձայնի կողմը:

- Շարունակիր, թե՞ պրծար:

Բենոն հապճեպով ծածկեց ամոթույքը:

- Բաց արա, - կինն առաջացավ, - ձեռքդ մի կողմ տար, տեսնեմ:

- Սիրան, անհարմար է, դուրս արի:

Կինը բռնկվեց.

- Հլա ես ամաչե՞մ, խուժանի մեկը: Ի՞նչ էիր անում:

- Սրբիչը տուր:

- Այդպես էլ մնա, թող հեռուստատեսությունից գան նկարեն, անամոթ:

Բենոն փորձեց հասնել կախիչին: Նեղլիկ լոգարանում շարժվելու հնար գրեթե չկար:

- Կեղտոտ ձեռքերովդ հանկարծ ինձ չդիպչես:

- Գնա, - Բենոն ջանում էր չգրգռել, - թող հագնվեմ:

- Գնալը հետո կտեսնես: Ջուրն ինչո՞ւ ես բացել, իբր, լողանո՞ւմ ես:

Ամուսինը ձեռքը երկարելով` անջատեց ցնցուղը:

- Շատ է տաք, մտնել չի լինում:

- Դեմքիդ գույնն էլ ջրից է, հա՞: Հայելու մեջ քեզ տեսե՞լ ես:

Բենոն ձայն չհանեց. առանց նայելու գիտեր` մաշկն ամբողջ, այտերը` առանձնակի, շառագունել են, կաս-կարմիր կտրել:

- Զզվելի, մտքով ո՞ւմ հետ էիր: Սպասիր լույսը բացվի՞, պատմելու եմ թաղին:

- Սիրան, թվացել է...

- Հինգ րոպե դուռը պահած քեզ եմ հետևում, հեչ` վերացել, անտերդ էիր գրտնակում, հիմա ասեմ` թվացե՞լ է:

- Քեզ ո՞վ էր խնդրել բացեիր, ինչո՞ւ մտար, - դիմադարձեց, հետո զգաց` սխալ է թույլ տալիս: Տխմար, - մտքում շարունակեց` այս անգամ իր հասցեին, - փոխանակ ստուգես` լավ փակեցիր, նրան ես մեղադրում: Դե գնա տակից դուրս արի:

- Չբացեի, հա՞, որձատ շուն: Հիմա եմ հասկանում` ինչու ես գիշերները կինո նայում: Ինձ ուղարկում է քնելու, ինքն աչքերը պլշում էկրանին: Տո, դու ի՞նչ տղամարդ ես, նրանք այնտեղ սեր են անում, իսկ...- Սիրանը հեծկլտոցով դուրս նետվեց: Շրխկոցով գոցված դուռը մասամբ ի բաց հանեց կնոջ սրտնեղանքի չափը:

Բենոն նստեց լոգատաշտին: Ծնկներում ուժ չկար: Հուզմուն քից, շոգից, նաև սպասվելիքի երկյուղից ու ամոթից սիրտը թալկել, արյուն գրեթե չէր մղում: Մթագնել էր և միտքը: Այնքան էր հասկանում, որ պիտի լոգարանից դուրս գա կամ, գոնե, բաց պահի դուռը:

Մի կերպ ցամքոցով չորացավ, հագավ ներքնաշորերն ու, հասնելով հյուրասենյակի բազմոցին, փլվեց վրան: Հեռուստացույցը միացած էր մնում, անջատեց, հանգցրեց նաև լույսը:

Այդպես մնաց, երևի, կես ժամ: Դարձյալ կմնար, եթե հեռախոսը չզնգար: Ընդոստ ելավ տեղից, փութաց միջանցք: Մինչ կհասներ, կինը վերցրեց լսափողը: Կքաշեմ-կպոկեմ լարը, չի հասցնի պատմել, - վճռեց Բենոն:

- Սխալ համար եք հավաքել, - կնոջ ձայնի խիստ քաղաքավա րական երանգը ամուսնուն հուսավորեց. գուցե կարողանա հաշտվել:

- Սիրան, ներիր:

Կինը պատասխանի չարժանացնելով` մտավ ննջարան: Բենոն գնաց ետևից.

- Սիր...

- Անունս չտաս:

- Էլ չի լինի:

- Կուզես` տարին-տասներկու ամիս անտերդ բռնած ման արի:

- Հարկ չկա կոպտելու:

- Նրբազգացիս տես...

- Ես քեզ առաջվա պես սիրում եմ:

- Ինձ ե՞ս ապուշի տեղ դրել:

- Ամենևին:

- Վերջին անգամ ե՞րբ ենք իրար հետ անկողնում եղել:

- ...

