Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արտ Ֆեստ»-ի ֆեշն շոուն եւ ժյուրիի դիտարկումը

Art Fest
Հեղինակ`
Art Fest
12:09, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
«Արտ Ֆեստ»-ի ֆեշն շոուն եւ ժյուրիի դիտարկումը
     «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնը, որը ներառում է արվեստի տարբեր ճյուղեր, երեկ կազմակերպել էր նորաձեւության ցուցադրություն, որին մասնակցում էին մինչեւ 30 տարեկան 31 երիտասարդ մոդելավորողներ` իրենց հավաքածուներով։
    
     «Արտ Ֆեստ» -ում պաշտոնական բացումից հետո փառատոնային յուրաքանչյուր օր անդրադառնում են արվեստի մի ճյուղի՝ կերպարվեստ, ֆիլմեր, թատերարվեստ, վարպետության դասեր, կլոր սեղաններ։ Նորաձեւության ոլորտի ժյուրիի կազմում են մոդելավորողներ Լիլիթ Մելիքյանը, Արամ Նիկոլյանը, Կարինե Դնոյանը եւ այլք։
     Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ այս ցուցադրությունից առաջ Լիլիթ Մելիքյանն ու Արամ Նիկոլյանը երիտասարդների համար անցկացրել են վարպետության դաս։
    
     Մոդելավորողները նախընտրական փուլում ներկայացրել են հայտեր, շուրջ 50 հոգուց իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն է ստացել 31 դիզայներ. «Կարելի է ասել, փառատոնը գործում է ողջ տարվա ընթացքում: Մեկ ցուցադրությամբ չենք սահամանափակվելու. առաջիկայում Երեւան կժամանեն նոր մասնագետներ, կլինեն նոր վարպետության դասեր ու շոուներ» ։
    
     «UCan» կենտրոնի մոդելները ցուցադրում են բազմաոճ զգեստների հավաքածուները։ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Ալինա Մանուկյանը ներկայացրել է ճապոնական մոտիվներով «Սակուրա» հավաքածուն. «Երկրորդ անգամ եմ մասնակցում: Երկար ուսումնասիրել եմ ճապոնական ազգային տարազը, առանձին պատրաստել եմ գոգնոցներ, մազակալներ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ, որոնք ամբոջությամբ մեկ զգեստ են դառնում», -BRAVO.am-ին պատմել է 22-ամյա սկսնակ դիզայները։
    
     Թատերական ինստիտուտի շրջանավարտ 21-ամյա Արմինե Մարդոյանը նախորդ տարի մասնակցել ու հաղթել է փառատոնի երաժշտական մրցույթին, այս անգամ էլ մասնակցում է իր առաջին հավաքածուով. «Երկու ամիս հաճախել եմ մոդելավորման դասընթացների, անձնական հավաքածուն ստեղծելու ցանկությունս մեծ էր, առաջին անգամ եմ ներկայանում։ Այս պահին հաղթելու մասին չեմ մտածում, մասնակցելն արդեն մեծ ձեռքբերում է, բայց շատ կուզեմ հետագայում հաջողությունների հասնել» ։
    
     «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը լրագրոների հետ զրույցում նշել է, որ հավանել է երկու-երեք հավաքածու, կարծում է` պակասում են նորամուծություններն ու նոր գաղափարները. «Խորհուրդ կտամ շարունակ կրթվել, իհարկե, ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ոչինչ չանել: Երեխաները դեռ կաճեն. փորձն է պակասում։ Հետեւում էի նաեւ բեմ բարձրացող մոդելավորողներին, ոմանք շատ ինքնավստահ էին, մտավախություն ունեմ, հետո կմեծամտանան։ Իրականում երկու-երեք լավ հավաքածու տեսա, մնացածը դեռ շատ անելիք ունեն, կարեւորը` չկրկնօրինակեն։
    
     Ես չեմ քննադատի, որովհետեւ իմ աշխատանքն էլ հնարավոր է` քննադատելու տեղեր ունենա, միգուցե իրենց համեմատ կայացած, շատերի համար չստացված դիզայներ եմ։ Իրենց առաջին քայլերն են, չեմ ուզում որեւէ մեկը կոտրվի ու ընկճվի, լավ է, որ համարձակվել են ներկայանալ» ։
    
    

Հաղթող դիզայների անունը դեռեւս չի հրապարակվում, ինչպես նշեց Լիլիթ Մելիքյանը, հնարավոր է՝ մեկի փոխարեն մի քանի անվանակարգում լավագույնները պարգեւատրվեն հունիսի 19-ին կայանալիք մրցանակաբաշխությանը։


    

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
     Լուսանկարները` «Արտ Ֆեստ» -ի արխիվից
    

Աղբյուրը` www.bravo.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4100 | 0 | 0
Facebook