Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երևանյան ամառ 2017». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
13:05, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
«Երևանյան ամառ 2017». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների շրջանակում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած գալահամերգով ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի արդյունքները:

Լավագույն տասնյակը գլխավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը: Հատկանշական է, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ այս կրթօջախն է զբաղեցնում փառատոնի առաջին հորիզոնականը, որի համար այս անգամ արժանացել է նաև Երևանի քաղաքապետարանի հատուկ մրցանակին: Երկրորդ հորիզոնականում Արմեն Տիգրանյանի, իսկ երրորդում Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներն են: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթել է Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սան Ռոնիկ Հարությունյանը:
     Փառատոնում լավագույնը ճանաչված 10 դպրոցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցներին պատվոգրեր ու խորհրդանշական արձանիկ-մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
     «Սա Հայաստանի Հանրապետության խոշորագույն կապիտալներից մեկն է, մեծ ներդրում, որի արդյունքներն այս պահին գուցե տեսանելի չեն, բայց մոտ ապագայում շոշափելի են լինելու և հպարտություն են ներշնչելու: Այս երեխաները կերտելու են մայրաքաղաքի նոր հմայքը, նոր մշակութային մթնոլորտը» , - նշել է Արամ Սուքիասյանը:
     Հիշեցնենք, որ մայիսի 16-27-ը մրցույթ-փառատոնի մասնակից պատանի երաժիշտները մրցել էին 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն:
     «Մենակատարներ» ոչ մրցութային անվակարգում լավագույն մասնակիցները հուլիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Նույն օրը համերգի երկրորդ մասում ելույթ կունենա նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների սաներից կազմված նվագախումբը, որն իր անդրանիկ ելույթով հանդես եկավ «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի գալահամերգի ժամանակ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1836 | 0 | 0
Facebook