- Աչքերիս մեջ նայիր:

- Չեմ հիշում:

- Ես էլ եմ մոռացել:

- Դա չէ գլխավորը:

- Բա ո՞րն է կարևոր` ***** ֆիլմերն ու քո էդ մունդառ արա՞րքը:

- Դրանում դու ևս մեղավոր ես:

- Այսի՞նքն:

Բենոն լռեց. դժվարանում էր բացատրել:

- Ի՞նչ ես բերանդ ջուր առել: Եթե բացվել ես, մինչև վերջ գնա:

- Բան էր, լեզվիցս թռցրի` ուշադրություն մի դարձրու:

- Արդեն ասել ես, էլ ուշ է:

- Հոգնել եմ:

- Ինձնի՞ց:

- Կյանքի միօրինակությունից:

- Էդ էլ փոփոխությո՞ւնն էր: Չլինի՞ նաև դավաճանում ես:

- Ինքդ քո ասածին հավատացի՞ր:

- Քեզնից ամեն բան սպասելի է: Եթե այդպես է, ինչո՞ւ չես բաժանվում: Ավելի հետաքրքիր մեկին գտնեիր:

- Ես ուրիշի կարիք չունեմ: Իմ կինը դու ես:

- Էի:

- Եվ` ես:

- Այսքանից հետո՞:

- Ի՞նչ է եղել, որ...

- Հեչ:

- Մոռացիր, պրծնի գնա:

- Մոռանա՞մ: Բենո տղա, առաջինը գործատեղդ եմ գնալու: Պատմելու եմ դասախոսներին, ուսանողներիդ բերանն եմ գցելու: Գիտության թեկնածուիս տես... Բենիամին Մեխակիչ...

- Կխայտառակվենք:

- Այդ մասին նախօրոք մտածեիր:

- Դու էլ հետը:

- Ոչինչ: Բա` չէ, լռեմ, կուլ տամ:

- Եթե ուզում ես, կհեռանամ տնից, եղած-չեղածը կթողնեմ քեզ, միայն թե` մարդու բան չասես, թող մեր մեջ մնա:

- Էլ պրծավ... Բարեկամներիդ ասելու եմ, որ քո պատճառով երեխա չենք ունենում, որովհետև... անկարող ես, ամուլ: Հերիք է` ինչքան լռեցի: Եկել, մեծահոգությունից է խոսում: «Ինձ հետ հետաքրքիր չէ»: Մեռնեմ քո հետաքրքրական հոգուն... Ելնելն ու իջնելը մեկ է լինում: Իբր, գո՞րծ արեց, խռմփոցն էլ կապում է... Եղավ քանի՞ տարի:

- Այդ ինչե՞ր ես դուրս տալիս, - Բենոյի ներսում փոթորիկ էր:

- Ինչ լսեցիր:

- Հավատալս չի գալիս: Դո՞ւ ես:

- Իհարկե ես եմ: Վիրավորվեցի՞ր: Թե՞ ճշմարտությունը չեմ ասում; Կուզե՞ս ստուգենք, - կինը ետ տարավ վերմակը: - Մոտեցիր:

- Տրամադրություն չունեմ:

- Քեզ թվում է` ես ունե՞մ: Ել վրաս:

- Փողոցային կնոջ պես ես քեզ պահում:

- Ախ, դրանց էլ գիտես: Մի սրան նայիր... Թե չէ` դու պակասն ես:

- Ի՞նչ է ուզածդ:

- Ուզում եմ հետաքրքիր դարձնել կյանքդ:

- Վերջացրու:

- Սա միայն սկիզբն է: Եթե մութ է, վառիր գրասեղանի լուսամփոփը: Գրավիչ լինելու համար, ինչ ես կարծում, չփոխե՞նք լամպը: Դարակում կարմիրը կա: Հասարակաց տների գույնն է` կրքահարույց...

- Սուս, ի սեր Աստծո...

- Նրա անունը գոնե դու մի տուր:

- Քեզ համար եմ ասում:

- Թե Աստված լիներ, փափագ ունեի` մի զավակ կտար, - առպահ անկեղծ տրտնջաց, հետո իսկույնևեթ խոհը քշեց անգիտակցականի ոլորտը: - Սպասիր` ուրիշ բան մտածեցի. տեղափոխվենք մեծ սենյակ: Եթե ոչ մի ալիքով էրոտիկ ֆիլմ չլինի, հոգեպահուստ ***** կասետ կունենաս, հը՞... Ձայնը շատ չենք բարձրացնի, որպեսզի չշեղվենք:

- Ինձ ե՞ս ձեռ առնում:

- Չէ` ինչո՞ւ: Ամենահարմարը գորգին է: Հլա պատկերացրու. դու ներքևից, ես` քո վրա: Վա՞տ միտք է:

- Լիրբ, քեզ այդ գիտելիքները որտեղի՞ց:

- Սկսենք, և կհամոզվես, որ միայն տեսականին չեմ տիրապետում: Աշխարհը ոչ քեզնով էր սկսվել, ոչ էլ քեզնով կպրծնի:

