Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայազգի երիտասարդ նկարչի անակնկալը Շառլ Ազնավուրին շատ է դուր եկել

Art Fest
Հեղինակ`
Art Fest
23:22, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Հայազգի երիտասարդ նկարչի անակնկալը Շառլ Ազնավուրին շատ է դուր եկել

Մի քանի օր առաջ Երևանում մեկնարկեց «Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը։


    

Այս տարի փառատոնի մշակութային ուղղություններին (կինո, թատրոն, երգարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում) ավելացել է ևս մեկը. երիտասարդ ստեղծագործողներն իրենց ուժերը կարող են փորձել նաև գրականության մեջ (մասնավորապես՝ դրամատուրգիա և կինոսցենար):


    

Արդեն ավարտվել են երգարվեստի լսումները, կինոդիտումները, այսօր հերթը կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսինն էր։ Ներկայացված մոտ 104 աշխատանքները՝ գեղանկար, լուսանկար, գրաֆիկա, բատիկ, քանդակներ, գոբելեն, առաջիկա երեք օրերին ցուցադրվելու են Հայաստանի նկարիչների միությունում։


    

Ժյուրիի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, լուսանկարիչ Սամվել Սևադայի խոսքով՝ համեմատած մյուս տարիներին՝ մեծ առաջընթաց կա։


    

Ցուցահանդեսին նեկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորելով նման նախաձեռնությունները՝ նկատեց․

«Առավել ոգևորիչ է երիտասարդական միջոցառումը։ Շնորհակալ եմ բոլոր երիտասարդներին, ովքեր մասնակցում են» ։


    

Գեղանկարչուհի Անահիտ Քեշիշյանն էլ, ով ժամանել է Շվեդիայից, ողջունեց փառատոնը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի ավելի լավն է այն դառնալու։


    
    

Փառատոնին, ի դեպ, մասնակցում էին, թե՛ այդ ոլորտում սովորող երիտասարդներ, թե՛ պարզապես հետաքրքրասերներ։

Անահիտ Հարությունյանն օրինակ՝ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, լուսանկարներ էր ներկայացրել․


    
    

«Առաջին տարին է, որ մասնակցում եմ այս փառատոնին։ Կարծում եմ՝ «Արտ Ֆեստ» -ը հետաքրքիր հարթակ է, որտեղ կարող ես ներկայացնել քո աշխատանքներն ու մաս կազմել հետաքրքիր իրադարձության։ Ասեմ, որ լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել 8-դ դասարանից, այն ավելի շատ ընտանեկան հոբբի է։


    

Ներկայացրած 2 աշխատանքներիցս առավելությունը կտայի բնությանը, քանի որ այն ավելի հարազատ է, քան մարդկային աշխարհը», -Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտը, ով որոշել է լուսանկարչության դասընթացների հաճախել և փորձ ձեռք բերել արտասահմանում։


    

«Մեզ մոտ էլ կան լավ լուսանկարիչներ, սակայն կարծում եմ՝ այդ բարձունքին էլի արտասահմանյան կրթության արդյունքում են հասել», -ընդգծեց նա։


    

Արտասահման մեկնելու ցանկություն ուներ նաև հաջորդ զրուցակիցս, բայց, ոչ թե սովորելու, այլ՝ տեսնելու, այն էլ․․․Փարիզը։

«Երազում եմ Փարիզ մեկնել, չեմ ուզում միշտ պատկերացնելով նկարել այն», - ասաց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Հաջի_Ասլանյանը, ով նաև հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երկրպագուն է, ավելին՝ այս տարի հասցրել է նրան իր նկարներից մեկը նվիրել։


    
    

«Ազնավուրը մեծություն է։ Փոքրուց սիրել եմ նրան։ Շատ է դուր եկել նրա բեմական կեցվածքը, որն էլ այսօր ներկայացրել եմ նկարի տեսքով։ Էլի ունեմ նկարներ, բայց փոքր չափով, որոնցից մեկն էլ այս տարի հասցրեցի նվիրել աշխարհահռչակ երգչին՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման ժամանակ․նա ամբոխի միջից տեսավ ու ձեռքով արեց ինձ։ Որդին էլ նամակ գրեց՝ շնորհակալություն հայտնելով և հաղորդելով, որ նկարն իրենց մոտ է, ոգևորիչ էր», -նշեց երիտասարդ նկարիչը։


    

Անի Կարապետյան

Աղբյուրը` asekose.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4248 | 0 | 0
Facebook