- Անզգամ:

- Շարունակիր: Ավելի կոպիտ: Վիրավորիր, որքան կամենում ես: Ոտքի տակ առ: Դա ինձ, հավատա, հաճույք է պատճառում: Ափսոս, մտրակ չունենք, ձաղկեիր, - նա աթոռի թիկնակին դրած տաբատից քաշեց-հանեց գոտին: - Սրանով էլ կարելի է, պահիր:

- Խելքդ թռցրի՞ր:

- Դեռ ոչ: Բայց... ուզում եմ, որպեսզի հեշտանքից մոռանամ մարմնի, հոգու ցավ և... տրվեմ, տրվեմ: Ափսոս սակայն, դա քեզ հետ հնարավոր չէ, որովհետև դու պակասավոր ես: Պակասավոր ես:

- Սսկվիր: Էլ չասես: Կարող եմ ափերից դուրս գալ, ինձ չտիրապետել:

- Դո՞ւ:

- Հա, ես:

- Քո մեջ ո՞ւր է որձություն, - Սիրանն անսպասելի կտրվելով բարձից` թեքվեց և, ձեռքը երկարելով, բռնեց ամուսնու ամորձիները:

Բենոն բնազդով ընկրկեց, բայց ոչ զգալի. կինը ցավ պատճառելու մտադրություն չուներ: Նույն պահին առնակն ուղղվեց, պնդացավ, և նրան տիրեց վայրկյան առաջ կնոջը տակն առնել- ճզմելու ցանկությունը:

Քրտինքն առու-առու հոսում էր, բարձը փախել էր մի կողմ, վերմակն ընկել հատակին, վիհից խուսափելու համար ոտ ու ձեռով Բենոյից բռնված Սիրանն ամեն զարկից ցնցվում էր, հենարան փնտրում, և խորխորատը չընկմվելու միակ հույսը ամուսինն էր, որ մղվում, մղվում էր առաջ, թաղվել-սուզվել էր կամենում կնոջ խառնարանում, խորանալ ջեռոցի խորքերում, հասնել սրտագդալին, ուրկից եկող և կոնքամիջում եփ եկող արյան տրոփը առնուց փոխանցվելով` քլունգվում էր կենակցի քունքերում: Ապա խփոցը դարձավ խլիրտ, և վայրկյան անց արտավիժած ցփոնը ներսից օծեց Սիրանին: Սերմնոցը սրսփաց, բացվեց` պտղավորվելու համար զավակատուն առնելով ամենակայտառ սաղմնյակին, իսկ մնացյալը Բենոյինով հանդերձ վանեց դուրս:

Առժամանակ անց նինջը թոթափելով` ամուսինը ելավ անկողնուց:

- Էլի մնայիր, - գորովով նկատեց կինը:

- Գնամ բաղնիք` մաքրվեմ:

- Տես` հա, դուռը բաց չթողնես, էս անգամ չեմ ների:

Հումորը չընկալվեց. կինը տեսավ վայրկենապես կարմրի փոխված դեմքը, որ պատասխանի փնտրտուքի մեջ էր:

- ...

- Շուտ կգաս, առնակավորս, - հասկանալով վրիպումը` կողակցին չընկճելու համար վերջին պահին հավելեց Սիրանը:

Բենոն լողացավ, դուրս եկավ պատշգամբ: Ծխախոտ չէր վերցրել, բայց ալարեց ետ գնալ: Ընդարմության մեջ կանգնել, հայացքը հառել էր խավարին: Մեղմիվ սոսափում էին ծառերը: Հատուկենտ պատուհաններում լույս կար: Հարկերից մեկում երեխա էր լալիս:

Շրջվեց, աչքն առավ մարզվելու համար պատշգամբով անցնող հեծանից կախ պարանօղերին: Անկյունում աթոռակն էր, վրան` ցանցատաշտում արդուկի սպասող ճերմակեղենը: Տարավ մի կողմ, նստարանը փոխադրեց մարզօղակների տակ, ելավ, թոկերից մեկը պտտեց պարանոցի շուրջը, մի կերպ ծայրն անցկացնելով միջով` ագուցեց, այնուհետ թափով մի կողմ հրեց հենարանը:

Սիրանը, որ լոգարանում էր, չլսեց աթոռի վայր ընկնելն ու Բենոյի կոկորդից ելնող խռխռոցը, չտեսավ նրա` փրկվելու համար մյուս պարանից բռնված մնալու բնազդական ճիգերը: Մանրակրկիտ լողանալուց, սրբվելուց, վարսերը հարդարելուց հետո, երբ լռությունը դարձավ անհանգստացնող, գնաց հյուրասենյակ, մտավ խոհանոց, ուղղվեց պատշգամբ...

- Բենո, - ճչաց` տեսնելով առաստաղից կախված ամուսնուն, - էս ի՞նչ արիր, սրտախորով:


    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10205 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